Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծ

 

                                                                                                                                                                          ՆԱԽԱԳԻԾ

 

 

 

                                              ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  Օ Ր Ե Ն Ք Ը 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

  

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի հուլիսի 1-ի քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 53-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «10) հետաքննության մարմնի աշխատակցին, քննիչին օրենքով սահմանված կարգով և դեպքերում հեռացնել քրեական վարույթից.»:

 

Հոդված 2. Օրենսգիրքը  լրացնել հետևյալ բովանդակությամբ 92.1-րդ հոդվածով.

 

«Հոդված 92.1. Հետաքննության մարմնի աշխատակցին, քննիչին վարույթից հեռացնելու դեպքերն ու կարգը

 

  1. Քրեական վարույթի ընթացքում օրենքի կոպիտ խախտում թույլ տալու դեպքում դատախազը հետաքննության մարմնի աշխատակցին, քննիչին պատճառաբանված որոշմամբ հեռացնում է տվյալ վարույթից։
  2. Սույն հոդվածի իմաստով օրենքի կոպիտ խախտում է`

1) Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ ամրագրված` մարդու հիմնական իրավունքի կամ ազատության խախտումը.

2) այնպիսի արարք դրսևորելը, որը հանգեցրել է ապացույցի անդառնալի կորստի:

  1. Մինչդատական վարույթում հետաքննության մարմնի աշխատակցին, քննիչին վարույթից հեռացնելու մասին հսկողություն իրականացնող դատախազի որոշումը հաստատում է անմիջական վերադաս դատախազը:
  2. Քննիչը կամ քննչական բաժնի պետը, հետաքննության մարմնի աշխատակիցը կամ պետը վարույթից հեռացնելու մասին հսկողություն իրականացնող դատախազի որոշմանը համաձայն չլինելու դեպքում անհապաղ, բայց ոչ ուշ, քան եռօրյա ժամկետում՝ դրա վերաբերյալ գրավոր առարկություններ է ներկայացնում ՀՀ գլխավոր դատախազին կամ նրա տեղակալին, իսկ Երևան քաղաքի վարչական շրջանների դատախազության դատախազների որոշումների վերաբերյալ` Երևան քաղաքի դատախազին։
  3. Վարույթից հեռացնելու մասին հսկողություն իրականացնող դատախազի որոշումը ստանալուց հետո, իսկ այդ որոշման վերաբերյալ առարկություն ներկայացնելու դեպքում` հսկող դատախազի որոշումը ուժի մեջ թողնելու մասին վերադաս դատախազի որոշումը ստանալուց հետո հետաքննության մարմնի կամ քննչական բաժնի պետը անհապաղ քրեական գործը հանձնարարում է համապատասխանաբար հետաքննության մարմնի այլ աշխատակցի կամ այլ քննիչի։»:

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

               ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

                ՆԱԽԱԳԱՀ                                                                              Ա. ՍԱՐԳՍՅԱՆ

  • Քննարկվել է

    12.06.2018 - 02.07.2018

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Արդարադատություն

  • Նախարարություն

    ՀՀ քննչական կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 9750

Տպել

Առաջարկներ`

Grigor Minasyan

14.06.2018

սույն նախագծի հիմնավորման մեջ նշված է, որ գործը նոր քննիչին փոխանցվելուց հետո առնվազն 10 օր հետաձգվում է գործի ընթացքի լուծումը` դրանով իսկ խախտվելով դատավարության մասնավոր մասնակիցների իրավունքները, այնինչ նախագծի հեղինակները մոռացել են, որ գործը բավական երկար ժամանակ մնում է առանց շարժի (որևէ քննչական կամ դատավարական գործողություններ չեն կատարվում), որն ավելի վտանգավոր է մասնավոր մասնակիցների իրավունքների խախտման առումով, որովհետև նույն քննիչի մոտ մնալով, այսպես կոչված, սայլը տեղից չի շարժվում, իսկ նոր քննիչն այն վարույթ ընդունելուց հետո, թեկուզ և 10 օր ուշացումով, գործով կատարում է քնչական գործողություններ, որպիսի պայմաններում որոշակի ժամանակ որևէ գործողություն չկատարելը ևս պետք է լինի վարույթից հեռացնելու հիմք: Ինչ վերաբերվում է հիմնավորման մեջ նշված այն մտքին, որ վարույթից հեռացնելու փոխարեն բացը կարելի է լրացնել դատախազի կողմից տրված ցուցումով, ապա հենց հեղինակները նշել են, որ դատախազի ցուցումի կապակցությամբ ներկայացված առարկության մեջ նշվել է, որ գործողությունները ներառված եղել են պլանում, այլ կերպ ասած, ցուցում տալու դեպքում քննիչը կարող է ցանկացած ժամանակ ասել, որ դա իր պլանում առկա է, քանի որ պլան կոչեցյալ փաստաթուղթը որևէ կերպ չի հաշվառվում, և ցանկացած պահի կարող է դա կազմվել, ու դրանով փորձել արդարացնել անգործությունը: Երկար ժամանակ մի գործով գործողություն չկատարելը պայմանավորել այլ գործերով ծանրաբեռնվածությամբ, արդարացի չէ գոնե տվյալ գործով մասնավոր մասնակիցների նկատմամբ, ուստի սրանով ևս մեկ անգամ հիմնավորվում է, որ երկար ժամանակ գործողություն չկատարելը վարույթից հեռացնելու իրավաչափ հիմք է, ինչը պետք է նախատեսել:

Grigor Minasyan

12.06.2018

Դատախազին առարկություն ներկայացնելու համար սահմանված է ժամկետ: Ըստ նախագծի` կարելիէ հասկանալ, որ բողոքարկման ժամանակահատվածում քրեական գործը մնում է նույն քննիչի վարույթում: Այս դեպքում առաջանում է այդ ընթացքում ձեռք բերված ապացույցների թույլատրելիության հարցը, այլ կերպ ասած` որքանով է թույլատրելի լինում այդ ընթացքում ձեռք բերված ապացույցը` պատշաճ սուբյեկտի առումով: Այդ հարցը բաց է մնում, ուստի առաջարկում եմ որևէ կերպ հստակեցնել որոշման բողոքարկամ ժամանակահատվածում քրեական գործով ապացույցների ստացման գործընթացը:

Grigor Minasyan

12.06.2018

Այս առաջարկով ստացվում է, որ քննիչը պետք է առերևույթ հանցանք կատարի, որ հնարավորություն ստեղծվի նրան հեռացնել վարույթից: Դրանից հետո պարտադիր պետք է քննարկվի նրան քրեական պատասխանատվության ենթարկելու հնարավորության հարցը: Այլ կերպ ասած, վարույթից հեռացնելու համար կարգապահական խախտում կատարելը բավարար չի լինի, ինչը կիմաստազրկի այս ինստիտուտը: Բացի այդ, չի նախատեսվել որոշակի ժամանակ որևէ քննչական կամ դատավարական գործողություն կատարված չլինելու դեպքում վարույթից հեռացնելու հնարավորությունը:

Տեսնել ավելին