ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
-- ---------- 2025 թվականի N -Ն
ՄԻՆՉԵՎ 2026 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 1-Ը ԿՆՔՎԱԾ ԵՎ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ԹՎԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ ՄՈՒՏՔԱԳՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2024 թվականի դեկտեմբերի 4-ի ՀՕ-525-Ն օրենքի 17-րդ հոդվածի 4-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Սահմանել մինչև 2026 թվականի հունվարի 1-ը կնքված և շարունակվող աշխատանքային պայմանագրերի, ինչպես նաև մինչև 2025 թվականի հուլիսի 1-ն ընդունված և գործող աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտերի թվային համակարգ մուտքագրելու կարգը՝ համաձայն հավելվածի։
- Սահմանել, որ 2026 թվականի հունվարի 1-ից հետո՝ տասներկուամսյա ժամկետում, գործատուները թվային համակարգ են մուտքագրում իրենց հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող աշխատողների աշխատանքային պայմանագրերը (եթե աշխատանքային պայմանագրերը չեն կնքվել թվային համակարգի միջոցով), ինչպես նաև մինչև 2025 թվականի հուլիսի 1-ն ընդունված և գործող աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտերը՝ մուտքագրման պահին գործող պայմաններով:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունվարի 1-ից։
Հավելված
ՀՀ կառավարության 2025 թվականի
-ի N -Ն որոշման
ԿԱՐԳ
ՄԻՆՉԵՎ 2026 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 1-Ը ԿՆՔՎԱԾ ԵՎ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՄԻՆՉԵՎ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 1-Ն ԸՆԴՈՒՆՎԱԾ ԵՎ ԳՈՐԾՈՂ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՄԱՍԻՆ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ՝ ԹՎԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ ՄՈՒՏՔԱԳՐԵԼՈՒ
- Ընդհանուր դրույթներ
- Սույն կարգով սահմանվում են մինչև 2026 թվականի հունվարի 1-ը կնքված և շարունակվող աշխատանքային պայմանագրերի, ինչպես նաև մինչև 2025 թվականի հուլիսի 1-ն ընդունված և գործող աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտերի՝ թվային համակարգ մուտքագրելու վերաբերյալ դրույթները։
- Գործատուն կամ նրա ներկայացուցիչը (այսուհետև՝ գործատու), Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի «Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգի» համապատասխան էջի միջոցով անհրաժեշտ դաշտերը լրացնելով, թվային համակարգ է մուտքագրում մինչև 2026 թվականի հունվարի 1-ը կնքված և շարունակվող աշխատանքային պայմանագրերը (եթե աշխատանքային պայմանագրերը չեն կնքվել թվային համակարգի միջոցով), ինչպես նաև մինչև 2025 թվականի հուլիսի 1-ն ընդունված և գործող աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտերը՝ մուտքագրման պահին գործող պայմաններով։
- Աշխատողի աշխատանքային պայմանագիրը կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտը թվային համակարգ մուտքագրելու համար ինքնաշխատ արտացոլվում է գրանցման հայտում (վարձու աշխատողի անհատական տվյալների գրանցման հայտ) առկա տեղեկությունները։
- Սույն կարգի 2-րդ կետով նախատեսված գործողությունից հետո կազմված փաստաթուղթը ստորագրվում է գործատուի էլեկտրոնային թվային ստորագրությամբ։
- Գործատուի կողմից ստորագրված փաստաթուղթն արտացոլվում է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական հարթակ»-ի համապատասխան էջում, որից հետո համակարգի կողմից ինքնաշխատ ծանուցում է ուղարկվում աշխատողի էլեկտրոնային հասցեին։
- Գործատուի կողմից ստորագրված աշխատանքային պայմանագիրը Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական հարթակ»-ի համապատասխան էջում արտացոլվելուց հետո աշխատողն էլեկտրոնային թվային ստորագրությամբ ստորագրում է աշխատանքային պայմանագիրը։ Սույն կետով նախատեսված գործողությունն անհրաժեշտ է իրականացնել մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը։
- Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մուտքը թվային համակարգ իրականացվում է «Ես եմ» ազգային նույնականացման հարթակի միջոցով, իսկ օտարերկրացիները՝ հարկ վճարողի հաշվառման համարով (ՀՎՀՀ) և Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կողմից տրամադրվող մուտքանուն-գաղտնաբառով։
- Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար կիրառվում է նույնականացման քարտում զետեղված էլեկտրոնային թվային ստորագրություն կամ բջջային էլեկտրոնային թվային ստորագրություն՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 25-ի N 572-Ն որոշմամբ սահմանված պահանջների, իսկ օտարերկրացիների համար՝ այլ էլեկտրոնային թվային ստորագրության լուծումներ (ներառյալ, սակայն չսահմանափակվելով CoSign էլեկտրոնային ստորագրության տեսակով)՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի մարտի 1-ի N 285-Ն որոշմամբ սահմանված պահանջների:
- Աշխատանքային պայմանագրում լրացվում են հետևյալ դաշտերը՝
- 1) պայմանագրի համարը*.
- 2) պայմանագրի կնքման վայրը*.
- 3) պայմանագրի կնքման ամսաթիվը*.
- 4) պայմանագիրը թվային համակարգ մուտքագրելու ամսաթիվը (աշխատողի կողմից էլեկտրոնային թվային ստորագրությամբ ստորագրելու օրը՝ լրացվում է ինքնաշխատ)*.
- 5) գործատուի ՀՎՀՀ և անվանումը (ֆիզիկական անձ գործատուի դեպքում անունը, ազգանունը, հայրանունը)*.
- 6) աշխատողի անունը, ազգանունը, հայրանունը*.
- 7) աշխատողի հանրային ծառայության համարանիշը կամ հանրային ծառայության համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համարը, բացառությամբ եթե աշխատողը հանդիսանում է Հայաստանի Հանրապետությունում կացության կարգավիճակ չունեցող օտարերկրյա քաղաքացի կամ քաղաքացիություն չունեցող անձ և փաստացի չի գտնվելու Հայաստանի Հանրապետությունում*.
- 8) աշխատողի անձնագրի կամ նույնականացման քարտի տվյալները (օտարերկրացի աշխատողի պարագայում նաև բնակության իրավունքը կամ օրինական գտնվելը հաստատող փաստաթղթի տվյալները).
- 9) աշխատանքի վայրը*.
- 10) գործատուի այն կառուցվածքային կամ առանձնացված ստորաբաժանումը կամ գրասենյակը կամ հիմնարկը (դրանց առկայության դեպքում), որտեղ աշխատելու է աշխատողը.
- 11) աշխատանքն սկսելու տարին, ամիսը, ամսաթիվը*.
- 12) պաշտոնի անվանումը*.
- 13) աշխատանքային գործառույթները կամ հղում պաշտոնից բխող գործառույթները սահմանող փաստաթղթին, որը հանդիսանում է աշխատանքային պայմանագրի հավելված*.
- 14) հիմնական աշխատավարձի չափը (ներառյալ՝ աշխատավարձից վճարվող հարկերը, սոցիալական կամ օրենքով սահմանված պարտադիր այլ վճարները)*.
- 15) աշխատավարձը որոշելու ձևը*.
- 16) աշխատողներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրվող հավելումները, հավելավճարները, լրավճարները*.
- 17) աշխատանքային պայմանագրի տեսակը (նշել անորոշ կամ որոշակի ժամկետով)*. որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագրի դեպքում նշել նաև պայմանագրի գործողության ժամկետը*.
- 18) փորձաշրջան սահմանելու դեպքում` փորձաշրջանի տևողությունը և պայմանները.
- 19) աշխատաժամանակի ռեժիմը*.
- 20) աշխատաժամանակի շաբաթական տևողությունը (բացառությամբ աշխատաժամանակի գումարային հաշվարկի)*.
- 21) ամենամյա արձակուրդի տեսակը (նվազագույն, լրացուցիչ, երկարացված) և տևողությունը*.
- 22) աշխատանքային պայմանագիրն ստորագրող անձի պաշտոնը, անունը, ազգանունը*.
- 23) աշխատանքային հարաբերությունների հետ կապված՝ գործատուի և աշխատողի կողմից միմյանց ծանուցելու եղանակները*.
- 24) կողմերի իրավունքներն ու պարտականությունները.
- 25) նշում հավելվածի մասին, եթե աշխատանքային պայմանագիրն ունի հավելված՝ նշելով նաև հավելվածով կարգավորվող հարցերի շրջանակը.
- 26) այլ պայմաններ։
- 10. Սույն կարգի 9-րդ կետում աստղանիշով նշված կետերը ենթակա են պարտադիր լրացման։
- 11. Սույն կարգի 9-րդ կետի 18-րդ ենթակետով նախատեսված պայմանը չի լրացվում, եթե աշխատանքային հարաբերությունները ծագել են մինչև 2025 թվականի հուլիսի 1-ը։
- 12. Սույն կարգի 9-րդ կետում նշված դաշտերը լրացնելիս, անհրաժեշտ է նշել նաև, թե որ ժամանակահատվածից է գործում նշված պայմանը, եթե աշխատանքային պայմանագիրը կնքելուց կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտն ընդունելուց հետո է փոփոխությունն (լրացումը) իրականացվել։
- 13. Եթե աշխատանքային հարաբերությունները ծագել են աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտով, ապա սույն կարգի 9-րդ կետում նշված դաշտերը լրացվում են աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտում: Նշված դեպքում անհատական իրավական ակտը աշխատողի կողմից չի ստորագրվում, ընդ որում աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտը թվային համակարգ մուտքագրելու ամսաթիվը՝ գործատուի կողմից էլեկտրոնային թվային ստորագրությամբ ստորագրելու օրն է, որը լրացվում է ինքնաշխատ։
- 14. Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում քաղաքացիական աշխատանք կատարող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց հետ, ինչպես նաև առանձին խնդիրների իրականացման համար պետական մարմինների կողմից ներգրավված փորձագետների հետ կնքված աշխատանքային պայմանագրերը քաղաքացիական ծառայության տեղեկատվական հարթակից Հայաստանի Հանրապետության կառավարության փոխգործելիության հարթակի միջոցով ինքնաշխատ եղանակով փոխանցվում է թվային համակարգ:
- 15. Սույն կարգի 14-րդ կետը տարածվում է նաև հանրային պաշտոններ և հանրային ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց հետ ծագած աշխատանքային հարաբերությունների վրա, եթե այդ անձանց անձնական գործերը վարվում են էլեկտրոնային եղանակով «Հանրային ծառայության մասին» օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով:
- 16. Եթե աշխատողի հետ կնքված աշխատանքային պայմանագիրը կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտը սահմանված ժամկետում դեռևս չի մուտքագրվել թվային համակարգ և անհրաժեշտություն է առաջացել աշխատանքային պայմանագրում կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտում փոփոխություն կատարել կամ դադարեցնել աշխատանքային հարաբերությունները, ապա աշխատանքային պայմանագրում կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտում փոփոխությունը կամ աշխատանքից ազատման անհատական իրավական ակտը թվային համակարգի միջոցով չի ընդունվում։
2. Գրանցման հայտի և
աշխատանքային պայմանագրի համապատասխանությունը
17. Աշխատողի աշխատանքային պայմանագիրը կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտը մուտքագրելիս, թվային համակարգը ինքնաշխատ ստուգում է իրականացնում գրանցման հայտում (վարձու աշխատողի անհատական տվյալների գրանցման հայտ) առկա տեղեկատվության և մուտքագրվող աշխատանքային պայմանագրի կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի տվյալների համադրմամբ։
18. Սույն կարգի 17-րդ կետով սահմանված ստուգման արդյունքում անհամապատասխանությունների առկայության դեպքում անհրաժեշտ է գործատուի կողմից իրականացնել համապատասխանեցում կա՛մ գրանցման հայտն աշխատանքային պայմանագրին (աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտին), կա՛մ աշխատանքային պայմանագիրը (աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտը) գրանցման հայտին։
19. Սույն կարգի 17-րդ կետով սահմանված ստուգման արդյունքում, եթե հայտնաբերվել են սույն կետի 1-3-րդ ենթակետերով սահմանված անհամապատասխանությունները, ապա թվային համակարգի կողմից տրվում է զգուշացնող հաղորդագրություն.
1) Աշխատանքային պայմանագիրը կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտն առկա է, սակայն բացակայում է գրանցման հայտը,
2) Աշխատանքային պայմանագրով կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտով սահմանված աշխատանքն սկսելու տարին, ամիսը, ամսաթիվը ավելի վաղ է, քան գրանցման հայտում է սահմանված,
3) Աշխատանքային պայմանագրով կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտով սահմանված աշխատանքն սկսելու տարին, ամիսը, ամսաթիվը ավելի ուշ է, քան գրանցման հայտում է սահմանված։