Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ

ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում

փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման

 

 

  1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է զինծառայողների պարտադիր ատեստավորման դեպքերի հստակեցման, «Պաշտպան հայրենյաց» ծրագրով ծառայություն անցնող զինծառայողների կողմից պայմանագրային զինվորական ծառայությունը շարունակելու գրավչությունն ապահովելու անհրաժեշտությամբ:

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

Զինծառայողների ատեստավորման համակարգի գործունեության վերլուծության արդյունքներով փաստվել է, որ այլևս արդիական չէ զինծառայողին համապատասխան խմբի զինվորական պաշտոնի առաջին անգամ նշանակելիս պարտադիր ատեստավորման պահանջը, որի պարագայում անհրաժեշտություն է առաջացել հստակեցնել պարտադիր ատեստավորման դեպքերը, ի դեմս՝ պահեստազորից պայմանագրային ծառայության ընդունվածների, սպայական կազմի զինվորական պաշտոնի նշանակված ենթասպայական կամ շարքային կազմերի զինծառայողների և մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ չունեցող զինվորական պաշտոն զբաղեցնող և մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող զինվորական պաշտոնի նշանակված զինծառայողների, քանի որ հավելավճարների չափերը սահմանող ՀՀ կառավարության 09.02.2023թ. N 166-Ն որոշմամբ սպայական կազմի զինծառայողների հավելավճարի չափը բարձր է ենթասպայական կամ շարքային կազմերի զինծառայողների հավելավճարի չափից, ինչպես նաև մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող զինվորական պաշտոն զբաղեցնողների հավելավճարի չափը բարձր է այդպիսի գործառույթներ չունեցող պաշտոն զբաղեցնողների հավելավճարի չափից: Անհրաժեշտություն է առաջացել նաև հստակեցնել երեք անգամ անընդմեջ ատեստավորում չանցնելու դեպքում զինծառայողին զբաղեցրած պաշտոնից ազատելու և ցածր պաշտոնի նշանակելու պայմանը: Միաժամանակ, կարճ ժամանակահատվածում որոշակի խումբ զինծառայողների կրկնակի գնահատում իրականացնելուց զերծ մնալու, ինչպես նաև «Պաշտպան հայրենյաց» ծրագրով (ներդրված 2023թ. փետրվարին) պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու գրավչությունը մեծացնելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել ծրագրին ներգրավված զինծառայողներին ատեստավորված համարել ուսումնական փուլի ավարտին հանձնվող քննությունների արդյունքներով՝ ստացած զինվորական մասնագիտությանը համապատասխանող զինվորական պաշտոնի նշանակվելու դեպքում, ինչպես նաև ատեստավորված համարել ՀՀ ռազմաուսումնական հաստատություններ ավարտած և համապատասխան սպայական պաշտոնի նշանակված զինծառայողներին՝ ռազմաուսումնական հաստատության ավարտական քննությունների արդյունքների հիման վրա: Բացի այդ, «Պաշտպան հայրենյաց» ծրագրով ծառայություն անցնելու գրավչությունը և այդ զինծառայողներին հետագայում ևս պայմանագրային զինվորական ծառայության մեջ թողնելու հնարավորությունը մեծացնելու նպատակով, առաջարկվում է առաջին 5 տարի ժամկետով պայմանագրային զինվորական ծառայություն անցած զինծառայողներին հնարավորություն տալ երկու կամ հինգ տարի ժամկետով հերթական պայմանագիր կնքելու դեպքում ևս նախատեսել համապատասխան չափով (ըստ կնքված պայմանագրի ժամկետի) պատվովճար ստանալու իրավունք՝ ՀՀ կառավարության սահմանած կարգով և չափերով (կարգը սահմանված է ՀՀ կառավարության 09.02.2023թ. N 160-Ն որոշմամբ, նախատեսվում է սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո նշված որոշման մեջ սահմանել 2 տարի ժամկետով հերթական պայմանագիր կնքած զինծառայողին պայմանագրի ժամկետը լրանալու հիմքով 1,5 մլն դրամ, իսկ 5 տարի ժամկետով հերթական պայմանագիր կնքած զինծառայողին՝ 5 մլն դրամ պատվովաճարի հաշվարկումը):

Օրենքի նախագծի ընդունման դեպքում անհրաժեշտություն է առաջանալու համապատասխան կարգավորումներ կատարել ՀՀ կառավարության 09.02.2023թ. N 160-Ն և N 162-Ն որոշումներում, հավելավճարի հաշվարկման կարգը սահմանող ՀՀ պաշտպանության նախարարի 29.03.2023թ. N 2-Ն հրամանում:

  1. Կարգավորման նպատակը և բնույթը

Օրենքի նախագծով նախատեսվում է հստակեցնել զինծառայողների ատեստավորման գործընթացը, պարտադիր զինվորական ծառայությունից պայմանագրային զինվորական ծառայության ընդունված զինծառայողների հետագա պայմանագրային զինվորական ծառայության կազմակերպման հետ կապված հարաբերությունները:

  1. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում ու ծախսերում սպասվելիք փոփոխությունները

Օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն և պետական բյուջեի եկամուտներում ու ծախսերում փոփոխություններ չեն նախատեսվում, քանի որ «Պաշտպան հայրենյաց» ծրագրով առաջին պայմանագրերը կնքվել են 2023թ. փետրվարին, դրանց 5-ամյա ժամկետն ավարտվում է 2028թ. փետրվարին և հնարավոր չէ կանխատեսել, թե քանի զինծառայող ցանկություն կհայտնի շարունակելու պայմանագրային զինվորական ծառայությունը 2 կամ 5 տարի պայմանագրային ժամկետով, որոնց արդյունքում էլ 2030 թվականին կամ 2033 թվականին կարիք կլինի հաշվարկել համապատասխան չափերով պատվովճար:

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

Օրենքի նախագիծը կապված է Կառավարության 2021-2026թթ. ծրագրի «1.3 Պաշտպանության ոլորտ. Զինված ուժերի բարեփոխումներ» բաժնի 8-րդ ու 9-րդ կետերի պահանջների արդյունավետ ապահովման հետ, ի դեմս՝ զինվորական ծառայության շահադրդման թե նյութական և թե բարոյահոգեբանական մեխանիզմների խթանման, զինված ուժերը անձնակազմով համալրման և մարդկային ռեսուրսների զարգացման խնդիրների լուծման, արհեստավարժ (պրոֆեսիոնալ) բանակի անցման, զինծառայողների նյութական և սոցիալական ապահովման երաշխիքների, զինծառայության գրավչության և հեղինակության բարձրացման մեխանիզմների կատարելագործման հետ:  

  • Քննարկվել է

    19.09.2025 - 04.10.2025

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Անվտանգություն

  • Գերատեսչություն

    Պաշտպանության նախարարություն

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1835

Տպել

Առաջարկներ`

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: