«Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի փետրվարի 9-ի N 175-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 9-Ի N 175-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
- Իրավական ակտի փոփոխության անհրաժեշտությունը
Հիմք ընդունելով այն, որ ս.թ. մարտի 5-ի ««Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» ՀՕ-46-Ն օրենքով հանրային ներդրումների կառավարման (այսուհետ՝ ՀՆԿ) գործառույթը վերապահվել է ՀՀ ֆինանսների նախարարությանը, անհրաժեշտություն է առաջացել նաև ՀՆԿ գործընթացը կարգավորող ՀՀ կառավարութան՝ «Հանրային ներդրումային ծրագրերի վերհանման, մշակման, գնահատման և առաջնահերթությունների որոշման կարգը հաստատելու մասին» 2023թ. N 175-Ն որոշման (այսուհետ՝ ՀՆԿ որոշում) մեջ կատարել համապատասխան փոփոխություններ և լրացումներ, ինչով պայմանավորված էլ մշակվել է ներկայացվող նախագիծը (այսուհետ Նախագիծ)։ Միևնույն ժամանակ, Նախագծում արտացոլվել են նաև ՀՆԿ գործընթացի վերաբերյալ փոփոխություններ պարունակող դրույթներ, որոնց անհրաժեշտությունը բխում է ՀՆԿ գործընթացում ներկայումս առկա խնդիրների լուծման և խոչընդոտների վերացման պահանջից:
- Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
Ներկայումս ՀՀ կառավարության 2023թ. N 175-Ն որոշման համաձայն, հանրային ներդրումների կառավարման գործընթացի իրականացումն ապահովում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, մինչդեռ «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում իրականացված փոփոխությունների համապատասխան գործառույթը վերապահվել է ՀՀ Ֆինանսների նախարարությանը: Հետևաբար, անհրաժեշտություն է առաջացել համապատասխան փոփոխությունները կատարել նաև ՀՀ կառավարության 2023թ. N 175-Ն որոշման մեջ:
Բացի այդ, Նախագծում ներառվել են նաև մի շարք այլ փոփխություններ և լրացումներ, որոնց նպատակն է ապահովել ՀՆԿ համակարգի ներդաշնակությունը բյուջետային գործընթացի հետ, համապատասխանեցնել հիմնական պրոցեսները միջազգային լավագույն փորձին, որոնք կնպաստեն հանրային ռեսուրսների բաշխման նպատակայնության և արդյունավետության բարձրացմանը, ներդրումների ավելի համապարփակ գնահատման համակարգի հաստատմանը, պլանավորման և իրականացման գործընթացների արդյունավետության բարձրացմանը:
- Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը
Նախագծի ընդունմամբ տվյալ բնագավառում ներկայումս իրականացվող քաղաքականության հիմնական ուղղությունների փոփոխություն չի նախատեսվում: Փոփոխությունները հիմնականում վերաբերում են իրավասու մարմինների պատասխանատվությունների ամրագրմանը և ՀՆԿ գործընթացի տարբեր փուլերի հստակեցմանը, բյուջետային պրոցեսի հետ կապի ապահովմանը և հանրային ներդրումների մշտադիտարկման համակարգի ներդրմանը:
- Առաջարկվող կարգավորման բնույթը
Փոփոխությունների նախագծի հիմնական նպատակը «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում մայիսի 29-ին իրականացված փոփոխությունների արտացոլումն է ՀՆԿ գործընթացը կարգավորող ՀՀ կառավարության 2023թ. N 175-Ն որոշման մեջ, ինչպես նաև ՀՆԿ գործընթացի առանձին տարրերի փոփոխության իրականացումն է՝ նպատակ ունենալով բարձրացնել ՀՀ-ում հանրային ներդրումների կառավարման արդյունավետությունը: Մասնավորապես, առաջարկվող հիմնական փոփոխությունները ներառում են հետևյալը.
- Որոշմամբ նախատեսվում է հստակեցնել ՀՆԿ գործընթացի կիրառման սահմանները և առանձնահատկությունները: Մասնավորապես, հստակ սահմանվել են կապիտալ ծախսերի այն տեսակները, որոնք որոնց վրա կարգը չի տարածվելու: Բացի այդ, նախատեսվում է հանրային ներդրումային ծրագրերը բաժանել 3 խմբերի՝ ըստ նախատեսվող ֆինանսավորման չափի՝ դասակարգելով դրանք փոքր, միջին և խոշոր ներդրումային ծրագրերի խմբերում: Փոքր ծրագրերի համար ՀՆԿ գործընթացի փուլերը չեն գործելու (վերջիններս ֆինանսավորվելու են ընդհանուր բյուջետային գործընթացով), իսկ միջին և խոշոր ծրագրերի համար անհրաժեշտ է լինելու տեխնիկատնտեսական ուսումնասիրության իրականացում: Խոշոր ծրագրերի դեպքում, կախված դրանց բնույթից կարող է պատրաստվել նաև նախնական տեխնիկատնտեսական հիմնավորում: Այս փոփոխությունների հիմնական նպատակն է ապահովել սահուն և պարզեցված գործընթաց փոքր, ինչպես նաև պարբերաբար իրականացվող, ակտիվի ներկա վիճակի պահպանմանը կամ գոյություն ունեցող մաշված ակտիվի փոխարինման ուղղված ծրագրերի համար, իսկ միջին և խոշոր չափի ծրագրերի համար ապահովել որոշումների կայացման համար անհրաժեշտ հիմքերի որակյալ պատրաստումը:
- ՀՆԿ գործընթացում ծրագրերի պատրաստ լինելու վերաբերյալ տեղեկատվություն հավաքագրելու նպատակով նախատեսվում է ներդնել ծրագրերի հասունության ձևաթուղթը և ծրագրի իրականացման պլանը, որոնք պետք է լրացվեն իրավասու մարմինների կողմից և ներկայացվեն ֆինանսների նախարարություն: Այս փաստաթղթերը կնպաստեն բյուջետավորման գործընթացին ծրագրերի պատրաստ լինելուն և թույլ կտան էականորեն նվազեցնել առաջնահերթությունների ցանկում իրականացման փուլին անպատրաստ ծրագրերի ներառման և դրանց ֆինանսավորման հավանականությունը:
- Հստակեցվել է ՀՀ Ֆինանսների նախարարության կողմից վարվող տվյալների բազային ներկայացվող պահանջները, ինչպես նաև հանրային ներդրումային ծրագրերի առաջնահերթությունների ցանկին ներկայացվող պահանջները: Այս փոփոխության հիմնական նպատակն է տվյալների հավաքագրումը և պահպանումը դարձնել առավել համակարգված և ամբողջական, ինչը կմեծացնի դրանց վերլուծության արդյունքների որակը և կնպաստի տվյալներ վրա հիմնված որոշումների կայացմանը:
Որոշման հավելվածներում իրականացվել են նաև մի շարք այլ փոփոխություններ, որոնց նպատակն է բարձրացնել ՀՆԿ գործընթացի սահունությունը, պարզությունը և արդյունավետությունը:
- Ակնկալվող արդյունքները
Ակնկալվում է, որ Նախագծի ընդունումը կապահովի Հայաստանում պետական ներդրումների կառավարման համակարգի արդյունավետության բարձրացմանը՝ նպաստելով էական արդյունք ապահովող ներդրումային ծրագրերի իրականացմանը, հանրային ռեսուրսների արդյունավետ բաշխմանը և հանրային բարիքների ստեղծման ավելացմանը: Փոփոխությունների նախագիծը միտված է ապահովելու հանրային ներդրումային ծրագրերի՝ միջազգային փորձին համահունչ գնահատման մեթոդաբանության, ծրագրերի վերհանման, ընտրության և այլ կարևոր փուլերը կարգավորող արդյունավետ ընթացակարգեր:
-
Քննարկվել է
18.09.2025 - 09.10.2025
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Էկոնոմիկա, Ֆինանսական, Տնտեսական
Դիտումներ` 990
Տպել