Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1550-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

                                                                ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

---- ----ի 2025 թվականի N ------Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1550-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով, «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ մասով, 15-րդ հոդվածի 4-րդ մասով և «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի  17-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, 20-րդ հոդվածի 3-րդ մասով  և «Կրթության մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 9.2-րդ, 9.4-րդ և 9.10-րդ կետերով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հոկտեմբերի 27-ի «Ուսուցման ազգային հիմնադրամ հիմնադրելու, հիմնադրամի կանոնադրությունը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը գումար հատկացնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 23-ի N 1748-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» N 1550-Ն որոշման (այսուհետ` Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
  • Որոշման 1-ին կետում «Ուսուցման ազգային» բառերը փոխարինել «Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային կենտրոն» բառերով:
  • Որոշման 3-րդ, 6-րդ, 7-րդ և 8-րդ կետերում «կրթության և գիտության» բառերը փոխարինել «կրթության, գիտության, մշակույթի և սպորտի» բառերով:
  • Որոշման հավելված 1-ը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
  • Ուժը կորցրած ճանաչել Որոշման 9-րդ կետը:
  1. «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամին՝
  • 2026 թվականի հունվարի 1-ից դադարեցնել «Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային կենտրոն» հիմնարկի գործունեությունը,
  • «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամի կանոնադրության մեջ կատարել անհրաժեշտ փոփոխություններ։
  1. 2025 թվականի պետական բյուջեի «1192.Կրթության որակի ապահովում» ծրագրի  «11001.Մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈՒ) բարեփոխումներ» միջոցառման կատարումը 2026 թվականի հունվարի 1-ից վերապահել Հիմնադրամին:
  2. «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդին առաջարկել «Մասնագիտական կրթության և զարգացման ազգային կենտրոն» հիմնարկի գործունեության համար հատկացված գույքը մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը փոխանցել Հիմնադրամին որպես սեփականություն։
  3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝ մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը Հիմնադրամի գործունեության համար հատկացնել Հայաստանի Հանրապետություն, Երևան, Տիգրան Մեծ 67 հասցեում գտնվող շենքում տարածք՝ անհատույց և անժամկետ օգտագործման  իրավունքով։
  4. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին՝
  • սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել Հիմնադրամի նոր խմբագրությամբ կանոնադրության պետական գրանցումը:
  • սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում ներկայացնել առաջար­կություն՝ հիմնադրամի բնականոն գործունեության համար անհրաժեշտ գույք հատկացնելու վերաբերյալ:
  1. Ներքոնշյալ պետական կառավարման համակարգի մարմիններին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Հիմնադրամի խորհրդի կազմում առաջարկել սույն որոշման Հավելված 1-ին համապատասխան ներկայացուցիչներ․
  • Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն․
  • Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն․
  • Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն․
  • Էկոնոմիկայի նախարարություն․
  • Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն․
  • Ֆինանսների նախարարություն։
  1. Սահմանել, որ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անվանական կազմը հաստատում է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարը՝ սույն որոշման Հավելվածով 1-ով հաստատված նոր խմբագրությամբ կանոնադրության պետական գրանցման պահից հետո՝ երկամսյա ժամկետում։
  2. «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 9-րդ մասի 1-ին կետով նախատեսված դուալ ուսումնառության համակարգման իրականացումը վերապահել հիմնադրամին:
  3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ                            Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

       Երևան

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության ---- ----ի 2025 թվականի

N ------Ն որոշման

«Հավելված N 1

ՀՀ կառավարության հոկտեմբերի 27-ի 2011 թվականի

N 1550-Ն որոշման

 

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

«ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ

 

  1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
  2. «Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամը (այսուհետ՝ Հիմնադրամ) հիմնադրի կամավոր գույքային վճարների հիման վրա ստեղծված և անդամություն չունեցող ոչ առևտրային կազմակերպություն է, որը հետապնդում է մասնագիտական կրթության և ուսուցման բնագավառում օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ նախատեսված նպատակներ:
  3. Հիմնադրամի հիմնադիրն է Հայաստանի Հանրապետությունը` ի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարության (այսուհետ` հիմնադիր): Հիմնադրի անունից հանդես եկող պետական կառավարման լիազորված մարմինը Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն է:
  4. Հիմնադիրը գործում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքին, «Կրթության մասին» օրենքին, «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» օրենքին, «Հիմնադրամների մասին» օրենքին, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին, այլ իրավական ակտերին և սույն կանոնադրությանը համապատասխան:
  5. Հիմնադրամի անվանումն է՝
    • հայերեն լրիվ՝ «Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամ.
    • հայերեն կրճատ` ՄԿՈՒԶԱԿ.
    • ռուսերեն լրիվ՝ Фонд “Национальный центр развития профессионального образования и обучения”.
    • ռուսերեն կրճատ` НЦРПОО.
    • անգլերեն լրիվ` “National Centre for Vocational Education and Training Development” Foundation.
    • անգլերեն կրճատ` NCVETD:
  6. Հիմնադրամի իրավաբանական հասցեն է` Հայաստանի Հանրապետություն, Երևան, Տիգրան Մեծ 67։
  7. Հիմնադրամն ունի խորհրդանիշ, որի նկարագրությունը հաստատում է հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը:
  8. Հիմնադրամն ունի հայերեն, անգլերեն և ռուսերեն անվանումներով կլոր կնիք՝ Հիմնադրամի խորհրդանիշով: Հիմնադրամն ունի ձևաթուղթ, որը պարունակում է նշումներ Հիմնադրամի անվանման, խորհրդանիշի, գտնվելու վայրի, կապի միջոցների, համարների և հասցեների մասին:
  9. Հիմնադրամը, որպես սեփականություն, ունի առանձնացված գույք և իր պարտավորությունների համար պատասխանատու է այդ գույքով, կարող է իր անունից ձեռք բերել և իրականացնել գույքային ու անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:
  10. Հիմնադրամն իրավունք ունի օրենքով սահմանված կարգով բանկային հաշիվներ բացելու Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների բանկերում` Հայաստանի Հանրապետության դրամով և (կամ) արտարժույթով:
  11. Հիմնադրամը շահույթ ստանալու նպատակ չի հետապնդում: Տարբեր աղբյուրներից, ինչպես նաև իր տնտեսական գործունեությունից ստացված միջոցներն օգտագործվում են միայն սույն կանոնադրությամբ սահմանված նպատակներով:
  12. Հիմնադիրը պատասխանատվություն չի կրում հիմնադրամի պարտավորությունների համար, իսկ հիմնադրամը պատասխանատվություն չի կրում հիմնադրի պարտավորությունների համար: Հիմնադիրը պատասխանատվություն է կրում մինչև հիմնադրամի պետական գրանցումը ծագած` նրա ստեղծման հետ կապված պարտավորությունների համար:
  13. Հիմնադրամի շահառուներն են սույն Կանոնադրությամբ նախատեսված գործունեության ուղղություններին առնչվող, ինչպես նաև Հիմնադրամի գործունեությունից օգտվող ֆիզիկական ու իրավաբանական անձինք:

 

  1. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
  2. Հիմնադրամի նպատակն է աջակցել`
  • Հայաստանի Հանրապետությունում մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտում արդյունավետ քաղաքականության մշակմանը ու կիրառմանը, նորարությունների ներդրմանը և շարունակական զարգացմանը․
  • աշխատաշուկայի ներկայի և ապագայի կարիքներին միտված որակավորումների ոլորտային շրջանակի ներդրմանը.
  • ֆորմալ, ոչ ֆորմալ և ինֆորմալ կրթության համակարգի համաչափ գործարկմանն ու արդյունքների ճանաչման պետական երաշխիքի ապահովմանը.
  • մասնագիտական կրթության և ուսուցման (այսուհետ՝ ՄԿՈՒ) ոլորտում պետություն–մասնավոր հատված համագործակցության արդյունավետ կառուցակարգերի ներդմանը.  
  • մասնագիտական կողմնորոշման և կարիերայի զարգացման համակարգի ձևավորմանն ու արդյունավետ գործունեությանը․
  • ՄԿՈՒ համակարգի կայուն զարգացմանը, կառավարման արդյունավետության բարձրացմանը և միջազգային համադրմանը.
  1. Իր նպատակների իրականացման համար Հիմնադրամն իրականացնում է հետևյալ գործառույթները`
  • ներկայացնում է առաջարկություններ ՄԿՈՒ ոլորտի քաղաքականության և զարգացման ռազմավարական ուղղությունների մշակմանն ու իրականացման, ոլորտը կարգավորող օրենսդրության կատարելագործման ուղղությամբ․
  • մասնակցում է աշխատաշուկայի պահանջարկի ուսումնասիրություններին, զարգացման կանխատեսումներին, աշխատաշուկայի ներկա և ապագա կարիքների վերհանմանը․
  • ապահովում է որակավորումների ոլորտային շրջանակի (ՈՈՇ) և յուրաքանչյուր մակարդակի որակավորման շրջանակային նկարագրերի մշակումն ու ներդրումը․
  • իրականացնում է կրթության որակի, ծրագրերի արդյունավետության և աշխատաշուկայի պահանջներին համապատասխանության վերլուծություններ և գնահատումներ․
  • աջակցում է ՄԿՈՒ ոլորտում կրեդիտների կուտակման և փոխանցման համակարգի մշակմանն ու ներդրմանը․
  • համակարգում է լրացուցիչ կրթական ծրագրերի կազմակերպման և իրականացման ընթացակարգերը.
  • աջակցում է ուսումնամեթոդական փաստաթղթերի, ուսումնական ձեռնարկների, ուղեցույցների, ուսումնառությանն օժանդակող այլ նյութերի մշակմանն ու հրատարակմանը․
  • կազմակերպում և համակարգում է կրթական վերջնարդյունքների ստուգման և գնահատման ժամանակակից մեթոդների, չափանիշների ու գործիքակազմերի մշակումը, ներդրումն ու մշտադիտարկումը․
  • աջակցում է որակավորումների ծրագրերի մշակմանը և իրականացմանը, աշխատանքի վրա հիմնված ուսումնառության կազմակերպման նպատակով գործատուների ներգրավման մեխանիզմների ձևավորմանը և գործնական աշխատանքային ուսուցման հնարավորությունների ընդլայնմանը․
  • աջակցում էմասնագիտական կրթության և ուսուցման ոլորտում որակավորման կրթական ծրագրի մշակման, իրականացման գործընթացին՝ կիրառելով ներառականության սկզբունքները և ապահովելով հավասար հնարավորություններ բոլոր սովորողների համար.
  • մշակում է գործատուների՝ որպես աշխատանքի վրա հիմնված ուսումնառության ձևով կրթական ծրագրի իրականացնող կողմ հանդես գալու պահանջները և ընթացակարգը.
  • մշակում է մասնագիտական ուսուցման հրահանգչի ընտրության չափանիշները.
  • ստեղծում և վարում է սոցիալական գործընկերության կողմ կազմակերպությունների տեղեկատու.
  • կազմակերպում է հմտությունների մրցույթներ, վարպետության դասեր, և այլ միջոցառումներ․
  • իրականացնում է ՄԿՈՒ համակարգի գրավչության բարձրացմանը և հանրային իրազեկմանը միտված միջոցառումներ․
  • տրամադրում է մասնագիտական և մեթոդական խորհրդատվություն ՄԿՈՒ իրականացնող կազմակերպություններին․
  • աջակցում է ՄՈՒՀ-երի մանկավարժական, վարչական, ուսումնաօժանդակ և կառավարման գործառույթներ իրականացնող կազմի, ինչպես նաև մասնագիտական ուսուցման հրահանգիչների մասնագիտական կատարելագործմանը և կարողությունների զարգացմանը․
  • աջակցում է ՄԿՈՒ մանկավարժական աշխատողների ատեստավորման և տարակարգի շնորհման համակարգի ներդման, չափանիշների ու պահանջների մշակման և շարունակական կատարելագործման գործընթացներին․
  • նպաստում է մասնագիտական կողմնորոշման, կարիերայի ուղղորդման, զարգացման, և ողջ կյանքի ընթացքում կարիերայի ուղու  քարտեզագրման  համակարգի ձևավորմանը և գործարկմանը.
  • համակարգում է ոչ ֆորմալ և ինֆորմալ ուսումնառության արդյունքների գնահատման և ճանաչման գործընթացը.
  • աջակցում է ՄԿՈՒ ոլորտում որակի ապահովման համակարգի մեթոդաբանության և գործիքակազմի մշակմանը ու շարունակական կատարելագործմանը․
  • իրականացնում և համակարգում է ոլորտային ծրագրերի և փաստաթղթերի փորձաքննության և մասնագիտական գնահատման գործընթացները, տրամադրում է համապատասխան խորհրդատվություն․
  • վարում է ուսուցումների ազգային ռեեստրը, համակարգում տվյալների բազայի նպատակային հավաքագրման, օգտագործման, հայտերի սպասարկման աշխատանքները.
  • աջակցում է ՄԿՈՒ ոլորտում տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների կիրառմանը և կառավարման տեղեկատվական համակարգերի ներդրմանը.
  • համագործակցում է տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, միջազգային կազմակերպությունների, սփյուռքի և մասնագիտական միավորումների հետ, այդ թվում՝ միջոցների ներգրավման, դրամաշնորհային ծրագրերի մշակման ու իրականացման նպատակով․
  • աջակցում է ՄԿՈՒ համակարգի միջազգային համահնչեցմանը, շնորհվող որակավորումների և ավարտական փաստաթղթերի փոխճանաչելիությանը և համադրելիությանը․
  • կազմակերպում է ՄԿՈՒ ոլորտի համաժողովներ, սեմինարներ, խորհրդակցություններ և այլ մասնագիտական միջոցառումներ․
  • կազմակերպում է սոցիալական գործընկերության ամրապնդմանը միտված միջոցառումներ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների հետ համատեղ․
  • իրականացնում է Հիմնադրամի կանոնադրական նպատակներից բխող և օրենսդրությամբ չարգելված այլ գործունեություն։

 

  • ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
  1. Իր կանոնադրական նպատակների իրականացման համար՝ Հիմնադրամն իրավունք ունի․
  • անարգել տարածելու տեղեկություններ իր գործունեության մասին.
  • պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից օրենքով սահմանված կարգով ստանալու անհրաժեշտ տեղեկատվություն․
  • ստեղծելու առանձնացված ստորաբաժանումներ (մասնաճյուղեր, ներկայացուցչություններ) և հիմնարկներ.
  • ստեղծելու տնտեսական ընկերություններ կամ դառնալու դրանց մասնակիցը.
  • ֆիզիկական և իրավաբանական անձանց հետ կնքելու պայմանագրեր.
  • ներգրավելու գույքային և ոչ գույքային միջոցներ.
  • համագործակցելու Հայաստանի Հանրապետության, միջազգային և օտարերկրյա կազմակերպությունների հետ.
  • իրականացնելու օրենքով չարգելված այլ գործունեություն:
  1. Հիմնադրամը պարտավոր է`
  • գործել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին, այլ օրենքներին ու իրավական ակտերին, ինչպես նաև սույն կանոնադրությանը համապատասխան.
  • օրենքով սահմանված կարգով վարել գործավարություն և հաշվապահական հաշվառում, անցնել տարեկան աուդիտ` Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կողմից ընտրված աուդիտորական կազմակերպության կողմից.
  • օրենքով նախատեսված դեպքերում և կարգով պետական մարմիններ ներկայացնել կամ հրապարակել տեղեկատվություն ու հաշվետվություններ.
  • իրականացնել օրենքով սահմանված այլ պարտականություններ:
  1. Հիմնադրամը կարող է զբաղվել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակներով՝
  • իրավական, մեթոդական և մասնագիտական խորհրդատվությունների տրամադրում՝ կրթական ծրագրեր իրականացնող կազմակերպություններին և այլ շահառուներին, եթե դրանք չեն համընկնում հիմնադրամի հիմնական գործառույթների հետ.
  • լրացուցիչ կրթական ծրագրերի մշակում՝ անկախ փորձագետների միջոցով,
  • ոչ ֆորմալ և ինֆորմալ ուսումնառության արդյունքների գնահատման, ճանաչման, վկայագրման իրականացում․
  • լրացուցիչ կրթական ծրագրերի փորձաքննություն և մշտադիտարկում․
  • ճանաչման թարգմանչական և հրատարակչական գործունեության իրականացում.
  • ուսումնամեթոդական նյութերի մշակում, իրացում, վաճառք.
  • ցուցահանդեսների, տոնավաճառների, կրթական, մշակութային, սոցիալական, մարզական և Հիմնադրամի կանոնադրական նպատակներից բխող այլ բնույթի միջոցառումների կազմակերպում.
  • հետազոտական ծառայությունների մատուցում.
  • տարածքների, սարքավորումների և տեխնիկայի վարձակալությամբ տրամադրում։
  1. Հիմնադրամը ձեռնարկատիրական գործունեություն կարող է իրականացնել անձամբ կամ այդ նպատակով կարող է ստեղծել տնտեսական ընկերություններ կամ դառնալ դրանց մասնակից:
  2. Հիմնադրամն իր գործառույթներն իրականացում է Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կողմից հաստատված կառուցվածքին, հաստիքացուցակին և զբաղմունքի նկարագրին համապատասխան գործող աշխատակազմի, ինչպես նաև ուսուցումների ազգային ռեեստրում ընդգրկված, իսկ դրա անհնարինության դեպքում՝ հրավիրված մասնագետների միջոցով։
  3. Հիմնադրամի հիմնական աշխատողների համատեղությամբ աշխատանքի հնարավորության դեպքերը և պայմանները սահմանում է Հոգաբարձուների խորհուրդը։

 

  1. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ ԵՎ ՆՐԱՆՑ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
  2. Հիմնադրամի մարմիններն են`
  • Հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը (այսուհետ` Խորհուրդ).
  • Հիմնադրամի գործադիր տնօրենը (այսուհետ` Տնօրեն):
  1. Հիմնադրամի կառավարման բարձրագույն և հսկողություն իրականացնող մարմինը Խորհուրդն է:
  2. Խորհուրդը բաղկացած է 12 անդամից, որոնցից 6-ը պետական կառավարման մարմինների ներկայացուցիչներ են, իսկ 6-ը՝ մասնավոր հատվածի հինգ ներկայացուցիչ և Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահի առաջադրմամբ՝ արհեստակցական միությունների մեկ ներկայացուցիչ՝ երկու տարի ժամկետով, վերընտրման իրավունքով։
  3. Խորհրդի կազմում ընդգրկվում են պետական կառավարման համակարգի հետևյալ մարմինների ներկայացուցիչները (նախարարի կամ նախարարի առաջադրմամբ՝ ոլորտային իրավասության փոխնախարարի մակարդակով).
  • Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտի պետական կառավարման լիազոր մարմին․
  • Աշխատանքի և սոցիալական հարցերի ոլորտի պետական կառավարման լիազոր մարմին․
  • Տարածքային կառավարման ոլորտի պետական կառավարման լիազոր մարմին․
  • Էկոնոմիկայի, գյուղատնտեսության և սպասարկման ոլորտների պետական կառավարման լիազոր մարմին․
  • Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտների պետական կառավարման լիազոր մարմին․
  • Ֆինանսների ոլորտի պետական կառավարման լիազոր մարմին։
  1. Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարը կամ նրա առաջադրմամբ՝ ոլորտային իրավասության փոխնախարարը ի պաշտոնե Խորհրդի նախագահն է։ Խորհուրդն ունի երկու փոխնախագահ, որոնցից մեկը՝ Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի ներկայացուցիչն է, իսկ մյուսը՝ ընտրվում է Խորհրդի կողմից՝ մասնավոր հատվածի ներկայացուցիչներից։
  2. Հոգաբարձուների խորհրդի՝ սույն կանոնադրության 24-րդ կետով նախատեսված անդամները նշանակվում են ի պաշտոնե, և նրանց լիազորությունները համարվում են դադարած նրա զբաղեցրած պաշտոնին այլ անձ նշանակելու կամ նրա զբաղեցրած պաշտոնի վերացման մասին լիազորված մարմնի որոշումն ուժի մեջ մտնելու պահից:
  3. Խորհրդի կազմում մասնավոր հատվածի հինգ ներկայացուցիչները ընգրկվում են տնտեսության համար կարևոր նշանակություն ունեցող ճյուղերում և զարգացման գերակա ոլորտներում մասնավոր հատվածի շահերը ակտիվորեն ներկայացնող ոչ առևտրային կազմակերպությունների առաջադրմամբ։ Առաջադրող կազմակերպությունը պետք է լինի ՀՀ-ում գրանցված իրավաբանական անձ, որն առնվազն վերջին երեք տարիներին իրականացրել է փաստացի գործունեություն և ունի ոլորտի կազմակերպությունների ներկայացուցչական անդամություն։ Առաջադրող կազմակերպությունների ընտրության հարցում հաշվի են առնվում ՄԿՈւ ոլորտին նրանց ներգրավվածությունը, ինստիտուցիոնալ կարողությունները, լավ կառավարման և թափանցիկության ցուցանիշները։
  4. Սույն կանոնադրության 27-րդ կետով նախատեսված կազմակերպություններին Խորհրդի կազմում անդամ առաջադրելու համար դիմում է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարը՝ նշելով անդամին ներկայացվող անհրաժեշտ պահանջները, չափանիշները, առաջադրման ժամկետները, անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը (ՄԿՈՒ ոլորտում նեգավվածությունը հաստատող ապացույցներ, թեկնածուի կենսագրական տվյալներ և այլն)։
  5. Սույն կանոնադրության 27-րդ կետով նախատեսված կազմակերպությունների կողմից առաջադրված ներկայացուցիչներից Խորհրդի կազմում անդամի ընտրության հարցում հաշվի են առնվում, մասնավորապես․
  • ոլորտում փորձառությունը.
  • ՄԿՈՒ նախաձեռնություններում մասնակցության ծավալը և արդյունավետությունը.
  • տարածքային և ճյուղային ներկայացվածությունը.
  • մեծ և փոքր ու միջին ձեռնարկությունների համամասնությունը.
  • ներդրումը՝ ներառականության, նորարարության կամ հմտությունների համակարգի բարեփոխման ուղղությամբ.
  • երիտասարդների զարգացման խթանումը:
  1. Խորհրդի անվանական կազմը հաստատում է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարը։
  2. Խորհրդի անդամի լիազորությունները դադարում և վաղաժամկետ դադարեցվում են «Հիմնադրամների մասին» օրենքով սահմանված դեպքերում։
  3. Ժամկետի ավարտով պայմանավորված լիազորությունները դադարելու մասին Խորհրդի նախագահը Խորհրդի համապատասխան անդամին (ինչպես նաև նրան առաջադրած մարմնին կամ կազմակերպությանը) գրավոր ծանուցում է ժամկետի ավարտից առնվազն 30 (երեսուն) օր առաջ։ Միաժամանակ սկսվում է սույն Կանոնադրության 28-րդ կետով նախատեսված գործընթացը։ Խորհրդի անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարելու դեպքում Խորհրդի նոր անդամի նշանակման գործընթացը սկսվում է, ոչ ուշ քան թափուր տեղ առաջանալուց հետո տասնօրյա ժամկետում։
  4. Խորհրդի անդամի թափուր տեղ առաջանալու մասին տեղեկացված լինելու օրվանից ոչ ուշ, քան 10 օրվա ընթացքում Տնօրենը տեղեկացնում է հիմնադիրներին, հոգաբարձուների խորհրդի անդամներին նշանակած անձանց կամ մարմիններին, հիմնադրամի մարմիններին:
  5. Խորհրդի անդամները չեն կարող լինել Հիմնադրամի մեկ այլ մարմնի անդամ կամ աշխատակազմի աշխատակից:
  6. Խորհրդի նախագահը և մյուս անդամները Հիմնադրամում պաշտոն զբաղեցնող անձ չեն համարվում և իրենց պարտականությունները կատարում են առանց վարձատրության՝ հասարակական հիմունքներով, բացառությամբ սույն Կանոնադրության 36-րդ կետի 4)-րդ ենթակետով սահմանված դեպքի:
  7. Խորհրդի անդամն իրավունք ունի`
  • ներկայացնելու առաջարկություններ Խորհրդի նիստերի օրակարգի և քննարկվող հարցերի վերա­բերյալ.
  • նախապատրաստելու և Խորհրդի քննարկմանը ներկայացնելու հարցեր, առաջարկություններ ու որոշում­ների և դրանց կից նյութերի նախագծեր.
  • ստանալու տեղեկատվություն և անհրաժեշտ փաստաթղթեր Հիմնադրամի գործունեությանը վերաբերող ցանկացած հարցի վերաբերյալ.
  • ստանալու իր պարտականությունների կատարմամբ պայմանավորված ծախսերի փոխհատուցում: Փոխհատուցման վճարման կարգը և չափը սահմանում է Խորհուրդը:
  1. Խորհրդի անդամը պարտավոր է՝
  • պատշաճ կարգով նախապատրաստվել և անձամբ մասնակցել Խորհրդի նիս­տերին, այդ թվում՝ 

ա) նախապես ծանոթանալ նիստի օրակարգին․ 

բ) ուսումնասիրել նիստի գումարման վերաբերյալ ծանուցմանը կցվող բոլոր նյութերը, այդ թվում՝ առ­կա­յության դեպքում, որոշումների նախագծերը․ 

գ) առանց հարգելի պատճառի չբացակայել Խորհրդի նիստերից, իսկ բացակայելու դեպքում նախապես գրավոր տեղեկացնել Խորհրդին բացակայության և դրա պատճառների մասին․ 

դ) Խորհրդի նիստից բացակայելու դեպքում ներկայացնել իր գրավոր կարծիքը նիստի օրակարգում ներառված հարցերի վերաբերյալ, եթե դա հնարավոր է․ 

  • մասնակցել Խորհրդի նիստերի օրակարգում ներառված հարցերի քվեարկությանը,
  • իր ձայնի իրավունքը չփոխանցել երրորդ անձի, այդ թվում՝ Խորհրդի այլ անդամների,
  • սույն Կանոնադրությամբ նախատեսված իր պարտականությունները կատարել անձամբ, բարեխիղճ և ողջամիտ կերպով,
  • խուսափել անձնական և Հիմնադրամի շահառուների միջև իրական ու հնարավոր շահերի բախում­ներից, Խորհրդին տեղեկացնել այդպիսի շահերի բախումների առաջացման կամ դրա հնարավորության մասին,
  • Խորհրդի անդամի իր պարտականությունների կատարման ընթացքում գործել` ելնելով Հիմնադրամի շահերից:
  1. Խորհրդի իրավասությանն են պատկանում`
  • Հիմնադրամի ռազմավարական ծրագր(եր)ի քննարկումն ու հաստատումը.
  • իր որոշումների կատարման ընթացքի վերահսկումը.
  • Հիմնադրամի նպատակների իրականացման տարեկան և միջանկյալ ծրագրերի քննարկումն ու հաստատումը, դրանց կատարման նկատմամբ վերահսկողությունը, ծրագրերի իրականացման վերաբերյալ ընթացիկ և ամփոփիչ հաշվետվությունների քննարկումն ու հաստատումը.
  • տարեկան առնվազն մեկ անգամ տնօրենի հաշվետվությունների լսումը.Խորհրդի անդամների ընտրության կարգի, չափանիշների և պահանջների, լիազորությունների վաղաժամկետ դադարեցման մասին որոշումների ընդունումը.
  • Հիմնադրա­մի տնօրենի ընտրության մրցութային կարգի հաստատումը, այդ թվում՝ տնօրենի թեկնածուի նկատմամբ պահանջների սահմանումը, տնօրենի ընտրության և լիազորությունների վաղաժամկետ դադարման մասին որոշումների ընդունումը,
  • տնօրենին վճարվող հիմնական աշխատավարձի չափի, պարգևավճարի ու այլ լրացուցիչ վարձատրության (բացի օրենսդրությամբ սահմանված հավելումներից ու հավելավճարներից) սահմանումը,
  • Հիմնադրամի կառուցվածքի, հաստիքացուցակի, աշխատողների զբաղմունքի նկարագրերի հաստատումը.
  • սույն կանոնադրությամբ նախատեսված Հիմնադրամի այլ մարմինների ձևավորումը.
  • Հիմնադրամի աշխատանքային ներքին կանոնակարգի հաստատումը.
  • սույն կանոնադրության մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու, կանոնադրության փոփոխությունը, կանոնադրությունը նոր խմբագրությամբ հաստատելու մասին որոշումների ընդունումը.
  • տնտեսական ընկերությունների ստեղծման կամ դրանցում մասնակցության, ինչպես նաև առանձնացված ստորաբաժանումների և հիմնարկների ստեղծման ու դրանց կանոնադրությունների հաստատման մասին որոշումների ընդունումը.
  • Հիմնադրամի կողմից իրականացվող ձեռնարկատիրական գործունեության տեսակների և դրանց նկարագրի, պայմանագրի էական պայմանների, շահույթի օգտագործման նպատակային ուղղությունների սահմանումը․
  • Հիմնադրամի տնօրենի կողմից ներկայացրած ուսուցումների ազգային ռեեստրի բաժիններում առկա տեղեկատվության հասանելիության աստիճանի, տեղեկատվության տրամադրման պայմանների և ընթացակարգի հաստատումը՝ ապահովելով օրենքով պաշտպանվող գաղտնիք համարվող տվյալների և հեղինակային ու հարակից իրավունքների պաշտպանությունը.
  • Հիմնադրամի բյուջեի և դրա փոփոխությունների, տարեկան ֆինանսական հաշվետվությունների ու Հիմնադրամի գործունեության տարեկան հաշվետվությունների հաստատումը.
  • Հիմնադրամի ֆինանսատնտեսական գործունեության վերահսկումը.
  • Հիմնադրամի կողմից կնքվող ցանկացած գործարքի՝ ներառյալ՝ փոխկապակցված գոր­ծարքների հաստատումը, որոնց գումարը գերազանցում է 25,000,000 (քսանհինգ միլիոն) ՀՀ դրամը.
  • Հիմնադրամի աուդիտ իրականացնող անձի (կազմակերպության) ընտրությունը.
  • հիմնադրամի գույքի տնօրինման կարգի հաստատումը.
  • հիմնադրամի վերակազմակերպման մասին որոշման ընդունումը.
  • հիմնադրամի լուծարման հարցով դատարան դիմելու մասին որոշման ընդունումը.
  • հիմնադրամի լուծարման հանձնաժողովի (լուծարողի) նշանակումը, լուծարման կարգի ու ժամկետների սահմանումը, լուծարման միջանկյալ հաշվեկշռի հաստատումը, լուծարման հաշվեկշռի հաստատումը.
  • «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, սույն կանոնադրությամբ նախատեսված, ինչպես նաև հիմնադրամի այլ մարմիններին չվերապահված այլ լիազորությունների իրականացումը:
  1. Խորհրդի նախագահը`
  • կազմակերպում է խորհրդի աշխատանքները,
  • գումարում է Խորհրդի նիստերը և նախագահում դրանք.
  • կազմակերպում է նիստերի արձանագրության վարումը.
  • «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դեպքերում կարող է կազմավորել Խորհրդի ժամանակավոր ժամանակավոր հանձնախմբեր.
  • օրենքով նախատեսված դեպքերում Խորհրդի քննարկմանն է ներկայացնում Խորհրդի անդամի լիազորությունների դադարեցման մասին որոշման նախագիծ:
  1. Հիմնադրամի տնօրենի իրավասությանն են պատկանում Հիմնադրամի ընթացիկ գործունեության կառավարման և ղեկավարման բոլոր հարցերը:
  2. Հիմնադրամի տնօրենը պաշտոնի նշանակվում և պաշտոնից ազատվում է Խորհրդի կողմից` հինգ տարի ժամկետով, վերընտրման իրավունքով։
  3. Հիմնադրամի տնօրեն կարող է ընտրվել այն անձը, ով ունի բարձրագույն կրթության, ինչպես նաև վերջին տաս տարվա ընթացքում կառավարչական (մասնավոր կամ հանրային ոլորտում) գործունեության կամ կրթական ծրագրերի կառավարման առնվազն 7 տարվա աշխատանքային ստաժ։
  4. Հիմնադրամի անունից տնօրենի հետ աշխատանքային պայմանագիրը ստորագրում է հոգաբարձուների խորհրդի նախագահը։
  5. Հիմնադրամի տնօրենը`
  • կառավարում է հիմնադրամի ընթացիկ գործունեությունը․
  • աջակցում է Խորհրդի աշխատանքին, կազմակերպում է խորհրդի որոշումների կատարումը.
  • տնօրինում է հիմնադրամի գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցները, գործարքներ է կնքում հիմնադրամի անունից.
  • ներկայացնում է հիմնադրամը Հայաստանի Հանրապետությունում և օտարերկրյա պետություններում.
  • գործում է առանց լիազորագրի.
  • տալիս է լիազորագրեր.
  • կնքում է պայմանագրեր, այդ թվում` աշխատանքային.
  • բանկերում բացում է հիմնադրամի հաշվարկային (այդ թվում` արտարժութային) և այլ հաշիվներ.
  • խորհրդի հաստատմանն է ներկայացնում հիմնադրամի աշխատանքային ներքին կանոնակարգը, առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և հիմնադրամի կողմից հիմնադրվող տնտեսական ընկերությունների կանոնադրությունները, հիմնադրամի կառուցվածքը, հաստիքացուցակը, պաշտոնի նկարագրերը, կանոնադրական նպատակներից բխող գործառույթների կատարման տեխնիկական առաջադրանքները.
  • իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ, հրահանգներ, տալիս պարտադիր կատարման ենթակա ցուցումներ և վերահսկում դրանց կատարումը.
  • սահմանված կարգով աշխատանքի նշանակում և աշխատանքից ազատում է հիմնադրամի աշխատողներին.
  • Հիմնադրամի աշխատողների նկատմամբ կիրառում է խրախուսման և կարգապահական պատասխանատվության միջոցներ.
  • ընդունում է որոշում 25,000,000 (քսանհինգ միլիոն) ՀՀ դրամը գերազանցող գործարքներ կատարելու մասին․
  • Խորհրդի կողմից ընտրված աուդիտորի (աուդիտորական կազմակերպության) հետ կնքում է պայմանագիր։
  1. Հիմնադրամի տնօրենը, բացի գիտական, մանկավարժական, ստեղծագործական աշխատանքից, այլ պաշտոններ կարող է զբաղեցնել կամ վճարովի այլ աշխատանք կատարել միայն Խորհրդի համաձայնությամբ:
  2. Հիմնադրամի տնօրենը «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքում ներկայացնում է գույքի, եկամուտների, շահերի և ծախսերի հայտարարագիր:
  3. Տնօրենն ունի առնվազն երկու տեղակալ, որոնց միջև իրավասությունների բաշխումը, Տնօրենի առաջարկությամբ, հաստատում է Խորհուրդը։
  4. Տնօրենի ժամանակավոր բացակայության (այդ թվում՝ արձակուրդի, գործուղման, ժամանակավոր անաշխատունակության) կամ լիազորությունների կատարման ժամանակավոր անհնարինության դեպքում նրան ժամանակավորապես փոխարինում է այն տեղակալը, որի վրա Տնօրենի հրամանով դրված է նրան փոխարինելու իրավասությունը: Տնօրենի լիազորությունների դադարեցման, պաշտոնը թափուր մնալու կամ լիազորությունների կատարման անհնարինության այլ դեպքերում այդ լիազորությունները ժամանակավորապես իրականացնում է Խորհրդի կողմից որոշված տեղակալը:
  5. Հիմնադրամի իրավասությանը վերապահված հարցերի նախնական քննարկման և դրանց վերաբերյալ հոգաբարձուների խորհրդին եզրակացություններ (տեղեկանքներ) ներկայացնելու համար Խորհուրդը կարող է ստեղծել հանձնաժողովներ, աշխատանքային խմբեր, խորհրդակցական այլ մարմիններ, սահմանել դրանց կազմը, իրավասությունը և գործունեության կարգը։

 

  1. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՆԻՍՏԵՐԸ ԵՎ ԿՈՂՄԻՑ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՐԳԸ
  2. Խորհուրդն իր գործունեությունն իրականացնում է նիստերի միջոցով։ Խորհրդի նիստերը կարող են կազմակերպվել առկա, հեռավար, կամ առկա ու հեռավար եղանակների համադրությամբ։ Տնօրենի ընտրությունն իրականացվում է առկա նիստի միջոցով։
  3. Խորհրդի հերթական նիստերը գումարվում են առնվազն երեք ամիսը մեկ անգամ: Խորհրդի արտահերթ նիստ գումարում է Խորհրդի նախագահը` իր, երկու փոխնախագահների կամ խորհրդի անդամների առնվազն մեկ երրորդի կամ Տնօրենի նախաձեռնությամբ` նախաձեռնողի սահմանած օրակարգով:
  4. Խորհրդի նիստի հրավերը ուղարկվում է գրավոր՝ փոստային կապի կամ էլեկտրոնային կապի միջոցով։ Քանի դեռ անդամը գրավոր չի պահանջել իրեն ծանուցել փոստային կապի միջոցով, ծանուցումը ուղարկվում է էլեկտրոնային կապի եղանակով՝ անդամի կողմից խորհրդին իր հետ կապի նպատակով տրամադրված կոնտակտային տվյալներով՝ էլեկտրոնային փոստի հասցեով կամ բջջային հեռախոսահամարի հետ կապակցված հաղորդակցության բջջային հավելվածին էլեկտրոնային հաղորդագրություն ուղարկելու միջոցով։ Նիստի հրավերին կցվում է նիստի օրակարգը։ Նիստի հրավերը, որպես կանոն, ուղարկվում է նիստից առնվազն 5 (հինգ) աշխատանքային օր առաջ (ընդհատված հեռավար նիստի օրակարգով նոր նիստի մասին ծանուցումը կարող է ուղարկվել առանց նշված ժամկետը պահպանելու)։
  5. Խորհրդի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է Խորհրդի անդամների կեսից ավելին:
  6. Խորհրդի որոշումներն ընդունվում են նիստին մասնակցող անդամների ձայների մեծամասնությամբ՝ բացառությամբ օրենքով կամ սույն կանոնադրության 55-րդ կետով նախատեսված դեպքերի: Քվեարկության ժամանակ խորհրդի յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայն: Ձայների հավասարության դեպքում խորհրդի նախագահի ձայնը վճռորոշ է:
  7. Հիմնադրամի տնօրենի ընտրության և պաշտոնից ազատման, ինչպես նաև հիմնադրամի անվանման փոփոխության, վերակազմակերպման, լուծարման և կանոնադրության փոփոխության կամ նոր խմբագրությամբ հաստատման, Խորհրդի անդամի կողմից իր պարտականությունները պատշաճ չկատարելու դեպքում տվյալ անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման մասին որոշումներն ընդունվում են նիստին ներկա անդամների ձայների առնվազն երկու երրորդով:
  8. Ձայնի և քվեարկության իրավունքի փոխանցումն այլ անդամի չի թույլատրվում: Անդամը, որը չի կարող ներկա գտնվել նիստին, կարող է նիստին քննարկվող հարցերի վերաբերյալ իր դիրքորոշումը նախապես գրավոր ներկայացնել Խորհրդի նախագահին, պայմանով, որ օրակարգի հիման վրա հնարավոր է ձևակերպել վերջնական դիրքորոշում քվեարկվող հարցի վերաբերյալ։
  9. Հեռավար եղանակով նիստը կազմակերպելու դեպքում այն պետք է իրականացվի տեսաձայնային կոնֆերանսին խորհրդի անդամների միաժամանակյա ներկայության միջոցով, որը պետք է ամբողջությամբ ձայնագրվի։ Եթե հեռավար նիստի ընթացքում մասնակցող անդամներից մեկի մասնակցությունը դադարում է (կապի խափանման կամ իր կամքից անկախ այլ պատճառներով), ապա նիստը կասեցվում է մինչև նրա մասնակցության վերականգնվելը, բայց ոչ ավել, քան 15 (տասնհինգ) րոպեով։ Եթե սահմանված ժամկետում համապատասխան անդամի մասնակցությունը նիստին չի վերականգնվում, ապա նիստը կարող է վերսկսվել, եթե համապատասխան անդամի բացակայության պայմաններում առկա է քվորում։ Հակառակ դեպքում նիստը հետաձգվում է ու նույն օրակարգով հրավիրվում այլ օր։
  10. Խորհրդի որոշումները կարող են ընդունվել առանց նիստի` հեռակա կարգով քվեարկության (այդ թվում՝ առցանց քվեարկության) միջոցով: Հեռակա կարգով քվեարկություն կարող է անցկացվել փաստաթղթերը փոստային, հեռագրային, հեռատիպային, հեռախոսային, էլեկտրոնային կապի՝ փոխանցվող և ընդունվող հաղորդագրությունների իսկությունը հավաստող և հասցեատիրոջ կողմից դրանք ստանալու փաստի հաստատման հնարավորություն տվող միջոցներով փոխանակելու եղանակով: Հեռակա կարգով քվեարկության դեպքում Խորհրդի նախագահը Խորհրդի բոլոր անդամներին ուղարկում է որոշման նախագիծ, նշելով դրան կողմ կամ դեմ քվեարկելու հնարավորության ու եղանակի, ինչպես նաև քվեարկության վերջնաժամկետի մասին։
  11. Հեռակա կարգով քվեարկության վերջնաժամկետը պետք է սահմանվի որոշման նախագիծը ուղարկելու օրվանից ոչ պակաս, քան 5 (հինգ) աշխատանքային օր, բացառությամբ հրատապ որոշում պահանջող հարցերի, երբ 5-օրյա ժամկետը պահպանելը օբյեկտիվորեն հնարավոր չէ։ Եթե մինչև վերջնաժամկետի ավարտը չեն ստացվում համապատասխան որոշման քննարկման մասով կիրառելի քվորումի չափով ձայներ, ապա որոշումը համարվում է չընդունված քվորումի բացակայության պատճառով։ Հեռակա կարգով քվեարկության արդյունքները նախագահի կողմից ամփոփվում ու բոլոր անդամներին ծանուցվում են քվեարկության վերջնաժամկետից հետո՝ 2 (երկու) աշխատանքային օրվա ընթացքում։
  12. Խորհրդի նիստերին առանց ձայնի իրավունքի պարտադիր մասնակցում է Տնօրենը, եթե այլ բան չի որոշվել Խորհրդի կողմից։
  13. Խորհրդի նիստերին, ըստ անհրաժեշտության, նախագահի կողմից (սեփական նախաձեռնությամբ կամ Տնօրենի կամ խորհրդի անդամների մեկ երրորդի պահանջով)  կարող են հրավիրվել (ելույթ ունենալու, կարծիք հայտնելու, բացատրություններ ներկայացնելու, հարցերի պատասխանելու կամ խորհրդակցական ձայնի իրավունքով նիստին մասնակցելու համար) պաշտոնատար անձինք, ոլորտային փորձագետներ, միջազգային կազմակերպությունների համապատասխան ծրագրերի իրականացման պատասխանատուներ, մասնավոր հատվածի ներկայացուցիչներ և այլ անձինք:
  14. Եթեձինք:ր հատվածի ներկայացուցիչներ ապատասխան անդամի կամ նրա հետ փոխկապակցված անձի (ծնող, ամուսին, զավակ, եղբայր, քույր, ամուսնու ծնող, զավակ, եղբայր և քույր), գույքային կամ այլ շահերի վերաբերյալ հարց, ապա խորհրդի տվյալ անդամը քվեարկությանը չի մասնակցում:
  15. Տնօրենը և խորհրդի անդամները պետք է պաշտոնեական պարտականություններ իրականացնելիս զերծ մնան այնպիսի գործողություններ իրականացնելուց ու որոշումներ կայացնելուց, որոնց մասով առկա է շահերի բախում։ 
  16. Տնօրենը, խորհրդի անդամը պարտավոր են Խորհրդին գրավոր տեղեկացնել ցանկացած փաստացի ու հնարավոր շահերի բախմանը վերաբերող հանգամանքների մասին և զերծ մնան գործողություն (անգործություն) կատարելուց կամ որոշում ընդունելուց, այդ թվում՝ որոշման կայացմանն ուղղված նախապատրաստական աշխատանքներին (փաստաթղթերի նախագծերի կազմում, քննարկումների կազմակերպում, որոշման վրա ազդեցություն ունեցող հանձնախմբերի ձևավորում և այլն) մասնակցելուց կամ այլ կերպ որոշման կայացման գործընթացին մասնակցելուց։
  17. Շահերի բախում է համարվում այնպիսի իրավիճակը, երբ որոշում կայացնող կամ գործողություն ձեռնարկող անձի մասնավոր շահերը (ներառյալ՝ իր հետ փոխկապակցված անձանց շահերը) ազդում են կամ կարող են ազդել վերջինիս պաշտոնեական պարտականությունների անաչառ և օբյեկտիվ կատարման վրա։ Դա կարող է կապված լինել, ի թիվս այլ հանգամանքների, որոշակի արտոնության, առավելության կամ այլ օգուտի, որը համապատասխան որոշումը կամ գործողությունը կարող է առաջացնել (ուղղակի կամ անուղղակի) համապատասխան անձի համար։
  18. Խորհրդի նիստերն արձանագրվում են: Արձանագրությունը ստորագրում են Խորհրդի նախագահը և տվյալ նիստի քարտուղարը: Արձանագրությունը ուղարկվում է Խորհրդի բոլոր անդամներին նիստի օրվանից առավելագույնը 2 (երկու) աշխատանքային օրվա ընթացքում։ Արձանագրությունները թղթային տարբերակով պահպանվում են նիստի օրվանից առնվազն 10 (տաս) տարի ժամկետով, իսկ դրանց էլեկտրոնային պատկերատպումները (սկաները)՝ անժամկետ։ Խորհրդի նախագահը պատասխանատվություն է կրում նիստի արձանագրությունում առկա տեղեկությունների հավաստիության համար:

 

  1. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԳՈՒՅՔԸ
  2. Հիմնադրի կողմից հիմնադրամին հանձնված գույքը հիմնադրամի սեփականությունն է: Հիմնադրամն այդ գույքն օգտագործում է սույն կանոնադրությամբ սահմանված նպատակներով:
  3. Հիմնադրամի գույքի ձևավորման աղբյուրներն են՝
  • Հիմնադրամի կամավոր ներդրումները.
  • Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից դրամական մուտքերը.
  • ֆիզիկական և իրավաբանական անձանց նվիրատվություններն ու նվիրաբերությունները, այդ թվում` օտարերկրյա քաղաքացիների, իրավաբանական անձանց, միջազգային կազմակերպությունների նվիրատվություններն ու նվիրաբերությունները.
  • դրամաշնորհները.
  • հիմնադրամի և իր ստեղծած կամ իր մասնակցությամբ տնտեսական ընկերությունների ձեռնարկատիրական գործունեությունից ստացված միջոցները.
  • հանգանակությունները՝ միջոցներ, որոնք ստացվում են դրանց կուտակմանն ուղղված գործունեությունից (մշակութային, մարզական, զվարճալի և այլ միջոցառումների միջոցով գումարների հայթայթում).
  • օրենքով չարգելված այլ միջոցներ:
  1. Հիմնադրամի սեփականությունն է համարվում իր կողմից ստեղծված, ձեռք բերված կամ այլ քաղաքացիների, կազմակերպությունների կողմից հանձնված ունեցվածքը` ներառյալ դրամական միջոցները, բաժնետոմսերը, այլ արժեթղթեր և մտավոր սեփականության նկատմամբ իրավունքները:
  2. Հիմնադրամի ամբողջ ունեցվածքը, տնտեսական գործունեությունից ստացված եկամուտները համարվում են նրա սեփականությունը և չեն կարող որպես շահույթ հատկացվել հիմնադրամի հիմնադրին: Հիմնադրամը տնօրինում, օգտագործում և տիրապետում է իր ունեցվածքը` միայն այդ գույքի նշանակությանը համապատասխան և միայն սույն կանոնադրությամբ սահմանված հիմնադրամի նպատակների իրականացման համար:
  3. Հիմնադրամի կանոնադրական նպատակների իրականացումն և բնակականոն գործունեությունն ապահովվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին։

 

  • ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ
  1. Հիմնադրամն օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով վարում է հաշվապահական հաշվառում և ներկայացնում է ֆինանսական ու վիճակագրական հաշվետվություն։ Յուրաքանչյուր տարի հաշվետու տարվան հաջորդող հուլիսի 1-ից ոչ ուշ Հիմնադրամը՝ հիմնադրամների կողմից հրապարակվող հաշվետվությունների համար նախատեսված համակարգում պարտավոր է հրապարակել իր գործունեության մասին և հաշվապահական հաշվառումը կարգավորող օրենսդրության համաձայն պատրաստված հաշվետվությունները:
  2. Տնօրենը պատասխանատվություն է կրում հիմնադրամի հաշվապահական հաշվառման կազմակերպման, դրա վիճակի և հավաստիության, տարեկան հաշվետվության, ֆինանսական և վիճակագրական հաշվետվություններն օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված՝ պետական կառավարման մարմիններ ժամանակին ներկայացնելու, ինչպես նաև հիմնադրամի մարմիններին և այլ անձանց տրամադրվող տեղեկությունների հավաստիության համար՝ օրենքին, այլ իրավական ակտերին և սույն կանոնադրությանը համապատասխան:
  3. Հիմնադրամի վարչակառավարչական ծախսերի հաշվառումը կատարվում է հիմնադրամի այլ ծախսերից` առանձնացված կարգով:
  4. Հիմնադրամի ֆինանսական գործունեության վերստուգումը կատարվում է անկախ աուդիտորի կողմից` առնվազն տարեկան մեկ անգամ:
  5. Խորհրդի անդամների մեկ երրորդի պահանջով կարող է կատարվել արտահերթ աուդիտ:

 

  • ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼԸ
  1. Հիմնադրամի հիմնադիրը կարող է միաձայն որոշմամբ փոփոխություններ մտցնել սույն կանոնադրության մեջ: Սույն կանոնադրության մեջ փոփոխություններ և լրացումներ կարող է կատարել նաև խորհուրդը` սույն կանոնադրությամբ սահմանված կարգով: Խորհրդի կողմից սույն կանոնադրության փոփոխությունները չեն կարող վերաբերել հիմնադրամի նպատակներին կամ շահառուներին:

 

  1. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ
  2. «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և այլ օրենքներով սահմանված հիմքերով և կարգով՝ Հիմնադրամը կարող է վերակազմակերպվել այլ հիմնադրամին միացման կամ այլ հիմնադրամի հետ միաձուլման ձևով, ինչպես նաև լուծարվել։»:

 

 

 

  • Քննարկվել է

    11.07.2025 - 30.07.2025

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Գերատեսչություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1667

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ

Առաջարկներ`

Թագուհի Հարությունյան

18.07.2025

Սա կարևոր և համակարգային փոփոխություն է մասնագիտական կրթության ոլորտում։ Այն նպատակ ունի ուժեղացնել կառավարման կառուցվածքները, բարձրացնել համակարգման արդյունավետությունը և համադրել տարբեր կառույցների գործառույթները։ «Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային կենտրոն» հիմնարկի փոխարինումը նոր, ավելի լայն լիազորություններով և բազմաշերտ կառուցվածքով հիմնադրամով՝ «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն»-ով, կարող է դրական արդյունքներ ունենալ, եթե իրականացվի մտածված, հետևողական և պրոֆեսիոնալ ձևով։ Նախաձեռնությունը լավ է՝ իր ամբողջության մեջ ուղղված է դեպի արդիականացում, ներառականություն, գործատուների մասնակցություն, որակի ապահովում և միջազգային համադրման ամրապնդում։ Սակայն դրա հաջողությունն ամբողջությամբ կախված կլինի իրականացումից՝ հատկապես կառավարման թափանցիկությունից, իրական մասնավոր և մասնագիտական դաշտի ներգրավվածությունից և համակարգային շարունակականությունից։ Մի խոսքով՝ նպատակն արդարացված է, մոտեցումը՝ արդիական, բայց արդյունքը կախված է կատարողականից։

Ռուբեն Այվազյան

17.07.2025

Լավ կլինի ստեղծել հնարավորություն, որպեսզի քոլեջի վարչական անձնակազմն էլ մասնակցի ատեստավորման գործընթացին։ Սա հնարավորություն կտա վերարժեւորելու նրանց մասնագիտական կարողությունները, խթանել անձնական ու մասնագիտական զարգացումը, ինչպես նաեւ բարձրացնել կրթական կառավարման արդյունավետությունը։ Վարչական կազմի ատեստավորումը կդառնա արդար եւ համապարփակ մոտեցման մի մասը՝ արժեւորելով ոչ միայն մանկավարժական, այլեւ կազմակերպչական աշխատանքը։

Քրիստինե Մուշեղյան

16.07.2025

Առաջարկում եմ ապահովել աշխատանքի վրա հիմնված ուսուցման բոլոր երեք տեսակների զարգացման հավասար հնարավորությունները։

Տեսնել ավելին
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: