Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի N 252-Լ որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 25-Ի N 252-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ
1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Ռազմավարական կառավարումը ենթադրում է համակարգաստեղծ նպատակների սահմանում և դրանց իրագործում ինստիտուցիոնալ կարողությունների ու ռեսուրսների ներգրավմամբ: Այն հանրային կառավարման համակարգի առանցքային գործառույթներից է: Այսպես, Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության անդամ պետությունների 73%-ը պետության տեսլականի սահմանումը դիտարկում է իբրև կառավարության կենտրոնական օղակի առանցքային գործառույթ: Ընդ որում՝ գիտականորեն ապացուցված է, որ գործառույթի դրական ազդեցությունը կառավարման արդյունավետության վրա մեծանում է, երբ այն հիմնված է լինում ֆորմալ, փաստահենք ու մասնակցային ընթացակարգերի վրա:
Ստորև ներկայացված են Հայաստանի Հանրապետության ռազմավարական կառավարման համակարգի հիմնական խնդիրները, որոնք վերաբերելի են առհասարակ քաղաքականությունների մշակման գործընթացին ու պայմանավորված են ինչպես գործող կարգավորումների բացերով, այնպես էլ ինստիտուցիոնալ կարողությունների սահմանափակությամբ: Խնդիրները վեր են հանվել Հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարության մշակման գործընթացում և վերջինիս հաջորդած փորձագիտական քննարկումների հիման վրա՝ հիմք ընդունելով հետևյալ հետազոտությունները՝
· ՏՀԶԿ/ԵՄ ՍԻԳՄԱ նախաձեռնության Հանրային կառավարման սկզբունքները և վերջինիս հիման վրա իրականացված՝ Հայաստանում հանրային կառավարման համակարգի ելակետային գնահատման զեկույցը (2019թ.),
· Համաշխարհային բանկի կողմից 2024 թվականին իրականացված՝ Վարչապետի աշխատակազմի գործառութային վերլուծության զեկույցը,
· ՄԱԿ-ի զարգացման ծրագրի աջակցությամբ իրականացված՝ Հայաստանի ռազմավարական փաստաթղթերի ուսումնասիրության զեկույցը:
Առկա մարտահրավերներն են՝
1) Քաղաքականության պլանավորման փաստաթղթերի աստիճանակարգության և միմյանց հետ փոխկապվածության անկատարությունը, ինչը նվազեցնում է բարեփոխումների ներդաշնակությունը, իրատեսականությունն ու ռեսուրսների պլանավորման արդյունավետությունը, և հատկապես դժվարացնում է միասնական գերակայությունների սահմանումը:
2) Քաղաքականության պլանավորման փաստաթղթերի և դրանց իրականացման համար ռեսուրսների պլանավորման գործընթացների ոչ ամբողջական կապը, ինչի արդյունքում չի պահպանվում ֆիսկալ մատչելիությունը (ֆինանսավորման առկայությունը), և համակարգը չի ապահովում սահմանված թիրախների ամբողջական իրագործումը։
3) Կառավարության ծրագրի ու կառավարության գործունեության հնգամյա միջոցառումների ծրագրի անորոշ դերը ռազմավարական փաստաթղթերի համակարգում, ինչը հանգեցնում է ռազմավարական ու քաղաքական նպատակների միջև խզվածքին, գերակայությունների սահմանման, դրանց ներդաշնակեցման, մշտադիտարկման համակարգերի արդյունավետության նվազմանը ու վտանգում է քաղաքականությունների շարունակականությունը:
4) Հանրային ներդրումների կառավարման համակարգի հետ չկարգավորված կապը, ինչը խնդրահարույց է հատկապես երկարաժամկետ ներդրումների կառավարման տեսանկյունից։
5) Փաստաթղթերի ու թիրախային ցուցանիշների մեծաքանակությունը, ինչը մեծացնում է բարեփոխումների մասնատվածությունը, ցուցանիշների անհամապատասխանությունը, խաթարում առաջնահերթությունների սահմանումն ու դրանց մշտադիտարկման արդյունավետությունը:
6) Մշտադիտարկման ու գնահատման համակարգի անկատարությունը և կենտրոնացումը գործընթացի, ոչ թե արդյունքների վրա: Խնդրահարույց է ինչպես ցուցանիշների որակը, այնպես էլ համակարգային ու պարբերական մշտադիտարկման պրակտիկայի ու անհրաժեշտ տվյալների բացակայությունը:
7) Անհրաժեշտ կարողությունների բացը, ինչը թույլ չի տվել հետևողականորեն իրականացնել քաղաքականությունների մշակման փաստաթղթերի որակի վերահսկողություն և միմյանց հետ ներդաշնակեցում:
8) Թվային գործիքների բացակայությունը, ինչը դժվարացնում է փաստաթղթերի ներդաշնակեցումն ու մշտադիտարկումը՝ հանգեցնելով նաև դրանց իրագործման անբավարար մակարդակի:
Հաշվի առնելով վերոգրյալը՝ ՀՀ կառավարության 2025 թվականի սեպտեմբերի 18-ի N 1342-Լ որոշմամբ փոփոխոթություն կատարվեց Կառավարության աշխատակարգում․ սահմանվեց ռազմավարական կառավարման աշխատակարգը՝ հստակեցնելով փաստաթղթերի աստիճանակարգությունը, մշակման ու իրականացման ընթացակարգերը, մեթոդաբանությունը։
2. Առաջարկվող կարգավորման բնույթը
Կառավարության աշխատակարգով նախատեսվում է 6 ռազմավարությունների մշակում։ Գործնականում անհրաժեշտություն է առաջացել դրանք միավորելու մեկ ընդհանուր տեսլականի շուրջ։ Այդ պատճառով առաջարկվում է սահմանել ռազմավարական փաստաթղթի նոր տեսակ՝ դոկտրին, որը կսահմանի պետության զարգացման երկարաժամկետ հորիզոնը՝ հիմք դառնալով ռազմավարական մյուս փաստաթղթերի մշակման ու ներդաշնակեցման համար։
3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները
Նախագիծը մշակել է ՀՀ վարչապետի աշխատակազմը։
4. Ակնկալվող արդյունքը
Դոկտրինի առկայությամբ հնարավոր կլինի սահմանելու պետության զարգացման երկարաժամկետ տեսլականը՝ ուղենիշ ծառայելով ռազմավարական այլ փաստաթղթերի մշակման, զարգացման գործընկերության համակարգման համար։
5. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները
Բացակայում է:
6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
Սույն որոշման ընդունումը Հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարությամբ և ՀՀ կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրով ստանձնած հանձնառություն է:
-
Տևողություն
12.12.2025 27.12.2025 -
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Հանրային կառավարում
-
Գերատեսչություն
Փոխվարչապետի գրասենյակ
-
Կարգավիճակ
Դիտումներ` 251
Տպել
Թողնել առաջարկ
Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և մուտք գործելուց հետո:
Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:
Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում: