«Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը և առաջարկվող կարգավորման բնույթը.
Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից 2025 թվականի հոկտեմբերի 16-ին ընդունվել է ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի (այսուհետ նաև՝ Հիմնարկ) գործունեությունը դադարեցնելու մասին թիվ 1469-Ն որոշումը, որի համաձայն՝ 2025 թվականի դեկտեմբերի 31-ից կդադարեցվի ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի (այսուհետ նաև՝ Հիմնարկ) գործունեությունը:
Հիմնարկի գործունեության դադարեցումը հնարավորություն կտա առավել թիրախային և արդյունավետ օգտագործել հատկացված ռեսուրսները և ֆինանսական միջոցները, իսկ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող դատապարտված և կալանավորված անձանց բուժումը կազմակերպել առավել մասնագիտացված ստորաբաժանման կողմից:
Հիշյալ նպատակի իրականացման համար ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում ստեղծվել է Առողջապահության նախարարության «Քրեակատարողական բժշկության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության 100 լրակազմ ունեցող նոր տեղամաս:
Այս համատեքստում, անհրաժեշտ է նկատի ունենալ, որ գործող իրավակարգավորումների համաձայն՝ բժշկական օգնության և սպասարկման անհրաժեշտության դեպքում դատապարտյալը տեղափոխվում է համապատասխան քրեակատարողական հիմնարկում տեղակայված բժշկական ստորաբաժանում, իսկ երկարատև բժշկական օգնության, սպասարկման և խնամքի կարիք ունեցող դատապարտյալները՝ բուժական քրեակատարողական հիմնարկ, այն է՝ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ:
Վերոգրյալների հիման վրա՝ նկատի ունենալով, որ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի գործունեությունը 2025 թվականի դեկտեմբերի 31-ից դադարեցվելու է՝ անհրաժեշտություն է առաջացել Հիմնարկին վերաբերելի կարգավորումների մասով փոփոխություններ կատարել ՀՀ քրեակատարողական օրենսգրքում:
Այսպես, «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծով (այսուհետ նաև՝ Նախագիծ) առաջարկվում է երկարատև բժշկական օգնության, սպասարկման և խնամքի կարիք ունեցող դատապարտյալներին տեղափոխել այն քրեակատարողական հիմնարկ, որտեղ տեղակայված է համապատասխան կարողություններով մասնագիտացված բժշկական ստորաբաժանումը:
2. Ակնկալվող արդյունքը.
Նախագծով ակնկալվում է ապահովել ազատությունից զրկված անձանց պատշաճ բժշկական օգնությունը և սպասարկումը:
3. Նախագիծը մշակող պատասխանատու մարմինը, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում, նախաձեռնողի, հեղինակների և մշակմանը մասնակցող անձանց մասին տեղեկություններ.
Նախագիծը մշակվել է Արդարադատության նախարարության կողմից:
4. Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.
Նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում ավելացումներ չեն նախատեսվում։
5. Նախագծերի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը.
Նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերի ընդունման, ինչպես նաև ակտերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն առկա չէ:
6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
Նախագիծը բխում է ՀՀ արդարադատության նախարարի 2023 թվականի հոկտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի 2024-2026 թվականների գործունեության հիմնական ուղղությունները և դրանց իրականացման ժամանակացույցը սահմանելու մասին» N 627-Լ հրամանից:
-
Քննարկվել է
24.10.2025 - 09.11.2025
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Արդարադատություն, Առողջապահություն, Քրեակատարողական
-
Գերատեսչություն
Արդարադատության նախարարություն
-
Կարգավիճակ
Դիտումներ` 1522
Տպել