Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

««ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԵՎ «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՀՀ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

««ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԵՎ «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՀՀ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

I. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

««Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ կառավարության 2021 թվականի մայիսի 20-ի թիվ 827-Լ որոշման հավելվածի աղյուսակի 1-ին կետի 5-րդ ենթակետով սահմանված միջոցառման կատարման, ինչպես նաև բնակչության, հատկապես՝ մինչև 18 տարեկան անձանց առողջության պահպանման նպատակով շաքար պարունակող սննդամթերքի և քաղցր ըմպելիքների սահմանափակման իրավական հիմքերի ստեղծման անհրաժեշտությամբ:

Համաձայն 2010 թվականի Հիվանդությունների գլոբալ բեռի հետազոտության արդյունքերի, Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) Եվրոպական տարածաշրջանի յուրաքանչյուր անդամ պետությունում սնուցումը հանդիսանում է բնակչության առողջության խթանման և բարեկեցության կարևորագայուն գործոններից մեկը: Սնման խանգարումները, ինչպիսիք են թերսնուցումը, միկրոտարրերի պակասը, ավելորդ քաշը և գիրությունը, ինչպես նաև անառողջ սննդակարգի հետևանքով առաջացած ոչ վարակիչ հիվանդությունները, հանգեցնում են բնակչության, ընտանիքների, համայնքների, երկրի սոցիալական և տնտեսական զգալի կորուստների:

Համաձայն ԱՀԿ տվյալների՝ վերջին 30 տարիների ընթացքում ճարպակալումով տառապող մարդկանց թիվը մեծահասակների շրջանում աճել է կրկնակի, դեռահասների շրջանում` եռակի: 2016 թ. Ամբողջ աշխարհում ավելի քան 1.9 մլրդ մեծահասակ ունեցել է ավելորդ քաշ: ԱՀԿ-ի Եվրոպական տարածաշրջանի երկրներում մեծահասակ բնակչության կեսը և ամեն հինգերորդ երեխան ունեն ավելորդ քաշ, իսկ նրանց մեկ երրորդը տառապում է ճարպակալմամբ:

Հայաստանում այդ պատկերը կրկնօրինակվում է: Երեխաների շրջանում արձանագրվում է գերքաշության ցուցանիշի աճի միտում: Համաձայն 2021/2022 թթ. Հայաստանում ԱՀԿ-ի մեթոդաբանությամբ իրականացված «Դպրոցահասակ երեխաների առողջության վարքագծի հետազոտության» (այսուհետ` ԴԵԱՎ հետազոտություն)` 11 տարեկանների շրջանում դեռահաս աղջիկների 17%-ի և տղաների 31%-ի մոտ նկատվում է ավելորդ քաշ կամ ճարպակալում: ԴԵԱՎ hետազոտությունը ուսումնասիրում է դեռահասների ֆիզիկական ակտիվության, սննդային վարքագծի, քաշի և այլ ցուցանիշները և իրականացվում է Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի և Կանադայի 44 երկրներում և տարածաշրջաններում 11, 13 և 15 տարեկան դեռահասների շրջանում: 2021/2022 թվականների ԴԵԱՎ հարցման արդյունքները ցույց են տալիս, որ հայ երեխաները, բոլոր տարիքային խմբերում ամենաշատն են ուտում քաղցրավենիք (այդ թվում շոկոլադ) և առաջիններից են քաղցր ըմպելիքներ օգտագործողների շարքում:

2019 թվականին Հայաստանում իրականացված մանկական ճարպակալման համաճարակաբանական հսկողության (COSI) հետազոտության տվյալների համաձայն՝ 7-9 տարեկան երեխաների 27,7% ունեն ավելցուկային քաշ, իսկ 12,6% ճարպակալում:

Համաձայն «Առողջապահության համակարգի գործունեության գնահատման» (ԱՀԳԳ) 2021/2022 թթ. իրականացված հետազոտության տվյալների` Հայաստանում չափահաս բնակչության շրջանում աճել է ավելցուկային քաշ կամ ճարպակալում ունեցող անձանց քանակը: 2022 թ.-ին 2016 թ.-ի համեմատ այդ ցուցանիշը աճել է 51.2%-ից մինչև 55.1%: Այդ աճը տեղի է ունեցել ճարպակալում ունեցող անձանց քանակի աճի հետևանքով՝ 22.3%-ից մինչև 27.7%։

Ապացուցողական բժշկության հետազոտությունների արդյունքները մատնանշում են կապը բարձր կալորիականությամբ սննդակարգերի, հագեցած ճարպերի, տրանսճարպերի, ազատ շաքարների և կերակրի աղի չարաշահման, մրգերի ու բանջարեղենի սակավ օգտագործման և ճարպակալման, շաքարային դիաբետի, սիրտանոթային հիվանդությունների և որոշ տեսակի քաղցկեղների առաջացման միջև:

Համաձայն ԱՀԿ-ի տվյալների` շաքարի օգտագործման նվազեցումը իջեցնում է 2-րդ տիպի շաքարային դիաբետի և ճարպակալման տարածվածությունը: Ճարպակուլումն ինքնին հանդիսանում է ռիսկի գործոն սիրտանոթային համակարգի հիվանդությունների, որոշ տեսակների քաղցկեղների, ինչպես նաև շաքարային դիաբետի առաջացման։ Այս խնդրի լուծման նպատակով երկրները կիրարկում են տարբեր քաղաքականություններ.

  • ԱՄՆ – 2010 թվականից արգելված է քաղցրացրած ըմպելիքների վաճառքը տարրական և միջին դպրոցներում։
  • Մեքսիկա – 2025 թ. մարտից արգելվել է դպրոցներում անառողջ սննդի և գազավորված քաղցր ըմպելիքների վաճառքը։
  • Չիլի – Իրականացվել է համալիր քաղաքականություն՝ ներառյալ նախազգուշացնող մակնշում, գովազդի սահմանափակում և դպրոցներում ավելացված շաքար, աղ և հագեցած ճարպ պարունակող մթերքների վաճառքի արգելք։ 2022-ին արձանագրվել է ճարպակալման 4.8% նվազում։
  • Մեծ Բրիտանիա – 2006-ից դպրոցներում արգելված է բարձր շաքար, աղ կամ ճարպ պարունակող մթերքների վաճառքը։ Բուժհաստատություններում աստիճանաբար ներդրվում է ավելացված շաքար պարունակող ըմպելիքների և քաղցր նախուտեստների վաճառքի արգելք։
  • Պորտուգալիա — 2016–2017 թվականներին հիվանդանոցային սրճարաններում և ավտոմատներում արգելվել է բարձր քանակությամբ շաքար և աղ պարունակող մթերքների, այդ թվում՝ քաղցր ըմպելիքների վաճառքը։ Միևնույն ժամանակ, պարտադիր է դարձել այլընտրանքի տրամադրումը՝ ջուր, չքաղցրացված ըմպելիքներ, մրգեր և յուղազերծ կաթնամթերք։

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նշված արգելքները խախտելու համար վարչական պատասխանատվություն սահմանելու անհրաժեշտությամբ: Վարչական պատասխանատվության չափը սահմանվել է համաչափ արարքին և հիմքում դրվել է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 158-րդ հոդվածի 17-րդ մասով սահմանված տուգանքի չափը, այն է` նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:

 

II. Առաջարկվող կարգավորման բնույթը

Նախագծերով առաջարկվում է «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքով և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքով կարգավորել նախադպրոցական, հանրակրթական և մանկապատանեկան սպորտային կազմակերպություններում գործող առևտրի օբյեկտներում ավելացված շաքարով սննդամթերքների վաճառքի արգելքի հետ կապված հարաբերությունները, ինչը առողջ ապրելակերպի խթանմանն ուղղված միջոցառումների իրականացման հետ համատեղ, կբերի շաքարի բարձր պարունակությամբ սննդամթերքի, այդ թվում ըմպելիքների օգտագործման նվազեցմանը և, որպես արդյունք, կբերի ոչ վարակիչ հիվանդություններով հիվանդացության նվազեցմանը:

 

III. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծերը մշակվել են ՀՀ առողջապահության նախարարության աշխատակիցների կողմից:

 

IV. Ակնկալվող արդյունքը

Նախագծերի ընդունումը կնպաստի նախադպրոցական, հանրակրթական և մանկապատանեկան սպորտային կազմակերպություններում գործող առևտրի օբյեկտներում շաքարի մեծ քանակություն պարունակող սննդամթերքի, այդ թվում ըմպելիքների (ներառյալ քաղցր գազավորված ըմպելիքների) օգտգործման կանխարգելմանը:

 

V. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.

  • ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N 1363 - Ա որոշմամբ հաստատված` Կառավարության 2021-2026թթ. ծրագրի 4-րդ գլխի 4.5 բաժնի 6-րդ կետ,
  • ՀՀ կառավարության 2021 թվականի մայիսի 20-ի թիվ 827-Լ որոշմամբ հաստատված` առողջ ապրելակերպի խթանմանն ուղղված միջոցառումների ծրագրի աղյուսակի 1-ին կետի 5-րդ ենթակետ:

 

VI. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում ու ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին

Նախագծերի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացում չի նախատեսվում:

  • Քննարկվել է

    16.09.2025 - 01.10.2025

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Առողջապահություն

  • Գերատեսչություն

    Առողջապահության նախարարություն

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1224

Տպել

Առաջարկներ`

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: