Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

«Հյուպատոսական ծառայության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» և «Օտարերկրացիների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծեր

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Օտարերկրացիների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Հյուպատոսական ծառայության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի ընդունման

 

1.    Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Ոստիկանությունը օրենքով սահմանված կարգով և դեպքերում պարտավոր է իրականացնել քննությունից կամ պատիժը կրելուց խուսափող անձանց հետախուզում։ Օրենքով ոստիկանությանը պատվիրակված լիազորության իրականացման ընթացքում ներկայումս առաջանում են խնդիրներ՝ ինչպես հետախուզվող և օտարերկրյա պետության տարածքում գտնվող օտարերկրացիների հայտնաբերման և ՀՀ տեղափոխման, այնպես էլ՝ ՀՀ-ից օտարերկրացիների հանձնման ժամանակ, երբ ՀՀ տեղափոխվող կամ ՀՀ-ից հանձնվող անձը հանդիսանում է օտարերկրյա պետության քաղաքացի, իսկ անձնական գործում բացակայում է վերջինիս անձը հաստատող վավեր փաստաթուղթը:

Տվյալ պարագայում, հիշյալ անձանց ՀՀ տեղափոխելիս կամ ՀՀ-ից հանձնելիս, ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի համապատասխան ստորաբաժանումների ծառայողների կողմից նրանց մուտքը ՀՀ կամ ելքը ՀՀ-ից չի թույլատրվում՝ այն հիմքով, որ օտարերկրացու մոտ առկա չէ անձը հաստատող վավեր փաստաթուղթ, իսկ «Օտարերկրացիների մասին» օրենքի 6-րդ և 12-րդ հոդվածների համաձայն՝ օտարերկրացիների մուտքը և ելքը ՀՀ թույլատրվում է միայն անձը հաստատող վավեր փաստաթղի առկայության պարագայում:

Ստացվում է իրավիճակ, երբ հետախուզման մեջ գտնվող անձը, որի նկատմամբ ՀՀ տարածքում նախաձեռնված է քրեական վարույթ և որին մեղսագրվում է քրեական օրեսգրքով նախատեսված արարք, հայտնաբերվում է օտարերկրյա պետության տարածքում, հետագայում վերջինիս հանձնումը ՀՀ-ին բավարարվում տվյալ պետության իրավասու մարմնի կողմից, ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ օպերատիվ խմբի կողմից տեղափոխվում է ՀՀ՝ վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու և քրեական պատասխանատվության ենթարկելու կամ պատիժն ի կատար ածելու համար, սակայն ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի ծառայողների կողմից նրա մուտքը ՀՀ չի թույլատրվում, որի արդյունքում ենթադրյալ հանցանք կատարելու մեջ մեղադրվող կամ արդեն իսկ դատապարտված անձը խուսափում է քրեական պատասխանատվությունից և պատժից, իսկ նախաձեռնված քրեական վարույթի կամ արդեն իսկ կայացված դատավճռի ի կատար ածելու հարցը մնում է չլուծված:

Հարկ է նշել, որ ՀՀ ԱԱԾ հիշյալ ստորաբաժանման կողմից անձը հաստատող վավեր փաստաթղթի բացակայության պարագայում չի թույլատրվում նաև այդ անձանց հանձնումը օտարերկրյա պետության իրավապահ մարմինների ներկայացուցիչներին, ինչը խոչընդոտում է ՀՀ-ի կողմից վավերացված միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների կատարմանը:  Ներկա օրենսդրական բացը կարգավորելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել՝ լրացումներ կատարելու «Օտարերկրացիների մասին» և «Հյուպատոսական ծառայության մասին» օրենքներում։

 

2. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

Նախագծի ընդունումը բխում է ՀՀ Ազգային անվտանգության ռազմավարության «Դիմակայուն հասարակական անվտանգության համակարգի զարգացում» բաժնի 76-րդ կետից, այն է՝ «(․․․) ընդլայնելու և խորացնելու ենք միջազգային փոխգործակցությունը հանցավորության տարբեր դրսևորումների դեմ պայքարում»:

 

3. Առաջարկվող կարգավորման բնույթը

«Օտարերկրացիների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է սահմանել նոր հասկացություն՝ արտակարգ ճամփորդական փաստաթուղթ, որը կտրվի ՀՀ արտաքին գործերի բնագավառում լիազորված պետական կառավարման մարմնի կողմից իրավապահ մարմինների իրավասու ստորաբաժանմանը՝ հետախուզվող օտարերկրացու անվամբ՝ պետական սահմանի հատման նպատակով։ Միաժամանակ, լրացումներ են կատարվել «Օտարերկրացիների մասին» օրենքի 6-րդ և 12-րդ հոդվածներում, որի համաձայն` հետախուզվող օտարերկրացիների մուտքը և ելքը ՀՀ կթույլատրվի նաև արտակարգ ճամփորդական փաստաթղթի առկայությամբ, եթե վերջիններս չեն ունենա «Օտարերկրացիների մասին» օրենքով սահմանված անձը հաստատող վավեր փաստաթղթեր։ Բացի այդ, «Հյուպատոսական ծառայության մասին» օրենքով ՀՀ արտաքին գործերի նախարարությանը տրվել է լիազորություն, համաձայն որի՝ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը իրավապահ մարմինների իրավասու ստորաբաժանմանը տալիս է հետախուզվող օտարերկրյա քաղաքացիների կամ քաղաքացիություն չունեցող անձանց անվամբ արտակարգ ճամփորդական փաստաթուղթ՝ ՀՀ պետական սահմանի հատման նպատակով։

 

4. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները

Նախագծի ընդունմամբ պետական բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազում չի ակնկալվում։ 

 

5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը

Նախագիծը մշակվել է ՀՀ ներքին գործերի նախարարության կողմից:

 

6. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունմամբ ակնկալվում է վերացնել իրավական բացը, որը հնարավորություն կընձեռնի հետախուզվող օտարերկրացիների մուտքը ՀՀ և ելքը ՀՀ-ից նաև արտակարգ ճամփորդական փաստաթղթի առկայությամբ։

 

 

ՀՀ ներքին գործերի նախարարություն

  • Տևողություն

    24.11.2025 09.12.2025
  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Արդարադատություն, Միգրացիա և քաղաքացիություն

  • Գերատեսչություն

    Ներքին գործերի նախարարություն

  • Կարգավիճակ

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 506

Տպել

Առաջարկներ`

Թողնել առաջարկ

Առաջարկ 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Ավելացնել հաջորդ առաջարկը

Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և հետո:

Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:

Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում:

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: