Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԲՐՈՒՑԵԼՈԶ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԵՎ ՎԵՐԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ 2026-2030 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԵՐԻՆ, ՎԵՐԱՄՇԱԿՈՂ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԵՎ ՍՊԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂՆԵՐԻՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ

ՆԱԽԱԳԻԾ

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

______ ___________ 2025  թվականի N ______Լ

 

 

 

 

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԲՐՈՒՑԵԼՈԶ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԵՎ ՎԵՐԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ

2026-2030 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԵՐԻՆ, ՎԵՐԱՄՇԱԿՈՂ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԵՎ ՍՊԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂՆԵՐԻՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ

ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Հիմք ընդունելով «Անասնաբուժության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը և «Արդյունաբերական քաղաքականության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հաստատել`
  • Գյուղատնտեսական կենդանիների բրուցելոզ հիվանդության կանխարգելման և վերացմանն ուղղված միջոցառումների ծրագիրը՝ համաձայն N 1 հավելվածի:
  • 2026-2030 թվականներին գյուղատնտեսական կենդանիների սեփականատերերին, վերամշակող ընկերություններին և սպանդանոցային ծառայություն մատուցող տնտեսավարողներին աջակցության տրամադրման ծրագիրը` համաձայն N 2 հավելվածի։
  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունվարի 1-ից:

 

 

 

Հայաստանի Հանրապետության
          վարչապետ                                                                              Ն. Փաշինյան

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2025 թվականի

N______Լ որոշման

 

Ծ Ր Ա Գ Ի Ր 

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԲՐՈՒՑԵԼՈԶ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԵՎ ՎԵՐԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ

ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

 

  1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
  2. Բրուցելոզ հիվանդությունը կենդանիների, կենդանիների և մարդու համար ընդհանուր վարակիչ հիվանդություն է, որի պայքարի համալիր միջոցառումների իրականացումը հանդիսանում է անասնաբուժության և առողջապահության ոլորտներում պետության կողմից ձեռնարկվող առաջնահերթ քայլերից մեկը:
  3. Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական կենդանիների բրուցելոզ հիվանդության անասնահամաճարակային իրավիճակը պայմանավորված է դրա բնական պարբերականությամբ, սեզոնայնությամբ, հիվանդության մշտական օջախների առկայությամբ և այլ գործոններով:
  4. Բրուցելոզի հարուցիչները՝ բրուցելա մանրէներն անկայուն են բարձր ջերմաստիճանի նկատմամբ, հեղուկ միջավայրում՝ +600C ջերմաստիճանային պայմաններում բրուցելաները ոչնչանում են 30 րոպեում, +80-850C ջերմաստիճանային պայմաններում՝ 5 րոպեում, +85-900C ջերմաստիճանային պայմաններում՝ 20 վայրկյանում, իսկ եռացնելիս՝ անմիջապես: Բրուցելաները արևի ուղիղ ճառագայթների ազդեցությամբ ոչնչացնում են 4-5 ժամում, հողի մեջ մանրէները մնում են կենսունակ մինչև 100 օր, ջրի մեջ՝ միչև 114 օր: Մանրէները երկար ժամանակ մնում են սննդամթերքում և կայուն են ցածր ջերմաստիճանի նկատմամբ:
  5. Էնդեմիկ երկրներում բրուցելոզը լուրջ գյուղատնտեսական և առողջապահական խնդիր է, որը զգալի տնտեսական վնասներ է պատճառում տնտեսությանը և հանդիսանում է ծանր և անբուժելի հիվանդություն մարդկանց համար։ Համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության (այսուհետ՝ ԱՀԿ) տվյալների «մարդկանց շրջանում հիվանդացության իրական մակարդակը մոտավորապես 10-25 անգամ ավելի բարձր է, քան պետական վիճակագրական տվյալները»:
  6. Այսօր ամբողջ աշխարհում որդեգրվել է «Մեկ առողջություն» գաղափարը, այն է՝ մարդու առողջությունը կապված է կենդանիների առողջության և շրջակա միջավայրի հետ: ԱՀԿ նշում է, որ «Մեկ առողջություն» գաղափարի հիմքում ընկած է մարդկանց, կենդանիների առողջության և շրջակա միջավայրի պաշտպանության օպտիմալ մակարդակին հասանելիությունն՝ ապահովելով այդ երեք բաղադրիչների կայուն հավասարակշռությունը: Մարդկանց, կենդանիների առողջության և շրջակա միջավայրի պաշտպանության փոխհարաբերությունները պահանջում են երեք ոլորտների միջև սերտ համագործակցություն, հաղորդակցություն, ինտեգրված և համակարգված աշխատանքների կազմակերպում։
  7. «Մեկ առողջություն հիվանդության հսկողություն» եզրույթը վերաբերում է նաև բրուցելոզի համակարգված և ինտեգրված հսկողությանը՝ կենդանիների մոտ և մարդկանց շրջանում, ինչպես նաև շրջակա միջավայրի պաշտպանությանը:

 

  1. ԲՐՈՒՑԵԼՈԶ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ԱՌԿԱ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ
  2. Ծրագրի իրականացման անհրաժեշտության համար ելակետային դրույթ է հանդիսացել նախորդ տարիների անասնահամաճարակային տվյալների վերլուծության արդյուքները՝ գյուղատնտեսական կենդանիների մոտ, համադրելով Վիճակագրական կոմիտեի (այսուհետ՝ կոմիտե) կողմից հրապարակված գյուղատնտեսական կենդանիների գլխաքանակի տվյալների հետ։
  3. Վերլուծելով 2021-2024 թվականների գյուղատնտեսական կենդանիների մոտ արձանագրված բրուցելոզ հիվանդության դեպքերի դինամիկան, ըստ N 1 աղյուսակի նկատվում է հետևյալը՝

 

 

2021-2024 թվականների գյուղատնտեսական կենդանիների մոտ արձանագրված բրուցելոզ հիվանդության դեպքերը

Աղյուսակ N 1

հ/հ

Մարզերի անվանումները

2021թ

2022թ

2023թ

2024թ

ԽԵԿ

ՄԵԿ

ԽԵԿ

ՄԵԿ

ԽԵԿ

ՄԵԿ

ԽԵԿ

ՄԵԿ

1

Արագածոտն

397

244

371

189

191

324

226

339

2

Արարատ

133

123

84

184

121

130

152

137

3

Արմավիր

175

381

172

267

192

245

136

278

4

Գեղարքունիք

531

470

256

205

239

110

187

354

5

Կոտայք

679

344

617

176

305

59

333

132

6

Լոռի

284

47

332

11

306

61

241

31

7

Շիրակ

801

263

232

288

201

82

310

367

8

Սյունիք

283

19

223

264

131

414

110

326

9

Տավուշ

29

0

12

9

2

72

3

226

10

Վայոց Ձոր

46

167

42

463

21

175

30

129

 Ընդամենը

3358

2058

2341

2056

1709

1672

1728

2319

 

  1. 2021-2024 թվականներին, ըստ կոմիտեի կողմից հրապարակված գյուղատնտեսական կենդանիների գլխաքանակի, նկատվում է խոշոր եղջերավոր կենդանիների՝ կովերի գլխաքանակի նվազում․ 2022 թվականը 2021 թվականի համեմատ նվազել է 7,4 %, 2023 թվականը 2022 թվականի համեմատ՝ 9,7 %, 2024 թվականը 2023 թվականի համեմատ՝ 5 %, իսկ մանր եղջերավոր կենդանիների մայրական կազմը մնացել է գրեթե անփոփոխ։
  2. 2021-2024 թվականների գյուղատնտեսական կենդանիների մոտ արձանագրված բրուցելոզ հիվանդության դեպքերի նվազումը ուղիղ համեմատական է անասնագլխաքանակի նվազմանը, սակայն 2024 թվականին նկատվում է խոշոր և մանր եղջերավոր կենդանիների մոտ արձանագրված բրուցելոզ հիվանդության դեպքերի աճման միտում 2023 թվականի համեմատությամբ։
  3. 2025 թվականի առաջին եռամսակում խոշոր և մանր եղջերավոր կենդանիների մոտ արձանագրվել է 1097 բրուցելոզ հիվանդության դեպք՝ համապատասխանաբար 643 և 454 գլխաքանակի նկատմամբ, որն արդեն իսկ մտահոգիչ է։
  4. Վերլուծելով 2021-2024 թվականների բնակչության շրջանում արձանագրված բրուցելոզ հիվանդության դեպքերը և հիվանդացությունն ըստ N 2 աղյուսակի նկատվում է հետևյալը՝

2021-2024 թվականների բնակչության շրջանում արձանագրված բրուցելոզ հիվանդության դեպքերը

Աղյուսակ N 2

հ/հ

Մարզերի անվանումները

2021թ

Ցուցանիշն ըստ 100․0 հազ․բնակչի

2022թ

Ցուցանիշն ըստ 100․0 հազ․բնակչի

2023թ

Ցուցանիշն ըստ 100․0 հազ․բնակչի

2024թ

Ցուցանիշն ըստ 100․0 հազ․բնակչի

1

Արագածոտն

31

24․7

41

32․6

45

34․4

59

45․1

2

Արարատ

13

5․1

16

6․2

15

5․9

15

5․9

3

Արմավիր

18

6․8

15

5․6

13

5․0

23

8․9

4

Գեղարքունիք

91

39․8

76

33․2

97

45․8

64

30․2

5

Կոտայք

19

7․5

31

12․3

23

8․3

17

6․1

6

Լոռի

2

0․9

15

6․9

11

4․8

12

5․3

7

Շիրակ

8

3․4

10

4․2

38

16․0

34

14․3

8

Սյունիք

46

33․4

60

43․6

58

50․2

80

69․3

9

Տավուշ

2

1․6

0

0․0

12

10․3

7

6․0

10

Վայոց Ձոր

2

4․1

11

22․4

4

8․3

7

14․5

11

Երևան

21

1․9

3

0․2

8

0․7

11

1․0

ԸՆԴԱՄԵՆԸ

253

85

278

93

324

109

329

110

 

  1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության տվյալների համաձայն՝ 2021-2024 թվականներից Հայաստանի Հանրապետությունում բնակչության շրջանում առաջնային հայտնաբերված բրուցելոզով հիվանդացությունն ունի աճման միտում:
  2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի, առողջապահության նախարարությունների և Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (այսուհետ՝ տեսչական մարմին) միջև համագործակցությունը կարևոր դերակատարում ունի բրուցելոզ հիվանդության կանխարգելման և վերահսկման գործընթացում։

 

  1. ԱՌԿԱ ԻՐԱՎԻՃԱԿԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ
  2. Առկա իրավիճակի խնդիրներն են՝
  • առանց Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 21-ի N 1499-Ն որոշմամբ հաստատված ձև N 1 անասնաբուժական ուղեկցող փաստաթղթի կենդանիների անկանոն տեղաշարժը․
  • բրուցելոզով հիվանդ կենդանիների բակային մորթը․
  • մարզային և տարածաշրջանային մակարդակով լաբորատորիաներում լաբորատոր սարքավորումների թերի հագեցվածություն․
  • լաբորատոր մասնագետների, համաճարակաբանների՝ մասնավորապես տարածաշրջանային մակարդակով, պարբերաբար վերապատրաստման գործընթացի բացակայությունը․
  • հեռավորությամբ և անասնագլխաքանակով պայմանավորված մեկ կամ երկու մարզերում բրուցելոզի դեպքի վերջնական հաստատման կամ հերքման իրավասության բացակայությունը․
  • դեպքերի քարտեզագրման, համաճարակաբանական վերլուծության, արագ արձագանքման համակարգի թերացումները․
  • Հայաստանի Հանրապետությունում շրջանառվող բրուցելա տեսակների նույնականացման բացակայությունը՝ ընկալունակ կենդանիների տեսակների մոտ:
  1. Ծրագրի իրականացման նպատակներն են՝
  • հանրապետությունում ձևավորել բրուցելոզ հիվանդության նկատմամբ ապահով տնտեսություններ, բնակավայրեր․
  • նվազեցնել կենդանիների մոտ հիվանդության դեպքերն՝ արդյունքում նվազեցնելով մարդկանց շրջանում նոր արձանագրվող բրուցելոզ հիվանդության դեպքերը․
  • վերազինել մարզային և տարածաշրջանային լաբորատորիաները․
  • ապահովել լաբորատոր մասնագետների, համաճարակաբանների պարաբերաբար վերապատրաստումը․
  • կենսաանվտանգության և կենսաապահովության պահանջների համաձայն հիմնել բրուցելոզ հիվանդության դեպքի վերջնական հաստատման կամ հերքման իրավասություն ունեցող մարզային լաբորատորիա՝ հեռավորությամբ և անասնագլխաքանակով պայմանավորված մեկ կամ երկու մարզերում․
  • ապահովել «Մեկ առողջություն» գաղափարի ներդրումը՝ սահմանված չափանիշներով գործադրել միասնական մոտեցումներ, որոնք ուղղված կլինեն Հայաստանի Հանրապետությունում բրուցելոզ հիվանդության կանխարգելմանը և վերահսկողությանը․
  • պայքարի համալիր միջոցառումների շղթայում ամրապնդել համագործակցությունը և տեղեկատվության փոխանակումը հանրային առողջապահության և անասնաբուժական մարմինների միջև՝ ինտեգրելով առողջապահական, անասնաբուժական և շրջակա միջավայրի համակարգերը:

 

  1. ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ, ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ԳՈՏԻԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ԴԱՍԿԱՐԳՈՒՄԸ
  2. Գյուղատնտեսական կենդանիների բրուցելոզ հիվանդությունն ըստ տարածվածության մակարդակի գոտիավորվում է՝ տնտեսությունների/բնակավայրերի և դասակարգվում է երեք խմբի՝  
  • գյուղատնտեսական կենդանիների բրուցելոզ հիվանդությունից «ապահով տնտեսություն/բնակավայր», եթե վերջին վեց ամսվա ընթացքում բրուցելոզ հիվանդության դեպք արձանագրված չէ․
  • գյուղատնտեսական կենդանիների բրուցելոզ հիվանդությունից «անապահով տնտեսություն/բնակավայր», ըստ տարածվածության մակարդակի բաժանվում է՝

ա) թույլ վարակվածությամբ անապահով տնտեսություն/բնակավայր, եթե վերջին վեց ամսվա ընթացքում արձանագրվել է առնվազն մեկ դեպք․

բ) զգալի վարակվածությամբ անապահով տնտեսություն/բնակավայր, եթե վերջին վեց ամսվա ընթացքում առկա գլխաքանակի մոտ արձանագրվել է 25 % և ավելի վարակվածություն․

  • գյուղատնտեսական կենդանիների բրուցելոզ հիվանդության նկատմամբ վարակման տեսանկյունից վտանգված «ռիսկային տնտեսություն/բնակավայր», եթե անապահով տնտեսության/բնակավայրի հետ ունեն ընդհանուր արոտավայրեր, ջրատեղեր, կամ ժամանակավոր ընդհանուր պահվածքի և խնամքի պայմաններ․
  1. Տեսչական մարմնի կողմից տնտեսությանը/բնակավայրին տրվում է բրուցելոզ հիվանդության գոտիավորման և դասակարգման կարգավիճակ, և վերջինիս կողմից ապահովում է «Բրուցելոզ հիվանդության գոտիավորում և դասակարգում» էլեկտրոնային տեղեկատվական համակարգի (այսուհետ՝ համակարգ) ստեղծումը, տեխնիկատեղեկատվական և սերվերի սպասարկումը։
  2. Համակարգը՝ որպես տեղեկատվական հարթակ, դիտորդի կարգավիճակով հասանելի է՝ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը, «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը, ինչպես նաև ըստ ոլորտային առանձնահատկությունների՝ Հայաստանի Հանրապետության առողջապահության, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություններին, Հայաստանի Հանրապետության մարզպետարաններին։
  3. «Գյուղատնտեսական կենդանիների պատվաստում» պետական պատվերի ծրագրի շրջանակներում գյուղատնտեսական կենդանիների բրուցելոզ հիվանդության նկատմամբ իրականացվում է արյունառում՝ տարեկան 2 անգամ։ Անապահով, ինչպես նաև ռիսկային տնտեսություններից, բնակավայրերից, համայնքներից՝ իրականացվում է կրկնակի արյունառում՝ առաջին արյունառումից հետո՝ 21-ից 30-րդ օրերի ընթացքում։
  4. Սույն ծրագրի շրջանակներում համայնքների, բնակավայրերի գոտիավորման և դասակարգման համար հիմք կարող է հանդիսանալ «Գյուղատնտեսական կենդանիների պատվաստում» ծրագրի շրջանակներում իրականացված արյունառման հետազոտությունների արդյունքները, կամ իրականացնել կրկնակի արյունառում և արդյունքները դիտարկել որպես ելակետային:

   

  1. ԲՐՈՒՑԵԼՈԶ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԵՎ ՎԵՐԱՑՆԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ
  2. Բրուցելոզ հիվանդության կանխարգելման, վերահսկման, ինչպես նաև կենդանիների մոտ հիվանդության դեպքի բացառման նպատակով անասնապահությամբ զբաղվող ֆիզիկական և իրավաբանական անձինք, անհատ ձեռնարկատերերը պարտավոր են ապահովել «Անասնաբուժության մասին» օրենքի 21-րդ հոդվածի, իսկ համայնքի ղեկավարները՝ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքնի 50-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերի կիրարկումը։
  3. Գյուղատնտեսական կենդանիների՝ խոշոր և մանր եղջերավոր կենդանիների բրուցելոզ հիվանդության նկատմամբ «Գյուղատնտեսական կենդանիներ պատվաստում» պետական պատվերի ծրագրի շրջանակներում «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության անասնաբույժի (այսուհետ՝ կազմակերպության անասնաբույժ) միջոցով իրականացվում է արյունառում՝ լաբորատոր հետազոտության նպատակով:
  4. Տնտեսությունում կամ բնակավայրում/համայնքում նոր ձեռք բերված կենդանիների մոտ բրուցելոզ հիվանդության հաստատման դեպքում՝ հիվանդ կենդանիները սպանդանոցում ենթարկվում են սանիտարական սպանդի, մնացած «պայմանական առողջ» կենդանիների արյան լաբորատոր հետազոտության բացասական արդյունքով՝ բրուցելոզով վարակվածությունը բացառելուց հետո դրանք համարվում են առողջ, և թույլատրվում է դրանց հետագա շահագործումը, իսկ «պայմանական առողջ» կենդանիների արյան լաբորատոր հետազոտության դրական արդյունքի դեպքում՝ կենդանիները նույնպես ենթարկվում են սանիտարական սպանդի:
  5. Գյուղատնտեսական կենդանիների արյան նմուշները «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ՝ լաբորատորիա) մարզային կամ տարածաշրջանային մակարդակում հետազոտում են Ռոզ-Բենգալ թեստով, թեստավորված դրական, ինչպես նաև կասկածելի՝ «կեղծ դրական» հակազդած կենդանիների նույն արյան նմուշները տեսչական մարմնի մարզային կենտրոնի տեսուչը ուղեգրով տեղափոխում է լաբորատորիա հետազոտման՝ իմունոֆերմենտային անալիզ/ԻՖԱ (ELISA) կամ կոմպլեմենտի կապման ռեակցիա (ԿԿՌ) կամ ԿԱՀԿ-ի կողմից ընդունված այլ մեթոդներով՝ հաստատելու կամ հերքելու նպատակով:
  6. Տնտեսությունում բրուցելոզ հիվանդության կասկածի դեպքում՝ կենդանիների հանկարծակի վիժում՝ ֆիզիկական կամ իրավաբանական անձինք, ինչպես նաև տնտեսությունը սպասարկող կամ համայնքային կամ կազմակերպության անասնաբույժը պարտավոր են այդ մասին անհապաղ տեղեկացնել տեսչական մարմնին։
  7. Հիվանդության ախտորոշումը հաստատելու կամ հերքելու նպատակով տվյալ կենդանուց, իսկ անհրաժեշտության դեպքում տնտեսության ամբողջ անասնագլխաքանակից կատարվում է նմուշառում և ախտաբանական նմուշները տեսուչի միջոցով՝ ուղեկցող փաստաթղթով տեղափոխվում են լաբորատորիա։
  8. Նախքան հաստատումը կենդանիները տնտեսության ներսում մեկուսացվում են, հաստատումից հետո՝ 15 օրվա ընթացքում սպանդանոցում իրականացվում է սանիտարական սպանդ, անկախ տոհմային և արտադրական արժեքից, բտման աստիճանից, կենդանի զանգվածից, տարիքից և հղիության վիճակից:
  9. Դրական հակազդած հոտերում կամ նախիրում յուրաքանչյուր ամիսը մեկ անգամ տեսչական մարմնի որոշմամբ իրականացվում է ռիսկի խմբի՝ «պայմանական առողջ» գյուղատնտեսական կենդանիների մոտ կրկնակի արյունառում և թեստավորում մինչև երկու բացասական արդյունքի ստացումը նշված տնտեսությունում՝ վերջին վեց ամսվա ընթացքում:
  10. Տեսչական մարմինը բրուցելոզ հիվանդությունը հաստատվելուց հետո՝
  • որոշում է անապահով տարածքի սահմանները.
  • Էկոնոմիկայի նախարարությանը (այսուհետ՝ նախարարություն) ներկայացնում է առաջարկություններ՝ հիվանդության դեմ պայքարի միջոցառումներ իրականացնելու, ինչպես նաև տնտեսավարողներին աջակցություն տրամադրելու վերաբերյալ.
  • կազմակերպում և ապահովում է բրուցելոզի դեմ պայքարի միջոցառումների համալիրում պարտադիր իրականացման ենթակա սահմանափակումներ։
  1. Սանիտարական սպանդն իրականացվում է սպանդանոցում` կանոնավոր սպանդն ավարտելուց հետո:
  2. Բրուցելոզ հիվանդության դեմ պայքարի շրջանակներում առաջնահերթություն է վարակված կամ վարակման անմիջական սպառնալիքի ենթակա գյուղատնտեսական կենդանիների նկատմամբ սպանդանոցում իրականացվող սանիտարական սպանդը` պայմանական պիտանի կենդանական ծագման հումքի և մթերքի ստացմամբ, որոնք կարող են օգտագործվել վնասազերծումն ապահովող վերամշակումից հետո, որը երաշխավորում է դրանց անվտանգությունը:
  3. Տնտեսությունում և հարակից տարծքում հիվանդության հարուցչի դեմ պարբերաբար իրականացվում է ախտահանման միջոցառումներ՝ միջատների դեմ պայքար՝ միջատազերծում, կրծողների դեմ պայքար (դեռատիզացիա), անասնաշենքի և անասնապահական տարածքների սանիտարական մաքրում և ախտահանություն։ Ախտահանության, կրծողազերծման, միջատազերծման նպատակով օգտագործվում են համապատասխան միջոցներ՝ համաձայն դրանց օգտագործման հրահանգների:

 

  1. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՌԻՍԿԵՐԻ ՀԱՂԹԱՀԱՐՄԱՆ ՈՒՂԻՆԵՐԸ
  2. Ռիսկերի հաղթահարման ուղիներն են՝
  • իրականացնել բրուցելոզ հիվանդության ռիսկերի գույքագրում և քարտեզագրում․
  • տվյալների հավաքագրում, հաղորդակցման բարելավում․
  • համաճարակաբանական վերլուծություն, դեպքերի քարտեզագրման և վերահսկման աշխատանքների համատեղ գործիքների ստղծում և արդյունքների գնահատում․
  • անասնաբույժների, լաբորատոր մասնագետների պարբերաբար վերապատրաստում․
  • բրուցելաների նույնականացման իրականացում և արդյունքների վերլուծություն և ռիսկերի գնահատում․
  • ուժեղացված վերահսկողություն՝ կենդանիների տեղաշարժի նկատմամբ, հեռագնա արոտներում, սպանդանոցներում, մսամթերքի իրացման վայրերում և գյուղատնտեսական կենդանիների շուկաներում․
  • ֆինանսական միջոցների ապահովում՝ պետական բյուջեից կամ օրենքով չարգելված այլ աղբյուրներից․
  • ռիսկերի հիմքի վրա ծրագրի իրականացման արդյունավետության գնահատում՝ անհրաժեշտության դեպքում քաղաքականության մշակման վերանայում:

 

  1. ԾՐԱԳՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ,

ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆԵՐԸ

  1. Ծրագրի միջոցառումներն իրականացվում են համապատասխան ժամկետներում և անհրաժեշտ ֆինանսական միջոցների ներգրավմամբ, որի շրջանակներում՝
  • «Գյուղատնտեսական կենդանիների պատվաստում» պետական պատվերի ծրագրի շրջանակներում յուրաքանչյուր տարի նախարարությունը իրականացում է խոշոր և մանր եղջերավոր կենդանիների բրուցելոզ հիվանդության նկատմամբ արյունառում՝ կազմակերպության անասնաբույժի միջոցով․
  • տեսչական մարմինն, անհրաժեշտության դեպքում, յուրաքանչյուր տարի ապահովում է մարզային և տարածաշրջանային մակարդակով լաբորատորիաների տեխնիկական և գույքային հագեցվածությունը՝ պետական բյուջեի միջոցներով կամ օրենքով չարգելված այլ աղբյուրներից․
  • նախարարությունն, անհրաժեշտության դեպքում, յուրաքանչյուր տարի ապահովում է անասնաբույժների, լաբորատոր մասնագետների վերապատրաստման գործընթացը՝ պետական բյուջեի միջոցներով կամ օրենքով չարգելված այլ աղբյուրներից․
  • նախարարությունը, տեսչական մարմինը, կազմակերպությունը համապատասխան մասնագետների կողմից յուրաքանչյուր տարվա հուլիսի 1-ին տասնօրյակին և նոյեմբերի 3-րդ տասնօրյակին՝ գոտիավորման և դասակարգման կարգավիճակի հստակեցման նպատակով տվյալ տնտեսությունից/բնակավայրից պատահական ընտրությամբ իրականացվում է արյունառում և հետազոտություն՝ պետական բյուջեի միջոցներով․
  • տեսչական մարմիը մինչև 2027 թվականի դեկտեմբերի 3-րդ տասնօրյակը պետական բյուջեի միջոցներով կամ օրենքով չարգելված այլ աղբյուրներից ապահովում է բրուցելոզ հիվանդության դեպքի վերջնական հաստատման կամ հերքման իրավասություն ունեցող՝ մեկ կամ երկու մարզերում մարզային լաբորատորիայի հիմնումը,
  • տեսչական մարմինը և նախարարությունն օրենքով վերապահված իրենց գործառույթների շրջանակներում իրականացնում են տվյալների հավաքագրում, մշակում, ամփոփում՝ ընթացիկ և վերջնական արդյունքների համապատասխանության վերլուծություն և գնահատում․
  • տեսչական մարմինը մինչև 2026 թվականի 1-ին եռամսյակը պետական բյուջեի միջոցներով կամ օրենքով չարգելված այլ աղբյուրներից ապահովում է «Բրուցելոզ հիվանդության գոտիավորում և դասակարգում» էլեկտրոնային տեղեկատվական համակարգի ստեղծումը, տեխնիկատեղեկատվական և սերվերի սպասարկումը․
  • «Մեկ առողջություն» գաղափարի գործադրման շրջանակներում յուրաքանչյուր տարի աշխատաժողովների կազմակերպում՝ պետական բյուջեի միջոցներով կամ օրենքով չարգելված այլ աղբյուրներից նախախարարության, տեսչական մարմնի, Հայաստանի Հանրապետության առողջապահության և շրջակա միջավայրի նախարարությունների միջև։

 

  1. ԾՐԱԳՐԻ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԸ
  2. Ծրագրի մոնիթորինգն իրականացնում են նախարարությունը, կազմակերպությունը և տեսչական մարմինն իրենց իրավասությունների շրջանակներում։
  3. Մոնիթորինգի հիմնական նպատակն է՝
  • միջոցառումների թերակատարումների հայտնաբերում կամ բացառում․
  • գոտիավորման և դասակարգման կարգավիճակի հստակեցման նպատակով տվյալ տնտեսությունից/բնակավայրից պատահական ընտրությամբ արյունառում և հետազոտություն․
  • ծրագրի իրականացմանը խոչընդոտող խնդիրների բացահայտում, դրանց շտկմանը կամ վերացմանն ուղղված քայլերի մշակում․
  • տվյալների հավաքագրում, մշակում, ամփոփում՝ ընթացիկ և վերջնական արդյունքների համապատասխանության վերլուծություն և գնահատում։
  1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարը հաստատում է` «Գյուղատնտեսական կենդանիների բրուցելոզ հիվանդության կանխարգելման և վերացմանն ուղղված միջոցառումների ծրագրի շրջանակներում մոնիթորինգի իրականացման ժամկետները, մասնագետների կազմը և աշխատակարգը»։
  2. Անասնաբուժության ոլորտի հասարակական կազմակերպությունները և հիմնադրամները ծրագրի արդյունքների մասին տեղեկատվություն ստանալու նպատակով կարող են դիմել նախարարությանը կամ տեսչական մարմնին։

 

  1. ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔԸ
  2. Սույն ծրագրի իրականացման շրջանակներում ակնկալվում է ապահովել վերահսկողության այնպիսի համակարգ, որտեղ՝
  • ռեսուրսները կուղղորդվեն բրուցելոզի դեպքերի նվազեցմանը, արդյունքում՝ կանխելով բնակչության շրջանում նոր դեպքերի հայտնաբերումը․
  • կնվազեն անապահով բնակավայրերի, համայնքերի թիվը․
  • կավելանան ապահով բնակավայրերի, համայնքերի թիվը․
  • աջակցության տրամադրման մեխանիզմի ներդրման արդյունքում համարժեքորեն կնվազեցվի գյուղատնտեսական կենդանիների սեփականատերերի կրած տնտեսական վնասը․
  • անասնաբուժասանիտարական տեսանկյունից կբարձրանա անվտանգ կենդանական ծագման մթերքի և հումքի ստացման մակարդակը․
  • կիրականացվի բրուցելոզ հիվանդության ներթափանցման և տարածման ռիսկերի գնահատում և կառավարում։
  1. «Մեկ առողջություն» գաղափարի համատեքստում գերակա խնդիր է մարդկանց շրջանում և գյուղատնտեսական կենդանիների մոտ բրուցելոզ հիվանդության տարածվածության նվազումը, իսկ այնուհետև դրա իսպառ վերացումը։
  2. Ծրագրի իրականացման արդյունավետության վերլուծության և գնահատման արդյունքում, կվերանայվի բրուցելոզ հիվանդության դեմ պայքարի և կանխարգելման վերահսկման քաղաքականությունը՝ ըստ որի թեստ ու սպանդ միջոցառմանը զուգահեռ, անհրաժեշտության դեպքում, անցում կկատարվի խոշոր և մանր եղջերավոր կենդանիների բրուցելոզ հիվանդության դեմ պատվաստումներին՝ ըստ պատվաստնյութի հրահանգի և կիրականացվի բրուցելա տեսակների նույնականացում։
  3. Բրուցելոզ հիվանդության նկատմամբ պատվաստումները հնարավորություն կընձեռնի ապահովել կայուն վարակամերժություն, նպաստելով առողջ կենդանիների վերարտադրմանը, ինչպես նաև կանխելով հետագա բնական ճանապարհով վարակման ռիսկը։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2025 թվականի

N______Լ որոշման

 

ԾՐԱԳԻՐ

2026-2030 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԵՐԻՆ, ՎԵՐԱՄՇԱԿՈՂ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԵՎ ՍՊԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՄԱՏՈՒՑՈՂ ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂՆԵՐԻՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

 

  1. ԱՌԿԱ ԻՐԱՎԻՃԱԿԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ
  2. Առկա իրավիճակի խնդիրներն են՝
  • գյուղատնտեսական կենդանիների՝ խոշոր և մանր եղջերավոր կենդանիների մոտ բրուցելոզ հիվանդության ախտորշման դեպքում կենդանիների սեփականատերերը, հիմնականում, հրաժարվում են կենդանիներին ոչնչացնել կամ սպանդանոցում ենթարկել սանիտարական սպանդի, ինչ մեծ ռիսկ է հիվանդության տարածման տեսանկյունից․
  • բրուցելոզով հիվանդ կենդանիների մսեղիքի վերամշկումը պահանջում է լրացուցիչ ֆինանսական ծախսեր.
  • սպանդանոցային ծառայություն մատուցող տնտեսավարողների համար բրուցելոզով հիվանդ կենդանիների սպանդն առաջացնում է լրացուցիչ ֆինանսական ծախսեր։
  1. Ծրագրի իրականացման նպատակներն են՝
  • խթանել անասնապահության զարգացմանը՝ աջակցություն տրամադրելով սանիտարական սպանդի ենթարկված կամ ոչնչացված գյուղատնտեսական կենդանիների սեփականատերերին․
  • խրախուսել վերամշակող ընկերություններին՝ պայմանական պիտանի կենդանական ծագման հումքի և մթերքի ստացման գործընթացում, որոնք կարող են օգտագործվել վնասազերծումն ապահովող վերամշակումից հետո, որը երաշխավորում է դրանց անվտանգությունը:
  • խրախուսել սանիտարական սպանդը սպանդանոցներում՝ սպանդի ծառայության մատուցման վճարի աջակցության տրամադրման միջոցով։

 

  1. ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԿԻՐԱՌՎՈՂ

ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ ԵՎ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐԸ

  1. Սույն ծրագրի շրջանակներում աջակցության տրամադրման նպատակով գյուղատնտեսական կենդանու տեսակի յուրաքանչյուր ցեղի ստանդարտին համապատասխան կիրառվող միջինացված ցուցանիշներն են՝
  • մանր եղջերավոր տոհմային կենդանիների միջին կենդանի զանգվածը՝ 50 կգ, սպանդային ելքը՝ 52%, տեղական և խառնացեղ կենդանիների միջին կենդանի զանգածը՝ 40 կգ, սպանդային ելքը՝ 49%․
  • խոշոր եղջերավոր կենդանիների միջին կենդանի զանգածը՝ 440 կգ, սպանդային ելքը՝ 51%, տեղական և խառնացեղ կենդանիների միջին կենդանի զանգածը՝ 410 կգ, սպանդային ելքը՝ 49%։
  1. Բրուցելոզ հիվանդության արձանագրման դեպքում սպանդանոցում սանիտարական սպանդի ենթարկված կենդանիների համար սպանդանոցային ծառայություն մատուցող տնտեսավարողին աջակցությունը տրամադրվում է, եթե լիազոր մարմինը նախարարությանը ներկայացնում է հետևյալ տեղեկատվությունը՝
  • ֆիզիկական կամ իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերին պատկանող սանիտարական սպանդի ենթարկված գյուղատնտեսական կենդանիների գլխաքանակն՝ ըստ նույնականացման համարի, կենդանու տեսակի, սեռահասակային խմբի, ցեղի, կենդանի զանգվածի․
  • կենդանու տոհմային պատկանելիության դեպքում՝ տոհմային քարտի լուսապատճենը․
  • ֆիզիկական անձի դեպքում՝ սեփականատիրոջ անունը, ազգանունը, հայրանունը, հասցեն, անձնագրի պատճենը, հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն (առկայության դեպքում), իսկ իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատերերի՝ կազմակերպության անվանումը, գտնվելու վայրը, պետական գրանցման վկայականը և տնօրենի անունը, ազգանունը, հայրանունը, անձնագրի պատճենը, կոնտակտային տվյալները, էլեկտրոնային փոստի հասցեն․
  • լաբորատոր փորձաքննության արձանագրության լուսապատճենը․
  • սանիտարական սպանդն իրականացնող սպանդանոցի տվյալները՝ սպանդանոցի անվանումը, գործունեության իրականացման վայրը․
  • Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 21-ի N 1499-Ն որոշմամբ հաստատված ձև N 1 անասնաբուժական վկայականի (այսուհետ՝ N 1 անասնաբուժական վկայական) լուսապատճենը․
  • Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 21-ի N 1499-Ն որոշմամբ հաստատված ձև N 5 անասնաբուժական վկայականը (այսուհետ՝ N 5 անասնաբուժական վկայական) կամ դրա լուսապատճենը։
  1. Բրուցելոզ հիվանդության արձանագրման դեպքում ոչնչացված մանր եղջերավոր կենդանիների համար սեփականատերերին աջակցությունը տրամադրվում է, եթե տեսչական մարմինը նախարարությանը ներկայացնում է ակտ՝ կենդանիների ոչնչացման մասին, որը ստորագրվում է տնտեսավարողի, անասնաբույժի, տեսչական մարմնի մարզային կենտրոնի տեսուչի, համայանքի ներկայացուցչի կողմից։ Ակտը պետք է ներառի հետևյալ տեղեկատվությունը․
  • ֆիզիկական անձի դեպքում՝ անձնագրի պատճենը, սեփականատիրոջ անունը, ազգանունը, հայրանունը, հեռախոսահամարը, ակտի կազմման տարին, ամիսը, ամսաթիվը, ոչնչացված կենդանիների գլխաքանակի, նույնականացման համարի, կենդանու տեսակի, սեռահասակային խմբի, ցեղի, ոչնչացման վայրի և իրականացված ախտահանիչ միջոցառումների վերաբերյալ տեղակատվություն, լաբորատոր փորձաքննության արձանագրության լուսապատճենը․
  • իրավաբանական անձի դեպքում՝ կազմակերպության անվանումը, գտնվելու վայրը, պետական գրանցման վկայականը, հաշվեհամարը և տնօրենի անունը, ազգանունը, կոնտակտային տվյալները, ակտի կազմման տարին, ամիսը, ամսաթիվը, ոչնչացված կենդանիների գլխաքանակի, նույնականացման համարի, կենդանու տեսակի, սեռահասակային խմբի, ցեղի, ոչնչացման վայրի և իրականացված ախտահանիչ միջոցառումների վերաբերյալ տեղակատվություն, լաբորատոր փորձաքննության արձանագրության լուսապատճենը․
  • կենդանու տոհմային պատկանելիության դեպքում՝ տոհմային քարտի լուսապատճենը։
  1. Ոչնչացված մանր եղջերավոր կենդանիների սեփականատերերին տրամադրվող աջակցությունը հաշվարկվում է՝ կոմիտեի կողմից հրապարակված գյուղատնտեսական արտադրանք արտադրողների կողմից իրացված մսեղիքի միջին գնի 75 տոկոսի չափով՝ տոհմային կենդանիների, իսկ տեղական և խառնածին կենդանիների համար՝ 60 տոկոսի չափով։ Սեփականատերերի վճարումն իրականացվում է միանվագ։
  2. Խոշոր եղջերավոր կենդանիների սպանդն իրականացվում է սպանդանոցում, համաձայն N 1 հավելվածի 31-րդ կետի, և սպանդային ելքից ստացված կենդանական ծագման մթերքը համարվում է պայմանական պիտանի, որը կարող է օգտագործվել վնասազերծումն ապահովող վերամշակումից հետո՝ երաշխավորելով դրա անվտանգությունը:
  3. Տեսչական մարմինը վերամշակող ընկերությանը տրամադրում է սույն ծրագրի 4-րդ կետով պահանջվող տեղեկատվության լուսապատճեները։
  4. Սպանդանոցում իրականացված սանիտարական սպանդի դեպքում պայմանական պիտանի կենդանական ծագման մթերքի ստացման համար վերամշակող ընկերությունը գյուղատնտեսական կենդանիների սեփականատիրոջը վճարում է երկու փուլով՝
  • տոհմային կենդանիների համար՝ կոմիտեի կողմից հրապարակված գյուղատնտեսական արտադրանք արտադրողների կողմից իրացված մսեղիքի միջին գնի 75 տոկոսի չափով՝ առաջին փուլում վճարում է մսեղիքի ընդհանուր արժեքի 35 տոկոսի չափով և 2 աշխատանքային օրվա ընթացքում նախարարությանը ներկայացնում է վճարումը հավաստող փաստաթուղթը՝ երկրորդ փուլի համար աջակցություն ստանալու նպատակով։ Երկրորդ փուլում՝ վերամշակող ընկերությունն աջակցությունը ստանալուց հետո՝ պարտավոր է 3 աշխատանքային օրվա ընթացքում վճարել սեփականատիրոջը՝ մնացած 40 տոկոսի չափով․
  • տեղական և խառնածին կենդանիների համար՝ 60 տոկոսի չափով՝ առաջին փուլում վճարում է մսեղիքի ընդհանուր արժեքի 30 տոկոսի չափով և 2 աշխատանքային օրվա ընթացքում նախարարությանը ներկայացնում է վճարումը հավաստող փաստաթուղթը՝ երկրորդ փուլի համար աջակցություն ստանալու նպատակով։ Երկրորդ փուլում՝ վերամշակող ընկերությունն աջակցությունը ստանալուց հետո՝ պարտավոր է 3 աշխատանքային օրվա ընթացքում վճարել սեփականատիրոջը՝ մնացած 30 տոկոսի չափով։  
  1. Վերամշակող ընկերությանը աջակցությունը տրամադրվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված միջոցների հաշվին՝ կենդանիների սեփականատերերին առաջին փուլի վճարումը հավաստող փաստաթղթի առկայության դեպքում՝ տոհմային կենդանիների համար 40 տոկոսի չափով, իսկ տեղական և խառնածին կենդանիների համար՝ 30 տոկոսի չափով։
  2. Վերամշակող ընկերությունը պարտավոր է՝ նախարարությանը 5 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնել կենդանիների սեփականատերերին երկրորդ փուլի վճարումը հավաստող փաստաթուղթը։
  3. Վերամշակող ընկերության և սեփականատիրոջ միջև կնքվում է պայմանագիր՝ պայմանական պիտանի կենդանական ծագման մթերքի հանձնման և դրա դիմաց վճարում ստանալու վերաբերյալ։ Պայմանագրի կնքման գործընթացն ապահովում է տեսչական մարմինը և տեղեկատվություն է ներկայացնում նախարարությանը։
  4. Վերամշակող ընկերության պատկանող սպանդանոցին, ինչպես նաև առանձին սպանդանոցային ծառայություն մատուցող տնտեսավարողին տրամադրվում է 15000 դրամի չափով աջակցություն:
  5. Վերամշակող ընկերությունն, ինչպես նաև իրեն պատկանող սպանդանոցը կամ առանձին սպանդանոցային ծառայություն մատուցող տնտեսավարողը աջակցություն ստանալու նպատակով նախարարությանը ներկայացնում է N 1 ձևի դիմումը և N 2 ձևի տեղեկանքը՝ էլեկտրոնային կամ թղթային տարբերակով․

 

 

 

Ձև N 1

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

____________________________________________________________________________________________________________________________________________________________________

(նշել կազմակերպության անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը, գործունեության տեսակը, ՀՎՀՀ-ն, հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն

 

Դ Ի Մ ՈՒ Մ

ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂՆԵՐԻՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Խնդրում եմ տրամադրել աջակցություն_____________________________________________

____________________________________________________________իրականացման համար            (նշել գործունեության տեսակը)

իրականացվել է՝

սանիտարական սպանդ____________________________________________________________

                                                           (նշել կենդանու տեսակը, գլխաքանակը, ցեղը)

                                               

մսեղիքի ընդունում՝ վերամշակման նպատակով՝______________________________________

                                                                                                             (նշել կգ, տեսակը/ցեղը)

 

__________________________________________________________________________________

(նշել կգ, տեսակը/ցեղը)

 

Փոխանցումն իրականացնել N ______________________________________________________

                                                     (նշել հաշվեհամարը, ֆինանսական կազմակերպության անվանումը)

Առդիր՝ ....    էջ։

 

Ստորագրող

——————————————————

           (անուն, ազգանուն)

 

                  

                       —————————————

                                   (պաշտոն)

 

     ——————————————————

             (ստորագրությունը)

    

  ——————————20      թ․

Կ.Տ.

 

 

 

կցելով՝ 

Վերամշակող ընկերությունը՝

  • Ծրագրի 8-րդ կետով պահանջվող՝ սեփականատիրոջը 1-ին փուլում վճարումը հավաստող փաստաթուղթը․
  • N 5 անասնաբուժական վկայականի լուսապատճենը․
  • վերամշակող ընկերության և սեփականատիրոջ միջև կնքված պայմանագրի լուսապատճենը․

Սպանդանոցը՝

  • N 1 անասնաբուժական վկայականի լուսապատճենը․
  • N 5 անասնաբուժական վկայականի լուսապատճենը։

Տեղեկանքը տրամադրում է և վերամշակող ընկերությունը և սպանդանոցը՝

Ձև N 2

 

ՏԵՂԵԿԱՆՔ

ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ

հ/հ

Սեփականատիրոջ անուն, ազգանուն, հայրանուն

Կենդանու զանգվածը

/կգ/

Կենդանու տեսակը, սեռը, ցեղը

Կենդանու նույնականացման համարը

Մսեղիք

/կգ/

 

 

 

 

 

 

 

  1. Նախարարության կողմից դիմումը մերժվում է, եթե բացակայում է պահանջվող տեղեկատվությունից որևէ մեկը։
  2. Նախարարության կողմից դիմումատուին էլեկտրոնային կամ թղթային տարբերակով (գրությամբ) տեղեկացվում է մերժման հիմքի մասին և անհամապատասխանությունները վերացնելու նպատակով տրամադրվում է 5 աշխատանքային օր՝ նոր դիմում ներկայացնելու համար։
  3. Կենդանիների սեփականատերերին տրամադրվող աջակցության գումարի չափը հաշվարկվում է ըստ կոմիտեի հրապարակումների, իսկ տրամադրվող աջակցության գումարի չափը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
  4. Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հաստատված աջակցության գումարը տրամադրվում է՝
  • կենդանիների սեփականատերերին՝ սույն ծրագրի 5-րդ կետով պահանջվող տեղեկատվության առկայության դեպքում՝ մարզպետի աշխատակազմի կողմից պայմանագիր կնքելուց հետո․
  • վերամշակող ընկերությանը՝ սույն ծրագրի 8-րդ կետի կատարման շրջանակներում և սույն ծրագրի 13-րդ կետով պահանջվող տեղեկատվության առկայության դեպքում՝ նախարարության կողմից․
  • սպանդանոցային ծառայություն մատուցող տնտեսավարողին՝ սույն ծրագրի 12-րդ կետի կատարման շրջանակներում և սույն ծրագրի 13-րդ կետով պահանջվող տեղեկատվության առկայության դեպքում՝ նախարարության կողմից։
  1. Կենդանիների սեփականատերերին աջակցություն չի տրամադրվում, եթե՝
  • բացակայում է հավաստող տեղեկատվությունը՝ կենդանու պատկանելիության վերաբերյալ․
  • բացակայում է կենդանու ականջապիտակը․
  • բացակայում է լաբորատորիայի արձանագրությունը․
  • մսեղիքը սեփական օգտագործման համար է․
  • բացակայում է սույն ծրագրի 5-րդ կետով պահանջվող տեղեկատվությունից որևէ մեկը․
  • խախտվել են անասնաբուժության ոլորտը կարգավորող օրենսդրական պահանջները։
  1. Վերամշակող ընկերությանը և սպանդանոցային ծառայություն մատուցող տնտեսավարողին աջակցություն չի տրամադրվում, եթե բացակայում է սույն ծրագրի 13-րդ կետով պահանջվող տեղեկատվությունից որևէ մեկը։
  • Քննարկվել է

    27.08.2025 - 16.09.2025

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Գյուղատնտեսություն, Էկոնոմիկա

  • Գերատեսչություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1910

Տպել

Առաջարկներ`

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: