Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

ՏԱՐԵՑ ԿԱՄ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԽՆԱՄՔԻ (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ԽՆԱՄԱՏԱՐ ԸՆՏԱՆԻՔՆԵՐՈՒՄ ԿԱՄ ԽՆԱՄԱԿԱԼԻ ԿԱՄ ՀՈԳԱԲԱՐՁՈՒԻ ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԽՆԱՄՔԻ) ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԱՍՀ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆ

Հավելված

Հայաստանի Հանրապետության

աշխատանքի և սոցիալական հարցերի

նախարարի 2025 թվականի

դեկտեմբերի «____»-ի N _____-Ն հրամանի

 

 

ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐ

ՏԱՐԵՑ ԿԱՄ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԽՆԱՄՔԻ (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ԽՆԱՄԱՏԱՐ ԸՆՏԱՆԻՔՆԵՐՈՒՄ ԿԱՄ ԽՆԱՄԱԿԱԼԻ ԿԱՄ ՀՈԳԱԲԱՐՁՈՒԻ ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԽՆԱՄՔԻ) ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1.   Սույն չափորոշիչները տարածվում են տարեց կամ հաշմանդամություն ունեցող անձանց (այսուհետ՝ շահառու) խնամք տրամադրող կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի նկատմամբ՝ անկախ կազմակերպաիրավական տեսակից, սեփականության ձևից և ֆինանսավորման աղբյուրից: Շահառուի խնամքի չափորոշիչները տարբերվում են ելնելով խնամքի տեսակից՝

1)   տնային պայմաններում կամ

2)   ցերեկային կենտրոններում կամ

3)  բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններում (այսուհետ՝ շուրջօրյա խնամքի կենտրոն) կամ

4)  համայնքային փոքր տներում (այսուհետ՝ փոքր տուն)։

2.   Սույն չափորոշիչները սահմանում են շահառուին տրամադրվող խնամքի, սննդի տեսականու, քանակական սահմանաչափերի, էներգետիկ արժեքների (կալորիականության), հաճախականության և որակի, շահառուին տրամադրվող հագուստի և կոշկեղենի, անկողնային պարագաների, և ընդհանուր օգտագործման այլ իրերի, խնամքի և ընդհանուր օգտագործման համար անհրաժեշտ սանիտարահիգիենիկ պարագաների, մաքրիչ նյութերի և սպասքի, ծառայություն մատուցող կազմակերպության տարածքի, կահույքի և մասնագետների հաստիքային միավորների սահմանաչափերը, նորմերը և նվազագույն պահանջները։

3.  Շահառուի բարեկեցության ապահովման նպատակով՝ շուրջօրյա խնամք մատուցող կազմակերպությունները պարտավոր են նրանց տրամադրել սեռատարիքային առանձնահատկություններին, եղանակային պայմաններինև կարիքներին համապատասխան հագուստ, կոշկեղեն, անհրաժեշտ կահույք, անձնական հիգիենայի և ընդհանուր օգտագործման այլ պարագաներ։

4.  Շահառուին սնունդ տրամադրվում է շուրջօրյա խնամքի կենտրոնում, փոքր տանը և ցերեկային կենտրոնում։

5.  Շահառուին խնամք մատուցող կենտրոնների, հաստատությունների կամ կազմակերպությունների (այսուհետ՝ խնամք տրամադրող կազմակերպություն) տեղադիրքին, հողամասի, տարածքի, բնակելի շենքերի և այլ շինությունների սենքերի կառուցվածքին, գույքին, սարքավորումներին, օդի ջերմային ռեժիմին, բնական և արհեստական լուսավորությանը, ջրամատակարարմանը և կեղտաջրերի հեռացմանը, շահառուի ռեժիմին, բժշկական օգնության և սպասարկման կազմակերպմանը, կազմակերպության պահպանման և սանիտարական վիճակին ներկայացվող սանիտարահամաճարակաբանական և հիգիենիկ պահանջները, ինչպես նաև անձնակազմի ծանրաբեռնվածությունը սահմանվել են՝ ուղղորդվելով Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2020 թվականի դեկտեմբերի 10-ի թիվ 95-Ն հրամանով։

6.  Խնամք տրամադրող կազմակերպությունում աղմուկի և թրթռման (վիբրացիայի) թույլատրելի մակարդակներին ներկայացվող պահանջները սահմանվում են համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2002 թվականի մարտի 6-ի թիվ 138 և 2006 թվականի մայիսի 17-ի թիվ 533-Ն հրամանների:

7.   Գնումների գործընթացը կազմակերպվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի թիվ 526-Ն որոշմամ սահմանված դրույթներին համապատասխան։

8.  Սույն չափորոշիչները նվազագույնն են, ինչը նշանակում է, որ խնամք տրամադրող կազմակերպությունները, ի թիվս դրանց, կարող են կիրառել այլ չափորոշիչներ, որոնք համապատասխանում են միջազգայնորեն ընդունված առաջադեմ չափորոշիչներին և բխում են շահառուի լավագույն շահից:

 

2. ՏԱՐԵՑ ԿԱՄ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՏՆԱՅԻՆ ԽՆԱՄՔԻ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ

 

9.     Տնային խնամքը տրամադրվում է կյանքի դժվարին իրավիճակում հայտնված, չաշխատող կամ տնային պայմաններում աշխատող տարեց անձանց կամ հաշմանդամություն ունեցող այն անձանց, ովքեր ունեն հենաշարժական, տեսողության, հոգեկան առողջության կամ մտավոր խնդիրներով պայմանավորված ֆունկցիոնալության խորը կամ ծանր աստիճանի սահմանափակում (մտավոր խնդիրների դեպքում՝ նաև միջին աստիճանի), և չեն կարողանում կամ զգալիորեն դժվարանում են ինքնուրույն կազմակերպել իրենց կենցաղային առօրյան։

10.   Տնային խնամքը տրամադրվում է նաև ֆունկցիոնալության վերոնշյալ սահմանափակումներ ունեցող մինչև 18 տարեկան հաշմանդամություն ունեցող երեխաներին։

11.    Հաշմանդամոյւթյուն ունեցող անձանց, այդ թվում երեխաներին, տնային խնամքի ծառայությունը տրամադրվում է, եթե այն ցուցված է նրանց ծառայությունների անհատական ծրագրում (ԾԱԾ)։

12.    Տնային խնամքի շրջանակում շահառուին մատուցվում են հետևյալ ծառայությունները՝

1)      կենցաղային սպասարկում,

2)      բժշկական օգնություն և սպասարկում,

3)     սոցիալ-հոգեբանական օգնություն,

4)     խորհրդատվական օգնություն,

5)     գնահատված կարիքների հիման վրա՝ ըստ անհրաժեշտության, խորհրդատվական օգնությունը կարող է ուղղված լինել նաև շահառուի հոգեկան առողջության վերականգնմանը, ինչպես նաև կարող է տրամադրվել նրա ընտանիքին՝ հոգեկան և վարքային այլ խանգարումներ ունեցող անձանց առանձնահատկությունների, նրանց հետ հաղորդակցվելու հմտությունների, սոցիալական իրավունքների վերաբերյալ,

6)     աջակցող միջոցներով ապահովելու կամ այլ ծառայություններ ստանալու գործընթացի կազմակերպում,

7)      անկախ կյանքի հմտությունների ձևավորում (ինքնասպասարկման, կենցաղավարման, տեղաշարժման, հաղորդակցման, ուսումնառության, միջանձնային և սոցիալական հարաբերություններ ստեղծելու հմտություններ)։

13.    Ըստ անհրաժեշտության և գնահատված կարիքի, շահառուին կարող է մատուցվել հոգեբանական ծառայություն, ինչպես նաև հոգեբույժի պարբերական հսկողություն։

14.    Տնային խնամքի շրջանակում մատուցվող ծառայությունները որոշվում և համաձայնեցվում են շահառուի անհատական սոցիալական կարիքների գնահատման արդյունքում և արտացոլվում են շահառուի համար մշակված անհատական սոցիալական ծրագրում։

15.   Երեխաներին ծառայությունները մատուցվում են՝ ելնելով նրանց լավագույն շահերից և հաշվի առնելով երեխայի կարծիքը՝ նրա տարիքին ու զարգացման մակարդակին համապատասխան, և միայն ծնողի կամ օրինական ներկայացուցչի կողմից խնամք տրամադրողի հետ նախապես երեխային ծանոթացնելուց հետո։

16.    Անկողնային խնամքի կարիք ունեցող և շուրջօրյա խնամքի կենտրոն ուղեգրման հերթացուցակներում հաշվառված անձանց, մինչև վերջիններիս ուղեգրումը շուրջօրյա խնամքի կենտրոն, կարող է տրամադրվել տնային պայմաններում խնամք՝ պարզեցված ընթացակարգով, համաձայն որի անկողնային խնամքի կարիք ունեցող անձը շուրջօրյա խնամքի կենտրոն ուղեգրման գործընթացի շրջանակում արդեն իսկ ձևավորված փաստաթղթերի փաթեթի հիման վրա Միասնական սոցիալական ծառայության համապատասխան տարածքային կենտրոնի կողմից ուղեգրվում է տնային պայմաններում խնամքի՝ առանց հավելյալ փաստաթղթային ձևակերպումների՝ լրացնելով միայն պարզեցված ընթացակարգով տնային պայմաններում խնամքի տրամադրման դիմումը՝ լիազորված մարմնի կողմից հաստատված ձևի համաձայն:

17.  Տնային պայմաններում խնամքի ծառայությունը տրամադրվում է շաբաթվա բոլոր օրերին՝ 9։00-18։00-ն ընկած ժամանակահատվածում՝ շահառուի հետ կնքված պայմանագրի շրջանակում՝ Աղյուսակներ 1-ում և 2-ում սահմանված հաճախականությամբ՝ հետևյալ ծառայությունների տեսքով`

1) կենցաղային սպասարկում՝ սոցիալական սպասարկողի կողմից շահառուի անձնական հիգիենայի ապահովում, (ներառյալ լվացվելը, գիշերանոթների փոխումը, ատամների մաքրումը, սափրվելը, պրոթեզների խնամքը, օգնություն հագնվելու, զգեստները փոխելու, անկողինը փոխելու և հարդարելու հարցում և այլն), բնակարանի մաքրում (ներառյալ սպասքի լվացումը, խոնավ մաքրումը, կենցաղային աղբի դուրսբերումը և այլն), լոգանքի կազմակերպում, գնումների իրականացում (սննդամթերքի, դեղորայքի և այլ փոքրածավալ անհրաժեշտ իրերի գնում, ընդ որում, գնված ապրանքների գումարային քաշը չի կարող գերազանցել 10 կիլոգրամը, իսկ հեռավորությունը շահառուի տնից պետք է լինի առավելագույնը 500 մետր), կոմունալ վարձավճարների մուծում, սննդի կազմակերպում, սննդի կազմակերպման ծառայություն տրամադրող ճաշարանից կերակրի առաքում տուն, անհրաժեշտության դեպքում՝ կերակրում, լրացուցիչ գործառույթներ՝ սոցիալական աշխատողի և բուժքրոջ ցուցումով,

2) բժշկական օգնություն և սպասարկում՝ բուժքրոջ կողմից բժշկի նշանակումների կատարում (ներարկում, դեղերի տրամադրում և այլն), ըստ անհրաժեշտության` բժշկի կանչի գրանցում, սպասարկող պոլիկլինիկա այցելության կազմակերպում կամ այլ բժշկական հաստատություններ ուղղորդում և ուղեկցում, հիվանդանոցային բուժման նպատակով հաստատություններ ընդունվելու գործում աջակցության ցուցաբերում, անձի ֆունկցիոնալության գնահատման գործընթացի կազմակերպում, հոգեկան առողջության խնդիրներ ունեցող շահառուների դեպքում՝ նաև հոգեբույժի պարբերական հսկողություն,

3) սոցիալ-հոգեբանական օգնություն՝ սոցիալական աշխատողի կողմից շահառուի սոցիալական կարիքի գնահատում տարեկան առնվազն երկու անգամ, ուղղորդում, ուղեկցում և համապատասխան աջակցության ցուցաբերում, աջակցող միջոցներով ապահովելու գործընթացի կազմակերպում, շահառուի նախասիրությունների բացահայտում և տարաբնույթ ծառայությունների և միջոցառումների, այդ թվում՝ էքսկուրսիաների կազմակերպում, տոների ու հիշարժան օրերի նշում և այլն՝ կիսամյակն առնվազն մեկ անգամ, շահառուի սոցիալական կարիքի կրկնակի գնահատման դեպքում՝ ծառայության տեսակների և հաճախականության վերանայում.

4) խորհրդատվական օգնություն՝ սոցիալական աշխատողի կողմից շահառուի իրավունքների ու շահերի պաշտպանություն և դրանց վերաբերյալ տեղեկատվության տրամադրում, անհրաժեշտ սոցիալական աջակցության կազմակերպում և աջակցություն սոցիալական խնդիրների լուծմանը՝ տարատեսակ փաստաթղթերի, սոցիալական ապահովության խնդիրների լուծման հարցերում: Հոգեկան առողջության խնդիրներ, ինչպես նաև ծանր ու խորը ֆունկցիոնալության սահմանափակում ունեցող շահառուների դեպքում խորհրդատվական օգնություն տրամադրվում է նաև շահառուի ընտանիքի անդամներին։

5) անկախ կյանքի հմտությունների ձևավորում՝ ըստ անհրաժեշտության հոգեբանի կամ էրգոթերապիստի կողմից շահառուի ֆիզիկական, զգայական և ճանաչողական կարողությունների, ինչպես նաև շրջակա միջավայրի խոչընդոտների մասնագիտական գնահատման հիման վրա շահառուի ֆունկցիոնալ անկախության, ինքնուրույնության և կյանքի որակի բարելավման համար անհատականացված միջամտությունների միջոցով՝ ներառյալ կենցաղային հմտությունների վերականգնում, հարմարեցված գործիքների օգտագործման ուսուցում, տան պայմանների բարելավման առաջարկներ և անվտանգության ապահովման մեխանիզմներ։

18.    Տնային պայմաններում խնամքի ծառայություններ ստացող շահառուները, համաձայն օրենսդրության, ընդգրկվում են երկու խմբում՝

ա) մշտական խնամքի կարիք չունեցող,

բ) մշտական, այդ թվում անկողնային խնամքի կարիք ունեցող։

19.    Տնային պայմաններում խնամք ստացող շահառուներն ընդգրկվում են մշտական խնամքի կարիք չունեցողների խմբում ներքոնշյալ գործողություններից առնվազն երեքը մասամբ ինքնուրույն կատարելու դեպքում՝

1)   ինքնասպասարկման ապահովման ունակություն,

2)   ինքնուրույն տեղաշարժվելու կարողություն,

3)  ուսումնառության կարողություն,

4)  աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողություն,

5)  կողմնորոշվելու կարողություն,

6)  հաղորդակցվելու կարողություն,

7)   սեփական վարքը հսկելու կարողություն:

20.    Տնային պայմաններում խնամք ստացող շահառուներն ընդգրկվում են մշտական, այդ թվում անկողնային խնամքի կարիք ունեցողների խմբում 19-րդ կետում նշված գործողություններից առնվազն երեքն ինքնուրույն կատարել չկարողանալու դեպքում։

21. Անկողնային խնամքի կարիք ունեցող կամ անկողնային հիվանդ է համարվում այն անձն, ով հիվանդության, տրավմայի կամ ֆիզիկական թուլության հետևանքով ի վիճակի չէ ինքնուրույն վեր կենալ անկողնուց կամ տեղաշարժվել, ժամանակի մեծ մասն անց է կացնում անկողնում և կողմնակի անձի աջակցության կարիք ունի ինքնասպասարկման հարցում:

22.   Աղյուսակ 1-ը սահմանում է տարեց անձանց տնային պայմաններում խնամքի շրջանակում տրամադրվող ծառայությունների մատուցման հաճախականությունն ու տևողությունը, իսկ Աղյուսակ 2-ը սահմանում է հաշմանդամություն ունեցող անձանց, այդ թվում երեխաներին, տնային պայմաններում տրամադրվող խնամքի ծառայությունների մատուցման հաճախականությունն ու տևողությունը: Աղյուսակ 1-ում նշված ծառայությունների մատուցման համար անհրաժեշտ հաստիքային միավորները նշված են Աղյուսակ 3-ում, իսկ Աղյուսակ 2-ում նշված ծառայությունների մատուցման համար անհրաժեշտ հաստիքային միավորները նշված են Աղյուսակ 4-ում ՝ ըստ շահառուների խմբերի:

  • Քննարկվել է

    14.11.2025 - 01.12.2025

  • Տեսակ

    Հրաման

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն

  • Գերատեսչություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

  • Կարգավիճակ

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 664

Տպել

Առաջարկներ`

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: