Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

««Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծեր

                                                                                                                                                                      ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

 

 ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Հոդված 1. 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (այսուհետ՝ նաև Օրենսգիրք) 128-րդ հոդվածի 1-ին մասի «հիսնապատիկի» բառը փոխարինել «երկուհարյուրապատիկի» բառով։

Հոդված 2. Օրենսգրքի 154-րդ հոդվածի 4-րդ մասը ուժը կորցրած ճանաչել։

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. 2021 թվականի մայիսի 5-ի Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի (այսուհետ՝ նաև Օրենսգիրք) 60-րդ հոդվածի 2-րդ մասից «դատապարտյալի համաձայնությամբ» բառերը հանել։

Հոդված 2. Օրենսգրքի 344-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 344 Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոցներ վարելը, տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցնելու կամ այդ իրավունքից զրկելու ձևով վարչական տույժ նշանակելու վերաբերյալ կատարման ենթակա վարչական ակտը չկատարելը կամ այդ արարքները հարբած (ոչ սթափ) վիճակում կատարելը կամ սթափության վիճակի զննություն անցնելուց հրաժարվելը կամ խուսափելը

1. Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելը՝ նույն արարքի համար վարչական պատասխանատվություն սահմանող վարչական ակտ կայացվելուց հետո՝ 1 տարվա ընթացքում՝

պատժվում է տուգանքով` տասնապատիկից քսանապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով` հարյուրից երկու հարյուր ժամ տևողությամբ, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով:

2. Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցնելու կամ այդ իրավունքից զրկելու ձևով վարչական տույժ նշանակելու վերաբերյալ կատարման ենթակա վարչական ակտը չկատարելը (բացառությամբ այն դեպքերի, երբ դրա կատարումը կասեցվել է օրենքով սահմանված կարգով)՝

պատժվում է տուգանքով` տասնհինգապատիկից քսանհինգապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով` հարյուրից երկու հարյուր ժամ տևողությամբ, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով:

  3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասերով նախատեսված արարքները հարբած (ոչ սթափ) վիճակում կատարելը կամ սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասերով նախատեսված անձի կողմից սթափության վիճակի զննություն անցնելուց հրաժարվելը կամ խուսափելը

պատժվում է տուգանքով քսանապատիկից քառապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ հարյուր հիսունից երկու հարյուր յոթանասուն ժամ տևողությամբ, կամ ազատազրկմամբ՝ մեկից երեք տարի ժամկետով:

4. Սույն օրենսգրքի իմաստով՝ անձը համարվում է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող, եթե նա սահմանված կարգով չի ստացել տվյալ կարգի (ենթակարգի) տրանսպորտային միջոց վարելու իրավունքի վարորդական վկայական կամ սահմանված կարգով ստացել է վարորդական վկայական, սակայն օրենքով սահմանված կարգով զրկվել է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից, և զրկման ժամկետը լրանալուց հետո սահմանված կարգով չի վերականգնել տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը, բացառությամբ ուսումնական վարման դեպքերի:»։

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

  • Տևողություն

    20.11.2025 06.12.2025
  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Արդարադատություն, Քրեական օրենսդրություն, Ճանապարհային երթևեկության անվտանգություն

  • Գերատեսչություն

    Արդարադատության նախարարություն

  • Կարգավիճակ

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 617

Տպել

Առաջարկներ`

Սամվել Հակոբյան

21.11.2025

Առաջարկում եմ հետ կանչել նախագիծը, հետևյալ տատճառաբանությամբ.

 

Խնդրո առարկա հարցի կապակցությամբ թիվ ԵԴ1/0372/01/24 գործով դիրքորոշում է արտահայտել ՀՀ Վճռաբեկ դատարանը: Վճռաբեկ դատարանը, մասնավորապես, նշել է, որ վարելու իրավունքից զրկելը կամ այդ իրավունքը կասեցնելը պետք է լինի օրենքով սահմանված կարգով, այն է՝ իրավաչափ վարչական ակտի հիման վրա: Հակառակ պարագայում, եթե վարչական ակտը կայացվել է օրենքով սահմանված կարգի խախտմամբ և վարչական կամ դատական կարգով անվավեր է ճանաչվել, ապա քննարկվող հանցագործության օբյեկտիվ կողմը բացակայում է, քանզի վերանում է քրեական պատասխանատվության ենթարկվելու պարտադիր նախապայմանը՝ օրենքով սահմանված կարգով վարչական պատասխանատվության ենթարկված լինելը:

 

Այլ խոսքով՝ Վճռաբեկ դատարանի հիշյալ դիրքորոշումը հանգում է հետևյալ փաստական իրավիճակին. տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ իրավունքը կասեցված կարգավիճակ ունեցող անձը կարող է ենթարկվել քրեական պատասխանատվության, եթե համապատասխան վարչական ակտը, քրեական պատասխանատվության ենթարկելու պահին, անվավեր չի ճանաչվել վերադասության կամ դատական կարգով: Հակառակ դեպքում, եթե համապատասխան վարչական ակտը, վերադասության կամ դատական կարգով բողոքարկման արդյունքում, կճանաչվի անվավեր, այդպիսով՝ կարձանագրվի իրականացված վարչարարության ոչ իրավաչափ լինելը, ապա անձը չի կարող ենթարկվել քրեական պատասխանատվության, իսկ եթե վարչական ակտն անվավեր է ճանաչվել քրեական պատասխանատվության ենթարկվելուց հետո, ապա բացառիկ վերանայման գործիքակազմի կիրառմամբ՝ անձը պետք է արդարացվի: Հետևաբար, այն փաստական իրավիճակը, երբ նախաքննության կամ դատաքնության փուլում քննվում է գործն ըստ մեղադրանքի ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի, ապա այդ ենթադրյալ հանցանքը կատարելու հիմքը՝ վարչական պատասխանատվության ենթարկելու մասին որոշման վիճարկումը, եթե առկա չէ օրինական ուժի մեջ մտած վերջնական ակտ, արգելք չէ նախաքննությունը կամ դատաքննությունը շարունակելու համար:

 

Վերը նշված եզրահանգումներն ուղղակիորեն բխում են թիվ ԵԴ1/0372/01/24 գործով Վճռաբեկ դատարանի արտահայտած դիրքորոշումներից, քանի որ անվավեր ճանաչվելու ենթակա ակտը, որպիսին որ կարող է լինել պարեկային ծառայողի կողմից իրականացված վարչարարության արդյունքում կայացված ակտը, օրինական է, քանի դեռ վերադասության կամ դատական կարգով հակառակը, այն է՝ անվավեր լինելը չի արձանագրվել (ի տարբերություն առ ոչինչ լինելու դեպքերի, ոչ թե անվավեր, այլ՝ առ ոչինչ, քանի որ առ ոչինչ վարչական ակտն ընդունվելու պահից իրավաբանական ուժ չունի և ենթակա չէ կատարման - վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին ՀՀ օրենք, հոդված 62):

 

Մինչդեռ, սույն նախագծի հիմնավորումներում նշել եք, որ //Այս կապակցությամբ նկատենք, որ ներկայիս կարգավորումների պայմաններում անձի նկատմամբ վարչական պատասխանատվություն կիրառված լինելը գործնականում դարձել է տրանսպորտային միջոց վարելու իրավունքը կասեցված, այն չունեցող կամ դրանից զրկված անձին քրեական պատասխանատվության ենթարկելու ոչ թե նախապայման, այլ գործնական խոչընդոտ։ Տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված, այն չունեցած կամ նման իրավունքը կասեցված անձը կարողանում է տևական ժամանակ զերծ մնալ քրեական պատասխանատվությունից՝ վիճարկելու միջոցով հետաձգելով դրա վարչական նախապայմանի վրա հասնելը, ինչը չի բխում այսպիսի արարքների նկատմամբ արագ իրավական հակազդեցության անհրաժեշտությունից և խաթարում է ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման խնդրի պատշաճ իրացումը։ Քրեական պատասխանատվության վարչական նախապայմանները վիճարկելու արդյունքում իրենց իրավախախտումը կրկնում և ճանապարհային երթևեկությանը շարունակում են մասնակցել անձինք, ովքեր այդպիսի իրավունք չունեն//։

 

Վերը ներկայացված եզրահանգումների լույսի ներքո փաստվում է նախագծով նշված հիմնավորման անհաշտությունը, քանի որ վարչական ակտի վիճարկումը (ինչպես նշվեց, բացառությամբ այն դեպքի երբ առկա է վարչական ակտն անվավեր ճանաչելու օրինական ուժի մեջ մտած ակտ) չի կարող հիմք հանդիսանալ քրեական պատասխանատվության ենթարկելը ձգձգելու համար:

 

Նշվածը պայմանավորված է այն հանգամանքով, որ առաջին՝ վարչական ակտի վիճարկումը (ոչ թե օրինական ուժի մեջ մտած ակտը, այլ՝ վիճարկումը) նախադատելի չէ քրեական պատասխանատվության հարցը լուծելու համատեքստում, երկրորդ՝ վարչական ակտի վիճարկումը (եթե առկա չէ այն անվավեր ճանաչելու մասին օրինական ուժի մեջ մտած ակտ) քրեական վարույթի կամ քրեական գործի կասեցման հիմք չէ:

 

Ողջ վերոգրյալի արդյունքում գտնում եմ, որ նախագծով ներկայացված հիմնավորումները չեն համապատասխանում թիվ ԵԴ1/0372/01/24 գործով Վճռաբեկ դատարանի արտահայտած դիրքորոշումներին, հետևապես՝ փաստվում է նախագծով առաջարկվող փոփոխությունները կատարելու անհրաժեշտության բացակայությունը:

 

Հ.Գ. դատական պրակտիկայի ուսումնասիրությունը նույնպես վկայում է իմ կողմից ներկայացված հիմնավորումները դատարանների կողմից ընդունելի լինելու մասին, օրինակ՝ ԿԴ/1171/01/24 ՎԴ/16163/05/24:

Տեսնել ավելին

Թողնել առաջարկ

Առաջարկ 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Ավելացնել հաջորդ առաջարկը

Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և հետո:

Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:

Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում:

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: