Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 12-ի  N 284-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

Հիմնավորում

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 12-ի  N 284-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման վերաբերյալ

1.      Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Նախագծի անհրաժեշտությունը պայմանավորված է կենսաթոշակների և պետական նպաստների՝ բացառապես անկանխիկ եղանակով վճարմանն անցնելու հանգամանքով։

 

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Կենսաթոշակների և պետական նպաստների՝ բացառապես անկանխիկ եղանակով վճարմանն սահուն անցնելու համար անհրաժեշտ է սահմանել մեխանիզմներ՝ տարբեր օբյեկտիվ հանգամանքներով պայմանավորված տեղաշարժման սահմանափակում ունեցող և ներկայումս կենսաթոշակը կամ նպաստը կանխիկ եղանակով ստացող անձանց համար:

Գործող իրավակարգավորումների շրջանակում այս անձինք կարող են առցանց դիմումներով փոխել վճարման եղանակը և ընտրել բանկ, որի միջոցով ցանկանում են ստանալ իրենց կենսաթոշակը կամ նպաստը: Սակայն խնդրահարույց է նրանց հետագա այցելությունը բանկ՝ բանկային հաշվի սպասարկման պայմանագիրը կնքելու (ստորագրելու), քարտը ստանալու և ակտիվացնելու համար:

Խնդրի կարգավորման համար անհրաժեշտ է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության (այսուհետ՝ ծառայություն) և բանկերի սերտ համագործակցությունը՝ սուրահանդակային ծառայությունների միջոցով բանկային ծառայության հասանելիությունը տեղաշարժման սահմանափակում ունեցող անձանց ապահովելու համար:

Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 12-ի N 284‑Ն որոշմամբ (այսուհետ՝ Որոշում) սահմանված է ծառայություն և բանկի միջև կնքվող սոցիալական ապահովության հաշվի պայմանագրի օրինակելի ձևը, որով սահմանված են կողմերի իրավունքներն ու պարտականությունները կենսաթոշակների և նպաստների վճարման գործընթացում:

Ըստ այդմ, անհրաժեշտ է նշված պայմանագրի օրինակելի ձևով հստակեցնել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության (այսուհետ՝ ծառայություն) և բանկի գործառույթները խնդրո առարկա դեպքում սուրահանդակային ծառայություններից օգտվելու գործընթացում:

 

1.2.  Առկա խնդրի առաջարկվող լուծումը

Հաշվի առնելով վերը նշվածը՝ առաջարկվում է ընդունել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 12-ի N 284-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը:

 

2. Կարգավորման առարկան

Նախագծով առաջարկվում է սահմանել, որ՝

1)   բանկը, համապատասխան  հնարավորությունների առկայության դեպքում,  կարող է սուրհանդակային ծառայություններ մատուցելու լիազորություն ունեցող կազմակերպության (այսուհետ՝ առաքող կազմակերպություն) կամ իր աշխատակիցների միջոցով իրականացնել շահառուի՝ բանկի հաճախորդի (բանկային հաշվի տիրոջ) իրավունքներ ձեռք բերելու, քարտի առաքման համար անհրաժեշտ գործողությունները, եթե շահառուն՝

ա.  85 տարին լրացած կամ

բ. անկախ տարիքից՝ ֆունկցիոնալության ծանր սահմանափակում ունեցող (1-ին խմբի հաշմանդամություն) կամ

գ. 75-85 տարեկան՝ ֆունկցիոնալության խորը սահմանափակում ունեցող (2-րդ խմբի հաշմանդամություն) կամ

դ. անկախ տարիքից՝ տեղաշարժման սահմանափակում ունեցող այլ անձ է․

2)  եթե օրինական ներկայացուցիչ չունեցող շահառուն օբյեկտիվ պատճառներով (առողջական ծանր վիճակ, ֆիզիկական խնդիրների առկայություն և այլն) չի կարող ստորագրել անհրաժեշտ փաստաթուղթը, ապա առաքող կազմակերպությունը, ծառայության հետ նախապես համաձայնեցված ժամանակացույցով, փաստաթղթի առաքումը կազմակերպում է ծառայության ներկայացուցչի մասնակցությամբ, ով շահառուի բանավոր կամաարտահայտության հիման վրա կազմում է փաստաթղթի բովանդակությանը համապատասխանող արձանագրություն, որը ստորագրում են ծառայության ներկայացուցիչը, բանկի աշխատակիցը, առաքիչը (եթե բանկի աշխատակիցը ներգրավված չէ առաքման գործընթացում): Այս կարգով կազմված և ստորագրված արձանագրության առկայության դեպքում փաստաթուղթը համարվում է ստորագրված շահառուի կողմից.

3)  լիազորագրի հիման վրա կենսաթոշակ վճարելիս օրենսդրությամբ սահմանված կարգով սոցիալական ապահովության հաշիվը բացվում է կենսաթոշակառուի անվամբ, իսկ կենսաթոշակը բանկը վճարում է իրեն ներկայացված լիազորագրի հիման վրա․      

4)  շահառուի` Հայաստանի Հանրապետությունում լինելը բանկի կողմից կարող է հաստատվել նաև առանց նրա բանկ ներկայանալու, եթե շահառուի` Հայաստանի Հանրապետությունում լինելը բանկը հաստատել է համապատասխան  հնարավորությունների առկայության դեպքում՝  առաքող կազմակերպության միջոցով.

5)  ոչ ուշ, քան տվյալ ամսվա վճարման ցուցակը ներկայացնելու օրը՝ ծառայությունը բանկին տրամադրում է այն շահառուների տվյալները, ովքեր ունեն տեղաշարժման սահմանափակում

6)  սուրհանդակային ծառայության ձեռք բերման դիմաց առաքող կազմակերպություններին վճարած գումարն ամբողջությամբ ծառայությունը փոխհատուցում է բանկին: Դրա համար բանկը հայտը ներկայացնում է ծառայություն, իսկ վերջինս 3 աշխատանքային օրվա ընթացքում փոխհատուցում է բանկի ծախսերը.

7)  սուրհանդակային ծառայության ձեռք բերման սակագինը (կարող է տարբերակվել ըստ բնակավայրերի) նախապես համաձայնեցվում է լիազոր մարմնի հետ:

Որոշման ընդունման դեպքում այն բանկերը, որոնք պատրաստ կլինեն աջակցել պետության կողմից իրականացվող սոցիալական ծրագրին և սուրհանդակային ծառայության միջոցով բանկային ծառայությունները հասանելի կդարձնեն տեղաշարժման սահմանափակ հնարավորություններ ունեցող շահառուներին, Որոշման հիման վրա լիազոր  մարմնի և բանկի միջև կնքված պայմանագրում փոփոխություններ և լրացումներ պետք է կատարեն լրացուցիչ համաձայնագրեր կնքելու միջոցով, որոնք կհանդիսանան այդ պայմանագրի անբաժանելի մասը:

Հարկ է նկատի ունենալ, որ 2026 թվականի հունվար-փետրվար ամիսներին մեծ թվով շահառուներ դիմումներով փոխել են վճարման եղանակը՝ ընտրելով անկանխիկը։

Հետադարձ կապի միջոցներով քաղաքացիներից և բանկերից ստացված տեղեկատվության համաձայն՝ բանկերը հիմնականում աջակցում են քաղաքացիներին՝ բանկի հաճախորդի (բանկային հաշվի տիրոջ) իրավունքներ, վճարային քարտ ձեռք բերելու գործընթացում։ Այնուհանդերձ, շահառուների ոչ մեծ մասը մասը չի կարող այցելել բանկ և դեռևս չի ստացել իր փետրվար ամսվա կենսաթոշակը։

Ուստի փետրվար-մարտ ամիսներին իրենց դիմումներով և 2026 թվականի մարտի 5‑ին ծառայության կողմից ծրագրային գործիքի կիրառմամբ բանկ ընտրած՝ տեղաշարժման սահմանափակում ունեցող շահառուների համար հավասար պայմաններ ստեղծելու համար նախագծով առաջարկվում է որոշման Որոշման հավելվածի 3-րդ կետի 7‑րդ ենթակետի գործողությունը տարածել նաև այն դեպքերի վրա, երբ շահառուն  բավարարում է այդ ենթակետում նշված՝ տեղաշարժման սահմանափակում ունեցող շահառուների համար սահմանված պայմաններին, իսկ նրա տվյալները ներառված են բանկերին տրամադրված՝ 2026 թվականի փետրվար, մարտ ամիսների վճարման ցուցակներում։

Միաժամանակ ծառայությունը ծավալել է վճարող բանկ ընտրելու վերաբերյալ բնակչությանը իրազեկելու, ինչպես նաև տեղաշարժման սահմանափակում ունեցող շահառուներին հայտնաբերելու և նրանց աջակցելու մեծածավալ աշխատանքներ։ Արդյունքում, 2026 թվականի հունվարի 7-ի դրությամբ կանխիկ եղանակով կենսաթոշակ կամ նպաստ է վճարվել 50278 անձի, իսկ փետրվարի 20-ի դրությամբ՝ 19567։ Սա նշանակում է, որ 07.01.2026-20.02.2026 ժամանակահատավածում ավելի քան 30000 անձ փոխել է վճարման եղանակը և կենսաթոշակը ստանում (ստանալու է) անկախիկ եղանակով։ Բացի դրանից, ներկայումս պայմանավորվածություն է ձեռք բերվել 4 բանկերի հետ, որոնք պատրաստակամություն են հայտնել օգտվել սուրհանդակային ծառայություններից՝ շահառուի՝ բանկի հաճախորդի (բանկային հաշվի տիրոջ) իրավունքներ ձեռք բերելու, քարտի առաքման համար անհրաժեշտ գործողությունները կատարելու համար։ Բանկերի հետ քննարկումները շարունակվում են։

 

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 12-ի N 284-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծն ընդունվելու դեպքում կապահովվի սահուն անցումը կենսաթոշակների և նպաստների՝ անկանխիկ եղանակով վճարմանը:

 

4. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ, Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ:

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 12-ի N 284-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը բխում է Կառավարության 2021-2026 թթ. Ծրագրի 4.6-րդ բաժնից՝ կենսաթոշակառուներին և նպաստառուներին մատուցվող ծառայությունների որակը բարձրացնելու, ինչպես նաև կենսաթոշակների և նպաստների նշանակման և վճարման գործընթացը լավարկելու նպատակով կատարելագործվելու է օրենսդրությունը:   

 

5. Տեղեկանք

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 12-ի N 284-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեում եկամուտների նվազեցում կամ ավելացում չի նախատեսվում:

Սուրհանդակային ծառայությունների ձեռք բերման համար բանկերի կատարած ծախսերը կփոխհատուցվեն 1102 «Կենսաթոշակային ապահովություն» ծրագրի «11002. Կենսաթոշակների և այլ դրամական վճարների իրականացման ապահովում» միջոցառման գծով նախատեսված 603.3 մլն դրամի հաշվին: Այս գումարի մի մասը կծախսվի 2026 թվականի հունվար-ապրիլ ամիսներին՝ ի հաշիվ կանխիկ վճարման ծառայությունների դիմաց «Հայփոստ» ՓԲԸ-ին վարձավճարների (կանխատեսվում է շուրջ 150 մլն դրամ)։

Ըստ խիստ նախնական գնահատականների՝ շուրջ 15000 անձ իր կենսաթոշակի իրավունքը կիրացնի սուրհանդակային ծառայությունների օժանդակությամբ։ Բանկերի և սուհանդակային ծառայություններ իրականանցնող կազմակերպությունների հետ դեռևս ոչ  ամբողջական քննարկումներով սուրհանդակային ծառայության միջին սակագինը գնահատվում է 3000 դրամ։ Արդյունքում, խիստ նախնական կանխատեսումների՝ հարկ կլինի հատկացնել շուրջ 50 մլն դրամ՝ վերը նշված 1102-11002 միջոցառման գծով նախատեսված միջոցների հաշվին։

Վճարող բանկ ընտրելու վերաբերյալ բնակչությանը իրազեկելու, ինչպես նաև սուրհանդակային ծառայությունների միջոցով բանկային հաշվի սպասարկման պայմանագրի կնքումը, վճարային քարտի տրամադրման գործընթացի կազմակերպման աշխատանքներն ընթացքի մեջ են, որոնց արդյունքներով հնարավոր կլինի ունենալ ավելի իրատեսական գնահատականներ։

 

 

  • Տևողություն

    23.02.2026 11.03.2026
  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն

  • Գերատեսչություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

  • Կարգավիճակ

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 111

Տպել

Առաջարկներ`

Թողնել առաջարկ

Առաջարկ 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Ավելացնել հաջորդ առաջարկը

Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և հետո:

Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:

Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում:

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: