«Ոստիկանության ծառայողին ներկայացվող ֆիզիկական պատրաստականության, առողջական վիճակի հետ կապված պահանջները սահմանելու մասին» ՀՀ ներքին գործերի նախարարի հրամանի նախագիծ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Ոստիկանության ծառայողին ներկայացվող ֆիզիկական պատրաստականության, առողջական վիճակի հետ կապված պահանջները սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարի հրամանի նախագծի վերաբերյալ
1․ Ընթացիկ իրավիճակը և ակտերի ընդունման անհրաժեշտությունը.
Ոստիկանության ծառայողին ներկայացվող ֆիզիկական պատրաստականության, առողջական վիճակի հետ կապված պահանջները ներկայումս սահմանված են ՀՀ կառավարության 2003 թվականի հունվարի 23-ի N 175-Ն որոշմամբ։
Հարկ է նշել, որ վկայակոչված որոշման ընդունման համար հիմք է հանդիսացել «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ մասը, իսկ «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ ոստիկանության ծառայողին ներկայացվող ֆիզիկական պատրաստականության, առողջական վիճակի հետ կապված պահանջները սահմանում է Կառավարությունը: Ոստիկանության ծառայողին ներկայացվող մասնագիտական պահանջները սահմանվում են Լիազոր մարմնի ղեկավարի հաստատած կոնկրետ պաշտոնի անձնագրով։
«Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համաձայն՝ նախարարը ինքնուրույն ղեկավարում է նախարարությանը վերապահված գործունեության ոլորտը, ինքնուրույն մշակում և իրականացնում է Կառավարության՝ նախարարությանը վերապահված գործունեության ոլորտի քաղաքականությունը և իրականացնում է նախարարությանը ենթակա մարմնի, ինչպես նաև նախարարությանը ենթակա կազմակերպության կառավարումը և վերահսկողություն է իրականացնում նրանց նկատմամբ, այդ թվում՝ վերանայում է նախարարությանը ենթակա մարմնի որոշումները։
Միաժամանակ, Ոստիկանության ծառայողին ներկայացվող ֆիզիկական պատրաստականության, առողջական վիճակի հետ կապված պահանջների սահմանումը ամբողջությամբ վերաբերում է նշված ոլորտի քաղաքականության մշակմանը և կառավարմանը, ուստի նշածի հաշվառմամբ ՀՀ Ազգային ժողովի կողմից 2025 թվականի հոկտեմբերի 2-ին երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվել է «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որի 7-րդ հոդվածով փոփոխություն է կատարվում «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ մասում, որով ոստիկանության ծառայողին ներկայացվող ֆիզիկական պատրաստականության, առողջական վիճակի հետ կապված պահանջները սահմանելու լիազորությունը ՀՀ կառավարությունից փոխանցվում է լիազոր մարմնի ղեկավարին:
2․ Առաջարկվող կարգավորման բնույթը.
Քանի որ սահմանված կարգով փոփոխվել է տվյալ ոլորտում գործառույթ իրականացնող լիազոր մարմինը, համապատասխանաբար անհրաժեշտ է ընդունել «Ոստիկանության ծառայողին ներկայացվող ֆիզիկական պատրաստականության, առողջական վիճակի հետ կապված պահանջները սահմանելու մասին» ՀՀ ՆԳՆ նախարարի հրամանը։
3․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.
Նախագծի ընդունումը բխում է ՀՀ կառավարության 2024 թվականի նոյեմբերի 15-ի «Ոստիկանության բարեփոխումների իրականացման ռազմավարությունը և դրանից բխող 2024-2026 թվականների գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» N 1803-Լ որոշմամբ հաստատված հավելվածի 3-րդ ուղղության 1․2-րդ «ՆԳՆ մարդկային ռեսուրսների կառավարման գործողությունների համալիրի կենսագործում» կետից։
4․ Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք և նրանց դիրքորոշումը.
Նախագիծը մշակվել է ՀՀ ներքին գործերի նախարարության կողմից:
5․ Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները.
Նախագծի ընդունման արդյունքում ՀՀ պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չեն նախատեսվում:
6․ Ակնկալվող արդյունքը.
Նախագծով կսահմանվի ոստիկանության ծառայողին ներկայացվող ֆիզիկական պատրաստականության, առողջական վիճակի հետ կապված պահանջները։
ՀՀ ներքին գործերի նախարարություն
-
Քննարկվել է
13.10.2025 - 28.10.2025
-
Տեսակ
Հրաման
-
Ոլորտ
Հասարակական կարգի պահպանություն, հասարակական անվտանգության ապահովում և համայնքային ոստիկանություն
-
Գերատեսչություն
Ներքին գործերի նախարարություն
Դիտումներ` 1351
Տպել