«Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հունիսի 10-ի N 938-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 10-Ի № 938-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ
- Կարգավորման ենթակա խնդիրը.
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հունիսի 10-ի № 938-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի (այսուհետ` Նախագծի) ընդունումը պայմանավորված է այն հանգամանքով, որ ներկայումս պետական ռազմականացված կազմակերպություններում զենքի շրջանառության միասնական կարգը սահմանվում է ՀՀ կառավարության 2023 թվականի հունիսի 1-ի № 889-Ն որոշմամբ։
2․ Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը․
«Զենքի մասին» օրենքի 5-րդ հոդվածի համաձայն՝ մարտական զենքի և նրա փամփուշտների նոր տեսակները (նմուշները), որոնց կառուցվածքային չափանիշներն արդեն իսկ սպառազինության մեջ գտնվող նույնանման զինատեսակների համեմատությամբ չեն ավելացնում դրանց խոցելիության ուժը, պետական ռազմականացված կազմակերպությունների ղեկավարներն ընդունում են սպառազինման` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
Պետական ռազմականացված կազմակերպություններում մարտական և այլ զենքի, դրա փամփուշտների և ռազմամթերքի շրջանառության կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
«Մաքսային ծառայության մասին» օրենքի 29-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ մաքսային մարմնի հանրային ծառայողներին զենքով ապահովելու կարգը, զենքի ու ռազմամթերքի ցանկը սահմանում է Կառավարությունը:
«Հարկային ծառայության մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հարկային մարմնի հանրային ծառայողներին զենք տրամադրելու, զենքը պահելու, կրելու և օգտագործելու կարգը սահմանում է Կառավարությունը: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ հարկային մարմնին զենքով ապահովելու (տրամադրելու), զենքը պահպանելու կարգը, զենքի ու ռազմամթերքի տեսակների ցանկը սահմանում է Կառավարությունը:
Հիմք ընդունելով վերոնշյալ կարգավորումները՝ ընդունվել է ՀՀ կառավարության 10.06.2021թ. թիվ 938-Ն որոշումը, որը սահմանում է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ` Կոմիտե) մաքսային և հարկային մարմիններում զենքով ապահովելու (տրամադրելու), զենքը պահելու, կրելու և օգտագործելու կարգը, մաքսային և հարկային մարմինների կողմից օգտագործվող զենքի և ռազմամթերքի, զենք կրելու, պահելու և օգտագործելու իրավունք ունեցող մաքսային մարմնի պաշտոնների ցանկերը:
Հարկ է նշել, որ «Զենքի մասին» օրենքը ուժը կորցրել է 01․06․2023թ․-ին, և այժմ գործում է «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքը (այսուհետ՝ Օրենք)։
Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն՝ զենքի շրջանառություն են համարվում զենքի արտադրությունը, առևտուրը, վաճառքը, հարդարումը, նորոգումը, փոխանցումը, ձեռքբերումը, հավաքածուների կազմումը և դրանց ցուցադրումը, հաշվառումը, պահպանումը, պահումը, կրումը, տեղափոխումը (փոխադրումը), օգտագործումը, նվիրատվությունը, ժառանգումը, ոչնչացումը, ներկրումը Հայաստանի Հանրապետության տարածք և արտահանումը Հայաստանի Հանրապետությունից, տարանցիկ փոխադրումը և առևտրի միջնորդական գործունեությունը։
Նույն մասի 37-րդ կետի համաձայն՝ Կոմիտեի հարկային և մաքսային մարմինները հանդիսանում են պետական ռազմականացված կազմակերպություններ:
Օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պետական ռազմականացված կազմակերպություններում զենքի շրջանառության կարգը սահմանում է Կառավարությունը:
Հիմք ընդունելով վերոնշյալը` 01.06.2023թ. ընդունվել է ՀՀ կառավարության թիվ 889-Ն որոշումը (այսուհետ՝ Որոշում), որի 1-ին կետով սահմանվել է պետական ռազմականացված կազմակերպություններում զենքի շրջանառության կարգը։
Որոշման N 1 հավելվածի 11-րդ կետի համաձայն՝ կազմակերպությունները պարտավոր են իրականացնել զենքի հաշվառում` համապատասխան կազմակերպության ղեկավարի սահմանած կարգով:
Նույն հավելվածի 14-րդ կետի համաձայն՝ ըստ զենքի նշանակության՝ դրանք պահելու պահանջները սահմանվում են կազմակերպության ղեկավարի հրամանով։
Որոշման N 3 հավելվածի 5-րդ կետի համաձայն՝ կազմակերպությունների ստորաբաժանումներում գտնվող զենքի հաշվառումը, աշխատակիցներին զենք տալու, աշխատակիցների կողմից զենքը հանձնելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են կազմակերպությունների ղեկավարների հրամանով։
Միաժամանակ, Օրենքի 37-րդ հոդվածի 6․1-ին մասի համաձայն՝ մինչև նույն օրենքով նախատեսված ենթաօրենսդրական ակտերի ընդունումը (mutatis mutandis) գործելու են կարգավորման նույն առարկան ունեցող ենթաօրենսդրական ակտերն այնքանով, որքանով դրանք իրենց էությամբ չեն հակասում նույն օրենքին:
Ստացվում է, որ Որոշման համաձայն՝ կազմակերպություններում զենք պահելու պահանջները, զենքի հաշվառումը, աշխատակիցներին զենք տալու, աշխատակիցների կողմից զենքը հանձնելու հետ կապված հարաբերությունները ենթակա են կարգավորման Կոմիտեի նախագահի հրամանով, մինչդեռ ներկայումս դրանք կարգավորվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հունիսի 10-ի № 938-Ն որոշմամբ, ուստի քանի որ համապատասխան հարաբերությունների՝ ՀՀ կառավարության որոշմամբ կարգավորվելը հակասում է Որոշմանը, հետևաբար նաև Որոշման ընդունման հիմք հանդիսացող Օրենքին, անհրաժեշտություն է առաջացել ուժը կորցրած ճանաչել ՀՀ կառավարության 2021 թվականի հունիսի 10-ի № 938-Ն որոշումը։
Միաժամանակ, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտերի նորմերի միջև կոլիզիաների դեպքում գործում են ավելի ուշ ուժի մեջ մտած նորմատիվ իրավական ակտի նորմերը:
Ելնելով վերոգրյալից՝ Որոշմամբ սահմանված կարգավորումները, որպես ավելի ուշ ուժի մեջ մտած իրավական նորմեր, ունեն գերակայություն ՀՀ կառավարության 2021 թվականի հունիսի 10-ի № 938-Ն որոշմամբ սահմանված դրույթների նկատմամբ, այսինքն` պետական ռազմականացված կազմակերպություններում զենքի շրջանառության հարաբերությունների նկատմամբ կիրառելի են ավելի ուշ ուժի մեջ մտած որոշմամբ սահմանված կարգավորումները:
- Առաջարկվող կարգավորման բնույթը
Հաշվի առնելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասը, այն է՝ նորմատիվ իրավական ակտը, բացառությամբ Սահմանադրության, ուժը կորցրած է ճանաչվում իրավաստեղծ մարմնի, դրա իրավահաջորդի կամ համապատասխան լիազորություններով օժտված մարմնի որոշմամբ:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կողմից:
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.
Նախագծի ընդունումը բխում է Կառավարության 2021-2026թթ. Ծրագրի 6.3-րդ կետից։ Ըստ Կառավարության 2021-2026թթ․ Ծրագրի 6.3-րդ կետի՝ «Հանրային ծառայության համակարգ և մարդկային ռեսուրսների կառավարում» հատվածում կառավարությունը հավակնում է զարգացնել և կայացնել հանրային ծառայության արդյունավետ համակարգ՝ հանրային ծառայության գրավչությունը բարձրացնելու և պետական համակարգի առջև դրված խնդիրներն արդյունավետորեն լուծող բարձր պրոֆեսիանալիզմով և բարեվարքությամբ օժտված մարդկային կապիտալ ձևավորելու միջոցով։
- 6. Նպատակը և ակնկալվող արդյունքը.
Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ուժը կորցրած ճանաչել ՀՀ կառավարության 2021 թվականի հունիսի 10-ի № 938-Ն որոշումը` պետական ռազմականացված կազմակերպություններում զենքի շրջանառության հետ կապված հարցերը թողնելով «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի համաձայն ընդունված ՀՀ կառավարության 2023 թվականի հունիսի 1-ի № 889-Ն որոշման կարգավորմանը։
- Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին․
Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն, պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում էական փոփոխություններ չի նախատեսվում։
-
Քննարկվել է
07.07.2025 - 22.07.2025
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Պետական եկամուտներ
-
Գերատեսչություն
Պետական եկամուտների կոմիտե
Դիտումներ` 1155
Տպել