Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

Հայաստանի Հանրապետություն ցեմենտի ներմուծման ժամանակավոր սահմանափակում կիրառելու, ներմուծման լիցենզավորման ընթացակարգը և հիմնական լիցենզիայի ձևը սահմանելու մասին

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՑԵՄԵՆՏԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄ ԿԻՐԱՌԵԼՈՒ, ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ»  ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Անհրաժեշտությունը

 Սույն նախագծի ընդունումը պայմանավորված է երրորդ երկրներից ցեմենտի ներմուծումը կանոնակարգելու և տեղական ցեմենտի շուկայում արտադրվող և ներմուծվող ցեմենտի համար հավասար պայմաններ ստեղծելու անհրաժեշտությամբ:

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

Կառավարության 2025 թվականի հունիսի 26-ի N 873-Ն որոշմամբ ժամանակավոր (6 ամիս ժամկետով) սահմանափակումներ են կիրառվել ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 2523 (բացառությամբ ԱՏԳ ԱԱ 2523100000, 2523210000) ապրանքային դիրքի ծածկագրերին դասվող ցեմենտի ներմուծման վրա, մասնավորապես՝ «Բացթողնում՝ ներքին սպառման համար», «Վերամշակում՝ մաքսային տարածքում» և «Վերամշակում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգերով ներմուծումն իրականացվում է լիցենզիաների հիման վրա։

Իրականացված քայլերի արդյունքում (կարգավորումը սահմանվել է նաև 2024 թվականին) որոշակի մեղմվել են տեղական շուկայում (երրորդ երկրներից ներմուծվող ցեմենտի նկատմամբ) Հայաստանում արտադրվող ցեմենտի մրցակցային պայմանները։ Այնուամենայնիվ՝ 2024 թվականին Հայաստանում ցեմենտի արտադրության ցուցանիշը (1.05 մլն տոննա) 2023-ի նկատմամբ նվազել է 7.3%-ով, իսկ 2025 թվականի առաջին կիսամյակում (398.1 հազ.տ.)՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ՝ 18.1%-ով։  

Հայաստանի ցեմենտ արտադրող ձեռնարկությունների արտադրական հզորությունները կազմում են շուրջ 2.5 մլն տոննա և գերազանցում են ցեմենտի ներքին շուկայի պահանջարկը (1.4-1.5 մլն տ.)

Ըստ Վիճակագրական կոմիտեի տվյալների՝ աճել են երրորդ երկրներից ներմուծվող ցեմենտի ծավալները, մասնավորապես՝ 2024 թվականին Հայաստան է ներմուծվել 581 հազ.տ. ցեմենտ (աճը 2023թ.  նկատմամբ՝ 47%), իսկ 2025 թվականի առաջին կիսամյակում՝ 319 հազ.տ. ցեմենտ (աճը 2024թ. առաջին կիսամյակի նկատմամբ՝ 24%),

Նշված պարագայում էլ ավելի է նվազել տեղական ցեմենտի մրցունակությունը՝ վատթարացնելով տեղական ցեմենտ արտադրողների ֆինանսական վիճակը։ Այդ իսկ նպատակով ՀՀ ԱԺ կողմից կատարվել են փոփոխություններ «Պետական տուրքի մասին օրենքում», սահմանելով երրորդ երկրներց ցեմենտի ներմուծման լիցենզիայի տրամադրման համար պետական տուրք յուրաքանչյուր մինչև մեկ տոննայի ներմուծման համար բազային տուրքի 800-ապատիկի չափով, նախկին՝ 200-ապատիկի փոխարեն (ՀՕ-122, ուժի մեջ է մտել 2025 թվականի հունիսի 14-ից)։  

Միևնույն ժամանակ, ցեմենտի ներմուծման ծավալների աճը փաստում է, որ առաջարկվող կարգավորումները չեն խոչընդոտում երրորդ երկրներից ցեմենտի ներմուծման գործընթացին, միաժամանակ ապահովում են ցեմենտի ներքին շուկայի պահանջարկը (ի հաշիվ տեղական ցեմենտ արտադրող (այդ թվում՝ ներմուծվող կլինկերից տեղում ցեմենտ արտադրող) և երրորդ երկրներից ցեմենտ ներմուծող տնտեսավարողների միջև մրցակցության շնորհիվ։

Նպատակ ունենալով շարունակական դարձնել պետության կողմից տեղական արտադրությունների զարգացումը խթանող միջոցառումները՝ նպատակահարմար ենք գտնում շարունակել երրորդ երկրներից ներմուծվող ցեմենտի լիցենզավորման գործընթացը և 26.06.2025թ. N 873-Ն որոշման գործողության ժամկետն ավարտվելուց հետո՝ սահմանել ցեմենտի ներմուծման լիցենզավորման նոր՝ վեցամսյա ժամկետ, որի նպատակով ներկայացնում ենք սույն նախագիծը։

Սույն նախագծով հաստատվող կարգավորումն ամբողջությամբ համապատասխանում է «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի 7-րդ հավելվածի 54-րդ կետի դրույթներով սահմանված ոչ սակագնային կարգավորումների պահանջներին։

  1. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

Տեղական մշակող արդյունաբերական ձեռնարկությունների արտադրանքի բնականոն գործունեության ապահովում և ցեմենտի տեղական շուկայում հավասար մրցակցության ապահովում:

  1. Կարգավորման նպատակը և բնույթը

Տեղական ցեմենտի արտադրության զարգացում, ցեմենտի ներքին շուկայում տեղում արտադրվող և ներմուծվող ցեմենտի համար հավասար պայմանների ապահովում:

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք

Նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից` հաշվի առնելով հանրապետության բիզնես-շրջանակների առաջարկությունները և շահագրգիռ պետական մարմինների դիրքորոշումները:

  1. Ակնկալվող արդյունքը

Սույն նախագծի ընդունումը կնպաստի տեղական ցեմենտ արտադրողների և ներմուծողների միջև առողջ մրցակցության ապահովմանը։

  1. Կապը ռազմավարական այլ փաստաթղթերի հետ

ՀՀ կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին 18.11.2021թ. N 1902-Լ որոշմամբ հաստատված Հավելված 1-ի «ՀՀ էկոնոմիկայի նախարարություն» բաժնի 5.5-րդ կետի սահմանված դրույթի շարունակականության ապահովում, այն է՝

  • Ներքին շուկայի պաշտպանության քաղաքականության մշակում,
  • Հայրենական արտադրողների համար հավասար մրցակցային պայմանների ապահովում։  
  1. Այլ տեղեկություններ (եթե այդպիսիք առկա են)

«Հայաստանի Հանրապետություն ցեմենտի ներմուծման ժամանակավոր սահմանափակում կիրառելու, ներմուծման լիցենզավորման կարգն ու պայմանները և հիմնական լիցենզիայի ձևը սահմանելու մասին» Կառավարության որոշման նախագծի ընդունմամբ այլ իրավական ակտերում փոփոխություն կատարելու անհրաժեշտություն չի առաջանում։

«Հայաստանի Հանրապետություն ցեմենտի ներմուծման ժամանակավոր սահմանափակում կիրառելու, ներմուծման լիցենզավորման կարգն ու պայմանները և հիմնական լիցենզիայի ձևը սահմանելու մասին»  Կառավարության որոշման նախագծի ընդունման դեպքում պետական բյուջեում ծախսերի էական ավելացում կամ եկամուտների նվազեցում չի նախատեսվում:

  • Քննարկվել է

    30.09.2025 - 15.10.2025

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Էկոնոմիկա

  • Գերատեսչություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 924

Տպել

Առաջարկներ`

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: