Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

«Ռազմաուսումնական հաստատություն ավարտած և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգում կամ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերում սպայական պաշտոնի նշանակված սպայական կազմի զինծառայողների կողմից պետական աջակցությամբ բնակարանի կամ բնակելի տան կամ կառուցվող բազմաբնական կամ ստորաբաժանված շենքից կառուցվող բնակարան կամ բնակելի տուն գնելու իրավունքի ձեռքբերման նպատակով հիփոթեքային վարկավորման նպատակային ծրագիրը և հիփոթեքային վարկավորման պայմանները սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Կարգավիճակ Առաջարկության բովանդակությունը Կցված փաստաթղթերը Եզրակացություն Դրույթ
1 2 3 4 5 6
1 Ա․Դ․Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն ՀԿ 12.10.2025 17:44:35 Սույն նախագծի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դրանում առկա են որոշ բացեր, զինծառայողների իրավունքը խախտող դրույթներ և անորոշ ձևակերպումներ, որոնք առաջ են բերում Նախագծի վերանայման անհրաժեշտություն․ Դիտարկում առաջին Նախագծի հեղինակը, հիմք ընդունելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ Օրենք) 65-րդ հոդվածի 2.1-ին մասում զինծառայողների համար իրավունք նախատեսող դրույթը, սահմանում է «Ծրագրի մասնակից զինծառայող» հասկացությունը՝ նույնությամբ վերարտադրելով Օրենքում ամրագրված այն պայմանները, որոնց միաժամանակյա համապատասխանության դեպքում զինծառայողը կհամարվի Ծրագրի շահառու: Ըստ այդմ, Ծրագրի շահառու դիտարկվելու համար զինծառայողը՝ 1) պետք է ռազմաուսումնական հաստատություն ընդունված լինի 2022թ․հուլիսի 1-ից հետո, 2) պետք է կնքած լինի 20 տարի ժամկետով պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու պայմանագիր, 3) ռազմաուսումնական հաստատությունն ավարտելուց հետո պետք է սպայական պաշտոնի նշանակվի ՀՀ պաշտպանության նախարարության համակարգում կամ ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերում, 4) պետք է դիմում ներկայացնի ՀՀ պաշտպանության նախարարին և ստանա հավաստագիր: Օրենքի 65-րդ հոդվածի 2.1-ին մասի ուսումնասիրությամբ նկատում ենք, որ պետական աջակցությամբ բնակելի անշարժ գույքի ձեռքբերման նպատակով հիփոթեքային վարկավորման նպատակային ծրագրից օգտվելու հնարավորությունը տրված է վերը նշված չորս պայմաններին համապատասխանող բոլոր զինծառայողներին՝ առանց բացառությունների: Սակայն Նախագծի հավելվածում պետական աջակցության պայմանները նախատեսող հոդվածի 3-րդ մասում ամրագրված է այդ իրավունքը սահամանափակող դրույթ, ըստ որի՝ ամուսիններ հանդիսացող զինծառայողների դեպքում` Ծրագրի շրջանակներում հիփոթեքային վարկը տրամադրվում է միայն ամուսիններից մեկին: Ստացվում է, որ Ծրագրի բոլոր 4 պայմաններին համապատասխանող զինծառայողը զրկվում է հիփոթեքային վարկ ստանալու իր իրավունքից միայն այն պատճառով, որ իր հետ ամուսնության մեջ գտնվող մեկ այլ զինծառայող իրացնում է Ծրագրից օգտվելու իր սեփական իրավունքը (մինչդեռ այդ իրավունքը ամուսիններից յուրաքանչյուրն իր համար ձեռք է բերել անձամբ՝ իր ծառայողական և քաղաքացիական իրավահարաբերություններում պահանջվող վարքագիծ դրսևորելով): Տվյալ դեպքում հարց է առաջանում. եթե պետությունը առաջնորդվում է Ծրագրի շահառու ամուսիններ հանդիսացող զինծառայողների անշարժ գույքի ձեռքներման պետական աջակցության իրավունքների միավորման տրամաբանությամբ, ապա արդյո՞ք նույն տրամաբանությամբ էլ նրանցից մեկի կողմից իր ծառայողական պարտականությունների կատարումը դիտարկում է որպես մյուս ամուսնու ծառայողական պարտականությունների կատարում: Համոզված ենք, որ այս հարցին պետության պատասխանը միանշանակ «ո՛չ» է լինելու, քանի որ պարզ է, որ յուրաքանչյուր զինծառայող իր ծառայության ողջ ընթացքում անձնապես է ստանձնում իր իրավունքներն ու պարտականությունները և անձնապես է պատասխանատու դրանց պատշաճ կատարման համար: Հետևաբար եթե Օրենքը չի թույլատրում ամուսիններ հանդիսացող զինծառայողների անհատական պարտականությունների միավորում, ապա չպետք է թույլատրի նաև նրանց անհատական իրավունքների միավորումը: Այլ խոսքով՝ յուրաքանչյուր զինծառայողի դեպքում Ծրագրի շահառու հանդիսանալու իրավունքի իրացման հարցը քննարկելիս պետք է հաշվի առնվեն միայն և բացառապես Օրենքում թվարկված այն 4 պայմանների առակայությունը կամ բացակայությունը, որոնց միաժամանակյա ապահովումն Օրենքը բավարար է համարել այդ իրավունքի առաջացման և դրանից անարգել օգտվելու համար (անկախ տվյալ զինծառայողի և մեկ այլ շահառու զինծառայողի հետ ամուսնական կապի առկայությունից): Հակառակ դեպքում պետությունը կդրսևորի խտրական, հակասոցիալական և հակասահմանադրական մոտեցում, քանի որ Նախագծում առկա կարգավորումը ռազմական գործում մասնագիտություն ձեռք բերած երկու անձանցից մեկին, համահավասար պայմանների առկայության դեպքում, զրկում է այդ պայմանների բավարարման արդյունքում առաջացող իր իրավունքից միայն այն հանգամանքով պայմանավորված, որ այդ զինծառայողը ընտանիք է կազմել Ծրագրի շահառու մեկ այլ զինծառայողի հետ և այդ զինծառայողն օգտվում է Ծրագրով նախատեսված իր իրավունքից: Պետք է նկատի ունենալ նաև ,որ Նախագծի քննարկվող սահմանափակումը չվերացնելը կարող է վտանգել հասարակության սոցիալական պատկերը, քանի որ այդ կարգավորման սահմանափակումից խուսափելու նպատակով շատ ամուսնություններ կարող են պարզապես պետական գրանցում չստանալ, կամ հանգեցնել արհեստական ամուսնալուծությունների: Իսկ այն հանգամանքը, որ Օրենքով սահմանված իրավունքի սահմանափակումը նախատեսված է ենթաօրենսդրական ակտով, արդեն իսկ հակասում է ՀՀ Սահմանադրությանը և չի կարող տեղ գտնել Օրենքում հենց Սահմանադրության ուժով: Այսպիսով, ելնելով վերը նշված պատճառներից և դրանց հետևանքների կանխարգելման անհրաժեշտությունից՝ առաջարկում ենք վերանայել Նախագծի հավելվածի պետական աջակցության պայմանները սահմանող հոդվածի 3-րդ մասը և վերացնել ամուսիններ հանդիսացող զինծառայողների կողմից Ծրագրի շրջանակներում հիփոթեքային վարկ ստանալու սահմանափակումը:
2 Ա․Դ․Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն ՀԿ 12.10.2025 17:44:35 Դիտարկում երկրորդ Նախագծում հաջորդ խնդրահարույց կարգավորումը վերաբերում է Կառավարության որոշման և դրա հավելվածով սահմանված իրավակարգավորումների անհամապատասխանությանը։ Մասնավորապես, Որոշման 3-րդ կետի համաձայն՝ Ծրագրի շրջանակներում զինծառայողը բնակելի անշարժ գույքի կահավորման համար կարող է ստանալ դրամական աջակցություն մինչև 2․500․000 ՀՀ դրամի չափով՝ (լվացարանի (…) անհատական ջեռուցման համակարգի ձեռքբերման նպատակով)։ Որոշման հավելվածում, Ծրագրում կիրառվող հասկացություները սահմանող 1-ին հոդված 5-րդ կետի համաձայն՝ հիփոթեքային վարկ է համարվում Հայաստանի Հանրապետությունում բնակելի անշարժ գույք կամ դրա գնելու իրավունք ձեռք բերելու և այդ բնակելի անշարժ գույքը վերանորոգելու նպատակով տրամադրվող վարկը: Նույն հոդվածի 8-րդ կետը բացահայտում է «պետական աջակցություն» հասկացության նշանակությունը, ըստ որի՝ «պետական աջակցություն» ասելով պետք է նկատի ունենալ Ծրագրի շրջանակներում հիփոթեքային վարկի ստացման նպատակով կանխավճարի, վարկի մայր գումարի և վարկի գծով հաշվարկված տոկոսագումարի ու գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վճարների սուբսիդավորումը: Ինչպես նկատում ենք ո՛չ հիփոթեքային վարկի, ո՛չ էլ պետական աջակցության հասկացություններում բնակելի անշարժ գույքի կահավորման համար նախատեսված դրամական աջակցությունը հիշատակված չէ, ինչը Ծրագրի կողմերի մոտ կարող է առաջացնել մի շարք անորոշություններ: Մասնավորապես հայտնի չէ, թե արդյո՞ք կահավորման համար տրամադրվող դրամական աջակցությունը համարժեք կամ նույնական է վերանորոգման նպատակով տրամադրվող վարկին (այսինքն վարկի մաս է կազմում, թե՞ դա վարկից դուրս՝ առանձին աջակցություն է): Այսպիսով, առաջարկում ենք Նխագծում այս հարցի պարզաբանման համար, հավելվածի հասկացությունների մեջ սահմանել նաև կահավորման համար տրամադրվող դրամական աջակցության հասկացությունը և հստակեցնել դրա տեղը տրամադրման պայմանները Ծրագրի շրջանակներում:
3 Ա․Դ․Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն ՀԿ 12.10.2025 17:44:35 Դիտարկում երրորդ Եվս մեկ խնդիր, որը կարող է Ծրագրի իրականացման գործընթացում անհարկի դժվարությունների և կամայականությունների հանգեցնել, վերաբերում է ձեռք բերվող բնակելի անշարժ գույքի պայմանագրային արժեքի և ձեռքբերման արժեքի տարբերությանը, որն ըստ նույն հոդվածի 3-րդ կետի՝ կարող է ուղղվել ձեռք բերվող բնակելի անշարժ գույքի վերանորոգմանը՝ Ծրագրի շրջանակներում ձևակերպված վերանորոգման վարկի ստացման միջոցով։ Մեր կարծիքով այս կարգավորման մեջ «կարող է» արտահայտության կիրառությունը համահունչ չէ «հիփոթեքային վարկի» հասկացությանը, քանի որ վերջինս ենթադրում է վարկի տրամադրում Հայաստանի Հանրապետությունում բնակելի անշարժ գույք կամ դրա գնելու իրավունք ձեռք բերելու և այդ բնակելի անշարժ գույքը վերանորոգելու նպատակով: Այլ խոսքով՝ «և» շաղկապի գործածությունն այս նորմում պահանջում է գույքի ձեռքբերման և վերանորոգման նպատակների միաժամանակ իրականացման հնարավորության ապահովում: Մինչդեռ հավելվածի 1-ին հոդվածի 3-րդ կետով սահմանված կարգավորմամբ գույքի պայմանագրային արժեքի և ձեռքբերման արժեքի տարբերությունը այդ գույքի վերանորոգմանն ուղղելու իրավունքը «կարող է» արտահայտությամբ ձևակերպելը դիտարկվում է որպես վարկը տրամադրող կողմի հայեցողության դրսևորում: Այսպիսով, առաջարկում ենք որոշման հավելվածի 1-ին հոդվածի 3-րդ կետի վերջին նախադասության մեջ «կարող է ուղղվել» արտահայտությունը փոխարինել «ուղղվում է» արտահայտությամբ, որով կընդգծվի դրա իրականացման պարտադիր բնույթը:
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: