Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

«ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՇՏԵՄԱՐԱՆԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ԵՎ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐ ՄՈՒՏՔԱԳՐՎԱԾ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԱՐԽԻՎԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«   » «              »   2025 թվականի                   N «         - Ն »

 

 

ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՇՏԵՄԱՐԱՆԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ԵՎ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐ ՄՈՒՏՔԱԳՐՎԱԾ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԱՐԽԻՎԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բնակչության պետական ռեգիստրի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը, 4-րդ հոդվածի 2-րդ, 6-րդ հոդվածի 2-րդ, 15-րդ հոդվածի 5-րդ, 17-րդ, 19-րդ և 20-րդ հոդվածների 3-րդ մասերը՝   Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Սահմանել բնակչության պետական ռեգիստրի տվյալների շտեմարանի կանոնակարգը՝ համաձայն N 1 հավելվածի։
  2. 2. Սահմանել բնակչության պետական ռեգիստր մուտքագրված տվյալների պահպանության և տվյալների արխիվացման կարգը՝ համաձայն N 2 հավելվածի։
  3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում բնակչության պետական ռեգիստրի տվյալների շտեմարանի գործարկմանը հաջորդող օրվանից։

 

 

Հայաստանի Հանրապետության

     վարչապետ                                                                                                                                                                                                                                                                       Ն. Փաշինյան

«       »____________ 2025թ.

ք. Երևան

 

 

Հավելված 1

ՀՀ կառավարության

2025թ․ ________-Ն որոշման

 

 

ԿԱՆՈՆԱԿԱՐԳ

 

ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՇՏԵՄԱՐԱՆԻ

 

  1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

  1. Բնակչության պետական ռեգիստրի տվյալների շտեմարանի կանոնակարգը (այսուհետ` կանոնակարգ) սահմանում է բնակչության պետական ռեգիստրի կառուցվածքը և կառուցվածքին վերաբերող տեխնիկական պահանջները։
  2. Կանոնակարգով կարգավորում են՝

1) բնակչության պետական ռեգիստրի տվյալների շտեմարանի (այսուհետ՝ տվյալների շտեմարան) կառավարման, շահագործման, օգտագործման, պահպանման, վերակազմավորման և դադարեցման․

2) այլ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների կամ իրավաբանական անձի կողմից տվյալների մշակման, այդ թվում՝ բնակչության պետական ռեգիստրում տվյալների մուտքագրման, տվյալների շտեմարանի թարմացման․

3) տվյալների շտեմարանում հավաքագրվող տվյալների կազմի, հավաքագրման աղբյուրի, դրանք ներկայացնողների և ներկայացման․

4) տեղեկությունների պաշտպանություն․

5) տվյալների մուտքագրման մերժման և այդ մասին տվյալը ներկայացնող մարմնին ծանուցելու կարգի․

6) տեղեկատվության հասանելիության տեխնիկական, անվտանգության պահանջների, տեղեկատվությանը հասանելիություն ունեցող մարմինների ցանկի, վերջիններիս համար բնակչության պետական ռեգիստրի տեղեկատվության հասանելիության ծավալների և տեղեկատվության հասանելիության ապահովման կարգի․

7) ինչպես նաև տվյալների շտեմարանի կառավարման այլ կազմակերպչական հարցերի հետ կապված հարաբերությունները։

 

  1. ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ԵՎ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

  1. Բնակչության պետական ռեգիստրը սահմանվում է որպես միասնական և միաստիճան տեղեկատվական համակարգ։
  2. Բնակչության պետական ռեգիստրում պարունակվող տվյալները դասակարգվում են՝ հիմք ընդունելով տվյալների տեսակներն ու այն ներկայացնող մարմինները։
  3. Բնակչության պետական ռեգիստրում առկա են հետևյալ ֆունկցիոնալ մոդուլները՝ ենթահամակարգերը՝

1) տվյալների պահեստ (Data Warehouse)․

2) վարչական տվյալների համակարգ (Administrative Data System)․

3) մուտքի վերահսկման համակարգ (Access Control System)․

4) այցերի ամրագրումների համակարգ (Appointment Booking System)․

5) վարչարարության ծրագրային ապահովում (Procedural System)․

6) ծանուցման համակարգ (Notification System)․

7) անվտանգ ցանցային միջերես (Secure Web Interface):

  1. Կանոնակարգի 5-րդ կետով թվարկված ֆունկցիոնալ մոդուլները հանդիսանում են բնակչության պետական ռեգիստրի տեխնիկական բաղադրիչներ և տվյալների շտեմարանի հետ միասին համակցված կերպով ձևավորում են բնակչության պետական ռեգիստրը։
  2. Կանոնակարգի 5-րդ կետի՝

1) 1-ին ենթակետով նախատեսված տվյալների պահեստը հանդիսանում է վիճակագրական և վերլուծական նպատակներով անհրաժեշտ տվյալների պահպանման պահեստ.

2) կանոնակարգի 5-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված վարչական տվյալների համակարգը հանդիսանում է բնակչության պետական ռեգիստրի ծրագրային կոդերը, կարգավորման պարամետրերը կարգավորող, տվյալները համապատասխան միջավայրեր փոխանցող համակարգ.

3) կանոնակարգի 5-րդ կետի 3-րդ ենթակետով նախատեսված մուտքի վերահսկման համակարգը հանդիսանում է տվյալների հասանելիություն տրամադրելու համար թույլտվությունների և մուտքի հնարավորություն տալու գործընթացների կազմակերպման համակարգ.

4) կանոնակարգի 5-րդ կետի 4-րդ ենթակետով նախատեսված այցերի ամրագրումների համակարգը հանդիսանում է խորհրդատվություն կամ ծառայություն ստանալու կամ իրավական, վարչական որևէ գործողություն կատարելու համար ֆիզիկական անձանց կողմից լիազոր մարմնում այց ամրագրելու համակարգ.

5) կանոնակարգի 5-րդ կետի 5-րդ ենթակետով նախատեսված վարչարարության ծրագրային ապահովումը հանդիսանում է բնակչության պետական ռեգիստրին առնչվող վարույթների իրականացման համակարգ.

6) կանոնակարգի 5-րդ կետի 6-րդ ենթակետով նախատեսված ծանուցման համակարգը հանդիսանում է տեղեկատվական մուտքի հարթակում ֆիզիկական անձանց ծանուցումներ ուղարկելու կամ ֆիզիկական անձին իր մասին առկա տեղեկություններին թվային ձևաչափով հասանելիություն տրամադրելու համար.

7) կանոնակարգի 5-րդ կետի 7-րդ ենթակետով նախատեսված անվտանգ ցանցային միջերեսը հանդիսանում է անվտանգ թվային հարթակ՝ տվյալներին և ծառայություններին անվտանգ մուտք ապահովելու համար։

  1. Տվյալների շտեմարանը, ինչպես նաև բնակչության պետական ռեգիստրի տեխնիկական բաղադրիչներ հանդիսացող ֆունկցիոնալ մոդուլներն ունեն անվտանգության դասեր, որոնց սահմանման համար հիմք է ընդունվում ISO/IEC 27001 միջազգային ստանդարտի տեղեկատվության անվտանգության երեք հիմնական սկզբունքները՝ գաղտնիություն (Confidentiality), ամբողջականություն (Integrity), և մատչելիություն (Availability): Այս սկզբունքների հիման վրա տվյալների շտեմարանի, ինչպես նաև բնակչության պետական ռեգիստրի ֆունկցիոնալ մոդուլների համար առանձին սահմանվում է համապատասխան անվտանգային դաս՝ 0-ից (ցածր կաևորություն) մինչև 3 (առավելագույն կարևորություն)՝ ըստ Ձև 1-ի՝

                                                                                                                   Ձև 1

Դաս

Գաղտնիություն (C)

Ամբողջականություն (I)

Մատչելիություն (А)

0.

Ոչ զգայուն, հանրային տվյալներ

Ամբողջականությունն էական չէ

Կարելի է հանդուրժել խափանումները

1.

Ներքին օգտագործման համար

Ժամանակ առ ժամանակ հնարավոր են տվյալների սխալներ

Ընդունելի է որոշակի ժամանակով անաշխատունակությունը

2.

Անձնական (զգայուն) տվյալներ

Պետք է ապահովել տվյալների ճշգրտությունը

Ծառայության խափանումը առաջացնում է միջին վնասներ

3.

Բարձր գաղտնի կամ պետական գաղտնիք պարունակող տվյալներ

Տվյալների փոփոխումը բացարձակապես անթույլատրելի է

Խափանումը բերում է ծանր հետևանքների

 

  1. Տվյալների շտեմարանի համար սահմանվում է ISO/IEC 27001 միջազգային ստանդարտի C3I2A2 անվտանգության մակարդակ՝

1) գաղտնիություն (C) – Մակարդակ 3.

2) ամբողջականություն (I) – Մակարդակ 2.

3) մատչելիություն (A) – Մակարդակ 2։

  1. Տվյալների պահեստի համար սահմանվում է ISO/IEC 27001 միջազգային ստանդարտի C1I2A2 անվտանգության մակարդակ՝

1) գաղտնիություն (C) – Մակարդակ 1.

2) ամբողջականություն (I) – Մակարդակ 2.

