ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 8-Ի N 1377-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 8-ի N 1377-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի մշակումը պայմանավորված է «Հայաստանի իրավազորություն» հիմնադրամի (այսուհետ՝ Հիմնադրամ) գտնվելու վայրի վերաբերյալ կարգավորումների ճշգրտման և Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 2022 թվականի ապրիլի 22-ի նիստի որոշմամբ նոր խմբագրությամբ շարադրված կանոնադրության մեջ Հիմնադրամին հատկացվող տարածքի վերաբերյալ դրույթները լրամշակելու հանգամանքով։
- Առաջարկվող կարգավորման բնույթը և ակնկալվող արդյունքը
«Հիմնադրամների մասին» օրենքի 15-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ Հիմնադրամի հիմնադիրները կարող են միաձայն որոշմամբ փոփոխություններ մտցնել հիմնադրամի կանոնադրության մեջ: Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 8-ի N 1377-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) 1-ին կետով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշել է ստեղծել «Հայաստանի իրավազորություն» հիմնադրամը։ Որոշման 2-րդ կետի համաձայն՝ «Հայաստանի իրավազորություն» հիմնադրամի հիմնադիրը Հայաստանի Հանրապետությունն է՝ ի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարության, որի անունից հանդես եկող պետական կառավարման լիազորված մարմինը Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունն է (այժմ՝ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն):
Որոշման 3-րդ կետով հաստատված «Հայաստանի իրավազորություն» հիմնադրամի կանոնադրության 5-րդ կետով Հիմնադրամի գտնվելու վայր է սահմանվել Մհեր Մկրտչյան 5 հասցեն։ Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 2022 թվականի ապրիլի 22-ի նիստի որոշման հիման վրա Հիմնադրամի կանոնադրությունը շարադրվել է նոր խմբագրությամբ, որի 5-րդ կետով Հիմնադրամի գտնվելու վայր է նախատեսվել Մհեր Մկրտչյան 5 հասցեի # 514-517 սենյակները։ Ընդ որում, առկա չէ նշված փոփոխության իրականացումը հիմնավորող որևէ գրավոր հիմք։
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 163-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ սեփականության իրավունքը սուբյեկտի` օրենքով և այլ իրավական ակտերով ճանաչված ու պահպանվող իրավունքն է` իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրեն պատկանող գույքը: Մինչդեռ Մհեր Մկրտչյան 5 հասցեի գույքի սեփականատեր հանդիսացող Հայաստանի Հանրապետությունը իրեն սեփականության իրավունքով պատկանող գույքը ամրացրել է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը՝ վերջինիս փոխանցելով նշված գույքի տիրապետման և օգտագործման իրավազորությունները։ Մինչդեռ Հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդն իր որոշմամբ, չունենալով որևէ իրավական հիմք և իրավազորություն, նշված տարածքի մի մասը (514-517 սենյակներ) «հատկացրել» է Հիմնադրամի օգտագործմանը, ինչը խախտում է այս պահին գույքը տիրապետող սուբյեկտի իրավունքները՝ վերջինիս ուղղակիորեն զրկելով իր տարածքն օգտագործելու և տիրապետելու իրավունքներից։ Ուստի, Նախագծով նախատեսվող փոփոխությամբ «Հայաստանի իրավազորություն» հիմնադրամի հասցե է սահմանվում Կոմիտասի պողոտա 49/4 հասցեում գտնվող տարածքը, ինչի արդյունքում հետագայում համապատասխան փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն կառաջանա նաև Հիմնադրամի կանոնադրությունում։
Այսպիսով, վերոգրյալի համատեքստում կարելի է արձանագրել, որ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից նախաձեռնված փոփոխություններն ուղղված են Հիմնադրի իրավունքների վերականգնմանը, իրեն ամրագրված գույքի նկատմամբ իրավունքների ամբողջական իրացմանը, կողմերի իրավունքների հստակեցմանն ու ենթաօրենսդրական իրավական ակտերի դրույթների համապատասխանեցմանը:
3․ Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք․
Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից:
- Նախագծի ընդունման կապակցությամբ իրավական այլ ակտերի ընդունման անհրաժեշտության մասին.
Նախագծի ընդունման կապակցությամբ իրավական այլ ակտերի ընդունման անհրաժեշտություն չի առաջանում։
5․ Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.
«Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 706-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշման նախագծի ընդունմամբ պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում էական փոփոխություններ չեն առաջանում։
6․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ․
Նախագծի ընդունումը չի բխում ռազմավարական փաստաթղթերից:
-
Քննարկվել է
19.08.2025 - 03.09.2025
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Էկոնոմիկա
-
Գերատեսչություն
Էկոնոմիկայի նախարարություն
-
Կարգավիճակ
Դիտումներ` 1084
Տպել