Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՎԵԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՓՈՔՐ ՎԵԴԻ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԵՎ «ՔԱՂԱՔԱՏԵՂԻ ԱՐՏԱՇԱՏ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԱՆՇԱՐԺ ՀՈՒՇԱՐՁԱՆԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՆԵՐԱՌՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԿԱ ՇԱՀ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՎԵԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՓՈՔՐ ՎԵԴԻ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԵՎ «ՔԱՂԱՔԱՏԵՂԻ ԱՐՏԱՇԱՏ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԱՆՇԱՐԺ ՀՈՒՇԱՐՁԱՆԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՆԵՐԱՌՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԿԱ ՇԱՀ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

    1.Իրավական ակտի անհրաժեշտությունը

«Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդի համայնքի Փոքր Վեդի բնակավայրի տարածքում գտնվող և «Քաղաքատեղի Արտաշատ» պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի տարածքում ներառված հողամասերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է հուշարձանի տարածքն ամբողջացնելու, պատմական մայրաքաղաքի տարածքում գտնվող ուրարտական դահլիճի ուսումնասիրությունն ու պահպանությունն ապահովելու, հնագիտական պեղումները կազմակերպելու, նոր հուշարձաններ հայտնաբերելու, հայտնաբերվելիք և հողամասերի սահմաններում գտնվող պահպանված կառույցների մնացորդների ամրակայման և վերականգնման անհրաժեշտությամբ: 

2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

Հայ-Գերմանական ԱԳԱՊ հնագիտական ծրագրի շրջանակում, 2019 և 2021 թթ․-ին տարված գեո-մագնիսական հետախուզման արդյունքում «Քաղաքատեղի Արտաշատ» հուշարձանի հմ. 13 բլրից մոտ 400 մ հարավ, մասնավոր դաշտային հողատարածքում բացահայտվել են մեծածավալ ուղղանկյուն մի կառույցի ուրվագծեր: Վերջինիս հիմնական մասը զբաղեցնում է մոտ 85 х 30 մ տարածք և շարունակվում էր դեպի արևելք առնվազն ևս շուրջ 60 մ:

2021 թ․-ին իրականացվել է այս կառույցի հնագիտական ուսումնասիրությունը։ Պեղավայրեր են դրվել դրա հիմնական մասի հյուսիսային գծի կենտրոնում և հյուսիս-արևմտյան անկյունում, 200 քմ ընդհանուր մակերեսով: Պեղումների արդյունքում տեղում բացվեցին եռամաս դարպասների հիմքեր, դռան չորս բացվածքներով: Ռադիո-ածխածնային տվյալները թվագրում են շինության գործարկումը Ք. ա. 800-ական թթ-ով՝ հին Արտաշատի պատմության ուրարտական ժամանակաշրջանի վաղ փուլով։ Նույն շրջանին են պատկանում տեղում հայտնաբերված հնագիտական գտածոները (Ք. ա. 8-7-րդ դդ.)։ Ուրարտականի հետ մեկտեղ, այստեղ բացահայտվել են նաև Ք. ա. 1 - Ք. հ. 1-ին դդ. նյութեր, վկայելով այս կառույցի տևական օգտագործման մասին։ «Քաղաքատեղի Արտաշատ» պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի դաշտավայրային տարածքում հայտնաբերված կառույցը հանդիսանում է Հայկական լեռնաշխարհում հայտնի ուրարտական շինություններից ամենամեծը (շուրջ 3500-4000 քմ) և, թերևս, ՀՀ տարածքում ուսումնասիրվածներից՝ վաղագույնը։

Այդուհանդերձ, չնայած իր եզակիությանն ու Հայաստանի պատմության և մշակույթի լուսաբանման ու հանրայնացման հարցում կարևորությանը, այս համալիրի հետագա, միջազգային ծրագրով նախատեսված ուսումնասիրությունը կասեցվել է հողատարածքի սեփականատիրոջ պահանջով։ Արդեն չորս տարի է ինչ մասնագետները զրկված են այս բացառիկ համալիրի հետազոտման հնարավորությունից։

Հաշվի առնելով  հուշարձանի ուսումնասիրության խոչընդոտող հանգամանքները՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության հանձնարարականով «Պատմամշակությաին արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը իրականացրել է տարածքի չափագրությունը (կցվում է) և փաստագրվել է որ տարածքում առկա են թե՛ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասեր, թե՛ մասնավոր սեփականության հողամասեր: Համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը Հայաստանի Հանրապետությանը նվիրատվությամբ տրամադրելու համար ԿԳՄՍ նախարարությունը դիմել է ՀՀ Արարատի մարզի Վեդի համայնքին, որին ի պատասխան համայնքն առաջարկել է հարցը քննարկել տարածքում առկա ֆիզիկական անձանց սեփականություն հանդիսացող հողամասերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելուց հետո՝ հաշվի առնելով, որ տարածքում առկա որոշ հողամասեր ներկա պահին տրված են վարձակալության (գրությունը կցվում է):

Վերոգրյալով պայմանավորված՝ անհրաժեշտություն է առաջացել հուշարձանի տարածքում ներառված ֆիզիկական անձանց սեփականությունը հանդիսացող հողամասերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին ՀՀ կառավարության որոշում ընդունել, ինչից ելնելով ներկայացվում է սույն որոշման նախագիծը:

   3. Կարգավորման նպատակը

Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի տարածքի ամբողջացման արդյունքում կապահովվի պահպանությանն ուղղված միջոցառումների իրականացումը և «Արտաշատ» մայրաքաղաք»  պատմամշակութային արգելոցի տարածքի սահմաններում  կընդգրկվեն հատուկ պահպանության ենթակա հողամասերը, որոնց այլ նպատակներով օգտագործումը հնարավոր չէ:

Հին Արտաշատի ուրարտական դահլիճի հետազոտությունը, նրա ամրակայումն ու միջազգային հանրայնացումը նշանակալիորեն կխթանեն ողջ հուշարձանի գիտական արժեքի և զբոսաշրջային ներուժի հետագա աճին։

Հանրության գերակա շահ ճանաչելու գործընթացն ավարտելուց հետո ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը կնախաձեռնի նոր գործընթաց՝ «Արտաշատ» մայրաքաղաք»  պատմամշակութային արգելոցի տարածքի ամբողջացման ուղղությամբ:

4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության մշակույթի և սպորտի նախարարության կողմից:

  1. Ակնկալվող արդյունքը.

Որոշման ընդունման արդյունքում կապահովվեն հուշարձանների պահպանության և օգտագործման գործընթացները, բարենպաստ պայմաններ կստեղծվեն հուշարձանների պահպանության և օգտագործման բնագավառում լիազոր մարմնի, պետական կառավարման մարմնի, ինչպես նաև հանրության կողմից «Քաղաքատեղի Արտաշատ»  հուշարձանի պահպանության և օգտագործման խնդիրների լուծման համար:

  1. «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդի համայնքի Փոքր Վեդի բնակավայրի տարածքում գտնվող և «Քաղաքատեղի Արտաշատ» պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի տարածքում ներառված հողամասերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.

«Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդի համայնքի Փոքր Վեդի բնակավայրի տարածքում գտնվող և «Քաղաքատեղի Արտաշատ» պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի տարածքում ներառված հողամասերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը բխում է «Հայաստանի վերափոխման ռազմավարության» 2050 ցուցանիշների Մեր ազգային արժեքները մասի 10-րդ կետից՝ նկատի ունենալով, որ «Քաղաքատեղի Արտաշատ» հուշարձանը հանդիսանում է ազգային արժեքների նյութական ժառանգության բաղադրիչների կարևորագույն մասը, հայ ժողովրդի պատմության, պետականությանն առնչվող հնագույն ժամանակաշրջանի նշանակալի դրսևորումներից, ուստի այն առավել դիտարժան և գրավիչ դարձնելը, գովազդելը, զբոսաշրջային ծրագրերում հուշարձանը ներառելու գործոնը հավաստագրելը, զբոսաշրջիկների քաղաքակիրթ սպասարկումը, սննդի, հանգստի կազմակերպումը զգալիորեն առնչվում է այցելուների սպասարկման համար նախատեսված օբյեկտների առկայության հետ: Գործընթացի իրականացմամբ կապահովվի նաև արժեքավոր հուշարձանի  պահպանական միջոցառումների կազմակերպումը՝ հուշարձանի ամրակայման, տարածքի բարեկարգման աշխատանքների ապահովումը, զբոսաշրջային նպատակներով հուշարձանի գովազդումը և հանրահռչակումը, մշակութային և էկոտուրիզմի զարգացումը:

ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի Հայաստանի Հանրապետության ձեռքբերումը  կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին N 1902-Լ որոշմամբ հաստատված N 1 հավելվածի «Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն բաժնի «Մշակույթ մասի 33-րդ կետով սահմանված պահանջի հետ կապը հուշարձանի պահպանությանն առնչվող իրավական կարգավորման հնարավորության ապահովումն է, հասարակությանը հուշարձանների տարածքների կարգավիճակին և գույքային պատկանելության իրազեկման հարցում հստակ տեղեկատվության գործընթացի իրականացումն է:

  1. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները.

«Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդի համայնքի Փոքր Վեդի բնակավայրի տարածքում գտնվող և «Քաղաքատեղի Արտաշատ» պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի տարածքում ներառված հողամասերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունումը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում առաջացնում է լրացուցիչ ծախս սեփականատիրոջ գույքի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու պահանջով՝ օտարվող գույքի գնահատման արդյունքում հաշվարկված շուկայական արժեքի չափով:

  • Քննարկվել է

    03.09.2025 - 18.09.2025

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Մշակութային, Պատմամշակութային անշարժ ժառանգության պահպանություն

  • Գերատեսչություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1113

Տպել

Առաջարկներ`

Լիլիթ Մանասյան

15.09.2025

Որպես Վեդի համայնքի բնակիչ՝ այս նախագիծը գնահատում եմ կարևոր և անհրաժեշտ քայլ։ Արտաշատ քաղաքատեղու պատմամշակութային հուշարձանի պահպանությունը մեր համայնքի համար առաջնահերթություն է։ Սակայն մտահոգություն է առաջացնում, որ մասնավոր սեփականատերերի հողերի բռնազավթումը կարող է ստեղծել սոցիալական լարվածություն և տեղի բնակիչների անվստահություն։ Կարևոր է, որ փոխհատուցումը լինի արդարացի և իրական շուկայական գնով։ Նախագծում պետք է ավելի հստակ նշվեր, թե ինչպես կապահովվի բնակիչների մասնակցությունը որոշումների կայացման գործընթացում։ Բացի այդ, պետք է երաշխավորվեր, որ մարզպետարանը կունենա բավարար ֆինանսական միջոցներ նախագծի պատշաճ իրականացման համար։ Հմուտ կլիներ նաև նշել, թե ինչպիսի զարգացման ծրագրեր են նախատեսվում տարածքի համար՝ զբոսաշրջության և տեղական տնտեսության տեսանկյունից։ Ընդհանուր առմամբ նախագիծը ճիշտ ուղղությամբ է, բայց իր իրականացման մանրամասները պետք է ավելի թափանցիկ և մասնակցային լինեն։

Տեսնել ավելին
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: