«Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2020 թվականի օգոստոսի 6-ի N 477-Լ որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ փոխվարչապետի որոշման նախագիծ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 6-Ի N 477-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը․
«Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2020 թվականի օգոստոսի 6-ի N 477-Լ որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի որոշման նախագծի (այսուհետ նաև` Նախագիծ) ընդունումը պայմանավորված է կազմակերպաիրավական մի շարք խնդիրների լուծման անհրաժեշտությամբ:
Մասնավորապես, ՀՀ փոխվարչապետի 2024 թվականի մայիսի 27-ի N 355-Լ որոշմամբ փոփոխություն է կատարվել՝ ՀՀ փոխվարչապետի 2020 թվականի օգոստոսի 6-ի N 477-Լ որոշմամբ հաստատված հավելվածի 6-րդ կետում՝ համաձայն որի՝ «քրեակատարողական ծառայության հանրային ծառայողները ենթակա են պարտադիր հատուկ ուսուցման ոչ ուշ, քան երեք տարին մեկ անգամ։ Հատուկ ուսուցում անցնելուց հետո ծառայողը կրկին կարող է հատուկ ուսուցում անցնել առնվազն 20 ամիս հետո:»:
ՀՀ կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2060-Ն որոշմամբ հաստատված հավելված N 5-ի 7-րդ աղյուսակի և N 9.1-րդ հավելվածի հիման վրա ՀՀ արդարադատության նախարարությունը՝ «Արդարադատության համակարգի աշխատակիցների վերապատրաստում և հատուկ ուսուցում» ծրագրի մաս հանդիսացող «Հատուկ ծառայողների վերապատրաստում և հատուկ ուսուցում» միջոցառման (այսուհետ՝ Ծրագիր) իրականացման նպատակով, «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ նաև՝ Կազմակերպություն) հետ պայմանագիր է կնքել 2025 թվականի ընթացքում ՀՀ արդարադատության նախարարության հատուկ ծառայողների վերապատրաստման և հատուկ ուսուցման դասընթացների իրականացման համար, որի համաձայն մինչև տարեվերջ պետք է ընդհանուր վերապատրաստում և հատուկ ուսուցում անցնեն թվով 2250 ծառայողներ:
Քրեակատարողական ծառայությունը (այսուհետ նաև՝ Ծառայություն) վերլուծելով իր գործառնությունների պատշաճ կատարման ապահովմանն ուղղված առկա խնդիրները և ուսումնասիրելով ոլորտի առաջավոր փորձը՝ ցանկություն է հայտնել, որպեսզի քրեակատարողական ծառայողները հատուկ ուսուցման դասընթացներ անցնեն ինչպես իրենց ամենօրյա պարտականությունների կատարման համար անհրաժեշտ հմտությունների կատարելագործման, այնպես էլ հատուկ օպերատիվ-ծառայողական խնդիրների հաջող իրականացման համար: Նշվածով պայմանավորված Ծառայությունը ցանկություն է հայտնել, որ բացի ընդհանուր 39 ակադեմիական ժամ տևողությամբ հատուկ ուսուցման դասընթացներից՝ քրակատարողական ծառայության ստորաբաժանումների հատուկ խնդիրներից ելնելով՝ կազմակերպվեն նաև կարճաժամկետ (4-ից մինչև 80 ակադեմիական ժամ տևողությամբ) և նաև հաճախակի պարբերականությամբ կրկնվող հատուկ ուսուցման դասընթացներ՝ այդպիսով ստեղծելով հնարավորություն Ծառայության ստորաբաժանումների հատուկ խնդիրներից բխող պարտականությունների կատարումն ապահովել բավարար աստիճանի պատրաստվածության պայմաններում:
Այս առումով, հարկ է արձանագրել, որ Ծառայության անվտանգության ապահովման, պահպանության ապահովման, ուղեկցումների և հատուկ նշանակության ստորաբաժանումների ծառայողներն ունեն միմյանցից տարբերվող հատուկ գործառնական խնդիրներ, որոնց լուծման համար ընդհանուր հատուկ ուսուցման դասընթացներն իրենց բովանդակությամբ և իրականացման պարբերականությամբ բավարար չեն։ Օրինակ՝ Ծառայության հատուկ նշանակության բաժնի ծառայողների առանձնահատուկ կարիքներից ելնելով անհրաժեշտ է, որպեսզի վերջիններս տարեկան առնվազն երկու անգամ հատուկ ուսուցման դասընթացներ անցնեն՝ ձեռնամարտի հնարքների կիրառման, ինքնաձիգով և ատրճանակով կրակային պատրաստության, տրանսպորտային միջոցների խուզարկման և այլ համանման առանձնահատուկ թեմաներով:
Նշվածից ելնելով Ծառայությունը ցանկություն է հայտնել, որպեսզի ընդհանուր հատուկ ուսուցում անցնող ծառայողներից բացի, հատուկ կարիքից ելնելով լրացուցիչ առնվազն 800 քրեակատարողական (հանրային) ծառայողներ՝ Կազմակերպությունում կարճաժամկետ և հաճախակի կրկնվող պարբերականությամբ հատուկ ուսուցում անցնելու հնարավորություն ունենան (ծրագրի ֆինանսավորման շրջանակներում)։
Արդյունքում Կազմակերպությունը՝ Ծրագրի իրականացման համար հատկացված ֆինանսական միջոցների հաշվին կիրականացնի նաև քրեկատարողական ծառայողների հատուկ կարիքների բավարարման նպատակով անհրաժեշտ հատուկ ուսուցման դասընթացներ (Նախագծի 1-ից 4-րդ կետեր)։
Նախագծի 5-7-րդ կետերով սահմանվում են յուրաքանչյուր հաջորդ տարվա համար հատուկ ուսուցման նախընտրելի թեմաներն ու ժամանակացույցը, դասախոսությունների և գործնական պարապմունքների ցանկերը հաստատման ներկայացնելու առավել մոտարկված ողջամիտ ժամկետներ, հստակեցվում են հատուկ ուսուցման ծրագրին ներկայացվող պահանջները՝ դասախոսությունների և գործնական պարապմունքների ցանկը, ինչպես նաև դրանց ընդհանուր ժամաքանակը, ժամանակացույցը և այլն։
Նախագծի 8-10-րդ կետերով հստակեցվում են հատուկ ուսուցման ավարտին ծառայողի կողմից հանձնվող ստուգարքի գործընթացին ներկայացվող պահանջները։ Մասնավորապես սահմանվում են՝ ստուգարքի հասկացություն, կազմակերպման դեպքերը, փուլերը, գնահատականը ձևավորող հատկանիշները։ Լավարկվում է նաև ստուգարքի կազմակերպման և անցկացման համար ստեղծվող հանձնաժողովի կազմին ներկայացվող պահանջները:
Նախագծի 11-րդ կետերով առաջարկվում է կարգավորել նաև ստուգարքի կազմակերպման և անցկացման համար ստեղծվող հանձնաժողովի անդամների իրավունքներին, պարտականություններին, հանձնաժողովի գործունեության կազմակերպմանը վերաբերվող հարաբերությունները։
- Առաջարկվող կարգավորումների բնույթը․
Նախագծով առաջարկվում է ներկայում հատկացված (կամ նախատեսվող) ֆինանսական ռեսուրսների շրջանակում ապահովել առավելագույն թվով և ամենամյա պարբարականությամբ՝ քրեակատարողական ծառայողների օրենսդրությունից բխող ամենօրյա և հատուկ օպերատիվ-ծառայողական խնդիրների հաջող իրականացման համար անհրաժեշտ, ծառայողի մշտական մարտական և ֆիզիկական պատրաստվածությունն ապահովելու նպատակով ծառայողական, մարտական և ֆիզիկական պատրաստականության պարապմունքների (դասընթացների) իրականացումը:
- Ակնկալվողարդյունքը․
Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է լավարկել Քրեակատարողական ծառայության հանրային ծառայողների հատուկ ուսուցման գործընթացը՝ ներկայում հատկացված ֆինանսական ռեսուրսների շրջանակում ապահովել դրան առավելագույն թվով և ամենամյա պարբերականությամբ մասնակցող Ծառայության հանրային ծառայողների մասնակցությունն ու դրա առավելագույն արդյունավետությունը:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք․
Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից:
- Նախագծի ընդունման առնչությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների ավելացումների կամ նվազեցումների վերաբերյալ․
Առաջարկվող Նախագծի ընդունման կապակցությամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
6․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ․ Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
Նախագիծը բխում է ՀՀ արդարադատության նախարարի 2023 թվականի հոկտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի 2024-2026 թվականների գործունեության հիմնական ուղղությունները և դրանց իրականացման ժամանակացույցը սահմանելու մասին» N 627-Լ հրամանի 4-րդ ուղղության 3-րդ գործունեությունից:
-
Քննարկվել է
30.09.2025 - 16.10.2025
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Արդարադատություն, Քրեակատարողական
-
Գերատեսչություն
Արդարադատության նախարարություն
Դիտումներ` 938
Տպել