Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 844-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀՐԱՄԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 844-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Հիմք ընդունելով «Հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետը և ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

 

1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2015 թվականի դեկտեմբերի 10-ի «Հայաստանի Հանրապետության հանրային հատվածի կազմակերպություններին հաշվապահական ծառայություններ մատուցող անձանց ներկայացվող չափանիշները, հանրային հատվածի հաշվապահի որակավորում ունեցող հաշվապահների, ինչպես նաև հանրային հատվածի կազմակերպություններին հաշվապահական ծառայություններ մատուցող անձանց հաշվառման գրանցամատյանների վարման կարգը սահմանելու մասին» N 844-Ն հրամանում (այսուհետ՝ Հրաման) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումներ

1) Հրամանի վերնագրում «գրանցամատյանների վարման» բառերը փոխարինել «եվ վերջիններիս ցանկի հրապարակման» բառերով․

2) Հրամանի նախաբանից հանել «, «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հունվարի 22-ի թիվ 82-Ն որոշման հավելվածի 3-րդ և 4-րդ կետերը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թ. մայիսի 15-ի թիվ 503-Ն որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կանոնադրության 14-րդ կետի 1-ին ենթակետը» բառերը․

3) Հրամանի 1-ին մասի 1-ին կետից հանել «(անհատ ձեռնարկատեր կամ կազմակերպություն)» բառերը․

4) Հրամանի 1-ին մասի 2-րդ կետում «գրանցամատյանների վարման» բառերը փոխարինել «և վերջիններիս ցանկի հրապարակման» բառերով․

5) Ուժը կորցրած ճանաչել Հրամանի հավելված 1-ի 2-րդ կետը ․

6) Հրամանի հավելված 1-ի 3-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«1) իրավաբանական անձի համար` Հայաստանի Հանրապետության հանրային հատվածի հաշվապահի որակավորում ունեցող և հաշվապահի կամ աուդիտորի կամ հանրային հատվածի ներքին աուդիտորի առնվազն երկու տարվա աշխատանքի փորձ ունեցող առնվազն երկու աշխատողի առկայությունը, որոնց համար տվյալ կազմակերպությունը հանդիսանում է հիմնական աշխատավայր,»։

7) Հրամանի հավելված 1-ի 3-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«2) անհատ ձեռնարկատիրոջ համար` Հայաստանի Հանրապետության հանրային հատվածի հաշվապահի որակավորման և հաշվապահի կամ աուդիտորի կամ հանրային հատվածի ներքին աուդիտորի առնվազն երկու տարվա աշխատանքի փորձի առկայությունը։»։

8) Հրամանի հավելված 1-ի 3-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ կետով․

«4․ Սույն հավելվածի 3-րդ կետի իմաստով հաշվապահի աշխատանք է համարվում հաշվապահական հաշվառումը կարգավորող իրավական ակտերի պահանջներին համապատասխան կազմակերպության հաշվապահական ծառայության ղեկավարի կամ կազմակերպության աշխատող համարվող հաշվապահի, իսկ հաշվապահական ծառայություններ մատուցող կազմակերպության միջոցով հաշվապահական հաշվառումը վարելու դեպքում` այդ կազմակերպության լիազորած անձի կողմից հաշվապահական հաշվառման ընդհանուր վարումը և ֆինանսական հաշվետվությունների կազմումն իրականացնելու աշխատանքը։»։

9) Հրամանի հավելված 2-ը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«

Հավելված 2

 ՀՀ ֆինանսների նախարարի 2015 թվականի

դեկտեմբերի 10-ի N 844 - Ն հրամանի

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԱՏՎԱԾԻ ՀԱՇՎԱՊԱՀԻ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ՀԱՇՎԱՊԱՀՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԱՏՎԱԾԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ՎԵՐՋԻՆՆԵՐԻՍ ՑԱՆԿԻ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ԿԱՐԳԸ

 

  1. Սույն կարգով կարգավորվում են հանրային հատվածի հաշվապահի որակավորում ունեցող հաշվապահների, ինչպես նաև հանրային հատ­վածի կազմակերպություններին հաշվապահական ծառայություններ մատուցող անձանց հաշվառման ու վերջիններիս ցանկի հրապարակման հետ կապված հարաբերությունները:
  2. «Հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման մասին» օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի համաձայն՝ լիազոր մարմինը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովում է հանրային հատվածի հաշվապահի որակավորում ունեցող հաշվապահների (այսուհետ՝ որակավորված հաշվապահ), ինչպես նաև հանրային հատվածի կազմակերպություններին հաշվապահական ծառայություններ մատուցող անձանց (անհատ ձեռնարկատեր կամ կազմակերպություն) հաշվառումն ու վերջիններիս ցանկի հրապարակումը:
  3. Որակավորված հաշվապահների ցանկը հրապարակվում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության պաշտոնական կայքում՝ վկայականի տրամադրմանը հաջորդող տասը աշխատանքային օրվա ընթացքում:
  4. Որակավորված հաշվապահների ցանկում նշվում են հետևյալ տեղեկությունները՝

1) որակավորված հաշվապահի անունը, ազգանունը, հայրանունը,

2) հանրային հատվածի հաշվապահի որակավորման վկայականի համարը,

3) հանրային հատվածի հաշվապահի որակավորման վկայականի տրման ամսաթիվը, ամիսը, տարեթիվը,

4) հանրային հատվածի հաշվապահի որակավորման վկայականի գործողության ժամկետը։

5. Որակավոված հաշվապահների հաշվառումն ու ցանկի հրապարակումն իրականացնելու նպատակով «Հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման մասին» օրենքով սահմանված լիազոր մարմինը (այսուհետ՝ լիազոր մարմին) վարում է գրանցամատյան` էլեկտրոնային եղանակով, որում նշվում են հետևյալ տեղեկությունները՝

1) որակավորված հաշվապահի անունը, ազգանունը, հայրանունը և հեռախոսահամարը,

2) անձը հաստատող փաստաթղթի համարը,

3) հաշվառման և բնակության հասցեն,

4) հանրային հատվածի հաշվապահի որակավորման վկայականի համարը, տրման ամսաթիվը, ամիսը, տարեթիվը,

5) հանրային հատվածի հաշվապահի որակավորման վկայականի գործողության ժամկետը,

6) էլեկտրոնային փոստի հասցեն,

7) Անհրաժեշտության դեպքում այլ տեղեկատվություն։

6․ Սույն կարգի 5-րդ կետով սահմանված գրանցամատյանը ենթակա չի հրապարակման:

7. Հանրային հատվածի կազմակերպություններին հաշվապահական ծառայություններ մատուցող անձանց ցանկում (այսուհետ՝ ցանկ) կարող են ընդգրկվել սույն հրամանի հավելված 1-ով սահմանված չափանիշներին բավարարող անհատ ձեռնարկատերերը և իրավաբանական անձինք:

8. Հանրային հատվածի կազմակերպություններին հաշվապահական ծառայություններ կարող են մատուցել միայն ցանկում ընդգրկված անհատ ձեռնարկատերերը և իրավաբանական անձինք:

9. Ցանկում ընդգրկվելու նպատակով անհատ ձեռնարկատերերը և իրավաբանական անձինք առձեռն կամ էլեկտրոնային եղանակով լիազոր մարմին են ներկայացնում հետևյալ փաստաթղթերը.

1) Իրավաբանական անձանց դեպքում՝

ա) դիմում, որի ձևը տեղադրվում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության պաշտոնական կայքում՝ նշելով իրավաբանական և գործունեության հասցեն, հեռախոսահամար և էլեկտրոնային փաստի հասցե,

բ) կազմակերպության պետական ռեգիստրի գրանցման վկայականի պատճենը,

գ) սույն հրամանի հավելված 1-ի 3-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված աշխատողների անձը հաստատող փաստաթղթի պատճենը, որակավորումը և մասնագիտական աշխատանքի փորձը հաստատող փաստաթղթերի պատճենները, ինչպես նաև տվյալ կազմակերպության հիմնական աշխատակից հանդիսանալու փաստը հավաստող փաստաթղթերի պատճենը,

2) Անհատ ձեռնարկատերերի դեպքում՝

ա) դիմում, որի ձևը տեղադրվում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության պաշտոնական կայքում՝ նշելով իրավաբանական և գործունեության հասցեն, հեռախոսահամար և էլեկտրոնային փաստի հասցե,

բ) անհատ ձեռնարկատիրոջ պետական գրանցման վկայականի պատճենը,

գ) անձը հաստատող փաստաթղթի պատճենը,

դ) որակավորումը և մասնագիտական աշխատանքի փորձը հաստատող փաստաթղթերի պատճենները:

10․ Սույն կարգի 9-րդ կետում նշված դիմումի օրինակելի ձևը սահմանում է Լիազոր մարմինը:

11. Սույն կարգի 9-րդ կետով սահմանված փաստաթղթերը ներկայացնելու օրվանից հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում լիազոր մարմնի համապատասխան ստորաբաժանումը ուսումնասիրում է ներկայացված փաստաթղթերը և կազմում է եզրակացություն՝ տվյալ անհատ ձեռնարկատիրոջը կամ իրավաբանական անձին ցանկում ներառելու կամ չներառելու վերաբերյալ։ Եթե փաստաթղթերը ներկայացվել են թերի կամ ոչ ամբողջությամբ, ապա փաստաթղթերը ստանալուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում փաստաթղթերը ներկայացնող անձին առաջարկվում է երեք աշխատանքային օրվա ընթացքում համալրել կամ շտկել փաստաթղթերը։ Նշված ժամկետի ընթացքում փաստաթղթերը չհամալրելու կամ չշտկելու դեպքում, եզրակացությունը կազմվում է ներկայացված փաստաթղթերի հիման վրա: Ցանկում ներառելու կամ չներառելու մասին եզրակացության պատճենը հինգ աշխատանքային օրվա ընթացում տրամադրվում է դիմում ներկայացրած անձին:

12. Ցանկը հրապարակվում է լիազոր մարմնի պաշտոնական կայքում՝ ցանկում նոր անհատ ձեռնարկատեր կամ իրավաբանական անձ ընդգրկվելու օրվան հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում:

13. Ցանկում նշվում են հետևյալ տեղեկությունները՝

1) անհատ ձեռնարկատիրոջ կամ իրավաբանական անձի լրիվ անվանումը, ՀՎՀՀ-ն, իրավաբանական և գործունեության հասցեն, հեռախոսահամարը և էլեկտրոնային փաստի հասցեն,

2) ցանկում ընդգրկելու ամսաթիվը, ամիսը, տարեթիվը,

3) ցանկում ընդգրկվելու վերջնաժամկետ, եթե առկա է,

4) իրավաբանական անձանց դեպքում նշվում է նաև սույն հրամանի հավելված 1-ի 3-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված աշխատողների անունը, ազգանունը, հայրանունը:

14. Հանրային հատվածի կազմակերպություններին հաշվապահական ծառայություններ մատուցող անձանց հաշվառումն ու ցանկի հրապարակումն իրականացնելու նպատակով լիազոր մարմինը էլեկտրոնային եղանակով վարում է գրանցամատյան` որում նշվում են հետևյալ տեղեկությունները՝

1) անհատ ձեռնարկատիրոջ կամ իրավաբանական անձի լրիվ անվանումը, ՀՎՀՀ-ն, իրավաբանական և գործունեության հասցեն, հեռախոսահամարը և էլեկտրոնային փաստի հասցեն,

2) ցանկում ընդգրկելու ամսաթիվը, ամիսը, տարեթիվը,

3) ցանկում ընդգրկվելու վերջնաժամկետ՝ եթե առկա է,

4) աշխատակիցների քանակը,

5) հանրային հատվածի այն կազմակերպությունների ցանկը, որոնց անհատ ձեռնարկատերը կամ իրավաբանական անձը մատուցում է հաշվապահական ծառայություններ, ծառայության արժեքը, ծառայության մեկնարկի և ավարտի ամսաթիվը,

6) իրավաբանական անձանց դեպքում նշվում է նաև սույն հրամանի հավելված 1-ի 3-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված աշխատողների անունը, ազգանունը, հայրանունը և որակավորումը, որակավորման վկայանի համարը, տրման ամսաթիվը և ժամկետը:

15․ Սույն կարգի 14-րդ կետով սահմանված գրանցամատյանը ենթակա չի հրապարակման:

16. Ցանկում ընդգրկված անհատ ձեռնարկատերերը և իրավաբանական անձինք պարտավոր են լիազոր մարմին ներկայացնել իրենց գործունեության վերաբերյալ տարեկան հաշվետվություն՝ մինչև հաշվետու տարվան հաջորդով մարտի 1-ը: Առաջին հաշվետու տարի է համարվում ցանկում ընդգրկվելու օրը ներառող տարին:

17. Ցանկում ընդգրկված անձանց գործունեության վերաբերյալ տարեկան հաշվետվությունը պետք է պարունակի առնվազն հետևյալ տեղեկատվությունը.

1) անհատ ձեռնարկատիրոջ դեպքում՝

ա) անհատ ձեռնարկատիրոջ լրիվ անվանումը, ՀՎՀՀ, իրավաբանական և գործունեության հասցեն, հեռախոսահամար և էլեկտրոնային փաստի հասցե,

բ) աշխատակիցների քանակը,

գ) Հանրային հատվածի այն կազմակերպությունների ցանկը, որոնց անձը հաշվետու տարվա ընթացքում մատուցում է հաշվապահական ծառայություններ, նշելով հանրային հատվածի կազմակերպության անվանումը, ՀՎՀՀ, ծառայության արժեքը, ծառայության մեկնարկի ամսաթիվը,

2) Իրավաբանական անձանց դեպքում՝

ա) կազմակերպության անվանումը, ՀՎՀՀ, իրավաբանական և գործունեության հասցեն, հեռախոսահամար և էլեկտրոնային փաստի հասցե,

բ) աշխատակիցների քանակը,

գ) սույն հրամանի հավելված 1-ի 3-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված աշխատողների վերաբերյալ տեղեկատվություն՝ անուն, ազգանուն, հայրանուն, վերջիններիս որակավորումը և դրա ժամկետը,

դ) հանրային հատվածի այն կազմակերպությունների ցանկը, որոնց անձը մատուցում է հաշվապահական ծառայություններ, նշելով հանրային հատվածի կազմակերպության անվանումը, ՀՎՀՀ, ծառայության արժեքը, ծառայության մեկնարկի ամսաթիվը:

18. Սույն կարգի 17-րդ կետում սահմանված որևէ տվյալի բացակայության դեպքում Ցանկում ընդգրկված անձանց գործունեության վերաբերյալ տարեկան հաշվետվությունը համարվում է չներկայացված:

19. Ցանկում ընդգրկված անձանց գործունեության վերաբերյալ տարեկան հաշվետվության օրինակելի ձևը սահմանում է լիազոր մարմինը:

20. Ցանկում ընդգրկված իրավաբանական անձիք սույն հրամանի հավելված 1-ի 3-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված աշխատողների աշխատանքից ազատման կամ փոփոխության դեպքում պարտավոր են այդ մասին դեպքը տեղի ունենալուց հետո 7 օրյա ժամկետում գրավոր տեղեկացնել լիազոր մարմնին։

21. Անհատ ձեռնարկատերը կամ իրավաբանական անձիք հեռացվում է Ցանկից հետևյալ հիմքերից որևէ մեկի առկայության դեպքում՝

1) անհատ ձեռնարկատիրոջ կամ իրավաբանական անձի լուծարման դեպքում,

2) անհատ ձեռնարկատիրոջ կամ իրավաբանական անձի դիմումի հիման վրա,

3) ներկայացված փաստաթղթերի կեղծ լինելու փաստը հայտնաբերվելու դեպքում,

4) Ցանկում ընդգրկված անձանց գործունեության վերաբերյալ տարեկան հաշվետվությունը սույն կարգի 16-րդ կետով սահմանված ժամկետից ավելի քան 30 օր ուշացումով ներկայացնելու կամ չներկայացնելու դեպքում,

5) սույն հրամանի 1-ին հավելվածով սահմանված չափանիշներին չբավարարելու փաստը հայտնաբերելու դեպքում։

22. Սույն կարգի 21-րդ կետում նշված հիմքերից որևէ մեկի ի հայտ գալու դեպքում լիազոր մարմնի համապատասխան ստորաբաժանումը կազմում է անհատ ձեռնարկատիրոջը կամ իրավաբանական անձի ցանկից հեռացնելու մասին եզրակացություն։

23. Սույն կարգի 21-րդ կետի 3-րդ և 4-րդ ենթակետերի հիմքով Ցանկից հեռացվելու դեպքում, անհատ ձեռնարկատերը կամ իրավաբանական անձը նորից կարող է դիմել Ցանկում ընդգրկվելու համար, հեռացման վերաբերյալ հրամանն ընդունվելուց մեկ տարի հետո։

24. Եթե անհատ ձեռնարկատերը կամ իրավաբանական անձը Ցանկից հեռացվելու օրվա դրությամբ ունի հանրային հատվածի կազմակերպության հետ կնքած հաշվապահական ծառայությունների մատուցման պայմանագրեր, ապա անհատ ձեռնարկատերը կամ իրավաբանական անձը իրավունք ունի շարունակել արդեն իսկ կնքված պայմանագրերով նախատեսված ծառայությունների մատուցումը՝ այդ մասին գրավոր տեղեկացնելով լիազոր մարմնին, սակայն նոր պայմանագրեր կնքելու իրավունք չունի:

25․ Լիազոր մարմնի կողմից հրապարակված ցանկից համապատասխան ծառայություն մատուցելու համար ընտրություն կատարած հանրային հատվածի կազմակերպությունը՝ ծառայությունների մատուցման պայմանագիրը կնքելու, ինչպես նաև այն լուծելու օրվան հաջորդող 7 աշխատանքային օրվա ընթացքում այդ մասին գրավոր հայտնում է լիազոր մարմնին:»։

2. Սույն հրամանն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ հանրային հատվածի կազմակերպություններին հաշվապահական ծառայություններ մատուցող անձանց ցանկում ընդգրկված իրավաբանական անձիք և անհատ ձեռնարկատերերը մինչև 2026 թվականի հունվարի 1-ը լիազոր մարմին են ներկայացնում սույն հրամանով սահմանված չափանիշների բավարարումը հավաստող փաստաթղթերը, հակառակ դեպքում անհատ ձեռնարկատերը կամ իրավաբանական անձը 2026 թվականի հունվարի 1-ից հեռացվում է հանրային հատվածի կազմակերպություններին հաշվապահական ծառայություններ մատուցող անձանց ցանկից:

3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

4. Սույն հրամանի 1-ին մասի 10-րդ կետը ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունվարի 1-ից:

 

  • Քննարկվել է

    17.07.2025 - 06.08.2025

  • Տեսակ

    Հրաման Որոշում

  • Ոլորտ

    Ֆինանսական

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1243

Տպել

Առաջարկներ`

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: