ԱՌԱՎԵԼ ՎՏԱՆԳԱՎՈՐ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՎՆԱՍԱՏՈՒՆԵՐԻ ԲՌՆԿՈՒՄՆԵՐԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԱՐԱԳ ԱՐՁԱԳԱՆՔՄԱՆ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԱՌԱՎԵԼ ՎՏԱՆԳԱՎՈՐ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՎՆԱՍԱՏՈՒՆԵՐԻ ԲՌՆԿՈՒՄՆԵՐԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՐԱԳ ԱՐՁԱԳԱՆՔՄԱՆ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը․
Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 19–ի N 1886-Լ որոշման «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության ոլորտի տնտեսական զարգացումն ապահովող հիմնական ուղղությունների 2020-2030 թվականների ռազմավարությունը և ռազմավարության կատարմանն ուղղված 2023-2026թթ․ միջոցառումների ծրագրի» 3-րդ հավելվածի 1.5-րդ կետով (այսուհետ՝ կետ) սահմանվել է միջոցառում, որով նախատեսվել է ստեղծել «Առավել վտանգավոր հիվանդությունների և վնասատուների բռնկումների կանխարգելման և կառավարման արագ արձագանքման միջգերատեսչական աշխատանքային խումբ»։ Միաժամանակ վերջին տարիներին կլիմայի փոփոխությամբ պայմանավորված, ինչպես նաև գլոբալ կենսաբազմազանության փոփոխությունների հետևանքով, աճել է առավել վտանգավոր բույսերի հիվանդությունների և վնասատուների բռնկումների հաճախականությունն ու տարածման ինտենսիվությունը։ Սրան զուգահեռ՝ միջազգային և ներպետական շուկաների անվտանգության ապահովման տեսանկյունից անհրաժեշտ է վերանայել և ամրապնդել վաղ արձագանքման, կանխարգելման և վերահսկողության գործիքակազմերը։
Նախագծի նպատակն է ապահովել նշված ռազմավարական միջոցառման իրականացումը՝ ձևավորելով արագ արձագանքման միջգերատեսչական աշխատանքային խումբ, որն ի վիճակի կլինի գնահատել և համակարգել գործողությունները բուսասանիտարական վտանգավոր իրավիճակներում և արագ արձագանքել վնասակար օրգանիզմների բռնկումներին և նվազեցնել վերջիններիս կողմից հասցվող վնասի շեմը։ Նախագծով առաջարկվում է նաև հաստատել խմբի աշխատակարգը՝ իր գործառույթներով, լիազորություններով և գործունեության մեխանիզմներով։
- Առաջարկվող կագավորումների բնույթը․
Նախագծով առաջարկվում է սահմանել արագ արձագանքման միջգերատեսչական աշխատանքային խմբի կազմը և աշխատակարգը, որը ներառում է վաղ հայտնաբերման, կանխատեսման, ինտեգրացված պայքարի միջոցառումների պլանավորման, կլիմայի փոփոխությամբ պայմանավորված ռիսկերի վերլուծության և հանրային իրազեկման գործունեություններ։ Աշխատանքային խմբի կազմը ձևավորված է բազմապրոֆիլ՝ ընդգրկելով պետական, գիտական, կրթական և մասնագիտական կառույցների ներկայացուցիչներ։ Աշխատանքային խումբը կգործի կիսամյակային պարբերականությամբ՝ ՀՀ վարչապետին ներկայացնելով կատարված աշխատանքների վերաբերյալ հաշվետվություններ և առաջարկություններ։
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք․
Նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից։
- Ակնկալվող արդյունքը․
Նախագծի ընդունմամբ կապահովվի ռազմավարական նպատակի իրականացումը՝ ուղղված առավել վտանգավոր հիվանդությունների և վնասատուների տարածման կանխման և վերահսկման արդյունավետ մեխանիզմների մշակմանն ու գործարկմանը։ Կձևավորվի ինստիտուցիոնալ համագործակցության հարթակ՝ պետական, գիտական և կրթական կառույցների ներգրավմամբ, ինչը կնպաստի ոլորտում համակարգային և արագ արձագանքման մշակույթի ձևավորմանը։
Կզարգացվի ռիսկերի գնահատման և ինտեգրացված պայքարի միջոցառումների պլանավորման կարողությունները, կկազմակերպվեն հանրային իրազեկման և մասնագիտական վերապատրաստման նախաձեռնություններ։ Աշխատանքային խմբի միջոցով կիրականացվի նաև տվյալների հավաքագրում, վերլուծություն և առաջարկությունների ներկայացում՝ կանխարգելիչ քայլերի ժամանակին մշակման համար։ Արդյունքում կբարձրանա ոլորտի արագ արձագանքման կարողությունը, կբարելավվի միջգերատեսչական համակարգումը և կապահովվի ՀՀ տարածքում կայուն բուսասանիտարական վիճակ։
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. 2050 Հայաստանի վերափոխման ռազմավարություն, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ․
Նախագիծը բխում է ՀՀ կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 19-ի N 1886-Լ որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության ոլորտի տնտեսական զարգացումն ապահովող հիմնական ուղղությունների 2020-2030 թվականների ռազմավարության 27-րդ կետի՝
- ապահովել սննդամթերքի անվտանգությունը։
ՀՀ կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 19–ի N 1886-Լ որոշմամբ հաստատված՝ մասնավորապես 3-րդ հավելվածի 1.5-րդ կետից.
Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 19–ի N 1886-Լ որոշման «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության ոլորտի տնտեսական զարգացումն ապահովող հիմնական ուղղությունների 2020-2030 թվականների ռազմավարությունը և ռազմավարության կատարմանն ուղղված 2023-2026թթ․ միջոցառումների ծրագրի» 3-րդ հավելվածի 1.5-րդ կետից՝
- առավել վտանգավոր հիվանդությունների և վնասատուների բռնկումների կանխարգելման և կառավարման արագ արձագանքման միջգերատեսչական աշխատանքային խմբի ստեղծում
- Տեղեղկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփխությումների մասին․
Նախագծի ընդունմամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջանում՝ պետական բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազում չի նախատեսվում:
- Այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտության վերաբերյալ
Նախագծի ընդունման դեպքում այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
-
Քննարկվել է
15.10.2025 - 05.11.2025
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Գյուղատնտեսություն, Էկոնոմիկա
-
Գերատեսչություն
Էկոնոմիկայի նախարարություն
Դիտումներ` 855
Տպել