Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

«ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ

 Հիմնավորում

««Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ և

 լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի

ընդունման վերաբերյալ

 

  1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

Ներկայացվող նախագծի ընդունումը նպատակ ունի հստակեցնել Հայաստանի Հանրապետությունում բնակության իրավունք (կացության կարգավիճակ) ունեցող՝ վարձու աշխատող կամ անհատ ձեռնարկատեր հանդիսացող օտարերկրյա քաղաքացիների՝  նախքան կենսաթոշակային տարիքը լրանալը  կենսաթոշակային հաշվում առկա միջոցները ստանալու պայմանները, ինչպես նաև լուծել իրավակիրառ պրակտիկայում ծագած խնդիրները։

 

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

«Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 56-րդ հոդվածի          1-ին մասի համաձայն՝ մասնակիցն իրավունք ունի ցանկացած ժամանակ, ներառյալ` նախքան կենսաթոշակային տարիքը լրանալը, ներկայացնելու իր կենսաթոշակային հաշվում առկա (այդ թվում` մասնակցի կողմից նախկինում ներկայացված դիմումի հիման վրա ծրագրային վճարի տեսքով վճարվող կենսաթոշակը) միջոցները (անկախ դրանց չափից) ամբողջությամբ ստանալու պահանջ, եթե առկա է հետևյալ պայմաններից որևէ մեկը.

1) մասնակիցն օրենսդրությամբ սահմանված կարգով ճանաչվել է աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության երրորդ աստիճանի սահմանափակում ունեցող հաշմանդամ.

2) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ներառված հիվանդություններով հիվանդանալու (վիճակներում գտնվելու) դեպքում՝ առողջապահության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնի տված եզրակացության հիման վրա.

3) Հայաստանի Հանրապետությունում աշխատող օտարերկրացի մասնակիցը վերադառնում է իր մշտական բնակության երկիր:

 Օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում բնակության իրավունք (կացության կարգավիճակ) ունեցող օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք սոցիալական վճարները կատարում են ընդհանուր հիմունքներով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար սահմանված կարգով, եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով այլ բան նախատեսված չէ:

Այսպիսով, գործող իրավակարգավորումներով Հայաստանի Հանրապետությունում աշխատող օտարերկրացի մասնակիցն իր մշտական բնակության երկիր վերադառնալու դեպքում կարող է իր կուտակային հաշվում առկա միջոցները, այդ թվում՝ պետական բյուջեից հատկացվող լրացուցիչ միջոցները, փոխանցել օտարերկրյա պետությունում անդամակցած կուտակային կենսաթոշակային համակարգին։

Օտարերկրացիները, որպես կանոն, Հայաստանի Հանրապետության աշխատաշուկայում ներգրավվում են ժամանակավոր և կենսաթոշակային ապահովությունն իրացնում են իրենց մշտական բնակության վայրի երկրում։

Պետական միջոցներն արդյունավետ տնօրինելու, ինչպես նաև ՀՀ աշխատաշուկայում  օտարերկրյա քաղաքացիների երկարաժամկետ ներգրավվածությունն ապահովելու նպատակով անհրաժեշություն է առաջացել հստակեցնել ՀՀ-ում բնակության իրավունք (կացության կարգավիճակ) ունեցող՝ վարձու աշխատող կամ անհատ ձեռնարկատեր հանդիսացող օտարերկրյա քաղաքացիների՝  նախքան կենսաթոշակային տարիքը լրանալը կենսաթոշակային հաշվում առկա միջոցները ստանալու պայմանները (փոխկապակցել ՀՀ-ում աշխատած (սոցիալական վճար կատարած) որոշակի ժամանակահատվածի հետ)։

Իրավակիրառ պրակտիկայից ելնելով՝ անհրաժեշտություն է առաջացել անդրադառնալ նաև կուտակային հատկացումների չափերի հստակեցմանը։

Սոցիալական վճարի հաշվարկման օբյեկտը և դրույքաչափը սահմանված են Օրենքի           6-րդ հոդվածով, իսկ մասնակիցների ռեեստրը վարողին կուտակային հատկացումները փոխանցելուն առնչվող հարաբերությունները՝ Օրենքի 9-րդ հոդվածով։

Մասնավորապես, Օրենքի 6-րդ հոդվածով կարգավորված են նաև կենսաթոշակային ֆոնդի ընտրության դիմումի հիման վրա (մինչև 1974 թվականը ծնված վարձու աշխատողներ, նոտարներ, անհատ ձեռնարկատերեր և ինքնազբաղված անձինք) սոցիալական վճարներ կատարելուն առնչվող հարաբերությունները։ Մինչդեռ կուտակային հատկացումների դեպքում Օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասով անդրադարձ է կատարված միայն Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով (մինչև 1974 թվականը ծնված վարձու աշխատողներ, նոտարներ, անհատ ձեռնարկատերեր) և 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով (ում կենսաթոշակային տարիքը լրացել է և չի ներկայացրել սույն օրենքի 5-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված դիմումը) սահմանված անձանց, այն էլ միայն աշխատավարձի և շրջանառության հարկի համակարգում հարկվող գործունեության տեսակների մասով։

Ըստ այդմ, անհրաժեշտ է կարգավորել կենսաթոշակային ֆոնդի ընտրության դիմումի հիման վրա մասնակից դարձրած ինքնազբաղված անձանց կուտակային հատկացմանն առնչվող հարաբերությունները։

Բացի դրանից, Օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված մասնակիցների դեպքում հարկ է սահմանել նաև ձեռնարկատիրական եկամտից և  որպես ինքնազբաղված անձ՝ ստացված եկամուտներից կուտակային հատկացման չափը, որը Օրենքի տրամաբանությունից և 5-րդ հոդվածի 3-րդ  մասից ելնելով՝ պետք է սահմանել կատարած սոցիալական վճարների չափով։

Հստակեցման կարիք ունի նաև Օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասը։ Այն վերաբերելի դարձնել նաև օրենքով սահմանված կարգով սոցիալական վճար կատարող համարվելը դադարեցված անձի համար (գործող խմբագրությամբ նախատեսված է միայն աշխատանքից ազատված անձի համար), իսկ կիրառությունը նախատեսել այն դեպքում, երբ ճշտված հաշվարկով վերահաշվարկված սոցիալական վճարը նվազում է։ Այս խնդրի կարգավորմանը նախագծով անդրադարձ է կատարվել հարկային մարմնի առաջարկի հիման վրա։

 

  1.2. Առկա խնդրի առաջարկվող լուծումը

Հաշվի առնելով վերը նշվածը՝ առաջարկվում է ընդունել ««Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը։

2. Կարգավորման առարկան

  ««Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է օտարերկրացի մասնակիցի համար սահմանել, որ իր մշտական բնակության երկիր վերադառնալու դեպքում կենսաթոշակային հաշվում առկա միջոցներն ամբողջությամբ ստանալու պահանջ կարող է ներկայացնել, եթե նա առնվազն 5 օրացուցային տարի աշխատել է (սոցիալական վճար է կատարել) Հայաստանի Հանրապետությունում։

5 օրացուցային տարուց պակաս աշխատելու (սոցիալական վճար կատարելու)  և իր մշտական բնակության երկիր վերադառնալու դեպքում նման պահանջ ներկայացվել չի կարող, իսկ կուտակային կենսաթոշակը կվճարվի Օրենքով սահմանված կարգով՝ տարիքային աշխատանքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրանալուց հետո։

Նախագծով նախատեսված է նաև անցումային դրույթ, որով հստակեցվում է Նախագծի այս հոդվածի կիրառությունը մինչև օրենքն ուժի մեջ մտնելը մասնակից դարձած օտարերկացիների համար և սահմանվում է, որ Իր մշտական բնակության երկիր վերադառնալու հիմքով իր կենսաթոշակային հաշվում առկա միջոցներն ամբողջությամբ ստանալու պահանջը սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ աշխատող հանդիսացող օտարերկրյա քաղաքացու կողմից ներկայացվելու դեպքում «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի 56-րդ հոդվածը կիրառվում է անկախ նրա՝ Հայաստանի Հանրապետությունում առնվազն 5 օրացուցային տարի աշխատած (սոցիալական վճար կատարած) լինելու հանգամանքից։  

Նախագծով առաջարկվում է սահմանել, որ եթե հարկային գործակալը (գործատուն) ներկայացնում է ճշտված հաշվարկ, որով վերահաշվարկվում է (նվազում է) սոցիալական վճարի պարտավորությունը, ապա փոփոխության արդյունքում առաջացած տարբերությունը հաշվառվում է որպես ճշտված հաշվարկ ներկայացրած գործատուի՝ ճշտված հաշվարկ ներկայացնելու արդյունքում առաջացած լրացուցիչ պարտավորություն, եթե հաշվետու ժամանակահատվածում հարկային գործակալից (գործատուից) սոցիալական վճարի հաշվարկման օբյեկտ համարվող՝ եկամուտ ստացած անձն ազատվել է աշխատանքից (դադարել է նրա հետ կնքված աշխատանքային կամ քաղաքացիաիրավական պայմանագիրը) կամ անձը սույն օրենքով սահմանված կարգով դադարել է համարվել սոցիալական վճար կատարող (Օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մաս

Նախագծով առաջարկվում է հստակեցնել, որ կենսաթոշակային ֆոնդի ընտրության դիմումի հիման վրա սոցիալական վճարներ կատարած անձանց կուտակային հատկացումը կատարվում է ձեռնարկատիրական եկամտի դեպքում՝ այդ եկամտից, որպես ինքնազբաղված անձ՝ ստացված եկամուտներից հաշվարկված և փոխանցված (գանձված) սոցիալական վճարների չափով:

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Նախագիծն ընդունվելու դեպքում կվերանայվի աշխատող կամ անհատ ձեռնարկատեր հանդիսացող (սոցիալական վճար կատարած) օտարերկրյա քաղաքացիների՝ կենսաթոշակային հաշվում առկա միջոցները ստանալու պայմանները, կհստակեցվի կուտակային հատկացման չափը կենսաթոշակային ֆոնդի ընտրության դիմումի հիման վրա սոցիալական վճարներ կատարած անձանց ձեռնարակատիրական եկամտի, ինչպես նաև որպես ինքնազբաղված անձ՝ ստացված եկամուտների դեպքում, կսահմանվի ճշգրտված հաշվարկի հիման վրա սոցիալական վճարի պարտավորությունը նվազելու դեպքում վերահաշվարկ կատարելու կարգը, երբ անձը ազատվել է աշխատանքից կամ Օրենքով սահմանված կարգով դադարել է համարվել սոցիալական վճար կատարող:

4. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ 

««Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը բխում է  Կառավարության 2021-2026 թթ. ծրագրի 4.6-րդ կետից․ «Կենսաթոշակառուներին և  նպաստառուներին մատուցվող ծառայությունների որակը բարձրացնելու․․․ վճարման գործընթացները լավարկելու նպատակով կատարելագործվելու է օրենսդրությունը»։

5. Տեղեկանք պետական բյուջեի եկամուտների և ծախսերի վերաբերյալ 

««Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման դեպքում պետական բյուջեի եկամուտները և ծախսերը չեն փոխվի․ նախագիծն առնչվում է մասնակցի՝ իր կենսաթոշակային հաշվում առկա միջոցների ստացմանը։

  • Քննարկվել է

    25.07.2025 - 11.08.2025

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն

  • Գերատեսչություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

  • Կարգավիճակ

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1788

Տպել

Առաջարկներ`

Ժորա Հայրապետյան

25.07.2025

Արցախից բռնի տեղահանված անձանց կուտակայինները ապօրինի տեղափոխել եք ՀՀ կուտակային համակարգ:

Տեսնել ավելին
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: