Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

«ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

««ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ և

 ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

Նախագծի ընդունման անհրաժեշտությունը 2026 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո ընտանիքում ծնված 3-րդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի համար 50,000 դրամական աջակցություն նշանակելու ու վճարելու շարունակականությունն ապահովելն է, իրավակիրառ պրակտիկայում ծագած խնդիրների լուծումը։

 

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 2169-Լ որոշման ընդունումը բխել է Կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշման հավելվածով հաստատված՝  Հայաստանի Հանրապետության կառավարության հնգամյա ծրագրի 4.1-ին (Ժողովրդագրություն) բաժնից, որով սահմանված են ժողովրդագրական իրավիճակի բարելավմանն ուղղված  միջոցառումները։

Ժողովրդագրական իրավիճակի բարելավման համատեքստում էլ ընդունվել է Որոշումը, որի շրջանակներում ընտանիքում 3-րդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծննդյան կապակցությամբ տրվում է ամսական 50,000 դրամի չափով աջակցություն, որը նշանակվում է, եթե երեխան ծնվել է 2022 թվականի հունվարի 1-ին կամ դրանից հետո՝ մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ։

Որոշման 3-րդ կետի 2-րդ ենթակետի հաշվառմամբ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը քննարկվող ծրագիրը  շարունակելու նպատակահարմարության հարցը քննարկելու նպատակով Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի 2022 թվականի օգոստոսի 3-ի N 100-Ա/1 հրամանի համաձայն՝ իրականացրել է «1068. Ժողովրդագրական վիճակի բարելավում» բյուջետային ծրագրի «12004 Ընտանիքում 3 և ավելի երեխա ունեցող ընտանիքներին դրամական աջակցություն» միջոցառման մշտադիտարկում և գնահատում, որի վերաբերյալ հաշվետվության արդյունքները հրապարակված են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կայքում՝ https://www.mlsa.am/storage/budget-sub-items/June2025/Sxb2vH38Z97oanh9Edqx.docx։

Քննարկվող ծրագրի մշտադիտարկումն ու գնահատումն իրականացվել է ինչպես  վիճակագրական տեղեկատվության հաշվառմամբ, այնպես էլ շահառուների շրջանում կատարված հարցման արդյունքների վերլուծությամբ։

Կատարված բազմակողմանի ուսումնասիրությունների և վերլուծությունների արդյունքները հանգեցրել է այն եզրակացության, որ քննարկվող ծրագիրը ունեցել է զգալի դրական ազդեցություն՝ երրորդ և հերթական ծնված երեխաների թվի, ինչպես նաև երեխաների խնամքի ապահովման և բարեկեցության վրա, ինչն էլ իր հերթին ունեցել է ժողովրդագրական վիճակի բարելավման վրա որոշակի դրական ազդեցություն:

Այս համատեքստում, հաշվի առնելով քննարկվող միջոցառման դրական ազդեցությունները ինչպես ժողովրդագրական իրավիճակի, այնպես էլ 3 և ավել երեխա ունեցող ընտանիքների բարեկեցության վրա (որպես լրացուցիչ ֆինանսական հոսք այդ ընտանիքներ), առաջարկում ենք ընտանիքում 3-րդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծննդյան կապակցությամբ աջակցության  ծրագրի իրականացման ձևաչափը՝ դրան տալով ավելի բարձր իրավական կարգավիճակ. «Պետական նպաստների մասին» օրենքով սահմանել որպես պետական նպաստի տեսակ։

Այս դեպքում, ժողովրդագրական իրավիճակի բարելավման նպատակով երեխայի ծնունդով պայմանավորված կնշանակվեն հետևյալ պետական նպաստները.

1.        երեխայի ծննդյան միանվագ նպաստ, որը միանվագ բնույթի է, նշանակվում է նոր ծնված յուրաքանչյուր երեխայի համար և չափը պայմանավորված է երեխայի կարգաթվով,

2.        մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստ, որը պարբերական է (մինչև երեխայի 2 տարին լրանալը), նշանակվում է յուրաքանչյուր երեխայի համար և չափը պայմանավորված է ծնողի՝ խնամքի արձակուրդում գտնվելու հանգամանքով,

3.       3-րդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստ, որը կնշանակվի միայն 3-րդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծննդյան կապակցությամբ և կունենա պարբերական բնույթ (մինչև երեխայի 6 տարին լրանալը)։

Ստացվում է, որ երեխայի կարգաթվով պայմանավորված տարբերակում նախատեսված կլինի վերը նշված՝ 1-ին և 3-րդ նպաստների պարագայում (1-ինի դեպքում՝ նպաստի չափով պայմանավորված, 3-րդի դեպքում՝ նպաստի իրավունքով)։

Ըստ այդմ, ընտանիքում 3-րդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծննդյան կապակցությամբ նշանակվող ամսական 50000 դրամի աջակցությունը որպես պետական նպաստ սահմանելու դեպքում, առաջարկում ենք վերանայել նաև երեխայի ծննդյան միանվագ նպաստի՝ երեխայի կարգաթվով պայմանավորված չափեր սահմանելու Օրենքի կարգավորումները։ Այս դեպքում, Օրենքում համապատասխան փոփոխություններ կատարելուց հետո երեխայի ծննդյան միանվագ նպաստը կսահմանվի 500 հազար դրամ՝ նոր ծնված յուրաքանչյուր երեխայի ծննդյան դեպքում՝ անկախ նրա կարգաթվից։

Զուգահեռ այս մոտեցման նպատակահարմար է անդրադառնալ նաև երեխայի ծննդյան միանվագ նպաստի, որպես ժողովրդագրական իրավիճակի բարելավմանն ուղղված միջոցառման արդյունավետության հարցին։ Հարցի շրջանակում առաջարկվում է կատարել երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափի համահարթեցում, որպես, մի կողմից հանրային քաղաքականության և վարչարարության պարզեցման, իսկ մյուս կողմից՝ ծնելիության խթանման գործում արդարության, կանխատեսելիության և հոգեբանական խթանման ավելի հավասարակշռված գործիք՝ հետևյալ պատճառներով.

1. Սոցիալական համախմբման սկզբունք

Տարբերակված միանվագ նպաստները՝ ըստ երեխայի կարգաթվի, կարող է ընկալվել՝ որպես խտրականություն.

·       այն ընտանիքների համար, որոնք օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով որոշել են ունենալ 1 կամ 2 երեխա՝ նաև ռացիոնալ պատճառներով (կարիերայի անորոշություն, առողջական ռիսկեր և այլն),

·  այն ընտանիքների համար, որոնց սոցիալական վիճակը թույլ չի տալիս շատ երեխաներ ունենալ։

Հավասար նպաստը հասարակությանը հաղորդում է պետական կարևոր ուղերձ մարդկային կապիտալի տրամաբանության մեջ՝ «յուրաքանչյուր նորածին կարևոր է պետության համար, անկախ նրանից՝ որերորդն է ընտանիքում»։

2. Կանխատեսելի ուղերձ՝ ծնող դառնալու որոշում կայացնելու համար

·  Որպես կանոն, ծնող դառնալու որոշումը կայացվում է ոչ թե 3-րդ կամ 4-րդ երեխայի ծնվելու պահին, այլ 1-ինի դեպքում։

·  Եթե պետության ուղերձը հետևյալն է. «1-ին երեխայի դեպքում մենք տալիս ենք ավելի քիչ, որովհետև դեռ քիչ երեխաներ ունեք» - սա ապախթանող և պասիվացնող ազդակ է։

·  Համահարթ նպաստը կարող է դառնալ կյանքի նոր փուլի շեմին պետության վստահելի աջակցություն, ինչը հոգեբանական և նյութական առումով կարող է խթանել ծնող դառնալու որոշման կայացմանը։

Ծնելիությունը խթանվում է ոչ թե 3-րդ կամ 4-րդ երեխային, այլ հենց՝ 1-ին երեխայի ծննդյան առիթով կայացվող որոշմամբ։

3. Պետական քաղաքականության պարզեցում և թափանցիկություն

Համահարթեցումը վերացնում է բյուրոկրատական քաշքշուկները և պարզեցնում է վարչարարությունն ու արագացնում է որոշումների կայացման ժամկետը, հատկապես տարբեր ամուսնությունների դեպքում երեխայի կարգաթիվը որոշելիս.

Արդյունքում, ստացվում է պարզ, թափանցիկ, կանխատեսելի համակարգ, որը շահառուների մոտ ձևավորում է վստահություն պետության նկատմամբ, իսկ պետությունը, ի դեմս Միասնական սոցիալական ծառայության, ծախսերի կրճատում կարող է կատարել, այդ թվում՝ կադրային և կառուցվածքային օպտիմալացման իմաստով։

4. Արդյունավետության համեմատություն՝ տարբերակված աջակցություն/լայն ընդգրկում

·  Միջազգային գնահատականները (այդ թվում՝ OECD, UNFPA) ցույց են տալիս, որ ծնելիության վրա առավել ազդեցիկ են այն ծրագրերը, որոնք հասցեագրված են ծնողության առաջին փուլում՝ հատկապես առաջին երեխայի ծննդյան դեպքում, երբ ծնողները կարիք ունեն հաստատվելու, խթանման և ոգեշնչման։

·  Իսկ բարձր կարգաթվով երեխաների համար ֆինանսական խթանները որոշիչ են լինում միայն այն երկրներում, որտեղ արդեն կան լայնածավալ ընտանեկան աջակցության համակարգեր (Ֆրանսիա, Հունգարիա, Ֆինլանդիա և այլն)։

Հայաստանում, որտեղ ընդհանուր պտղաբերության մակարդակը փոխարինման (2.11) շեմից ցածր է, և վերջին հրապարակված տվյալների համաձայն կազմում է 1.885, ցանկացած նորածնի խրախուսումը բարձր առաջնահերթություն է, և չպետք է պայմանավորվի նրա կարգաթվով։

Ընդհանուր առմամբ՝ երեխայի ծննդյան միանվագ նպաստը պետք է լինի (ընկալվի) ոչ թե որպես պարգև ըստ երեխայի կարգաթվի, այլ աջակցություն՝ ծնող դառնալու կամ ընտանիքում շատ երեխաներ ունենալու որոշման կայացման խթանման նպատակով։

Արդյունքում, անկախ երեխայի կարգաթվից, միանվագ նպաստի համահարթեցումը.

·  ամրապնդում է պետական ուղերձի հավասարությունը,

·  խթանում է ծնողական որոշման կայացման առաջին փուլը,

·  պարզեցնում է համակարգն ու վարչարարությունը,

·  ապացուցված ազդեցություն ունի ոչ միայն 3-րդ երեխայի ծնելիության, այլ նաև ընդհանուր ժողովրդագրական միջավայրի բարելավման վրա,

·  բյուջեում կխնայի որոշակի միջոցներ, որոնք կարող են ուղղվել Ժողովրդագրության ռազմավարության ներքո իրականացվելիք նոր և առաջնահերթ միջոցառումների ֆինանսավորմանը։

Բացի դրանից, խնդրահարույց է երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակելու միջոցով ժողովրդագրական իրավիճակի բարելավմանը նպաստելու նպատակի հասանելիությունն այն դեպքում, երբ երեխան ծնվել է օտարերկրյա պետությունում և նրա ծննդի պետական գրանցումն իրականացրել է այդ պետության իրավասու մարմինը կամ երեխայի ծննդյան միանավագ նպաստ նշանակվում է օտարերկրյա քաղաքացի ծնողին։

Բացի այդ անհրաժեշտություն է առաջացել լուծել իրավակիրառ պրակտիկայում ծագած առանձին խնդիրներ, այն է՝

-         հստակեցնել  չաշխատող անձին տրվող մայրության նպաստի վճարման կարգը,

-         սահմանել առանձնահատկություններ՝ օտարերկրյա պետությունում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմիններում դիվանագիտական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձին, Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող՝ դիվանագիտական ծառայության մարմիններում վարչատեխնիկական կամ սպասարկման անձնակազմում աշխատող անձին խնամքի  նպաստի իրավունքը որոշելու, խնամքի նպաստ  նշանակելու և վճարելու համար,

-         ուժը կորցրած ճանաչել օրենքի 8.1-ին գլուխը,

-         խմբագրել Օրենքի 37-րդ հոդվածը (Քաղաքացիների պատասխանատվությունը)՝ հաշվի առնելով Օրենքի՝ նոր լրացվող դրույթները, գործող դրույթների հստակեցման անհրաժեշտությունը։

       Միաժամանակ, 2024թ.-ի նոյեմբերի 14-ին ուժի մեջ է մտած «Սոցիալական աջակցության մասին» օրենքի 26-րդ հոդվածը սահմանել է խնամքի տեսակները, ինչից ելնելով ՀՀ օրենսդրությունում այլևս չի կիրառվում մանկատուն եզրույթը և համապատասխանաբար խնամք տրամադրում են կոնկրետ կազմակերպությունները:

 

1.2. Առկա խնդրի առաջարկվող լուծումը

Հաշվի առնելով վերը նշվածը՝ առաջարկվում է ընդունել ««Պետական նպաստների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը։

 

 2. Կարգավորման առարկան

Օրենքի նախագծով առաջարկվում է՝

1.        սահմանել պետական նպաստի նոր տեսակ՝ երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի նպաստը, որը բովանդակային առումով իրենից կներկայացնի Կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 2169-Լ որոշմամբ սահմանված՝ ընտանիքում 3-րդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծննդյան կապակցությամբ տրվում է ամսական 50000 դրամի չափով աջակցության շարունակությունը (միաժամանակ լուծվել են այս աջակցության տրամադրման ընթացքում իրավակիրառ պրակտիկայում ծագած խնդիրները)։ Ընդ որում, նպաստը կնշանակվի առցանց դիմումի հիման վրա՝ հիմք ընդունելով հարակից շտեմարաններից ինքնաշխատ եղանակով ստացված տեղեկատվությունը։ Կառավարության սահմանած դեպքերում դիմումին կից կներկայացվի նաև փաստաթուղթ (հիմնականում՝ սերման փաստը հաստատող) և միայն այս դեպքում հարկ կլինի դիմումը ներկայացնել Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն,

2.       կստեղծվեն իրավական հիմքեր երեխայի ծննդյան միանվագ նպաստի համահարթ չափ (նախատեսվում է 500,000 դրամ) սահմանելու համար (նպաստի չափը չի տարբերակվի նոր ծնված երեխայի կարգաթվով),

3.       սահմանել, որ օտարերկրյա պետությունում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմիններում դիվանագիտական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձին, Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող՝ դիվանագիտական ծառայության մարմիններում վարչատեխնիկական կամ սպասարկման անձնակազմում աշխատող անձին խնամքի  նպաստ  նշանակվում է անկախ դիմելու օրվա դրությամբ ծնողի և շահառու երեխայի՝ Հայաստանի Հանրապետությունում գտնվելու հանգամանքից, եթե երեխայի ծննդի պետական գրանցումն իրականացրել է Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմինը (պահպանվում է երեխայի ծննդյան միանվագ նպաստի դեպքում կիրառվող կարգավորումների տրամաբանությունը),

4.       ուժը կորցրած ճանաչել օրենքի 8.1-ին գլուխը,

5.       հստակեցնել  Օրենքի 37-րդ հոդվածով սահմանված՝ սխալմամբ (Հայաստանի Հանրապետության օրենքի խախտմամբ) ավել վճարված նպաստի գումարները պետական բյուջե վերադարձման կամ դատական կարգով բռնագանձման առնչվող հարաբերությունները։

6.       Նախագծերով շտկվում են խնամքի ոլորտում կիրառվող եզրույթները, մասնավորապես չի կիրառվում «մանկատուն» կամ «ծերանոց» ձևակերպումները, այլ կիրառվում են «հաստատությունում (բացառությամբ ապաստարանում կամ երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոնում) կամ ընտանեկան միջավայրին մոտ տներում խնամք տրամադրող կազմակերպությունում» խնամվող անձանց:» ձևակերպումները:

 

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման դեպքում կապահովվի 2026 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո ընտանիքում ծնված 3-րդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի համար 50,000 դրամական աջակցություն նշանակելու ու վճարելու շարունակականությունը, կլուծվեն իրավակիրառ պրակտիկայում ծագած խնդիրները։ 

 

4.       Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

Նախագիծը բխում է Կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշման հավելվածով հաստատված՝  Հայաստանի Հանրապետության կառավարության հնգամյա ծրագրի 4.1-ին (Ժողովրդագրություն) բաժնից։

 

5. Տեղեկանք պետական բյուջեի եկամուտների և ծախսերի վերաբերյալ

Նախագծի ընդունման դեպքում պետական բյուջեի եկամուտները չեն փոխվի և ծախսերը կնվազեն, իսկ 2026 թվականին կկազմի շուրջ 1 մլրդ 157 մլն դրամի չափով՝ ի հաշիվ երեխայի ծննդյան միանվագ նպաստ համակարգում կատարված փոփոխությունների։

Նախագծի ընդունման դեպքում պետական բյուջեի եկամուտները չեն փոխվի, իսկ  ծախսերը՝

1) երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի նպաստի մասով չեն փոխվի, քանի որ ՀՀ 2026-2028 ՄԺԾԾ-ով նախատեսված 32.9 մլրդը բավարար է նպաստի տարեկան ծախսերը կատարելու համար,

2) կնվազեն ի հաշիվ երեխայի ծննդյան միանվագ նպաստ համակարգում կատարված փոփոխությունների՝ 2026 թվականի 4-րդ եռամսյակում՝ շուրջ 700 մլն դրամ։

  • Քննարկվել է

    08.11.2025 - 24.11.2025

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն

  • Գերատեսչություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

  • Կարգավիճակ

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1038

Տպել

Առաջարկներ`

առաջարկը ներկայացվել է էլ․ փոստով

21.11.2025

Միայնակ կանանց շրջանում ծնլիությունը խթանելու նպատակով, այս խմբի կանանց առաջի կամ գոնե երկրորդ երախայի նպաստը նույնպես դարձնել 50000 դրամ մինչև 18 տարեկանը։

Ա․Դ․Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն ՀԿ

17.11.2025

Նախագծի 2-րդ և 11-րդ հոդվածներով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքի (այսուհետև՝ Օրենք) 5-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետը և օրենքի 8․1 գլուխը (լրաց. 04.03.20 ՀՕ-137-Ն), որոնք վերաբերում են խնամակալության նպաստի համակարգում հաշվառված տասնչորս տարին չլրացած անչափահասների նկատմամբ խնամակալ նշանակված անձանց «Խնամակալության նպաստ» ստանալու իրավունքին։ Օրենքի 36.1-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ խնամակալ նշանակված անձին խնամակալության նպաստի համակարգում հաշվառելու համար ՀՀ կառավարության կողմից պետք է սահմանվեին չափորոշիչներ։ Հետևապես խնամակալության նպաստի իրական կիրառումն ու տրամադրումը կախված էր ՀՀ կառավարության կողմից ենթաօրենսդրական ակտի ընդունումից, որն առ այսօր չի ընդունվել։ 

Հարկ է նշել, որ Նախագծի հիմնավորման մեջ  բացակայում է «խնամակալության նպաստը» որպես պետական նպաստի տեսակ ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ հիմնավորումը, մինչդեռ իրավակիրառման բացերի պատճառով, առանց հիմնավորման դրանց ուժը կորցրած ճանաչելը խնդիրը չի լուծում, այլ խորացնում է խնամակալության տակ գտնվող երեխաների սոցիալ-տնտեսական երաշխիքների ապահովումը։ Խնամակալության նպաստի սահմանումը բխում է երեխայի իրավունքների պաշտպանության պետական քաղաքականության նպատակներից, իսկ այդ համակարգի վերացնելը կարող է հանգեցնել երեխայի լավագույն շահերի վնասմանը։

Ա․Դ․Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն ՀԿ

17.11.2025

Առաջարկում ենք Նախագծի 2-րդ հոդվածից հանել «իսկ 1-ին մասի 11-րդ կետն ուժը կորցրած ճանաչել» և 11-րդ հոդվածում «Օրենքի 8.1 գլուխն ուժը կորցրած ճանաչել» ձևակերպումները, կամ որպես այլընտրանք՝ մշակել տասնչորս տարին չլրացած անչափահասների նկատմամբ խնամակալ նշանակված անձանց համար սոցիալական աջակցության հստակ, կիրառելի և ենթաօրենսդրական ակտով սահմանված չափորոշիչներ, որոնց միջոցով հնարավոր կլինի ապահովվել երեխայի լավագույն շահը և խնամակալի կողմից այս կարևոր գործառույթի պատշաճ իրականացումը։  

Տեսնել ավելին
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: