Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

Հայաստանի Հանրապետության տնտեսական և ինստիտուցիոնալ վերափոխման դոկտրինը հաստատելու մասին

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ տնտեսական ԵՎ ինստիտուցիոնալ վերափոխման դոկտրինը հաստատելու մասին» ՀՀ Կառավարության որոշման նախագծի  ընդունման ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ

 

1.    Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Հայաստանի Հանրապետությունը վերջին տարիներին գտնվում է տնտեսական, ինստիտուցիոնալ և անվտանգային վերափոխումների փուլում։ Տնտեսության արագ, սակայն պահանջարկով պայմանավորված աճը, արտաքին ցնցումները, ժողովրդագրական մարտահրավերները, տեխնոլոգիական արագ փոփոխությունները, ինչպես նաև առկա ինստիտուցիոնալ խնդիրները պահանջում են տնտեսական և պետական կառավարման միասնական, համակարգային և երկարաժամկետ մոտեցում։

Հայաստանի տնտեսական դինամիկան վերջին տարիներին ձևավորվել է ինչպես ներքին բարեփոխումներով, այնպես էլ արտաքին արագ փոփոխվող գործոններով, որոնք արագացրել են աճի տեմպերը՝ միաժամանակ առաջադրելով նոր՝ կառուցվածքային բնույթի խնդիրներ։ Խորքային արտադրողականության բարձրացման, տնտեսական դիվերսիֆիկացիայի և արժեքային շղթաների զարգացման ուղղությամբ առաջընթացը պահանջում է ավելի համակարգային մոտեցում, քանի որ արտահանման կառուցվածքը դեռևս զգալիորեն կենտրոնացած է սահմանափակ ճյուղերում, իսկ ֆինանսական համակարգը հիմնականում ապավինում է բանկային վարկավորմանը՝ թերզարգացած կապիտալի շուկայի և ինստիտուցիոնալ ներդրողների սահմանափակ ներգրավմամբ։

Պետական կառավարման, արդարադատության, հակակոռուպցիոն և թվային վերափոխման քաղաքականությունների ուղղություններով բարեփոխումները տվել են զգալի արդյունքներ, սակայն դրանք շարունակում են գործել առանձին նախաձեռնությունների ձևաչափով և դեռևս միավորված չեն մեկ համապարփակ շրջանակի մեջ՝ որպես ամբողջական տնտեսական և ինստիտուցիոնալ վերափոխման հենասյուն։ Նույնը վերաբերելի է նաև ջրային, հողային, էներգետիկ և բնապահպանական քաղաքականություններին, որոնց զարգացումը ևս անհրաժեշտ է համադրել անվտանգության, տնտեսական դիմակայունության և երկարաժամկետ զարգացման միասնական օրակարգի հետ։

Միևնույն ժամանակ, գործող տնտեսական և ինստիտուցիոնալ քաղաքականությունը իրականացվում է մի շարք առանձին փաստաթղթերի, ռազմավարությունների և ծրագրերի հիման վրա, որոնք  ամբողջությամբ չեն համադրվում ընդհանուր գաղափարական շրջանակի մեջ։ Այս պայմաններում անհրաժեշտ է ընդունել միասնական գաղափարական և քաղաքական-ռազմավարական փաստաթուղթ, որը կհաստատի ՀՀ տնտեսական և ինստիտուցիոնալ վերափոխման երկարաժամկետ տեսլականը, կսահմանի տնտեսական քաղաքականության նոր պարադիգմի հիմնական սկզբունքներն ու հենասյուները, կապահովի գործող և նոր մշակվելիք ոլորտային ռազմավարությունների և ծրագրերի միջնաժամկետ բյուջետային պլանավորման միասնական դաշտ։

2.    Առաջարկվող կարգավորման բնույթը

«Հայաստանի Հանրապետության տնտեսական և ինստիտուցիոնալ վերափոխման դոկտրինը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծով (այսուհետ՝ Նախագիծ) առաջարկվում է սահմանել «Իրական Հայաստանի» տնտեսական նոր պարադիգմի գաղափարական հիմքերը՝ ամրագրելով պետության դերը որպես մարդակենտրոն, բայց միաժամանակ անվտանգությանը, դիմակայունությանը և ինստիտուցիոնալ ամրապնդմանը ծառայող համակարգի։

Իրավական ակտի ընդունմամբ առաջարկվում է վերացնել տնտեսական և ինստիտուցիոնալ քաղաքականության հատվածայնությունը, ամրագրել երկարաժամկետ տեսլական և հստակ սկզբունքներ, սահմանել ծրագրերի և ենթածրագրերի միասնական կառուցվածքային համակարգ՝ դրանով ապահովելով պետական քաղաքականության ռազմավարական, համակարգային և կանխատեսելի բնույթը։

3.    Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները

Նախագիծը մշակվել է Վարչապետի աշխատակազմի կողմից՝ պետական կառավարման համակարգի մարմինների հետ համագործակցությամբ։

 

4.    Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման և դրա դրույթների կիրարկման արդյունքում ակնկալվում է, որ․

1.     Տնտեսական քաղաքականությունը ձեռք կբերի ռազմավարական և համակարգային բնույթ,

2.    Կբարձրանա քաղաքականությունների կանխատեսելիությունը և ներդրումային միջավայրի նկատմամբ վստահությունը,

3.    Կձևավորվի ծրագրերի և ենթածրագրերի միասնական համակարգ,

4.    Կամրապնդվի հանրային կառավարման արդյունավետությունը և հաշվետվողականությունը,

5.    Կբարձրանա Հայաստանի տնտեսական դիմակայությունը և անվտանգային կայունությունը։

 

5.    Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները

Նախագծով հաստատման ներկայացվող՝ «Հայաստանի Հանրապետության տնտեսական և ինստիտուցիոնալ վերափոխման դոկտրինը» ինքնին չի նախատեսում անմիջական բյուջետային հատկացումներ։ Դոկտրինը սահմանում է զարգացման ռազմավարական շրջանակը, առաջնահերթությունների և ծրագրերի կառուցվածքը, ինչպես նաև ծրագրերի ֆինանսավորման ընդհանուր մոտեցումները։

6.   Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

Նախագծի ընդունումը բխում է ՀՀ կառավարության 2021–2026 թթ. Ծրագրով Կառավարության ստանձնած պարտավորություններից։ Միևնույն ժամանակ, այն ծառայում է որպես միջանկյալ կամուրջ Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050»-ի շրջանակներում սահմանված նպատակադրումների իրականացման համար՝ հստակեցնելով դրանց համար անհրաժեշտ տնտեսական և ինստիտուցիոնալ վերափոխման ուղղությունները, ինչպես նաև ստեղծելով մեխանիզմ՝ այդ նպատակադրումների գործնական իրագործման ճանապարհային քարտեզներ ձևավորելու համար։

  • Տևողություն

    12.12.2025 27.12.2025
  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Էկոնոմիկա, Տնտեսական, Հանրային կառավարում

  • Գերատեսչություն

    Փոխվարչապետի գրասենյակ

  • Կարգավիճակ

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 323

Տպել

Առաջարկներ`

Թողնել առաջարկ

Առաջարկ 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Ավելացնել հաջորդ առաջարկը

Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և հետո:

Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:

Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում:

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: