Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ «ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Կարգավորման ենթակա խնդրի սահմանումը և առկա իրավիճակը

«էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 56-րդ հոդվածը սահմանում է ինքնավար էներգաարտադրության կազմակերպման և ինքնավար էներգաարտադրության ընթացքում հաշվառում ու հաշվարկներ իրականացնելու կարգը։   

Վերոնշյալ իրավանորմի կիրառելիության ապահովման տեսանկյունից ցանկացած սպառող, սույն օրենքի և շուկայի կանոնների համաձայն, ունի ինքնավար էներգաարտադրողի կարգավիճակ ստանալու իրավունք, նաև շուկայի կանոնների համաձայն վերականգնվող էներգետիկ ռեսուրսների կիրառմամբ էլեկտրական էներգիա արտադրող տեղակայանք կառուցելու (վերակառուցելու), էլեկտրաէներգետիկական համակարգի մեկ կամ ավելի կետերում էլեկտրական էներգիա արտադրելու և նույն կամ տարբեր կետերում այն սպառելու, ինչպես նաև ինքնավար խումբ ստեղծելու իրավունք: Առանձին սահմանված են բաշխման լիցենզիա ունեցող անձի և երաշխավորված մատակարարի պարտավորություններն ինքնավար էներգաարտադրողի բաշխման ցանցին միանալու գործընթացում, սահմանված են ինքնավար էներգաարտադրողի և ինքնավար խմբի տեղակայանքների հզորությունը։  Ինքնավար էներգաարտադրողը կարող է մասնակցել էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկային՝ ինքնավար էներգաարտադրողի կարգավիճակից հրաժարվելու պայմանով: Սակայն գործող օրենքով կարգավորման ենթակա չեն ինքնավար խմբի մասնակիցների հարաբերությունները, իսկ ինքնավար էներգաարտադրողի տեղակայանքը բաշխման ցանցին միացման, պայմանագրերի կնքման, փոխհոսքերի իրականացման, մատուցվող ծառայությունների համար վճարումների, ինքնավար խմբի ստեղծման և գործունեության, ինչպես նաև ինքնավար էներգաարտադրողի կարգավիճակը կորցնելու հետ կապված՝ սույն օրենքով չկարգավորված հարաբերությունները կարգավորվում են շուկայի կանոններով։

Օրենքով սահմանված է նաև ինքնավար էներգաարտադրության ընթացքում հաշվառումն ու հաշավարկման կարգը։ Մասնավորապես, ինքնավար էներգաարտադրության շրջանակում ամսական կտրվածքով երաշխավորված մատակարարին մատակարարված էլեկտրական էներգիայի և ինքնավար էներգաարտադրողի (ինքնավար խմբի դեպքում՝ խմբի մասնակիցների) սպառած էլեկտրական էներգիայի քանակությունները հաշվանցվում են անկախ էլեկտրական էներգիայի արտադրության և սպառման ժամերից: Հստակ նշված են էլեկտրական էներգիայի քանակությունների դրական և բացասական տարբերությունների դեպքում վճարման կարգը, հաշվարկային տարվա վերջին ամսվա արդյունքներով առաջացած էլեկտրաէներգիայի դիմաց վճարման կարգը, հաշվարկային տարի է սահմանված յուրաքանչյուր օրացուցային տարվա մայիսի 1-ից մինչև հաջորդող օրացուցային տարվա ապրիլի 30-ը ներառյալ ընկած ժամանակահատվածը:

Հայաստանում վերջին տարիներին արևային կայանների աճը մեծ զարգացումներ է ապրել: 2024թ-ի վերջի դրությամբ գործել է 31249 ինքնավար էներգաարտադրող՝ ընդհանուր 420,5 ՄՎտ հզորությամբ, որը 2019 թվականի հունվարի 1-ի համեմատ քանակային առումով աճել է շուրջ 40 անգամ և հզորության առումով՝ շուրջ 46 անգամ։ 2025թ․ հունիսի 1-ի դրությամբ էլեկտրաէներգիա են արտադրել 39345 ինքնավար արևային կայաններ  508.0 ՄՎտ ընդհանուր հզորությամբ: Տեխնիկական պայմաններ են ստացել, բայց դեռևս պայմանագրեր են կնքել 418 ինքնավար կայան՝ 20․6 ՄՎտ ընդհանւոր հզորությամբ։  Սակայն արևային կայանների զարգացումը, բացի դրական կողմերից առաջացնում է նաև համակարգային նշանակության բարդություններ, որոնք կարգավորելու անհրաժեշտություն է առաջացել։ Արևի կայանների առաջացրած հիմնական համակարգային խնդիրները դրանք էլեկտրաէներգետիկական ռեժիմային խնդիրներն են և ռեակտիվ էներգիայի խորացող դեֆիցիտը, որն առաջացնում է հաճախականության շեղումներ։ Ներկայացվող օրենքի նախագծով փոփոխություններ է առաջարկվում ինքնավար էներգաարտադրության կազմակերպման և ինքնավար էներգաարտադրության ընթացքում հաշվառման ու հաշվարկների իրականացման հարցերում:

Ներկայացվող օրենքի փոփոխությամբ ինքնավար էներգաարտադրողի կարգավիճակ ստացած սպառողները դասակարգվում են զուտ հաշվառման ինքնավար էներգաարտադրողների՝  պետական և տեղական ինքնակառավարման մարմին, պետության կամ համայնքի հիմնադրած ոչ առևտրային կազմակերպություններ, պետական կամ համայնքային հիմնարկ հանդիսացողներ, ինչպես նաև մինչև 15 կՎտ (ներառյալ) հզորությամբ էլեկտրական ցանցին միացած մնացած բոլոր ինքնավար էներգաարտադրողի կարգավիճակ ստացած սպառողներ, և զուտ բիլինգային ինքնավար էներգաարտադրողների՝ զուտ հաշվառման ինքնավար էներգաարտադրող չհանդիսացող ինքնավար էներգաարտադրողի կարգավիճակ ստացած մնացած սպառողներ:

Զուտ բիլինգային ինքնավար էներգաարտադրողների մասով ինքնավար էներգաարտադրողի՝ վերականգնվող էներգետիկ ռեսուրսների կիրառմամբ էլեկտրական էներգիա արտադրող տեղակայանք կառուցելու (վերակառուցելու), էլեկտրաէներգետիկական համակարգի մեկ կամ ավելի կետերում էլեկտրական էներգիա արտադրելու և նույն կամ տարբեր կետերում այն սպառելու, ինչպես նաև ինքնավար խումբ ստեղծելու կամ ինքնավար խմբում ներգրավվելու իրավունքների վերաբերյալ դրույթները իրագործելի են, երբ նրանց հաշվառման համակարգը բավարարում է շուկայի կանոններով սահմանված պահանջներին:

Փոփոխություն է կատարվել բաշխման ցանցին իր յուրաքանչյուր միացման կետի համար իբրև սպառող կնքած պայմանագրով ամրագրված առավելագույն թույլատրելի հզորության համար, որի չափը նախկին ոչ ավելի քան 150 կՎտ-ի փոխարեն սահմանվել է ոչ ավելի քան 50 կՎտ:

Սահմանվել են զուտ հաշվառման ինքնավար էներգաարտադրողներ և զուտ բիլինգային ինքնավար խմբերը, նրանց կողմից երաշխավորված մատակարարին մատակարարված էլեկտրական էներգիայի արժեքի հաշվարկման կարգը, ինչպես նաև անցումային դրույթներ մինչև  մինչև 2026 թվականի մայիսի 1-ը և դրանից հետ փոխհոսքերի պայմանագիր կնքած 50 կՎտ-ից ավելի տեղակայված հզորությամբ արտադրողների համար։ Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2026 թվականի մայիսի 1-ին։     

Կարգավորման նպատակը

Հստակեցնել «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքում առաջարկվող փոփոխության արդյունքում ինքնավար էներգաարտադրության կազմակերպման և ինքնավար էներգաարտադրության ընթացքում հաշվառման ու հաշվարկների իրականացման վերաբերյալ հարցերը:

Միաժամանակ սույն օրենքի նախագծի 2-րդ կետով առաջարկվում է օրենքի՝ ուժի մեջ մտնելու ժամկետը սահմանել վեց ամիս՝ հաշվի առնելով այն, որ տվյալ սպառման կետում ինքնավար էներգաարտադրող կամ միկրոէներգաարտադրող հանդիսացող ենթասպառողների կողմից էլեկտրական էներգիան բաշխման ցանց առաքելու համար անհրաժեշտ կլինի ՀՀ էլեկտրաէներգետիկական մանրածախ շուկայի առևտրային կանոններում սահմանել սպառողներին փոխհատուցման մեխանիզմներ և այդ նպատակով ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից իրականացնել համապատասխան փոփոխություններ։

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Ակնկալվող արդյունքը

«Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքում առաջարկվող փոփոխությունների արդյունքում կհստակեցվեն ինքնավար էներգաարտադրության կազմակերպման և ինքնավար էներգաարտադրության ընթացքում հաշվառման ու հաշվարկների իրականացման վերաբերյալ հարցերը:

Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության, պետական բյուջեում եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին

««Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին հավանություն տալու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի  ընդունմամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջանում, պետական բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։

Նախագծի կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

««Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին հավանություն տալու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը բխում է Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառի զարգացման ռազմավարական ծրագիր մինչև 2040 թվականը և այլ  ռազմավարական փաստաթղթերից:

  • Քննարկվել է

    05.09.2025 - 21.09.2025

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Էներգետիկա և բնական պաշարներ

  • Գերատեսչություն

    Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

  • Կարգավիճակ

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2286

Տպել

Առաջարկներ`

Arsen Hayriyan

14.09.2025

Հոդված 56.2. առաջարկվող նոր խմբագրության 6-րդ կետի մասով՝ Կետը սահմանում է՝ „Զուտ բիլինգային ինքնավար խմբում, էներգաարտադրող չհանդիսացող խմբի մասնակից ինքնավար էներգաարտադրողների կողմից երաշխավորված մատակարարին մատակարարված էլեկտրաէներգիայի քանակը բաշխվում է ինքնավար խմբի մասնակիցների միջև ժամային կտրվածքով՝ շուկայի կանոններով սահմանված կարգով։ “ Կարծում եմ այստեղ վրիպակ կա, քանի որ՝ - Ինչպե՞ս կարող է էներգաարտադրող չհանդիսացողը լինել ինքնավար էներգաարտադրող։ - Ինչպե՞ս կարող է էներգաարտադրող չհանդիսացողը մատակարարել էլեկտրաէներգիա, երբ վերջինս արտադրող չէ, այլ միայն սպառող։ Ենթադրում եմ, որ խոսքը գնում է էներգաարտադրող հանդիսացող խմբի անդամի մասին և առաջարկում եմ „չհանդիսացող“ բառը փոխարինել „հանդիսացող“ բառով։

Arsen Hayriyan

14.09.2025

Հոդված 59-ի 8-րդ մասի առաջարկվող նոր խմբագրության մասով՝ Կետը սահմանում է՝ «Մինչև 2026 թվականի մայիսի 1-ը փոխհոսքերի պայմանագիր կնքած 50կՎտ-ից ավելի տեղակայված հզորությամբ պետական և տեղական ինքնակառավարման մարմին, պետության կամ համայնքի հիմնադրած ոչ առևտրային կազմակերպություն, պետական կամ համայնքային հիմնարկ հանդիսացող ինքնավար էներգաարտադրողների նկատմամբ կիրառվում են զուտ հաշվառման ինքնավար էներգաարտադրողների համար սահմանված կարգավորումները, 50 կՎտ-ից ավելի տեղակայված հզորությամբ մյուս ինքնավար էներգաարտադրողների նկատմամբ՝ զուտ բիլինգային ինքնավար էներգաարտադրողների համար սահմանված կարգավորումները:» Այս կետը այնքան էլ հասկանալի չէ, կարծես նա պետք է վերաբերի Ինքնավար էներգաարտադրության սահմանաչափին՝ որը ըստ նախագծի 25 կՎտ է, այլ ոչ թե 50 կՎտ։ Այլապես ստացվում է, որ մինչև 2026 թվականի մայիսի 1-ը փոխհոսքերի պայմանագիր կնքած 26 կՎտ հզորությամբ «պետական կամ համայնքային» կայանը, որը սույն օրենքի իմաստով հանդիսանում է զուտ հաշվառման ինքնավար՝ ամենաուշը 2034 թվականի մայիսի 1-ից պետք է անցնի զուտ բիլինգի՝ համաձայն անցումային դրույթների, մինչդեռ 50 կՎտ-ից ավելի հզորությամբ «պետական կամ համայնքային» կայանները կմնան զուտ հաշվառման համակարգի ներքո։ Ենթադրում եմ, որ այս դրույթը վերաբերում է Ինքնավար էներգաարտադրության սահմանաչափին և առաջարկում եմ Օրենքի 59-րդ հոդվածի 8-րդ մասի նոր խմբագրության մեջ «50 կՎտ» փոխարինել «25 կՎտ»-ով։

Arsen Hayriyan

14.09.2025

Հոդված 3․ «Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ»-ի մասով՝ 2-րդ կետը սահմանում է՝ «Մինչև 2026 թվականի մայիսի 1-ը փոխհոսքերի պայմանագիր կնքած ինքնավար էներգաարտադրողների նկատմամբ սույն օրենքով սահմանված կարգավորումները կիրառվում են հետևյալ ժամկետներում. 1) մինչև 2022 թվականի ապրիլի 30-ը փոխհոսքերի պայմանագիր կնքած՝ սույն օրենքի իմաստով զուտ հաշվառման ինքնավար էներգաարտադրողների համար՝ 2030 թվականի մայիսի 1-ից, իսկ զուտ բիլինգային ինքնավար էներգաարտադրող հանդիսացող արտադրողների համար՝ 2027 թվականի մայիսի 1-ից.» Անցումային դրույթներում սույն օրենքի իմաստով զուտ հաշվառման ինքնավար էներգաարտադրողներին անդրադառնալու անհրաժեշտությունը հասկանալի չէ, քանի որ սույն կետով ստացվում է, որ, օրինակ՝ մինչև 2022 թվականի ապրիլի 30-ը փոխհոսքերի պայմանագիր կնքած 13 կՎտ հզորությամբ կայանը, որը սույն օրենքի իմաստով հանդիսանում է Զուտ հաշվառման ինքնավար էներգաարտադրող, 2030 թվականի մայիսի 1-ից շարունակելու է մնալ Զուտ հաշվառման ինքնավար էներգաարտադրող, որը անիմաստ կարգավորում է, քանի որ դրան չանդրադառնալու պարագայում էլ վերջինս օրենքը ուժի մեջ մտնելուց հետո էլ մնալու էր Զուտ հաշվառման ինքնավար էներգաարտադրող։ Անցումային դրությներում իմաստ ունի անդրադառնալ միայն սույն օրենքի իմաստով զուտ բիլինգային ինքնավարներին, քանի որ վերջիններս անցնում են զուտ հաշվառումից զուտ բիլինքի և դրա համար պետք է սահմանել անցումային շրջան, որը ըստ այդ նախագծի ստացվում է 5 տարի։ Առաջարկվում է Զուտ հաշվառման ինքնավար էներգաարտադրողներին անդրադառնալ մեկ կետով, հետևյալ խմբագրությամբ՝ «Մինչև 2026 թվականի մայիսի 1-ը փոխհոսքերի պայմանագիր կնքած սույն օրենքի իմաստով Զուտ հաշվառման ինքնավար էներգաարտադրողների նկատմամբ սույն օրենքով սահմանված կարգավորումները կիրառվում են սույն օրենքը ուժի մեջ մտնելու պահից։» Միաժամանակ առաջարկվում է անցումային դրույթներում առանձին ըստ տարիների անդրադառնալ միայւն Զուտ բիլինգային ինքնավար էներգաարտադրողներին, սահմանելով անցումային շրջան։

Տեսնել ավելին
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: