23.07.2025
«Կանանց իրավունքների տուն» հասարակական կազմակերպությունն ուսումնասիրելով «ՀՀ քրեական օրենսգրում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքում փոփոխության վերաբերյալ նախագծի առնչությամբ, գտնում ենք, որ առկա է հետևյալը․ Իրավունքի զարգացման պատմությունն առանաձնանում է քրեական և քաղաքացիական իրավունքներում հստակություն ու որոշակիություն սահմանելով։ Նման մոտեցման մեջ հատկապես առանձնանում է այն, որ եթե քաղաքացիական իրավունքում հնարավոր է բազմաբնույթ իրավական հարաբերությունները կարգավորել նմանատիպ այլ կամ գործարար շրջանառության սովորույթին հղում կատրաելով, ապա քրեական իրավունքը նման մոտեցումը բացառում է։ Սրա հիմնավորումն այն էր, որ հայկական իրավական համակարգում դեռևս չէր կիրառվում նախադեպային իրավունքը, իսկ նույնիսկ, նույն փաստական հանգամանքներով գործերին անհրաժեշտ է տալ անհատական մոտեցում։ Նշված մոտեցումը պահպանվեց մինչև ՀՀ նոր քրեական օրենսգրքի ընդունում, որի 23-րդ հոդվածի 3-րդ մասը սահմանեց, որ «Քրեական օրենքի Ընդհանուր մասի նորմերը կարող են անալոգիայով կիրառվել, եթե դա չի վատթարացնում անձի վիճակը»: Հարկ է նշել, որ անալոգիայի կիրառումը նախատեսվել է միայն օրենսգրքի Ընդհանուր մասի նորմերի համար, այն էլ պայմանով, որ դա չի վատթարացնում անձի վիճակը: Միևնույն ժամանակ սա չի կարող բացառել իրավունքի տեսանկյունից իրավական որոշակիության սկզբունքի կիրառմանը։ Հավելենք նաև այն, որ յուրաքանչյուր կոնկրետ դեպքում դատարանը կաշկանդված է գործել բացառապես օրենքի հստակ սահմանված սահմաններում։ Այսպես, Նախագծի վերաբերյալ անհրաժեշտ ենք համարում անդրադառնալ բազմաթիվ անգամներ դատարանների կողմից առանձնացված իրավական որոշակիության սկզբունքի համատեքստում օրինական ուժի մեջ մտած դատական ակտի պարտադիրությանը: Մարդու իրավունքների և ազատությունների Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում է նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք: ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացված որոշմամբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` Եվրոպական դատարան) իրավական դիրքորոշումների համատեքստում անդրադարձել է իրավական որոշակիության սկզբունքին և այդ սկզբունքի շրջանակներում` օրինական ուժի մեջ մտած դատական ակտի պարտադիրության հատկանիշին: Մասնավորապես, վկայակոչված որոշմամբ արձանագրվել է, որ արդար դատաքննության իրավունքը պահպանված է այն դեպքում, երբ անձը հնարավորություն ունի ստանալու որոշակի, հաստատուն որոշում` կապված իր իրավունքների և պարտականությունների հետ, ու կարող է համոզված լինել, որ որոշ ժամանակ անց այդ որոշումը չի վերացվի: Եվրոպական դատարանը նշել է, որ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով երաշխավորված արդար դատաքննության իրավունքը պետք է մեկնաբանվի Կոնվենցիայի նախաբանի լույսի ներքո, որի համաձայն` պայմանավորվող կողմերի ընդհանուր ժառանգության մասն է իրավունքի գերակայությունը, որի հիմնարար հայեցակետերից է իրավական որոշակիության սկզբունքը, որն inter alia պահանջում է, որ դատարանի կողմից որևէ հարցի կապակցությամբ կայացված վերջնական դատական ակտը կասկած չհարուցի (տե՛ս, Բրումարեսկուն ընդդեմ Ռումինիայի գործով Եվրոպական դատարանի 28.10.1999 թվականի վճիռը, գանգատ թիվ 28342/95, կետ 61), միաժամանակ նշել է, որ իրավական որոշակիության սկզբունքը ենթադրում է res judicata սկզբունքի, այն է` դատական ակտերի վերջնական լինելու սկզբունքի պահպանում: Այդ սկզբունքը պահանջում է, որ կողմերից ոչ մեկը չունենա իրավունք պահանջելու վերջնական և պարտադիր դատական ակտի վերանայում` ուղղակի գործի կրկնակի քննության և գործով նոր ակտի կայացման նպատակով: Այսինքն` հարցի առնչությամբ երկու կարծիքի առկայության հնարավորությունը չպետք է հիմք հանդիսանա կրկնակի քննության համար: Նահանջն այդ սկզբունքից արդարացված է միայն այն դեպքում, երբ դա անհրաժեշտ է էական և անհերքելի բնույթ ունեցող հանգամանքներում: Իրավական որոշակիության սկզբունքի բովանդակության մեջ ներառվում են հետևյալ դրույթները. - դատարանների կողմից կայացված վերջնական, այսինքն` օրինական ուժի մեջ մտած դատական որոշումները ենթակա չեն վերանայման, - անթույլատրելի է դատարանի կողմից արդեն մեկ անգամ լուծված գործի կրկնակի քննություն, - կողմերից ոչ մեկը չի կարող պահանջել վերջնական, այսինքն` օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի վերանայում միայն կրկնակի քննության իրականացման և նոր ակտի կայացման նպատակով, - վերջնական դատական ակտի վերանայումը նահանջ չէ իրավական որոշակիության սկզբունքից, եթե այն իրականացվում է դատական սխալի, արդարադատության սխալ իրականացման ուղղման նպատակով, - վերանայումը չի կարող լինել բողոքարկման քողարկված ձև, իսկ գործի նկատմամբ կողմերի հակադիր հայացքների առկայությունն ինքնին չի կարող հիմք ծառայել վերջնական դատական ակտի վերանայման համար: Իրավական որոշակիության դրույթներին լիարժեք չափով չհամապատասխանող դատավարության փուլերի առկայությունը բերում է գործի քննության ժամկետների ավելացմանը, ինչն ակնհայտորեն հետապնդվում է գործերի քանակի աճով, ինչում Եվրոպական դատարանը տեսնում է ողջամիտ ժամկետներում դատական վեճերի քննության սկզբունքի խախտում (տե՛ս, Գայանե Վարդանյանն ընդդեմ Վարդան ու Միշա Վարդանյանների և մյուսների թիվ ԱՐԴ/0062/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 13.02.2009 թվականի որոշումը): Ուստի, գործող քրեական օրենսգրքում կատարվող փոփոխությունը, որը միտված է իրավական որոշակիությանն ու հստակեցնելու է արարքի կատարման պարագայում ոչ վերացական ու կիրառման ենթակա դատական ակտի կայացմանը, որպես իրավապաշտպան կառույցի, գտնում ենք դրական։