Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 6-Ի N 1125-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ  ՀՈՒԼԻՍԻ 6-Ի N 1125-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

 

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Թողարկման և վարկանիշավորման պետական աջակցության ծրագիրը (այսուհետ՝ Ծրագիր) հավանության է արժանացել ՀՀ կառավարության 2023 թվականի հուլիսի 6-ի թիվ 1125-Լ որոշմամբ (այսուհետ՝ Որոշում):

Որոշման համաձայն՝ ծրագիրն ուղղված է Հայաստանի Հանրապետության կապիտալի շուկային և դեպի տնտեսության իրական հատված ֆինանսավորման հոսքերին նոր լիցք հաղորդելուն։

Հարկ է նկատել, որ այդ թվում նաև Ծրագրի իրականացման շնորհիվ 2024 թվականի արդյունքներով մեծ ակտիվություն է արձանագրվել կորպորատիվ արժեթղթերի շուկայում։ Մասնավորապես, Հայաստանի ֆոնդային բորսայում 2024 թվականի ընթացքում ցուցակվել և առևտրին են թույլատրվել 84 արժեթղթեր, որի շնորհիվ 2023 թվականի համեմատ նոր ցուցակումների ծավալը 124%-ով աճել է։

Ծրագրով արդեն իսկ օժանդակություն են ստացել իրական հատվածի տարբեր ոլորտներ ներկայացնող թվով 5 ընկերություններ։ Այդ ընկերությունների կողմից թողարկված պարտատոմսերի ընդհանուր ծավալը կազմել է 18,4 մլրդ ՀՀ դրամ։

Կարևոր է ընդգծել, որ պետական օժանդակությամբ կապիտալի շուկայի դուրս գալը հնարավորություն է ընձեռել ընկերություններին ֆինանսավորել աճի, նորարարության ու միջազգային շուկաներ մուտք գործելու իրենց ծրագրերը, իսկ ներդրողներին՝ դիվերսիֆիկացնել ներդրումները՝ գումարը ներդնելով իրենց հետաքրքող ոլորտներում։

Ծրագրով օժանդակություն ստանալու վերջնաժամկետը սահմանված է մինչև 2026 թվականի մարտի 1-ը։ Սույն նախագծով, հաշվի առնելով մի շարք ընկերությունների կողմից Ծրագրի առնչությամբ ցուցաբերած հետաքրքրությունը և որոշ ընկերությունների կողմից թողարկմանն ու ցուցակմանն ուղղված նախապատրաստական աշխատանքների իրականացումը, առաջարկվում է ևս մեկ տարով երկարաձգել Ծրագրի շրջանակում օժանդակություն ստանալու հնարավորությունը։

Բացի այդ, Ծրագրի իրականացման արդյունքում տրված կարգավորումներում վեր են հանվել մի շարք խնդիրներ, որոնց ևս առաջարկվում է լուծում տալ սույն նախագծով։

Մասնավորապես, Որոշմամբ բավարար որոշակիությամբ կարգավորված չէ պարտատոմսերի շրջանառության համար օժանդակություն ստանալու ընթացակարգը, բաժնետոմսերի օժանդակության գործիքի դեպքում՝ փոխհատուցվող ծախսերի շրջանակը (ներդրումային ծառայությունների ծախսերը փոխհատուցման ենթակա ծախսերի թվում ներառված չեն, մինչդեռ դրանք ընկերությունների համար հանդիսանում են ամենամեծ ծախսերը՝ կապիտալի շուկա դուրս գալու համար), իսկ միջազգային վարկանիշային գործակալությունից վարկանիշի ստացման դեպքում սահմանված չէ փոխհատուցման առավելագույն չափ։

Նախագծով առաջարկվում են վերոնշյալ խնդիրների լուծման ուղիներ։

 Բացի այդ, նպատակ ունենալով խթանել կորպորատիվ կառավարման լավագույն սկզբունքների կիրառությունը Հայաստանում, հատկապես, կապիտալի շուկա դուրս գալու մտադրություն ունեցող ընկերությունների շրջանակում, առաջարկվում է որպես Ծրագրով օժանդակություն ստանալու նախապայման սահմանել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի հրամանով հաստատված Կորպորատիվ կառավարման կանոնագրքին միանալու պահանջ։ Հարկ է նկատել, որ պետական աջակցության ծրագրով Կորպորատիվ կառավարման կանոնագրքին միանալը որպես չափորոշիչ սահմանելու անհրաժեշտությունը բխում է նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 26-ի թիվ 1871-Լ որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարությունից բխող 2023-2026 թվականների գործողությունների ծրագրից։

 

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը

Նախագծով առաջարկվում է․

  • Մեկ տարով երկարաձգել Ծրագրով օժանդակություն ստանալու համար դիմելու վերջնաժամկետը։
  • Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի հրամանով հաստատված կորպորատիվ կառավարման կանոնագրքին միացած լինելը սահմանել որպես Ծրագրով օժանդակություն ստանալու նախապայման։
  • Հստակեցնել պարտատոմսերի շրջանառության օժանդակության համար դիմելու և ստանալու ընթացակարգը։
  • Բաժնետոմսերի թողարկման, տեղաբաշխման և ցուցակման գործիքի դեպքում փոխհատուցման ենթակա ծախսերի մեջ ներառել ներդրումային ծառայությունների ձեռքբերման ծախսը։
  • Միջազգային վարկանիշային գործակալություններից վարկանիշի ստացման ծախսի փոխհատուցման գործիքի դեպքում սահմանել փոխհատուցման ենթակա ծախսերի առավելագույն չափ՝ 50 մլն ՀՀ դրամ։
  • Կատարել այլ տեխնիկական բնույթի փոփոխություններ՝ Որոշմամբ տրված կարգավորումների հստակությունն ապահովելու նպատակով։

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից:

 

  1. Ակնկալվող արդյունքը

Ծրագրի երկարաձգման արդյունքում ակնկալվում է, որ պարտատոմսերի շուկայում կմեծանա ոչ ֆինանսական հատվածի ընկերությունների ներկայացվածությունը և ընկերությունները երկարաժամկետում հնարավորություն կստանան դիվերսիֆիկացնելու իրենց ֆինանսավորման աղբյուրները, ինչը թույլ կտա հաղթահարել ունեցած գրավի իրացվելի արժեքով պայմանավորված վարկավորման սահմանափակումները՝ բիզնեսի հետագա զարգացման ֆինանսավորումը դնելով նոր, առավել հրապարակային և թափանցիկ հիմքերի վրա։ Մյուս կողմից նոր կորպորատիվ արժեթղթերի շրջանառությունը կնպաստի ներդրողների, այդ թվում և ինստիտուցիոնալ ներդրողների ակտիվացմանը, ներդրումային պորտֆելների դիվերսիֆիկացմանը, ինչպես նաև թողարկումներն ուղեկցող ոլորտների և ծառայությունների ակտիվացմանը։

 

5         Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները

Նախագծի ընդունմամբ ակնկալվում է, որ պետական օժանդակության համար դիմելու վերջնաժամկետը կերկարաձգվի մեկ տարով։ Կանխատեսվում է, որ այդ մեկ տարվա ընթացքում մոտ վեց ընկերություն պարտատոմսի թողարկման շրջանակում կստանա պետական աջակցություն՝ սահմանված առավելագույն չափով։ Արդյունքում կպահանջվեն լրացուցիչ ֆինանսական միջոցներ՝ 2026 թվականի համար՝ 180 մլն դրամի չափով, 2027-2029 թվականների համար՝ տարեկան 270 մլն ՀՀ դրամի չափով։ Միևնույն ժամանակ վերոնշյալ չափով ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը սահմանվել է նաև Էկոնոմիկայի նախարարության 2026 թվականի բյուջետային ֆինանսավորման և 2026-2028 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի հայտերում։  

 

6       Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

Նախագիծը բխում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 26-ի N 1871-Լ որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության Հակակոռուպցիոն ռազմավարությունից բխող 2023-2026 թվականների գործողությունների ծրագրի 4-րդ ռազմավարական նպատակի 4․1 գործողությունից:

  • Քննարկվել է

    21.07.2025 - 05.08.2025

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Էկոնոմիկա, Ֆինանսական

  • Գերատեսչություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1370

Տպել

Առաջարկներ`

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: