09.01.2026
Նախագիծը ընդհանուր առմամբ անհրաժեշտ է և իրավաչափ, քանի որ այն բխում է «Բույսերի սորտերի պահպանության մասին» ՀՀ օրենքի 23, 24-րդ հոդվածների և Հայաստանի Հանրապետության՝ UPOV-ին անդամակցության պարտավորություններից։
Սակայն նախագծում առկա են մի շարք իրավական, ընթացակարգային և թափանցիկության խնդիրներ, որոնք կարող են լրջորեն սահմանափակել բուծողների, սերմ արտադրողների և շուկայի մասնակիցների տեղեկացվածությունը և իրավունքների արդյունավետ պաշտպանությունը։
Մասնավորապես, նախագիծը բավարար չափով չի ապահովում.
– հանրային վերահսկելիություն,
– առցանց հասանելիություն,
– ժամկետների հստակություն,
– բողոքարկման ընթացակարգերի սահմանվածություն,
– և չի համադրելի է Օրենքի մի շարք դրույթների հետ։
Առաջարկություն 1 — Հրապարակման միջոցը բացակայում է
Դրույթ – Գլուխ 1, կետ 2, Գլուխ 2, կետ 16
Նախագծում չի սահմանվում, թե որտեղ և ինչ ձևաչափով պետք է իրականացվի հրապարակումը (կայք, տեղեկագիր, բաց ռեեստր, PDF, որոնելի տվյալներ և այլն)։
Սա հակասում է «Բույսերի սորտերի պահպանության մասին» օրենքի 23 -րդ հոդվածի նպատակին, որն ուղղված է հանրային իրազեկվածությանը։
Առաջարկվում է կարգում ամրագրել, որ հրապարակումը պետք է իրականացվի.
– Կազմակերպության պաշտոնական կայքում,
– որոնելի և անվճար հասանելի ռեեստրի ձևաչափով,
– PDF-ից բացի՝ մեքենայաընթերցելի ձևաչափով (xls/xml)։
Դրույթ – Գլուխ 2, կետեր 7–15
«Բույսերի սորտերի պահպանության մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածը («Պաշտոնական տեղեկությունների հրապարակումը») նախատեսում է, որ բուծողի իրավունքի տրամադրման, սորտի անվանման և իրավունքի գործողության վերաբերյալ պաշտոնական տեղեկությունները հրապարակվում են այնպիսի ծավալով, որ երրորդ անձինք կարողանան տեղեկացված լինել և պաշտպանել իրենց օրինական շահերը։
Նախագծի 7–15-րդ կետերով հրապարակվող տվյալները բաժանված են «պարտադիր» և «լրացուցիչ», ինչի արդյունքում մի շարք էական տեղեկություններ (օրինակ՝ սորտի նկարագիր, տարբերակիչ հատկանիշների (DUS) ամփոփ տվյալներ, լուսանկարներ) թողնված են կամընտրական դաշտում, ինչը կարող է չապահովել Օրենքի 23-րդ հոդվածի նպատակները։
Առաջարկվում է սորտի հիմնական նկարագրությունը և տարբերակիչ հատկանիշների ամփոփ տեղեկատվությունը ներառել պարտադիր հրապարակվող տվյալների շրջանակում։
Առաջարկություն 3 — UPOV-ի «գաղտնիության» չափազանց լայն մեկնաբանում
Դրույթ – կետ 17
UPOV-ը չի պահանջում ամբողջ DUS տեղեկատվության փակ պահում։ Այն պահանջում է միայն փորձարկման մեթոդների և որոշ «հում» տվյալների գաղտնիություն։
Նախագծի 17-րդ կետը փաստացի կարող է ամբողջ DUS տեղեկատվությունը դուրս բերել հանրային վերահսկողությունից, ինչը հակասում է թե UPOV-ի պրակտիկային, թե ՀՀ օրենքի թափանցիկության նպատակին։
Առաջարկվում է հստակ տարանջատել՝
– գաղտնի են մեթոդաբանությունն ու փորձարկման «հում» տվյալները,
– բայց սորտի տարբերակիչ հատկանիշների ամփոփ նկարագիրը պետք է հրապարակվի։
Դրույթ – կետ 18
Կետ 18-ը թերի է և չի սահմանում.
– ով է քննում բողոքը,
– ինչ ընթացակարգով,
– ինչ իրավական հետևանքներով։
Սա հակասում է ՀՀ վարչարարության հիմունքներին և Օրենքի 24-րդ հոդվածի տրամաբանությանը։
Առաջարկվում է կետ 18-ը լրացնել՝ սահմանելով բողոքարկման մարմինը, ժամկետը և որոշման բողոքարկելիությունը դատարանում։
Առաջարկություն 5 — Ժամկետների անհամաչափություն
Դրույթ – կետ 16
Կետ 16-ով սահմանված մեկամսյա ժամկետը հրապարակման համար ընդհանուր առմամբ համապատասխանում է միջազգային պրակտիկային (այդ թվում՝ UPOV անդամ պետությունների մեծ մասում), որտեղ նախ անհրաժեշտ է ավարտել հայտի ձևական փորձաքննությունը և միայն հետո հրապարակել տվյալները։
Սակայն նախագծում բացակայում է հստակեցումը, թե հրապարակումը կատարվում է ձևական փորձաքննության ավարտից հետո, թե դիմումի ստացումից անմիջապես։
Առաջարկվում է կետ 16-ում հստակ ամրագրել, որ հրապարակումը կատարվում է հայտի ձևական փորձաքննության ավարտից հետո, բայց ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում։
Առաջարկություն 6 — Տնտեսվարողների շահերը բացակայում են
Դրույթ – ամբողջ նախագիծ
Նախագիծը ամբողջությամբ կառուցված է վարչարարության տրամաբանությամբ և չի դիտարկում սերմ արտադրողների, ներմուծողների և ֆերմերների իրազեկման և ռիսկերի նվազեցման խնդիրները։
Առաջարկվում է ներդնել բաց, որոնելի, անվճար ռեեստր, որտեղ ցանկացած տնտեսվարող կարող է տեսնել՝
– որ սորտերն են հայտագրված,
– որոնք են պաշտպանված,
– ինչ անվանումներ են մերժված կամ փոփոխված։
(կետ 18 – թերի լինելու մասին)
Դրույթ – Գլուխ 2, կետ 18
Նախագծի 18-րդ կետը ակնհայտորեն թերի է («…երկամսյա ժ»), ինչից պարզ չէ՝ արդյոք դա տեխնիկական վրիպակ է, շարունակելիք տեքստ է, թե ամբողջ դրույթ է բաց թողնվել։
Սա իրավական անորոշություն է ստեղծում բողոքների և դիմումների քննության կարգի վերաբերյալ և հակասում է ՀՀ վարչարարության և «Բույսերի սորտերի պահպանության մասին» օրենքի տրամաբանությանը։
Առաջարկվում է՝
1. վերականգնել կետի ամբողջական տեքստը,
2. հստակ սահմանել բողոքները քննող մարմինը, ընթացակարգը և վերջնական որոշման իրավական հետևանքները։