«Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Փրկարար ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2025 թվականի սեպտեմբերի 11-ի թիվ ՀՕ-296-Ն օրենքը մասնակի չեղյալ ճանաչելու մասին» և «Փրկարար ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» 2025 թվականի սեպտեմբերի 11-ի թիվ ՀՕ-295-Ն օրենքը մասնակի չեղյալ ճանաչելու մասին» օրենքների նախագծեր
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
Ոստիկանության ծառայողների ատեստավորման գործընթացի արդյունքներով ոստիկանության ծառայողների սոցիալական վիճակի բարելավումից հետո էապես կարևորվում է ոստիկանության ծառայողների գործունեության որակի և արդյունավետության պարբերական մշտադիտարկումը և դրա հիման վրա գնահատման ուրույն համակարգի ներդրումը:
ՀՀ կառավարության 2024 թվականի նոյեմբերի 15-ի «Ոստիկանության բարեփոխումների իրականացման ռազմավարությունը և դրանից բխող 2024-2026 թվականների գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» N 1803-Լ որոշմամբ հաստատված՝ Ոստիկանության բարեփոխումների իրականացման ռազմավարության մեջ էապես կարևորվում է մարդկային ռեսուրսների արդյունավետ կառավարումը: Կառավարությունն այդ ուղղությամբ, որպես կարևոր գործիք, առանձնացրել է ոստիկանության ծառայողների կատարողականի գնահատման ինստիտուտը` նախանշելով ոստիկանության ծառայողի ատեստավորման և կատարողականի գնահատման ինստիտուտների միջև կապը:
Մասնավորապես, այս տեսանկյունից սկզբունքային է կատարողականի գնահատման արդար, թափանցիկ և անկողմնակալ գործընթացի ներդրումը, ինչպես նաև՝ կատարողականի հստակ, օբյեկտիվ ցուցիչների սահմանումը։ Կատարողականի գնահատման՝ ոստիկանական ծառայության առաքելությանը և նպատակներին համահունչ ցուցիչները պետք է հետևողականորեն կիրառվեն բոլոր ծառայողների համար, իսկ առաջխաղացման և պարգևատրումների վերաբերյալ որոշումները պետք է հիմնված լինեն արժանիքների օբյեկտիվ գնահատման վրա:
Գործող օրենսդրական կարգավորումների տրամաբանությունն այնպիսին է, որ նշված նպատակին ծառայող գործիքը ներկայումս ոստիկանության ծառայողների ատեստավորումն է, որն իրականացվում է երեք տարին մեկ անգամ: Հատկանշական է, որ օրենսդրական փոփոխությունների արդյունքում ոստիկանության ծառայողների պարտադիր վերապատրաստումներն իրականացվում են ամեն տարի՝ նախկինում սահմանված 5 տարվա փոխարեն: Այս ամենի համադրության արդյունքում ակնհայտ է դառնում ոստիկանության ծառայողների աշխատանքի արդյունավետության գնահատման նոր՝ ատեստավորման և կատարողականի փոխկապակցվածության վրա հիմնված մոտեցման ներդրման անհրաժեշտությունը:
Բացի այդ, հարկ է նկատել, որ զբաղեցրած պաշտոնին համապատասխանությունն ստուգելու և հավելավճար հաշվարկելու կամ զբաղեցրած պաշտոնին համապատասխանությունն ստուգելու և հավելավճարի հաշվարկումը շարունակելու նպատակով ոստիկանությունում և փրկարար ծառայությունում ատեստավորման համակարգի ներդրումն ապահովող իրավական կարգավորումներն ուժի մեջ են մտել 2023 թվականի մայիսի 1-ից: Հաշվի առնելով ոստիկանության և փրկարար ծառայողների մեծ թիվն ու ատեստավորման նոր համակարգի կենսագործման համար անհրաժեշտ կազմակերպչական և այլ աշխատանքների մեծ ծավալը՝ անհրաժեշտություն է առաջացել երկարաձգել առաջին անգամ ատեստավորում չանցած ոստիկանության և փրկարար ծառայողների առաջին անգամ ատեստավորման, ինչպես նաև՝ առաջին անգամ ատեստավորում անցած ոստիկանության և փրկարար ծառայողների միայն հաջորդ ատեստավորման վերջնաժամկետը: Ընդ որում, նման մոտեցումը պայմանավորված է օբյեկտիվ անհրաժեշտությամբ։ Մասնավորապես, ՀՀ ՆԳՆ ձևավորման, ոստիկանության կառուցվածքային փոփոխությունների, ոստիկանության հենասյունային 3 ուղղությունների (քրեական ոստիկանություն, համայնքային ոստիկանություն, ոստիկանության գվարդիա) ձևավորման, պարեկային ծառայության համալրման կապակցությամբ, ատեստավորման համակարգի ներդրումից ի վեր, իրականացվել են և շարունակում են իրականացվել (այդ թվում՝ ի կատարումն օրենքից բխող պահանջների, օրինակ՝ «Ոստիկանության գվարդիայի մասին» օրենքի 29-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ ոստիկանության զորքերի զինծառայողները ոստիկանության գվարդիայի ծառայողի պաշտոնում նշանակվում են սույն օրենքով նախատեսված հատուկ պատրաստություն անցնելուց հետո, իսկ ոստիկանության ծառայողները սույն օրենքով նախատեսված հատուկ պատրաստություն անցնում են ոստիկանության գվարդիայի ծառայողի պաշտոնում նշանակվելուց հետո) մեծ ծավալի դասընթացներ հետևյալ հիմնական ուղղություններով՝
1) ՀՀ ՆԳՆ հաշվառման-քննական ծառայությունների մատուցման, թույլտվությունների և լիցենզավորման վարչության հաշվառման-քննական բաժինների քաղաքացիական ծառայողների և քաղաքացիական աշխատանք կատարողների վերապատրաստման դասընթացներ,
2) ՀՀ ՆԳՆ քաղաքացիական ծառայողների մասնագիտական վերապատրաստումներ,
3) ՀՀ ՆԳՆ ոստիկանության գվարդիայում պաշտոնի նշանակվելու համար հատուկ պատրաստության դասընթացներ (վերապատրաստում),
4) ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանությունում, համայնքային ոստիկանությունում, պարեկային ծառայությունում պաշտոնների նշանակվելու համար վերապատրաստման դասընթացներ (դիմած քաղաքացիների համար՝ ուսուցման դասընթացներ՝ 6 ամիս տևողությամբ),
5) ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողների ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների և հրազենի գործադրման իրավակարգավորումների ու գործնական հմտությունների կատարելագործմանն ուղղված վերապատրաստման դասընթացներ (վերապատրաստմանը մասնակցել են գրեթե բոլոր ծառայողները) և այլն։
Բացի այդ, ինչպես արդեն նշվել է, օրենսդրական փոփոխությունների արդյունքում ոստիկանության ծառայողների պարտադիր վերապատրաստումներն արդեն իրականացվում են ամեն տարի՝ նախկինում սահմանված 5 տարվա փոխարեն։ Արդյունքում, հաշվի առնելով ատեստավորման գործընթացում և կրթական գործընթացում ՀՀ ՆԳՆ ուսումնական հաստատության՝ ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի (այսուհետ՝ Կրթահամալիր) ներգրավվածությունը, առաջացել է առաջին անգամ ատեստավորում չանցած ոստիկանության և փրկարար ծառայողների առաջին անգամ ատեստավորման, ինչպես նաև՝ առաջին անգամ ատեստավորում անցած ոստիկանության և փրկարար ծառայողների միայն հաջորդ ատեստավորման վերջնաժամկետը երկարաձգելու օբյեկտիվ անհրաժեշտություն։
Վերոգրյալից զատ, հարկ է նշել, որ ՀՀ Ազգային ժողովի կողմից 2024 թվականի հոկտեմբերի 24-ին ընդունվել է «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Փրկարար ծառայության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Ոստիկանության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» և «Կրթության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների փաթեթը։ Հիշյալ փաթեթի և դրանից բխող ենթաօրենսդրական ակտերի ընդունման արդյունքում «Հայաստանի Հանրապետության ոստիկանության կրթահամալիր» ՊՈԱԿ-ը և «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա» ՊՈԱԿ-ը միավորվել են, և ՀՀ ՆԳՆ ենթակայությամբ սկսել է գործել մեկ միասնական ուսումնական հաստատություն՝ Կրթահամալիրը։ Կրթահամալիրի կառավարման մարմինները ձևավորվել են քաղաքացիական բուհերին բնութագրական սխեմայով և իրավակարգավորումների հիման վրա՝ պահպանելով կանոնադրական որոշ առանձնահատկություններ: Զուգահեռ, հաշվի առնելով Կրթահամալիրի գերատեսչական նպատակներից բխող՝ շարային կարգապահության հարցերը, Կրթահամալիրի ուսումնական ստորաբաժանումների վարչական անձնակազմերն ունեն համապատասխանաբար ոստիկանական և փրկարար ծառայության պաշտոններ, իսկ ամբիոնների ղեկավարները և պրոֆեսորադասախոսական անձնակազմի անդամները չեն հանդիսանում ոստիկանության ծառայող կամ փրկարար ծառայող:
Հարկ է նշել նաև, որ հիշյալ փաթեթի հիման վրա ընդունված ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանվել է, որ Կրթահամալիրի կառավարման գործադիր մարմինը ռեկտորն է: Վերջինս ընտրվում է կառավարման խորհրդի կողմից, որի կազմում ընդգրկվել են ինչպես ՀՀ ՆԳՆ, այնպես էլ՝ ուսումնական հաստատության ներկայացուցիչներ: Կրթահամալիրի ռեկտորի ընտրության նման ընթացակարգը համահունչ է բարձրագույն կրթության կազմակերպման ոլորտում գործադիրի կողմից ընդունելի քաղաքականությանը: Բացի այդ, ռեկտորը և Կրթահամալիրի ընդհանուր վարչակազմը չեն հանդիսանում ոստիկանության ծառայող կամ փրկարար ծառայող, ինչն ապահովում է կառավարման անկախությունն ու արդյունավետությունը: Հարկ է նշել նաև, որ Կրթահամալիրի սահմանափակ թվով աշխատակիցներ են հանդիսանում ոստիկանության կամ փրկարար ծառայողներ։
Վերը նկարագրված վերանայումներից հետո, սակայն, ՀՀ Ազգային ժողովի կողմից 2025 թվականի սեպտեմբերի 11-ին ընդունվել է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի և հարակից օրենքների փաթեթը։ Հիշյալ փաթեթում ներառված են նաև «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Փրկարար ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքները։ Վկայակոչված օրենքների 1-ին հոդվածների համաձայն՝ «Ոստիկանությունում ծառայության մասին» և «Փրկարար ծառայության մասին» օրենքներում «Լիազոր մարմնի ուսումնական հաստատություն» բառերը համապատասխան հոլովաձևերով փոխարինվում են «Սպայական (ռազմաուսումնական) բուհ» բառերով։ Հիշյալ դրույթներն ուժի մեջ են մտնելու 2026 թվականի սեպտեմբերի 1-ից։
Հարկ է նկատել, որ նշված փոփոխությունների տրամաբանությունը, ըստ էության, չի համապատասխանում 2024 թվականի հոկտեմբերի 24-ին ընդունված «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների փաթեթի կարգավորումներին։
Հաշվի առնելով վերոգրյալը՝ անհրաժեշտություն է առաջացել դադարեցնել վերը հիշատակված օրենքների 1-ին հոդվածների գործողությունը՝ մինչև դրանց ուժի մեջ մտնելը:
2. Առաջարկվող կարգավորման բնույթը.
Նախագծով առաջարկվում է ներդնել ոստիկանության ծառայողների կատարողականի գնահատման ինստիտուտը, որը պետք է իրականացվի ամեն տարի, ՀՀ ՆԳ նախարարի հրամանով սահմանված օբյեկտիվ և չափելի ցուցիչների հիման վրա: Դա թույլ կտա առավել կարճաժամկետ տիրույթում գնահատել ոստիկանության ծառայողների աշխատանքի որակն ու արդյունավետությունը, ժամանակին արձագանքել առկա խնդիրներին` միևնույն ժամանակ խթանելով ոստիկանության ծառայողների գիտելիքների, կարողությունների և հմտությունների շարունակական և պարբերական լավարկումը` հիմնված կատարողականի գնահատման արդյունքներով վեր հանված թիրախային կարիքների վրա: Միևնույն ժամանակ, ոստիկանության ծառայողի ատեստավորումը փոխկապակցված կլինի ոստիկանության ծառայողի կատարողականի գնահատման համակարգի հետ, ինչը ծառայողին մշտապես կպահի մրցունակ վիճակում։
Միաժամանակ, նախատեսվում է՝
1) ատեստավորման և կատարողականի գնահատման փոխկապակցվածության մեկնարկը սահուն կերպով իրագործելու նպատակով ամրագրել անցումային դրույթներ ոստիկանության այն ծառայողների համար, որոնք սույն նախագծերի ուժի մեջ մտնելուց հետո ատեստավորվելու պարագայում չեն ունենա ատեստավորմանը նախորդող 3 տարիների կատարողականի ընդհանուր գնահատականների միջին թվաբանական։ Այս դեպքում, մինչև նշված պայմանի բավարարումը, այդ ծառայողների ատեստավորման համար հիմք կընդունվի ատեստավորմանը նախորդած ժամանակահատվածի կատարողականի ընդհանուր գնահատականների միջին թվաբանականը, բայց ոչ պակաս, քան առնվազն մեկ կիսամյակի կատարողականի միջին թվաբանականը։ Առնվազն մեկ կիսամյակի կատարողականի միջին թվաբանականի բացակայության դեպքում, «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 15-րդ հոդվածի 13-րդ և 15-րդ մասերով սահմանված եզրակացությունները կայացնելիս, կատարողականի միջին թվաբանականը հաշվի չի առնվի,
2) առաջին անգամ ատեստավորվող ոստիկանության և փրկարար ծառայողների, ինչպես նաև՝ արդեն իսկ ատեստավորված ծառայողների միայն հաջորդ ատեստավորման ժամկետը հետաձգելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ լիազորել ՀՀ ՆԳ նախարարին` հաստատելու այդ կատեգորիայի անձանց ատեստավորման անցկացման ժամանակացույց,
3) օրենքով թույլատրելի եղանակով, այն է՝ չեղյալ ճանաչելու միջոցով, դադարեցնել «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2025 թվականի սեպտեմբերի 11-ի թիվ ՀՕ-296-Ն օրենքի, ինչպես նաև՝ «Փրկարար ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» 2025 թվականի սեպտեմբերի 11-ի թիվ ՀՕ-295-Ն օրենքի 1-ին հոդվածների գործողությունը:
3․ Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները․
Նախագծերի ընդունմամբ պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում ավելացումներ կամ նվազեցումներ չեն առաջանում:
4․ Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը․
Նախագծերը մշակվել են ՀՀ ներքին գործերի նախարարության կողմից:
5. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.
Նախագծերի ընդունումը բխում է ՀՀ կառավարության 2024 թվականի նոյեմբերի 15-ի «Ոստիկանության բարեփոխումների իրականացման ռազմավարությունը և դրանից բխող 2024-2026 թվականների գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» N 1803-Լ որոշմամբ հաստատված՝ Ոստիկանության բարեփոխումների իրականացման ռազմավարության 44-րդ կետի 2-րդ ենթակետից, 52-րդ կետից, ինչպես նաև՝ նույն որոշմամբ հաստատված՝ Ոստիկանության բարեփոխումների իրականացման ռազմավարությունից բխող 2024-2026 թվականների գործողությունների ծրագրի 2-րդ ուղղության 3.1-ին կետից:
6. Նախագծերի ընդունման առնչությամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը.
Նախագծերի ընդունմամբ անհրաժեշտություն կառաջանա՝ ընդունելու Ոստիկանության ծառայողի կատարողականի գնահատման կարգը սահմանող՝ ՀՀ ՆԳ նախարարի հրաման։
7. Ակնկալվող արդյունքը.
Նախագծերի ընդունման արդյունքում կներդրվի ոստիկանության ծառայողների գործունեության արդյունավետության և որակի գնահատման առավել օբյեկտիվ և գործուն համակարգ, որը մի կողմից ենթադրում է ոստիկանության ծառայողների աշխատանքի արդյունավետության, որակի նկատմամբ անընդհատ մոնիթորինգ` արդյունքում ապահովելով կատարողականի գնահատականի վրա հիմնված որոշումների կայացումը, իսկ մյուս կողմից թույլ կտա առավել կարճաժամկետ կտրվածքով վեր հանել ոստիկանության ծառայողների կրթական կարիքներն ու դրանց հիման վրա լրամշակված վերապատրաստման կրթական ծրագրերի միջոցով ապահովել ոստիկանության ծառայողների գիտելիքների, հմտությունների ու կարողությունների թիրախային շարունակական զարգացումն ու կատարելագործումը:
ՀՀ ներքին գործերի նախարարություն
-
Տևողություն
12.01.2026 27.01.2026 -
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Հասարակական կարգի պահպանություն, հասարակական անվտանգության ապահովում և համայնքային ոստիկանություն, Հանրային ծառայություն
-
Գերատեսչություն
Ներքին գործերի նախարարություն
-
Կարգավիճակ
Դիտումներ` 69
Տպել
Թողնել առաջարկ
Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և մուտք գործելուց հետո:
Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:
Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում: