Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 16-Ի N 710-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 14-Ի N 898-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 16-Ի N 710-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 14-Ի N 898-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ  

 

1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

 ՀՀ կառավարության 2024 թվականի մայիսի 16-ի թիվ 710-Լ որոշմամբ հաստատվել է Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը (այսուհետ՝ Ծրագիր), որի նպատակն է Ղարաբաղից տեղահանված անձանց սոցիալական և տնտեսական ներառումը՝ Հայաստանի Հանրապետությունում երկարաժամկետ բնակության համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելու միջոցով։

ՀՀ կառավարության 2024 թվականի հունիսի 14-ի թիվ 898-Լ որոշմամբ հաստատվել է Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի իրականացման կարգը։

2025 թվականի դեկտեմբերի 10-ի դրությամբ հավաստագիր է ստացել 3717 ընտանիք, որից 1612-ը իրացրել են այն։

Ծրագրի իրականացման ընթացքում առաջ են եկել որոշ խնդիրներ, որոնք խոչընդոտում են ծրագրի արդյունավետությանը, մասնավորապես՝ գործող հիփոթեքային վարկի մարման աջակցությունից օգտվելու նպատակով դիմել են շահառուներ, որոնք անշարժ գույքի ձեռքբերման նպատակով ստացել ոչ թե հիփոթեքային վարկ, այլ սպառողական վարկ կամ այլ վարկատեսակ, ինչը գործող իրավակարգավորմամբ չի բավարարում ծրագրի պայմաններին։ Միաժամանակ, դրական մնացորդի իրացման շրջանակում կահույքի և կենցաղային տեխնիկայի գնման նպատակով միասնական սոցիալական ծառայություն են ներկայացվում ՀՀ-ում գործող խոշոր խանութների կողմից տրամադրված ֆինանսական փաստաթղթեր, որոնք իրենցից ներկայացնում են ոչ թե հաշիվ-ապրանքագիր, այլ որևէ այլ անվանումով փաստաթուղթ, ինչը կրկին գործող իրավակարգավորմամբ չի բավարարում սահմանված պահանջներին։

Իրավակիրառ պրակտիկայում նաև արձանագրվել է խնդիր միջգերատեսչական հանձնաժողովին դիմած քաղաքացիների կողմից ներկայացվող փաստաթղթերի մասով։ Մասնավորապես, բազմաթիվ դիմումատուներ միջգերատեսչական հանձնաժողովին են ներկայացնում միայն մեկ փաստաթուղթ այն մասին, որ տեղահանումից առաջ առնվազն վերջին 12 ամիսների ընթացքում աշխատել կամ սովորել են Ղարաբաղում, սակայն գործող իրավակարգավորմամբ պահանջվում է առնվազն 2 փաստաթուղթ, և դիմումը մերժվում է։  

 

2.      Առաջարկվող կարգավորման բնույթը

Սույն նախագծով առաջարկվում է Ծրագրի արդյունավետության բարձրացման նպատակով կարգավորել վերոնշյալ խնդիրները, մասնավորապես՝

1.     Սահմանել, որ գործող հիփոթեքային վարկի մարման աջակցությունից կարող են օգտվել նաև այն շահառուները, որոնք բնակելի անշարժ գույքի ձեռքբերման կամ անհատական բնակելի տան կառուցման նպատակով 2025 թվականի հուլիսի 1-ի դրությամբ ստացել են ոչ թե հիփոթեքային վարկ, այլ որևէ այլ վարկատեսակ, օրինակ՝ սպառողական։

2.    Սահմանել, որ եթե շահառուն դրական մնացորդը ցանկանում է իրացնել կահույքի կամ կենցաղային տեխնիկայի գնման ուղղությամբ, ապա այս դեպքում աջակցության գումարը ծառայության կողմից փոխանցվում է վաճառողի բանկային հաշվին՝ համապատասխան ֆինանսական փաստաթղթի (այդ թվում՝ հաշիվ-ապրանքագրի, փոխանցման հայտի, փոխանցման հաշվի, հաշիվ-վավերագրի, հարկային հաշվի, ապրանքների մատակարարման հաշվի, կանխավճարային հայտի և այլն) հիման վրա։

Միաժամանակ առաջարկվում է Ծրագրի շրջանակում որպես ընտանիքի անդամ դիտարկել մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված երեխաներին՝ անկախ այն հանգամանքից, թե երբ են նրանք ներկայացրել առցանց դիմում-հայտարարությունը և ստացել ծրագրով նախատեսված հավաստագիրը։

Միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով առաջարկվում է սահմանել, որ եթե ծրագրին դիմած և շահառուի կարգավիճակ չստացած դիմումատուների տվյալներն առկա են Ղարաբաղի անհատական (անձնավորված) հաշվառման տվյալների բազայում կամ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից վարվող՝ դպրոցների կառավարման տեղեկատվական համակարգում, որտեղ արտացոլված է տեղեկատվություն այն մասին, որ ծրագրին դիմած և շահառուի կարգավիճակ չստացած դիմումատուն 2020 թվականի սեպտեմբերի 27-ից, 2022 թվականի դեկտեմբերի 12-ից առաջ առնվազն 12 ամիսների ընթացքում աշխատել կամ սովորել է Ղարաբաղում, ապա նրան շնորհվում է շահառուի կարգավիճակ՝ անկախ որոշմամբ սահմանված փաստաթղթերի առկայությունից։

 

3.      Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը

Նախագիծը մշակվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից` շահագրգիռ գերատեսչությունների հետ համագործակցությամբ:

 

4.      Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխության մասին

Նախագծի ընդունման կապակցությամբ պետական բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։

 

5.      Ակնկալվող արդյունքը

Ծրագրի արդյունավետության բարձրացում, իրավակիրառ պրակտիկայում ի հայտ եկած խնդիրների կարգավորում, ժողովրդագրական խնդիրների լուծում, տեղահանվածների շրջանում ծնելիության խթանում։  

 

6.     Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

Նախագիծը բխում է ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի թիվ 1363-Ա որոշման հավելվածով հաստատված՝ ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրի «1.2 ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐ» գլխի 1-ին պարբերության 1-ին մասից, այն է՝ «Ղարաբաղի հետպատերազմյան վերականգնումը, տնտեսական կյանքի աշխուժացումը, տեղահանված բնակչության սոցիալական խնդիրների լուծումը, մշակութային ու կրոնական ժառանգության պահպանումը լինելու են Կառավարության ուշադրության կենտրոնում:», ինչպես նաև «4.6 ԱՇԽԱՏԱՆՔ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ» գլխի 1-ին պարբերության 4-րդ մասից, այն է՝ «Իրականացվելու են ծրագրեր՝ ուղղված կացարանի կարիք ունեցող ընտանիքների բնակարանային խնդիրների լուծմանը:»։

 

  • Տևողություն

    10.12.2025 26.12.2025
  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն

  • Գերատեսչություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

  • Կարգավիճակ

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 296

Տպել

Առաջարկներ`

Թողնել առաջարկ

Առաջարկ 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Ավելացնել հաջորդ առաջարկը

Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և հետո:

Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:

Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում:

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: