«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 7-Ի N 1094-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 7-Ի N 1094-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
«Էներգետիկայի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» ՀՕ-196-Ն օրենքի 1-ին հոդվածի համաձայն «Գործարքի առարկա գույքի, բաժնեմասի (բաժնետոմսի, փայի), և լիցենզավորված գործունեության իրականացման համար անհրաժեշտ հիմնական գույքի կամ դրա նկատմամբ իրավունքի օտարման, այլ կերպ փոխանցման կամ գրավադրման կամ դրա նկատմամբ իրավունքի ձեռքբերման նախապատվության իրավունքի իրացնելու կարգը» սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ։ Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի օգոստոսի 7-ի N 1094-Ն որոշմամբ (այսուհետ՝ որոշում) հաստատվել է վերոնշյալ կարգը, որտեղ հավելվածի 1-ին կետով սահմանվել է որոշման իրավահարաբերությունների շրջանակը, որի վրա տարածվում է որոշումը: Նկատի ունենալով, որ 100 տոկոս պետական մասնակցությամբ իրավաբանական անձանց դեպքում սեփականատեր է հանդիսանում Հայաստանի Հանրապետությունը՝ անհրաժեշտություն է առաջացել որոշման 1-ին կետում իրականացնել լրացում, որով ՀՀ կառավարությունը ի դեմս Հայաստանի Հանրապետության իր իրավունքի ձեռքբերման նախապատվության իրավունքը կիրացնի հաստատված կարգի հարաբերությունների մասնակից անձանց շրջանակում:
Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նաև նախագծում լրացում կատարելու նպատակից, քանի որ գործող կարգավորմամբ նախատեսվում է, որ ՀՀ կառավարությունը նախապատվության իրավունքի իրացման հնարավորությունից օգտվելու պարագայում կայացնում է որոշում՝ այդ մասին գրավոր ծանուցելով լիցենզիա ունեցող անձին, մինչդեռ նախապատվության իրավունքի իրացման հնարավորությունից հրաժարվելու պարագայում նույնպես անհրաժեշտ է համապատասխան իրավական հիմք: Հետևաբար, նախատեսվում է որոշումը լրացնել նախապատվության իրավունքի իրացման հնարավորությունից հրաժարվելու պարագայում ՀՀ կառավարության որոշում կայացնելու դրույթով:
2. Նպատակը և ակնկալվող արդյունքը.
Նախագծի նպատակն է որոշման մեջ հստակեցնել, որ գործող կարգը տարածվում է սահմանված իրավահարաբերությունների անձանց վրա, քանի որ գործող պրակտիկայում որոշումը ընդունելուց հետո, պետական մասնակցությամբ իրավաբանական անձանց մոտ առաջացել է տարընկալում, որի արդյունքում, վերջիններիս կարծիքով՝ իրենք պարտավորություն են ստացել գույքի օտարման դեպքում ծանուցել ՀՀ կառավարությանը նախապատվության իրավունքի մասին: Մինչդեռ, նախապատվության իրավունքը, ըստ էության, գործում է այլ սեփականատերերի կողմից բաժնեմասի օտարման դեպքում:
Այսինքն, եթե որևէ բաժնետեր ցանկանում է վաճառել իր բաժնեմասը, ապա նախևառաջ առաջարկ է արվում մյուս բաժնետերերին՝ ըստ իրենց բաժնեմասի համամասնության:
Միայն այն դեպքում, երբ նրանք հրաժարվում են, բաժնեմասը կարող է վաճառվել երրորդ անձի: Սեփական բաժնեմասի նկատմամբ «նախապատվության իրավունք» ունենալը իրավաբանական իմաստ չունի, քանի որ սեփականատերն ինքն է տնօրինում իր բաժնեմասը նա չի կարող «նախապես իրեն առաջարկել» այն, ինչը արդեն իր սեփականությունն է:
Նույնը նաև այս դեպքում, պետության սեփականությունը հանդիսացող բաժնեմասի վաճառքի դեպքում բաժնեմասը տնօրինողը պարտավոր չէ նախապես ծանուցել Կառավարությանը՝ նախապատվության իրավունքից օտվելու վերաբերյալ, քանի որ ըստ էության, հենց Կառավարությունն է հրաժարվում իր սեփականությունից:
Նախապատվության իրավունքը չի կարող կիրառվել սեփական բաժնեմասի նկատմամբ, քանի որ այն արդեն իսկ պետության սեփականությունն է։
Ինչպես նշվեց, նախապատվության իրավունքը գործում է միայն այն դեպքում, երբ այլ բաժնետեր օտարում է իր բաժնեմասը։ Այդ ժամանակ պետությունը (կառավարությունը՝ նրա անունից) կարող է նախապատվությամբ ձեռք բերել այդ բաժնեմասը։ Նույնիսկ այն դեպքում, երբ պետության բաժնեմասը տնօրինում է պետական մասնակցությամբ կազմակերպությունը, դա չի փոխում սեփականության իրավունքի սուբյեկտին․ սեփականատերը մնում է պետությունը։
3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից:
4. Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին․
Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն, պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չի նախատեսվում։
5. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրանից բխող 2023-2026 թվականների գործողությունների ծրագիր:
Նախագծերի ընդունումը չի բխում ռազմավարական փաստաթղթերից:
-
Քննարկվել է
03.11.2025 - 19.11.2025
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Էներգետիկա և բնական պաշարներ
-
Գերատեսչություն
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
-
Կարգավիճակ
Դիտումներ` 805
Տպել