Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԱՆՁԻ ԿՅԱՆՔԻ ԿԱՄ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՎՏԱՆԳ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՈՐԱԿԱԿԱՆ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

1.    Որոշման ընդունման անհրաժեշտությունը

«Անձի կյանքի կամ առողջության համար վտանգ պարունակող զբոսաշրջային ծառայությունների մատուցման որակական և տեխնիկական չափորոշիչները սահմանելու մասին» որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է 2023 թվականի դեկտեմբերի 22-ին ընդունված «Զբոսաշրջության մասին» օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի պահանջներից: Մասնավորապես, նշված հոդվածով սահմանվում է, որ անձի կյանքի կամ առողջության համար վտանգ պարունակող զբոսաշրջային ծառայությունների մատուցման որակական և տեխնիկական չափորոշիչները պետք է սահմանվեն ՀՀ կառավարության կողմից:

2.    Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

Ներկայումս Հայաստանում գործում են բազմաթիվ արկածային/էքստրեմալ զբոսաշրջային ծառայություններ մատուցող կազմակերպություններ, որոնք կողմից մատուցվող ծառայությունները պարունակում են անձանց կյանքի կամ առողջության համար վտանգ։

2025 թվականի ITB Berlin միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսի ընթացքում Հայաստանը արժանացավ պատվավոր PATWA մրցանակի՝ որպես լավագույն արկածային զբոսաշրջային ուղղություն։ Այս մրցանակի տրամադրումը, չնայած նրան, որ աջակցում է Հայաստանի՝ որպես արկածային զբոսաշրջային երկրի նկարագրի ամրապնդմանն ու զարգացմանը, և այն հանգամանքին, որ Հայաստանի համար մեծ պատիվ է ստանալ նման հեղինակավոր մրցանակ, որն ընդգծում է երկրի յուրահատուկ լանդշաֆտները, հարուստ մշակույթը և աճող ներուժը, որպես առաջատար արկածային զբոսաշրջային ուղղություն, այնուամենայնիվ՝ մեծ պատասխանատվություն է երկրի համար համապատասխան անվտանգային չափորոշիչների ապահովման տեսանկյունից։

Զբոսաշրջության զարգացման 5-ամյա ռազմավարական ծրագրի նախագծով նախատեսված է, որ արկածային (ներառյալ՝ ձմեռային) զբոսաշրջությունը զարգացման հիմնական տեսակներից մեկն է։ Հայաստան այցելող զբոսաշրջիկների մեծ մասի համար բնությունը ամենատպավորիչ ու ազդեցիկ գործոններից է։ Ուստի, բնական ռեսուրսների պահպանությունը, խելամիտ օգտագործումը և զարգացումը, բնության հատուկ պահպանվող տարածքների (ազգային պարկեր, պետական արգելոցներ և արգելավայրեր, բնության հուշարձաններ) և անտառների ու անտառային հողերի ներուժի օգտագործումը Հայաստանում զբոսաշրջության զարգացման կարևորագույն նախադրյալներից են։ Կայուն զբոսաշրջության զարգացումը ուղիղ և դրական ազդեցություն կունենա արկածային զբոսաշրջության դրական աճի տեմպի վրա։ Բնության և բնական միջավայրի բազմաշերտ հնարավորությունները Հայաստանը դարձնում են գրավիչ նաև արկածային և ձմեռային զբոսաշրջային տեսակը նախընտրողների համար։ Հայաստանում գործում են միջազգային չափանիշներին համապատասխանող ենթակառուցվածքներով ձմեռային զբոսաշրջության կենտրոններ: Մարդկային ռեսուրսների զարգացմանն ուղղված ներդրումների պայմաններում Հայաստանը կարող է դառնալ համաշխարհային նշանակության այլընտրանքային ձմեռային զբոսաշրջավայր:

Արկածային զբոսաշրջությունը վերջին տարիներին առանձնապես տարածված է դարձել, քանի որ այն համադրում է ակտիվ հանգիստն ու ներդաշնակ կապը բնության հետ։ Շատ զբոսաշրջիկների համար նման փարձառությունները նաև հոգեբանական հանգստի միջոց են՝ օգնելով կտրվել առօրյա քաղաքային աղմուկից։

Հայաստանը, իր բազմազան լանդշաֆտներով և պատմամշակութային հարուստ ժառանգությամբ, ունի մեծ ներուժ արկածային զբոսաշրջության զարգացման համար։ Լեռնաշղթաներով հարուստ տարածքները, անտառապատ հովիտները, բարձրադիր լճերը և պատմական հուշարձանները կարող են դառնալ յուրահատուկ արկածային երթուղիների մաս՝ գրավելով թե՛ տեղացի, թե՛ արտասահմանցի զբոսաշրջիկներին։

Արկածային զբոսաշրջությունը ոչ միայն նպաստում է անհատական փորձառությունների հարստացմանը, այլև ունի կարևոր տնտեսական և մշակութային նշանակություն։ Այն խթանում է տեղական համայնքների զարգացումը՝ ստեղծելով նոր աշխատատեղեր, խթանելով տեղական արտադրանքի ու ծառայությունների սպառումը։ Միևնույն ժամանակ, նման զբոսաշրջությունը հնարավորություն է տալիս պահպանել և տարածել ազգային մշակույթն ու ավանդույթները՝ զբոսաշրջիկներին ներկայացնելով երկրի ինքնատիպությունը և պատմական ժառանգությունը։

Չնայած արկածային զբոսաշրջության գրավչությանը և դրական ազդեցությանը, այն իր մեջ նաև որոշակի ռիսկեր ու վտանգներ է պարունակում։ Քանի որ այս տեսակ զբոսաշրջությունը հիմնականում իրականացվում է բացօթյա և երբեմն հեռավոր, դժվարամատչելի տարածքներում, զբոսաշրջիկները հաճախ բախվում են անսպասելի բնական և ֆիզիկական մարտահրավերների։ Վտանգները կարող են լինել տարբեր՝ կապված թե՛ եղանակային պայմանների կտրուկ փոփոխությունների, թե՛ բարդ տեղանքների, սարահարթերի կամ անտառային հատվածների հետ։

Լեռնային արշավների կամ ժայռամագլցման ժամանակ հաճախ հանդիպում են սայթաքման, ընկնելու կամ վնասվածք ստանալու դեպքեր։ Հեծանվավարության և նավարկության դեպքում կարող են առաջանալ տեխնիկական խնդիրներ կամ ուղղորդման սխալներ, որոնք սպառնում են ինչպես ֆիզիկական անվտանգությանը, այնպես էլ մասնակիցների առողջությանը։ Բացի այդ, որոշ վայրերում առկա են նաև վայրի կենդանիների կամ միջատների հետ կապված վտանգներ։

Արկածային զբոսաշրջության մեկ այլ կարևոր ռիսկային կողմ է անվտանգության միջոցառումների անբավարար կազմակերպումը։ Շատ զբոսաշրջիկներ առանց համապատասխան պատրաստվածության կամ անհրաժեշտ սարքավորումների են ձեռնարկում նման ուղևորություններ, ինչը կարող է հանգեցնել վթարների և արտակարգ իրավիճակների։ Այդ պատճառով մասնագիտական ուղեկցության, ապահովագրության և նախնական պատրաստության ապահովումը կարևոր պայման է արկածային զբոսաշրջության կայուն զարգացման համար։

Անվտանգության որոշակի չափանիշների ներդրումը, միջազգային որակավորման համակարգերում ներգրավումը ևս կնպաստի այս տեսակն առավել գրավիչ, ապահով, անվտանգ և վստահելի դարձնելու համար։ Բնության հատուկ պահպանվող տարածքներում զբոսաշրջության կազմակերպումն իրականացվում Է «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» օրենքի 26-րդ հոդվածի, ինչպես նաև տվյալ բնության հատուկ պահպանվող տարածքի կառավարման պլանով հաստատված դրույթներին համապատասխան։

Արկածային զբոսաշրջությունը նախընտրող զբոսաշրջիկների մեծամասնության համար կազմակերպվում են ակտիվ զբաղմունքներ, բնության միջավայրում, մասնավորապես՝ այնպիսի միջավայրում, որը տարբերվում է Եվրոպային բնորոշ բնությունից: «Բնության» զբոսաշրջության հետ մեկտեղ, ակտիվ զբաղմունքների առավել հաճախ հանդիպող ձևերից են լեռնային արշավները, հեծանվավազքը, հեծանվավարումը, քարանձավախուզությունը, վրանային ճամբարային կեցությունը, ժայռամագլցումը, Տրանսպորտային միջոցով արտաճանապարհային երթևեկության (ջիպինգ) ծառայությունները, դահուկային արշավները, նավարկությունը՝ լեռնային գետերով (ռաֆթինգ), ձիավարությունը,  Ակվալանգով կամ այլ շնչողական սարքով ջրասուզումը, բարձունքից թռիչքները՝ բունջի-ջամփինգ, րոփ-ջամփինգ և այլն։ Այս ամենը հնարավորություն են տալիս զբոսաշրջիկներին ոչ միայն վայելել բնությունը, այլև ստանալ ֆիզիկական ակտիվությունից բխող դրական էներգիա ու նոր փորձառություններ։

3.    Առաջարկվող կարգավորման բնույթը և նպատակը

Սույն որոշման նախագծով նախատեսվում է սահմանել անձի կյանքի կամ առողջության համար վտանգ պարունակող զբոսաշրջային ծառայությունների մատուցման որակական և տեխնիկական չափորոշիչները։ Նախագծի ընդունումն ուղղված է զբոսաշրջային գործունեության ընթացքում անվտանգության բարձր մակարդակի ապահովմանը և սպառողների՝ հատկապես արկածային զբոսաշրջություն նախընտրող այցելուների կյանքի և առողջության պաշտպանության երաշխիքների ամրապնդմանը։

Առաջարկվող չափորոշիչները մշակվել են հիմք ընդունելով միջազգային ստանդարտները և ոլորտում կիրառվող լավագույն փորձը, ինչը հնարավորություն կտա ձևավորել հստակ պահանջներ ծառայություններ մատուցող տնտեսավարողների նկատմամբ, ապահովել անվտանգության միջոցառումների պատշաճ իրականացումը և նվազեցնել զբոսաշրջային գործունեության ընթացքում վթարների, վնասվածքների կամ արտակարգ իրավիճակների առաջացման ռիսկերը։

4.    Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք.

 

Նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի կողմից միջազգային գործընկերների հետ համագործակցությամբ։

 

5.    Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքները

Արկածային զբոսաշրջությունը համարվում է զբոսաշրջության առավել արագ զարգացող ուղղություններից մեկը, որը միևնույն ժամանակ ներառում է անձի կյանքի կամ առողջության համար որոշակի ռիսկեր պարունակող գործունեություն։ Ուստի անհրաժեշտ է սահմանել հստակ և պարտադիր որակական ու տեխնիկական չափորոշիչներ՝ նվազեցնելու հնարավոր ռիսկերը և ապահովելու զբոսաշրջիկների անվտանգությունը։

«Անձի կյանքի կամ առողջության համար վտանգ պարունակող զբոսաշրջային ծառայությունների մատուցման որակական և տեխնիկական չափորոշիչները սահմանելու մասին» որոշման նախագծի ընդունումը նպատակ ունի ապահովել արկածային զբոսաշրջության ոլորտում մատուցվող ծառայությունների անվտանգ, հուսալի և միջազգային չափանիշներին համապատասխան կազմակերպմանը։

Իրավական ակտի կիրակման արդյունքում ՝

Ø  կիրականացվի ծառայությունների մատուցման տեխնիկական անվտանգության և որակի միասնական պահանջների ներդրում,

Ø  կբարձրանա արկածային զբոսաշրջության ենթակառուցվածքների և ծառայությունների մատուցողների պատասխանատվության մակարդակը,

Ø  կապահովվի ոլորտում գործող մասնագետների և ուղեկցողների մասնագիտական պատրաստվածությունը՝ միջազգային լավագույն փորձին համապատասխան,

Ø  կխթանվի անվտանգության մշակույթի ձևավորումը և վերահսկողության մեխանիզմների կատարելագործումը,

Ø  կբարձրանա զբոսաշրջային ծառայությունների նկատմամբ հանրային և միջազգային վստահությունը,

Ø  Հայաստանը կդառնա առավել գրավիչ, անվտանգ և մրցունակ ուղղություն արկածային զբոսաշրջության միջազգային շուկայում։

Արդյունքում, որոշման նախագծի կիրարկումը կնպաստի զբոսաշրջային միջավայրի կայուն զարգացմանը, զբոսաշրջիկների անվտանգության ապահովմանը, ոլորտի տնտեսական արդյունավետության բարձրացմանը և Հայաստանի՝ որպես պատասխանատու և անվտանգ զբոսաշրջային երկրի, հեղինակության ամրապնդմանը։

6.   Ներկայացվող հարցի կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները

Ներկայացվող «Անձի կյանքի կամ առողջության համար վտանգ պարունակող զբոսաշրջային ծառայությունների մատուցման որակական և տեխնիկական չափորոշիչները սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը պետական բյուջեից հավելյալ ֆինանսական միջոցների հատկացում չի պահանջում։

7.  Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

Նախագիծը բխում է Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050-ի 16-րդ «Ճանաչված, հարգված և հյուրընկալ Հայաստան» մեգանպատակից և «Վերափոխենք հարյուր միլիոնավոր օտարերկրացիների և նրանց առաջնորդների վերաբերմունքը Հայաստանի հանդեպ» «Զանգվածային վերափոխման իմաստը»-ից (հղում՝ https://www.primeminister.am/u_files/file/Haytararutyunner/Armenia2050_7_5.pdf , 28-րդ և 70-րդ էջեր), Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների ծրագրի «2 ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ» կետի «Արտաքին տնտեսական քաղաքականություն և արտահանման խթանում» բաժնի 1-ին, 4-րդ, 5-րդ, 6-րդ պարբերություններից և «2.5 Զբոսաշրջություն» բաժնից (հղում՝ https://www.arlis.am/Annexes/6/2021_N1363hav.pdf , 27-րդ, 28-րդ և 38-39-րդ էջեր) և ՀՀ կառավարության 2021թ. նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշմամբ հաստատված հավելված 1-ի «Էկոնոմիկայի նախարարություն» բաժնի 102 կետ (հղում՝ https://www.arlis.am/Annexes/6/2021_N1902hav.1.pdf  231-232-րդ էջ)։ 

 

 

  • Քննարկվել է

    27.10.2025 - 11.11.2025

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Էկոնոմիկա, Սպորտային տուրիզմ

  • Գերատեսչություն

    Էկոնոմիկայի նախարարություն

  • Կարգավիճակ

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1259

Տպել

Առաջարկներ`

Լալա Հայրապետյան

09.11.2025

ԿԱՐԾԻՔ-առաջարկություն

 

Ներկայացված որոշման նախագիծը նպատակ ունի սահմանել այն չափորոշիչները, որոնք կապահովեն անձի կյանքի և առողջության համար վտանգ պարունակող զբոսաշրջային ծառայությունների մատուցման անվտանգությունը։ Նախագծի ընդունումն ունի ռազմավարական նշանակություն զբոսաշրջային գործունեության որակի և անվտանգության մակարդակի բարձրացման տեսանկյունից։

Նախագծով սահմանվող չափորոշիչները կարևոր դեր կունենան արկածային, լեռնային, ջրային և այլ ռիսկային զբոսաշրջային ենթաճյուղերում անվտանգության երաշխիքների ամրապնդման հարցում՝ ուղղված այցելուների կյանքի և առողջության պաշտպանության ապահովմանը։

Դրական կողմերի գնահատում

1. Անվտանգության մակարդակի բարձրացում.

  Սահմանվող չափորոշիչները կնպաստեն զբոսաշրջային գործունեության ընթացքում վթարների և վնասվածքների ռիսկի նվազեցմանը, ինչպես նաև ապահով կլինեն կանխարգելիչ մեխանիզմներ արտակարգ իրավիճակների դեպքում։

 

2. Միջազգային ստանդարտների կիրառություն.

  Նախագծի հիմքում դրված են միջազգային լավագույն փորձերը, ինչը հնարավորություն կտա ձևավորել մրցունակ և հուսալի զբոսաշրջային միջավայր։

 

3. Սպառողների վստահության բարձրացում.

  Անվտանգության հստակ պահանջների սահմանումը կավելացնի զբոսաշրջիկների վստահությունը հայկական զբոսաշրջային շուկայի նկատմամբ։

Առաջարկություններ

1. Չափորոշիչների պարբերական վերանայում.

  Առաջարկվում է սահմանել հստակ մեխանիզմ չափորոշիչների պարբերական վերանայման համար՝ հաշվի առնելով տեխնոլոգիական նորությունները, ռիսկերի փոփոխվող բնույթը և միջազգային պահանջների զարգացումը։

 

2. Պարտադիր սերտիֆիկացման համակարգի ներդրում.

  Նախատեսել զբոսաշրջային ծառայություններ մատուցողների պարտադիր սերտիֆիկացում՝ ապահովելու համար որակի և անվտանգության միասնական ստանդարտներ։

 

3. Կադրերի պատրաստման և վերապատրաստման կարգ

  Մշակել պահանջ՝ ծառայություններ մատուցող անձնակազմի պարտադիր մասնագիտական պատրաստվածության և անվտանգության ուսուցման վերաբերյալ։

 

4. Հանրային իրազեկման միջոցառումներ.

  Նախատեսել տեղեկատվական արշավներ զբոսաշրջիկների և տեղական համայնքների համար՝ անվտանգության կանոնների և արտակարգ իրավիճակներում վարքականոնների վերաբերյալ։

 

5. Համագործակցություն համապատասխան կառույցների հետ.

  Նախագծում ամրագրել համագործակցության կարգ տեղական ինքնակառավարման մարմինների, փրկարար ծառայության և առողջապահական կառույցների հետ՝ արձագանքման արդյունավետ համակարգ ապահովելու նպատակով։

 

Եզրակացություն

 

Նախագիծը ժամանակին և անհրաժեշտ նախաձեռնություն է՝ ուղղված Հայաստանի զբոսաշրջային ոլորտում անվտանգության մշակույթի և որակական ստանդարտների ձևավորմանը։

Առաջարկվող փոփոխությունները կօգնեն ապահովել չափորոշիչների գործնական կիրառելիությունը, վերահսկելիությունը և երկարաժամկետ արդյունավետությունը՝ միաժամանակ բարձրացնելով Հայաստանի՝ որպես անվտանգ զբոսաշրջային ուղղության հեղինակությունը միջազգային հարթակում։

Տեսնել ավելին
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: