«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 7-Ի N 1523-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1800-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 7-Ի N 1523-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1800-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1․ Անհրաժեշտությունը - «Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի սեպտեմբերի 7-ի N 1523-Լ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին և «Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 19-ի N 1800-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին Կառավարության որոշման նախագծերի (այսուհետ՝ Նախագծեր) ընդունումը պայմանավորված է 2023 թվականի խաղողի ավելցուկային բերքի մթերման գործընթացը կազմակերպելու նպատակով ձեռքբերված առնվազն 5 տարի հնացված հայկական կոնյակի սպիրտի (այսուհետ՝ Ապրանք) հիմնական գնորդի կողմից Ապրանքի դիմաց վճարման հարցում առաջացած խնդիրը մեղմելու անհրաժեշտությամբ։
2․ Ընթացիկ իրավիճակը և խնդիրները – Կառավարության 2023 թվականի սեպտեմբերի 7-ի N 1523-Լ որոշմամբ (այսուհետ՝ Որոշում) 2023 թվականի խաղողի ավելցուկային բերքի մթերման գործընթացը կազմակերպելու նպատակով «Հայ-Ալմաստ» ՓԲԸ-ին տրամադրվել է 2․0 մլրդ դրամ բյուջետային վարկ տարեկան 0․01 տոկոս տոկոսադրույքով, 2 տարի մարման ժամկետով՝ Ապրանքի արտադրությամբ զբաղվող կազմակերպությունից (կազմակերպություններից) առնվազն 5 տարի հնացված մինչև 1․0 մլն լիտր (100 %-անոց սպիրտի հաշվարկով) հայկական կոնյակի սպիրտ ձեռք բերելու համար, ինչպես նաև սահմանվել են հայկական կոնյակի սպիրտի գնման ու օտարման գործընթացների առանձնահատկությունները։
Որոշման 6.1-ին կետի 7-րդ ենթակետով Ապրանքի ամբողջական ծավալի օտարման և ամբողջական ծավալի համար փաստացի վճարման կատարման վերջնաժամկետ սահմանել 2025 թվականի օգոստոսի 1-ը, իսկ Կառավարության 2023 թվականի N 1800-Ն որոշման 3-րդ կետի հիման վրա Ֆինանսների նախարարության և «Հայ-Ալմաստ» ՓԲԸ-ի միջև կնքված բյուջետային վարկի տրամադրման պայմանագրի համաձայն վարկի մարման ժամկետ է սահմանվել 2025 թվականի նոյեմբերի 9-ը։
Բյուջետային վարկի միջոցներով «Հայ-Ալմաստ» ՓԲԸ-ի և «ՄԱՊ»ի ՓԲԸ-ի միջև կնքված պայմանագրի հիման վրա «ՄԱՊ»ի ՓԲԸ-ից ձեռք է բերվել 1,442,807․0538 հազար դրամ արժողությամբ 692․9909 հազար լիտր (100%-անոց սպիրտի հաշվարկով) Ապրանք, որն ի պահ էր տրվել «ՄԱՊ» ՓԲԸ-ին՝ 1 լիտր Ապրանքի պահպանման տարեկան 50 դրամ (առանց ԱԱՀ) միավոր գնով։
Այնուհետև «Հայ-Ալմաստ» ՓԲԸ-ի և «ՄԱՊ» ՓԲԸ-ի միջև 2024 թվականի մայիսի 31-ին կնքված լրացուցիչ համաձայնագրով 2023 թվականի հոկտեմբերի 10-ին կնքված «Հայկական կոնյակի ձեռքբերման» պայմանագրում կատարվել է փոփոխություն, ըստ որի համաձայնագրի կնքման պահից սկսած «Հայ-Ալմաստ» ՓԲԸ-ն պարտավորվում է Ապրանքի ողջ խմբաքանակի պահպանման համար «ՄԱՊ» ՓԲԸ-ին վճարել ամսական 1000 դրամ (ներառյալ ԱԱՀ-ն)։
Որոշմամբ սահմանված ընթացակարգով Ապրանքի 492,990.9 հազար լիտրն (100%-անոց սպիրտի հաշվարկով) օտարվել է «ՄԱՊ» ՓԲԸ-ին, իսկ 200,000.0 հազար լիտրը (100%-անոց սպիրտի հաշվարկով)՝ «Բագրատ Գրուպ» ՍՊԸ-ին։
«Բագրատ Գրուպ» ՍՊԸ-ի կողմից գնված 200,000.0 հազար լիտր (100%-անոց սպիրտի հաշվարկով) Ապրանքի արժեքն վճարվել է ամբողջությամբ։
«ՄԱՊ» ՓԲԸ-ի կողմից 492,990.9 հազար լիտր (100%-անոց սպիրտի հաշվարկով) Ապրանքի մատակարարման համար 2024 թվականի սեպտեմբերի 23-ին և 2024 թվականի նոյեմբերի 5-ին կնքվել են համապատասխանաբար N 001 և N 004 պայմանագրերը, որոնցով նախատեսվել է Ապրանքի դիմաց վճարումները կատարել 7 փուլով։ Պայմանագրերով նախատեսված գրաֆիկով վճարումները պետք է կատարվեին 2024 թվականի սեպտեմբերի 30-ից մինչև 2025 թվականի հուլիսի 24-ը։
«ՄԱՊ» ՓԲԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն) կողմից պայմանագրով նախատեսված 1-ին վճարումն կատարվել է ամբողջ ծավալով, իսկ 2-րդ վճարման փուլից սկսած Ընկերությունն ամբողջությամբ չի կարողացել կատարել վճարումները՝ ֆինանսական դժվար իրավիճակում հայտնվելու պատճառով։
Էկոնոմիկայի նախարարին ուղղված 2025 թվականի մարտի 6-ի գրությամբ «Հայ-Ալմաստ» ՓԲԸ-ի տնօրենը ներկայացրել է իրեն ուղղված Ընկերության տնօրենի 2025 թվականի մարտի 5-ի N 041 գրությունը, որով Ընկերության տնօրենը տեղեկացնում է, որ՝
- ֆինանսական դժվարությունները պայմանավորված են հետևյալ հանգամանքներով՝
- 2024 թվականի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին Վերին Լարսի սահմանային անցակետում ՌԴ-ի մաքսային ծառայության կողմից ստեղծված անհիմն խոչնդոտների պատճառով Ընկերությունը չի կարողացել արտահանել զգալի քանակությամբ կոնյակ,
- 2024 թվականի հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին Ընկերության ՌԴ ռուբլով մուտքերը արժեզրկվել է մինչև 20 տոկոսով,
- 2025 թվականի հունվարից սկսած Ընկերությունը կոնյակի արտահանումն իրականացրել է նախատեսվածից 30 տոկոս քիչ ծավալով, որը պայմանվորված է ռուսական շուկա ցածրորակ կոնյակի մատակարարումներով և իրենց արտադրանքի գնային առումով ոչ մրցունակ լինելու հանգամանքով,
- «Հայ-Ալմաստ» ՓԲԸ-ի հետ կնքված պայմանագրերով նախատեսված 6 փուլերով վճարումները կատարելու և Ապրանքը տնօրինելու դեպքում անհնարին է դառնում Ընկերության կողմից 2025 թվականին խաղողի մթերումների իրականացումը, նկատի ունենալով նաև, որ Ընկերության կոնյակի սպիրտների պաշարները կբավարարեն մինչև 2027 թվականի իրացման պահանջարկը։
Ընկերության տնօրենը Գրությամբ խնդրում է Ընկերության ֆինանսական վիճակն էլ ավելի չվատթարացնելու և 2025 թվականի խաղողի մթերումների գործընթացը պատշաճ կազմակերպելու հնարավորություն ունենալու նպատակով պայմանագրերով սահմանված գրաֆիկով նախատեսված վճարումների ժամկետները երկարաձգել մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը։
Հարկ է նշել, որ Ընկերության ֆինանսական վիճակն էլ ավելի է վատթարացել 2025 թվականի ապրիլի 17-ից սկսած Վրաստանի մաքսային ծառայության կողմից դեպի Ռուսաստան և Բելառուս հայկական ընկերությունների կողմից արտահանվող շշալցված կոնյակ տեղափոխող բեռնատարներից կոնյակի նմուշների լաբորատոր փորձաքննություն իրականացնելու պատրվակով անհիմն Գեզի մաքսային տերմինալում երկար ժամանակով կանգնեցնելու պատճառով։
Ոլորտի տնտեսվարողների կողմից տրամադրված ոչ պաշտոնական տեղեկատվության համաձայն 2025 թվականի հուլիսի 8-ի դրությամբ Գեզի տերմինալում կուտակվել են շշալցված հայկական կոնյակով բարձված շուրջ 160 բեռնատար։
Հարկ է նշել, որ Ընկերությունը կարևոր դեր է կատարում հանրապետությունում, մասնավորապես՝ Արմավիր մարզում խաղողի մթերումների գործընթացն առանց խոչընդոտների կազմակերպելու հարցում, համարվում է խաղողի մթերումներ իրականացնող համեմատաբար խոշոր կազմակերպություն և Էկոնոմիկայի նախարարության հորդորներով տարբեր տարիներին իրականացրել է մթերման նախատեսված ծավալներից բացի լրացուցիչ ծավալներով խաղողի մթերումներ։ Ընկերությունը 2020 թվականին մթերել է շուրջ 26.1, 2021 թվականին՝ շուրջ 14.7, 2022 թվականին՝ շուրջ 17.8, 2023 թվականին շուրջ 11.3, իսկ 2024 թվականին՝ շուրջ 18.7 հազար տոննա խաղող։ Ընկերության տնօրենի հավաստիացման համաձայն Նախագծերով առաջարկվող աջակցության տրամադրման դեպքում Ընկերությունն ընթացիկ տարում կմթերի առնվազն 13.0 հազար տոննա խաղող։
3․ Կարգավորման նպատակը և բնույթը – Նախագծերով առաջարկվում է Որոշման շրջանակներում «Հայ-Ալմաստ» ՓԲԸ-ին տրամադրված տարեկան 0․01 տոկոս տոկոսադրույքով 2․0 մլրդ դրամ բյուջետային վարկի մարման 2 տարի ժամկետը երկարաձգել 1 տարի ժամկետով, իսկ Ապրանքի ամբողջական ծավալի օտարման և ամբողջական ծավալի համար փաստացի վճարումների կատարման վերջնաժամկետ սահմանել 2026 թվականի օգոստոսի 1-ը, որպեսզի Ընկերության հետ կնքված Հայկական կոնյակի սպիրտի ձեռքբերման պայմանագրով նախատեսված վճարումների ժամկետները երկարաձգվեն նույն ժամկետներով։
4․ Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք – Նախագծերը մշակվել են Էկոնոմիկայի նախարարության կողմից՝ Գրության հիման վրա: Նախագծերի մշակմանն այլ ինստիտուտներ և անձինք չեն մասնակցել:
5․ Ակնկալվող արդյունքը – Նախագծերի ընդունման արդյունքում «Հայ-Ալմաստ» ՓԲԸ-ին հնարվորություն կտրվի տրամադրված բյուջետային վարկը մարել առանց ուշացումների, Ընկերությանը հնարավորություն կտրվի խուսափել ֆինանսկան ավելի դժվար վիճակում հայտնվելուց և մասնակցելու ու պատշաճ կազմակերպելու ընթացիկ տարվա խաղողի մթերումների գործընթացը, որը կարող է նպաստել նաև ընթացիկ տարվա խաղողի մթերման գործընթացում ակնկալվող հնարավոր խնդիրների մեղմմանը (դրանց առկայության դեպքում)։
6․ Ներկայացվող հարցի կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները – Նախագծերի ընդունման դեպքում պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի առաջանում:
7․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026 թվականների ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ - Սույն որոշման նախագծերը բխում են Կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշումով հաստատված Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի Էկոնոմիկայի նախարարության բաժնի «9.4 Ագրոպարենային արտադրանքի իրացման և արտահանման խթանում» միջոցառման «Հումքի մթերման գործընթացին, կոնյակի ու կոնյակի սպիրտի արտահանմանն աջակցություն, ինչպես նաև գինեգործության ու կոնյակագործության արտադրության խթանման արդյունքում առաջիկա 5 տարիներին հումքի մթերման և թողարկվող արտադրանքի ծավալների ավելացում մինչև 50 %-ով» ակնկալվող արդյունքից (հղում՝ https://www.arlis.am/Annexes/6/2021_N1902hav.1.pdf, 226-րդ էջ)։
-
Քննարկվել է
29.07.2025 - 13.08.2025
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Գյուղատնտեսություն
-
Գերատեսչություն
Էկոնոմիկայի նախարարություն
Դիտումներ` 1323
Տպել