Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

««Արհեստակցական միությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» և ««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծեր

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

««ԱՐՀԵՍՏԱԿՑԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ ««ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Նախագծի ընդունման անհրաժեշտությունը և կարգավորման նպատակը.

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա ՀՀ սահմանադրական դատարանի 11.04.2023 թիվ ՍԴՈ-1683 որոշմամբ Սահմանադրությանը հակասող է ճանաչվել՝

  • «Արհեստակցական միությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ մասն այնքանով, որքանով Հայաստանի Հանրապետության զինված ուժերի, ոստիկանության, ազգային անվտանգության, դատախազության մարմինների ծառայողների, ինչպես նաև դատավորների և Սահմանադրական դատարանի դատավորների համար սահմանում է արհեստակցական կազմակերպության մասնակից լինելու բացարձակ արգելք.
  • «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով ամրագրված կարգավորումը՝ ոստիկանության ծառայողի՝ արհեստակցական կազմակերպության անդամ լինելու բացարձակ արգելքի մասով.
  • «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով ամրագրված կարգավորումը՝ ազգային անվտանգության մարմինների ծառայողի՝ արհեստակցական կազմակերպության անդամ լինելու բացարձակ արգելքի մասով.
  • «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով ամրագրված կարգավորումը՝ զինծառայողի՝ արհեստակցական միության անդամ լինելու բացարձակ արգելքի մասով:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը սույն թվականի հունիսի 23-ին թիվ 02/07.19/20131-2025 գրությամբ ՀՀ վարչապետի աշխատակազմից ստացել է հետևյալ բովանդակությամբ հանձնարարական՝ «Վարչապետի հանձնարարությամբ՝ ի լրումն 2025 թվականի մայիսի 26-ի թիվ 02/07.19/16952-2025 հանձնարարականի, խնդրում եմ օրենսդրությամբ սահմանված կարգով մշակել և ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնել ՀՀ սահմանադրական դատարանի թիվ ՍԴՈ-1683 որոշման կատարումն ապահովող համապատասխան օրենքների նախագծեր»։

Հաշվի առնելով վերոգրյալը՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, համագործակցելով ՀՀ պաշտպանության նախարարության հետ, մշակել է ««Արհեստակցական միությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» և ««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը։

Անդրադառնալով «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքին՝ նշենք, որ «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2023 թվականի դեկտեմբերի 11-ի ՀՕ-404-Ն օրենքով Ազգային անվտանգության մարմինների ծառայողների նկատմամբ «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքով նախատեսված արհեստակցական կազմակերպությանն անդամակցելու սահմանափակումը վերացվել է։

Ինչ վերաբերում է «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքին, ապա այս մասով նշենք, որ ՀՀ ներքին գործերի նախարարությունը մշակել և օրենքով սահմանված կարգով Ազգային Ժողովի քննարկանն է ներկայացրել «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (Կ-1068-12.05.2025, 16.06.2025-ՊԱ-011/0)։ Նախագծի 5-րդ հոդվածով «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը շարադրվում է նոր խմբագրությամբ, որով ապահովվում է ՀՀ սահմանադրական դատարանի թիվ ՍԴՈ-1683 որոշման կատարումը։ Միաժամանակ, նախագիծը 17․06․2025թ ընդգրկվել է ՀՀ Ազգային ժողովի հերթական նիստերի օրակարգում։

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Նախագիծը մշակվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից՝ համագործակցելով ՀՀ պաշտպանության նախարարության հետ:

3. Ակնկալվող արդյունք.

Նախագծի ընդունմամբ կվերացվի Հայաստանի Հանրապետության զինված ուժերի, ոստիկանության, ազգային անվտանգության, դատախազության մարմինների ծառայողների, ինչպես նաև դատավորների և Սահմանադրական դատարանի դատավորների համար արհեստակցական կազմակերպության մասնակից լինելու բացարձակ արգելքը և կապահովվի «Արհեստակցական միությունների մասին» և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների իրավակարգավորումների համապատասխանեցումը Սահմանադրական դատարանի վերոնշյալ որոշմանը։

4. Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացման կամ նվազեցման մասին.

Նախագծի ընդունումը ՀՀ պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխությունների չի հանգեցնի։

5. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.

ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության ծրագրի 4-րդ՝ «Մարդկային կապիտալի զարգացում» բաժնի 4.6-րդ` «Աշխատանք և սոցիալական պաշտպանություն» ենթաբաժնում նախատեսվել է, որ արժանապատիվ աշխատանքի իրավունքի իրացման նպատակով պարզեցվելու և բարելավվելու են աշխատանքային հարաբերությունների կարգավորման մեխանիզմները՝ համապատասխանեցվելով նաև ՀՀ կողմից ստանձնած միջազգային պարտավորությունների պահանջներին։

 «Հայաստանի վերափոխման ռազմավարություն, 2050» փաստաթղթում, որպես 4-րդ մեգանպատակ սահմանված է՝ «Ստեղծենք անհրաժեշտ բոլոր պայմաններն առողջ ապրելակերպի, առողջության պահպանման, վերականգնման և արդյունավետ աշխատանքային գործունեության համար, ինչպես նաև ապահովենք պետական ամբողջական և լիարժեք հոգածություն երեխաների և անաշխատունակ խմբերի նկատմամբ:»։

Նախագծով ներկայացվող փոփոխությունները միտված են վերոնշյալ փաստաթղթերում վկայակոչված նպատակների իրացմանը։

Ներկայացվող փոփոխությունները կապված են նաև Կառավարության 2021-2026թթ. ծրագրի «1.3 Պաշտպանության ոլորտ. Զինված ուժերի բարեփոխումներ» բաժնի 8-րդ և 10-րդ կետերի պահանջների արդյունավետ ապահովման հետ, ի դեմս՝ Զինված ուժերի բարոյեհոգեբանական պատրաստության մակարդակի բարձրացմանն ուղղված ծրագրերի իրականացման, Զինված ուժերի նկատմամբ ժողովրդավարական և քաղաքացիական վերահսկողության կատարելագործման, Զինված ուժերում կարգապահության և մարդու իրավունքների պաշտպանության խթանման:  

 

  • Քննարկվել է

    03.07.2025 - 19.07.2025

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Աշխատանք և զբաղվածություն

  • Գերատեսչություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

  • Կարգավիճակ

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1409

Տպել

Առաջարկներ`

Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների ճյուղային հանրապետական արհմիություն

16.07.2025

Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների ճյուղային արհմիությունն աջակցում է ներկայացված նախագծին։ Առաջարկվող փոփոխությունների ընդունումը ոչ միայն կհամապատասխանեցնի օրենքը Սահմանադրական պահանջներին, բայց և կբարելավվի միավորման ազատության հետ կապված միջազգային աշխատանքային չափանիշների կիրառումը։

Տեսնել ավելին
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: