ԷԿՈՊԱՐԵԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԶՈՀՎԵԼՈՒ ԿԱՄ ԷԿՈՊԱՐԵԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂԻՆ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՏՐՎՈՂ ՄԻԱՆՎԱԳ ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՉԱՓՆ ՈՒ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«___» «__________________» 2025 թվականի N ___ - Ն
ԷԿՈՊԱՐԵԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԶՈՀՎԵԼՈՒ ԿԱՄ ԷԿՈՊԱՐԵԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂԻՆ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՏՐՎՈՂ ՄԻԱՆՎԱԳ ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՉԱՓՆ ՈՒ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էկոպարեկային ծառայության մասին» օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Սահմանել էկոպարեկային ծառայողի զոհվելու կամ էկոպարեկային ծառայողին հաշմանդամություն ունեցող անձ ճանաչելու դեպքում տրվող միանվագ դրամական օգնության չափը և վճարման կարգը` համաձայն հավելվածի:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
Հավելված
ՀՀ կառավարության 2025 թվականի
______________ ___-ի N __-Ն որոշման
ԷԿՈՊԱՐԵԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԶՈՀՎԵԼՈՒ ԿԱՄ ԷԿՈՊԱՐԵԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂԻՆ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՏՐՎՈՂ ՄԻԱՆՎԱԳ ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՉԱՓԸ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ
- Սույն կարգով սահմանվում են էկոպարեկային ծառայողի (այսուհետ՝ Ծառայող) կողմից ծառայողական պարտականությունները կատարելիս զոհվելու կամ ծառայողական պարտականությունները կատարելիս Ծառայողին հաշմանդամություն ունեցող անձ ճանաչելու դեպքում տրվող միանվագ դրամական օգնության չափը և վճարման կարգը:
- Ծառայողական պարտականությունները կատարելիս զոհվելու դեպքում Ծառայողի ընտանիքի անդամին տրվում է միանվագ դրամական օգնություն՝ մեկ միլիոն դրամի չափով։
- 3. Ծառայողական պարտականությունները կատարելիս Ծառայողին հաշմանդամություն ունեցող անձ ճանաչելու դեպքում տրվում է միանվագ դրամական օգնություն անձի ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանին համապատասխան, որը սահմանվում է սույն կարգի 2-րդ կետում նշված գումարի նկատմամբ հետևյալ տոկոսային հարաբերությամբ`
1) ֆունկցիոնալության սահմանափակման խորը աստիճան ունեցող անձանց դեպքում՝ 50 տոկոսի չափով.
2) ֆունկցիոնալության սահմանափակման ծանր աստիճան ունեցող անձանց դեպքում՝ 40 տոկոսի չափով.
3) ֆունկցիոնալության սահմանափակման միջին աստիճան ունեցող անձանց դեպքում՝ 30 տոկոսի չափով:
- Միանվագ դրամական օգնություն չի տրվում, եթե Ծառայողի զոհվելը (մահանալը) կամ հաշմանդամություն ունեցող անձ ճանաչվելը նրա կողմից կատարված կանխամտածված օրինազանցության հետևանք է: Օրինազանցության փաստը կարող է հաստատվել սահմանված կարգով իրականացված ծառայողական քննության, իրավապահ մարմինների կողմից իրենց լիազորությունների շրջանակներում իրականացված քննությունների, կազմված եզրակացությունների արդյունքներով, օրինական ուժի մեջ մտած դատական ակտերով և այլն։
5․ Սույն կարգով սահմանված միանվագ դրամական օգնությունը ստանալու նպատակով Ծառայողը, իսկ նրա՝ զոհված (մահացած) լինելու դեպքում, ընտանիքի անդամը դիմում է ներկայացնում էկոպարեկային ծառայություն (այսուհետ՝ Ծառայություն)։
6․ Սույն կարգի իմաստով՝ ընտանիքի անդամ են համարվում Ծառայողի ամուսինը, զավակները, ծնողները, քույրերը և եղբայրները (այսուհետ՝ Շահառու):
7․ Սույն կարգի 2-րդ կետով սահմանված դեպքում սույն կարգի 5-րդ կետով սահմանված դիմումին կից Շահառու հանդիսացող անձը ներկայացնում է՝
1) իր անձնագիրը (կամ նույնականացման քարտը), հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքը, ինչպես նաև բնակության հաշվառման վայրի վերաբերյալ տեղեկանք` տրված բնակչության պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանման կողմից, ամուսնության և/կամ ծննդյան վկայականները․
2) զոհված (մահացած) Ծառայողի մահվան վկայականը․
3) զոհված (մահացած) Ծառայողի մահվան պատճառական կապի մասին իրավասու պետական մարմնի կողմից տրված տեղեկանքը․
4) իր բանկային ռեկվիզիտները, իսկ դրա բացակայության դեպքում` նշում է Հայաստանի Հանրապետությունում գործող այն բանկը (կամ դրա մասնաճյուղը), որտեղից նախընտրում է ստանալ գումարը։
- Սույն կարգի 3-րդ կետով սահմանված դեպքում սույն կարգի 5-րդ կետով սահմանված դիմումին կից հաշմանդամություն ունեցող անձ ճանաչված Ծառայողը կամ նրա կողմից լիազորված անձը ներկայացնում է անձի ֆունկցիոնալության գնահատման որոշումը ու ստացած վնասվածքի կամ խեղման կամ ձեռք բերած հիվանդության պատճառական կապի մասին իրավասու պետական մարմնի կողմից տրված տեղեկանքը:
- Մահվան կամ հաշմանդամության պատճառական կապի որոշման համար փորձաքննական եզրակացությունը տալիս է Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 405-Ն որոշման N 1 հավելվածի 4-րդ կետով սահմանված կենտրոնական ռազմաբժշկական փորձաքննական կենտրոնը (այսուհետ՝ ԿՌԲՓԿ)։
- Փորձաքննական եզրակացությունները կայացնելիս՝ ԿՌԲՓԿ-ը հիմք է ընդունում դեպքի հանգամանքների վերաբերյալ էկոպարեկային ծառայության պետի տեղեկանքը, իսկ դեպքի առթիվ քրեական վարույթ կամ ծառայողական քննություն իրականացվելու դեպքում` վարույթի կամ ծառայողական քննության շրջանակներում պարզված հանգամանքները: Ընդ որում, եթե օրենքով սահմանված կարգով հիմնավորվել է, որ Ծառայողը հիվանդությունն ունեցել է մինչև ծառայության ներգրավվելը, ապա ԿՌԲՓԿ-ի կողմից ծառայության հետ պատճառական կապ չի տրվում։
- Եթե փորձաքննվողի մոտ հայտնաբերվել են տարբեր հանգամանքներում ձեռք բերած հիվանդություններ կամ ստացած վնասվածքներ, կամ դրանց հետևանքներ, ապա ԿՌԲՓԿ-ը դրանցից յուրաքանչյուրի պատճառական կապի վերաբերյալ կայացնում է առանձին փորձաքննական եզրակացություններ՝ պայմանավորված դրանց ստանալու (ձեռք բերելու) հանգամանքներով:
- Եթե Ծառայողի հիվանդության կամ վնասվածքի դեպքով հարուցված է քրեական վարույթ կամ նշանակված է ծառայողական քննություն, ապա ԿՌԲՓԿ-ը պատճառական կապի որոշումը կայացնում է դրանց պաշտոնական ավարտից հետո` դեպքի հանգամանքների վերաբերյալ ստացված տեղեկատվության հիման վրա։
- ԿՌԲՓԿ-ի կողմից ծառայության հետ պատճառական կապի որոշման համար անհրաժեշտ են հետևյալ փաստաթղթերը՝
1) էկոպարեկային ծառայության պետի կողմից տրված տեղեկանք հիվանդությունը ձեռք բերելու կամ վնասվածքը ստանալու հանգամանքների մասին.
2) անձը հաստատող փաստաթուղթ (ծառայողական վկայական, անձնագիր).
3) քրեական գործի ավարտի վերաբերյալ տեղեկանք կամ ծառայողական քննության եզրակացության պատճենը:
- Իրավասու պետական մարմինը հաշմանդամության պատճառական կապը որոշելիս ընդունում է այն ձևակերպումը, որն արձանագրված է ԿՌԲՓԿ-ի եզրակացության մեջ և իրավասու չէ փոփոխելու դրանում նշված հիմքը, եթե հաշմանդամության են հանգեցրել նշված հիվանդությունը կամ վնասվածքը, ինչպես նաև դրանց բարդությունները:
- Ծառայողի հիվանդության կամ վնասվածքի՝ Ծառայության հետ պատճառական կապի տրամադրման (այդ թվում՝ պատճառական կապի վերաբերյալ եզրակացությունն առ ոչինչ, անվավեր ճանաչելու կամ ուժը կորցնելու) հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքով և սույն կարգով։
- ԿՌԲՓԿ-ի կողմից պատճառական կապի վերաբերյալ կայացրած եզրակացությունները կարող են բողոքարկվել եզրակացության կայացման օրվանից երկամսյա ժամկետում՝ վարչական (վերադասության) կամ դատական կարգով: ԿՌԲՓԿ-ի կողմից պատճառական կապի վերաբերյալ կայացրած եզրակացությունը վարչական (վերադասության) կամ դատական կարգով բողոքարկելու դեպքում անձի կրկնակի ռազմաբժշկական փորձաքննությունն իրականացվում է սույն կարգի համաձայն՝ հաշվի առնելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջները։
- Սույն կարգի 5-րդ կետով սահմանված դիմումը և անհրաժեշտ կից փաստաթղթերն ստանալու օրվանից հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում Ծառայությունը դրանց հիման վրա կազմում է համապատասխան ցուցակ և գրությամբ ներկայացնում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն միանվագ դրամական օգնության գումարները վճարելու նպատակով։
18․ Սույն կարգի 2-րդ կետով սահմանված դեպքում ցուցակում նշվում են զոհված (մահացած) Ծառայողի անունը, ազգանունը, հայրանունը, մահվան տարեթիվը, մահվան վկայականի համարը, վճարման ենթակա գումարի չափը, Շահառուի անունը, ազգանունը, հայրանունը, անձնագրային տվյալները, բնակության և էլեկտրոնային հասցեն (առկայության դեպքում), բանկային ռեկվիզիտները, իսկ դրա բացակայության դեպքում` Հայաստանի Հանրապետությունում գործող այն բանկը (կամ դրա մասնաճյուղը), որտեղից Շահառուն նախընտրում է ստանալ գումարը։
19․ Սույն կարգի 3-րդ կետով սահմանված դեպքում ցուցակում նշվում են հաշմանդամություն ունեցող անձ ճանաչված Ծառայողի անունը, ազգանունը, հայրանունը, անձնագրային տվյալները, անձի ֆունկցիոնալության գնահատման որոշումը ու ստացած վնասվածքի կամ խեղման կամ ձեռք բերած հիվանդության պատճառական կապի մասին համապատասխան փաստաթղթի տվյալները, բանկային ռեկվիզիտները, վճարման ենթակա գումարի չափը։
20․ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ցուցակը ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում միանվագ դրամական օգնության գումարը վճարում է Շահառուին կամ Ծառայողին և դրա մասին երկու աշխատանքային օրվա ընթացքում՝ պատվիրված նամակով իրազեկում է վերջինիս:
|
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
-
Քննարկվել է
15.07.2025 - 30.07.2025
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Բնապահպանություն, Սոցիալական ապահովություն, Հանրային ծառայություն
-
Գերատեսչություն
Շրջակա միջավայրի նախարարություն
-
Կարգավիճակ
Դիտումներ` 1230
Տպել