ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման
1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության տարանցիկ դերի բարձրացման և բեռնափոխադրումների ոլորտում համագործակցության զարգացման անհրաժեշտությամբ։
2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.
Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված ճանապարհային հարկը Հայաստանի Հանրապետության ավտոմոբիլային ճանապարհների ցանցի զարգացման, Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների շինարարության, նորոգման և պահպանման համար անհրաժեշտ դրամական միջոցների գոյացման նպատակով պետական բյուջե վճարվող հարկ է: Ճանապարհային հարկով հարկման օբյեկտներ է համարվում Հայաստանի Հանրապետությունում չգրանցված (չհաշվառված) բեռնատար ավտոտրանսպորտային միջոցներով Հայաստանի Հանրապետության ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելը։ Ճանապարհային հարկը գանձում են մաքսային մարմինները՝ հանրապետություն մուտք գործելու յուրաքանչյուր 15 օրվա համար։ Ճանապարհային հարկի մեծությունը կախված է մեքենայի բեռնատարողությունից։
Հարկային օրենսգրքի 191-րդ հոդվածով սահմանված են ճանապարհային հարկի արտոնությունները։
Հայաստանի Հանրապետությունը հաստատել է «Սևծովյան տնտեսական համագործակցության տարածաշրջանում ճանապարհային բեռնափոխադրումների դյուրացման մասին» փոխըմբռնման հուշագիրը՝ ՀՀ նախագահի՝ 2006թ. մայիսի 10-ի ՆՀ-104-Ն հրամանագրով: Վերոնշյալ հուշագրի 2-րդ հոդվածի համաձայն՝ Հուշագրի կողմերը չպետք է ձեռնարկեն միջոցներ, որոնք սահմանում են ավելի քիչ բարենպաստ պայմաններ, քան նախատեսված են գործող երկկողմ համաձայնագրերով: Այդ համատեքստում կազմակերպության անդամ-պետությունները սահմանել են ճանապարհային հարկի արտոնություններ «BSEC Permit» թույլտվություններով բեռնափոխադրողների համար։
Բացի այդ՝ Հայաստանը հանդիսանում է Տրանսպորտի նախարարների եվրոպական կոնֆերանսի անդամ, որի շրջանակներում ներդրված ՏՆԵԿ թույլտվությունների բազմակողմ համակարգով իրականացվում են միջպետական բեռնափոխադրումներ։ ՏՆԵԿ թույլտվությունների բազմակողմ համակարգի կարգավորումները հաստատվել են Տրանսպորտի նախարարների խորհրդի 1995 թվականի որոշմամբ, համաձայն որի՝ անդամ պետությունները պետք է ապահովեն հավասար մրցակցություն փոխադրողների միջև, թույլ չտան շուկայի խեղաթյուրում կամ անհավասար պայմաններ որևէ երկրի կամ փոխադրողի համար։
Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության «BSEC Permit» համակարգի և Տրանսպորտի նախարարների եվրոպական կոնֆերանսի (ՏՆԵԿ) թույլտվություններով բեռնափոխադրումներ իրականացնողների նկատմամբ անդամ-պետությունները կիրառում են արտոնություններ, իսկ Հայաստանի Հանրապետությունը նշված թույլտվություններով բեռնափոխադրողների նկատմամբ արտոնություն չի կիրառում, ինչը պարբերաբար խնդիրներ է առաջացնում նրանց համար ՀՀ մուտք գործելիս։
Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության և Տրանսպորտի նախարարների եվրոպական կոնֆերանսի շրջանակներում պարբերաբար քննարկվել է ՀՀ-ի կողմից ճանապարհային հարկ գանձնելու և բազմակողմ քվոտաների համակարգում հավասար մրցակցային պայմաններ չսահմանելու հարցը։
3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը.
Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության «BSEC Permit» համակարգի և Տրանսպորտի նախարարների եվրոպական կոնֆերանսի (ՏՆԵԿ) թույլտվությունների համակարգում հայկական բեռնափոխադրումներ իրականացնողների նկատմամբ անդամ-պետություններում կիրառվում են արտոնությունները, ինչը փոխադարձության սկզբունքով չի կիրառվում Հայաստանի Հանրապետությունում։
Առկա խնդիրները լուծելու նպատակով առաջարկվում է փոփոխություն կատարել Հարկային օրենսգրքում՝ դրանով սահմանելով ճանապարհային հարկի արտոնություն։ Հարցի իրավական կարգավորումը կբարձրացնի նշված կառույցներում Հայաստանի միջազգային հեղինակությունը, կապահովի հարցի կայուն և վերջնական լուծումը, կբարձրացնի Հայաստանի Հանրապետության տարանցիկ դերը և կբարելավի միջազգային տրանսպորտային միջանցքներում Հայաստանի հնարավոր ներգրավվածությունը։
4. Կարգավորման նպատակը և բնույթը.
Օրենքի նախագծով առաջարկվում է լրացում կատարել Հարկային օրենսգրքում, դրանում ճանապարհային հարկի արտոնություն սահմանելով Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության «BSEC Permit» և Տրանսպորտի նախարարների եվրոպական կոնֆերանսի (ՏՆԵԿ) բազմակողմ թույլտվությունների համակարգերով բեռնափոխադրումներ իրականացնող ճանապարհային հարկ վճարողների նկատմամբ։
5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք. Օրենքների նախագծերի փաթեթը մշակվել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից։
6․ Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.
Օրենքի նախագծի ընդունման դեպքում նախատեսվում է պետական բյուջեի եկամուտների նվազեցում, որը ներկայացնել հնարավոր չէ, քանի որ առկա չէ տեղեկատվություն բազմակողմ քվոտայի համակարգում բեռնափոխադրումներ իրականացնողների քանակի վերաբերյալ։
7. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
Օրենքի նախագիծը բխում է «Խաղաղության խաչմերուկ» նախագծի սկզբունքերից և ՀՀ կառավարության 18․08․2021թ․ 1363-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրով սահմանված Հայաստանի երկկողմ և բազմակողմ հարաբերությունների շարունակական զարգացման և արդյունավետ համագործակցության պահանջներից։
-
Տևողություն
09.12.2025 25.12.2025 -
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Տրանսպորտ
-
Գերատեսչություն
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
-
Կարգավիճակ
Դիտումներ` 309
Տպել
Թողնել առաջարկ
Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և մուտք գործելուց հետո:
Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:
Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում: