Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր Ո Ւ Մ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՈՐԾՈՂ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ «ՀԱՄԱՊԵՏԱԿԱՆ», «ՏԱՐԱԾՔԱՅԻՆ» ԿԱՄ «ՏԵՂԱՅԻՆ» ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՇՆՈՐՀԵԼՈՒ, ՓՈՓՈԽԵԼՈՒ ԵՎ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ, ՆԱԽԱՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
Իրավական ակտի ընդունման համար հիմք է հանդիսանում «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» օրենքի 21-րդ հոդվածի 5-րդ (մշակութային ոչ առևտրային առանձին կազմակերպությունների շնորհում է կարգավիճակ, սահմանում է կարգավիճակ շնորհելու կարգն ու պայմանները) կետը, ինչպես նաև «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» օրենքի 26.1-ին հոդվածը (Մշակութային ոչ առևտրային կազմակերպության կարգավիճակը)։
Որոշման անհրաժեշտությունը պայմանավորված է մշակութային ոչ առևտրային կազմակերպություններին «Համապետական», «Տարածքային» և «Տեղային» կարգավիճակ շնորհելու, փոխելու կամ դադարեցնելու կարգի, նախապայմանների և չափանիշների սահմանման անհրաժեշտությամբ։
Այն միտված է կանոնակարգելու կազմակերպությունների դասակարգումը՝ ըստ հանրային նշանակության, ծավալած գործունեության և տարածքային սփռվածությամբ։ Տարբերակված մոտեցման հիմքում ընկած է նաև «Պետական» անվանման կիրառման արժևորումը։
Որոշումը համահունչ է Հայաստանի Հանրապետության մշակույթի պահպանման, տարածման զարգացման 2023-2027 թթ. ռազմավարությանը:
- Առաջարկվող կարգավորման բնույթը.
Որոշման նախագծով առաջարկվում է մշակութային ոչ առևտրային կազմակերպությունների համար սահմանել հստակ և տարբերակված մոտեցում, որը թույլ կտա կազմակերպությունները դասակարգել ըստ դրանց գործունեության տարածքի և հանրային դերակատարության։
Առաջարկվում է «Համապետական» կարգավիճակը շնորհել այն կազմակերպություններին, որոնց գործունեությունը տարածվում է Հայաստանի Հանրապետության ողջ տարածքի վրա և ունի ռազմավարական նշանակություն պետության կողմից մշակութային քաղաքականության իրականացման տեսանկյունից։ Այս կարգավիճակ ունեցող կազմակերպությունները առանձնանալու են իրենց բացառիկության և ազգային մշակույթի պահպանման գործում ունեցած դերակատարմամբ:
«Տարածքային» կարգավիճակ առաջարկվում է շնորհել այն կազմակերպություններին, որոնք իրականացնում են իրենց գործունեությունը մեկ ամբողջական մարզի շրջանակներում՝ նպաստելով մշակութային կյանքի զարգացմանը մարզային մակարդակում։
«Տեղային» կարգավիճակ շնորհվելու է այն կազմակերպություններին, որոնք գործում են բացառապես համայնքային մակարդակում և սպասարկում են տվյալ համայնքի մշակութային կարիքները։
Տարբերակման այս մոտեցումը կապահովի՝ անվանումների և գործառույթների համարժեքություն, պետական քաղաքականության համակարգային իրականացում, ֆինանսական և այլ ռեսուրսների նպատակային բաշխում, իրավական կարգավիճակի սահմանման և վերահսկման պարզեցված ընթացակարգ։
Որոշմամբ ամրագրվում է, որ «Համապետական» կարգավիճակ շնորհում է, այն փոփոխում կամ դադարեցում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` մշակույթի ոլորտի լիազոր մարմնի միջնորդությամբ:
«Տարածքային» կամ «Տեղային» կարգավիճակ շնորհելու, այն փոփոխելու կամ դադարեցնելու իրավունքը վերապահված է լիազոր Մարմնին:
Որոշմամբ սահմանվում են նաև կարգավիճակ շնորհելու պահանջները և չափորոշիչները, ինչպես նաև «Համապետական» կարգավիճակ շնորհող հանձնաժողովի կազմի և աշխատանքի սկզբունքները:
Միաժամանակ, որոշմամբ ամրագրվում է, որ «Ազգային» կարգավիճակ ունեցող կազմակերպությունները պահպանում են իրենց կարգավիճակը՝ համաձայն «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» ՀՀ օրենքում 2025 թվականի հունվարի 22-ին կատարված փոփոխությունների՝ սույն կարգավիճակն այսօր համարժեք է «Համապետական» կարգավիճակին։
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից:
- Ակնկալվող արդյունքը
«Հայաստանի Հանրապետությունում գործող մշակութային կազմակերպություններին «Համապետական», «Տարածքային» կամ «Տեղային» կարգավիճակ շնորհելու, փոփոխելու և դադարեցնելու կարգը, նախապայմանները և չափանիշները հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունման արդյունքում՝ Բարձրացվելու է մշակութային կազմակերպությունների գործունեության թափանցիկությունն ու հաշվետվողականությունը: Շնորհվելու է հստակ իրավական կարգավիճակ, որն անհրաժեշտ նախապայման է պետական աջակցության ծրագրերին մասնակցելու համար, Արդյունավետ և համակարգված կերպով կիրականացվի «Համապետական» անվանման կիրառում, բացառելով դրա պատահական կամ չհիմնավորված օգտագործումը։
- Նախագծերի ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը, ինչպես նաև լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները.
Չեն նախատեսվում:
- «Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ».
Առկա չէ