«ՀԱՆՐԱՅԻՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՎԵՐՀԱՆՄԱՆ, ՄՇԱԿՄԱՆ, ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՎ ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐՈՇՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ N 175-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
|
ՆԱԽԱԳԻԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
«ՀԱՆՐԱՅԻՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՎԵՐՀԱՆՄԱՆ, ՄՇԱԿՄԱՆ, ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՎ ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐՈՇՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ N 175-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ պարբերությունը և ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի փետրվարի 9-ի «Հանրային ներդրումային ծրագրերի վերհանման, մշակման, գնահատման և առաջնահերթությունների որոշման կարգը հաստատելու մասին» N 175-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունն ու լրացումները՝
1) Որոշման վերնագիրը շարադրել նոր խմբագրությամբ հետևյալ բովանդակությամբ՝ «Հանրային ներդրումային ծրագրերի վերհանման, մշակման, գնահատման և առաջնահերթությունների որոշման և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերը ներառելու լրացուցիչ պահանջների և դրանց իրականացման կարգերը հաստատելու մասին»,
2) Որոշման Հավելված N 1-ի 3-րդ կետում «կարգը» բառը փոխարինել «հավելվածը» բառով,
3) Որոշման 1-ին կետից հետո Որոշումը լրացնել նոր 2-րդ կետով՝ հետևյալ բովանդակությամբ.
«2. Հաստատել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերը ներառելու լրացուցիչ պահանջների և դրանց իրականացման կարգը՝ համաձայն N 2 հավելվածի»:
«Հավելված 2
ՀՀ կառավարության 2023 թվականի
_փետրվարի 9-ի N 175-Ն որոշման
ԿԱՐԳ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՈՉ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ԳԾՈՎ ԾԱԽՍԵՐԸ ՆԵՐԱՌԵԼՈՒ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ
1.ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում են այն ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերի (այսուհետ՝ կապիտալ ծախսեր) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ներառելու գործընթացը, որոնց վրա չի տարածվում սույն որոշման N 1 հավելվածով հաստատված կարգը:
2. Պետական բյուջեում կապիտալ ծախսերն ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածների նախատեսվում են՝ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2007 թվականի հունվարի 9-ի N 5-Ն հրամանով հաստատված Հայաստանի Հանրապետության բյուջետային դասակարգումները:
3. Սույն կարգը չի տարածվում այն կապիտալ ծախսերի վրա, որոնք սույն կարգի ուժի մեջ մտնելու պահին մեկնարկել են (առկա է կնքված պայմանագիր, հայտարարված մրցույթ, այդ թվում՝ պայմանով), իսկ շինարարական աշխատանքների դեպքում առկա են դրական փորձագիտական եզրակացություն ունեցող նախագծանախահաշվային փաստաթղթերը կամ տեղակապման նախագծման աշխատանքների կատարումը նախատեսող կապալառուի հետ կնքված գնման պայմանագիր:
2.ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ
4. Սույն կարգում օգտագործվող և սույն կետով չնախատեսված հասկացությունները գործածվում են «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքով սահմանված իմաստով, եթե այլ բան չի բխում համապատասխան նորմի բովանդակությունից։ Սույն կարգի իմաստով ներքոհիշյալ հասկացություններն ունեն հետևյալ նշանակությունը՝
1) կապիտալ ծախսեր՝ պետական բյուջեի շրջանակում նախատեսվող այն ծախսերը, որոնք հանգեցնում են ոչ ֆինանսական ակտիվների ստեղծմանը (ձեռքբերմանը) կամ գոյություն ունեցող ոչ ֆինանսական ակտիվների արժեքի ավելացմանը.
2) նպատակային ծրագիր՝ կապիտալ ծախսերի հաշվարկման համար հիմք հանդիսացող ծրագիր, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի, Կառավարության կողմից ընդունված, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերից բխող փաստաթուղթ, որն ուղղված է որևէ կոնկրետ խնդրի լուծմանը և նպատակի իրականացմանը, որն ունի հստակ ժամկետ և ուղղակի արդյունք(ներ).
3) կապիտալ ծախսերի գծով բյուջետային հայտ՝ առաջիկա տարվա բյուջետային հայտով ոչ ֆինանսական ակտիվների ձեռքբերման կամ գոյություն ունեցող ոչ ֆինանսական ակտիվի արժեքի ավելացման հիմնավորման նպատակով մշակված ծախսերի նկարագիր և նախնական տնտեսական վերլուծություն, որը հայտատու մարմնի կողմից տրամադրվում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն (այսուհետ՝ Ֆինանսների նախարարություն).
4) հայտատու մարմին՝ ոլորտի քաղաքականության մշակման համար պատասխանատու պետական կառավարման մարմին, որն իրավասու է ներկայացնելու ոչ ֆինանսական ակտիվների գծով բյուջետային հայտ
5) էլեկտրոնային HDM-4 տնտեսագիտական վերլուծությունների մոդել՝ Համաշխարհաին բանկի նախաձեռնությամբ մշակված ավտոճանապարհների զարգացման և կառավարման միջազգային ծրագրային մոդել:
3.ԿԱՊԻՏԱԼ ԾԱԽՍԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ
5. Պետական բյուջեում ներառվող (այդ թվում պետական գաղտնիք պարունակող), սույն կարգի շրջանակում կապիտալ ծախսերի տեսակներն են՝
1) մինչև մեկ միլիարդ ՀՀ դրամի չափով՝
ա. կառուցման, վերակառուցման, կապիտալ վերանորոգման և վերականգնման աշխատանքների (այսուհետ՝ շինարարական աշխատանքներ) ներառյալ նախագծահետազոտական ծախսեր, շենքերի, շինությունների, մեքենաների և սարքավորումների (բացառությամբ վարչական սարքավորումների), այլ հիմնական միջոցների, պաշարների, բարձրարժեք և չարտադրված ակտիվների գծով ծախսեր.
բ. օտարերկրյա պետությունների և կազմակերպությունների աջակցությամբ իրականացվող վարկային և դրամաշնորհային ծրագրերի շրջանակում նախատեսվող կապիտալ ծախսեր.
2) կապիտալ ծախսեր, որոնք ունեն պարբերական բնույթ և ուղղված են ակտիվի ներկա վիճակի պահպանմանը կամ գոյություն ունեցող մաշված ակտիվի փոխարինմանը.
3) վարչական բնույթի կապիտալ ծախսեր (այն ծախսերը, որոնք ուղղված են տվյալ մարմնի ընդհանուր ղեկավարման, համակարգման և ներքին գործառույթների իրականացմանը և անհրաժեշտ են տվյալ մարմնի ինստիտուցիոնալ և գործառնական կարողությունների պահպանման համար).
4) հրատապ կապիտալ ծախսեր (այդ թվում՝ բնական և/կամ տեխնածին աղետներին, արտակարգ և ճգնաժամային իրավիճակներին արձագանքման, պաշտպանության և ազգային անվտանգության նպատակով իրականացվող կապիտալ ծախսեր).
5) բացառիկ դեպքերում Հայաստանի Հանրապետության վարչապետի համաձայնությամբ՝ Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրից և ռազմավարական նպատակներից ուղղակիորեն բխող ծրագրեր: Ընդ որում, սույն ենթակետը կիրառելի է միայն մինչև 2028 թվականի պետական բյուջեում ներառման ենթակա հանրային ներդրումային ծրագրերի նկատմամբ:
4.ԿԱՊԻՏԱԼ ԾԱԽՍԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՅՏԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԵՎ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ
6. Հայտատու մարմինը մշակում է կապիտալ ծախսերի վերաբերյալ բյուջետային հայտերը (այսուհետ՝ հայտ)՝ ելնելով իր կողմից համակարգվող ոլորտներում ոչ ֆինանսական ակտիվների գծով առկա կարիքներից:
7. Հայաստանի Հանրապետության տվյալ տարվա բյուջետային գործընթացն սկսելու մասին Վարչապետի որոշմամբ սահմանված ժամկետում հայտատու մարմինը կապիտալ ծախսերի մասին հայտը ներառում է Ֆինանսների նախարարություն ներկայացվող բյուջետային ընդհանուր հայտում:
8. Կապիտալ ծախսերի իրականացման ժամկետը բյուջետային տարվան գերազանցելու դեպքում՝ նախատեսվող ծախսերը ներկայացվում են ըստ տարիների բաշխվածության:
9. Կապիտալ ծախսերի մասին Ֆինանսների նախարարություն ներկայացվող հայտը պետք է ներառի հետևյալ տեղեկատվությունը՝
1) ծախսի իրականացման անհրաժեշտության հիմնավորումները, ակտիվի նկատմամբ պահանջարկի նկարագրությունը, ոչ ֆինանսական ակտիվի բացակայության ազդեցությունը (եթե ներկայացվում է ոչ ֆինանսական ակտիվի կառուցման կամ ձեռքբերման հայտ) հանրությանը մատուցվող ծառայությունների ցուցանիշների կամ պետական, հասարակական անվտանգության վրա.
2) իրականացման արդյունքում ստեղծվող տնտեսական և սոցիալական հավելյալ արժեքների կամ պետական, հասարակական անվտանգության ամրապնդման վրա ազդեցության նկարագրությունը.
3) ակտիվի բացակայության պայմաններում իրականացվող այլընտրանքային լուծումների նկարագրությունը՝ առկայության դեպքում.
4) կապը Կառավարության ծրագրի, ռազմավարական և նպատակային ծրագրերի հետ: Առանձին նպատակային ծրագրի բացակայության դեպքում բյուջետային ծրագիրը կարող է դիտարկվել որպես նպատակային ծրագիր.
5) գնագոյացման վերաբերյալ հաշվարկ-հիմնավորումները.
6) հայտատուի կողմից իրականացման համար անհրաժեշտ կարողությունների առկայության հիմնավորվածությունը.
7) իրականացման ռիսկերի նկարագրությունը և դրանց կանխարգելիչ միջոցառումները.
8) հանրային քննարկումների մեխանիզմի կամ մասնակցային գործընթացների առկայությունը՝ ըստ անհրաժեշտության.
9) ակտիվի շահագործման համար լրացուցիչ ընթացիկ ծախսերի հաշվարկը՝ նման ծախս առաջանալու դեպքում.
10) շինարարական աշխատանքների դեպքում նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման, դրական փորձագիտական եզրակացություն ստացած նախագծանախահաշվային փաստաթղթերի հիման վրա շինարարական աշխատանքների նախահաշվային արժեքը, որն իր մեջ ներառում է նաև տեխնիկական և հեղինակային հսկողությունների ծառայությունների ձեռքբերման համար անհրաժեշտ գումարները.
11) ճանապարհային ցանցի պարբերական և տեղայնացված բնույթ կրող և նախագծային լուծում պահանջող ճանապարհաշինական աշխատանքների (ճանապարհի վերակառուցում, հիմնանորոգում, միջին նորոգում (նորոգում)՝ համար՝ բազմաչափանիշային վերլուծության հիման վրա գնահատված առաջնահերթության հիմնավորումները, մասնավորապես.
ա. միջպետական և հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների առաջնահերթությունների որոշման համար հիմք հանդիսացած՝ էլեկտրոնային HDM-4 տնտեսագիտական վերլուծությունների մոդելի կիրառման միջոցով ճանապարհը որպես առաջնահերթ դիտարկելու գնահատումների վերաբերյալ տվյալները՝ տնտեսական արդյունավետությունը (ծրագրի իրականացման ծախսերի և արդյունքում տրանսպորտային միջոցների շահագործման ծախսերի և ժամանակի խնայողությունների հետ հաշվարկը, Ներքին շահութաբերության նորման (EIRR) կամ ներդրումների և օգուտների զուտ ներկա արժեքի վերլուծությունը), այլընտրանքային ճանապարհի առկայությունը, ճանապարհի ինտենսիվությունը,
բ. մարզային (տեղական) նշանակության ավտոմոբիլային ճանապարհների առաջնահերթությունների որոշման համար հիմք հանդիսացած՝ տվյալ մարզի աղքատության մակարդակի տվյալները, մարզում ճանապարհահատվածի վիճակի «վատ» գնահատական ունեցող մարզային (տեղական) ճանապարհների տվյալներն ու մարզում վիճակի «վատ» գնահատական ունեցող մարզային ճանապարհների կշիռը մարզային ճանապարհային ցանցում, մարզում տվյալ բնակավայրին կապող այլընտրանքային ճանապարհի առկայության, ինչպես նաև տվյալ մարզային (տեղական) ճանապարհի ինտենսիվության վերաբերյալ տեղեկատվությունը.
12) վարչական բնույթի կապիտալ ծախսերի դեպքում դրանց չիրականացման դեպքում առաջացող խնդիրները.
13) թվայնացման ոլորտի ոչ ֆինանսական ակտիվ ձեռք բերելու դեպքում հայտը մինչև Ֆինանսների նախարարություն ներկայացնելը, հայտատու մարմինը պետք է ստացած լինի Հայաստանի Հանրապետության վարչապետի 2022 թվականի հունվարի 21-ի N 81-Ա որոշմամբ ստեղծված Տեղեկատվական համակարգերի կառավարման խորհրդի հավանությունը, եթե առաջարկվող ծրագիրը բավարարում է սույն կետում նշված որոշման 1-ին կետով թվարկված ուղղություններին.
14) հրատապ ծախսերի դեպքում ծախսի իրականացման հրատապության հիմքերը.
15) արտակարգ իրավիճակների և ճգնաժամային արձագանքման նպատակով նախատեսվող ծախսերի դեպքում՝
ա. արտակարգ իրավիճակի իրավական հիմքի (հայտարարված արտակարգ իրավիճակի, ճգնաժամային գնահատման) առկայությունը.
բ. շինարարական կամ տեխնիկական լուծումների արագագործ իրականացում ապահովող ընթացակարգերի նախանշումը՝ շտապ իրականացման պահանջներին համապատասխան.
գ. ֆինանսական և նյութատեխնիկական միջոցների առաջնահերթ հատկացումների վերաբերյալ հիմնավորված ժամանակացույց.
16) վարկային և դրամաշնորհային ծրագրերի շրջանակում՝
ա. կնքված համաձայնագիր կամ պայմանագիր դոնորի/վարկատուի հետ,
բ. կնքված համաձայնագրի կամ պայմանագրի շրջանակում իրականացված ծախսերի. պլանավորված գումարների, մնացորդի վերաբերյալ տեղեկություններ,
գ. կապիտալ ծախսերի ընթացքի և կանխատեսումների վերաբերյալ ֆինանսական և ոչ ֆինանսական ցուցանիշներն ըստ ծրագրերի բաղադրիչների17):
10. Սույն կարգի 9-րդ կետում նշված տեղեկատվության վերաբերյալ ավելի մանրամասն ուղղորդումները ներկայացվում են Ֆինանսների նախարարության կողմից կազմված ամենամյա՝ պետական մարմինների հայտերի կազմման և ներկայացման մեթոդական ցուցումներում (այսուհետ՝ մեթոդական ցուցումներ):
11. Ֆինանսների նախարարությունը Վարչապետի որոշմամբ սահմանված ժամկետում իրականացնում է հայտատու մարմինների կողմից ստացված ոչ ֆինանսական ակտիվների գծով հայտերի նախնական ստուգում, որը ներառում է հետևյալ քայլերը՝
1) հայտի՝ սույն կարգով և մեթոդական ցուցումներով պահանջվող տեղեկատվության և ձևաչափերի առկայությունը.
2) նմանատիպ ծախսային կրկնությունների բացառում.
3) հանրային ներդրումային ծրագրերի վերհանման, մշակման, գնահատման և առաջնահերթությունների որոշման կարգի կիրառելության գնահատականը:
12. Ֆինանսների նախարարությունը սույն կարգի 11-րդ կետով նշված քայլերի արդյունքում բացահայտված թերությունների մասին Վարչապետի որոշմամբ սահմանված ժամկետում տեղեկացնում է հայտատու մարմիններին և առաջարկում ներկայացնել լրամշակված հայտեր կամ արդեն ներկայացված հայտերում բացակայող կամ ուղղման ենթակա տեղեկատվությունը:
13. Ֆինանսների նախարարությունը Վարչապետի որոշմամբ սահմանված ժամկետում իրականացնում է ոչ ֆինանսական ակտիվների վերաբերյալ հայտերի ամբողջական ուսումնասիրություն, որը ներառում է հետևյալ քայլերը՝
1) հայտատու մարմնի կողմից ներկայացված ծախսերի համապատասխանություն միջնաժամկետ ծախսերի ծրագրով հաստատված ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերի սահմանաչափին (վերջինիս առկայության դեպքում), իսկ տարբերությունների դեպքում՝ դրանց հիմնավորումները.
2) սույն կարգի 8-րդ և 9-րդ կետում նշված տեղեկատվության առկայություն.
3) ծախսերի ֆինանսավորման աղբյուրների նույնականացում (ներքին, արտաքին)։ Եթե ծախսը ենթադրում է արտաքին աղբյուրներից միջոցների ներգրավում, ապա Ֆինանսների նախարարությունը ստուգում է սույն կարգի 8-րդ կետի 13-րդ ենթակետով պահանջվող տեղեկատվության առկայությունը, ինչպես նաև կազմում է պետական պարտքի ցուցանիշների վրա ազդեցության նախնական գնահատական.
4) ծախսերի ոչ ֆինանսական ցուցանիշների վերլուծություն, որի ընթացքում ստուգվում է ցուցանիշների որոշակի, չափելի, ստուգելի, իրատեսական, իմաստալից և օգտակար լինելու աստիճանը: Պետական, հասարակական անվտանգության ապահովման տեսանկյունից, սույն ենթակետով նախատեսված վերլուծության տրամադրման ոչ նպատակահարմար լինելու դեպքում՝ վերջինիս հիմնավորումները.
5) ծախսերի առաջնահերթություն՝ հիմք ընդունելով Ֆինանսների նախարարության կողմից մեթոդական ցուցումներում ներառված՝ բյուջետային միջոցառումների առաջնահերթությունների գնահատման մեթոդական ուղեցույցը:
14. Սույն կարգի 13-րդ կետով իրականացված ուսումնասիրության արդյունքում հայտում բացահայտված թերությունների մասին տեղեկատվությունը Ֆինանսների նախարարությունը փոխանցում է Վարչապետի որոշմամբ սահմանված ժամկետում հայտատու մարմնին՝ հայտը լրամշակելու նպատակով: Հայտատու մարմինները ներկայացնում են վերանայված հայտերը Վարչապետի որոշմամբ սահմանված ժամկետում:
15. Սույն կարգով սահմանված պահանջներին համապատասխանելու դեպքում վերանայմված հայտերը ներառվում են տվյալ տարվա համար կազմվող Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նախագծում՝ ելնելով տվյալ տարվա ֆիսկալ հնարավորություններից:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
-
Տևողություն
14.01.2026 29.01.2026 -
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Ֆինանսական
-
Կարգավիճակ
Դիտումներ` 344
Տպել
Թողնել առաջարկ
Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և մուտք գործելուց հետո:
Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:
Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում: