30.10.2025
«Արհեստակցական միությունների մասին» օրենքի փոփոխությունների նախագծի վերաբերյալ
Առաջարկվում է ճյուղային արհմիության սահմանումը Օրենքի 2-րդ հոդվածում շարադրել հետևյալ կերպ՝
«Ճյուղային հանրապետական արհմիությունը ոչ առևտրային կազմակերպության կարգավիճակ ունեցող հասարակական միավորում, որը միավորում է տնտեսության (արտադրության, ծառայության, մասնագիտության) համապատասխան ճյուղում (հարակից ճյուղերում) գործող արհեստակցական միությունները և (կամ) նույն ոլորտում աշխատող ֆիզիկական անձանց՝ գործատուների համապատասխան ճյուղային միությունում, տեղական ինքնակառավարման և պետական կառավարման հանրապետական մարմիններում տնտեսության տվյալ ճյուղի աշխատողների աշխատանքային ու դրա հետ կապված մասնագիտական, տնտեսական և սոցիալական իրավունքներն ու շահերը ներկայացնելու և աշխատանքային հարաբերություններում դրանք պաշտպանելու նպատակով»:
Հիմնավորում
Կարևոր է օրենքով թույլատրել անհատ աշխատողներին ևս դառնալ հանրապետական մակարդակում գործող ճյուղային արհմիության անդամ։ Հայաստանյան իրավիճակն այնպիսին է, որ ղեկավարները (մանավանդ պետական հատվածում) կամ որոշ դեպքերում նույնիսկ աշխատողները գրանցում են արհեստակցական կազմակերպություններ, որոնք գործում են գումար հավաքելու և այն ծախսելու սկզբունքով և ըստ այդմ, չեն անդամակցում ճյուղային արհմիություններին։ Պետք է ստեղծել հնարավորություն, որպեսզի նման կազմակերպությունների աշխատողները կարողանան դառնալ ճյուղային արհմիության անդամ։ Բացի դրանից, համաձայն ԱՄԿ Միավորման ազատության սկզբունքների, աշխատողները պետք է հնարավորություն ունենալ ընտրելու, թե որ մակարդակում են ցանկանում կազմակերպվել արհմիությունում։
Նախագծում առաջարկվող «առավելագույն թվով» աշխատողների մասին կարգավորումը սխալ ենք համարում։ Նախ պարզ չէ, թե այս համատեքստում դա ինչ է նշանակում և ինչպես է որոշվում։ Փոխարենը կարելի է սահմանել չափորոշիչներ, օրինակ, ճյուղային արհմիության անդամ արհեստակցական կազմակերպությունների նվազագույն թիվը, կամ անդամների նվազագույն թիվը։