«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1. Անհրաժեշտությունը – ՀՀ ընդերքի մասին օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է իրավական հիմք, որի համաձայն՝ ֆիզիկական և իրավաբանական անձինք կարող են իրենց սեփական հողամասերի սահմաններում, առանց ընդերքօգտագործման իրավունքի ձևավորման, իրականացնել պետական հաշվեկշռում չհաշվառված ոչ մետաղական օգտակար հանածոների արդյունահանում՝ բացառապես շահույթ ստանալու նպատակ չհետապնդող, տնտեսական և կենցաղային սեփական կարիքների բավարարման նպատակով։
Սակայն գործող կարգավորումը չի նախատեսում փոքրածավալ գործունեության իրականացման հնարավորություն, անգամ այն դեպքերում, երբ նման գործունեությունը իր ծավալներով ու բնույթով չի կարող դիտարկվել որպես արդյունաբերական նշանակության։
Առաջարկվող փոփոխության անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ համայնքներում ավանդաբար իրականացվում է փոքրածավալ, ոչ արդյունաբերական նշանակության կավագործական արտադրություն, որը ծառայում է տնտեսական, մշակութային և սոցիալական նշանակություն ունեցող նպատակների։ Ներկայումս նման գործունեությունը ևս ենթակա է ընդերքօգտագործման իրավունքի ձևավորման, ինչը հանգեցնում է անհամաչափ վարչական և ֆինանսական բեռի առաջացման ինչպես քաղաքացիների, այնպես էլ փոքր ձեռնարկությունների համար։
2․ Ընթացիկ իրավիճակը և խնդիրները – Գործող օրենսդրական կարգավորումների համաձայն՝ ընդերքօգտագործման իրավունքի ձևավորումը պահանջում է իրավաբանական անձի կողմից համալիր փաստաթղթային փաթեթի կազմում և ներկայացում, շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության իրականացում, ինչպես նաև պետական տուրքեր և վճարներ։
Նշված ընթացակարգերը ենթադրում են զգալի ֆինանսական ծախսեր, այդ թվում՝ տեխնիկական փաստաթղթերի կազմման, փորձաքննության, նախագծային աշխատանքների և պետական վճարների հետ կապված ծախսեր։ Այդ պատճառով անհամաչափ և հիմնավորված չէ նույն պահանջների տարածումը այնպիսի դեպքերի վրա, երբ ֆիզիկական կամ իրավաբանական անձինք կավագործությամբ զբաղվելու նպատակով ցանկանում են իրենց սեփական հողամասերի սահմաններում իրականացնել ոչ մեծ քանակությամբ հանույթ։
Նման գործունեությունը իր բնույթով ոչ արդյունաբերական է, չի առաջացնում շրջակա միջավայրի վրա էական ազդեցություն և չի պահանջում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման ընթացակարգերի իրականացում։ Սակայն գործող կարգավորումների պայմաններում քաղաքացին կամ փոքր ձեռնարկությունը ստիպված է ստեղծել իրավաբանական անձ, անցնել ընդերքօգտագործման իրավունքի ձևավորման բոլոր փուլերը և կրել անհամաչափ բարձր ծախսեր, որոնք կարող են գերազանցել տվյալ գործունեության իրական տնտեսական արժեքը։
3․ Կարգավորման նպատակը և բնույթը – Նախագծով առաջարկվում է փոփոխություն կատարել ՀՀ ընդերքի մասին օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին մասում հստակեցնելով, որ իրավաբանական անձինք և քաղաքացիները, առանց ընդերքօգտագործման իրավունքի ձևավորման, իրենց սեփական հողամասերի սահմաններում կարող են կատարել պետական հաշվեկշռում չհաշվառված ոչ մետաղական օգտակար հանածոների հանույթ՝ կավագործության նպատակով՝ մինչև 5 մ խորությամբ և առավելագույնը տարեկան 30 մ3 ծավալով։
Միաժամանակ օրենքով ամրագրվել է, որ իրավաբանական անձինք և քաղաքացիները, առանց ընդերքօգտագործման իրավունքի ձևավորման, շահույթ ստանալու նպատակ չհետապնդող, տնտեսական և կենցաղային սեփական կարիքների բավարարման նպատակով՝ մինչև երկու մետր խորությամբ, ինչպես նաև ստորերկրյա կառույցների շինարարություն՝ մինչև հինգ մետր խորությամբ իրենց սեփական հողամասերի սահմաններում պետական հաշվեկշռում չհաշվառված ոչ մետաղական օգտակար հանածոների հանույթը կարող են կատարել առանց հորատապայթեցման աշխատանքների իրականացման։
Առաջարկվող փոփոխության նպատակն է օրինական դաշտ տեղափոխել փոքրածավալ կավագործական գործունեությունը (այդ թվում՝ բրուտագործություն, խեցեգործություն), որը համայնքներում ավանդաբար իրականացվում է կենցաղային կամ մշակութային նպատակներով։ Նման գործունեության նկատմամբ ընդերքօգտագործման իրավունքի ձևավորման պարտադիր պահանջի պահպանումը ստեղծում է անհամաչափ վարչարարական և ֆինանսական բեռ քաղաքացիների և փոքր ձեռնարկությունների համար։
Միևնույն ժամանակ, հորատապայթեցման աշխատանքների բացառումը որպես պարտադիր պահանջ՝ նման դեպքերում, նպաստում է աշխատանքի իրականացման անվտանգության բարձրացմանը, քանի որ բացառում է պայթեցման աշխատանքներին բնորոշ տեխնիկական ռիսկերը, ինչպես նաև անձանց կյանքի և առողջության համար վտանգավոր գործոնների առաջացումը, միաժամանակ պահպանելով շրջակա միջավայրի պահպանության և հանրային անվտանգության հիմնական սկզբունքները։
4․ Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք – Սույն նախագիծը մշակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից:
5․ Ակնկալվող արդյունքը – Նախագծի ընդունման արդյունքում կստեղծվի հնարավորություն՝ համայնքներում ավանդաբար կիրառվող կավագործական (բրուտագործական և խեցեգործական) գործունեությունը իրականացնել օրինական դաշտում՝ առանց ընդերքօգտագործման իրավունքի ձևավորման անհրաժեշտության։ Միաժամանակ սահմանված ծավալային շեմի (մինչև 30 մ³) միջոցով կապահովվի շրջակա միջավայրի վրա հնարավոր բացասական ազդեցության կանխարգելումը։
Փոփոխությունը կնպաստի նաև տեղական տնտեսական ակտիվության խթանմանը՝ առանց բնապահպանական ռիսկերի ավելացման (սահմանված ծավալային շեմի (մինչև 30 մ³) շնորհիվ)։ Առաջարկվող կարգավորումը միաժամանակ ապահովում է վարչարարության պարզեցում, ձեռագործ և փոքրածավալ արտադրության զարգացում, ինչպես նաև շրջակա միջավայրի նկատմամբ վերահսկելի ազդեցություն՝ պահպանելով կառավարության սահմանած կարգով լիազոր մարմնին տեղյակ պահելու պահանջը։
Նախագծի ընդունումից հետո փոփոխություն կկատարվի ՀՀ կառավարության 2013 թվականի փետրվարի 21-ի N 152-Ն որոշմամբ հաստատված՝ իրավաբանական անձանց և քաղաքացիներին սեփականության իրավունքով պատկանող հողամասերի սահմաններում ընդերքօգտագործման կարգում՝ ամրագրելով դրույթ, որի համաձայն խախտված տարածքի հետագա ռեկուլտվացիայի համար տեղահանված հողաբուսական շերտը կառանձնացվի և կպահեստավորվի։ Ինչպես նաև կարգով սահմանված փոստաթղթերին կից կներկայացվի նաև տեղագրական հատակագիծ դիմումի մուտքագրման օրվա դրությամբ, որը ենթակա կլինի հավաստման ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից։
6. Ներկայացվող հարցի կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները – Ներկայացված նախագծի ընդունման դեպքում պետական բյուջեի եկամուտների ավելացում չի նախատեսվում:
7. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.
Ներկայացվող նախագծերի մշակումը բխում է ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշմամբ հաստատված հավելվածի «2․8 բնական ռեսուրսների կայուն կառավարում» բաժնից (Կառավարության 2021-2026թթ. Ծրագիր)։
-
Տևողություն
26.01.2026 11.02.2026 -
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Էներգետիկա և բնական պաշարներ
-
Գերատեսչություն
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
-
Կարգավիճակ
Դիտումներ` 146
Տպել
Թողնել առաջարկ
Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և մուտք գործելուց հետո:
Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:
Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում: