Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 3-Ի N 737-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 3-Ի N 737-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

1. Անհրաժեշտությունը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի N 737-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) մշակումը պայմանավորված է սույն նախագծին կից ներկայացված՝ «Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 706-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Վարչապետի որոշման նախագծով առաջարկվող՝ Կոմիտեի հաստիքների ավելացմամբ, ինչպես նաև «Ավիացիայի մասին» օրենքով (այսուհետ՝ Օրենք) Քաղաքացիական ավիացիայի կոմիտեին (այսուհետ՝ Կոմիտե) վերապահված՝ օդային տրանսպորտի բնագավառի կանոնակարգման, քաղաքացիական ավիացիայի և ոչ ռազմական պետական ավիացիայի գործունեության, օդային երթևեկության սպասարկման, ավիացիոն անվտանգության, թռիչքային անվտանգության, ինչպես նաև ավիացիայի բնագավառում շահագործվող վերգետնյա միջոցների և մատուցվող ծառայությունների ապահովության ու անվտանգության կանոնակարգման, ավիացիոն ծառայությունների և Հայաստանի Հանրապետությունում գործող ավիացիոն ենթակառուցվածքների վերահսկողության իրականացման լիազորությունների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» կոնվենցիայով (այսուհետ՝ Չիկագոյի կոնվենցիա) պետության ստանձնած պարտավորությունների պատշաճ և լիարժեք իրականացման ապահովման անհրաժեշտությամբ:

2. Ընթացիկ իրավիճակը, խնդիրները, կարգավորման բնույթը և ակնկալվող արդյունքը

Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ԻԿԱՕ) կողմից Թռիչքային անվտանգության վերահսկողության համընդհանուր աուդիտի ծրագրի շարունակական մշտադիտարկման մոտեցման (USOAP CMA) շրջանակներում 2024 թվականի հունվարի 24-ից մինչև փետրվարի 5-ը Հայաստանում անց է կացվել աուդիտ՝ Քաղաքացիական ավիացիայի բնագավառի ստանձնած բոլոր ուղղություններով (բացառությամբ ավիացիոն անվտանգության) Հայաստանի կողմից միջազգային պարտավորությունների կատարման մակարդակը գնահատելու համար։

Դրան հաջորդել է Ամերիկայի Միացյալ Նահանգների տրանսպորտի անվտանգության ադմինիստրացիայի (TSA) կողմից 2024 թվականի ապրիլի 1-ից մինչև ապրիլի 5-ը Հայաստանում անցկացված աուդիտը` ավիացիոն անվտանգության մասով միջազգային պահանջներին Հայաստանի համապատասխանությունը գնահատելու համար։

2024 թվականի ընթացքում Հայաստանում անցկացված վերը նշված աուդիտների արդյունքներով, ի թիվս այլ թերությունների, հերթական անգամ արձանագրվել է, որ  Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) հիմնական և առաջնային թերություններից մեկը ստանձնած միջազգային և դրա հիման վրա ազգային պարտավորությունները կատարելու համար Կոմիտեի համապատասխան որակավորում ունեցող մասնագետների անբավարար քանակությունն է։

Հատկանշական է, որ այդ թերությունն արձանագրվել էր դեռևս Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ԻԿԱՕ) կողմից Ավիացիոն անվտանգության համընդհանուր աուդիտի ծրագրի շարունակական մշտադիտարկման մոտեցման (USAP CMA) շրջանակներում  ավիացիոն անվտանգության բնագավառում Հայաստանի կողմից միջազգային պարտավորությունների կատարման մակարդակը գնահատելու համար 2019 թվականին Հայաստանում անցկացված աուդիտի արդյունքներով, ինչպես նաև Եվրոպական հանձնաժողովի կողմից 2020 թվականին կատարված գնահատողական այցի ընթացքում, որի արդյունքներով հայկական ավիաընկերությունները հայտնվեցին «սև ցուցակում»։

Միջազգային կառույցների կողմից արձանագրված թերությունները վերացնելու նպատակով Կոմիտեն 2022 թվականից սկսած ակտիվորեն ձեռնամուխ է եղել մասնագետների համալրման գործընթացի իրականացմանը. ստացվել են 200-ից ավելի ինքնակենսագրականներ, որոնց հիման վրա անց են կացվել հարցազրույցներ՝ սահմանված նվազագույն պահանջներին համապատասխանող մասնագետներին համալրելու և Կոմիտեում որպես աշխատող ներգրավելու համար։ Այդ շրջանակներում Կոմիտեն համագործակցել է նաև ոլորտի կազմակերպությունների հետ (ավիաընկերություններ, տեխնիկական սպասարկման կազմակերպությունների և այլն)՝ առաջարկելով վերջիններիս մասնագետներին ներգրավել Կոմիտեի տեսչական գործառույթներում՝ բացառելով շահերի հնարավոր բախումները։

Արդյունքում Կոմիտեն, հիմնվելով միջազգային չափանիշներին համապատասխան իրականացված մարդկային ռեսուրսների հաշվարկի վրա, 2022-2024 թվականների ընթացքում համալրել է այդ հաշվարկով պահանջվող նվազագույն քանակությամբ մասնագետների և ապահովել անհրաժեշտ վերապատրաստումները (տեսուչների համար պլանավորված վերջին պարտադիր վերապատրաստումն ավարտվել է 15/12/2024թ)։ Սակայն նշենք, որ ներկայումս համալրված են այն նվազագույն քանակությամբ մասնագետները, ովքեր ապահովում են Կոմիտեի հիմնական գործառույթները գերծանրաբեռնվածության և այն պայմաններում, որ որոշ ուղղություններով գործառույթի իրականացումը հիմնված է մեկ անձի, այն էլ՝ ռիսկայի խմբի անձի վրա (տարիք, առողջական խնդիրներ)։  Սա նշանակում է, որ Կոմիտեի ներկայիս կարողությունները կայուն չեն և չեն կարող պատշաճ արձագանքել ոլորտի արագ զարգացման մարտահրավերներին։

 Քաղաքացիական ավիացիայի բնագավառում ներկայիս համաշխարհային զարգացման տենդենցը միտված է ընդհանուր նշանակության ավիացիայի՝ անօդաչու թռչող համակարգերի (Remotely Piloted Aircraft Systems (RPAS)) շահագործման և նորագույն տեխնոլոգիաներով օդային փոխադրումների (Advanced Air Mobility-(eVTOL)) զարգացմանը։ Այս ուղղությամբ, բացի նրանից, որ ԻԿԱՕ-ի կողմից արդեն իսկ հրապարակված են միջազգային ստանդարտներ (Չիկագոյի կոնվենցիայի N 6 հավելվածի 4-րդ մաս), որոնք պետությունները պարտավոր են կատարել մինչև 2026 թվականի նոյեմբեր ամիսը, արդեն առկա է ներքին մեծ պահանջարկ, որի իրացման համար պահանջվում են հրատապ լուծումներ՝ սեղմ ժամկետներում։

Արդյունքում առաջացել է ընդհանուր նշանակության ավիացիայի շահագործման նպատակով Կոմիտեի և համակարգի մարմինների համար իրավական հիմքեր ստեղծելու, դրա հիման վրա գործունեությունը սերտիֆիկացնելու և թռիչքային և ավիացիոն անվտանգության շարունակական ապահովման համար պետական վերահսկողության իրականացման անհրաժեշտություն։ Սա իր հերթին ենթադրում է հետևյալ աշխատանքների իրականացումը՝ հաշվի առնելով այն, որ ոլորտն ամբողջությամբ նոր է, չկա իրավական որևէ հիմք և որ կարևոր է՝ միջազգային լավագույն փորձ

- ընդհանուր նշանակության ավիացիայի պետական քաղաքականության և «խաղի կանոնների» մշակում,

- պետական մարմինների միջև փոխհամագործակցության մեխանիզմների (ՀՀ էկոնոմիկայի նախարարություն, ՀՀ պաշտպանության նախարարություն, ՀՀ ներքին գործերի նախարարության (Ոստիկանություն, Փրկարար ծառայություն), ՀՀ պետական եկամուտների կոմիտե, ՀՀ ազգային անվտանգության ծառայություն և այլն) ձևավորում,       - ընդհանուր նշանակության ավիացիայի համակարգի նոր ենթակառուցվածքների (ավիացիոն ուսումնական կենտրոններ, տեխնիկական սպասարկման կենտրոններ, շահագործողներ, վերտիպորտ շահագործողներ) ձևավորման իրավական և շահագործողական հիմքերի ստեղծում և վերահսկողություն,

- համապատասխան նոր օդային տարածքի ձևավորում, կանոնակարգում, կառավարում և վերահսկողություն։

Նշված մեծածավալ աշխատանքների իրականացումն իր հերթին առաջացնում է լրացուցիչ մարդկային ռեսուրսների ներգրավման, վերապատրաստումների, ինչպես նաև հետագայում համապատասխան կառուցվածքային փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն։ Հետևապես Կոմիտեի կողմից  2024 թվականի սեպտեմբեր ամսին, այնուհետև նաև 2025 թվականի սեպտեմբեր ամսին իրականացվել է հավելյալ մարդկային ռեսուրսների հաշվարկ (մարդ/ժամ)՝ հիմքում ունենալով նախ «Ավիացիայի մասին» օրենքով Կոմիտեին վերապահված գործառույթների լիարժեք և պատշաճ ապահովման անհրաժեշտությունը, Հայաստանի կողմից վավերացված «Ընդհանուր ավիացիոն գոտու մասին» համաձայնագրով նախատեսված ԵՄ կանոնակարգերի տեղայնացման պահանջը։

 Այսպիսով՝ Կոմիտեի կողմից իրականացված մարդ/հաշվարկի համաձայն՝ Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորությունների կատարումն ապահովելու նպատակով Կոմիտեին վերապահված կանոնակարգման, սերտիֆիկացման և վերահսկողության գործառույթը պատշաճ իրականացնելու համար Կոմիտեին անհրաժեշտ է հավելյալ 14 հաստիքային միավոր։ Ներկայումս Կոմիտեն ունի 70 հաստիքային միավոր, որից համալրված է 61 հաստիքային միավորը (68 աշխատող), որից 24-ը՝ տեսչական և 3 փորձագետ (ոլորտի կազմակերպություններից)։ Առաջարկվող հաստիքային միավորի ավելացումն այն օպտիմալ թիվն է, որտեղ հաշվի են առնվել

1)   ներդրվող թվայնացման գործընթացների ազդեցությունը աշխատանքի ծանրաբեռնվածության նվազեցման վրա,

2)  Կոմիտեում կիրառվող մարդկային ռեսուրսների կառավարման այլընտրանքային գործընթացները, մասնավորապես՝ մասնագիտական որոշակի գործառույթների իրականացման վերապահումը այլ ստորաբաժանման համապատասխան մասնագիտական պատրաստություն ունեցող մասնագետին՝ դրանով նպաստելով ունեցած դեֆիցիտ ունեցող ռեսուրսների (օդաչուներ, ավիացիոն ինժեներներ, օդային ենթևեկության կարգավարներ և այլն)  օպտիմալ օգտագործմանը, մասնագետներին համատեղությամբ (բացառելով հնարավոր շահերի բախումը), ոչ լրիվ աշխատաժամանակով ու հեռավար եղանակներով աշխատանքի ընդունումը,

3)  Թռիչքային գործունեության վարչության գործառույթների միայն մոտավորապես 25% կատարման համար օդաչուի (քննողի) որակավորում ունեցող մասնագետների ներգրավվման անհրաժեշտություն՝ իսկ մյուս 75% համար ոչ օդաչու մասնագետների ներգրավման պահանջով (Ground Operation Inspector)։

Ավելացվող հաստիքների համալրման նպատակն է հիմնել ու զարգացնել ավիացիոն մասնագետների կայուն բազա, որի հիման վրա հնարավորություն կստեղծվի պատշաճ իրականացնել Կոմիտեին վերապահված գործառույթների իրականացումը՝ նպաստելով թռիչքային և ավիացիոն անվտանգության որակով ապահովմանը, տեսչական գործառույթներ իրականացնող անձնակազմի գերծանրաբեռնվածության նվազեցմանը, տեխնիկական ու տեխնոլոգիական զարգացմամբ պայմանավորված ժամանակակից մարտահրավերներին ու մրցակցությանը դիմակայմանը, մասնագիտական մոնոպոլիզացիայի վերացմանը, փոխարինելիության ու սերնդափոխության ապահովմանը, և բնագավառի զարգացման տենդենցներին և առկա պահանջարկին համահունչ սահմանել և վերահսկել շուկայում «խաղի կանոնները», որը նախատեսվում է ապահովել հետևյալ փուլերով.

1) նոր աշխատողները կներգրավվեն մասնագիտական ստորաբաժանումների ընթացիկ աշխատանքներում՝ վերջինիս համար տվյալ ստորաբաժանման գործառույթները սահմանելով որպես հիմնական (Primary Functions), որին համապատասխան Կոմիտեն առաջիկա 2-3 տարիների ընթացքում կապահովի անհրաժեշտ վերապատրաստումներով։ Այդ ընթացում տվյալ ստորաբաժանման առնվազն 2 աշխատողների համար կսահմանվեն նաև երկրորդային գործառույթներ (Secondary Functions)՝ ընդհանուր նշանակության ավիացիայի շահագործման համար իրավական հիմքերի ստեղծման ապահովումը, որոնց համար ևս Կոմիտեն կապահովի անհրաժեշտ վերապատրաստումներով.

2) նոր աշխատողների համար կիրականացվի սերնդափոխություն՝ նոր աշխատողներին ներգրավվելով ուսուցման ու զարգացման գործընթացներին հող նախապատրաստել սերնդափոխության համար։ Կոմիտեի որակավորված և փորձառու մասնագետների կողմից կիրականացվի փորձի փոխանակում՝ ապահովելով նաև գործառույթների իրականացման գործնական ուսուցումներ (on-the-job training), ցուցադրական աուդիտներ (Best Practice).  

3) ընդհանուր նշանակության ավիացիայի մասով ստորաբաժանման աշխատողների կողմից անհրաժեշտ վերապատրաստումներն անցնելուց հետո այդ աշխատողների համար ընդհանուր նշանակության ավիացիայի կանոնակարգման և վերահսկողության գործառույթները կսահմանվեն որպես առաջնային գործառույթներ (Primary Functions), իսկ տվյալ ստորաբաժանման ընթացիկ գործառույթները՝ երկրորդային (Secondary Functions)

4) ընդհանուր նշանակության ավիացիայի մասով որակավորված մասնագետների հիմքով կձևավորվի նոր կառուցվածքային ստորաբաժանում՝ պայմանավորված նրանով, որ ընդհանուր նշանակության ավիացիայի ոլորտի առանձնահատկությունից ելնելով պետական վերահսկողություն իրականացնող տեսուչների որակավորմանը ներկայացվող միջազգային պահանջները տարբերվում են քաղաքացիական ավիացիայի տեսուչների որակավորման պահանջներից։  

Ավելացվող հաստիքներից միայն մեկն անհրաժեշտ է համալրելու համար տեխնիկական սպասարկման մասը՝ այն է 1 վարորդի հաստիքը՝ հետևյալ հիմնավորմամբ՝ Կոմիտեին ներկայումս կցված են ծառայողական ավտոմեքենաներ, սակայն դրանց շահագործումն աշխատանքային պատրատակությունների կատարման համար իրականացվում է Կոմիտեի աշխատակիցների կողմից, ինչը շեղում է նրանց մասնագիտական պարտականություններից և նվազեցնում աշխատանքային արդյունավետությունը։ Օդանավակայանի աերոդրոմային տարածքում մուտքի-ելքի բազմակի երթևեկությունը, ինչպես նաև ավիաընկերությունների վերահսկողական գործընթացների ինտենսիվությունը պահանջում են հաճախակի, արագ և անվտանգ տեղաշարժ, ինչը նպատակահարմար է իրականացնել հատուկ վարորդի կողմից։

Վարորդի հաստիքի ներդրումը թույլ կտա ոչ միայն ապահովել վերահսկողական ու ծառայողական այցերի ժամանակին և անխափան իրականացում, այլև ապահովել ծառայողական մեքենաների պահպանության, տեխնիկական վիճակի, ժամանակին սպասարկման և անխափան շահագործման մշտական վերահսկողություն։

Հարկ է նշել, որ ներկայացված գործառույթների ներդրման կամ կիրարկման ընթացքում կարող է առաջանալ նոր մարդկային ռեսուրսների հաշվարկի անհրաժեշտություն, հետևապես նաև նոր կառուցվածքային փոփոխությունների կատարման կարիք՝ պայմանավորված ոլորտի զարգացման նոր մարտահրավերներին ընդառաջ աշխատանքի ծավալների աճով։

Հաշվի առնելով որոլտում համապատասխան որակավորում ունեցող մասնագետների սակավությունը, իսկ որոշ ուղղություններով նույնիսկ բացակայությունը՝ Կոմիտեն պլանավորում է ավելացված հաստիքները համալրել նաև առանց փորձի երիտասարդ կադրերով։ Այդ կապակցությամբ Կոմիտեն ակտիվորեն համագործակցում է ՀՀ ուսումնական հաստատությունների հետ (Երևանի պետական համալսարան, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան, Հայ-ռուսական սլավոնական համալսարան և այլն)՝ վերջիններիս շրջանավարտներին Կոմիտեի ավելացվող հաստիքներին ներգրավելու համար՝ որպես հիմնական նախապահանջ նախատեսելով միայն կրթության տեխնիկական ուղղվածությունը և անգլերեն լիզվի իմացությունը։  Հետևաբար ավելացվող հաստիքների համար Կոմիտեն նախատեսում է սահմանել  ամենացածր պաշտոնը։ Սակայն հաշվի առնելով, որ  ՀՀ կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի «Պետական իշխանության մարմիններում քաղաքացիական աշխատանք կատարող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց պաշտոնային դրույքաչափերը սահմանելու մասին» N 737-Ն որոշմամբ (այսուհետ՝ Որոշում) Կոմիտեի քաղաքացիական աշխատանք կատարող ստորաբաժանումներում ամենացածր պաշտոնը «առաջատար մասնագետ» պաշտոնն է, ինչն առնվազն ենթադրում է, որ այդ պաշտոնին նշանակված աշխատողը պետք է ունենա որևէ փորձ և մասնագիտական ունակություններ, անհրաժեշտություն է առաջացել վերանայել Որոշմամբ սահմանված պաշտոնների անվանացանկը ևս՝ Կոմիտեում նախատեսելով ևս մեկ աստիճանով ցածր՝ «մասնագետի» պաշտոնը։ 

Հատկանշական է, որ Կոմիտեում մարդկային ռեսուրսների համալրման անհրաժեշտությունը վերահաստատվեց նաև ս/թ սեպտեմբերի 1-ից 5-ը ԵՄ կողմից Հայաստանում անցկացված գնահատողական այցի շրջանակներում։

4. «Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ»

Նախագծի մշակումը բխում է ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության 2021-2026թթ. գործունեության միջոցառումների ծրագրի 68.3՝ «Թռիչքային և ավիացիոն անվտանգությանն առնչվող թերությունների, անհամապատասխանությունների հիմնապատճառների բացահայտում, ուղղիչ գործողությունների պլանի մշակում և վերջիններիս պատշաճ կերպով իրականացման համակարգում» կետի կատարումից:

5. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների վերաբերյալ

Նախագծով առաջարկվող կառուցվածքային փոփոխությունը և «Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 706-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Վարչապետի որոշման նախագծով առաջարկվող նոր հաստիքների ավելացմամբ պայմանավորված՝ պետական բյուջեի ծախսերի ավելացումը կկազմի 64,5 մլն դրամ:

  • Տևողություն

    15.12.2025 31.12.2025
  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Տարածքային կառավարման և զարգացման

  • Գերատեսչություն

    Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

  • Կարգավիճակ

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 100

Տպել

Առաջարկներ`

Թողնել առաջարկ

Առաջարկ 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Ավելացնել հաջորդ առաջարկը

Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և հետո:

Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:

Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում:

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: