Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ ՍԵՅՍՄԻԿ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ ԵՎ «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

ՍԵՅՍՄԻԿ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ ԵՎ ՍԵՅՍՄԻԿ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

ԳԼՈՒԽ 1

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 1.

 Օրենքի կարգավորման առարկան

 

  1. Սույն օրենքը կարգավորում է սեյսմիկ պաշտպանության բնագավառում պետական քաղաքականության իրականացման իրավահարաբերությունները, այս բնագավառում պետական մարմինների և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների՝ անկախ կազմակերպաիրավական ձևից, ֆիզիկական անձանց իրավունքներն ու պարտականությունները, սահմանում է ոլորտը կարգավորող օրենսդրության նորմերի և պահանջների կատարման նկատմամբ հսկողության մարմինները:

 

Հոդված 2.

Սույն օրենքի հիմնական հասկացությունները

 

  1. Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.
  • երկրաշարժ` ստորգետնյա ցնցումներ և երկրի մակերևույթի տատանումներ, որոնք առաջանում են երկրակեղևում կամ Երկրի մանթիայի վերին մասում տեկտոնական պրոցեսների հետևանքով հանկարծակի տեղաշարժերի և խզվածքների պատճառով և տարածվում են մեծ հեռավորությունների վրա.
  • ուժեղ երկրաշարժ` երկրաշարժ, որի մագնիտուդը, ըստ Ռիխտերի մագնիտուդային սանդղակի, մեծ է5-ից.
  • սեյսմիկ պաշտպանություն` իրավական, սոցիալական, տնտեսական, կրթական, կազմակերպչական, գիտական, ինժեներատեխնիկական և այլ հատուկ միջոցառումներ` ուղղված պետության և հասարակության սեյսմիկ անվտանգության և կայուն զարգացման ապահովմանը.
  • սեյսմիկ վտանգ` տարածքում հնարավոր ուժեղ երկրաշարժի սպառնալիք.
  • տեղանքի (հարթակի) սեյսմիկ ազդեցություն (seismic site effect)` տեղանքի երկրաբանական և տոպոգրաֆիական պայմանների ազդեցությունն է սեյսմիկ ալիքների ուժգնության, ամպլիտուդի և տևողության վրա, որը կարող է ուժեղացնել կամ փոփոխել ցնցումների բնույթը տվյալ վայրում․
  • սեյսմիկ շրջանացում (գոտիավորում)` տարածքում հնարավոր առավելագույն սեյսմիկ վտանգի տարածքային բաշխման քարտեզագրում` ըստ առավելագույն արագացումների արժեքների՝ արտահայտված ազատ անկման g արագացման մասերով.
  • սեյսմիկ ռիսկ` մարդկային, նյութական, մշակութային արժեքների և այլ հնարավոր կորուստներ՝ պայմանավորված ուժեղ երկրաշարժով.
  • սեյսմիկ ռիսկի նվազեցում` պետության և հասարակության երկարաժամկետ համալիր և բազմաբնույթ գործողություններ (վարչական, իրավական, սոցիալական, տնտեսական, ուսուցողական, կրթական, գիտական, ինժեներատեխնիկական, կազմակերպչական և այլն)` ուղղված ուժեղ երկրաշարժից մարդկային, նյութական, մշակութային արժեքների և այլ հնարավոր կորուստների նվազեցմանը.
  • սեյսմապաշտպանության ակտիվ համակարգ՝ սեյսմիկ պաշտպանություն իրականացնող պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների փոխհամաձայնեցված գործողությունների ամբողջություն.
  • սեյսմիկ պաշտպանության բնագավառի հատուկ նշանակության օբյեկտներ` պետության բնականոն գործունեությունը և աղետների կառավարումն ապահովող շենքեր և շինություններ, որոնց գործունեության խափանումը կարող է հանգեցնել բնակչության և շրջակա միջավայրի համար անկանխատեսելի հետևանքների.
  • սեյսմիկ պաշտպանության բնագավառի կարևորագույն նշանակության օբյեկտներ` բնակչության բնականոն կենսագործունեությունն ապահովող շենքեր և շինություններ.
  • սեյսմիկ պաշտպանության բնագավառի ընդհանուր նշանակության օբյեկտներ` հատուկ և կարևորագույն նշանակության օբյեկտների շարքը չդասվող շենքեր և շինություններ.
  • սեյսմիկ խոցելիություն՝ տարբեր ուժի երկրաշարժերի դեպքում շենքերի և շինությունների վարքի կանխատեսում.
  • սեյսմիկ խոցելիության գնահատում՝ ուժեղ երկրաշարժի դեպքում շենքերի և շինությունների հնարավոր վնասվածության մակարդակի (աստիճանի) գնահատում.
  • սեյսմիկ խոցելիության նվազեցում` վերականգնման, վերակառուցման և ուժեղացման միջոցով սեյսմակայունության մակարդակի համապատասխանեցումը Հայաստանի Հանրապետության տարածքում գործող իրավական ակտերին․
  • սեյսմիկ պաշտպանության արագ արձագանքման ուժեր` ուժեղ երկրաշարժի կամ դրա սպառնալիքի դեպքում բնակչությանն անհապաղ օգնություն ցուցաբերելու նպատակով սեյսմիկ պաշտպանության ոլորտում մասնագիտացված բազմապրոֆիլային կազմավորումներ.
  • սեյսմամշտադիտարկում` ընթացիկ սեյսմիկ իրադրության (իրավիճակի) մշտադիտարկում սեյսմոլոգիական և երկրադինամիկական սարքավորումների միջոցով.
  • սեյսմիկ ռիսկի գնահատման քարտեզ` սեյսմիկ ռիսկի գնահատման արդյունքում մշակված քարտեզ.
  • սեյսմաշրջանացման աշխատանքներ՝ տարածքում հնարավոր առավելագույն սեյսմիկ վտանգի տարածքային բաշխման քարտեզագրման նպատակով իրականացվող սեյսմոլոգիական, երկրաֆիզիկական, երկրաբանական և այլ համալիր աշխատանքներ.
  • օբյեկտների տարածքների սեյսմիկ վտանգի գնահատում՝ օբյեկտների տարածքների միկրոգոտիավորում՝ ըստ գրունտների հորիզոնական առավելագույն արագացումների արժեքների՝ արտահայտված ազատ անկման g արագացման մասերով.
  • առաջնային սեյսմիկ վտանգ՝ գրունտի ցնցումներ, ճեղքվածքների, երկրակեղևի խզվածքների առաջացում, այսինքն` երկրաշարժ.
  • երկրորդային սեյսմիկ վտանգ՝ երկրաշարժով պայմանավորված՝ բնական և տեխնածին վտանգավոր երևույթներ.
  • հատուկ սեյսմիկ իրադրություն՝ իրավական ռեժիմ, որը հայտարարվում է Հայաստանի Հանրապետության տարածքում կամ նրա հարակից տարածքում ուժեղ երկրաշարժի սպառնալիքի առկայության պայմաններում, որը կարող է հանգեցնել Հայաստանի Հանրապետության տարածքում մարդկային զոհերի, զգալի նյութական կորուստների և մարդկանց կենսագործունեության բնականոն պայմանների խախտման.
  • արտակարգ սեյսմիկ իրավիճակ՝ իրավական ռեժիմ, որը հայտարարվում է Հայաստանի Հանրապետության տարածքում կամ նրա հարակից տարածքում ուժեղ երկրաշարժի դեպքում, որը հանգեցրել է Հայաստանի Հանրապետության տարածքում մարդկային զոհերի, զգալի նյութական կորուստների և մարդկանց կենսագործունեության բնականոն պայմանների խախտման.
  • նյութական, ֆինանսական միջոցների պաշարներ (ռեզերվներ)՝ նյութական արժեքների գերատեսչական հատուկ նշանակության պահուստ (որը ներառում է սննդամթերքի, դեղորայքի, էներգակիրների, անհատական պաշտպանության միջոցների և այլ նյութերի ու ապրանքների պաշարներ) և արտաբյուջետային ֆինանսական միջոցներ (հիմնադրամներ), որոնք նախատեսված են արտակարգ սեյսմիկ իրավիճակում օգտագործելու համար.
  • սեյսմիկ ռիսկի գնահատում՝ ուժեղ երկրաշարժով պայմանավորված՝ մարդկային, նյութական, մշակութային արժեքների և այլ հնարավոր կորուստների գնահատում:

 

Հոդված 3.

Սեյսմիկ պաշտպանության համակարգը և նրա հիմնական խնդիրները

 

  1. Սեյսմիկ վտանգի գնահատման, վտանգավոր սեյսմիկ գործընթացներից և երևույթներից անվտանգության ապահովման պետական համակարգը բաղկացած է հանրապետական, մարզային, համայնքային ուժերից և միջոցներից, պետական կառավարման մարմիններից, տարածքային կառավարման մարմիններից, տեղական ինքնակառավարման մարմիններից, սեյսմիկ պաշտպանության ոլորտի պետական մարմնից:
  2. Սեյսմիկ պաշտպանության համակարգի հիմնական խնդիրներն են`

1) սեյսմիկ անվտանգության համար պատասխանատու ուժերի և միջոցների պատրաստվածության, բնակչության ուսուցման ապահովում.

2) երկարաժամկետ, ընթացիկ սեյսմիկ վտանգի և սեյսմիկ ռիսկի գնահատում.

3) նյութական, ֆինանսական միջոցների պաշարների ու վաղ ազդարարման նորագույն տեխնոլոգիաների ստեղծում և սեյսմիկ ռիսկերին համարժեք արձագանքման, կանխարգելման և պատրաստվածության մեխանիզմների կատարելագործում.

4) սեյսմամշտադիտարկման ցանցի կատարելագործման և հուսալի հավանական սեյսմիկ վտանգի գնահատման արդյունքներ ստանալու համար նպատակային ու գիտատեխնիկական ծրագրերի իրականացում.

5) սեյսմամշտադիտարկման, հավանական սեյսմիկ վտանգի գնահատման, վաղ ազդարարման ասպարեզներում տեղեկատվության հավաքում, մշակում, փոխանակում և տրամադրում.

6) հավանական սեյսմիկ վտանգի գնահատում, երկրաշարժերի վաղ ազդարարման համակարգի և բնակչության անվտանգության ապահովման համար կանխարգելիչ միջոցառումներ իրականացնելու հիման վրա սեյսմիկ անվտանգության ապահովման բնագավառում պետական վերահսկում:

 

Հոդված 4.

Սեյսմիկ պաշտպանության աշխատանքների ծրագրերը

 

  1. Հայաստանի Հանրապետության տարածքում սեյսմիկ պաշտպանության աշխատանքներն իրականացվում են սեյսմիկ ռիսկի նվազեցման պետական ծրագրով: Երևանի տարածքում սեյսմիկ պաշտպանության աշխատանքներն իրականացվում են Երևանի տարածքում սեյսմիկ ռիսկի նվազեցման համալիր ծրագրով:
  2. Հայաստանի Հանրապետության տարածքում սեյսմիկ ռիսկի նվազեցման պետական ծրագիրը (այսուհետ՝ Պետական ծրագիր) ունի համալիր և շարունակական բնույթ:

1) Պետական ծրագիրը ներառում է երկրաշարժերի և դրանց հետևանքների նկատմամբ սեյսմիկ խոցելիության նվազեցմանն ուղղված համալիր միջոցառումներ՝ ժամանակացույցով և պատասխանատու կատարողներով:

2) Պետական ծրագրի կատարման արդյունքում ապահովվում է սեյսմիկ վտանգի, սեյսմիկ ռիսկի գնահատումն ու նվազեցումը:

3) Պետական ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման վերաբերյալ սեյսմիկ պաշտպանության բնագավառում լիազոր մարմնի ղեկավարը յուրաքանչյուր տարի՝ մինչև մայիսի 1-ը, Ազգային ժողովի նիստում հանդես է գալիս հաղորդմամբ:

4) Պետական ծրագրի մշակումը, իրականացումը, համակարգումը և նախատեսված միջոցառումների կատարման նկատմամբ հսկողությունն օրենքով սահմանված կարգով իրականացնում է լիազոր մարմինը՝ սեյսմիկ վտանգի և սեյսմիկ ռիսկի գնահատման համար:

  1. Մարզերի և համայնքային (բացառությամբ Երևան համայնքի) զարգացման ծրագրերում ներառվում են սեյսմիկ ռիսկի նվազեցմանն ուղղված միջոցառումներ՝ համաձայն Պետական ծրագրի:

4․ Երևանի տարածքում սեյսմիկ ռիսկի նվազեցման համալիր ծրագիրը կազմվում է Պետական ծրագրի համաձայն և ներառվում է Երևանի զարգացման ծրագրերում:

 

Հոդված 5.

Սեյսմիկ պաշտպանության ծրագրերի ու միջոցառումների նյութական ապահովումը և ֆինանսավորումը

 

  1. Սեյսմիկ պաշտպանության ծրագրերի ու միջոցառումների նյութական ապահովումը և ֆինանսավորումն իրականացվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի, ինչպես նաև օրենքով չարգելված այլ միջոցների հաշվին:

 

Հոդված 6.

Սեյսմիկ պաշտպանության գործունեության օբյեկտները և սուբյեկտները

 

  1. Սեյսմիկ ռիսկի գնահատման և նվազեցման տեսանկյունից սեյսմիկ պաշտպանության գործունեության օբյեկտներն են՝

1) Հայաստանի Հանրապետության տարածքը.

2) Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավորների տարածքը.

3) Հայաստանի Հանրապետության բնակավայրերը.

4) կառավարական, պաշտպանական, արդյունաբերական, ագրոարդյունաբերական, հիդրոտեխնիկական, էներգետիկ, կենսաապահովման գծերը, առողջապահության և կրթության համալիրները.

5) սեյսմիկ պաշտպանության բնագավառի շենքերը և շինությունները:

  1. Սեյսմիկ պաշտպանության գործունեության սուբյեկտներն են`

1) պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները.

2) կազմակերպությունները (անկախ կազմակերպաիրավական ձևից).

3) փրկարարական և քաղաքացիական պաշտպանության ուժերը, փրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքներին մասնակցող փրկարարները.

4) Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող քաղաքացիություն չունեցող անձինք և օտարերկրյա քաղաքացիները:

 

Հոդված 7.

Սեյսմիկ պաշտպանության բնագավառի օբյեկտների դասակարգումը

 

  1. Սեյսմիկ պաշտպանության բնագավառի օբյեկտները սեյսմիկ ռիսկի գնահատման և նվազեցման տեսանկյունից, ըստ նշանակության, դասակարգվում են՝

1) հատուկ.

2) կարևորագույն.

3) ընդհանուր:

 

Հոդված 8.

 Շենքերի և շինությունների սեյսմիկ խոցելիության գնահատում

 

  1. Շենքերի և շինությունների սեյսմիկ խոցելիության գնահատման հիմնական նպատակներն են պետական երկարաժամկետ միջոցառումների իրականացումը, այդ թվում`

1) շենքերի և շինությունների սեյսմիկ խոցելիության մակարդակի (աստիճանի) գնահատում.

2) սեյսմապաշտպանության ակտիվ համակարգի կազմակերպման համար հատուկ նշանակության շինություններում սեյսմոլոգիական և ինժեներասեյսմաչափիչ դիտարկումների կայանների կազմակերպում և մոնիտորինգի իրականացում:

  1. 2. Սեյսմիկ պաշտպանության բնագավառի հատուկ և կարևորագույն նշանակության օբյեկտների աշխատանքային նախագծերի ու ավարտական ակտերի համաձայնեցումը կատարվում է լիազոր մարմնի մասնակցությամբ։

 

ԳԼՈՒԽ 2

 

ՍԵՅՍՄԻԿ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

Հոդված 9.

Սեյսմիկ պաշտպանության բնագավառում Կառավարության լիազորությունները

 

  1. Սեյսմիկ պաշտպանության բնագավառում Կառավարությունը`

1) հաստատում է պետական քաղաքականության հիմնական ուղղությունները.

2) հաստատում է սեյսմիկ ռիսկի նվազեցման պետական ծրագիրը.

3) սահմանում է բնագավառի պետական կառավարման լիազոր մարմինը.

4) սահմանում է սեյսմիկ շրջանացման և սեյսմիկ ռիսկի գնահատման աշխատանքների իրականացման համար իրավաբանական և ֆիզիկական անձանց ներկայացվող պարտադիր պահանջները.

5) հաստատում է ուժեղ երկրաշարժերի դեպքում բնակչության պաշտպանության կազմակերպման պլանը.

6) հաստատում է ուժեղ երկրաշարժի կամ դրա սպառնալիքի, ինչպես նաև ընդհանուր սեյսմիկ իրավիճակի մասին բնակչության իրազեկման կարգը.

7) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված այլ լիազորություններ:

 

Հոդված 10.

Սեյսմիկ պաշտպանության բնագավառում լիազոր մարմնի լիազորությունները

 

  1. Լիազոր մարմինը՝

1) մշակում է սեյսմիկ պաշտպանության բնագավառում պետական քաղաքականության հիմնական ուղղությունները.

2) իրականացնում կամ կազմակերպում է Հայաստանի Հանրապետության տարածքում սեյսմիկ վտանգի և սեյսմիկ ռիսկի գնահատումը, ինչպես նաև համակարգում է սեյսմիկ ռիսկի նվազեցման բնագավառում տարվող աշխատանքները.

3) հաստատում է Հայաստանի Հանրապետության տարածքում և դրանից դուրս Հայաստանի Հանրապետության համար վտանգավոր հեռավորության վրա հնարավոր ուժեղ երկրաշարժի տեղի ունենալու հավանականությունը՝ հատուկ սեյսմիկ իրադրության ժամանակ.

4) սահմանում է սեյսմիկ պաշտպանության բնագավառի օբյեկտների դասակարգման չափորոշիչները.

5) հաստատում է Հայաստանի Հանրապետության տարածքի, դրա բնակավայրերի տարածքների տարբեր մասշտաբների սեյսմիկ գոտիավորման և սեյսմիկ ռիսկի գնահատման քարտեզները.

6) հաստատում է շենքերի և շինությունների տարածքների սեյսմիկ ռիսկի փորձագիտական գնահատումները.

7) համակարգում և կազմակերպում է ուժեղ երկրաշարժերին բնակչության դիմակայելու նախապատրաստվածությունը և ուսուցումը.

8) համակարգում և վերահսկում է սեյսմիկ պաշտպանության բնագավառում պետական ծրագրերի իրականացումը.

9) օրենքով սահմանված կարգով իրականացնում է Հայաստանի Հանրապետության տարածքում սեյսմիկ անվտանգության հսկողությունը.

10) իր լիազորությունների սահմաններում ապահովում է ոլորտում ծառայությունների մատուցումը.

11) հաստատված սեյսմիկ ռիսկի գնահատման քարտեզներն անվճար տրամադրում է շահագրգիռ գերատեսչություններին, համապատասխան մարզպետներին և համայնքների ղեկավարներին՝ քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի ելակետային նյութերում և (կամ) մարզերի զարգացման ծրագրերում ընդգրկելու նպատակով.

12) Կառավարություն է ներկայացնում սեյսմիկ պաշտպանության բնագավառի հատուկ և կարևորագույն նշանակության շենքերի և շինությունների սեյսմիկ խոցելիության նվազեցման առաջարկություններ.

13) համապատասխան փորձագիտական համակարգերի միջոցով գնահատում է սեյսմիկ վտանգի վաղ ազդարարման վերաբերյալ տարբեր կազմակերպությունների առաջարկները.

14) ելնելով սեյսմիկ ռիսկերի գնահատման քարտեզներից՝ քաղաքաշինության բնագավառի լիազոր մարմնի հետ համատեղ սահմանում է բյուջետային տարում հանրապետությունում իրականացվող քաղաքաշինական ծրագրերի իրականացման առաջնահերթության գրաֆիկ.

15) հաստատում է շենքերի և շինությունների սեյսմիկ խոցելիության մակարդակի (աստիճանի) գնահատման կարգը․

16) իրականացնում է սույն օրենքով սահմանված այլ լիազորություններ:

 

Հոդված 11.

Սեյսմիկ պաշտպանության ոլորտում պետական կառավարման համակարգի մարմինների իրավասությունները

 

  1. Պետական կառավարման համակարգի մարմիններն իրականացնում են սեյսմիկ անվտանգության ապահովման վերաբերյալ սույն օրենքով, ինչպես նաև այլ օրենքներով սահմանված լիազորություններ:

 

Հոդված 12.

Սեյսմիկ պաշտպանության ոլորտում տարածքային կառավարման մարմինների իրավասությունները

 

  1. Տարածքային կառավարման մարմինները`

1) կազմակերպում են մարզի բնակչության պաշտպանությունն արտակարգ իրավիճակներում.

2) իրականացնում են Հայաստանի Հանրապետության տարածքում երկրաշարժի առաջացման մասին բնակչության ազդարարումը.

3) կազմակերպում են սեյսմիկ պաշտպանության բնագավառում տեղական ինքնակառավարման մարմինների ու կազմակերպությունների պատրաստումը և բնակչության ուսուցումը.

4) մշակում են ուժեղ երկրաշարժի կամ դրա սպառնալիքի դեպքում արագ արձագանքման և առաջնահերթ գործողությունների օրացուցային պլաններ, անցկացնում են դրանցով նախատեսվող ուսումնավարժանքներ.

5) կազմակերպում են մարզի զարգացման ծրագրերում սեյսմիկ ռիսկի նվազեցմանն ուղղված միջոցառումների ներառումն ու համակարգում այդ միջոցառումներով նախատեսված աշխատանքները.

6) քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերում և մարզերի զարգացման ծրագրերում ներառում են լիազոր մարմնի կողմից հաստատված սեյսմիկ շրջանցման և սեյսմիկ ռիսկի գնահատման քարտեզներ: Հաստատված սեյսմիկ ռիսկի գնահատման քարտեզները ներառվում են մարզային, համայնքային զարգացման ծրագրերում և, առկայության դեպքում, տարածքային մակարդակի քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի ելակետային նյութերի փաթեթում.

7) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով մարզերի և բնակավայրերի զարգացման ծրագրերում ներառում են սեյսմիկ ռիսկի նվազեցման միջոցառումներ.

8) մշակում են սեյսմիկ պաշտպանության բնագավառի հատուկ և կարևորագույն նշանակության օբյեկտների սեյսմիկ խոցելիության նվազեցման ծրագրեր.

9) մասնակցում են պետական ծրագրերով նախատեսված` սեյսմիկ ռիսկի նվազեցման միջոցառումների իրականացմանը.

10) տեղական ինքնակառավարման մարմիններին, հասարակական կազմակերպություններին ու բնակչությանը, օրենքով սահմանված կարգով, կարող են ներգրավել սեյսմիկ ռիսկի նվազեցման աշխատանքներում.

11) իրականացնում են սեյսմիկ անվտանգության ապահովման վերաբերյալ օրենքով սահմանված այլ լիազորություններ․

12) մասնակցում են մարզի տարածքում սեյսմիկ ռիսկի գնահատման աշխատանքներին։ 

 

Հոդված 13.

Սեյսմիկ պաշտպանության բնագավառում տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները

 

  1. Սեյսմիկ պաշտպանության բնագավառում տեղական ինքնակառավարման մարմինների իրավասությունը սահմանվում է «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքով, սույն օրենքով և այլ օրենքներով:
  2. Սեյսմիկ ռիսկի նվազեցման ուղղությամբ տեղական ինքնակառավարման մարմինները`

1) կազմակերպում են համայնքի տարածքում սեյսմիկ ռիսկի նվազեցման բնագավառում տարվող աշխատանքները.

2) ապահովում են համայնքի տարածքում ուժեղ երկրաշարժերին բնակչությանը նախապատրաստելու աշխատանքները.

3) աջակցում են համայնքի տարածքում սեյսմիկ պաշտպանության բնագավառում պետական ծրագրերի կատարմանը.

4) մասնակցում են ուժեղ երկրաշարժի վտանգի մասին բնակչության ազդարարման գործընթացին.

5) կազմակերպում են երկրաշարժի առաջացրած հետևանքների վերացման աշխատանքները հասարակական կազմակերպությունների և բնակչության ներգրավմամբ.

6) իրականացնում են օրենքով սահմանված այլ լիազորություններ․

7) մասնակցում են համայնքի տարածքում սեյսմիկ ռիսկի գնահատման աշխատանքներին:

  1. Սույն հոդվածի 2-րդ մասում նշված լիազորությունները տեղական ինքնակառավարման մարմիններն իրականացնում են որպես պետության կողմից պատվիրակված լիազորություն:

 

Հոդված 14.

Կազմակերպությունների պարտականությունները սեյսմիկ պաշտպանության համակարգում

 

  1. Կազմակերպությունները սեյսմիկ անվտանգության ապահովման համակարգում սույն օրենքով և այլ նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով`

1) իրականացնում են իրենց աշխատողների պաշտպանությունը.

2) ապահովում են իրենց կողմից շահագործվող սեյսմիկ պաշտպանության գործունեության օբյեկտների հուսալիությունն ու սեյսմիկ անվտանգությունը.

3) աջակցում են փրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքների իրականացմանը և օրենսդրությամբ սահմանված կարգով ստեղծում են անհրաժեշտ փրկարարական և վթարավերականգնողական ուժեր` համապատասխան աշխատանքներ կատարելու համար.

4) ապահովում են իրենց կողմից շահագործվող սեյսմիկ պաշտպանության բնագավառի հատուկ, կարևորագույն նշանակության օբյեկտների հնարավոր վտանգավոր ազդեցության գոտում բնակվող բնակչության անհապաղ ազդարարումը և պաշտպանությունը Կառավարության սահմանած կարգով:

 

Հոդված 15.

Քաղաքացիների իրավունքները և պարտականությունները

 

  1. Արտակարգ սեյսմիկ իրավիճակներում քաղաքացիների սեփականության տիրապետումը և ժամանակավոր օգտագործումը հասարակության և պետության կարիքների համար կարող է կատարվել հետագա համարժեք փոխհատուցմամբ (միայն կյանքի փրկության և առողջության հետ կապված փրկարարական աշխատանքների իրականացման համար)` Կառավարության սահմանած կարգով:
  2. Քաղաքացիները պարտավոր են կատարել սեյսմիկ պաշտպանության միջոցառումների ուղղությամբ լիազոր մարմնի աշխատողների օրինական ցուցումները:
  3. Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող անձինք և օտարերկրյա քաղաքացիները սեյսմիկ պաշտպանության միջոցառումներում ներգրավվում են սույն օրենքին և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան:

 

Հոդված 16.

Կեղծ տեղեկատվություն սեյսմիկ վտանգի վերաբերյալ տարածելը

 

  1. Կազմակերպությունների կամ ֆիզիկական անձանց, այդ թվում՝ անհատ ձեռնարկատերերի կողմից սեյսմիկ վտանգի (երկրաշարժի սպառնալիքի կամ առաջացման, կանխատեսման) վերաբերյալ ոչ հիմնավոր և ակնհայտ կեղծ տեղեկատվության հրապարակային տարածումը արգելվում է։

 

 

ՍԵՅՍՄԻԿ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

ԳԼՈՒԽ 3

 

ՍԵՅՍՄԻԿ ՎՏԱՆԳԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ

 

Հոդված 17.

Սեյսմիկ վտանգի գնահատման տարրերը

 

  1. Սեյսմիկ վտանգի գնահատման տարրերն են՝

1) առաջնային սեյսմիկ վտանգի գնահատումը.

2) երկրորդային սեյսմիկ վտանգի գնահատումը:

  1. Առաջնային սեյսմիկ վտանգի գնահատումն ընդգրկում է երկարաժամկետ և ընթացիկ սեյսմիկ վտանգների գնահատումները:
  2. Երկրորդային սեյսմիկ վտանգի գնահատումը ներառում է երկրաշարժի հետևանքով հարուցվող բնական և տեխնածին երևույթների գնահատումը:

 

Հոդված 18.

Երկարաժամկետ սեյսմիկ վտանգի գնահատումը

 

  1. Երկարաժամկետ սեյսմիկ վտանգի գնահատման արդյունքում կազմվում են տարբեր մասշտաբների սեյսմիկ շրջանացման քարտեզներ, որոնք, որպես նորմատիվային փաստաթուղթ, հաստատում է լիազոր մարմինը:

2․ Սեյսմիկ վտանգի գնահատում իրականացվում է տարբեր կրկնելիության ժամանակահատվածների և սպեկտրալ պարբերությունների համար։

Սեյսմիկ շրջանացման քարտեզները հաստատվում են Կառավարության սահմանած կարգով:

  1. Սեյսմիկ շրջանացման աշխատանքներ իրականացնող կազմակերպություններին ներկայացվող մասնագիտական ունակությունների և տեխնիկական հագեցվածության պահանջները սահմանում է Կառավարությունը:
  2. Ընդհանուր սեյսմիկ շրջանացման քարտեզները բաղկացուցիչ մասն են Հայաստանի Հանրապետության սեյսմակայուն շինարարության նախագծման նորմերի։ Տարբեր մանրամասնության սեյսմիկ շրջանացման քարտեզները հիմք են քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի և գլխավոր հատակագծերի, բնակավայրերի կառուցապատման նախագծերի, հողօգտագործման սխեմաների մշակման համար:
  3. Սեյսմիկ պաշտպանության բնագավառի հատուկ և կարևորագույն նշանակության, ինչպես նաև ՀՀ քաղաքաշինության ոլորտի շինարարական նորմերի պահանջներին չբավարարող օբյեկտների նախագծման, շինարարության և վերակառուցման ժամանակ կոնկրետ տեղանքի (հարթակի) համար կատարվում է սեյսմիկ վտանգի գնահատում՝ Հայաստանի Հանրապետությունում գործող իրավական ակտերի և միջազգային ընդունված ուղեցույցների համաձայն:
  4. Սեյսմիկ շրջանացման կիրառմամբ կազմվող քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի համաձայնեցմանը, հատուկ համալիր, ինչպես նաև համալիր փորձաքննության ենթակա քաղաքաշինական փաստաթղթերի համաձայնեցմանը լիազոր մարմինը մասնակցում է Կառավարության սահմանած կարգով:

 

Հոդված 19.

Ընթացիկ սեյսմիկ վտանգի գնահատումը

 

  1. Ընթացիկ սեյսմիկ վտանգի գնահատումը հնարավոր ուժեղ երկրաշարժի տեղի, ուժի և ժամանակի որոշակի հավանականությամբ սեյսմիկ վտանգի գնահատումն է:
  2. Ընթացիկ սեյսմիկ վտանգի գնահատման նպատակով իրականացվում է ընթացիկ իրավիճակի մշտադիտարկում: Ընթացիկ սեյսմիկ վտանգի գնահատման համար Հայաստանի Հանրապետության տարածքում գործում է սեյսմոլոգիական և երկրադինամիկական դիտարկումների ազգային բազմապարամետրային ցանց:
  3. Սեյսմոլոգիական և երկրադինամիկական դիտարկումների ազգային բազմապարամետրային ցանցը բաղկացած է ազգային և միջազգային դիտակայաններից, որոնք կարող են ներգրավվել համաշխարհային գլոբալ ցանցերի մեջ:
  4. Բնական երևույթների մասին տեղեկատվության հավաստիությունն ապահովելու և դիտարկումները խանգարումներից խուսափելու նպատակով դիտակայանների շուրջ ստեղծվում են պահպանման գոտիներ:
  5. Ազգային բազմապարամետրային ցանցից ստացված տվյալների համալիր վերլուծության արդյունքները հաղորդվում են լիազորված մարմնի` տվյալների հավաքման կենտրոն: Սեյսմիկ վտանգի առկայության դեպքում Հատուկ սեյսմիկ իրադրության կամ Արտակարգ սեյսմիկ իրավիճակի դեպքերում լիազոր մարմինը տեղեկատվությունը ներկայացնում է Վարչապետին, Ազգային ժողովի նախագահին, Հանրապետության Նախագահին:

Ընթացիկ սեյսմիկ իրավիճակի մասին տեղեկատվությունը պարբերաբար ներկայացվում է բնակչությանը:

  1. Ցանցի ստեղծման և զարգացման, դիտարկումների իրականացման, տեղեկատվության հավաքման և հաղորդման կարգը սահմանում է լիազոր մարմինը:

 

ԳԼՈՒԽ 4

 

ՍԵՅՍՄԻԿ ՌԻՍԿԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ ԵՎ ՆՎԱԶԵՑՈՒՄԸ

 

Հոդված 20.

Սեյսմիկ ռիսկի գնահատումը

 

  1. Սեյսմիկ ռիսկի գնահատումը համալիր խնդիր է, որի լուծումը պահանջում է նկատի առնել հետևյալ գործոնները՝

1) սեյսմիկ վտանգի մակարդակը.

2) բնակավայրում առկա սեյսմիկ վտանգի մակարդակից ցածր սեյսմակայունությամբ շենքերի և շինությունների առկայությունը.

3) բնակավայրում առկա սեյսմիկ վտանգի մակարդակից ցածր սեյսմակայունությամբ շենքերում և շինություններում բնակվող և աշխատող բնակչության թիվը.

4) բնակավայրի ենթակառուցվածքի և բնակավայրը կենսաապահովող գծերի սեյսմիկ խոցելիությունը:

  1. Լիազորված մարմնի սահմանած կարգով սեյսմիկ ռիսկի գնահատման արդյունքով մշակվում են տարբեր մասշտաբների սեյսմիկ ռիսկի գնահատման քարտեզներ, որոնք դրվում են տնտեսության զարգացման ոլորտային ծրագրերի, սեյսմիկ ռիսկի նվազեցման ենթածրագրերի և ուժեղ երկրաշարժերի դեպքում բնակչության պաշտպանության կազմակերպման պլանի հիմքում:
  2. Քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերում և մարզերի զարգացման ծրագրերում սեյսմիկ ռիսկի գնահատման քարտեզների ներառման կարգը սահմանում է Կառավարությունը:
  3. Սեյսմիկ ռիսկի գնահատման քարտեզների հաստատման կարգը սահմանում է Կառավարությունը:

 

Հոդված 21.

Սեյսմիկ ռիսկի նվազեցման հիմնական խնդիրները

 

  1. Սեյսմիկ ռիսկի նվազեցման հիմնական խնդիրներն են՝

1) բնակչության իրազեկվածության և պատրաստվածության բարձրացումը.

2) պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների նախապատրաստումը սեյսմիկ ռիսկի կառավարմանը.

3) բնակչության վաղ ազդարարման համակարգի ստեղծումը.

4) բժշկական պատրաստվածությունը.

5) արագ արձագանքման ուժերի զարգացումը.

6) ապահովագրության համակարգի ստեղծումը.

7) ուժեղ երկրաշարժից տուժած գոտու վերականգնումն ու վերակառուցումը:

  1. Սեյսմիկ ռիսկի նվազեցումն իրականացվում է սեյսմիկ ռիսկի նվազեցման համալիր պետական ծրագրերի համաձայն:
  2. Մարզերի և համայնքների զարգացման ծրագրերում սեյսմիկ ռիսկի նվազեցման միջոցառումների ներառումը սահմանում է Կառավարությունը:

 

Հոդված 22.

Շենքերի և շինությունների սեյսմիկ պաշտպանությունը

 

  1. Շենքերի և շինությունների սեյսմիկ պաշտպանությանն ուղղված միջոցառումներն իրականացվում են դրանց տեխնիկական վիճակի ուսումնասիրության, վնասվածության և սեյսմիկ խոցելիության գնահատման արդյունքում ներկայացված եզրակացությունների և առաջարկությունների հիման վրա:
  2. Լիազոր մարմնի կողմից հաստատվում և Հայաստանի Հանրապետության համապատասխան մարզպետարան, համայնքապետարան են ներկայացվում շենքերի և շինությունների սեյսմիկ խոցելիության նվազեցման առաջարկություններ: Սեյսմիկ խոցելիության նվազեցման առաջարկությունների հիման վրա Հայաստանի Հանրապետության համապատասխան մարզպետարանի, համայնքապետարանի և օբյեկտների սեփականատերերի կողմից մշակվում է սեյսմիկ պաշտպանության բնագավառի հատուկ և կարևորագույն նշանակության շենքերի և շինությունների սեյսմիկ խոցելիության նվազեցման ժամանակացույց, որը ներառվում է ճյուղային, պետական նպատակային, տարածքային և համայնքային սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերի բնական և տեխնածին երևույթների հիմնախնդիրների փաթեթում:
  3. Սեյսմիկ խոցելիության նվազեցման միջոցառումներն իրականացվում են օբյեկտների սեփականատերերի միջոցներով:
  4. 4. Շենքերի և շինությունների ապահովագրությունը սեյսմիկ պաշտպանության կարևոր բաղադրիչներից է:

 

Հոդված 23.

Բնակչության իրազեկվածության և պատրաստվածության բարձրացումը

 

  1. Բնակչության իրազեկության և պատրաստվածության բարձրացումն ապահովվում է ուսուցման պետական համակարգերի միջոցով:
  2. Ուսուցման պետական համակարգն ընդգրկում է հետևյալ ենթահամակարգերը՝

1) բնակչության տարբեր շերտերի, այդ թվում խոցելի խմբերի անմիջական ուսուցում՝ սկսած նախադպրոցական ուսումնական հաստատություններից և հանրակրթական դպրոցներից (հրահանգիչների, դասախոսների, ուսուցիչների, բժիշկների և այլոց միջոցով).

2) ուսումնական ծրագրեր, մեթոդական ձեռնարկներ, համապատասխան ցուցադրանյութեր.

3) հեռուստառադիոհաղորդումներ և հրապարակումներ զանգվածային լրատվության միջոցներում.

4) սոցիալ-հոգեբանական նախապատրաստում:

  1. Ուսուցման պետական համակարգն ապահովում է տրամադրվող տեղեկատվության հավաստիությունը և մատչելիությունը:
  2. Կրթական ծրագրերում ընդգրկվում են սեյսմիկ պաշտպանության վերաբերյալ դասընթացներ:

5․ Սեյսմիկ պաշտպանության բնագավառում բնակչության ուսուցման կարգը հաստատում է Կառավարությունը:

 

Հոդված 24.

Պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների նախապատրաստումը սեյսմիկ ռիսկի կառավարմանը

 

  1. Պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների նախապատրաստման նպատակն է պետության ուժերի և միջոցների արդյունավետ օգտագործման համար սեյսմիկ ռիսկի կառավարման միասնական համակարգի ստեղծումը:
  2. Սեյսմիկ ռիսկի կառավարման նախապատրաստումը պետք է ընդգրկի հետևյալ ժամանակահատվածները` մինչև երկրաշարժը (կանխարգելիչ երկարաժամկետ միջոցառումներ), երկրաշարժի ընթացքում (արագ արձագանքում), հետերկրաշարժային (օգնության ցուցաբերում, վերակառուցողական աշխատանքներ և բնակչության վերականգնում):
  3. Պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների նախապատրաստումը ներառում է սեյսմիկ ռիսկի նվազեցման տարածաշրջանային և համայնքային, ինչպես նաև համատեղ փոխօգնության ծրագրերի մշակումը, անձնակազմի ուսուցողական վարժանքների կազմակերպումը:
  4. Լիազոր մարմինը մշակում և իրականացնում է ուժեղ երկրաշարժի կամ դրա իրական վտանգի պայմաններում պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու կազմակերպությունների սեյսմիկ ռիսկի կառավարման բազմակողմանի ուսուցողական ծրագրեր:

 

Հոդված 25.

Վաղ իրազեկումը և ազդարարումը

 

  1. 1. Վաղ իրազեկումն իրականացվում է պետական կառավարման մարմինների միջոցով, որի հիմքում ընկած է ընթացիկ սեյսմիկ վտանգի գնահատումը լիազոր մարմնի կողմից և ուղեկցվում է Կառավարության սահմանած կարգով նախատեսվող միջոցառումների իրականացմամբ: Միջոցառումների գլխավոր նպատակն է նախօրոք ծրագրված գործողությունների միջոցով խուսափել մարդկային և նյութական զգալի կորուստներից:
  2. Վաղ ազդարարումն երկրաշարժի օջախից դեպի բնակավայր տարածվող ավերիչ սեյսմիկ ալիքի ազդանշանի փոխանցումն է տեխնիկական ավտոմատ համակարգի միջոցով:
  3. Հայաստանի Հանրապետությունում ուժեղ երկրաշարժի սպառնալիքի դեպքում լիազոր մարմնի ղեկավարը հայտարարում է «Հատուկ սեյսմիկ իրադրություն», իսկ ուժեղ երկրաշարժի դեպքում` «Արտակարգ սեյսմիկ իրավիճակ», և սահմանում է գործողությունները հատուկ սեյսմիկ իրադրությունում և արտակարգ սեյսմիկ իրավիճակում:
  4. Սեյսմամշտադիտարկման ցանցի կատարելագործման և նորագույն տեխնոլոգիաներով վերազինման, վաղ ազդարարման համակարգի գործարկման համալիր միջոցառումները կազմակերպում է լիազոր մարմինը:
  5. Կառավարությունը ուժեղ երկրաշարժի և համապատասխան պայմանների առկայության դեպքում հայտարարում է աղետի գոտի և սահմանում դրա տարածքը, ինչպես նաև կազմակերպում է այդ տարածքին առավելագույն օգնություն և նյութական պաշարներ տրամադրելու աշխատանքները:

 

Հոդված 26.

Արագ արձագանքման համակարգը

 

  1. Սեյսմիկ պաշտպանության ոլորտում արագ արձագանքման համակարգն ընդգրկում է գործողությունների ծրագիրը, ուժերը, անհրաժեշտ միջոցները և ուղղված է տուժած բնակչությանն արագ և արդյունավետ օգնություն ցուցաբերելուն՝ մարդկային և նյութական նվազագույն կորուստների ապահովման նպատակով:
  2. Գործողությունների ծրագիրը սահմանված կարգով հաստատում է Կառավարությունը: Գործողությունների ծրագիրն ուժեղ երկրաշարժի առկայության պայմաններում համալիր միջոցառումների ցանկ է՝ համապատասխան ժամանակացույցով և պատասխանատու կատարողներով:
  3. Երկրաշարժից տուժած շրջաններում արագ արձագանքման ուժերն իրականացնում են՝

1) որոնողափրկարարական աշխատանքներ.

2) երկրաշարժից տուժած բնակչությանն առաջին օգնության ցուցաբերում փրկարարների, բնակչության, ինչպես նաև համապատասխան վերապատրաստում ստացած կամավորների կողմից.

3) բժշկական օգնության ցուցաբերում առողջապահության համակարգի ուժերով.

4) մարդկանց հոգեբանական վիճակի հետազոտում և բնակչության հետ բացատրական աշխատանքների կազմակերպում.

5) կապի և կենսաապահովման այլ ենթակառուցվածքների վերականգնում.

6) տեղեկատվական ծառայության կազմակերպում.

7) նյութատեխնիկական մատակարարման կազմակերպում.

8) հասարակական կարգի ապահովում.

9) վթարային շենքերի վնասազերծում.

10) երկրաշարժի գոտու շենքերի և շինությունների վնասվածության աստիճանի արագ գնահատում.

11) երկրաշարժի գոտում սեյսմիկ դիտակայանների խիտ ցանցի տեղադրում, սեյսմաերկրաբանական և մակրոսեյսմիկ հետազոտություններ.

12) ուժեղ երկրաշարժի հետևանքների վերացման այլ աշխատանքներ:

  1. Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս տեղի ունեցած երկրաշարժերի հետևանքների վերացման աշխատանքներում արագ արձագանքման ուժերն ընդգրկվում են Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ:

 

Հոդված 27.

Բժշկական պատրաստվածությունը

 

  1. Բժշկական պատրաստվածությունը հիմնված է ուժեղ երկրաշարժի դեպքում հնարավոր մարդկային կորուստների և վիրավորների վերաբերյալ կանխատեսման վրա:
  2. Բժշկական պատրաստվածությունը ենթադրում է`

1) մասնագիտացված բժշկական խմբերի նախապատրաստում.

2) բժշկական և ոչ բժշկական մասնագետների նախապատրաստում՝ առաջին բժշկական օգնություն ցույց տալու նպատակով.

3) մասնագիտացված բժշկական խմբերի տեղաբաշխման պլանավորում՝ կախված բարձր սեյսմիկ ռիսկի գոտիների տեղակայումից.

4) բժշկական ծառայությունների և պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմինների միջև համատեղ գործողությունների իրականացում:

 

Հոդված 28.

Վերականգնման սկզբունքները

 

  1. Վերականգնման աշխատանքների իրականացումը հիմնված է հետևյալ սկզբունքների վրա՝

1) հավանական վերականգնման աշխատանքների հնարավոր ծավալների պլանավորում աղետից առաջ և այդ ծավալների ճշգրտում աղետից հետո.

2) պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների, ոչ կառավարական հիմնարկների, հասարակության համագործակցության ապահովում՝ վերականգնման խնդիրների լուծման ուղղությամբ.

3) վերականգնողական աշխատանքներին աղետի գոտու բնակչության ակտիվ մասնակցության համար պայմանների ստեղծում.

4) աղետի գոտում միջազգային ներդրումների ներգրավման պայմանների ստեղծում:

 

Հոդված 29.

Վերականգնման աշխատանքների էությունը

 

  1. Ուժեղ երկրաշարժից տուժած գոտու վերականգնման փուլը միջանկյալ է արտակարգ սեյսմիկ իրավիճակի և վերակառուցման փուլերի միջև:
  2. Վերականգնման աշխատանքները ենթադրում են՝

1) սեյսմիկ վտանգի գնահատման գոյություն ունեցող քարտեզների վերանայում և նոր քարտեզների կազմում.

2) երկրաշարժի գոտում գտնվող բնակավայրերի վերականգնման ծրագրի և գլխավոր հատակագծի առկայություն.

3) երկրաշարժի գոտում սեյսմակայուն շինարարության ռազմավարության մշակում.

4) պահպանված շենքերի և շինությունների տեխնիկական վիճակի գնահատում․

5) ուժեղ վնասվածքներ ստացված, մասնակի կամ ամբողջական փլուզված շենքերի և շինությունների ապամոնտաժում և հրապարակի մաքրում.

6) նոր բնակավայրերի, բնակելի շրջանների, շենքերի և շինությունների կառուցում.

7) զգալի և չափավոր վնասվածություն ստացված շենքերի և շինությունների վերականգնում.

8) շրջակա միջավայրի պահպանության խնդիրների լուծում:

 

Հոդված 30.

Բնակչությանն օգնություն ցուցաբերելը և նրա վերականգնումը

 

  1. Բնակչությանն օգնություն ցուցաբերելը և նրա վերականգնումը բազմափուլային է՝ օպերատիվ, կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ:
  2. Բնակչությանն օգնություն ցուցաբերելը և նրա վերականգնումը հիմնված են հետևյալ սկզբունքների վրա՝

1) օգնության և վերականգնողական աշխատանքների ծավալների նախօրոք պլանավորում աղետից առաջ և ճշգրտում աղետից անմիջապես հետո.

2) պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, հասարակության ակտիվ մասնակցությունը:

 

Հոդված 31.

Հայաստանի Հանրապետությունում երկրաշարժերից ապահովագրման կարգը

 

  1. Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիների կյանքի, առողջության և գույքի, ինչպես նաև պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, իրավաբանական անձանց գույքի ապահովագրումը երկրաշարժից իրականացվում է «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» օրենքով սահմանված կարգով:

 

 

ԳԼՈՒԽ 5

 

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՍԵՅՍՄԻԿ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ
ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ

 

Հոդված 32.

Պատասխանատվությունը սեյսմիկ պաշտպանության բնագավառում խախտումների համար

 

  1. Սույն օրենքի պահանջների խախտումն առաջացնում է վարչական պատասխանատվություն՝ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված կարգով:

 

ԳԼՈՒԽ 6

 

ԵԶՐԱՓԱԿԻՉ ՄԱՍ

 

 

Հոդված 33.

Եզրափակիչ դրույթ

 

    1․ Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

    2․ Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո ուժը կորցրած ճանաչել «Սեյսմիկ պաշտպանության մասին» 2002 թվականի հունիսի 12-ի ՀՕ-376-Ն օրենքը։

 

 

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ»

ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

    Հոդված 1. 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգիրքը (այսուհետ՝ Օրենսգիրք) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 213.4-րդ հոդվածով.

    Հոդված 213.4

Սեյսմիկ պաշտպանության մասին օրենսդրության պահանջները խախտելը

 

  1. Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների կամ կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ուժեղ եկրշարժերի վտանգի մասին բնակչության կամ աշխատողների ազդարարման գործընթացին չմասնակցելը՝

    առաջացնում է տուգանքի նշանակում տեղական ինքնակառավարման մարմինների կամ կազմակերպությունների պատասխանատու անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև երկուհարյուրապատիկի չափով:

    2․ Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների կամ կազմակերպությունների կողմից համայնքի տարածքում սեյսմիկ ռիսկի գնահատման և նվազեցման աշխատանքները չկազմակերպելը կամ չմասնակցելը՝

    առաջացնում է տուգանքի նշանակում տեղական ինքնակառավարման մարմինների կամ կազմակերպությունների պատասխանատու անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև երկուհարյուրապատիկի չափով:

  1. Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների կամ կազմակերպությունների կողմից սեյսմիկ ռիսկի նվազեցման կամ բնակչության պաշտպանության ուղղությամբ իրենց աշխատողների կամ համայնքի բնակչության կամ կազմակերպության աշխատողների ուսուցումը կամ իրազեկումը չիրականացնելը, ինչպես նաև ուսումնավարժություններ չանցկացնելը՝

    առաջացնում է նախազգուշացում տեղական ինքնակառավարման մարմինների կամ կազմակերպությունների պատասխանատու անձանց նկատմամբ:

  1. Սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված վարչական տույժի միջոցը կիրառելուց հետո` մեկ ամսվա ընթացքում խախտումը չվերացնելը՝

    առաջացնում է տուգանքի նշանակում կազմակերպությունների պատասխանատու անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկի չափով, իսկ տեղական ինքնակառավարման մարմինների պատասխանատու անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:

    5․ Կազմակերպությունների կամ ֆիզիկական անձանց, այդ թվում՝ անհատ ձեռնարկատերերի կողմից երկրաշարժի սպառնալիքի կամ առաջացման (կանխատեսման) մասին կեղծ տեղեկատվություն տարածելը՝

    1) առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց, այդ թվում՝ անհատ ձեռնարկատերերի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով.

    2) առաջացնում է տուգանքի նշանակում կազմակերպությունների պատասխանատու անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով։

 

    Հոդված 2. Օրենսգրքի 224․3-րդ  հոդվածի 1-ին մասի «մասով» բառից հետո լրացնել «և 213.4-րդ հոդվածով» բառերով։

 

    Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

  • Քննարկվել է

    22.07.2025 - 06.08.2025

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Արտակարգ իրավիճակներ, Վարչական իրավախախտում

  • Գերատեսչություն

    Ներքին գործերի նախարարություն

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1398

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ

Առաջարկներ`

Էլլա Մարտիրոսյան

23.07.2025

Քանի որ դպրոցները համարվում են սեյսմիկ պաշտպանության ռազմավարական օբյեկտներ, ուստի երկրաշարժի ժամանակ ոչ միայն վտանգվում են երեխաների կյանքերը, այլև երկարաժամկետ հետևանքներ են առաջանում կրթական համակարգում։ Առաջարկում եմ դպրոցների սեյսմիկ ամրակայման ռազմավարության մեջ կատարել այսպիսի փոփոխություններ կամ բարելավումներ․ կազմել և հրապարակել դպրոցական շենքերի սեյսմիկ ռիսկի թվային քարտեզ, որը հիմնված կլինի հետևյալ չափանիշների վրա՝ սեյսմիկ ակտիվության գոտի, կառուցման տարեթիվ և լուծում։ Առաջնահերթ ամրակայման պետք է ենթարկվեն այն դպրոցները, որոնք չունեն սեյսմիկ ամրության վերլուծություն, կառուցվել են 1994 թվականից առաջ։ Այդպիսի դպրոցները պետք է շուտափույթ անցնեն կառուցվածքային աուդիտ՝ միջազգային ինժեներական չափանիշներով։ Պետք է խրախուսել սեյսմիկ ապաբեռնման տեխնոլոգիաները նոր նախագծում։ Կարելի է համայնքային ներդրումներ կատարել, գովազդային ծրագրեր կազմել։ Առաջարկում եմ սահմանել սեյսմիկ նորմերին համապատասխան նոր դիզայնի թվայնացված ուղեցույցներ դպրոցների համար։ Հանրության իրազեկման, կրթության և համայնքային մասնակցության միջոցով ձեռք կբերվի հասարակական վստահություն և արձագանք։

Տեսնել ավելին
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: