Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

Հայաստանի Հանրապետության որակի ենթակառուցվածքի բարեփոխման 2026 – 2031 թվականների ռազմավարական ծրագիրը և դրա կատարումն ապահովող գործողությունների ծրագիրը հաստատելու մասին

 

1.    ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

 

 

Որակի ենթակառուցվածքի միջազգային ցանցը որակի ենթակառուցվածքը սահմանում է որպես մի համակարգ, որը կազմված է կազմակերպություններից (պետական ու մասնավոր) և դրանց քաղաքականություններից, համապատասխան իրավական ու կարգավորման դաշտից, ապրանքների, ծառայությունների և գործընթացների որակը, անվտանգությունը և շրջակա միջավայրի կայունությանն աջակցող ու խթանող անհրաժեշտ գործելակարգերից:

Որակի ենթակառուցվածքն անհրաժեշտ է ներքին շուկաների արդյունավետ գործունեության համար, իսկ դրա միջազգային ճանաչումը կարևոր է արտաքին շուկաներ մուտք գործելու հարցում: Որակի ենթակառուցվածքը տնտեսական զարգացմանը, ինչպես նաև էկոլոգիական վիճակին ու սոցիալական բարեկեցությանն օժանդակելու և պահպանելու չափազանց կարևոր տարրերից մեկն է: Որակի ենթակառուցվածքը բաղկացած է չափագիտության, ստանդարտացման, հավատարմագրման, համապատասխանության գնահատման և շուկայի վերահսկողության բաղադրիչներից:

Հայաստանի Հանրապետության որակի ենթակառուցվածքի ազգային ռազմավարական ծրագրի հիմքում ընկած են շարունակական ջանքերն` ուղղված երկրի որակի ենթակառուցվածքի արդիականացմանը և դրա բաղադրիչների (օրինակ, չափագիտության ոլորտում` տրամաչափարկման ու չափումների կարողություններ, հավատարմագրում), միջազգային ճանաչմանը, միջազգային լավագույն գործելակերպի հետ համապատասխանությանը, միջազգային առևտրի աջակցությանը, առևտրի դիվերսիֆիկացիային, Հայաստանի Հանրապետության ու ԵՄ պետությունների, ԵԱՏՄ տնտեսությունների միջև շուկաների բացմանը: Որակի ենթակառուցվածքի ազգային ռազմավարվարական ծրագիրը նախատեսում է ամրապնդել գործող հաստատությունները, անդրադառնալ որակի ենթակառուցվածքի զարգացման այն խնդիրներին, որոնք պետք է սպասարկեն համապետական նշանակության այնպիսի ուղղություններ, ինչպիսիք են.

-          Բնակչության անվտանգության և կյանքի որակի բարձրացումը,

-          Արտաքին առևտրի աճը և արտահանման դիվերսիֆիկացիան,

-          Մուտք գործող նոր մատակարարների, տարբեր շուկաներից մատակարարումների, նոր ապրանքների, նորագույն նյութերի և տեխնոլոգիաների պայմաններում ապահովել, որ Հայաստանի Հանրապետության շուկա մուտք գործող կամ ՀՀ-ում արտադրվող ապրանքները համապատասխանեն անվտանգության պահանջներին,

-          Որակի միջազգային ենթակառուցվածքի չափանիշներին համապատասխանելը` շուկաների հասանելիության ու նոր տեխնոլոգիաների մարտահրավերների և ռիսկերի համար ընդհանուր լուծումներ գտնելու նպատակով:

Սույն ռազմավարական ծրագրի նպատակը որակի ազգային ենթակառուցվածքի հաստատությունների նշանակության, կարողությունների և իրավասությունների երկարաժամկետ զարգացման ուղենշումն է, ինչը կարող է նպասել տնտեսական աճի տեմպերի արագացմանը, արտահանումների ավելացմանը, առևտրի դիվերսիֆիկացիային, մրցունակ գներով անվտանգ, որակյալ ապրանքների մատակարարմանը, բնակչության անվտանգության պաշտպանությանը ու շրջակա միջավայրի պահպանությանը:

Որակի ենթակառուցվածքի համակարգի զարգացումը ենթադրում է իրավական ու ինստիտուցիոնալ դաշտի, տեխնիկական կարողությունների ամրապնդում, տեխնիկական կարգավորման, ստանդարտացման, չափագիտության, հավատարմագրման, փորձարկումների, ստուգումների, սերտիֆիկացման ու շուկայի վերահսկողության մասին իրազեկության բարձրացում: Սույն ռազմավարական ծրագիրը, որի ժամկետը մինչև 2031 թվականն է, նախատեսում է աստիճանական համապատասխանեցում որակի ենթակառուցվածքի միջազգային պահանջներին և կարողությունների հզորացում համապատասխանության համարժեքության ճանաչմանն աջակցելու նպատակով` մինչև միջազգային համակարգին Հայաստանի Հանրապետության որակի ենթակառուցվածքի լիարժեք ինտեգրումը:

 Կառավարությունն ուշադրություն է դարձնում տարբեր ոլորտներին` չսահմանափակվելով ՀՀ Կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի No. 1902-Լ որոշմամբ սահմանված հինգ գերակա ոլորտներով, մասնավորապես` ոսկերչություն և ադամանդագործություն, թեթև արդյունաբերություն (սնունդ, տեքստիլ և այլն), ծանր արդյունաբերություն (մետալուրգիա, քիմիա), սարքաշինություն (սարքեր, մեքենաներ, արևային տեխնոլոգիաներ) և դեղագործություն: Որակի ենթակառուցվածքների ամրապնդման նպատակով անհրաժեշտ կլինեն պետական ու մասնավոր հատվածի կազմակերպությունների համաձայնեցված ու համակարգված ջանքեր` լաբորատոր կարողությունները, չափումների և տրամաչափարկման, համապատասխանության գնահատման ու հավատարմագրման կարողությունները, ազգային ստանդարտները և ստանդարտացումը, շուկայի հուսալի կարգավորման և վերահսկման համակարգը զարգացնելու նպատակով: Դրա հետ մեկտեղ, անհրաժեշտ է, որ թվարկված բոլոր աշխատանքները շարունակաբար համապատասխանեն ու ճանաչվեն միջազգային մակարդակում:

2026-2031թթ.-ի որակի ազգային ենթակառուցվածքի ռազմավարական ծրագրի հիմքում ընկած են չափագիտության, համապատասխանության գնահատման, ազգային ստանդարտների և շուկայի վերահսկողության ծառայություններից օգտվողների կարիքների համապարփակ գնահատումը և ՀՀ կառավարության 2010-2020թթ.-ի որակի ազգային ենթակառուցվածքի ռազմավարությունը: Վերջինս անդրադառնում է հնարավոր բացերին` ներկայացնելով այն ոլորտները, որտեղ անհրաժեշտ է ամրապնդել որակի հաստատությունները, որպեսզի դրանք տրամադրեն շուկայի պահանջարկին համապատասխանող, միջազգայնորեն ճանաչված ծառայություններ, ինչպես նաև օժանդակում է նորարարությանը և հարատևորեն աճող մրցունակ շուկաների հասանելիությանը:

Ժամանակակից իրավական դաշտի, ինչպես նաև ինստիտուցիոնալ կառուցվածքի ամրապնդումը և համակարգումն առանցքային նշանակություն ունեն Հայաստանի Հանրապետության որակի ազգային ենթակառուցվածքի համակարգի արդյունավետությունը և գործնական նշանակությունը բարելավելու հարցում: Գործառույթների և պատասխանատվությունների համակարգումը և տարանջատումն ապահովում է հիմնական գործառույթների հստակ ու թափանցիկ կատարում և, ընդհանուր առմամբ, ապահովում է թե´ որակի ենթակառուցվածքի ռազմավարական նպատակների, թե´ առանձին հաստատությունների նպատակների իրականացումը:

Որակի ազգային ենթակառուցվածքի հաստատությունների լիարժեք միջազգային ճանաչումը կապահովի Հայաստանի Հանրապետությունում արտադրվող ապրանքների և տրամադրվող ծառայությունների որակի նկատմամբ վստահություն, ինչպես նաև կօգնի վերացնել արտաքին շուկաների հասանելիության տեխնիկական խոչընդոտները հայաստանյան արտահանողների համար:

 

        

2.    ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔ ՆԵՐԿԱ ՎԻՃԱԿԸ

 

Որակի ենթակառուցվածքը երկրի մասնավոր և պետական հատվածի ինստիտուցիոնալ դաշտի ամբողջությունն է, որը տրամադրում է ստանդարտացման, չափագիտության, հավատարմագրման ու համապատասխանության գնահատման ծառայություններ և իրականացնում է շուկայի վերահսկողություն: Դրանք անհրաժեշտ են պարզելու համար, թե արդյոք ապրանքները և ծառայությունները բավարարում են սահմանված պահանջները, եթե նման պահանջ են ներկայացում համապատասխան մարմինները` տեխնիկական կանոնակարգերում կամ շուկան` պայմանագրային պարտավորությունների կամ ենթադրվող պահանջների տեսքով:

Որակի ենթակառուցվածքի գնահատումը ցույց տվեց, որ թեև ստեղծվել են անհրաժեշտ հիմքերը, սակայն անհրաժեշտ է դրանց հետագա զարգացումը երկրի որակի ենթակառուցվածքի բոլոր հաստատությունների ներկա և ապագա կարիքներին համարժեքորեն արձագանքելու համար:

Անկախ փորձագետների կողմից իրականացվել է շուկայի կարիքների ուսումնասիրություն չափագիտության, հավատարմագրման և համապատասխանության գնահատման ոլորտներում, որի արդյունքներն օգտագործվել են սույն ռազմավարական ծրագիրը մշակելիս: Ուսումնասիրության ժամանակ մանրամասնորեն վերլուծվել են բոլոր բաղադրիչները:

-          Չափագիտության կարիքների գնահատման հարցմանը մասնակցել է ավելի քան 122 ընկերություն, հարցազրույցներ են անցկացվել խոշոր ընկերությունների, Համապատասխանության գնահատման մարմինների (ՀԳՄ) և  Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմնի (ՍՉԱՄ) հետ:

-          Հավատարմագրման ու համապատասխանության գնահատման կարիքների գնահատումն իրականացվել է մի քանի ընկերության, ՀԳՄ-ների, ինչպես նաև հավատարմագրման ազգային մարմնի` ԱՐՄՆԱԲ-ի հետ:

-          Ստանդարտացման կարիքների գնահատման մասնակիցները լրացրել են հարցաթերթիկներ, անց են կացվել հարցազրույցներ ԱՉԱՄ-ի հետ:

-          Շուկայի վերահսկողության գնահատումը կատարվել է լրացված հարցաթերթիկների հիման վրա, տեղի են ունեցել հանդիպումներ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի, Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի հետ:

Կարիքների գնահատումը ցույց տվեց, որ ներկայումս պահանջներն ավելի շատ են, քան դրանք բավարարելու հնարավորությունը, իսկ պահանջներ ներկայացնողները որոշ դեպքերում իրենց անհրաժեշտ ծառայությունները ստիպված են փնտրել այլ երկրներում: Հետևաբար, ենթակառուցվածքում, սարքավորումներում ու մարդկային կապիտալում ներդրումների կարիք ունեն որակի ծառայություններ տրամադրող թե´ պետական, թե´ մասնավոր հատվածի կառույցները: Ռեսուրսներն օպտիմալ բաշխելու նպատակով անհրաժեշտ է բարելավել համակարգումը պետական ու մասնավոր հատվածի միջև, իսկ այն ոլորտներում, որտեղ չկան որակի ծառայություններ, ներդրումներ պետք է կատարել շուկայի նոր և աճող հատվածներին աջակցող նոր կարողություններ զարգացնելու նապատակով:

Վերոհիշյալ կարիքների գնահատումը ցույց տվեց, որ երկրի ներկա և ապագա կարիքներին արձագանքող արդյունավետ որակի ենթակառուցվածքի զարգացման հիմնական աշխատանքներում առաջընթաց կա, սակայն դրանք դեռ չեն ավարտվել: Գործում են պահանջվող ծառայություններից մի քանիսը տրամադրող կառույցներ, սակայն, անհրաժեշտ միջազգայնորեն ճանաչված ծառայությունները որոշ դեպքերում դեռևս հասանելի չեն:

Հայաստանի Հանրապետության որակի ենթակառուցվածքի բարեփոխման 2010-2020թթ. ռազմավարության[1] մեջ նշված է որակի ենթակառուցվածքը բարեփոխելու մի շարք առաջարկություններ: ՀՀ կառավարությունը ստեղծել է այն հաստատությունները, որոնք անհրաժեշտ են որակի ենթակառուցվածքի աջակցության համար, մասնավորապես` չափագիտության ազգային մարմին, ստանդարտացման ազգային մարմին և հավատարմագրման ազգային մարմին: Գործում են նաև շուկայի վերահսկողության կառույցներ, որոնք աջակցում են կարգավորողների նպատակներին, իսկ փորձարկումներ, ստուգումներ և սերտիֆիկացում իրականացնող համապատասխանության գնահատման մարմիներ առկա են թե՛ պետական, թե՛ մասնավոր հատվածում:

Որակի ենթակառուցվածքի ոլորտի քաղաքականությունը մշակվում ու համակարգվում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից: Նախարարության Որակի ենթակառուցվածքի զարգացման վարչության կազմում գործում է 2 բաժին` չափագիտության, ստանդարտացման, հավատարմագրման բաժինը ու տեխնիկական կանոնակարգման բաժինը:

Հայաստանի Հանրապետության որակի ենթակառուցվածքի համակարգը ներառում է նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում ստեղծված համակարգերը և ՀՀ-ի կողմից այդ կապակցությամբ ստանձնած միջազգային պարտավորությունները։ Ստորև ներկայացնենք այդ կազմակերպությունների շրջանակներում որակի ենթակառուցվածքի նախանշված համակարգերի և կարգավորումների ընդհանուր բնութագիրը։

Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ)։ Հայաստանի Հանրապետությունը ԱՀԿ անդամ է դարձել 2003 թվականի փետրվարի 5-ին: ԱՀԿ ներքո ձևավորված բազմակողմ համակարգը, որը ենթադրում է առևտրի արդար, թափանցիկ ու կանխատեսելի համակարգ, պահանջում է նաև ողջամիտ Որակի ազգային ենթակառուցվածքի (ՈԱԵ) առկայություն, որպեսզի մշակվող ու կենսագործվող ոչ սակագնային կարգավորման միջոցները, ինչպիսիք են Առևտրի տեխնիկական խոչընդոտները (Technical Barriers to Trade) ու Սանիտարական և բուսասանիտարական միջոցառումները (Sanitary and Phytosanitary Measures, SPS), համապատասխանեն ԱՀԿ սկզբունքներին.

·         ոչ խտրական, ներառյալ ազգային ռեժիմի ու առավել բարենպաստության ռեժիմի,

·         առևտրի սահմանափակումները չպետք է լինեն ավելին, քան անհրաժեշտ են օրենքով սահմանված քաղաքականության խնդիրները լուծելու համար, ինչպիսիք են մարդու առողջության ու անվտանգության պաշտպանությունը կամ շրջակա միջավայրի պաշտպանությունը և այլն, հիմնված գիտական ապացույցների կամ ռիսկի գնահատման վրա,

·         թափանցիկություն տեխնիկական կանոնակարգերի և համապատասխանության գնահատման հարակից ընթացակարգեր մշակելիս,

·         ներդաշնակեցում միջազգային ստանդարտների, ուղեցույցների կամ առարաջկությունների հետ, եթե կան այդպիսիք:

Եվրասիական տնտեսական միություն (ԵԱՏՄ)։ Հայաստանն անդամակցում է Եվրասիական տնտեսական միությանը, որը 2015 թվականին հիմնադրված տնտեսական ինտեգրման տարածաշրջանային կազմակերպություն է և որին անդամակցում է հինգ երկիր: Հայաստանը լավագույն ջանքն է գործադրում հետևևելու համար ԵԱՏՄ ստանդարտներին ու տեխնիկական կանոնակարգերին, ինչպես նաև հարակից կարգավորման դաշտին, որը ներդաշնակեցվել է ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժն ապահովելու համար: ԵԱՏՄ ընդունել է միասնական տեխնիկական կանոնակարգեր, որոնցում սահմանված են միության շուկայում վաճառվող ապրանքների անվտանգության ու որակի պարտադիր պահանջները: Նշված կանոնակարգերում ներառված են բազմաթիվ ապրանքներ, ներառյալ սննդամթերք, սարքաշինություն, քիմիական արտադրանք, շինանյութեր և սպառողական ապրանքներ:

Հայաստան-Եվրոպական Միություն համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր (ՀԸԳՄ/ՍԵՊԱ)։ Հայաստանի Հանրապետությունը Եվրոպական միության հետ ստորագրել է ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը (ՀԸԳՀ/ՍԵՊԱ), որն ամբողջովին ուժի մեջ է 2021 թվականի մարտի 1-ից: ՍԵՊԱ-ի առանցքային մասը կազմող «Առևտրի տեխնիկական խոչընդոտներ» գլխում (հոդվածներ 127-130) ներկայացված են առևտրին և Հայաստանի Հանրապետության ներառական ու կայուն արդյունաբերական զարգացմանը վերաբերող դրույթներ, որոնց կատարումը կբարելավի Հայաստանի Հանրապետության առևտրի մրցունակությունը և դիվերսիֆիկացիան:

 

Ներկա վիճակի ուժեղ ու թույլ կողմերի վերուծությունը մանրամասնորեն ամփոփված է ստորև՝ աղյուսակի տեսքով:

 

Աղյուսակ .1. Հայաստանի Հանրապետության ՈԱԵ-ի ներկա վիճակի վերլուծություն

1. Ուժեղ կողմ

2. Թույլ կողմ

-          -ՈԱԵ հորիզոնական օրենսդրությունը հիմնականում առկա է, այն մասնակիորեն համապատասխանեցված է միջազգային և ԵՄ պահանջներին:

-    Ստեղծվել և գործում են ՈԱԵ առանցքային մարմինները (Չափագիտության և ստանդարտացման ազգային մարմին` ՍՉԱՄ, Հավատարմագրման ազգային մարմին` ԱՐՄՆԱԲ):

-          ՍՉԱՄ-ի լաբորատոր տարածքները վերանորոգված են, գործում են զանգվածի և ջերմաստիճանի տրամաչափարկման լաբորատորիաները, որոնք հավատարմագրված են Հունաստանի հավատարմագրման մարմնի կողմից: ԵՄ/ՄԱԱԶԿ ծրագրի աջակցությամբ հագեցվել են էլեկտրական մեծությունների, ժամանակի ու հաճախականության, ուժի և ճնշման, անկյունագծային չափումների, քիմիական չափումների լաբորատորիաները, որոնցից էլեկտրական մեծությունների, ուժի մոմենտի և ճնշման տրամաչափարկման լաբորատորիաները գտնվում են Հունաստանի հավատարմագրման մարմնի կողմից հավատարմագրման գործընթացում, ամենայն հավանականությամբ գործընթացը դրական ավարտին կհասնի 2025 թվականի դեկտեմբերի կեսերին:

-    Գործում են շուկայի վերահսկողության կառույցներ` հիմնական ապրանքները վերահսկելու և ռիսկին արձագանքելու համար:

-    Մեծանում է միջազգայնորեն ճանաչված ՈԱԵ ծառայությունների պահանջը պետական ու մասնավոր հատվածում:

-          Առաջընթաց միջազգային ճանաչման հարցում. ԱՐՄՆԱԲ-ի առաջընթացն ապահովում է ԵՄ գործընկերային գնահատման միջոցով, ԱՐՄՆԱԲ  դիմել է Լաբորատորիաների միջազգային հավատարմագրման խորհրդին` տրամաչափարկման իր ծառայությունները հավատարմագրելու հարցով:

-    ՈԱԵ հորիզոնական օրենսդրությունը պահանջում է հետագա համապատասխանեցում միջազգային և ԵՄ պահանջներին:

-    Միջազգայնորեն ճանաչված ՈԱԵ ծառայությունների սակավությունը երկրում:

-    Թույլ համակարգումը՝ պետական ու մասնավոր հատվածի միջև:

-    Չկա պետական ու մասնավոր հատվածի միջև մրցակցության հարցերը հստակ կարգավորող օրենսդրություն:

-    Համակարգումը ՈԵ հաստատությունների և Շուկայի վերահսկողության մարմինների միջև թույլ է:

-    ՈԱԵ մարմինների կազմակերպական թույլ կողմերը և ֆինանսական կայունության մարտահրավերները (սահմանափակ մարդկային ռեսուրսներ, կադրերի մեծ հոսունություն, ցածր աշխատավարձեր):

-    ՈԱԵ-ի տրամադրած ծառայությունների շրջանակը ամբողջությամբ չի բավարարում պետական ու մասնավոր հատվածի կարիքները:

-    ՈԱԵ գործառույթների անկախ և անկողմնակալ վերահսկողության բացակայությունը:

-    Երկրում որակի ենթակառուցվածքի մասին իրազեկվածության ցածր մակարդակը:

- Դեռ ապահովված չէ անդամակցությունն առանցքային միջազգային չափագիտության կազմակերպություններին (օրինակ` Չափի և կշռի միջազգային բյուրո (ՉԿՄԲ), Օրենսդրական չափագիտության միջազգային կազմակերպություն (ՕՉՄԿ)):

-    Մարտահրավերներ, որոնք կապված են ՈԱԵ-ին լրացուցիչ ներդրումներ ապահովելու հետ, օրինակ` ենթակառուցվածքի, սարքավորումների, մարդկային ռեսուրսների կայուն զարգացման և միջազգային կազմակերպություններում անհատական անդամակցության/ մասնակցության համար:

-    Հայաստան մուտք գործող այն ապրանքները, որոնք նոր են շուկայում, ինչով պայմանավորված՝  դրանց վրա կարող են չտարածվել ՈԱԵ ծառայությունները կամ շուկայի վերահսկողությունը:

 

3.    ՈՐԱԿԻ ԱԶԳԱՅԻՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ 2026-2031ԹԹ.-Ի ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՏԵՍԼԱԿԱՆԸ

 

Որակի ազգային ենթակառուցվածքի սույն ռազմավարական ծրագրի նպատակը կայուն սոցիալ-տնտեսական աճին աջակցելն է գալիք 5 տարիներին` որակի ազգային ենթակառուցվածքը պահպանելու և զարգացնելու միջոցով, որպեսզի ՈԱԵ-ն դառնա միջազգայնորեն ճանաչված համակարգ, բավարարի երկրի կարիքները, աջակցի ազգային ու միջազգային մրցունակությանը և առևտրի դիվերսիֆիկացիային Հայաստանի Հանրապետությունում:

Այդ ամենին հասնելու համար Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 – 2026 թվականների ազգային ծրագրու[2] ընդգրկվել էին ստորև թվարկված նպատակները.

·         մշակել և հաջողությամբ իրականացնել Հայաստանի Հանրապետության որակի ազգային ռազմավարությունը

·         զարգացնել լաբորատոր կարողությունները

·         զարգացնել տրամաչափարկման կարողությունները

·         զարգացնել համապատասխանության գնահատման ու հավատարմագրման կարողությունները

·         միջազգային համապատասխանեցում ու ճանաչում

Ստորև կներկայացվեն որակի ազգային ենթակառուցվածքի զարգացման տեսլականը և ռազմավարական նպատակները՝ ըստ առանձին որակի ենթակառուցվածքի տարրերի։

 

4.    ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՒՄԸ

 

Հայաստանը Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ է: ԵԱՏՄ պայմանագրում, ի թիվս այլ դրույթների, առկա են ապրանքների և ծառայությունների կարգավորման տեխնիկական կանոնակարգեր (տե´ս ԵԱՏՄ պայմանագրի 50-55 հոդվածներ, Հավելված 9): Պայմանագրով նախատեսված են ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերի ընդհանուր պարտադիր պահանջներ, որոնք անդամ երկրները պարտավոր են կատարել իրենց տարածքներում, ինչպես նաև նախատեսված է ընդհանուր ապրանքների ցանկի սահմանում, որոնց տեխնիկական կանոնակարգերը սահմանվել են ԵԱՏՄ մակարդակով, և անդամները պարտավոր են ընդունել դրանք՝ իրենց տարածքում այդ ապրանքները կարգավորելիս։

Մինչև 2015 թվականը ԵԱՏՄ անդամ պետություն դառնալը ՀՀ-ում գործում էին շուրջ յոթ տասնյակ ազգային տեխնիկական կանոնակարգեր։ 2015 թվականից, Հայաստանի Հանրապետության անդամակցությամբ Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ), երկրում սկսեցին կիրառվել ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերը։ Ներկայումս ՀՀ-ում ուժի մեջ են 19 ազգային տեխնիկական կանոնակարգեր, իսկ ԵԱՏՄ գործող 52 տեխնիկական կանոնակարգերից 48-ը գտնվում են լիարժեք կիրառման փուլում[3]։



[1] Հայաստանի Հանրապետության կառավարության «Հայաստանի Հանրապետության որակի ենթակառուցվածքի բարեփոխման ռազմավարությանը հավանություն տալու մասին» 16 դեկտեմբերի 2010 թվականի N 1693-ն որոշում - https://www.arlis.am/hy/acts/64177

[2] https://www.gov.am/en/Five-Year-Action-Program/

  • Տևողություն

    18.12.2025 05.01.2026
  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Էկոնոմիկա

  • Գերատեսչություն

    Էկոնոմիկայի նախարարություն

  • Կարգավիճակ

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 182

Տպել

Առաջարկներ`

Թողնել առաջարկ

Առաջարկ 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Ավելացնել հաջորդ առաջարկը

Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և հետո:

Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:

Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում:

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: