Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Հայաստանի Հանրապետության 2002 թվականի դեկտեմբերի 5-ի N 2048-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄ

                                                                                                                           

N_________Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ

ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 2048-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

       «Զենքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասին, «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասին, 17-րդ հոդվածի 2-րդ մասին և 43-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին բաժնի 4-րդ կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

       1.Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 5-ի «Հայաստանի Հանրապետությունում զենքի արտադրության լիցենզավորման կարգը հաստատելու մասին» N 2048-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

       1) որոշման 1.1 կետը ուժը կորցրած ճանաչել,

        2) որոշման N 1 հավելվածով հաստատված կարգի (այսուհետ՝ կարգ) 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

       «Հայաստանի Հանրապետությունում մարտական զենքի արտադրության լիցենզավորումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը, իսկ քաղաքացիական և ծառայողական զենքի արտադրության լիցենզավորումը՝ Ոստիկանությունը (այսուհետ՝ լիցենզավորող մարմին):»,

        3) կարգի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

       «2.Սույն կարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետությունում զենքի արտադրության լիցենզիա (այսուհետ` լիցենզիա) տալու կարգը, ժամկետները, լիցենզիա ստանալու համար դիմած իրավաբանական անձանց (այսուհետ` հայտատու) ներկայացվող պարտադիր պահանջներն ու պայմանները, ինչպես նաև լիցենզիա ստանալու համար ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերը:»,      

       4) կարգի 6-րդ կետի «թ» ենթակետում «կողմից լիազորված անձի» բառերը փոխարինել «ղեկավարի» բառով,

 

       5) կարգի 7-րդ կետում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության» բառերը փոխարինել «Ոստիկանության» բառով,

       6) կարգի 7-րդ կետի «ա» ենթակետը ուժը կորցրած ճանաչել,

       7) կարգի 7-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր  «ը» ենթակետով.

       «ը) զենքի արտադրություն իրականացնելու համար նախատեսված շինության բոլոր մուտքերին, ինչպես նաև անմիջականորեն զենքի արտադրություն իրականացնելու համար նախատեսված տարածքներում պետք է տեղադրված լինեն անընդմեջ բարձր որակի (HD) տեսաձայնագրություն իրականացնող սարքեր՝ օրվա մութ ժամերին նկարահանելու և տեսաձայնագրությունն առնվազն 10 օր պահպանելու հնարավորությամբ: Տեսաձայնագրող սարքը զենքի արտադրություն իրականացնելու համար նախատեսված շինության դրսի կողմից պետք է տեղադրված լինի այնպես, որպեսզի հնարավորություն տա նկարահանելու և հետևելու զենքի արտադրություն իրականացնելու համար նախատեսված շինության (դրսի կողմից) մուտքի մոտ կատարվող գործողություններին: Զենքի արտադրություն իրականացնելու համար նախատեսված շինության մուտքի դռան երկու կողմից պետք է փակցված լինեն «Տարածքը և դրա շրջակայքը տեսագրվում են» բովանդակությամբ հայտարարություններ:»,

       8) կարգի 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

       «8. Հայտատուն լիցենզավորող մարմին է ներկայացնում՝

       1) լիցենզիա ստանալու հայտ, նշելով՝

       ա. իրավաբանական անձի անվանումը, գտնվելու և գործունեություն իրականացնելու վայրը, պետական գրանցման համարը,

       բ. լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը, որը հայտատուն մտադիր է իրականացնել,

       գ. զենքի տեսակը, որը հայտատուն մտադիր է արտադրել,                                           

       2) արտադրվող զենքի և ռազմամթերքի արտադրության և պահպանման համար անհրաժեշտ շինության սեփականության կամ օգտագործման իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենը, ինչպես նաև շինության վարձակալության կամ անհատույց օգտագործման վերաբերյալ կնքված պայմանագրի պատճենը և հայտատուի հայտարարությունն այն մասին, որ ներկայացված պահեստային տարածքը համապատասխանում է սույն կարգի 7-րդ կետով նախատեսված պահանջներին,

       3) արտադրվող զենքի և ռազմամթերքի արտադրության և պահպանման համար անհրաժեշտ շինության (տարածքի) պահպանությունն իրականացնելու մասին կնքված պայմանագրի պատճենը,

       4) մարտական զենքի արտադրություն իրականացնելու համար ներկազմակերպական ծրագիրը, որը ներառում է՝

       ա. տեխնիկական ինչպես նաև իրավաբանական կրթություն ունեցող աշխատակիցներ ունենալը,

       բ. զենքի արտադրության արտադրանքին (դրանց տեխնոլոգիաներին) առնչվող բոլոր փաստաթղթերի և էլեկտրոնային կրիչների պահպանման, պաշտպանության և հսկման անհրաժեշտ չափանիշները բավարարելը, ներառյալ փաստաթղթերի, ինչպես նաև դրանց էլեկտրոնային կրիչներ չարտոնված մուտքն արգելող տեխնիկական պայմանները բավարարելը:»,

       9) կարգը լրացնել նոր 8.1-ին կետով հետևյալ բովանդակությամբ.

       «8.1.Լիցենզիա ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերը կարող են լիցենզավորող մարմնին հանձնվել առձեռն կամ փոստով կամ էլեկտրոնային համակարգի միջոցով:»,

       10) կարգի 9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

       «9. Լիցենզավորող մարմինը ստուգում է հայտատուի կողմից հայտին կից ներկայացված տեղեկությունների համապատասխանությունը սույն կարգի 7-րդ կետում նշված պահանջներին: Լիցենզիա ստանալու հայտում կամ կից փաստաթղթերում ոչ էական թերությունների (վրիպակների, որ իրավաբանական անճշտությունների, թվաբանական սխալների և նման այլ բացթողումների) առկայության, ինչպես նաև փաստաթղթերը թերի լինելու դեպքում լիցենզավորող մարմինը դրանք հայտնաբերելու պահից 2 աշխատանքային օրվա ընթացքում առաջարկում է հայտատուին 5 աշխատանքային օրվա ընթացքում վերացնել թերությունները՝ նախազգուշացնելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված հետևանքի մասին:»,       

       11) կարգը լրացնել նոր 9.1-ին կետով հետևյալ բովանդակությամբ.

       «9.1. Մարտական զենքի արտադրության դեպքում՝ նախքան լիցենզիան տրամադրելը լիցենզավորող մարմինը, «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված հիմքերի առկայությունը ստուգելու նպատակով, համապատասխան հարցում է ուղարկում Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն, Ազգային անվտանգության ծառայություն և  Ոստիկանություն (մարտական զենքի արտադրության դեպքում), ինչպես նաև անհրաժեշտության դեպքում՝ շահագրգրիռ այլ պետական մարմիններ:»:  

       12)  կարգի 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

       «10.Լիցենզավորող մարմինը հայտատուի կողմից սույն կարգի 8-րդ կետում նշված բոլոր փաստաթղթերը ներկայացնելուց հետո՝ 20 օրվա ընթացքում, տրամադրում է լիցենզիան կամ մերժում լիցենզիայի տրամադրումը:»,

       13) կարգի 17-րդ կետում «իրականացնում են համապատասխան պետական մարմինները» բառերը փոխարինել «իրականացնում է համապատասխան լիցենզավորող մարմինը» բառերով.

        14) որոշման 2-րդ հավելվածից հանել «Հայաստանի Հանրապետության կառավարություն» և «ՀԿԿ N 0000 որոշում» բառերը հանել, իսկ «Գործողության ժամկետը» տողից հետո լրացնել «Լիցենզիան տրամադրած մարմնի անվանումը---------------» տողով:

       2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, իսկ 1-ին կետի 7-րդ, 8-րդ և 9-րդ ենթակետերը ուժի մեջ են մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից վեց ամիս հետո:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ                                                    

ՎԱՐՉԱՊԵՏ                                                                                 

 

  «         » _______ 2018թ. 

                ք. Երևան   

 

 

 

  • Քննարկվել է

    10.05.2018 - 25.05.2018

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Անվտանգություն, Տնտեսական, Քաղաքացիական և առևտրային օրենսդրություն

  • Նախարարություն

    Ոստիկանություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 8421

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