3) մատչելիություն (A) – Մակարդակ 2։

  1. Վարչական տվյալների համակարգի համար սահմանվում է ISO/IEC 27001 միջազգային ստանդարտի C0I2A0 անվտանգության մակարդակ՝

1) գաղտնիություն (C) – Մակարդակ 0.

2) ամբողջականություն (I) – Մակարդակ 2.

3) մատչելիություն (A) – Մակարդակ 0։

  1. Մուտքի վերահսկման համակարգի համար սահմանվում է ISO/IEC 27001 միջազգային ստանդարտի C1I1A2 անվտանգության մակարդակ՝

1) գաղտնիություն (C) – Մակարդակ 1․

2) ամբողջականություն (I) – Մակարդակ 1․

3) մատչելիություն (A) – Մակարդակ 2։

  1. Այցերի ամրագրումների համակարգի համար սահմանվում է ISO/IEC 27001 միջազգային ստանդարտի C2I1A1 անվտանգության մակարդակ՝

1) գաղտնիություն (C) – Մակարդակ 2, 

2) ամբողջականություն (I) – Մակարդակ 1,

3) մատչելիություն (A) – Մակարդակ 1։

  1. Վարչարարության ծրագրային ապահովման համար սահմանվում է ISO/IEC 27001 միջազգային ստանդարտի C2I2A2 անվտանգության մակարդակ՝

1) գաղտնիություն (C) – Մակարդակ 2, 

2) ամբողջականություն (I) – Մակարդակ 2,

3) մատչելիություն (A) – Մակարդակ 2։

  1. Ծանուցման համակարգի համար սահմանվում է ISO/IEC 27001 միջազգային ստանդարտի C1I1A2 անվտանգության մակարդակ՝

1) գաղտնիություն (C) – Մակարդակ 1, 

2) ամբողջականություն (I) – Մակարդակ 1,

3) մատչելիություն (A) – Մակարդակ 2։

  1. Անվտանգ ցանցային միջերեսի համար սահմանվում է ISO/IEC 27001 միջազգային ստանդարտի C1I2A2 անվտանգության մակարդակ՝

1) գաղտնիություն (C) – Մակարդակ 1, 

2) ամբողջականություն (I) – Մակարդակ 2,

3) մատչելիություն (A) – Մակարդակ 2։

 

 

  1. ՏՎՅԱԼՆԵՐԻ ՇՏԵՄԱՐԱՆՈՒՄ ՀԱՎԱՔԱԳՐՎՈՂ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԿԱԶՄԸ, ՀԱՎԱՔԱԳՐՄԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ

 

  1. Տվյալների շտեմարանում հավաքագրվում են «Բնակչության պետական ռեգիստրի մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 7-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված տվյալները` Օրենքի 8-11-րդ հոդվածներով նախատեսված և կանոնակարգով նախատեսված կազմով։
  2. Տվյալների շտեմարանում հավաքագրվող քաղաքացիության տվյալները հետևյալն են՝

1) քաղաքացիությունը.

2) քաղաքացիության բացակայությունը․

3) ՀՀ քաղաքացիության դեպքում՝ քաղաքացիության ձեռքբերման կամ քաղաքացիության դադարեցման հիմքը և տարին, ամիսը, ամսաթիվը․

4) անձի՝ այլ քաղաքացիությունները։

  1. Տվյալների շտեմարանում անձի ազգության վերաբերյալ տվյալները լրացվում են առկայության դեպքում։
  2. Տվյալների շտեմարանում հավաքագրվող կացության վերաբերյալ տվյալները հետևյալն են՝

1) կացության կարգավիճակը, այն տալու տարին, ամիսը, ամսաթիվը և ժամկետը․

2) բնակության օրինականությունը հավաստող տեղեկանք, այն տալու ամսաթիվը և ժամկետը․

3) աշխատանքի թույլտվությունը, այն տալու տարին, ամիսը, ամսաթիվը և ժամկետը․

4) քաղաքացիություն չունեցող անձանց կացության վկայականը, այն տալու տարին, ամիսը, ամսաթիվը և ժամկետը․

5) փախստական ճանաչված, ինչպես նաև քաղաքական ապաստանի իրավունք ստացած անձանց կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը, այն տալու տարին, ամիսը, ամսաթիվը և ժամկետը․

6) ապաստան հայցողի անձը հաստատող վկայականը, այն տալու տարին, ամիսը, ամսաթիվը և ժամկետը․

7) «070» ծածկագրով տպագրված անձնագիրը, ժամանակավոր պաշտպանության (փախստականի) վկայականը, այն տալու տարին, ամիսը,  ամսաթիվը և ժամկետը․

8) միգրացիայի և քաղաքացիության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի կողմից տրված Հայաստանի Հանրապետությունում ժամանակավոր մնալու թույլտվությունը, այն տալու տարին, ամիսը, ամսաթիվը և ժամկետը․

9) օրինական բնակությունը հավաստող այլ փաստաթղթերը, այն տալու տարին, ամիսը, ամսաթիվը և ժամկետը:

  1. Տվյալների շտեմարանում հավաքագրվող բնակության վերաբերյալ տվյալները հետևյալն են՝

1) հիմնական հասցեն՝

ա․Հայաստանի Հանրապետությունում այն վայրը, որտեղ անձն ունի բնակվելու իրավունք, որը նա համարում և հայտարարում է որպես իր մշտական բնակության վայր.

բ․օտարերկրյա պետությունում այն վայրը, որտեղ անձն ունի բնակվելու իրավունք, որը նա համարում և հայտարարում է որպես իր մշտական բնակության վայր.

գ․բնակության վայրի վավերականության սկիզբի և ավարտի տարին, ամիսը, ամսաթիվը կամ անժամկետ նշումը։ Ընդ որում, բնակության վայրի վավերականության ժամկետի ավարտի ամսաթիվ նշված լինելու դեպքում անձը պետք է տեղեկատվական մուտքի հարթակում նախքան ժամկետի լրանալը նշի նոր հասցե կամ համապատասխան տեղեկատվությունը ներկայացնի միգրացիայի և քաղաքացիության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնին՝ իր փոխարեն համապատասխան նշումը կատարելու նպատակով։ Հակառակ դեպքում մշտական բնակության վայրը չի փոփոխվում․

2) ոչ հիմնական հասցեն՝

ա․ լրացուցիչ հասցե, այն վայրը, որը անձը հայտարարում է որպես պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններից կամ այլ մարմիններից պաշտոնական ծանուցումներ ստանալու կամ հանրային ծառայությունների մատուցման հասցե․

բ․ լրացուցիչ հասցեի վավերականության ժամկետի սկսվելու և ավարտվելու տարին, ամիսը, ամսաթիվը կամ անժամկետ նշումը։ Ընդ որում, լրացուցիչ հասցե նշված չլինելու կամ լրացուցիչ հասցեի վավերականության ժամկետի ավարտի դեպքում որպես պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններից կամ այլ մարմիններից պաշտոնական ծանուցումներ ստանալու կամ հանրային ծառայությունների մատուցման հասցե հիմք է ընդունվի անձի հիմնական հասցեն:

  1. Տվյալների շտեմարանում հավաքագրվում են անձի ամուսնական կարգավիճակի մասին տվյալները։ Դրանք են՝

1) չամուսնացած,  եթե հիմք կա ենթադրելու, որ անձը երբեք ամուսնացած չի եղել․

2) ամուսնացած, եթե անձի վերաբերյալ տվալների շտեմարանում մուտքագրվել են ամուսնությունը հավաստող տվյալները և ամուսնու հանրային ծառայությունների համարանիշը․

3) ամուսնալուծված, եթե անձի վերաբերյալ տվալների շտեմարանում մուտքագրվել են ամուսնալուծությունը հավաստող տվյալները․

4) ամուսնուն կորցրած, եթե անձի վերաբերյալ տվալների շտեմարանում մուտքագրվել են ամուսնության դադարումը հավաստող տվյալներ ամուսիններից մեկի մահվան կամ դատարանի կողմից մահացած ճանաչելու հետևանքով։

  1. Տվյալների շտեմարանում հավաքագրվող խնամակալության կամ հոգաբարձության վերաբերյալ տվյալները հետևյալն են՝

1) այն անձի հանրային ծառայության համարանիշը, ում նկատմամբ սահմանվում է խնամակալություն կամ հոգաբարձություն.

2) խնամակալի կամ հոգաբարձուի հանրային ծառայության համարանիշը, իսկ դրա բացակայության դեպքում՝ անունը, ազգանունը, ծննդյան տարին, ամիսը, ամսաթիվը, անձը հաստատող փաստաթղթի տվյալները.

3) խնամակալության կամ հոգաբարձության սահմանման հիմքը՝ տարիքային կամ գործունակության վերաբերյալ նշումով․

4) խնամակալության կամ հոգաբարձության սահմանման տարին, ամիսը, ամսաթիվը․

5) խնամակալության կամ հոգաբարձության դադարման տարին, ամիսը, ամսաթիվը, եթե խնամակալությունը կամ հոգաբարձությունը դադարել է։

  1. Տվյալների շտեմարանում հավաքագրվող հայրության ճանաչման վերաբերյալ տվյալները հետևյալն են՝

1) երեխայի հանրային ծառայության ծառայությունների համարանիշը․

2) հայրության ճանաչումից հետո երեխայի անունը, հայրանունը, ազգանունը, եթե դրանք փոխվել են.

3) երեխայի հոր հանրային ծառայությունների համարանիշը, իսկ օտարերկրյա քաղաքացիների դեպքում՝ անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի տվյալները, քաղաքացիությունը, բնակության վայրը.

4) երեխայի մոր հանրային ծառայությունների համարնիշը, իսկ օտարերկրյա քաղաքացիների դեպքում՝ անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի տվյալները, քաղաքացիությունը, բնակության վայրը:

  1. Տվյալների շտեմարանում հավաքագրվող որդեգրման վերաբերյալ տվյալները հետևյալն են՝

1) երեխայի հանրային ծառայության ծառայությունների համարանիշը․

2) ծնողների հանրային ծառայությունների համարանիշերը, իսկ օտարերկրյա քաղաքացիների դեպքում՝ անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթերի տվյալները, քաղաքացիությունը, բնակության վայրը:

  1. Տվյալների շտեմարանում հավաքագրվող անվան փոփոխության վերաբերյալ տվյալները հետևյալն են՝

1) անձի հանրային ծառայությունների համարանիշը․

2) անձի անունը, հայրանունը (առկայության դեպքում), ազգանունը անվան փոխման պետական գրանցումից հետո.

3) անվան փոխման ակտի գրանցման տարին, ամիսը, ամսաթիվը։

  1. Կանոնակարգի 22-26-րդ կետերով նախատեսված անձանց իրավական վիճակը բնութագրող գործողությունների կամ դեպքերի վերաբերյալ տվյալները տվյալների շտեմարանում հավաքագրվում են ի լրումն «Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին» օրենքով սահմանված կարգով քաղաքացիական կացության ակտերը գրանցող մարմնի կողմից իրականացված պետական գրանցման ժամանակ մուտքագրվող տվյալների։
  2. Դիտավորությամբ կատարված ծանր և առանձնապես ծանր հանցանքների համար օրինական ուժի մեջ մտած դատավճռով դատապարտված լինելու և պատիժը կրելու, ինչպես նաև պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի կրումը ավարտելու դեպքերի մասով տվյալների շտեմարանում հավաքագրվող տվյալները հետևյալն են՝

1) անձի հանրային ծառայությունների համարանիշը․

2) օրինական ուժի մեջ մտած դատավճռի տարին, ամիսը, ամսաթիվը․

3) պատիժը կրելու ժամկետը․

4) պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու վերաբերյալ տեղեկատվությունը և պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու տարին, ամիսը, ամսաթիվը․

5) պատժի կրումը ավարտելու վերաբերյալ տեղեկատվությունը և պատժի կրումը ավարտելու տարին, ամիսը, ամսաթիվը։

  1. Տվյալների հավաքագրման աղբյուր են հանդիսանում տվյալներ ներկայացնող մարմինների՝ օրենսդրությամբ իրենց վերապահված լիազորությունների իրականացման ժամանակ հիմք հանդիսացած պաշտոնական տվյալները։

 

 

 

4 ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

  1. Տեղեկությունների պաշտպանությունը, մասնավորապես՝ տվյալների ամբողջականության, գաղտնիության և հասանելիության ապահովումը, իրականացվում է համաձայն ISO/IEC 27001 և ISO/IEC 27701 միջազգային ստանդարտների։
  2. Տվյալների շտեմարանը ապահովում է պարբերական կրկնօրինակման (backup) և վերականգնման (disaster recovery) մեխանիզմներ՝ արտակարգ իրավիճակների դեպքում տվյալների վերականգնումն ապահովելու համար։

 

 

  1. ՏՎՅԱԼՆԵՐԻ ՇՏԵՄԱՐԱՆՈՒՄ ՀԱՎԱՔԱԳՐՎՈՂ ՏՎՅԱԼՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՂՆԵՐԸ, ՏՎՅԱԼՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱՅԼ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿԱՄ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻ ԿՈՂՄԻՑ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐՈՒՄ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՄՈՒՏՔԱԳՐՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ

 

  1. Տվյալների շտեմարանում հավաքագրվող տվյալներ ներկայացնողներն են՝

1) բժշկական կազմակերպությունները.

2) քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող մարմինը.

3) խնամակալության և հոգաբարձության մարմնները․

4) դիվանագիտական ծառայության մարմինները.

5) դատական դեպարտամենտը․

6) քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմինը․

7) միգրացիայի և քաղաքացիության բնագավառի պետական լիազոր մարմինը.

8) բնակչության պետական ռեգիստրի ներդրման, տվյալների մշակման, բնակչության պետական ռեգիստրի թարմացման, տեխնիկական սպասարկման և անվտանգության ապահովման աշխատանքները օրենսդրությամբ սահմանված կարգով իրավաբանական անձի լիազորելու դեպքում տվյալ իրավաբանական անձը.

9) օրենքով նախատեսված դեպքում այլ մարմինները:

  1. Տվյալների շտեմարանում համապատասխան տվյալների մուտքագրումն իրականացնելու նպատակով կանոնակարգի 32-րդ կետով նախատեսված մարմիններին բնակչության պետական ռեգիստր մուտք գործելու իրավասություն տրամադրում է միգրացիայի և քաղաքացիության բնագավառի պետական լիազոր մարմինը՝ ապահովելով տեխնիկական հասանելիություն։
  2. Մուտքի իրավունքը տրամադրվում է տվյալ մարմնի կողմից սահմանված պատասխանատու աշխատակիցներին՝ սահմանելով թույլատրելի ֆունկցիոնալություն, իսկ հասանելիության կարգավորումները և տեխնիկական պահանջները սահմանվում են կանոնակարգով։
  3. Տվյալները մուտքագրվում են տվյալների շտեմարան՝ բնակչության պետական ռեգիստրի օգտագործողի վեբ միջերեսից (web UI) կամ տվյալների փոխանակման տեխնոլոգիաների (API) կամ տվյալների փոխանակման շերտի (X-Road) միջոցով՝ XML կամ JSON ստանդարտներով համապատասխանող տվյալների սխեմաների կիրառմամբ:
  4. Մուտքագրվող տվյալները պետք է համապատասխանեն նախապես սահմանված տվյալների վավերացման սխեմաներին, որոնք ապահովում են՝

1) հանրային ծառայությունների համարանիշի ստուգում՝ համակարգի միջոցով․

2) մուտքագրվող ամսաթվերի վավերականություն․

3) սեռի արժեքների սահմանափակում (F, M)․

4) հարկ վճարողի հաշվառման համարանիշի ստուգում՝ համակարգի միջոցով (կիրառելի դեպքերում)։

  1. Տվյալների մուտքագրման յուրաքանչյուր դեպք ուղեկցվում է նույնականացված օգտագործողի UID-ով և ժամանակի կնիքով, ինչպես նաև համակարգի կողմից տրվում է տեխնիկական սխալների վերաբերյալ պատասխան՝ բացատրությամբ:
  2. Բժշկական կազմակերպությունը հանդիսանում է տվյալներ ներկայացնող մարմին, եթե ներառված է առողջապահության բնագավառի պետական լիազոր մարմնի կողմից միգրացիայի և քաղաքացիության բնագավառի պետական լիազոր մարմնինտրամադրվող ցանկում։
  3. Բժշկական կազմակերպությունը ծնունդների և մահվան դեպքերի վերաբերյալ տվյալների շտեմարան է ներկայացնում հետևյալ տվյալները՝

1) ծննդյան տարին, ամիսը, ամսաթիվը և վայրը.

2) սեռը.

3) ծնող(ներ)ի հանրային ծառայությունների համարանիշերը (առկայության դեպքում), իսկ օտարերկրացի ծնողների դեպքում ծնողների անուն, ազգանունը, ազգությունը, քաղաքացիությունը, անձը հաստատող փաստաթղթի տվյալները.

4) իսկ անձի մահվան դեպքում՝ նշում անձի մահվան վերաբերյալ՝ մուտքագրելով մահվան տարին, ամիսը, ամսաթիվը և վայրը։

  1. Ծնող(ներ)ի՝ հանրային ծառայության համարանիշ չունենալու դեպքում բժշկական կազմակերպությունը լրացնում է ծնողների անձը հաստատող փաստաթղթի տվյալները և նշում է կատարում հանրային ծառայությունների համարանիշի բացակայության վերաբերյալ:
  2. Բժշկական կազմակերպությունները տվյալների շտեմարանում համապատասխան տվյալները մուտքագրում են մինչև ծննդյան կամ մահվան օրվան հաջորդող աշխատանքային օրվա ավարտը։
  3. Ծննդյան տվյալները տվյալների շտեմարան մուտքագրելուց հետո համակարգը ինքնաշխատ կերպով ստեղծում է նոր անչափահաս անձի հանրային ծառայությունների համարանիշ, որը հասանելի է դառնում բժշկական կազմակերպության համար։
  4. Խնամակալության և հոգաբարձության մարմինները կանոնակարգի 23-րդ կետով նախատեսված տվյալները տվյալների շտեմարան են մուտքագրում Օրենքով սահմանված ժամկետում և կանոնակարգի 31-35-րդ կետերով նախատեսված պահանջների պահպանմամբ։
  5. Դիվանագիտական ծառայության մարմինները Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս 183 օրից ավելի ժամկետով բնակվելու նպատակով հյուպատոսական հաշվառման կանգնած Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մասով օրենքով սահմանված ժամկետում տվյալների շտեմարան են մուտքագրում կանոնակարգի 21-րդ կետով նախատեսված բնակության վերաբերյալ տվյալները։ Տվյալների մուտքագրման համար անձի որոնումը բնակչության պետական ռեգիստրում իրականացվում է հանրային ծառայությունների համարանիշի միջոցով: Դիվանագիտական ծառայության մարմինները տվյալների շտեմարան մուտքագրում են նաև Օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 1-3-րդ կետերով նախատեսված տվյալները այն դեպքերի մասով, որոնք տեղի են ունենում օտարերկրյա պետություններում։ Դիվանագիտական ծառայության մարմինները տվյալների մուտքագրումն իրականացնում են կանոնակարգի 33-37-րդ կետերով նախատեսված պահանջների պահպանմամբ։
  6. Դատական դեպարտամենտը օրինական ուժի մեջ մտած վճռով անգործունակ ճանաչված անձանց վերաբերյալ տեղեկատվությունը տվյալների շտեմարան է մուտքագրում Օրենքով սահմանված ժամկետում և կանոնակարգի 33-37-րդ կետերով նախատեսված պահանջների պահպանմամբ։
  7. Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմինը կանոնակարգի 28-րդ կետով նախատեսված տվյալները տվյալների շտեմարան մուտքագրում է Օրենքով սահմանված ժամկետում և կանոնակարգի 33-37-րդ կետերով նախատեսված պահանջների պահպանմամբ։
  8. Միգրացիայի և քաղաքացիության բնագավառի պետական լիազոր մարմինը մուտքագրում է տվյալների շտեմարանում մուտաքագրման ենթակա բոլոր այն տվյալները, որոնք դուրս են մյուս մարմինների իրավասություններից: Տվյալների մուտքագրումն իրականացվում կանոնակարգի 33-37-րդ կետերով նախատեսված պահանջների պահպանմամբ։
  9. Այլ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններին կամ իրավաբանական անձանց օրենքով նախատեսված դեպքում բնակչության պետական ռեգիստրում տվյալների մուտքագրման լիազորություն վերապահվելու դեպքում կանոնակարգով սահմանված հարաբերությունների շրջանակներում վերջիններիս կողմից տվյալների մշակումը, այդ թվում՝ պետական ռեգիստրում տվյալների մուտքագրումն իրականացվում են կանոնակարգով սահմանված ընդհանուր կարգով։

 

 

  1. ՏՎՅԱԼՆԵՐԻ ՄՈՒՏՔԱԳՐՄԱՆ ՄԵՐԺՄԱՆ ԵՎ ԱՅԴ ՄԱՍԻՆ ՏՎՅԱԼԸ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՂ ՄԱՐՄՆԻՆ ԾԱՆՈՒՑԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

  1. Տվյալների մուտքագրումը ենթակա է մերժման, եթե առկա են՝

1) տեղեկությունների կառուցվածքային կամ ձևաչափային սխալներ․

2) տվյալների և փոխգործելիության ստանդարտների տեխնիկական խախտումներ․

3) հակասություն արդեն առկա հավաստի տվյալների հետ (օրինակ՝ նույն անձի վերաբերյալ մուտքագրված ծննդյան տարբեր տվյալներ)։

  1. Տվյալների մուտքագրման մերժումը կարող է իրականացվել՝

1) ինքնաշխատ եղանակով՝ համակարգի վավերացման մեխանիզմների (validation engine) միջոցով․

2) մեխանիկական եղանակով՝ տվյալների ճշտության մոնիթորինգի շրջանակներում իրավասու մարմնի կողմից։

  1. Մերժման բոլոր դեպքերը գրանցվում են շտեմարանի առանձին բաժնում և ներառում են՝

1) մերժված տվյալի տեսակը․

2) տվյալը ներկայացնող մարմնի անվանումը․

3) մերժման ճշգրիտ պատճառը (տեխնիկական ծածկագիր և բացատրություն)․

4) մերժման ժամանակային նշագրում։

  1. Տվյալների մուտքագրման մերժման դեպքում տվյալը ներկայացնող մարմնին ավտոմատ կերպով ուղարկվում է ծանուցում, որն իր մեջ ներառում է սույն կարգի 60-րդ կետով նախատեսված տեղեկատվությունը։
  2. Մերժման մասին ծանուցումը ներկայացվում է API ինտերֆեյսով՝ իրական ժամանակում, ինչպես նաև էլեկտրոնային փոստով համապատասխան պատասխանատուին։
  3. Եթե մերժված տվյալները չեն ուղղվում բնակչության պետական ռեգիստրի կառավարչի սահմանված ժամկետում համակարգը ուղարկում է հիշեցում։ Մեկից ավելի ուշացումների կամ սխալների դեպքում բնակչության պետական ռեգիստրի կառավարչի կողմից կարող են կիրառվել մուտքային սահմանափակումներ։
  4. Կրկնվող սխալ ներկայացնելու դեպքում բնակչության պետական ռեգիստրի կառավարիչը կարող է ժամանակավորապես կասեցնել տվյալների մուտքագրման իրավունքը տվյալ մարմնի համար՝ անվտանգության ռիսկերի նվազեցման նպատակով։

 

Հավելված 2

ՀՀ կառավարության

2025թ․ ________-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐ ՄՈՒՏՔԱԳՐՎԱԾ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԱՐԽԻՎԱՑՄԱՆ

 

  1. Տվյալների շտեմարանում տեղեկությունները ենթակա են պահպանման անձի մահվանից հետո 10 տարի ժամկետով, որից հետո ենթակա են արխիվացման, բացառությամբ, եթե տվյալները փոփոխվել կամ ճշգրտվել են, անձը այլևս չի հանդիսանում բնակչության պետական ռեգիստրի սուբյեկտ կամ տվյալը այլևս կիրառելի չէ։ Նշված դեպքերում տեղեկատվությունը ենթակա է պահպանման 5 տարի ժամկետով, որից հետո ենթակա է արխիվացման։ Տվյալների շտեմարանում որևէ տեղեկություն չի ջնջվում։
  2. Տվյալները պահվում են կարգավորված, հստակ սահմանված դաշտերով և տվյալների մուտքագրման միասնական կառուցվածքով համաձայն ISO/IEC 11179 մետատվյալների գրանցամատյանի ստանդարտի, որը թույլ է տալիս ապահովել դրանց ավտոմատ մշակումը, վավերացումը և փոխգործելիությունը։
  3. Տվյալների շտեմարանում պահվող տեղեկությունների արխիվացումը իրականացվում է տեղեկատվության արժանահավատության, հաշվետվողականության ապահովման համար և տվյալների երկարաժամկետ պահպանման նպատակով։
  4. Արխիվացման ենթակա են այն տվյալները՝

1) որոնց օգտագործման նպատակը կատարված է, սակայն որոնք ունեն հաշվետվողական, վերահսկողական կամ պատմական նշանակություն․

2) որոնք այլևս չեն թարմացվում, սակայն պահանջվում է ապագա վերլուծության, վիճակագրության կամ իրավական գնահատման համար։

  1. Արխիվացված տվյալները տեղափոխվում են տվյալների շտեմարանի առանձին թվային պահոց, որտեղ մուտքի իրավունքը խիստ վերահսկվում է։
  2. Արխիվացման պահոցում տվյալները պետք է պահպանվեն ISO/IEC 27001 Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգի և ISO/IEC 14721 Բաց արխիվային տեղեկատվական համակարգի ստանդարտներին համապատասխանող ձևաչափերով (XML, PDF/A, CSV)՝ ապագա ընթեռնելիության ապահովման նպատակով։
  3. Արխիվացման իրականացումը պետք է համապատասխանի ISO/IEC 27001 Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգի և ISO/IEC 14721 Բաց արխիվային տեղեկատվական համակարգի ստանդարտներին։
  4. Արխիվացման պահոցը պետք է ունենա`

1) ֆիզիկական և թվային պաշտպանություն՝ տվյալների ոչնչացումից, փոփոխությունից և չթույլատրված մուտքից․

2) կրկնօրինակման և վերականգնման մեխանիզմներ արտակարգ իրավիճակների համար։

  1. Արխիվացված տվյալների հետ կատարված ցանկացած գործողություն՝ դիտարկում, վերականգնում, արտահանում, պետք է գրանցվի տվյալների շտեմարանի համապատասխան բաժնում՝ ներառյալ գործողությունը կատարած անձի վերաբերյալ տեղեկությունները, գործողության կատարման տարին, ամիսը, ամսաթիվը և նպատակը։
  2. Արխիվացման պահոցում տվյալները պահվում են 50 տարի ժամկետով, եթե օրենքով կամ դատարանի որոշմամբ այլ բան նախատեսված չէ։
  3. Սույն կարգի 10-րդ կետով նախատեսված ժամկետի ավարտից հետո տվյալները ջնջվում են համապատասխան ինքնաշխատ ձևով կազմվող արձանագրությամբ և միայն այն դեպքում, երբ դրա պահպանման այլ պարտադիր պահանջ չկա։

 

  • Քննարկվել է

    09.10.2025 - 24.10.2025

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Հանրային ծառայություններ

  • Գերատեսչություն

    Ներքին գործերի նախարարություն

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1213

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ

Առաջարկներ`

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: