Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

«ԿՈՆԿՈՒՐՍ ՄՈՆԴԻԱԼ ԴԵ ԲՐՅՈՒՍԵԼ 2026» ԳԻՆՈՒ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄՏԵՍ - ՄՐՑՈՒՅԹԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԿՈՆԿՈՒՐՍ ՄՈՆԴԻԱԼ ԴԵ ԲՐՅՈՒՍԵԼ 2026» ԳԻՆՈՒ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄՏԵՍ - ՄՐՑՈՒՅԹԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

1. Անհրաժեշտությունը - «Կոնկուրս Մոնդիալ դե Բրյուսել 2026» գինու միջազգային համտես - մրցույթը Հայաստանի Հանրապետությունում անցկացնելու միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ կառավարության և Մոնդիալ դե Բրյուսել մրցույթի կազմակերպիչ Վինոպրես (Vinopres S.A.) ընկերության միջև 2025 թվականի փետրվարի 1-ին կնքված հուշագրով նախատեսված միջոցառումները կատարելու անհրաժեշտությամբ։

2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները - «Կոնկուրս Մոնդիալ դե Բրյուսել» (Concours Mondial de Bruxelles) գինիների միջազգային համտես-մրցույթը համարվում է իր ձևաչափով եզակի, աշխարհի ամենամեծ և հեղինակավոր մրցույթը, որը ունի 30 տարվա փորձ։ 2026թ․ մրցույթը հյուրընկալելու նպատակով բացի Հայաստանը, հայտ էին ներկայացրել նաև Վրաստանը, Ռումինիան, Մոլդովան։ Հաշվի առնելով մեր երկրի հարուստ գինեգործական և պատմամշակութային ժառանգությունը, ինչպես նաև վերջին տարիներին ոլորտի զարգացման աճի տեմպերը, միջազգային մեծամաշստաբ միջոցառումներ կազմակերպելու հնարավորությունները, մրցույթի կազմակերպիչները որոշում են կայացրել մրցույթը ՀՀ-ում անցկացնելու վերաբերյալ և ՀՀ կառավարության և Մոնդիալ դե Բրյուսել մրցույթի կազմակերպիչ Վինոպրես (Vinopres S.A.) ընկերության միջև 2025 թվականի փետրվարի 1-ին կնքվել է հուշագիր (կցվում Է)։

3. Կարգավորման նպատակը և բնույթը

Նախագծով առաջարկվում է՝

- Հայաստանի Հանրապետությունում 2026 թվականին իրականացնել «Կոնկուրս Մոնդիալ դե Բրյուսել 2026» գինու միջազգային համտես-մրցույթի միջոցառումը, որի կազմակերպիչ է հանդիսանում Վինոպրես (Vinopres S.A.) ընկերությունը։

- Հաստատել «Կոնկուրս Մոնդիալ դե Բրյուսել 2026» գինու միջազգային համտես - մրցույթը Հայաստանի Հանրապետությունում անցկացնելու միջոցառումների ծրագիրը:

- Սահմանել, որ «Կոնկուրս Մոնդիալ դե Բրյուսել 2026» գինու միջազգային համտես - մրցույթը Հայաստանի Հանրապետությունում անցկացնելու կազմակերպման աշխատանքների ընդհանուր համակարգումն իրականացվելու է «Հայաստանի խաղողագործության և գինեգործության» հիմնադրամի կողմից։

- Թույլատրել Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամին մինչև 2025 թվականի հոկտեմբերի 10-ը կնքել համապատասխան պայմանագիր «Կոնկուրս Մոնդիալ դե Բրյուսել 2026» գինու միջազգային համտես - մրցույթի կազմակերպիչ Վինոպրես (Vinopres S.A.) ընկերության հետ՝ հստակ սահմանելով, որ նախապատրաստական աշխատանքները մեկնարկում են 2025 թվականից։

- Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին հանձնարարել՝

  • որոշումն ընդունվելուց հետո հնգօրյա ժամկետում ներկայացնել առաջարկություն՝ «Կոնկուրս Մոնդիալ դե Բրյուսել 2026» գինու միջազգային համտես - մրցույթը Հայաստանի Հանրապետությունում անցկացնելու նպատակով 2025 թվականի համար նախատեսված 36,000․0 հազար ՀՀ դրամը (ներառյալ՝ ԱԱՀ) Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամին 2025 թվականի Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության բյուջեից հատկացնելու վերաբերյալ,
  • «Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» ՀՀ կառավարության որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ներկայացնել առաջարկություն «Կոնկուրս Մոնդիալ դե Բրյուսել 2026» գինու միջազգային համտես – մրցույթի կազմակերպման համար կնքված պայմանագրով ստանձնած պարտավորությանների մարման նպատակով 2026 թվականի համար անհրաժեշտ 684,000.0 հազար ՀՀ դրամի (ներառյալ՝ ԱԱՀ) չափով ֆինանսական միջոցները հատկացնելու վերաբերյալ։

- Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին, Արտաքին գործերի նախարարին, Առողջապահության նախարարին, Ներքին գործերի նախարարին, Պետական եկամուտների կոմիտեի նախագահին և  առաջարկել Երևանի քաղաքապետին՝ յուրաքանչյուրն իր գործառույթների մասով՝ ապահովել «Կոնկուրս Մոնդիալ դե Բրյուսել 2026» գինու միջազգային համտես - մրցույթը Հայաստանի Հանրապետությունում անցկացնելու նախապատրաստական և կազմակերպման գործընթացների իրականացումը։

4 Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Սույն նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից՝ հիմք ընդունելով «Կոնկուրս Մոնդիալ դե Բրյուսել 2026» գինու միջազգային համտես -  մրցույթի կազմակերպիչ Վինոպրես (Vinopres S.A.) ընկերության կողմից ներկայացված միջոցառումների շրջանակը և գնային առաջարկը:

5 Ակնկալվող արդյունքը

Միջոցառման իրականացումը կնպաստի Հայաստանի ճանաչելիության և վարկանիշի բարձրացմանը, անվտանգ ու ժամանակակից երկրի դիրքավորմանը, մշակութային զբոսաշրջության շրջանակների ընդլայնմանը, Հայաստանի մարզային համայնքների կյանքի աշխուժացմանը, կխթանի միջազգային շուկաներում հայկական գինիների առաջմղմանը և արտահանմանը, Հայաստանի՝ որպես գրավիչ գինու զբոսաշրջության երկրի ճանաչելիության բարձրացմանը, նոր գործարար կապերի ստեղծմանը, համագործակցության նոր հնարավորությունների, ներքին շուկայում գինու սպառման մշակույթի տարածմանը, մասնագիտական փորձի փոխանակմանը։

Ծրագրի շահառուներն են լինելու հայկական գինեգործական ընկերությունները, զբոսաշրջային, հյուրընկալության, նորարարական տեխնոլոգիաների ոլորտների ներկայացուցիչները, կրթական և մշակութային հաստատությունները։

6. Ներկայացվող հարցի կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները- սույն նախագծի ընդունման դեպքում միջոցառման կազմակերպման համար անհրաժեշտ ընդհանուր բյուջեն ըստ «Կոնկուրս Մոնդիալ դե Բրյուսել 2026» գինու միջազգային համտես - մրցույթի կազմակերպիչ Վինոպրես (Vinopres S.A.) ընկերության կողմից ներկայացված գնային առաջարկի կազմում է 883,760․0 հազար ՀՀ դրամ (ներառյալ՝ ԱԱՀ), որից 720,000․0 հազար ՀՀ դրամը (ներառյալ՝ ԱԱՀ) նախատեսվում է հատկացնել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից, իսկ մնացած մասն ապահովվում է այլ միջոցներից: Պետական բյուջեով նախատեսված միջոցները նախատեսվում է ծախսել հետևյալ ժամանակացույցով․

  • 36 մլն․ դրամը մինչև 2025թ. դեկտեմբեր,
  • 228 մլն․ դրամը մինչև 2026թ. մարտ,
  • 228 մլն․ դրամը 2026թ. ապրիլ,
  • 228 մլն․ դրամը 2026թ. մայիս։

Հաշվարկները խիստ նախնական են և հնարավոր են փոփոխություններ՝ պայմանավորված ձեռբերման ենթակա ծառայությունների ցանկի հստակեցմամբ, ինչպես նաև արտարժույթի փոխարժեքի տատանումներով և շուկայական գների փոփոխություններով։ Հաշվարկները կճշգրտվեն և կհստակեցվեն միջոցառման կազմակերպման ընթացքում կամ դրանից առաջ։

Բացի այդ Վինոպրես ընկերությունը հոգում է 400 հոգու (350 միջազգային փորձագետների և անձնակազմի)  ավիատոմսերի և գիշերակացի ծախսերի 50 տոկոսը, շուրջ 30 հազար շիշ գինու բեռնափոխադրման, համտեսի իրականացման համար անհրաժեշտ տեխնիկայի և այլ իրերի տրամադրման ծախսերը, ինչպես նաև տրամադրում է մասնագիտացված թիմ՝ աշխատանքները համակարգելու համար։ Վինոպրես ընկերության ընդհանուր ֆինանսական ներդրումը կազմում է շուրջ 250 մլն․ ՀՀ դրամ։

7. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ» - Նախագիծը բխում է Կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշումով հաստատված Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի Էկոնոմիկայի նախարարության բաժնի «9.4 Ագրոպարենային արտադրանքի իրացման և արտահանման խթանում» միջոցառման «Գինեգործական արտադրանքի ճանաչելիության բարձրացման միջոցառումների միջոցով 2 անգամ արտահանման ծավալների ավելացում կամ տարեկան 20%-ով աճ» ակնկալվող արդյունքից

(հղում՝  https://www.arlis.am/Annexes/6/2021_N1902hav.1.pdf, 261-262-րդ էջեր)։

  • Քննարկվել է

    26.09.2025 - 11.10.2025

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Գյուղատնտեսություն

  • Գերատեսչություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1459

Տպել

Առաջարկներ`

Անի Ավետիսյան

29.09.2025

Հայաստանում «Կոնկուրս Մոնդիալ դե Բրյուսել 2026» գինու միջազգային համտես-մրցույթի կազմակերպումը բացառիկ հնարավորություն է մեր երկրի համար՝ ամրապնդելու իր դիրքը միջազգային գինեգործական քարտեզի վրա։ Միջոցառումը միաժամանակ ունի տնտեսական, մշակութային, կրթական և զբոսաշրջային նշանակություն։ Այն կնպաստի ոչ միայն հայկական գինիների ճանաչելիության և արտահանման շուկաների ընդլայնմանը, այլև Հայաստանի՝ որպես գինու հնագույն բնօրրան և ժամանակակից զբոսաշրջային ուղղություն ներկայացմանը։ Պետական ներդրումները ծրագրի մեջ պետք է դիտարկվեն որպես ռազմավարական ներդրումներ՝ ապահովելով տնտեսության տարբեր ճյուղերի զարգացման համակցված արդյունք։ Ծրագիրը համապարփակ է և ներառում է մրցույթի կազմակերպման հիմնական բաղադրիչները։ Սակայն առավել արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ է․ 1. Հատուկ ուշադրություն դարձնել տեղական ներուժի զարգացմանը՝ կազմակերպելով վարպետաց դասեր, ուսուցողական ծրագրեր և համայնքների ներգրավվածություն։ 2. Մշակել հստակ ճանապարհային քարտեզ և միջգերատեսչական կառավարման համակարգ՝ ծրագրի բոլոր փուլերը ժամանակին և որակյալ իրականցնելու նպատակով։ Կարծում եմ, որ ծրագիրը կդառնա ոչ միայն բարձրակարգ միջազգային միջոցառում, այլ նաև երկարաժամկետ զարգացման գործիք Հայաստանի գինեգործության և զբոսաշրջության համար։

Մարինե Հովհաննիսյան

27.09.2025

Ծրագրային կառուցվածքում ավելացնել առանձին մոդուլ, որը կապահովի միջազգային փորձի փոխանցումը և հայկական գինեգործության ոլորտի կրթական զարգացումը։ ​Մոդուլի անվանումը ​«Գիտակրթական հարթակ և միջազգային վարպետության դասեր (Masterclasses)» ​Հիմնավորում ​Միջոցառմանը մասնակցում են 320 միջազգային փորձագետներ, այդ թվում՝ բարձր վարկանիշ ունեցող Masters of Wine-եր։ Այս ռեսուրսը պետք է օգտագործվի ոչ միայն գինու գնահատման, այլև հայկական ոլորտի մասնագետների կարողությունների բարձրացման համար։ Ներկայիս ծրագրում բացակայում է մեխանիզմը, որով կապահովվի այս գիտելիքի փոխանցումը և երկարաժամկետ կրթական ազդեցությունը։ ​Առաջարկություն • ​Վարպետության դասերի կազմակերպում. Ծրագրի ընթացքում նախատեսել 5-8 Masterclasses՝ անցկացվող միջազգային հեղինակավոր փորձագետների կողմից։ • ​Թեմատիկ կենտրոնացում. Դասերը պետք է կենտրոնանան հայկական ավանդական տեսակների (Արենի, Ոսկեհատ և այլն) միջազգային շուկայում ներկայացման լավագույն փորձի, ինչպես նաև գինեգործության ժամանակակից միտումների և տեխնոլոգիաների վրա։ • ​Թիրախային մասնակցություն. Ապահովել անվճար կամ զգալի զեղչերով մասնակցություն Հայաստանի երիտասարդ գինեգործներին, տեխնոլոգներին, սոմելիեներին և ոլորտի ուսանողներին։ ​Ակնկալվող արդյունք. Մոդուլի ներդրումը կփոխակերի միջոցառումը ոչ միայն միջազգային մրցույթի, այլև կրթական հարթակի, որը կապահովի հայկական գինեգործության մասնագիտական որակի բարձրացում՝ համաձայն համաշխարհային չափանիշների։

Տեսնել ավելին
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: