Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՓՄՁ ՄՐՑՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ 2025-2030ԹԹ․ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

      

  

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՓՄՁ ՄՐՑՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ 2025-2030ԹԹ  ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ (նախագիծ)


 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

ԳԾԱՊԱՏԿԵՐՆԵՐ. 3

ԱՂՅՈՒՍԱԿՆԵՐ. 4

ՀԱՊԱՎՈՒՄՆԵՐ. 4

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ. 5

ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՄԱՏԵՔՍՏ. 7

ՓՄՁ ՈԼՈՐՏԻ ԱՌԿԱ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՆԿԱՐԱԳԻՐ. 9

ՁԵՌՆԵՐԵՑՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԿԵՆՍԱՓՈՒԼԵՐԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ. 10

Գաղափարի առաջացում և բիզնեսի սկիզբ. 10

Բիզնեսի զարգացում. 11

Միջազգայնացում և մասշտաբայնացում. 13

Բիզնեսից ելք. 15

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՁԵՌՆԵՐԵՑՈՒԹՅԱՆ ԷԿՈՀԱՄԱԿԱՐԳԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ. 16

Պետական քաղաքականություն, աջակցության ծրագրեր, հանրային կառավարման ծառայություններ. 16

Ֆինանսների հասանելիություն և կապիտալի շուկա. 22

Բիզնես աջակցության ծառայություններ, կրթություն և մշակույթ. 25

Շուկաների հասանելիություն. 26

Ենթակառուցվածքներ. 27

ՓՄՁ ՄՐՑՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐ. 28

ՓՄՁ ՄՐՑՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿ  36

ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՏԵՍԼԱԿԱՆ, ՆՊԱՏԱԿՆԵՐ ԵՎ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐ. 38

Ռազմավարական ծրագրի հենասյուներ և փոփոխության տեսություն. 38

Ռազմավարական ծրագրի տեսլական, նպատակներ և ակնկալվող արդյունքներ. 39

Ռազմավարական ծրագրի առանցքային սկզբունքներ. 40

ՆՊԱՏԱԿ 1. ԶԱՐԳԱՑԱԾ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹ, ՆՈՐԱՐԱՐԱԿԱՆ ԼՈՒԾՈՒՄՆԵՐ ԱՌԱՋԱՐԿՈՂ ԵՎ ՄՐՑՈՒՆԱԿ ՓՄՁ-ՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿԻ ԱՃ՝ ՀԱՏԿԱՊԵՍ ՄԱՐԶԵՐՈՒՄ՝ ԿԱՆԱՆՑ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ԱԿՏԻՎ ՆԵՐԳՐԱՎՄԱՄԲ. 42

ՆՊԱՏԱԿ 2. ՓՄՁ-ՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՅՈՒՆ ԱՃ՝ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑՈՎ. 45

ՆՊԱՏԱԿ 3. ԲԱՐՁՐ ԳՓՆ ԻՆՏԵՆՍԻՎՈՒԹՅԱՆ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՓՄՁ-ՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅՆԱՑՈՒՄ ԵՎ ՄԱՍՇՏԱԲԱՅՆԱՑՈՒՄ. 48

ՆՊԱՏԱԿ 4. ՓՄՁ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՄԱՆ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԲԱՐՁՐ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԵՎ ԶԱՐԳԱՑԱԾ ԻՆՍՏԻՏՈՒՑԻՈՆԱԼ ՀԱՄԱԿԱՐԳ. 51

ՆՊԱՏԱԿ 5. ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՁԵՌՆԵՐԵՑՈՒԹՅԱՆ ԱՃԸ ԽԹԱՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԲԱՐԵՆՊԱՍՏ ՊԱՅՄԱՆՆԵՐ ՍՏԵՂԾՈՂ ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ. 55

ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄ, ՄՇՏԱԴԻՏԱՐԿՈՒՄ ԵՎ ԳՆԱՀԱՏՈՒՄ. 57

ՌԻՍԿԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ. 58

ԿԱՊԸ ՀԱՐԱԿԻՑ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏ. 60

ՀԱՎԵԼՎԱԾ. 63

 

ԳԾԱՊԱՏԿԵՐՆԵՐ

ԳԾԱՊԱՏԿԵՐ 1. ՁԵՌՆԵՐԵՑՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԿԵՆՍԱՓՈՒԼԵՐԸ. 10

ԳԾԱՊԱՏԿԵՐ 2․ ԱՐԱԳ ԱՃՈՂ ՆՈՐԱՍՏԵՂԾ ՓՄՁ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐ, 2016-2022 ԹԹ․. 11

ԳԾԱՊԱՏԿԵՐ 3․ ՁԵՌՆԵՐԵՑՈՒԹՅԱՆ ԷԿՈՀԱՄԱԿԱՐԳԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ. 16

ԳԾԱՊԱՏԿԵՐ 4. ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐ,  2019-2023ԹԹ․. 23

ԳԾԱՊԱՏԿԵՐ 5․ ՓՄՁ ՎԱՐԿԱՎՈՐՄԱՆ ՃԵՂՔՎԱԾՔԻ ԳՆԱՀԱՏԱԿԱՆ. 23

ԳԾԱՊԱՏԿԵՐ 6․ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԹԻՐԱԽԱՅԻՆ ԽՄԲԵՐ. 37

ԳԾԱՊԱՏԿԵՐ 7․ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՀԵՆԱՍՅՈՒՆԵՐ. 38

ԳԾԱՊԱՏԿԵՐ 8. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՎԵՐՋՆԱՐԴՅՈՒՆՔԻ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐ. 40

ԱՂՅՈՒՍԱԿՆԵՐ

ԱՂՅՈՒՍԱԿ 1․ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՆՊԱՏԱԿՆԵՐ, ԹԻՐԱԽՆԵՐ ԵՎ ՓԱՍՏԱՑԻ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐ. ՓՄՁ ԶԱՐԳԱՑՄԱՆ 2020-2024ԹԹ. ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ. 17

ԱՂՅՈՒՍԱԿ 2․ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՆՊԱՏԱԿ 1. ՄԻՋԱՆԿՅԱԼ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ. 42

ԱՂՅՈՒՍԱԿ 3․ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՆՊԱՏԱԿ 2. ՄԻՋԱՆԿՅԱԼ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ. 45

ԱՂՅՈՒՍԱԿ 4․ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՆՊԱՏԱԿ 3. ՄԻՋԱՆԿՅԱԼ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ. 48

ԱՂՅՈՒՍԱԿ 5․ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՆՊԱՏԱԿ 4. ՄԻՋԱՆԿՅԱԼ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ. 51

ԱՂՅՈՒՍԱԿ 6․ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՆՊԱՏԱԿ 5. ՄԻՋԱՆԿՅԱԼ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ. 55

ԱՂՅՈՒՍԱԿ 7․ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ. 63

 

ՀԱՊԱՎՈՒՄՆԵՐ

ԱՄՆ

Ամերիկայի Միացյալ Նահանգներ

ԳՓՆ

Գիտահետազոտական, փորձարարական և նորարարական

ՀՀ

Հայաստանի Հանրապետություն

ՀՆԱ

Համախառն ներքին արդյունք

ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտե

ՊՈԱԿ

Պետական ոչ առևտրային կազմակերպություն

ՏՀԶԿ

Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպություն

ՏՏ

Տեղեկատվական տեխնոլոգիաներ

ՓՄՁ

Փոքր և միջին ձեռնարկատիրություն

ՕՈՒՆ

Օտարերկրյա ուղղակի ներդրումներ

 

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի Հանրապետության ՓՄՁ մրցունակության 2025-2030թթ․ ռազմավարական ծրագիրը (այսուհետ՝ ռազմավարական ծրագիր), նրա տեսլականը, նպատակները և դրանց իրագործմանն ուղղված միջոցառումները բխում են «Հայաստանի վերափոխման մինչև 2050թ․ ռազմավարությունից», մասնավորապես՝ 14-րդ «Գործարարների համար գրավիչ Հայաստան» և 15-րդ «Գիտելիքահենք Հայաստան» մեգանպատակներից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026թթ․ ծրագրով սահմանված տնտեսական քաղաքականության նպատակներից, որոնք են՝ (ա) տնտեսական հնարավորությունների ընդլայնում և դրանց հավասար հասանելիության ապահովում, (բ) մարդու ստեղծարար հմտությունների զարգացման և իրացման միջոցով միջին խավի բարեկեցության աճ ու աղքատության կրճատում և (գ) արտահանումը խթանող պայմանների ապահովում ու միջավայրի ձևավորում:

Ռազմավարական ծրագիրը հիմնվում է նաև «Հայաստանի Հանրապետության տնտեսական քաղաքականության 2023-2030թթ․ հայեցակարգի»՝ տնտեսական զարգացման գերակայությունների վրա, մասնավորապես՝ ստեղծարար տնտեսության զարգացում, տեխնոլոգիական առաջընթաց և արժեշղթաների խորացում, ներդրումային և գործարար միջավայրի բարելավում, կայուն զարգացում և կանաչ տնտեսություն։[1]

Ռազմավարական ծրագիրը հաջորդում է «Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման 2020-2024թթ․ ռազմավարությանը»[2]՝ 2025-2030թթ․ համար սահմանելով ոլորտի զարգացման նոր ռազմավարական տեսլական, նպատակներ և դրանց իրականացմանն ուղղված միջոցառումներ։

Սույն ռազմավարական ծրագրով փոքր և միջին ձեռնարկատիրության (այսուհետ՝ ՓՄՁ) զարգացումը ուղղակիորեն կապվում է դրանց մրցունակության բարձրացման հետ։ Այս մոտեցմամբ է պայմանավորված ռազմավարական ծրագրի անվան ընտրությունը։

Ձեռներեցության զարգացման կենսափուլերից յուրաքանչյուրի համար, հաշվի առնելով այդ փուլերի յուրահատուկ կարիքները, ռազմավարական ծրագիրն առաջադրում է թիրախային միջամտության ուրույն գործիքակազմ՝ հաջորդ փուլ սահուն անցումն ապահովելու նպատակով։

Ռազմավարական ծրագրի հենասյուներն են արտադրողականությունը, նորարարությունը, ներառական զարգացումը, կանաչ զարգացումը և դիմակայունությունը։ Դրանց հիման վրա ձևավորվել է ռազմավարության տեսլականը, որը պատկերում է Հայաստանը որպես ներառական, կայուն զարգացող տնտեսությամբ, բարեկեցիկ և դիմակայուն երկիր, որի առաջընթացի շարժիչ ուժը լինելու են մրցունակ ՓՄՁ-ները։

Ծրագրի տեսլականը, նպատակները և միջոցառումները մշակվել են հետևյալ սկզբունքների հիման վրա․

  1. միասնական նպատակից բխող, փոխլրացնող, փոխկապակցված և նույն թիրախային խմբին ուղղված միջոցառումների համախմբում մեկ ծրագրի ներքո՝ բացահայտված հիմնախնդիրներին համապարփակ լուծումներ առաջարկելու համար,
  2. ձեռներեցության զարգացման կենսափուլերի առանձնահատուկ կարիքներից բխող ծրագրերի և դրանց բաղկացուցիչ միջոցառումների մշակում,
  • համագործակցության խթանումը տնտեսավարողների միջև՝ արժեշղթաների և կլաստերների զարգացումը խրախուսելու նպատակով,
  1. ռազմավարական ծրագրի իրագործման արդյունավետությունն ու շարունակականությունն ապահովելու համար ինստիտուցիոնալ լուծումների մշակում,
  2. տնտեսական առաջընթացի չափման, թիրախավորման և դրա վրա ներգործության և՛ քանակական, և՛ որակական մոտեցումների որդեգրում,
  3. ծրագրերի մշակման և իրականացման գործում նախագծային մտածողության կիրառում՝ պարբերական փորձարկումների, լավարկումների և ճշգրտումների միջոցով։

Ռազմավարական ծրագիրը մշակվել է ոլորտի համապարփակ և խորքային վերլուծության արդյունքում։ Մասնավորապես, քանակական և որակական տվյալների հիման վրա իրականացվել է ՓՄՁ ոլորտի իրավիճակային վերլուծություն, որը բացահայտել է Հայաստանում ձեռնարկատիրական գործունեության օրինաչափությունները, առանձնահատկություններն ու մարտահրավերները։

Բացի այդ, իրականացվել է համեմատական վերլուծություն Հայաստանի և տնտեսական կառուցվածքով համադրելի այլ երկրների միջև, ինչպես նաև ուսումնասիրվել է ձեռներեցության քաղաքականության միջազգային փորձը՝ ռազմավարական ծրագրի առավել համակողմանի մշակման համար։

 

 

ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՄԱՏԵՔՍՏ

  1. 2018թ-ից հետո Հայաստանի տնտեսությունը՝ չնայած համավարակի և պատերազմի, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի բնակչության տեղահանության հարուցած ցնցումներին, արձանագրել է աճի համեմատաբար բարձր տեմպ (միջինը՝ 5.3%), որի շնորհիվ Հայաստանը ձեռք է բերել բարձր միջին եկամուտ ունեցող երկրի կարգավիճակ: Սակայն աճի բարձր միջին դրույքը զգալի չափով պայմանավորված է եղել 2022-2023թթ-ին Ռուսաստանից բիզնեսների, վերաբնակների, դրամական փոխանցումների աննախադեպ մեծ ներհոսքով և դեպի Ռուսաստան զուգահեռ արտահանման ընդլայնմամբ։ Այս գործոնները, ընդհանուր առմամբ, չեն հանգեցրել արտադրողականության կամ մրցունակության որակական բարելավման, ինչի հետևանքով բարձր աճի պահպանման հեռանկարը մնում է անորոշ։ Բացի այդ, Հայաստանի տնտեսությունը շարունակում է խոցելի մնալ արտաքի`ն և ներքին ցնցումների նկատմամբ, քանի որ գրանցված աճը չի մեղմել տնտեսության կառուցվածքային խնդիրները, ինչպիսիք են արտադրողականության ցածր մակարդակը, շուկաների սահմանափակ դիվերսիֆիկացումը և հումքային ապրանքների մեծ տեսակարար կշիռը արտահանման կառուցվածքում։
  2. Աշխատանքի շուկայում վերջին տարիներին թեպետ արձանագրվել են դրական տեղաշարժեր, սակայն կառուցվածքային սահմանափակումները դեռևս խորքային են։ 2018‑2023թթ-ին գործազրկության մակարդակը 19%-ից նվազել է մինչև 12.4%, սակայն աշխատուժի մասնակցության մակարդակը էապես չի բարելավվել։ Դրան զուգահեռ, բարձրագույն կրթությունում ներգրավվածության ցածր մակարդակը և աշխատաշուկա մուտք գործող երիտասարդների սահմանափակ թիվը շարունակում են խոչընդոտել աշխատանքի շուկայի ընդլայնումը և մրցունակության բարելավումը։
  3. Վերջին տարիներին տնտեսական ակտիվացման, մասնավորապես՝ արտաքին պահանջարկի, դրամական փոխանցումների, միջազգային այցելուների ավելացման, կապիտալի և աշխատուժի մեծածավալ ներհոսքի արդյունքում նկատվել է ՀՀ դրամի արժևորում։ Արժևորումը մի կողմից նպաստել է ներմուծման ծախսերի նվազմանը և գնաճային ճնշումների մեղմմանը, սակայն, միևնույն ժամանակ, բացասաբար է ազդել արտահանող ձեռնարկությունների վրա՝ նվազեցնելով հայկական ապրանքների մրցունակությունն արտաքին շուկաներում։ Հատկանշական է, որ 2022-2023թթ-ին թեպետ ՀՀարտահանումն ընդլայնվել է 57.8%-ով (գերակշռաբար Ռուսաստանի նկատմամբ սահմանված պատժամիջոցների արդյունքում զուգահեռ արտահանման ընդլայնման շնորհիվ), սակայն մշակող արդյունաբերության ՓՄՁ-ների իրացումն արտերկրում ընդլայնվել է ընդամենը 1.7%-ով։[3],[4]
  4. Հիմնական միջոցների համախառն կուտակումը 2018-2023թթ-ին կազմել է ՀՆԱ-ի 18.9%-ը՝ զիջելով նախորդ ժամանակաշրջանի միջինին։ Ներդրումների ցածր մակարդակը վկայում է, որ թե՛ պետական, թե՛ մասնավոր հատվածներում միջոցները բավարար չափով չեն ուղղվել ենթակառուցվածքների զարգացմանը և արտադրական հզորությունների արդիականացմանը, ինչի հետևանքով դժվարանում է երկարաժամկետ աճի կայուն հիմքերի ձևավորումը։ Միևնույն ժամանակ, oտարերկրյա ուղղակի ներդրումների ներհոսքի ծավալը շարունակել է մնալ սահմանափակ՝ կազմելով ՀՆԱ‑ի 2.2%-ը։ Նման թույլ ներդրումային ակտիվության պատճառների թվում են ենթակառուցվածքների թերզարգացվածությունը և որակյալ աշխատուժի սահմանափակ հասանելիությունը։
  5. Այսպիսով՝ Հայաստանի մակրոտնտեսական միջավայրը վերջին տարիներին դրսևորել է ինչպես աճի և հարմարվողականության բարձր մակարդակ, այնպես էլ խորքային կառուցվածքային մարտահրավերներ, որոնք սահմանափակում են երկարաժամկետ կայուն զարգացման հեռանկարները։ Տնտեսական աճի բարձր տեմպերը, չնայած կարճաժամկետ դրական ազդեցությանը, չեն ապահովել արտադրողականության և մրցունակության էական բարելավում։ Աղքատության բարձր մակարդակը, զբաղվածության անհամաչափությունները, մասնավորապես՝ կանանց և երիտասարդների շրջանում, ընդգծում են թիրախային բարեփոխումների անհրաժեշտությունը՝ տնտեսության մրցունակությունն ու արտադրողականությունը բարելավելու, ինչպես նաև ձեռնարկատիրական ներուժը լիարժեք իրացնելու համար։

 

 

ՓՄՁ ՈԼՈՐՏԻ ԱՌԿԱ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՆԿԱՐԱԳԻՐ

  1. Հայաստանում գործող ձեռնարկությունների գերակշիռ մասը դասակարգվում է որպես ՓՄՁ սուբյեկտներ։ 2023թ․-ին Հայաստանում գործող շուրջ 109,600 տնտեսավարողներից 99.85%-ը կազմել են ՓՄՁ սուբյեկտները։ Գործող տնտեսավարողների թվում ամենամեծ մասնաբաժինն ունեցել են գերփոքր տնտեսավարողները (94.7%), մինչդեռ փոքր ու միջին տնտեսավարողների բաժինը կազմել է համապատասխանաբար 4.4% և 0.7%:[5]
  2. Վերջին տարիներին ՀՆԱ կազմում ՓՄՁ սուբյեկտների ստեղծած ավելացված արժեքի մասնաբաժինը զգալիորեն ընդլայնվել է։ Մասնավորապես, 2018թ‑ի համեմատ այդ ցուցանիշն աճել է ութ տոկոսային կետով՝ 2023թ.-ին կազմելով 31.6%-ի։ Համապատասխանորեն, 2018-2023թթ-ի ընթացքում տնտեսության ոչ ֆինանսական բիզնես հատվածի ստեղծած ավելացված արժեքի կազմում ՓՄՁ մասնաբաժինը 11 տոկոսային կետով ընդլայնվել է՝ 2023թ-ին կազմելով 70.6%։
  3. ՓՄՁ սուբյեկտների մեծամասնությունը կենտրոնացված է Երևանում։ Կենտրոնացվածությունը առավել արտահայտված է միջին մեծության տնտեսավարողների դեպքում, որոնց վարձու աշխատողների 75%-ը և շրջանառության 86%-ը կենտրոնացված են Երևանում։ Ավելին, Երևանում գործող փոքր և գերփոքր տնտեսավարողների մեկ վարձու աշխատողի հաշվով շրջանառությունը միջինում մեկ երրորդով, իսկ միջին մեծության տնտեսավարողների դեպքում՝ կրկնակի գերազանցում է մարզերի համապատասխան ցուցանիշը։ Վերջինս փաստում է մարզերում գործող տնտեսավարողների արտադրողականության և մրցունակության ավելի ցածր մակարդակի մասին։ ՓՄՁ զարգացման տարածքային անհամաչափությունը մեծ մասամբ պայմանավորված է Երևանում ներքին շուկայի պահանջարկի, ենթակառուցվածքների, մասնագիտական ծառայությունների, որակավորված աշխատուժի և ինստիտուցիոնալ կարողությունների բարձր կենտրոնացմամբ։
  4. Հայաստանում առկա է նաև ձեռներեցության գենդերային ճեղքվածք։ 2022թ‑ին կանանց մասնաբաժինը գործատուների թվաքանակում կազմել է ընդամենը 17.7%։[6],[7] Կին սեփականատերերն առավելապես կենտրոնացած են առևտրի ոլորտում, և նրանց պատկանող կազմակերպությունների 70%-ը գերփոքր կամ փոքր են։[8]

ՁԵՌՆԵՐԵՑՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԿԵՆՍԱՓՈՒԼԵՐԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

  1. Ձեռներեցությունը շարունակական գործընթաց է, որը ներառում է մի շարք կենսափուլեր՝ յուրաքանչյուրն իր առանձնահատուկ մարտահրավերներով և հնարավորություններով (Գծապատկեր 1)։

ԳԾԱՊԱՏԿԵՐ 1. ՁԵՌՆԵՐԵՑՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԿԵՆՍԱՓՈՒԼԵՐԸ

Գաղափարի առաջացում և բիզնեսի սկիզբ

  1. Հայաստանում չափահաս բնակչության 87%-ը ձեռնարկատիրական գործունեությունը համարում է ողջունելի զբաղմունք, սակայն բիզնեսով զբաղվելու շարժառիթները հիմնականում կապված են ապրուստ վաստակելու (89%) կամ հարստություն կուտակելու (52%) նպատակների հետ։ Նորարարության, բարձր արժեք ստեղծելու և սոցիալական հիմնախնդիրներ լուծելու տեսանկյունից՝ կենսական նշանակություն ունեն այն ձեռնարկատերերը, որոնք տոգորված են աշխարհում դրական փոփոխություններ բերելու մտադրությամբ։ Սակայն Հայաստանում նման շարժառիթով առաջնորդվողների մասնաբաժինը բավականին փոքր է՝ 18%։[9]
  2. Ձեռներեցության նկատմամբ դրական վերաբերմունքին զուգահեռ՝ նոր բիզնեսների խտության ցուցանիշով Հայաստանը զիջում է համադրելի երկրների միջին ցուցանիշներին։[10] 2018-2022թթ-ին նոր գրանցված ընկերությունների միջին թիվը աշխատունակ տարիքի 1000 մարդու հաշվով Հայաստանում կազմել է 4, մինչդեռ Էստոնիայում և Վրաստանում համապատասխանաբար` 25.2 և 9։[11] Միաժամանակ, Հայաստանում աշխատունակ տարիքի բնակչության 48% ունի բիզնեսի ձախողման վախ, մինչդեռ այդ ցուցանիշը Էստոնիայում կազմել է 18.1%, իսկ Վրաստանում՝ 12.8%։[12],[13]
  3. Ձեռնարկության ստեղծմանը հաջորդող երեք տարիներն առանցքային են նորաստեղծ տնտեսավարողների աճի և կենսունակության համար։ 2015‑2022թթ-ին Հայաստանում գրանցված բոլոր տնտեսավարողների միայն 44%-ն է 2023թ-ի վերջում ունեցել «գործող» կարգավիճակ։ Ընդ որում, 2015թ.-ին գրանցված տնտեսավարողների միայն 38%-ն է երեք տարի անց ունեցել դրական շրջանառություն, իսկ հաջորդող տարիներին այդ համամասնությունը կայունացել է։[14] Սա նշանակում է, որ նոր ստեղծվող ձեռնարկությունների կեսից ավելին առաջիկա տարիներին գտնվում է գոյատևման առումով ռիսկային գոտում, և միայն մի մասին է հաջողվում անցում կատարել կենսացիկլի հաջորդ փուլ։

Բիզնեսի զարգացում

  1. Ստեղծմանը հաջորդող երեք տարիների ընթացքում տնտեսավարողների որոշ մասը ցուցաբերում է աշխատողների թվաքանակի արագ աճ։ Արագ աճող ՓՄՁ-ները[15] հակված են կատարել ներդրումներ նոր տեխնոլոգիաներում և նորարարական լուծումներում, ցուցաբերում են միջազգայնացման ու համաշխարհային շուկաներ մուտք գործելու ընդգծված միտումներ՝ հետևաբար նշանակալիորեն ավելի մեծ ազդեցություն ունեն զբաղվածության ընդլայնման և ՀՆԱ աճի վրա։ 2016-2022թթ-ին Հայաստանում արագ աճող ձեռնարկությունների թիվն էականորեն աճել է՝ կազմելով նորաստեղծ ձեռնարկությունների միջինում 25%-ը: (Գծապատկեր 2)։

2018

2019

2015

2016

2017

Գրանցման տարեթիվ

Արագ աճի ժամանակաշրջան

Աղբյուր՝ ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի տվյալների բազա, 2023թ


ԳԾԱՊԱՏԿԵՐ 2 ԱՐԱԳ ԱՃՈՂ ՆՈՐԱՍՏԵՂԾ ՓՄՁ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐ, 2016-2022 ԹԹ

 

  1. Արագ աճող նորաստեղծ ՓՄՁ-ների ամենախոշոր խումբը՝ 37%-ը, ներգրավված է եղել մանրամեծածախ առևտրում, 16%՝ մշակող արդյունաբերությունում, 7%՝ հանրային սննդի կազմակերպման ոլորտում։ 2022թ.-ին արագ աճողներից արտահանում իրականացրել են 7.2%, որոնց 44%-ը ներգրավված է եղել մշակող արդյունաբերությունում։
  2. Ըստ տնտեսավարողի չափի՝ ամենադինամիկ խումբը միջին ձեռնարկություններն են։ 2018‑2022թթ-ի ընթացքում միջին ձեռնարկություններում վարձու աշխատողների թվաքանակն աճել է տարեկան 4.5%-ով, այն դեպքում, երբ խոշորների մոտ աճի տեմպը կազմել է 3.2%, փոքրերի մոտ՝ 3.8%, իսկ վարձու աշխատող ունեցող գերփոքր տնտեսավարողների մոտ աճը եղել է բացասական՝ -0.1%:
  3. Զարգացման կենսափուլի համար առանցքային է ՓՄՁ-ներում արտադրողականության աճը։ Հայաստանում գործող տնտեսավարողների մոտ նկատվում են արտադրողականության մակարդակների զգալի տարբերություններ։ 2022թ-ի դրությամբ՝ մշակող արդյունաբերության ենթաոլորտներում գործող տնտեսավարողների շուրջ 80%-ի մեկ աշխատողի հաշվով շրջանառությունը ցածր է եղել իր ենթաոլորտում գործունեություն ծավալող բոլոր տնտեսավարողների միջին արտադրողականության 1.25 բազմապատիկից։[16] Ընդ որում, ցածր և բարձր արտադրողական տնտեսավարողների միջև արտադրողականության տարբերությունը հասնում է տասնյակ անգամների: Ավելին, ցածր և միջին արտադրողական տնտեսավարողները ստեղծում են այս ենթաոլորտների գումարային շրջանառության ընդամենը 44%-ը:[17]
  4. Ոչ գյուղատնտեսական ոլորտներում արտադրողականության ցուցանիշով Հայաստանը զիջում է նաև որոշ համադրելի երկրների՝ չնայած վերջին տարիներին ցուցանիշի բարձր աճին։ Արդյունաբերական ոլորտներում մեկ զբաղվածի հաշվով ստեղծված ավելացված արժեքի ցուցանիշը Հայաստանում ավելի քան 1.5 անգամ փոքր է Էստոնիայի համեմատ։ Խզումն ավելի մեծ է ծառայությունների ոլորտի դեպքում՝ հասնելով արտադրողականության ցուցանիշների շուրջ կրկնակի տարբերության։[18]
  5. Հայաստանում ՓՄՁ-ների ցածր արտադրողականությունը ուղեկցվում է թվայնացման և տեխնոլոգիական վերազինման, նորարարության ստեղծման և կլանման ցածր մակարդակներով։
  6. Թվայնացման տեսանկյունից Հայաստանյան ձեռնարկությունների մեծ մասը գտնվում է հասունության վաղ փուլում։ Չնայած պարզ թվային գործիքները, օրինակ՝ համացանց, սոցիալական մեդիա, սեփական կայք, ունեն լայն տարածում, սակայն միջին և բարդ տեխնոլոգիաները՝ մասնավորապես, ռեսուրսների (ERP) և հաճախորդների հետ փոխհարաբերությունների (CRM) կառավարման մասնագիտացված համակարգերը, ամպային հաշվողական ծառայությունները հազվադեպ են կիրառվում։[19] Թվային հասունության մակարդակն էականորեն տարբերվում է՝ կախված ոչ միայն ներդրվող տեխնոլոգիաների բարդության աստիճանից, այլև տնտեսական գործունեության ոլորտից և ձեռնարկության չափից։ Մասնավորապես, թվայնացման առավել բարձր մակարդակ առկա է ծառայությունների ոլորտի ՓՄՁ-ներում, մասնավորապես տեղեկատվական տեխնոլոգիաների, հյուրընկալության, մասնագիտական և օժանդակ գործունեության ծառայությունների ենթաոլորտներում։ Թվային տեխնոլոգիաների ներդրման առավել բարձր մակարդակ առկա է միջին և խոշոր ձեռնարկություններում՝ ի տարբերություն գերփոքր և փոքր տնտեսավարողների։[20]
  7. Նորարարության մակարդակը բարձր է տեխնոլոգիական և արտահանման միտում ունեցող ՓՄՁ-ներում, մինչդեռ տնտեսության ավանդական ոլորտներում գործող տնտեսավարողների շրջանում նորարարությունների ստեղծման և կլանման կարողությունները ցածր են։[21] Համաձայն 2024թ․ Համաշխարհային նորարարության համաթվի՝ 2023թ․ համեմատ Հայաստանն իր դիրքը բարելավել է 9 միավորով՝ 133 երկրների շարքում զբաղեցնելով 63-րդ դիրքը, այնուամենայնիվ, շարունակում է զիջել համադրելի տնտեսություններից Էստոնիային և Վրաստանին։ Վերջինս մեծապես պայմանավորված է մասնավոր հատվածի կողմից հետազոտություններում ու մշակումներում կատարվող ներդրումների, գիտելիքի կլանման և նորարարության ոլորտում համագործակցությունների ցածր մակարդակով։ Հայաստանը համադրելի երկրներին զիջում է նաև մեկ միլիարդ ԱՄՆ դոլար համարժեք գնողունակության ՀՆԱ-ին բաժին ընկնող ռեզիդենտների կողմից ներկայացված արտոնագրերի հայտերի թվով։ Վերոնշյալ ցուցանիշով Հայաստանը 81-րդ դիրքում է, մինչդեռ Էստոնիան և Վրաստանը համապատասխանաբար՝ 46 և 52։[22]   

Միջազգայնացում և մասշտաբայնացում

  1. Հաշվի առնելով տեղական շուկայում ընդլայնման սահմանափակ հնարավորությունները՝ աճի այս փուլում միջազգայնացումը առանցքային դեր ունի ՓՄՁ-ների մասշտաբայնությունը և կենսունակությունը ապահովելու համար։
  2. Հայաստանում տնտեսավարողների գերակշիռ մասը ծավալում է փոքրամասշտաբ գործունեություն, ինչը բնութագրվում է շրջանառության ցածր մակարդակով։ 2022թ.-ին մշակող արդյունաբերության ոլորտում գործող ՓՄՁ-ների 96%-ի շրջանառությունը 435.6 մլն. դրամից (շուրջ 1 մլն. ԱՄՆ դոլար) պակաս է եղել, և միայն 0.4%-ի շրջանառությունն է գերազանցել 4.35 մլրդ. դրամը (շուրջ 10 մլն. ԱՄՆ դոլար), որոնց կեսը ներգրավված են եղել սննդամթերքի, խմիչքի և ծխախոտի արտադրությունում։ Միաժամանակ, մշակող արդյունաբերության վերոնշյալ տնտեսավարողների միայն 10%-ն է իրականացրել արտահանում, և դրանց միայն 12%-ի արտահանման ծավալն է գերազանցել 435.6 մլն. դրամը (շուրջ 1 մլն. ԱՄՆ դոլար), այդ թվում սոսկ 0.2%-ի արտահանման ծավալն է գերազանցել 4.35 մլրդ. դրամը (շուրջ 10 մլն. ԱՄՆ դոլար)։[23],[24] Շրջանառության և արտահանման փոքր ծավալի պատճառով մշակող արդյունաբերության ՓՄՁ-ների գերակշիռ մասը չեն օգտվում մասշտաբի էֆեկտի խնայողությունից։ Ավելին, սահմանափակում են ներդրումների հնարավորությունները նոր տեխնոլոգիաների, արտադրական հզորությունների և շուկայավարման ոլորտներում, որոնք էական են մասշտաբների ընդլայնման համար։
  3. Փոքր մասշտաբներից բացի, հայկական ՓՄՁ-ների արտահանումը բնութագրվում է նեղ ապրանքային տեսականիով և ցածր տեխնոլոգիատարությամբ, որի արդյունքում բարձրանում է որոշակի ապրանքների միջազգային պահանջարկից ու գներից կախվածությունը և սահմանափակում բարձր ավելացված արժեք ստեղծելու ներուժը։ Միաժամանակ, հայկական ՓՄՁ-ների արտահանումը բնութագրվում է արտահանման սահմանափակ ուղղություններով, ինչը մեծացնում է երկրի տնտեսության կախվածությունը մի քանի շուկաներից և ենթարկում դրանց տնտեսական ու քաղաքական ռիսկերին։ Արտահանման հիմնական ուղղությունները շարունակում են մնալ ԱՊՀ երկրները։
  4. Մշակող արդյունաբերության ոլորտում արտահանման տեսանկյունից ամենադինամիկ խումբը միջին ձեռնարկություններն են։ Ոլորտի ընդհանուր արտահանման կազմում ՓՄՁ սուբյեկտների կշիռը 2022թ.-ին եղել է 48%, որից 34 տոկոսային կետը բաժին է ընկել միջին ձեռնարկություններին։ Միևնույն ժամանակ, միջին ձեռնարկությունների արտահանման աճի տեմպը 2017-2022թթ-ին եղել է ամենից բարձրը՝ հասնելով 125%-ի: Համեմատության համար, նույն ժամանակաշրջանում խոշոր ձեռնարկությունների արտահանումը նվազել է՝ ‑5%, այն դեպքում, երբ մշակող արդյունաբերության արտահանման ընդհանուր աճը կազմել է 22%:[25] Արտահանման աշխարհագրական կառուցվածքի առումով՝ միջին ձեռնարկությունների արտահանումն ընդլայնվել է ինչպես դեպի ԱՊՀ, այնպես էլ ոչ ԱՊՀ երկրներ։
  5. Հայկական ՓՄՁ-ների միջազգայնացման ցածր մակարդակի մասին վկայում է նաև ընկերությունների սեփական կապիտալում օտարերկրյա ներդրողների մասնակցության մակարդակը։ 2020թ.-ի դրությամբ ձեռնարկությունների միայն 6.4%-ի դեպքում է օտարերկրյա կապիտալը կազմել սեփական կապիտալի առնվազն 10%։[26] ՕՈՒՆ-ի ցածր մակարդակը սահմանափակում է ձեռնարկությունների ֆինանսական հնարավորությունները, ինչպես նաև նոր տեխնոլոգիաներ, կառավարման առաջադեմ պրակտիկաներ և միջազգային փորձ ներգրավելու կարողությունները։
  6. Կանաչ տեխնոլոգիաների, գործընթացների և մոտեցումների կիրառումը կարևոր նշանակություն ունի ՓՄՁ-ների կայուն զարգացման, դիմակայունության բարձրացման, ռեսուրսների արդյունավետ օգտագործման և օտարերկրյա ներդրումների ներգրավման համար։ Այնուամենայնիվ, հայաստանյան ՓՄՁ-ներում կայուն գործելակերպի և կանաչ տեխնոլոգիաների կիրառությունը սահմանափակ է, ինչի մասին փաստում է բնապահպանական կառավարման համակարգերի համար տրված հավաստագրերի ցածր ցուցանիշը և կայուն գործելակերպը հավաստող ստանդարների կիրառության գրեթե բացակայությունը։ Օրինակ՝ Էստոնիայում ISO 14001 հավաստագրերի քանակը մեկ միլիարդ ԱՄՆ դոլար համարժեք գնողունակության ՀՆԱ-ի հաշվով կազմել է 9.6, իսկ Հայաստանում՝ 0.1։[27] Հայաստանը համադրելի երկրների շարքում ցածր դիրք է զբաղեցնում նաև միավոր ՀՆԱ-ի հաշվով ածխաթթու գազի արտանետումների և էներգաարդյունավետության ցուցանիշներով։

Բիզնեսից ելք

  1. Բիզնեսից ելքը բնորոշ է ձեռներեցության զարգացման բոլոր կենսափուլերին։ Հայաստանում 2015թ. ստեղծված տնտեսավարողներից 2023թ.-ի վերջի դրությամբ գործունեությունը շարունակել է միայն 31%-ը, մինչդեռ կեսից ավելին ելք են կատարել բիզնեսից։
  2. Բիզնեսից ելքերն ավելի հաճախ են կատարվում անհատ ձեռնարկատերերի կողմից, մինչդեռ առևտրային կազմակերպությունների գոյատևման կարողություններն ավելի բարձր են։ Անհատ ձեռնարկատերերի գոյատևման դրույքը կազմում է 40%, մինչդեռ առևտրային կազմակերպությունների համար նույն ցուցանիշը 55% է։[28] Վերջինս պայմանավորված է անհատ ձեռնարկատերերի գործունեության փոքր մասշտաբով, ռեսուրսների սահմանափակությամբ և շուկայական տատանումների նկատմամբ ցածր դիմակայունությամբ։
  3. Ձախողումից հետո հայաստանյան ձեռներեցները հազվադեպ են մշակում և իրագործում նոր բիզնես գաղափարներ։ Ավելին, 2019թ․-ին բիզնեսից ելքերի միայն 5%-ն է կատարվել նոր բիզնես գաղափար իրագործելու, բիզնեսը վաճառելու և այլ աշխատանքի անցնելու նպատակով։[29]

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՁԵՌՆԵՐԵՑՈՒԹՅԱՆ ԷԿՈՀԱՄԱԿԱՐԳԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

  1. Ձեռներեցության զարգացման վրա էական ազդեցություն ունի էկոհամակարգը, որը ապահովելով ռեսուրսներ, գիտելիքներ, աջակցություն և պայմաններ` նպաստում է ձեռնարկատիրական հաջողությանը (Գծապատկեր 3)։

ԳԾԱՊԱՏԿԵՐ 3 ՁԵՌՆԵՐԵՑՈՒԹՅԱՆ ԷԿՈՀԱՄԱԿԱՐԳԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

 

Պետական քաղաքականություն, աջակցության ծրագրեր, հանրային կառավարման ծառայություններ

  1. Վերջին տասնամյակների ընթացքում ՀՀ կառավարությունը վարում է ՓՄՁ զարգացման ակտիվ քաղաքականություն։ Ոլորտը կարգավորվում է 2000թ. ընդունված «Փոքր և միջին ձեռնարկատիրության պետական աջակցության մասին» ՀՀ օրենքով։[30] Օրենքով ամրագրվում են ՓՄՁ աջակցության տարեկան ծրագրի մշակման անհրաժեշտությունը և աջակցության ուղղությունները, այնուամենայնիվ երկարաժամկետ ռազմավարական պլանավորման իրավական հիմքեր նախատեսված չեն, ինչը կարող է խոչընդոտել նպատակային բարեփոխումների իրականացմանը։ Ավելին, օրենքում բացակայում են տվյալահենք պլանավորման, մշտադիտարկման ու գնահատման մեխանիզմները, որոնք անհրաժեշտ են ծրագրերի ազդեցության գնահատման և դրանց շարունակական բարելավման համար։ Օրենքը չի նախատեսում նաև ՓՄՁ վիճակագրության հավաքում ու հրապարակում, ինչպես նաև քաղաքականության մշակման գործընթացում շահառուների ներգրավվածություն, ինչը կարող է հանգեցնել աջակցության միջոցառումների և ՓՄՁ իրական կարիքների անհամապատասխանության։
  2. Բարձր գնահատելով ՓՄՁ-ների ներուժը Հայաստանի կայուն և ներառական աճի գործընթացում՝ 2020թ. ընդունվել է Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման 2020-2024թթ-ի ռազմավարությունը և դրանից բխող 2020-2022թթ-ի գործողությունների ծրագիրը, որով սահմանվում են հետևյալ նպատակները.

ԱՂՅՈՒՍԱԿ 1 ՍԱՀՄԱՆՎԱԾ ՆՊԱՏԱԿՆԵՐ, ԹԻՐԱԽՆԵՐ ԵՎ ՓԱՍՏԱՑԻ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐ. ՓՄՁ ԶԱՐԳԱՑՄԱՆ 2020-2024ԹԹ. ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Սահմանված նպատակ

Թիրախային արժեք

Փաստացի արժեք

1. Արտադրողականության աճ

2021-2023թթ. համար միջինում տարեկան 3%, իսկ 2024թ. համար՝ 7.5%

2021-2023թթ․ տարեկան միջինում 24.9%[31]

2. ՓՄՁ-ներում վարձու աշխատողների միջին տարեկան թվաքանակի աճ

2018-2023թթ․ տարեկան միջինում 2.5%

2018-2023թթ․ տարեկան միջինում 5.9%[32]

3. Գլոբալ ձեռնարկատիրության ցուցիչի արժեքի բարձրացում

40 միավոր

Ցուցիչի նոր զեկույց 2018թ-ից ի վեր չի հրապարակվել

 

Փաստացի, ռազմավարության թիրախային ցուցանիշները գերակատարվել են, սակայն, անհրաժեշտ է հաշվի առնել, որ արտադրողականության և ՓՄՁ-ներում զբաղվածների թվաքանակի աճի բարձր ցուցանիշներ գրանցվել են 2022-2023թթ-ին՝ պայմանավորված դիտարկվող ժամանակաշրջանում ՀՀ տնտեսության բարձր ակտիվությամբ։ ՓՄՁ-ներում արտադրողականության աճը 2018-2021թթ. կազմել է տարեկան միջինում 0.5%, իսկ 2022թ-ին 2021թ-ի համեմատ աճել է 40%-ով։ Նման աճը պայմանավորված է վերոնշյալ ժամանակահատվածում Ռուսաստանից բիզնեսների տեղափոխմամբ, վերաբնակների, դրամական փոխանցումների աննախադեպ մեծ ներհոսքով, մասնավորապես տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում։ Զբաղվածների աճին, ի լրումն տնտեսական բարձր ակտիվությանը, նպաստել են նաև տնտեսության ստվերայնության կրճատումը, ՓՄՁ աջակցության, հատկապես տնտեսության արդիականացման ծրագրի շրջանակում տրամադրված ֆինանսական աջակցությունը, ինչպես նաև «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի շրջանակում տրամադրված աջակցությունը տեխնոլոգիական ՓՄՁ-ներին։

Ռազմավարության գործողությունների ծրագրով իրականացվել են միջոցառումներ՝ ուղղված ՓՄՁ սուբյեկտների կարողությունների զարգացմանը, պետական երաշխիքների և արտոնյալ վարկավորման միջոցով ֆինանսների հասանելիության բարձրացմանը, միջազգային համագործակցությունների հաստատմանը, պետություն-մասնավոր երկխոսության հարթակների զարգացմանը և իրավական դաշտի բարելավմանը։ Այնուամենայնիվ, հաշվի առնելով տնտեսության դինամիկ փոփոխությունները և վերոնշյալ ռազմավարության իրականացման ժամանակահատվածում Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները՝ միջոցառումների մի մասն ամբողջովին չի իրագործվել։ Միաժամանակ, միջոցառումների միջև բացակայել են սիներգիաները, սահմանված չեն եղել դրանց իրականացման առաջնահերթությունները և աջակցության գործիքակազմը թիրախային մոտեցում չի ցուցաբերել զարգացման տարբեր փուլերում գտնվող ՓՄՁ-ների խմբերին։

  1. Հայաստանում ՓՄՁ քաղաքականության մշակման գործառույթը վերապահվում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը, որը մշակում է նաև ոլորտային ծրագրերն ու միջոցառումները, սահմանում դրանց համար արդյունքային ցուցանիշներ և վերահսկում դրանց իրականացման ընթացքը։ Դեռևս 2002թ. հիմնադրվել է ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնը (ՓՄՁ ԶԱԿ), որին Երևանում գործող գլխամասի և մարզերում տասը տարածքային կենտրոնների ցանցի միջոցով վերապահվել է ոլորտի աջակցության ծրագրերի իրականացման գործառույթը։ Այնուամենայնիվ, 2019թ-ից ի վեր ՓՄՁ ԶԱԿ-ը վերանվանվել է «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի (Էնթերփրայզ Արմենիա): Վերջինս հիմնականում պատասխանատու է եղել ներդրումների խթանման քաղաքականության իրականացման համար՝ աստիճանաբար նվազեցնելով ՓՄՁ աջակցության ծրագրերը և միջոցառումները, որոնք ի սպառ դադարել են 2023 թվականից։ ։ Ուստի, առանց մասնագիտացված կառույցի, Էկոնոմիկայի նախարարությունը վերջին տարիներին ստանձնել է քաղաքականության մշակման և իրականացման կրկնակի գործառույթ։
  2. Այս տեսանկյունից Հայաստանը զիջել է ոչ միայն առաջադեմ, այլև համադրելի տնտեսություններին, որտեղ ՓՄՁ քաղաքականության իրականացման գործառույթը վերապահվում է մասնագիտացված պետական գործակալության։ Առաջադեմ տնտեսություններում՝ ինչպես օրինակ Ավստրիա և Իռլանդիա, ՓՄՁ աջակցության կառույցներն ունեն ամուր պատմական հիմքեր, եկամտի մի քանի կայուն աղբյուրներ և փորձագետների մասնագիտական թիմ, որոնց միջոցով ՓՄՁ-ներին տրամադրում են խորհրդատվական, տեղեկատվական և տեխնիկական աջակցություն։ Աջակցության լայնամասշտաբ ծրագրերի իրականացման համար այս կառույցները հաճախ համագործակցում են մասնագիտացված կազմակերպությունների, միջազգային կամ տեղական խորհրդատուների հետ: Համադրելի տնտեսություններում՝ մասնավորապես, Վրաստանում, Մոլդովայում, Կոսովոյում, Ալբանիայում, ՓՄՁ աջակցության կառույցները հիմնադրվել են վերջին երկու տասնամյակի ընթացքում՝ առաջնային փուլերում նշանակալի ֆինանսական և տեխնիկական աջակցություն ստանալով դոնոր և միջազգային կազմակերպությունների կողմից։ Վերոնշյալ կառույցների մի մասին հաջողվել է հասնել գործունեության ընդլայնման և կայունության՝ ներկայումս առաջարկելով ֆինանսական աջակցության, տեղեկատվական ռեսուրսների և տեխնիկական ծառայությունների լայն շրջանակ։
  3. Վերջին տասնամյակների ընթացքում թե՛ համադրելի, թե՛ առաջադեմ տնտեսություններում ոլորտում աջակցության ծրագրեր իրականացնող կառույցները միաձուլվել են մեկ միասնական պետական գործակալության, որի մանդատի ներքո են ՓՄՁ, ներդրումների և արտահանման խթանման ու ֆինանսավորման գործառույթները։ Առաջադեմ տնտեսություններում ՓՄՁ զարգացումը սերտորեն փոխկապակցված է մասնավոր հատվածի նորարարության հետ, ուստի այս երկրներում գործող կառույցներն առաջարկում են նաև ՓՄՁ-ներում նորարարական ծրագրերի ֆինանսավորման, խորհրդատվության և կարողությունների զարգացման ծրագրեր։ Միաժամանակ, վերոնշյալ կառույցները հիմնականում չեն զբաղվում ոչ մասնավոր հատվածում հետազոտությունների և փորձարկումների ֆինանսավորմամբ, քանզի այս գործառույթն ընկած է առանձին կառույցի մանդատի ներքո։
  4. Հատկանշական է, որ Հայաստանում տեխնոլոգիական ոլորտի ՓՄՁ-ների զարգացմանն ուղղված քաղաքականությունը մշակվում և իրականացվում է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից, իսկ գիտության ոլորտը կառավարվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի կողմից։ Նորարարությունների խթանման և աջակցության գործառույթների տարրաբաշվածությունը տարբեր գերատեսչությունների միջև առաջ են բերում գործողությունների համակարգման և ներդաշնակեցման մարտահրավերներ։
  5. ՓՄՁ ոլորտի կառավարման տեսանկյունից կարևորվում է նաև քաղաքականության և աջակցության միջոցառումների մշակման ու իրականացման մոտեցումները։ Պետական աջակցության ծրագրերից ստացվող արդյունքները կարող են բազմապատկվել պլանավորման փուլում տվյալահենք մեթոդների կիրառման, ուսումնասիրությունների և փորձարկումների իրականացման, գործիքակազմի ճկունության ապահովման, շարունակական մշտադիտարկման ու ազդեցության համապարփակ գնահատումների հաշվին։[33] Մասնավոր հատվածի զարգացման ուղղված քաղաքականությունների գնահատումը փաստում է նման մոտեցման ոչ լիարժեք կիրառումը Հայաստանում։
  6. Ձեռներեցության էկոհամակարգում առանձնահատուկ դեր է խաղում հարկային քաղաքականությունը։ Հայաստանում գործող հարկման հատուկ համակարգը, մասնավորապես՝ ընդհանուր հարկատեսակներին փոխարինող շրջանառության հարկը և միկրոձեռնարկատիրության սուբյեկտների համար գործող հարկային ռեժիմը, ենթադրում են առավել պարզ հարկային հարաբերություններ։ Հարկման հատուկ համակարգի ներքո գործում են տնտեսավարողների զգալի մասը։ Մասնավորապես, 2022թ.-ին վարձու աշխատող ունեցող ՓՄՁ-ների միայն 29%-ն է եղել ԱԱՀ վճարող, մինչդեռ շրջանառության հարկ վճարողները կազմել են 44%, իսկ միկրո ձեռնարկատիրության սուբյեկտները՝ 27%։
  7. Ընդհանուր առմամբ, 2018-2022թթ.-ին հարկային ռեժիմի փոփոխություն կատարած տնտեսավարողների թվում ընտրված վերջնական հարկային ռեժիմը եղել է հարկման հատուկ համակարգը հինգից չորսի դեպքում։ Ընդ որում, հարկային ռեժիմի փոփոխություն 2018-2022թթ.-ին կատարել է տնտեսավարողների ընդհանուր թվի 31%-ը։ Վերոնշյալ արդյունքները վկայում են այն մասին, որ հարկման հատուկ համակարգն առավել ցանկալի է ՓՄՁ-ների համար, որը, իր բնույթից (շրջանառության առավելագույն շեմ) ելնելով, սահմանափակում է տնտեսավարողի աճը և մասշտաբայնացումը։
  8. Հայաստանում իրականացվել են հարկային համակարգի մի շարք փոփոխություններ՝ ուղղված շրջանառության հարկի դրույքաչափերի բարձրացման միջոցով հարկման համակարգերի միջև հարկային բեռերի տարբերության կրճատմանը, գործարքների փաստաթղթավորման խթանների ստեղծմանը և հարկման արտոնյալ համակարգերից գործունեության որոշ տեսակներ դուրս բերմանը։[34]
  9. Վերջին տարիներին ՀՀ կառավարությունը էականորեն ընդլայնել է նաև էլեկտրոնային եղանակով մատուցվող պետական ծառայությունների շրջանակը և դրանց հասանելիությունը։ Տնտեսավարողներին ուղղված պետական էլեկտրոնային ծառայությունները ներառում են իրավաբանական անձանց գրանցման, լիցենզավորման, պետական գնումների, հարկային վարչարարության, կադաստրային, էլեկտրոնային ստորագրության և մի շարք այլ ծառայություններ։ Մասնավորապես, պարզեցվել է նորաստեղծ կազմակերպությունների գրանցումը, որը կատարվում է «մեկ պատուհան» համակարգի միջոցով։ Գրանցման արդյունքում տնտեսավարողները ստանում են պետական գրանցման համար, հարկ վճարողի հաշվառման համար և սոցիալական վճարների պարտավորությունների անձնական հաշվի քարտի համար։ Առցանց եղանակով են ներկայացվում նաև լիցենզավորման և մտավոր սեփականության, մասնավորապես՝ արդյունաբերական սեփականության օբյեկտների գրանցման հայտերը, ինչպես նաև դրանց վերաբերյալ տեղեկատվական ծառայությունների մատուցումը։ Շինարարության, քանդման, գույքի շահագործման թույլտվության տրամադրման, անշարժ գույքի հատակագծերի հաստատման, ճարտարապետաշինարարական նախագծերի համաձայնեցման ծառայությունները տրամադրվում են տեղական ինքնակառավարման մակարդակով։ Վերոնշյալ ծառայությունների հետ կապված բարդությունները հաճախ խոչընդոտում են ՓՄՁ-ների կողմից նոր նախաձեռնությունների ու ներդրումային նախագծերի իրականացումը, հատկապես՝ մարզերում։[35]
  10. Էկոհամակարգի կենսունակության համար առանցքային է պետություն-մասնավոր երկխոսության հարթակների արդյունավետ գործունեությունը։ Հայաստանում պետություն-մասնավոր երկխոսության կարևոր հարթակ է ՓՄՁ զարգացման խորհուրդը, և խորհրդին աջակցող Հայաստանի ներդրումային խորհուրդը[36], որի նպատակն է խթանել կառուցողական երկխոսություն պետության և մասնավոր հատվածի շահերը ներկայացնող գործարար միությունների, ոլորտային ասոցիացիաների ու խորհրդատվական ընկերությունների միջև։ Քննարկվող հարցերի շրջանակը հիմնականում ուղղված է ձեռներեցությանն առնչվող օրենսդրական բարեփոխումներին։
  11. 2022թ. ընդունված Պետություն-մասնավոր երկխոսության նախաձեռնման, երկխոսության հարթակների ձևավորման ծրագրի համաձայն՝ ՀՀ-ում պետություն-մասնավոր երկխոսության հարթակների գործառույթները վերապահվում են Էկոնոմիկայի նախարարությանը։
  12. Պետության և ոլորտային ձեռնարկությունների միջև հաղորդակցման մեկ այլ կարևոր ինստիտուցիոնալ ձևաչափ են բիզնես միավորումները։ Ապահովելով ոլորտի ՓՄՁ-ների ներկայացվածությունը՝ դրանք հնարավորություն են տալիս ներկայացնել և պաշտպանել անդամների ընդհանրական շահերը և միասնական դիրքորոշումը՝ կապված ոլորտին առնչվող պետական քաղաքականության հետ։ Միաժամանակ, բիզնես միավորումները համագործակցության, փորձի փոխանակման, ռեսուրսների և տեղեկատվության հեշտ հասանելիության լայն հնարավորություններ են ստեղծում։ Ներկայումս, տնտեսության առանձին ճյուղերում, մասնավորապես՝ տեղեկատվական տեխնոլոգիաների, անշարժ գույքի ու կառուցապատման, դեղագործության, գինեգործության ոլորտներում գործում են բիզնես միություններ, որոնք ակտիվորեն ներգրավված են ոլորտի խնդիրների բացահայտման և շահերի ներկայացման գործում։ Բացի դրանից, հիմնվելով «Առևտրաարդյունաբերական պալատների մասին» ՀՀ օրենքի վրա՝ յուրաքանչյուր մարզում և Երևան քաղաքում հիմնվել և գործում են առևտրաարդյունաբերական պալատներ՝ պետության և տեղական ինքնակառավարման մարմինների հետ հարաբերություններում իրենց անդամների ընդհանուր շահերի և իրավունքների պաշտպանության նպատակով։ Չնայած գոյություն ունեցող բիզնես միավորումների բազմազանությանը՝ դրանք ոչ հաճախ են արդյունավետորեն գործում, հատկապես պետություն-մասնավոր երկխոսության շրջանակում։ Դրանց գործունեության հետ կապված խոչընդոտները հիմնականում կապված են ֆինանսավորման կայուն աղբյուրների բացակայության, կարողությունների ու հմտությունների ոչ բավարար մակարդակի, ինչպես նաև անդամների շրջանում անդամակցության կարևորության մասին գիտակցման բացերի հետ։ Համաձայն ՓՄՁ քաղաքականության համաթվի՝ Հայաստանը պետություն‑մասնավոր երկխոսության ցուցանիշով Արևելյան Գործընկերության երկրներից զիջում է Վրաստանին, Մոլդովային և Ուկրաինային։[37] Վերջինս հիմնականում պայմանավորված է մասնավոր հատվածի սահմանափակ ներգրավվածությամբ։

Ֆինանսների հասանելիություն և կապիտալի շուկա

  1. Ձեռներեցության էկոհամակարգի մյուս բաղկացուցիչ տարրը ֆինանսների հասանելիությունն է, որտեղ հնարավորությունները կենսական են աճի բոլոր փուլերում գտնվող ՓՄՁ-ների համար։
  2. Բիզնեսի ֆինանսավորման ամենատարածված եղանակը ֆինանսական հաստատությունների կողմից պարտաքային ֆինանսավորումն է։ Հայաստանում ՓՄՁ վարկերը կազմում են բիզնես վարկերի 63%-ը (Գծապատկեր 4), որը 3 տոկոսային կետով աճել է 2019 թվականի նկատմամբ։

ԳԾԱՊԱՏԿԵՐ 4. ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐ,
2019-2023ԹԹ

Աղբյուր՝ Կենտրոնական բանկ, ՀՀ Վիճակագրական կոմիտե

  1. Այնուամենայնիվ, Հայաստանում առկա է ՓՄՁ վարկավորման ճեղքվածք, որը 2022թ. գնահատվել է փաստացի վարկավորման (առաջարկի) 69%-ի չափով, ինչը հավասարազոր է շուրջ 635 մլրդ ՀՀ դրամի։[38] (Գծապատկեր 5)

ԳԾԱՊԱՏԿԵՐ 5 ՓՄՁ ՎԱՐԿԱՎՈՐՄԱՆ ՃԵՂՔՎԱԾՔԻ ԳՆԱՀԱՏԱԿԱՆ

 

  1. Տնտեսության իրական և ֆինանսական հատվածների միջև ճեղքվածքի մասին է վկայում նաև այն փաստը, որ մասնավոր հատվածի վարկավորումը իրական ցուցանիշներով 2019թ․ դեկտեմբերից ի վեր հարաբերականորեն կայուն է, մինչդեռ ՀՆԱ-ի տեմպը (ընթացիկ գներով) 2020-ից հետո էական աճ է գրանցել։[39]
  2. Վարկավորման ճեղքվածքը մեծապես պայմանավորված է բարձր տոկոսադրույքներով և գրավի պահանջներով, ինչն արտացոլում է բանկերի կողմից ընկալվող բարձր ռիսկայնությունը։ Հայաստանում իրական տոկոսադրույքն ավելի բարձր է՝ համադրելի տնտեսությունների համեմատ, իսկ վարկեր ներգրավող ՓՄՁ-ների մասնաբաժինը՝ համապատասխանորեն ավելի ցածր։ Վերջինս մասամբ պայմանավորված է ՓՄՁ-ների վերաբերյալ տեղեկատվության սահմանափակ հասանելիությամբ և հաշվետվողականության բացերով: Արդյունքում, անշարժ գույքի գրավադրումը շարունակում է ծառայել որպես բիզնես վարկերի համար պահանջվող երաշխիքի հիմնական միջոց։
  3. Մասնավոր հատվածի ֆինանսավորման ոչ պարտքային այլընտրանքներն համեմատաբար ավելի ցածր տարածում ունեն՝ չնայած վերջին տարիներին նկատվող դրական միտումներին։ 2020թ․ իրականացված օրենսդրական բարեփոխումներից հետո, ըստ որոնց ՀՀ քաղաքացիական օրենսգրքում սահմանվել են լիզինգատու-լիզինգառու փոխհարաբերությունները և լիզինգի գործառնության կարգը, լիզինգի հնարավորություններն էականորեն ընդլայնվել են։ 2019‑2022թթ․ ընթացքում լիզինգային գործարքների թիվն աճել է ավելի քան հինգ անգամ։[40] Լիզինգի շուկայի զարգացման գործում էական դեր է ունեցել Էկոնոմիկայի նախարարության կողմից իրականացվող «Տնտեսության արդիականացման միջոցառումը», որի շրջանակներում տրամադրվում է լիզինգի և վարկերի տոկոսադրույքի սուբսիդավորում ։
  4. Կապիտալի շուկայի հնարավորությունները սահմանափակ են, որի առաջնային պատճառը շուկայի փոքր մասշտաբներն են։ Հայաստանի ֆոնդային բորսան արժեթղթերի կարգավորվող շուկայի միակ օպերատորն է։ Վերջինիս կողմից մատուցվող հիմնական ծառայություններն են ցուցակումը և արժեթղթերի ու պարտատոմսերի առքուվաճառքը։ Ցուցակվող կազմակերպությունները մեծամասամբ առևտրային բանկերը և որոշ խոշոր ձեռնարկություններն են։ Նմանապես, կորպորատիվ պարտատոմսերի 82%-ը թողարկել են տեղական բանկերը։[41] 2024թ. շուկայի կապիտալիզացիայի ցուցանիշը Հայաստանում կազմել է ՀՆԱ-ի 4.3%, մինչդեռ Էստոնիայում՝ 12.8%:[42] Արժեթղթերի շուկայի ակտիվացման նպատակով 2020թ. Կառավարությունը հաստատել է Կապիտալի շուկայի զարգացման ծրագիր, իսկ Էկոնոմիկայի նախարարության կողմից 2023թ-ից իրականացվում է «Թողարկման և վարկանիշավորման պետական աջակցության ծրագիր», որով ակնկալվում է ակտիվություն հաղորդել կապիտալի շուկային։
  5. Կապիտալ ֆինանսավորման տարածված եղանակներ են ներդրումային (այդ թվում՝ վենչուրային) ֆոնդերը և հրեշտակ ներդրողները։ Վենչուրային ֆինանսավորումն առավելապես ուղղված է տեխնոլոգիական և գիտական հիմքով ստարթափերին, մինչդեռ ոչ տեխնոլոգիական ձեռնարկությունների համար ներդրումային ֆինանսավորման հնարավորությունները սահմանափակ են։

Բիզնես աջակցության ծառայություններ, կրթություն և մշակույթ

  1. Ձեռներեցության խթանման նպատակով 2000-ականերից ի վեր ստեղծվում են ձեռնարկատիրության կրթական հաստատություններ և աջակցության կենտրոններ։ Դրանք մեծամասամբ հիմնադրվում են դոնոր կազմակերպությունների նախաձեռնությամբ և աջակցությամբ։ Նման կենտրոններից են Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի Գյումրու և Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնները, «Մայքրոսոֆթ նորարարական կենտրոնը», մասնավոր նախաձեռնություններից՝ «ԲԱՆԱ Ստարտափ ինկուբատորը», «Արմենիա Ստարտափ Ակադեմիան», «ԻՐԻՍ բիզնես ինկուբատորը» և այլն։ Վերջին տասնամյակի ընթացքում նման աջակցության կենտրոնների շնորհիվ 1000-ից ավելի ձեռներեցների և 300-ից ավելի սկսնակ ՓՄՁ-ների տրամադրվել է տեխնիկական աջակցություն ու մենթորություն, իսկ 120-ից ավելի սկսնակ ՓՄՁ-ների՝ շուրջ 90 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք ֆինանսավորում։[43]
  2. Ձեռներեցության կրթության և բիզնես աջակցության կենտրոնների գործունեությունը մեծամասամբ կենտրոնացած է տեխնոլոգիական ոլորտում։ Տնտեսության ավանդական ոլորտներում նման կենտրոնների գործունեությունը պասիվ է՝ չնայած որոշ բացառությունների (օրինակ՝ ԻՐԻՍ բիզնես ինկուբատոր): Միաժամանակ, կրթական և աջակցության կենտրոնները թիրախավորում են առավելապես նախասաղմնային ու սաղմնային փուլերում գտնվող սկսնակ ՓՄՁ-ներին, մինչդեռ զարգացման և կայունացման փուլերում գտնվող ՓՄՁ-ների դեպքում նման հնարավորություններն առավել սահմանափակ են։ Բացի այդ, նման կենտրոնների գործունեությունը հիմնականում ֆինանսավորվում է միջազգային և դոնոր կազմակերպությունների ծրագրերով, ինչի հետևանքով հաճախ սահմանափակվում է դրանց շարունակականությունն ու կայունությունը։
  3. Ձեռներեցությունը հանրության լայն շերտերին հասանելի դարձնելու և մշակույթը զարգացնելու տեսանկյունից կարևոր է կրթական համակարգում ձեռնարկատիրական հմտությունների շեշտադրումը և զարգացումը։ Ներկայումս ձեռներեցությունն ինտեգրված է միջնակարգ, արհեստագործական և միջին մասնագիտական կրթության ուսումնական ծրագրերում` որպես հիմնարար հմտություն, ինչպես նաև ուսուցանվում է որոշ ոչ բիզնես ուղղվածության բուհերում:[44] Այնուամենայնիվ, սովորողների գործնական հմտությունները զարգացնելու և փորձ ձեռք բերելու հնարավորությունները դեռևս սահմանափակ են՝ պայմանավորված ուսումնական հաստատությունների ու մասնավոր հատվածի միջև սակավ համագործակցությամբ, կրթական ծրագրերի մատուցման մեթոդների և մոտեցումների բացերով։[45]

Շուկաների հասանելիություն

  1. Արտաքին շուկաների հասանելիության տեսանկյունից առանցքային նշանակություն ունի որակի ենթակառուցվածքը։ Տնտեսավարողների շրջանում որակի միջազգային ստանդարտների կիրառման մակարդակը ցածր է, որը մեծապես պայմանավորված է որակի ենթակառուցվածքի համակարգային բացերով։
  2. Արտահանման և առևտրի համար բարենպաստ նախադրյալներ ստեղծելու նպատակով կառավարությունը տարիների ընթացքում քայլեր է ձեռնարկել ազգային ստանդարտները ԵԱՏՄ և ԵՄ ստանդարտների համակարգերի հետ ներդաշնակեցնելու ուղղությամբ։ Չնայած ներդրված ջանքերին՝ ստանդարտացման և տեխնիկական կանոնակարգման համակարգի ներդաշնակեցումը թե՛ ԵԱՏՄ, թե՛ ԵՄ ընթացակարգերի և պարտադիր պահանջների հետ բարդություններ է ստեղծում ՓՄՁ-ների համար՝ հաճախ հետ պահելով նրանց ստանդարտացման աշխատանքներում ներգրավվելուց։
  3. Միաժամանակ, հավատարմագրման, համապատասխանության գնահատման և չափագիտության տեղական համակարգի և ծառայությունների միջազգային ճանաչումը ցածր է, ինչի արդյունքում սահմանափակվում են ՓՄՁ-ների՝ միջազգային շուկաներում մրցելու և համաշխարհային չափանիշներին համապատասխանելու կարողությունները։
  4. Թեև «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ-ի կողմից ՓՄՁ-ներին տրամադրվում է աջակցություն ստանդարտացման ուղղությամբ քայլեր ձեռնարկելու նպատակով, դրանց մասշտաբները և ունեցած ազդեցությունը սահմանափակ են։ 2018-2021թթ․ ընթացքում նման աջակցություն է տրամադրվել շուրջ 30 ՓՄՁ-ի։[46]
  5. Շուկաների հասանելիության ապահովման և համաշխարհային արժեքային շղթաներում ՓՄՁ-ների ինտեգրման համար կարևոր է էլեկտրոնային առևտուրը: Այնուամենայնիվ, միջազգային էլեկտրոնային առևտրի հարթակներում հայկական ՓՄՁ-ների մասնակցությունը ցածր է։ Վերջինս պայմանավորող գործոններից է վերոնշյալ հարթակների բարդ ընթացակարգերն ու կանոնակարգերը՝ կապված սպառողների և տվյալների պաշտպանության հետ։ Առցանց գործարքների և համաձայնագրերի կնքնման ընթացքում առաջանում են բարդություններ կապված էլեկտրոնային ստորագրությունների համապատասխանության և վճարումների կատարման եղանակների հետ։ Բացի այդ, ծանրոցների առաքման ծառայությունների անարդյունավետության, մասնավորապես՝ բարձր ծախսեր և առաքման երկար ժամկետների հետևանքով հայկական ՓՄՁ-ները հաճախ չեն կարողանում մրցունակ լինել նման հարթակներում։

Ենթակառուցվածքներ

  1. Որպես ձեռներեցության էկոհամակարգի բաղադրիչ՝ զարգացած ենթակառուցվածքները կարևոր նշանակություն ունեն աճի, նորարարության և ընդհանուր մրցունակության բարձրացման համար:
  2. ՓՄՁ-ների լոգիստիկայի և մատակարարման շղթաների արդյունավետ գործունեության համար առաջնային դեր է խաղում միջպետական ու հանրապետական նշանակության ճանապարհային ենթակառուցվածքը։ Հայաստանի աշխարհաքաղաքական առանձնահատկությունները սահմանափակում են կապը տարածաշրջանի մյուս երկրների հետ՝ ստեղծելով խոչընդոտներ զբոսաշրջության ոլորտի և արտահանող ՓՄՁ-ների համար։ Միաժամանակ, Հայաստանի մարզերում ենթակառուցվածքների հետ կապված սահմանափակումները հասցեագրելու համար՝ ՀՀ Կառավարությունը՝ ի դեմս ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի և Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի նախատեսում է բարելավել ճանապարհային և զբոսաշրջային ենթակառուցվածքը 20 աշխարհագրական կլաստերներում, որոնցից են՝ Արենիի, Դիլիջանի, Գորիսի, Եղեգիսի համայնքները։
  3. Ազատ տնտեսական գոտիներում արդյունաբերական ենթակառուցվածքների և ռեսուրսների համատեղ ստեղծումն ու օգտագործումը նպաստում է ՓՄՁ զարգացման համար անհրաժեշտ համագործակցային միջավայրի և հնարավորությունների ձևավորմանը։ Ներկայումս, Հայաստանում գործում է չորս ազատ տնտեսական գոտի, որոնք կենտրոնանում են մշակող արդյունաբերության որոշակի ենթաոլորտների՝ մասնավորապես, ոսկերչության և ժամագործության, ինչպես նաև բարձր տեխնոլոգիական ոլորտի վրա։ Այս ոլորտում ՓՄՁ-ների համագործակցությունը խթանող նախաձեռնության մեկ այլ օրինակ է «Ինժեներական քաղաք»-ը, որը, տրամադրելով միասնական ենթակառուցվածք և արտադրական կարողություններ, միավորում է բարձր տեխնոլոգիական մի շարք կազմակերպությունների։
  4. Հայաստանում ՓՄՁ-ների կայուն զարգացման համար առանցքային նշանակություն ունի նաև հանրային ծառայությունների և էներգետիկ ռեսուրսների հասանելիությունն ու հուսալիությունը։ Հայաստանում էլեկտրաէներգիայի և ջրամատակարարման անկայունությունը հաճախ բացասական հետևանք է ունենում ՓՄՁ-ների համար՝ հանգեցնելով արտադրական գործընթացի խափանման, ծախսերի աճի, շահութաբերության անկման։[47] Մյուս տեսանկյունից, Հայաստանի կախվածությունն արտաքին աղբյուրներից՝ Ռուսաստանից և Իրանից ներկրվող էներգապաշարներից բարձր է՝ սահմանափակելով ՓՄՁ-ների դիմակայունությունը։ Ավելին, առաջնային էներգիայի պահանջարկի 80% ապահովվում է բնական գազի, էլեկտրաէներգիայի, նավթի և նավթամթերքի հաշվին, իսկ վերականգնվող էներգիայի սպառումը ցածր է՝ չնայած աճի մեծ ներուժի։[48]
  5. Վերջին տարիներին Հայաստանն առաջընթաց է գրանցել համացանցային ենթակառուցվածքի զարգացման ուղղությամբ՝ ապահովելով ֆիքսված լայնաշերտ կապի ծառայությունների ծածկույթի և որակի աճ։ Այնուամենայնիվ, արագ ֆիքսված լայնաշերտ կապի ծառայությունների անհամաչափ բաշխումը հեռավոր ու սահմանամերձ տարածքներում և սոցիալապես խոցելի խմբերի շրջանում ցածր հասանելիությունը հաճախ խոչընդոտում է այս ՓՄՁ-ների թվային փոխակերպմանը։[49]

ՓՄՁ ՄՐՑՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐ

  1. ՓՄՁ մրցունակության տեսանկյունից մարտահրավերները տարանջատվում և դիտարկվում են երկու մակարդակներում՝ տնտեսավարողի և միջավայրի։ Երկու մակարդակներում առկա մարտահրավերները գտնվում են մշտական փոխազդեցության մեջ, ինչը ենթադրում է դրանց միաժամանակյա հասցեագրում։
  2. Տնտեսավարողի մակարդակում առկա մարտահրավերները պայմանավորված են ՓՄՁ վարքագծով։ Դրանք բխում են ՓՄՁ ձգտումների, ռեսուրսների, հմտությունների, կարողությունների և դրանցում կիրառվող պրակտիկաների բացերով։ Այս մարտահրավերները պահանջում են նպատակային պետական միջամտություն՝ ֆինանսական խթանների ստեղծման, կարողությունների զարգացման, շուկայական ծառայությունների հասանելիության բարձրացման և պահանջարկի խթանման միջոցով:
  3. Ըստ ձեռներեցության զարգացման կենսափուլերի՝ ձեռներեցության զարգացման բացահայտված մարտահրավերները հետևյալն են․

Գաղափարի առաջացում և բիզնեսի սկիզբ

  1. Համեմատած համադրելի երկրների հետ Հայաստանում ավելի քիչ թվաքանակով են նոր ընկերություններ ստեղծվում՝ չնայած ձեռնարկատիրական գործունեության նկատմամբ դրական վերաբերմունքի բարձր մակարդակին։
  2. Ձեռներեցությամբ զբաղվելու դրդապատճառներում գերակայում են մոնետար՝ ապրուստի համար գումար վաստակելու, քան նորարարությունը և գլոբալ խնդիրների լուծման ուղղված նպատակադրումները։
  • ՓՄՁ գործունեությունը կենտրոնացած է Երևանում, իսկ մարզերում բիզնեսի ստեղծման ակտիվությունը ցածր է։
  1. Նորաստեղծ տնտեսավարողների շրջանում կանանց, երիտասարդների և բնակչության այլ խոցելի խմբերի կողմից հիմնադրվող ՓՄՁ-ների մասնաբաժինը փոքր է։
  2. Նորաստեղծ ձեռնարկությունները բախվում են ձախողման ռիսկերի՝ պայմանավորված ֆինանսների ներգրավման և տնօրինման, բիզնեսի կառավարման, շուկայավարման, արտաքին միջավայրի փոփոխություններին արագ արձագանքելու հմտությունների բացերով։

Վերոնշյալ մարտահրավերներին արձագանքելու համար անհրաժեշտ է խթանել նոր ձեռնարկատիրական նախաձեռնությունները և աջակցել աճի մեծ ներուժ ունեցող սկսնակ ձեռներեցներին լիարժեք իրացնելու իրենց ներուժը՝ ապահովելով՝

  • Բիզնես սկսելու հետ առնչվող, այդ թվում՝ ֆինանսների, շուկա մուտք գործելու, և բիզնեսն արդյունավետ կառավարելու հմտությունների զարգացում,
  • Աջակցության հասանելիություն հատկապես մարզերում և խոցելի խմբերի շրջանում,
  • Ձեռներեցության մշակույթի զարգացում և ձեռներեցությամբ զբաղվելու խրախուսում՝ հաջողության պատմությունների և ձեռնարկատիրական հնարավորությունների հանրայնացման միջոցով։

Բիզնեսի զարգացում

  1. ՓՄՁ-ների շրջանում արտադրողականության մակարդակը ցածր է, իսկ նույն ոլորտում գործող տնտեսավարողների միջև նկատվում է արտադրողականության զգալի ճեղքվածք։
  2. Աճի և արտադրողականության սահմանափակումները առավել նկատելի են տնտեսության ոչ տեխնոլոգիական, այդ թվում՝ արդյունաբերական ոլորտներում, և պայմանավորված են հետևյալ բացերով․
  • Տեխնոլոգիական վերազինման և թվային հասունության ցածր մակարդակ,
  • Նորարարությունների ստեղծման, առևտրայնացման, կլանման և տեղայնացման սահմանափակ կարողություններ,
  • Ոչ բանկային ֆինանսավորման ներգրավման կարողությունների բացեր,
  • Ռազմավարական պլանավորման մշակույթի, կորպորատիվ կառավարման մեթոդների և պրակտիկաների ներդրման բացեր
  • Աճի նախագծերի մշակման, թվային, մտավոր սեփականության և շուկայավարման հմտությունների բացեր ինչպե՛ս ձեռներեցների, այնպե՛ս էլ աշխատուժի շրջանում։

Այս փուլում միջամտության հիմնական ուղղություններն են՝

  • ՓՄՁ-ների ընդլայնման և վերազինման նախագծերի համար անհրաժեշտ ֆինանսական, մարդկային, տեխնիկական և այլ ռեսուրսների հասանելիության բարձրացում,
  • Տնտեսավարողների շրջանում թվային վերափոխման և տեխնոլոգիական վերազինման հնարավորությունների ընդլայնում,
  • Մարդկային ռեսուրսների կարողությունների շարունակական զարգացում,
  • Կորպորատիվ կառավարման գործընթացների, կառավարման արդյունավետ պրակտիկաների և որակի ստանդարտների ներդրման աջակցություն,
  • Մասնավոր հատվածի կողմից հետազոտության և մշակման, տեխնոլոգիաների կլանման աշխատանքներում կատարվող ներդրումների աջակցություն և կարողությունների զարգացում,
  • Մտավոր սեփականության և տեխնոլոգիաների փոխանցման աջակցություն և իրազեկվածության մակարդակի բարձրացում։

Միջազգայնացում և մասշտաբայնացում

  1. Ավանդական ոլորտներում ՓՄՁ-ների գործունեության մասշտաբները սահմանափակ են և բնութագրվում են ցածր շրջանառությունով, արտահանման փոքր ծավալներով ու տեխնոլոգիատարությամբ, նեղ ապրանքային տեսականիով և աշխարհագրությամբ։ Վերջինս պայմանավորված է միջազգային շուկաներ մուտք գործելու և մրցունակ լինելու խոչընդոտներով, մասնավորապես՝ միջազգային շուկաներ մուտքի ռազմավարությունների մշակման, ֆինանսավորման, իրագործման հմտությունների բացերով։
  2. Միջազգային արժեշղթաներում ՓՄՁ-ների ինտեգրման մակարդակը և ներգրավվող օտարերկրյա ներդրումների մեծությունը ցածր են։
  • Առկա են կապիտալի շուկայի գործիքների վերաբերյալ իրազեկման, այս բնագավառում հմտությունների զարգացման և կիրառության բացեր։
  1. Սահմանափակ է էներգաարդյունավետ, կանաչ և շրջանաձև տնտեսության լուծումների ու տեխնոլոգիաների վերաբերյալ իրազեկման և դրանց կիրառության մակարդակը։

Այս փուլում միջամտությունները պահանջում են՝

  • ՓՄՁ-ների արտահանման կարողությունների և միջազգային շուկաներ մուտք գործելու պատրաստվածության մակարդակի բարձրացում,
  • Արտահանմանը և միջազգային շուկաներում ինտեգրմանը նպաստող նախագծերի համար անհրաժեշտ ֆինանսական, մարդկային, տեխնիկական և այլ ռեսուրսների հասանելիության բարձրացում,
  • Արտահանման տեսականու և աշխարհագրության ընդլայնում ու դիվերսիֆիկացում,
  • Կապիտալի շուկայի գործիքների, կայուն գործելակերպի, կանաչ և շրջանաձև տնտեսության լուծումների վերաբերյալ իրազեկման բարձրացում ու դրանց ներդրումը խրախուսող աջակցության տրամադրում։

Բիզնեսից ելք

  1. Բիզնեսից ելքերի գերակշիռ մասը՝ դրանց ձախողման պատճառով են։ Ելքերի մեծ մասը կատարվում են ցածր շահութաբերության և ֆինանսական ռեսուրսներ ներգրավելու հետ կապված բարդությունների պատճառով, ինչը փաստում է բիզնեսն արդյունավետ կառավարելու հմտությունների բացերի մասին։
  2. Ձախողումից հետո կրկին ձեռներեցությամբ զբաղվելու մասնաբաժինը փոքր է՝ պայմանավորված ձախողված ձեռներեցի նկատմամբ հասարակական ընկալումների և իրավական կարգավորմներով։

Այս մարտահրավերներին ուղղված միջամտություններն են ՝

  • Ներդնել բիզնեսից ելքերի պատճառների մշտադիտարկման և համապարփակ վերլուծության մեխանիզմ,

Ապահովել «երկրորդ հնարավորություն» ձախողումից հետո նոր գաղափարների մշակման և իրագործման համար՝ տրամադրելով խորհրդատվական և տեղեկատվական ծառայություններ, ֆինանսական միջոցների հասանելիություն։

  1. Միջավայրի մարտահրավերները պայմանավորված են ձեռներեցության էկոհամակարգի խնդիրներով, որոնք մշտապես փոփոխվում են և հիմնականում կապված են հարակից քաղաքականությունների հետ, այդ թվում՝ հարկային, մրցակցության պաշտպանության, կրթության և գիտության, մտավոր սեփականության, պետական գնումների, ֆինանսավարկային, որակի ենթակառուցվածքի, ֆիզիկական ենթակառուցվածքի և այլ քաղաքականությունների հետ։ Հաշվի առնելով ձեռներեցության էկոհամակարգի տարրերի փոխկապակցվածությունը և դինամիկությունը՝ այս մարտահրավերներն ու դրանցից բխող քաղաքականությունները ենթակա են պարբերական վերլուծության և լրամշակման՝ ապահովելու ձեռներեցության զարգացման համար նպաստավոր և խթանող միջավայր։
  2. Ըստ ձեռներեցության էկոհամակարգի բաղադրիչների՝ բացահայտված միջավայրային մարտահրավերները հետևյալն են․

Պետական քաղաքականություն, աջակցության ծրագրեր, հանրային ծառայություններ

  1. Ձեռներեցությանն առնչվող ոլորտային քաղաքականությունների և աջակցության ծրագրերի, ինչպես նաև դրանք իրականացնող պետական գերատեսչությունների միջև առկա են համակարգման բացեր և չիրացված սիներգիաներ։
  2. ՓՄՁ քաղաքականության մշակման և իրականացման համար ինստիտուցիոնալ կարողությունների, արդյունավետ մեխանիզմների և իրավական հիմքերի բացերի հետևանքով սահմանափակվում է աջակցության ծրագրերի արդյունավետությունը։
  • ՓՄՁ-ների նշանակալի մասն անցում չի կատարում ընդհանուր հարկման դաշտ՝ շարունակելով գործել հարկման հատուկ համակարգում, ինչը վկայում է, որ վերջինս չի խթանում տնտեսավարողի աճին և մասշտաբայնացմանը։
  1. Ընդհանուր հարկման համակարգը բարդ է, հատկապես՝ գերփոքր և փոքր տնտեսավարողների համար։
  2. Պետության, մասնավոր հատվածի շահերը ներկայացնող գործարար միությունների ու ոլորտային ասոցիացիաների, ինչպես նաև միջնորդ խորհրդատվական ընկերությունների միջև երկխոսության հարթակներն ունեն մասշտաբների և մասնակցայնության բացեր։
  3. Ոլորտային միությունների, բիզնես ասոցացիաների, առևտրաարդյունաբերական պալատների մեծ մասը ներկայումս գործում են փոքր մասշտաբներով՝ անդամակցության ցածր մակարդակով, բախվում են կայուն եկամտի աղբյուրների, մասնավորապես՝ անդամավճարների հավաքագրման խնդիրների։ Փոքր մասշտաբները և անդամների սահմանափակ թվաքանակը խոչընդոտում են դրանց բանակցային դիրքերի ամրապնդմանը՝ հատկապես պետական մարմինների և միջազգային գործընկերների հետ համագործակցության ընթացքում։

Վերոնշյալ մարտահրավերներին արձագանքելու համար հիմնական միջամտության ուղղություններն են՝

  • ՓՄՁ քաղաքականության մշակման և իրականացման գործառույթների հստակ տարանջատում,
  • Քաղաքականության մշակման իրավական հիմքերի ամրապնդում, մասնավորապես «Փոքր և միջին ձեռնարկատիրության պետական աջակցության մասին» օրենքի վերանայման միջոցով,
  • Պետական աջակցության ծրագրերի պլանավորման, ներդրման և իրականացման ընթացքում տվյալահենք մեթոդների, փորձարկումների, մշտադիտարկման ու ազդեցության համապարփակ գնահատումների ներդրում,
  • Հարկային քաղաքականության հիմքում ՓՄՁ-ների աճը և մասշտաբների ընդլայնումը խրախուսող սկզբունքների ներդրում,
  • Միջգերատեսչական համակարգման բարելավում և ռազմավարական ծրագրերի ու քաղաքականությունների ներդաշնակեցում՝ ապահովելու ՓՄՁ զարգացման նպաստավոր և կանխատեսելի միջավայր,
  • Պետություն-մասնավոր հատված երկխոսության հարթակների ընդլայնում և կատարելագործում՝ ապահովելով ոլորտային ներկայացվածությունը գործարար միությունների ու ոլորտային ասոցիացիաների ներգրավծման միջոցով,
  • Ոլորտային միությունների, բիզնես ասոցացիաների, առևտրաարդյունաբերական պալատների զարգացման խթանների ստեղծում և համագործակցություն։

Ֆինանսների հասանելիություն և կապիտալի շուկա

  1. Հայաստանում առկա է ՓՄՁ վարկավորման ճեղքվածք՝ պայմանավորված բարձր տոկոսադրույքներով և գրավի պահանջներով։
  2. Ֆինանսավորման ոչ պարտքային ֆինանսավորման այլընտրանքների ցածր տարածում, մասնավորապես՝ տնտեսության ոչ տեխնոլոգիական ոլորտների համար։
  • Կապիտալի շուկան փոքր է, արժեթղթերն հիմնականում թողարկվում են բանկերի և մի քանի տեղական խոշոր ընկերությունների կողմից։ Տեղական շուկայի փոքր մասշտաբներով պայմանավորված՝ փոքր և միջին ձեռնարկությունների կողմից կապիտալ ներդրումների ներգրավման հնարավորությունները սահմանափակ են։

Այս մարտահրավերներին ուղղված հիմնական միջամտության ուղղություններն են՝

  • Վարկային միջոցների հասանելիության և մատչելիության բարձրացում տոկոսադրույքների սուբսիդավորման, երաշխիքների տրամադրման, որպես գրավ շարժական ակտիվների օգտագործումը խթանելու միջոցով։
  • ֆինանսական ֆակտորինգի հետ կապված մարտահրավերների վերլուծություն և դրա կիրառման խթանում,
  • Ոչ բանկային ֆինանսավորման գործիքների հասանելիության, դրանց վերաբերյալ իրազեկման և հմտությունների բարելավում, մասնավորապես՝ տնտեսության ոչ տեխնոլոգիական հատվածում,
  • Խթանել պետական համաֆինանսավորման մեխանիզմները՝ կենտրոնանալով մասնավոր ներդրումների խթանման վրա (օրինակ, համաֆինանսավորվող դրամաշնորհներ, վենչուրային ֆոնդերում պետության մասնակցություն, և այլն),
  • Խթանել միջազգային ֆինանսական կազմակերպությունների, մասնավոր և ինստիտուցիոնալ ներդրողների կողմից մասնավոր հատվածում կատարվող ներդրումները։

Բիզնես աջակցության ծառայություններ, կրթություն և մշակույթ

  1. Ձեռնարկատիրական կրթության, մենթորության, բիզնես աջակցության կենտրոնների գործունեությունը կենտրոնացված է տեխնոլոգիական ոլորտի նախասաղմնային ու սաղմնային փուլերում գտնվող ՓՄՁ-ների վրա։
  2. Հանրակրթության և բարձրագույն կրթական ծրագրերում առկա են բացեր կապված ձեռնարկատիրական կրթության մատուցման ձևերի, մոտեցումների և դրանց շրջանակում մասնավոր հատվածի հետ համագործակցության հետ։

Հիմնական միջամտության ուղղություններն են՝

  • Ինկուբացիոն և աքսելերացիոն հնարավորությունների ընդլայնում ոչ տեխնոլոգիական ոլորտներում,
  • Հանրակրթության և բարձրագույն կրթական ծրագրերում ձեռնարկատիրական կրթության բաղադրիչների ինտեգրում,
  • Ձեռներեցության մշակույթի զարգացման համար հանրային իրազեկման և կրթական արշավների իրականացում։

Շուկաների հասանելիություն

  1. Որակի ենթակառուցվածքի ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման և ծառայությունների որակը բարելավելու համար անհրաժեշտ ռեսուրսները սահմանափակ են։ Ենթակառուցվածքներում, սարքավորումներում, լաբորատորիաներում և մարդկային կապիտալում կատարվող ներդրումները անբավարար են ծառայություններ բարձր որակն ապահովելու համար։
  2. Հավատարմագրման, համապատասխանության գնահատման և չափագիտության տեղական համակարգի և ծառայությունների միջազգային ճանաչումը ցածր է: Համագործակցությունները ISO, IEC, CEN, CENELEC և ոլորտում գործող այլ միջազգային կազմակերպությունների հետ սահմանափակ են։
  • Որակի ենթակառուցվածքը կարգավորող իրավական շրջանակը, հատկապես՝ չափագիտության ոլորտում ունի թարմացման և միջազգային օրենսդրությանը համապատասխանեցման կարիք։
  1. Շուկայի վերահսկողության կարողությունները և օրենսդրության կիրարկման մեխանիզմներն անբավարար են, ինչի արդյունքում առաջանում են շուկայում ոչ համապատասխան որակի ապրանքների մուտքը կանխելու բացեր։
  2. Միջազգային էլեկտրոնային առևտրի հարթակներում հայաստանյան ՓՄՁ-ների ներկայացվածությունը սահմանափակ է, ինչը պայմանավորված է սպառողների և տվյալների պաշտպանության պայմանների, էլեկտրոնային ստորագրությունների, միջազգային առցանց վճարային համակարգերի հասանելիության, ծանրոցների առաքման հետ կապված խոչընդոտներով։

Այս մարտահրավերներին ուղղված հիմնական միջամտության ուղղություններն են՝

  • Միջազգային որակի կառավարման ստանդարտների մասին իրազեկվածության բարձրացում և կիրառման խրախուսում,
  • Հավատարմագրման, համապատասխանության գնահատման և չափագիտության տեղական ծառայությունների միջազգային ճանաչման բարձրացում, սարքավորումների և լաբորատորիաների բարելավում,
  • Որակի ենթակառուցվածքը կարգավորող իրավական շրջանակի վերանայում և կիրարկման մեխանիզմների զարգացում,
  • Բարելավել սպառողների և տվյալների պաշտպանության իրավական շրջանակը՝ ապահովելով համապատասխանություն միջազգային չափանիշներին,
  • Համագործակցել միջազգային վճարային համակարգերի հետ (օրինակ՝ PayPal)՝ հնարավորություն տալով հայաստանյան ՓՄՁ-ներին ընդունել միջազգային վճարումներ,
  • Համագործակցել ծանրոցների առաքման միջազգային ընկերությունների հետ և բարելավել տեղական լոգիստիկ ենթակառուցվածքը։

Ենթակառուցվածքներ  

  1. ՓՄՁ-ները բախվում են լոգիստիկ խոչընդոտների՝ պայմանավորված ճանապարհային և զբոսաշրջային ենթակառուցվածքի բացերով, և ՀՀ աշխարհաքաղաքական առանձնահատկություններով։
  2. Առկա են բացեր կապված համատեղ օգտագործման արդյունաբերական ենթակառուցվածքների և ռեսուրսների հասանելիության հետ, ինչի արդյունքում սահմանափակում են ՓՄՁ-ների համագործակցության հնարավորությունները։
  • Բարձր են արժեշղթաների խափանման ռիսկերը, ինչը պայմանավորված է հանրային ծառայությունների, մասնավորապես՝ էլեկտրաէներգիայի և ջրամատակարարման հուսալիության բացերով և արտաքին աղբյուրներից էներգապաշարների ներկրման մեծ կախվածությունից։
  1. Արագ ֆիքսված լայնաշերտ կապի ծառայությունները բաշխված են անհամաչափ, հատկապես՝ ցածր հասանելի լինելով հեռավոր ու սահմանամերձ տարածքներում և սոցիալապես խոցելի խմբերի շրջանում։

Հիմնական միջամտության ուղղություններն են՝

  • Բարելավել ճանապարհային և զբոսաշրջային ենթակառուցվածքները՝ ներդրումներ կատարելով ճանապարհների կառուցման և վերանորոգման մեջ, հատուկ ուշադրություն դարձնելով սահմանամերձ և հեռավոր տարածքների ճանապարհային բարելավմանը,
  • Ստեղծել արդյունաբերական գոտիներ, որոնք կխթանեն ՓՄՁ-ների համագործակցությունը և կբարձրացնեն ռեսուրսների օգտագործման արդյունավետությունը, [50]
  • Բարելավել հանրային ծառայությունների մատակարարման ենթակառուցվածքները՝ ապահովելով դրանց անխափան աշխատանքը,
  • Խրախուսել ներդրումները վերականգնվող էներգիայի և էներգաարդյունավետ լուծումների ու տեխնոլոգիաների մեջ,
  • Համագործակցել մասնավոր հատվածի հետ՝ բարձր արագությամբ ֆիքսված լայնաշերտ կապի հասանելիությունը ողջ հանրապետության տարածքում ընդլայնելու համար:

ՓՄՁ ՄՐՑՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿ

  1. Տնտեսավարողի մակարդակում առկա մարտահրավերները սույն ռազմավարական ծրագրի ուղղակի առարկան են և ծրագրով նախատեսված միջոցառումներն առավելապես ուղղված են դրանց լուծմանը։ Մինչդեռ միջավայրի մակարդակում առկա բացերը հիմնականում գտնվում են հարակից քաղաքականությունների տիրույթում։ Միջավայրի մակարդակում առկա մարտահրավերների բացահայտման և օպերատիվ լուծումների մշակման համար՝ սույն ծրագիրը կենտրոնանում է պետություն-մասնավոր հատված երկխոսության մասնակցային հարթակների հզորացման վրա։ Ծրագրով սահմանվում են նաև ՓՄՁ քաղաքականության մշակման և իրականացման ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանն ուղղված միջոցառումներ՝ գործընթացի արդյունավետությունն ու անընդհատությունն ապահովելու նպատակով։
  2. 2025­­‑2030թթ-ի ընթացքում սույն ռազմավարական ծրագրով նախատեսվում է ՓՄՁ ոլորտում առկա մարտահրավերները հաղթահարել՝ պետական աջակցության հատուկ գործիքակազմի միջոցով ազդելով ձեռներեցների վարքագծի վրա։ Այս նպատակով ռազմավարական ծրագիրը թիրախավորում է ՓՄՁ-ների երեք հիմնական խմբերի՝ հաշվի առնելով զարգացման համապատասխան կենսափուլը և դրան ներհատուկ բացերը։ Առաջին թիրախային խումբը ներառում է սկսնակ ՓՄՁ-ներին, մինչդեռ հասունացման հաջորդ փուլերում գտնվող տնտեսավարողները տարանջատվում են երկու առանձին խմբերի՝ ըստ արտադրողականության մակարդակի։ (Գծապատկեր 6)

ԳԾԱՊԱՏԿԵՐ 6 ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԹԻՐԱԽԱՅԻՆ ԽՄԲԵՐ

  1. Սույն ռազմավարական ծրագիրն ուղղված է տնտեսության ոչ ֆինանսական բիզնես հատվածում գործող ձեռնարկություններին, որը չի ներառում A. Գյուղատնտեսություն, անտառային տնտեսություն և ձկնորսություն ոլորտում գործունեություն ծավալող տնտեսավարողներին։ Ռազմավարական ծրագրի թիրախ չեն նաև բարձր տեխնոլոգիական ոլորտում գործող տնտեսավարողները, որոնց աջակցության քաղաքականությունը մշակվում և իրականացվում է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն կողմից։ Միաժամանակ, ռազմավարական ծրագիրը չի նախատեսում միջոցառումներ խոշոր ձեռնարկությունների աջակցության համար։

 

 

ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՏԵՍԼԱԿԱՆ, ՆՊԱՏԱԿՆԵՐ ԵՎ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐ

Ռազմավարական ծրագրի հենասյուներ և փոփոխության տեսություն

  1. Սույն ռազմավարական ծրագիրը շեշտադրում է տնտեսության առաջընթացի գնահատման որակական մոտեցումը, ըստ որի՝ տնտեսական զարգացման քանակական բնութագրիչներից բացի, պետք է հաշվի առնվի աճի որակը։ Այդ նպատակով կիրառվել է Համաշխարհային տնտեսական ֆորումի կողմից մշակված տնտեսական աճի որակի գնահատման շրջանակը, որն առանձնացնում է չորս հենասյուներ` նորարարություն, ներառականություն, կայուն զարգացում և դիմակայունություն: Արդյունքում՝ սույն ռազմավարական ծրագրի արդյունքային շրջանակը կառուցված է արտադրողականության, նորարարության, կանաչ զարգացման, ներառական զարգացման, դիմակայունության հենասյուների վրա (Գծապատկեր 7).

ԳԾԱՊԱՏԿԵՐ 7 ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՀԵՆԱՍՅՈՒՆԵՐ

  1. Այս հենասյուները կազմում են ռազմավարական ծրագրի նպատակներից բխող բոլոր միջամտությունների հիմքը և պետք է հաշվի առնվեն ծրագրի իրագործման յուրաքանչյուր փուլում։
  2. Աճի չափման այս համապարփակ մոտեցումը և ռազմավարության հենասյուները հանդիսանում են ռազմավարական ծրագրի փոփոխության տեսության հիմքը՝

ԵԹԵ ՓՄՁ ոլորտի պետական քաղաքականությունը թիրախավորված և տարբերակված գործիքակազմի միջոցով խթանի ՓՄՁ-ների արտադրողականության աճը՝ ապահովելով նորարարություն, ներառականություն և կանաչ զարգացում, միաժամանակ ապահովի աճը խթանող բարենպաստ գործառնական միջավայր, ներգրավի մասնավոր հատվածի և հասարակության ներկայացուցիչներին քաղաքականությունների մշակման և իրագործման գործընթացում, ինչպես նաև ներդնի մշտադիտարկման և գնահատման արդյունավետ համակարգեր, ԱՊԱ հնարավոր կլինի էապես բարձրացնել մասնավոր հատվածի մրցունակությունը արտաքին և ներքին շուկաներում՝ նպաստելով համախառն ներքին արդյունքի երկարաժամկետ կայուն աճին և համապարփակ տնտեսական զարգացմանը։

Ռազմավարական ծրագրի տեսլական, նպատակներ և ակնկալվող արդյունքներ

  1. Սույն ռազմավարական ծրագրի տեսլականն է Հայաստանը որպես ներառական և դիմակայուն երկիր՝ նորարարական և մրցունակ ՓՄՁ-ների միջոցով կայուն աճող դինամիկ տնտեսությամբ։ Տեսլականը ծառայում է որպես Հայաստանում ՓՄՁ համընդհանուր զարգացման ուղղություն, և սահմանվում է առանց ժամանակային սահմանափակումների: Միաժամանակ, 2025-2030թթ․ համար սահմանվում են հետևյալ հինգ ռազմավարական նպատակները՝ ուղղված տեսլականի իրագործմանը։

Նպատակ 1. Զարգացած ձեռնարկատիրական մշակույթ, նորարարական լուծումներ առաջարկող և մրցունակ ՓՄՁ-ների թվաքանակի աճ՝ հատկապես մարզերում՝ կանանց և երիտասարդների ակտիվ ներգրավմամբ:

Նպատակ 2. ՓՄՁ-ների արդիականացում և արտադրողականության կայուն աճ:

Նպատակ 3. Բարձր ԳՓՆ ինտենսիվության հիման վրա ՓՄՁ-ների միջազգայնացում և մասշտաբայնացում։

Նպատակ 4. ՓՄՁ քաղաքականության մշակման և իրականացման համար բարձր կարողություններ ունեցող և զարգացած ինստիտուցիոնալ համակարգ:

Նպատակ 5. Հայաստանում ՓՄՁ մրցունակության աճը խթանելու համար բարենպաստ պայմաններ ստեղծող գործարար միջավայր:                       

  1. Մինչև 2030թ. ռազմավարական ծրագրի համար սահմանվում են հետևյալ վերջնարդյունքի ցուցանիշները (Գծապատկեր 8).

 

 

ԳԾԱՊԱՏԿԵՐ 8. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՎԵՐՋՆԱՐԴՅՈՒՆՔԻ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐ

Ռազմավարական ծրագրի առանցքային սկզբունքներ

  1. Ռազմավարական ծրագրի վերոնշյալ նպատակների իրագործման համար նախատեսված են թիրախային ծրագրեր՝ իրենց համապատասխան միջոցառումներով։ Ծրագրերը և միջոցառումները մշակվել են հիմնվելով հետևյալ առանցքային սկզբունքների վրա՝
  2. Աճի որակի ուղղորդում աջակցության տարբերակված պայմանների կիրառման միջոցով Յուրաքանչյուր ծրագիր ենթադրում է աջակցության տարբերակված պայմանների սահմանում՝ ելնելով ռազմավարության հինգ հենասյուներից։ Նորարարությանը, ներառականությանը, կանաչ զարգացմանը և դիմակայունությանը նպաստող նախագծեր ներկայացնող ՓՄՁ-ների համար կգործեն աջակցության լրացուցիչ արտոնյալ պայմաններ։
  3. Ձեռներեցության զարգացման կենսափուլերի առանձնահատուկ կարիքներից բխող ծրագրերի մշակում Ծրագրերը բխում զարգացման տարբեր կենսափուլերում գտնվող ձեռնարկությունների առանձնահատուկ կարիքներից՝ յուրաքանչյուր խմբի համար խթանելով անցումը զարգացման հաջորդ մակարդակին։
  • Աջակցության տեղաբաշխման կլաստերային մոտեցում․ Մոտեցումը ենթադրում է թիրախավորված գործիքակազմի կիրառում՝ ՓՄՁ-ների միջև համագործակցությունները խրախուսելու և համագործակցային մշակույթը խթանելու նպատակով։ Նման մոտեցումը թույլ կտա նպաստել արժեշղթաների, ոլորտային և աշխարհագրական կլաստերների զարգացմանը։ Այս գործիքակազմը ներառում է նաև բիզնեսին աջակցող մասնագիտացված կազմակերպություններին, ոլորտային միություններին և ասոցացիաներին, ձեռներեցության էկոհամակարգի այլ մասնակիցներին։
  1. Աջակցության տեղաբաշխման ծրագրային մոտեցում Բացահայտված հիմնախնդիրներին համապարփակ լուծումներ առաջարկելու համար կիրառվել է ծրագրային մոտեցում։ Վերջինս ենթադրում է միասնական նպատակից բխող, փոխլրացնող, փոխկապակցված և նույն թիրախային խմբին ուղղված միջոցառումների համախմբում մեկ ծրագրի ներքո;
  2. Արդյունքների վրա հիմնված ֆինանսավորում․ Ֆինանսավորման չափն ու ժամկետներն ուղղակիորեն կախված են նախապես սահմանված, փոխհամաձայնեցված և չափելի արդյունքներից։
  3. Նախագծային մտածողության (Design Thinking) մեթոդների կիրառում Ծրագրերի մշակման և իրականացման համար հիմք են ընդունվել նախագծային մտածողության մեթոդները, որոնք պարբերական փորձարկումների, լավարկումների և ճշգրտումների միջոցով թույլ են տալիս ապահովել գործիքակազմի ճկունությունը և հարմարվողականությունը։
  4. Յուրաքանչյուր ծրագրի և համապատասխան միջոցառումների ծախսագնահատումը, ոչ ֆինանսական արդյունքային ցուցանիշները, պատասխանատու կառուցվածքային միավորները ներկայացված են ռազմավարական ծրագրի հավելվածում։ Հաջորդիվ ներկայացված են ռազմավարական նպատակները՝ ըստ դրանց հիմքում ընկած հիմնախնդիրների, նախատեսվող ծրագրերի և միջոցառումների։

 

 

ՆՊԱՏԱԿ 1. ԶԱՐԳԱՑԱԾ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹ, ՆՈՐԱՐԱՐԱԿԱՆ ԼՈՒԾՈՒՄՆԵՐ ԱՌԱՋԱՐԿՈՂ ԵՎ ՄՐՑՈՒՆԱԿ ՓՄՁ-ՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿԻ ԱՃ՝ ՀԱՏԿԱՊԵՍ ՄԱՐԶԵՐՈՒՄ՝ ԿԱՆԱՆՑ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ԱԿՏԻՎ ՆԵՐԳՐԱՎՄԱՄԲ

Ռազմավարական հիմնախնդիր

  1. Նոր ձեռնարկատիրական նախաձեռնությունների և մրցունակ լինելու ներուժ ունեցող ՓՄՁ-ների սահմանափակ քանակ, հատկապես՝ մարզերում, ինչպես նաև երիտասարդների և կանանց ներգրավվածության ցածր մակարդակ ձեռներեցության մեջ. Հայաստանում նոր ձեռնարկատիրական նախաձեռնությունների քանակը սահմանափակ է, ինչը նվազեցնում է տնտեսական աճի, նորարարության և զբաղվածության ընդլայնման հնարավորությունները։ Այս խնդիրն առավել սուր դրսևորում ունի մարզերում, ուր ձեռնարկատիրական ակտիվությունը ցածր է, ինչը բերում է տնտեսական զարգացման տարածական անհամաչափությունների: Միաժամանակ, կանայք և երիտասարդները քիչ են ներգրավված ձեռնարկատիրական գործունեությունում՝ բախվելով սոցիալական, տնտեսական և կրթական խոչընդոտների։ Նորաստեղծ ՓՄՁ-ները հաճախ չունեն բավարար ներուժ մրցունակ լինելու համար՝ պայմանավորված ռեսուրսների, հմտությունների և աջակցության սահմանափակումներով։

Ռազմավարական նպատակ, թիրախային խումբ և ակնկալվող արդյունքներ

  1. Սույն ռազմավարական նպատակով նախատեսվում է խթանել ձեռներեցությունը և հիմնել մրցունակ ՓՄՁ-ներ՝ ներառելով նորարարական լուծումներ և ապահովելով տնտեսական աճ հատկապես մարզերում՝ կանանց և երիտասարդների ակտիվ ներգրավմամբ։
  2. Ռազմավարական նպատակի հիմնական թիրախային խումբն են մարզերում գործող սկսնակ ՓՄՁ-ները։
  3. Նպատակից բխող միջանկյալ արդյունքները ներկայացված են աղյուսակ 2-ում.

ԱՂՅՈՒՍԱԿ 2 ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՆՊԱՏԱԿ 1. ՄԻՋԱՆԿՅԱԼ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ

Միջանկյալ արդյունքի ցուցանիշ

Ելակետային արժեք (2023թ.)

Թիրախային արժեք (2030թ.)

1.Մ1 Նոր բիզնեսի խտություն (ՍՊԸ-ների թիվ` 15-64 տարեկան 1000 մարդու հաշվով)

5.5

8.0

1.Մ2 Կանանց մասնաբաժին` գործատուների կազմում (%)

18.4

25.0

1.Մ3 Երիտասարդների (20-29 տարեկան) մասնաբաժին` գործատուների կազմում (%)

8.8

20.0

Ծրագրեր և միջոցառումներ

Ծրագիր 1.1 «Գաղափարից դեպի բիզնես» ծրագրի իրականացում

  1. Ծրագրի նպատակ է խթանել նոր ձեռնարկատիրական գաղափարների բացահայտումը, իրականացումը ու սկսնակ բիզնեսների կայուն աճը՝ տրամադրելով շուկա մուտք գործելու, մրցունակություն ապահովելու և կայուն բիզնես կառուցելու համար անհրաժեշտ գիտելիքներ, հմտություններ և ռեսուրսներ։ Ծրագրի թիրախն են մարզերի սկսնակ ձեռներեցները, հատկապես՝ կանայք և երիտասարդները։ Ծրագիրի հիմնական գործիքը մարզերում ինկուբացիոն ծրագրի անցկացումն է։ Այն ուղղված է նոր ձեռնարկատիրական գաղափարների բացահայտման և իրականացման, ինչպես նաև սկսնակ ՓՄՁ-ների աճի ներուժի իրացման համար անհրաժեշտ գիտելիքների, հմտությունների, մենթորության և ֆինանսական միջոցների տրամադրմանը։
  2. Նախնական բիզնես գաղափար ներկայացրած դիմորդներից կկատարվի մասնակիցների ընտրություն։ Ծրագրում կապահովվի կանանց և երիտասարդների ներգրավվածություն՝ նախապես սահմանված համամասնությամբ։ Ինկուբացիոն ծրագրերի մասնակիցները կանցնեն կրթական դասընթացներ՝ շուկայում ապրանքների և ծառայությունների առաջմղման (այդ թվում՝ թվային մարքեթփլեյսների միջոցով), ֆինանսական պլանավորման, բիզնեսի հիմունքների, թվային գրագիտության ու նորարարության հմտությունների վերաբերյալ։ Ուսուցմանը զուգահեռ կստեղծվեն մենթորության և համագործակցության հնարավորություններ, կտրամադրվեն խորհրդատվական և ուղղորդման ծառայություններ։ Որպես կրթական ծրագրի վերջնարդյունք՝ մասնակիցները կմշակեն և կներկայացնեն գործարար նախագծեր, որոնց հիման վրա կստանան նախնական կապիտալի ֆինանսավորման աջակցություն։ Ծրագրով նախատեսվող ֆինանսական աջակցության գործիքակազմը ներառում է համաֆինանսավորվող դրամաշնորհների և վարկային երաշխիքների տրամադրում, ինչպես նաև արտոնյալ վարկավորում՝ վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման միջոցով։
  3. Հիմնվելով Զբաղվածության ռազմավարական ծրագրի՝ աշխատաշուկայում կանանց ներուժի ամբողջական և երկարաժամկետ իրացման ու ձեռներեցության զարգացման նպատակից՝ կգործեն աջակցության ծրագրեր միջին տարիքի (30-40) կին ձեռներեցների համար։ Մասնավորապես, կին ձեռներեցների համար կիրականացվեն թիրախային ինկուբացիոն և աքսելերացիոն ծրագրեր, կընդլայնվի և կապահովվի ֆինանսավորման ու այլ անհրաժեշտ ռեսուրսների հասանելիությունը։[51]
  4. Միաժամանակ, մարզային քաղաքները ներառող համայնքներում նորաստեղծ արդյունաբերական ՓՄՁ-ների համար հասանելի կլինի Զբաղվածության ռազմավարական ծրագրով սահմանվող համապատասխան աջակցության գործիքակազմը։[52]

Ծրագիր 12 Ձեռներեցությամբ զբաղվելու հնարավորությունների ընդլայնում և մշակույթի զարգացում

  1. Ձեռներեցությամբ զբաղվելու հնարավորությունների ընդլայնման և մշակույթի զարգացման շրջանակում կանցկացվեն պարբերական միջոցառումներ՝ ապահովելով մարզերի և խոցելի խմբերի լայն իրազեկվածությունը և ներգրավվածությունը։ Նախատեսվող միջոցառումներից են՝ «Լավագույն գործարար» մրցանակաբաշխության իրականացումը, տնտեսության տարբեր ոլորտներում ձեռներեցների հաջողության պատմությունների հանրայնացումը, մարզերում առևտրային ցուցահանդեսների, տոնավաճառների, տնտեսական զարգացման համաժողովների կազմակերպումը, բիզնես գաղափարների ստեղծմանն ուղղված բութքեմփերի և աշխատաժողովների իրականացումը։
  2. Միաժամանակ, ձեռներեցության մշակույթի զարգացման համար նախատեսվում է ընդլայնել ձեռնարկատիրական կրթությունը հանրակրթական, արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական ծրագրերում։ ՀՀ ԷՆ ու ՀՀ ԿԳՄՍՆ համագործակցության շրջանակներում կշեշտադրվի բիզնեսի պլանավորման, նորարարության, նախագծերի կառավարման, ֆինանսական գրագիտության և շուկայավարման հմտությունների զարգացումը։

 

 

ՆՊԱՏԱԿ 2. ՓՄՁ-ՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՅՈՒՆ ԱՃ՝ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑՈՎ

Ռազմավարական հիմնախնդիր

  1. ՓՄՁ-ներում արտադրողականության ցածր մակարդակ՝ պայմանավորված թվայնացման, տեխնոլոգիական վերազինման և կառավարման հմտությունների բացերով Հայաստանում գործող ՓՄՁ-ների զգալի մասը ցուցաբերում է արտադրողականության ցածր մակարդակ, ինչը խոչընդոտում է նրանց մրցունակությանը տեղական և միջազգային շուկաներում։ Վերջինս պայմանավորված է (i) ՓՄՁ-ների թվայնացման ցածր մակարդակով (թվային տեխնոլոգիաների սահմանափակ կիրառություն, թվային գրագիտության պակաս, մարզերում թվային ենթակառուցվածքների սահմանափակումներ), (ii) տեխնոլոգիական վերազինման պակասով (ժամանակակից սարքավորումների և տեխնոլոգիաների սահմանափակ կիրառություն, ներդրումների սահմանափակ հասանելիություն, նորարարությունների և հետազոտության պակաս), ինչպես նաև (iii)կառավարման հմտությունների բացերով (կառավարման ժամանակակից մեթոդների և արդյունավետ պրակտիկաների իմացության պակաս)։

Ռազմավարական նպատակ և ակնկալվող արդյունքներ

  1. Սույն ռազմավարական նպատակով նախատեսվում է արդիականացնել ցածր արտադրողական ՓՄՁ-ների կարողությունները՝ նպաստելով արտադրողականության շարունակական բարձրացմանը։
  2. Ռազմավարական նպատակի հիմնական թիրախային խումբը ցածր արտադրողական ՓՄՁ-ներն են։
  3. Նպատակից բխող միջանկյալ արդյունքները ներկայացված են աղյուսակ 3-ում.

ԱՂՅՈՒՍԱԿ 3 ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՆՊԱՏԱԿ 2. ՄԻՋԱՆԿՅԱԼ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ

Միջանկյալ արդյունքի ցուցանիշ

Ելակետային արժեք (2023թ.)

Թիրախային արժեք (2030թ.)

2.Մ1 Միջին ու փոքր տնտեսավարողների մասնաբաժին՝ ՓՄՁ սուբյեկտների կազմում (ոչ ֆինանսական բիզնես հատված, %)

5.2

6.0

2.Մ2 ISO 9001 որակի կառավարման համապատասխանության սերտիֆիկատների թվաքանակ` ՀՆԱ-ի հաշվով (միավոր/համարժեք գնողունակության ՀՆԱ մլրդ․ ԱՄՆ դոլար)

2.6

10.0

2.Մ3 ISO 14001 շրջակա միջավայրի կառավարման համապատասխանության սերտիֆիկատների թվաքանակ` ՀՆԱ-ի հաշվով (միավոր/համարժեք գնողունակության ՀՆԱ մլրդ․ ԱՄՆ դոլար)

0.7

5.0

2.Մ4 Միջին բարդության տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաներ օգտագործող ՓՄՁ սուբյեկտների մասնաբաժին (էլեկտրոնային առևտուր, Ի ԱՐ ՓԻ (ERP), ՍԻ ԱՐ ԷՄ (CRM), ամպային հաշվողական ծառայություններ, %)

21.1

40.0

Ծրագրեր և միջոցառումներ

Ծրագիր 21. Թվային և տեխնոլոգիական վերափոխում

  1. Ծրագրի նպատակն է թվային, տեխնոլոգիական արդիականացման խթանումը և անհրաժեշտ հմտությունների զարգացումը ցածր արտադրողականությամբ ՓՄՁ-ներում։
  2. Ծրագրի շահառուները ՀՀ-ում գրանցված այն առևտրային կազմակերպություններն են, որոնց պետական գրանցման պահից անցել է նվազագույնը 3 տարի և մեկ վարձու աշխատողի հաշվով շրջանառությունը չի գերազանցում իր գործունեության տեսակի համար սահմանված շեմը։
  3. Ծրագրի շրջանակում առաջնայնություն կտրվի մշակող արդյունաբերության ու ծառայությունների ոլորտում գործող ՓՄՁ-ներին, իսկ նեղ ոլորտային թիրախավորումը կիրականացվի համաձայն հարակից քաղաքականություններով սահմանող առաջնահերթությունների։
  4. Ծրագրի նախնական փուլում շահառու ՓՄՁ-ներում կիրականացվի արդիականացման, թվայնացման մակարդակի, բիզնես գործընթացների օպտիմալացման, հետագծելիության բարելավման, կառավարման համակարգերի և ստանդարտների[53] ներդրման կարիքների գնահատում, որի արդյունքներից ելնելով՝ յուրաքանչյուր կազմակերպության համար կմշակվի թվային և տեխնոլոգիական վերափոխման ծրագիր։ Ախտորոշման և վերափոխման ծրագրերի մշակումը կիրականացվի ՓՄՁ աջակցության լիազոր մարմնի կողմից՝ ներգրավելով մասնագիտացված կազմակերպությունների կամ փորձագետների։ Շահառու ՓՄՁ-ներին վերոնշյալ նպատակներով կտրամադրվի խորհրդատվական ծառայությունների ձեռքբերման ծախսերի մասնակի փոխհատուցում։
  5. Ծրագրի շրջանակում մշակված վերափոխման ծրագրերի իրականացման համար կազմակերպություններին կտրամադրվի համապատասխան ֆինանսական աջակցություն՝ վարկի կամ լիզինգի տոկոսադրույքի սուբսիդավորման և կրթական ծրագրերի մասնակցության վաուչերների տեսքով։
  6. Սույն ծրագրի իրականացման արդյունավետության բարձրացման նպատակով կապահովվի որակի ենթակառուցվածքի, գիտելիքահենք տնտեսության և նորարարության զարգացման քաղաքականությունների հետ կապը, և դրանցում ՓՄՁ զարգացմանն առնչվող միջավայրային խոչընդոտների հասցեագրումը։

Ծրագիր 22. ՓՄՁ-ների կարողությունների զարգացում և համագործակցային նախագծերի խթանում

  1. Ծրագրի շրջանակում նախատեսվում են թվայնացման, տեխնոլոգիական արդիականացման, բիզնես գործընթացների օպտիմալացման, կառավարման համակարգերի ստանդարտների ներդրմանն ուղղված թեմատիկ աշխատաժողովների իրականացում, այդ ուղղություններով հմտությունների զարգացմանն ուղղված կրթական ծրագրերի մասնակցության վաուչերների տրամադրում։
  2. Թիրախային խմբում ներառված ՓՄՁ-ների միջև համագործակցությունը խթանելու համար առանցքային է կլաստերների զարգացումը, արժեշղթաների ընդլայնումը և համատեղ ենթակառուցվածքների ձևավորումը։ Այս նպատակով ծրագրի շրջանակում կտրամադրվեն համագործակցային դրամաշնորհներ։ Մրցույթին իրավասու են մասնակցելու մասնավոր ընկերությունների, գիտահետազոտական և կրթական հաստատությունների և տվյալ ոլորտում գործող մասնագիտացված այլ կազմակերպությունների կողմից ձևավորված կոնսորցիումները համատեղ աշխատելու ընդհանուր ենթակառուցվածքների՝ լաբորատորիաների, ընդհանուր օգտագործման արտադրական հզորությունների կամ բաշխման ցանցերի ստեղծման ուղղությամբ։
  3. Միաժամանակ, այն շահառու ՓՄՁ-ների համար, որոնք գործում են կամ մտադրություն ունեն գործելու Երևանից դուրս, կգործի Զբաղվածության ռազմավարական ծրագրով սահմանվող աջակցության գործիքակազը։ Ելնելով վերոնշյալ ռազմավարական ծրագրով սահմանվող նպատակներից՝ կգործեն խթաններ մարզային քաղաքները ներառող համայնքներում հատուկ տնտեսական գոտիների ստեղծման, ենթակառուցվածքների զարգացման, Երևանից ՓՄՁ-ների տեղափոխման համար։[54]

ՆՊԱՏԱԿ 3. ԲԱՐՁՐ ԳՓՆ ԻՆՏԵՆՍԻՎՈՒԹՅԱՆ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՓՄՁ-ՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅՆԱՑՈՒՄ ԵՎ ՄԱՍՇՏԱԲԱՅՆԱՑՈՒՄ

Ռազմավարական հիմնախնդիր

  1. Արտաքին շուկաներում ՓՄՁ-ների ցածր մրցունակություն և փոքր մասշտաբներ՝ պայմանավորված նորարարության և միջազգայնացման կարողությունների բացերով Հայաստանում գործող ՓՄՁ-ները, նույնիսկ նրանք, ովքեր ունեն համեմատաբար բարձր արտադրողականություն, միջազգային համեմատությամբ մեկ աշխատողի հաշվով ստեղծվող ավելացված արժեքի ցուցանիշով շարունակում են զիջել իրենց օտարերկրյա գործընկերներին։ Ավելին, վերոնշյալ ՓՄՁ-ները, իրենց գործունեության փոքր մասշտաբների պատճառով, հայտնվել են «միջին եկամտի ծուղակում»։ Վերոնշյալ սահմանափակումները պայմանավորված են ՓՄՁ-ներում նորարարական արդյունքների ստեղծման, նորարարության յուրացման սահմանափակ կարողություններով, ինչպես նաև արտաքին շուկաներ մուտք գործելու և համաշխարհային արժեշղթաներին ինտեգրվելու հմտությունների բացերով։

Ռազմավարական նպատակ և ակնկալվող արդյունքներ

  1. Սույն ռազմավարական նպատակով նախատեսվում է բարձրացնել ՓՄՁ-ների ԳՓՆ ինտենսիվությունը՝ նպաստելով մասշտաբների աճին և միջազգայնացմանը։
  2. Ռազմավարական նպատակի հիմնական թիրախային խումբը բարձր արտադրողականություն, արտահանման և նորարարության մեծ ներուժ ունեցող ՓՄՁ-ներն են։
  3. Նպատակից բխող միջանկյալ արդյունքները ներկայացված են աղյուսակ 4-ում․

ԱՂՅՈՒՍԱԿ 4 ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՆՊԱՏԱԿ 3. ՄԻՋԱՆԿՅԱԼ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ

Միջանկյալ արդյունքի ցուցանիշ

Ելակետային արժեք (2023թ.)

Թիրախային արժեք (2030թ.)

3.Մ1 10 մլն. ԱՄՆ դոլարից ավելի շրջանառություն ունեցող տնտեսավարողների թվաքանակ (ոչ ֆինանսական բիզնես հատված, միավոր)

351

500

3.Մ2 Գյուտի արտոնագրերի թիվ` ՀՆԱ-ի հաշվով  (միավոր/համարժեք գնողունակության ՀՆԱ մլրդ․ ԱՄՆ դոլար)

13.9

25.0

3.Մ3 Օգտակար մոդելի արտոնագրերի թիվ` ՀՆԱ-ի հաշվով  (միավոր/համարժեք գնողունակության ՀՆԱ մլրդ․ ԱՄՆ դոլար)

14.7

25.0

Ծրագրեր և միջոցառումներ

Ծրագիր 31. «Նորարարություն միջազգային ընդլայնման համար» ծրագրի իրականացում

  1. Ծրագրի շահառուներն են ՀՀ-ում գրանցված այն առևտրային կազմակերպությունները, որոնց պետական գրանցման պահից անցել է նվազագույնը երեք տարի, մեկ վարձու աշխատողի հաշվով շրջանառությունը գերազանցում է իր գործունեության տեսակի համար սահմանված շեմը և իրականացնում են արտահանում կամ ունեն արտահանման մեծ ներուժ։
  2. Ծրագրի նպատակն է խթանել ՓՄՁ-ների, հատկապես՝ տնտեսության արտահանելի հատվածի ՓՄՁ-ների ներդրումները հետազոտությունների և մշակումների (R&D) ոլորտում՝ բարձրացնելու նորարարական կարողությունները և մրցունակությունը։ Ծրագրի մասնակցության համար հայտ ներկայացրած ՓՄՁ-ներում պետք է իրականացվի նորարարության հասունության մակարդակի և միջազգային ընդլայնման ներուժի համապարփակ գնահատում ոլորտային փորձագետների և մասնագիտացված խորհրդատվական ծառայություններ մատուցող կազմակերպությունների ներգրավմամբ։ Արդյունքում ՓՄՁ-ների համար կմշակվեն միջազգային ընդլայնման նորարարական ռազմավարություններ և գործողությունների ծրագրեր։
  3. Մշակված նախագծի իրականացման համար, որը ներառում է մասնավորապես, բայց ոչ բացառապես, նոր կամ կատարելագործված արտադրանքների, գործընթացների, մեթոդների մշակման և դրանց արդյունքների առևտրայնացման, կամ գոյություն ունեցող նորարարական արդյունքների ներմուծման և տեղայնացման աշխատանքները, ՓՄՁ-ները կստանան համաֆինանսավորվող դրամաշնորհներ, ինչպես նաև մտավոր սեփականության և տեխնոլոգիաների փոխանցման խորհրդատվական աջակցություն։
  4. Հետազոտության և մշակման նախագծերի իրականացման նպատակով ՓՄՁ-ների համար պետք է գործեն նաև հարկային արտոնություններ։[55]
  5. Միջազգային ընդլայնմանն ուղղված նախագծերի համար, որոնք ներառում են ինչպես արտահանումը դեպի նոր շուկաներ, այնպես էլ համաշխարհային արժեշղթաներում ներգրավումը, միջազգային գործընկերների հետ ֆրանչայզինգի և/կամ լիցենզավորման պայմանագրերի կնքումը, կգործի հարակից քաղաքականություններով սահմանվող աջակցության գործիքակազմը։ Մասնավորապես՝ Արտահանման ռազմավարական ծրագրի թիրախ ՓՄՁ-ներին կտրամադրվի աջակցություն արտահանման և գլոբալ արժեշղթաներում ինտեգրման համար։ Աջակցությունը կարող է ներառել միջազգային ցուցահանդեսներին մասնակցության նախապատրաստում՝ ներառյալ մասնակցության հստակ նպատակները և ակնկալիքների սահմանումը, թիրախային շուկաների ներմուծման, հավաստագրման և պիտակավորման պահանջներին համապատասխանեցումը, թիրախային հաճախորդների բացահայտումը, ընկերությունը ներկայացնելու և բանակցություններ վարելու հմտությունների զարգացումը և այլն։ Բացի այդ, պետք է իրականացվեն նաև համակարգված աշխատանքներ միջազգային միջոցառումների մասնակցության արդյունավետության գնահատման ուղղությամբ։ Միաժամանակ, ներդրումների ներգրավման քաղաքականությունը կկենտրոնանա օտարերկրյա ներդրումների և միջազգային համագործակցությունների խթանման վրա։[56]
  6. Հաշվի առնելով թիրախային ՓՄՁ-ների մասշտաբայնացման և կապիտալ ֆինանսավորման ներգրավման ներուժը՝ շահառուների համար կգործի ՀՀ ԷՆ կողմից իրականացվող «Թողարկման և վարկանիշավորման պետական աջակցության» ծրագիրը։[57]

Ծրագիր 32. Մտավոր սեփականության և տեխնոլոգիաների փոխանցման ծառայությունների հասանելիության և իրազեկվածության մակարդակի բարձրացում

  1. Ծրագրի շրջանակում նախատեսվում են հետևյալ միջոցառումերը՝ տեխնոլոգիաների փոխանցման և մտավոր սեփականության խորհրդատվական, իրավաբանական ծառայություններ մատուցող մասնագիտացված կազմակերպությունների և անհատ փորձագետների ռեեստրի կազմում և վարում, նշված ուղղություններով ուղեցույցների և այլ տեղեկատվական նյութերի մշակում ու հրապարակում, տարեկան համաժողովների անցկացում, ինչպես նաև խորհրդատվական ծառայությունների ձեռքբերման նպատակով վաուչերների տրամադրում։
  2. Սույն ծրագրի իրականացման ընթացքում էական դեր կունենա ՀՀ ԷՆ Մտավոր սեփականության գրասենյակը, ինչպես նաև կապեր կստեղծվեն մտավոր սեփականության ոլորտի ռազմավարական ծրագրով սահմանվող միջոցառումների հետ։

ՆՊԱՏԱԿ 4. ՓՄՁ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՄԱՆ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԲԱՐՁՐ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԵՎ ԶԱՐԳԱՑԱԾ ԻՆՍՏԻՏՈՒՑԻՈՆԱԼ ՀԱՄԱԿԱՐԳ

Ռազմավարական հիմնախնդիր

  1. ՓՄՁ քաղաքականության մշակման և իրականացման ինստիտուցիոնալ համակարգի բացեր Վերջին տարիներին Հայաստանում չի գործել ՓՄՁ քաղաքականության իրականացման մասնագիտացված պետական մարմին։ Արդյունքում՝ ՓՄՁ և հարակից քաղաքականությունների ինչպես մշակման, այնպես էլ իրականացման գործառույթները հիմնականում բաշխված են եղել ՀՀ էկոնոմիկայի նախարարության մի շարք վարչությունների միջև։ Հաշվի առնելով, որ մասնագիտացված մարմնի բացակայությունը բացասաբար է ազդում աջակցության ծրագրերի ու խթանման մեխանիզմների պլանավորման, մշակման, իրականացման և վերահսկման արդյունավետության վրա, ինչպես նաև հիմք ընդունելով Հայաստանին տնտեսության կառուցվածքով համադրելի երկրներում դեռևս 2000-ական թթ. սկզբից ՓՄՁ աջակցության ծրագրերի և միջոցառումների իրականացման գործառույթը փոխանցվել է «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամին (Էնթերփրայզ Արմենիա)։ ՓՄՁ զարգացման քաղաքականության մշակումը և արդյունավետ իրականացումն ապահովելու համար էական է ձևավորված ինստիտուցիոնալ համակարգի կարողությունների շարունակական զարգացումը։

Ռազմավարական նպատակ և ակնկալվող արդյունքներ

  1. Սույն ռազմավարական նպատակով նախատեսվում է հզորացնել ՓՄՁ քաղաքականության ինստիտուցիոնալ համակարգը և զարգացնել վերջինիս կարողությունները։
  2. Նպատակից բխող միջանկյալ արդյունքները ներկայացված են աղյուսակ 5-ում․

ԱՂՅՈՒՍԱԿ 5 ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՆՊԱՏԱԿ 4. ՄԻՋԱՆԿՅԱԼ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ

Միջանկյալ արդյունքի ցուցանիշ

Ելակետային արժեք (2023թ.)

Թիրախային արժեք (2030թ.)

4.Մ1 ՀՀ պետական բյուջեի՝ ՓՄՁ աջակցության ծախսերի հարաբերություն շահութահարկի, ԱԱՀ-ի ու շրջանառության հարկի գծով եկամուտներին, %

0.14

1

4.Մ2 ՀՀ ԷՆ ՓՄՁ աջակցության մարմնի կողմից աջակցություն ստացած տնտեսավարողների կազմում մարզային տնտեսավարողների մասնաբաժին (%)

Հ/Չ

90

4.Մ3 ՀՀ ԷՆ ՓՄՁ աջակցության մարմնի ծախսերի կազմում վարչական ծախսերի մասնաբաժին (%)

Հ/Չ

5

4.Մ4 ՀՀ ԷՆ ՓՄՁ աջակցության մարմնի կողմից աջակցություն ստացած տնտեսավարողների շրջանառության աճի դրույքի հարաբերություն ՓՄՁ տնտեսավարողների շրջանառության աճի դրույքին

Հ/Չ

2

Ծրագրեր և միջոցառումներ

Ծրագիր 41 ՓՄՁ աջակցության մարմնի կարողությունների զարգացում և արդյունավետ գործունեության ապահովում

  1. ՓՄՁ աջակցության մարմնի գործառույթներում կներառվեն ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից ՓՄՁ զարգացման քաղաքականությունից բխող միջոցառումների իրականացումը, պետական վարկային երաշխիքների ֆոնդի կառավարումը, տնտեսավարողներին տեխնիկական և ֆինանսական աջակցության տրամադրումը։
  2. Լիազոր մարմնի առանցքային գործառույթներից է նաև ձեռներեցության էկոհամակարգի տարբեր մասնակիցների, այդ թվում՝ միջազգային և դոնոր կազմակերպությունների, բիզնես աջակցության կազմակերպությունների, ֆինանսական, կրթական ու գիտահետազոտական հաստատությունների, ոլորտային ասոցիացիաների ու միությունների միջև հարաբերությունների համակարգումը և համագործակցության խթանումը։ Մարմնի կողմից կիրականացվի վերոնշյալ գործընկերների և դրանց կողմից իրականացվող ծրագրերի ռեեստրի մշակում, հրապարակում, շարունակական թարմացում և ընդլայնում։
  3. Լիազոր մարմինը ձեռներեցներին կտրամադրի տեղեկատվական և ուղղորդման ծառայություններ՝ իրազեկելով առկա աջակցության ծրագրերի վերաբերյալ։ Կիրականացվեն հանրային արշավներ, մասնավորապես ՀՀ մարզերում՝ տեղական ինքնակառավարման մարմինների տնտեսական հարցերի գծով պատասխանատուների և մարզերում գործող աքսելերացիոն ու ինկուբացիոն ծրագրերի ներկայացուցիչների հետ համագործակցությամբ։ ՓՄՁ աջակցության ծրագրերի ու համագործակցային հնարավորությունների վերաբերյալ տեղեկատվության տրամադրման համար կստեղծվի ազգային էլեկտրոնային հարթակ։ Լիազոր մարմինը կիրականացնի վերջինիս կառավարումը, արդյունավետ գործունեության ապահովումը և շարունակական բարելավումը։
  4. Հարթակում կներդրվեն ուսումնական նյութեր, ուղեցույցներ ու ձևանմուշներ, մասնագիտացված ծառայություններ մատուցող կազմակերպությունների, անհատ փորձագետների և միջազգային դոնոր կազմակերպությունների կողմից իրականացվող ծրագրերի ռեեստրներ։ Հասանելի կլինեն նաև թվային գործիքներ և հաշվիչներ, որոնք թույլ կտան կանխատեսել, գնահատել և հաղթահարել ՓՄՁ-ների ֆինանսական ու գործառնական ռիսկերը՝ խուսափելով ձախողման և անվճարունակության ռիսկից։
  5. Լիազոր մարմինը կստանձնի նաև իրականացվող ծրագրերի և դրանց շահառուների վերաբերյալ տվյալների հավաքման, վերլուծության և ազդեցության գնահատման գործառույթ։ Այս նպատակով կներդրվի միասնական տեղեկատվական համակարգ, որի միջոցով մարմինը, համագործակցելով այլ պետական գերատեսչությունների (մասնավորապես` ՀՀ ՊԵԿ, ՀՀ ՎԿ), մասնագիտացված և ֆինանսական կազմակերպությունների հետ կհավաքի շահառուների վերաբերյալ համապարփակ տեղեկատվություն և կկատարի վերլուծական աշխատանքներ՝ նպաստելով ծրագրերի արդյունավետ նախագծմանը և իրականացմանը։ Բանկերի և վարկային կազմակերպությունների հետ համագործակցության միջոցով համակարգը նաև կծառայի շահառուների ֆինանսական վիճակի և զարգացման դինամիկայի վերլուծությանը՝ թույլ տալով նախանշել ու իրագործել կանխարգելիչ և ուղղիչ միջամտություններ (օրինակ՝ վարկային արձակուրդների տրամադրում, վարկառուների կարողությունների զարգացման ծրագրերի առաջարկում)։

Ծրագիր 42 ՓՄՁ քաղաքականության մշակման իրավական հիմքերի ամրապնդում, արդյունավետ մեխանիզմների ներդրում և կարողությունների զարգացում

  1. Սույն ռազմավարության պատշաճ իրագործումն ապահովող գործառույթների արդյունավետ իրականացման համար նախատեսվում է զարգացնել ՓՄՁ քաղաքականության մշակման համար պատասխանատու կառույցի՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության համապատասխան մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների կարողությունները և բարելավել առկա գործընթացները։
  2. Ծրագիրը ներառում է նախարարության գործառնական կարողությունների գնահատում, համապատասխան վարչությունների ու ստորաբաժանումների գործառույթների հստակեցում, անձնակազմի հմտությունների բացերի գնահատում, թվայնացման հնարավորությունների բացահայտում։
  3. Տվյալահենք քաղաքականության մշակման և վերահսկողության համար համապատասխան վարչություններում ու ստորաբաժանումներում կներդրվեն տեղեկատվական համակարգեր՝ ուղղված տվյալների հավաքման և վերլուծության արդյունավետության բարձրացմանը։
  4. Կիրականացվեն նաև համապատասխան վարչությունների ու ստորաբաժանումների ռազմավարական պլանավորման և քաղաքականության վերլուծության հմտությունների զարգացմանն ուղղված միջոցառումներ։
  5. Սույն ծրագրով նախատեսվում է նաև ամրապնդել քաղաքականության մշակման իրավական հիմքերը, մասնավորապես՝ գործող «Փոքր և միջին ձեռնարկատիրության պետական աջակցության մասին» օրենքի վերանայման միջոցով։ Առաջարկվում է օրենքում ամրագրել ռազմավարական պլանավորման անհրաժեշտությունը՝ հոդված 4-ում սահմանելով ՓՄՁ զարգացման ռազմավարական ծրագիր մշակելու և ընդունելու պահանջը։ Վերջինս պետք է հիմք ծառայի տարեկան աջակցության ծրագրերի ձևավորման և իրագործման համար։ Ռազմավարական և տարեկան աջակցության ծրագրերը պետք է հիմնված լինեն ոլորտային վերլուծությունների վրա, սահմանեն մշտադիտարկման և գնահատման հստակ մեխանիզմներ, ինչպես նաև ազգային տնտեսական թիրախներին համապատասխանող ցուցանիշներ, որոնց կատարման արդյունքները պետք է պարբերաբար հրապարակվեն՝ թափանցիկություն և հաշվետվողականություն ապահովելու համար։ Ծրագրերի մշակման գործընթացը պետք է ներգրավի ՓՄՁ ներկայացուցիչներին՝ պետություն-մասնավոր երկխոսության հարթակների միջոցով։ Բացի այդ, առաջարկվում է օրենքով ամրագրել ՓՄՁ վիճակագրության համապարփակ հավաքման և վերլուծության անհրաժեշտությունը։ Անհրաժեշտ է ապահովել ՓՄՁ շրջանառություն, զբաղվածություն, ավելացված արժեք, արտահանում, նորարարական գործունեության և թվայնացման ցուցանիշների պարբերաբար հավաքում և հրապարակում։ Առաջարկվում է նաև վերանայել 3-րդ հոդվածով սահմանվող աջակցության ուղղությունների ցանկը, ներառելով մասնավորապես՝ թվային տեխնոլոգիաների ներդրման և էլեկտրոնային առևտրի խթանումը, կանաչ և կայուն բիզնես մոդելների համար խթանները, ժամանակակից կրթական ծրագրերը (օր.` ինկուբացիոն և աքսելերացիոն ծրագրեր) և ռիսկային ներդրումների ֆինանսավորմանն աջակցությունը։

 

 

ՆՊԱՏԱԿ 5. ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՁԵՌՆԵՐԵՑՈՒԹՅԱՆ ԱՃԸ ԽԹԱՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԲԱՐԵՆՊԱՍՏ ՊԱՅՄԱՆՆԵՐ ՍՏԵՂԾՈՂ ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

Ռազմավարական հիմնախնդիր

  1. Ձեռներեցության էկոհամակարգում առկա են համակարգային խոչընդոտներ, որոնք սահմանափակում են ՓՄՁ ընդլայնումն ու կայուն աճը Էկոհամակարգում առկա խնդիրներից են ստանդարտացման և տեխնիկական կանոնակարգման բարդությունները, համապատասխանության գնահատման ծառայությունների և հավատարմագրման համակարգի միջազգային ճանաչման ցածր մակարդակը, մտավոր սեփականության և մրցակցության պաշտպանության բնագավառներում խնդիրները, և այլն։ Միաժամանակ, էկոհամակարգի խնդիրների վերհանման և լուծումների մշակման շարունակական մեխանիզմները hզորացման, մասնակցայնության ընդլայնման և արդյունավետության բարելավման կարիք ունի։

Ռազմավարական նպատակ և ակնկալվող արդյունքներ

  1. Սույն ռազմավարական նպատակով նախատեսվում է նպաստել Հայաստանում ձեռներեցության աճը խթանող բարենպաստ գործարար միջավայրի կատարելագործմանը։
  2. Նպատակից բխող միջանկյալ արդյունքները ներկայացված են աղյուսակ 6-ում․

ԱՂՅՈՒՍԱԿ 6 ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՆՊԱՏԱԿ 5. ՄԻՋԱՆԿՅԱԼ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ

Միջանկյալ արդյունքի ցուցանիշ

Ելակետային արժեք (2024թ.)

Թիրախային արժեք (2030թ.)

5.Մ1 ՓՄՁ քաղաքականության համաթիվ (ՏՀԶԿ)

3.10

3.60

Ծրագրեր և միջոցառումներ

Ծրագիր 51 Ձեռներեցության էկոհամակարգի խնդիրների վերհանման և բարեփոխումների մշակման գործընթացների արդյունավետության, շարունակականության և մասնակցայնության ընդլայնում

  1. Սույն ծրագրով նախատեսվսում է ամրապնդել ՀՀ Էկոնոմիկայի նախարարության, ՓՄՁ զարգացման խորհրդի, Ձեռներեցության աջացկության լիազոր մարմնի միջև համագործակցությունը՝ էկոհամակարգի խնդիրների բացահայտման և լուծման արդյունավետությունն ու օպերատիվությունը բարձրացնելու նպատակով։
  2. Ծրագիրը ենթադրում է պետություն-մասնավոր հատված երկխոսության հարթակների ամրապնդում և ընդլայնում։ Մասնավորապես, նախատեսվում է մշակել համապատասխան մեխանիզմներ և զարգացնել կարողություններ՝ ՓՄՁ խնդիրները քարտեզագրելու և ոլորտի լսելիությունը բարձրացնելու համար։ ՓՄՁ ենթախորհրդի ներքո կձևավորվեն թեմատիկ աշխատանքային խմբեր՝ որոնցից յուրաքանչյուրն ուղղված կլինի ձեռներեցության էկոհամակարգի առանձին տարրերին առնչվող խնդիրների բացահայտմանը և բարեփոխումների օրակարգի ձևավորմանը։ Աշխատանքային խմբերի բնականոն գործունեության ապահովման, դրանցում մասնավոր հատվածի մասնակիցների ներգրավման, քննարկումների համակարգման գործառույթները կիրականացվեն ՀՀ էկոնոմիկայի նախարարության համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումների կողմից։ Նախարարության կողմից Ձեռներեցության ազգային էլեկտրոնային հարթակի միջոցով կներդրվի նաև խնդիրների հավաքման առցանց մեխանիզմ։ Միաժամանակ, նախարարությունը կհամագործակցի տեղական ինքնակառավարման մարմիններում տնտեսական հարցերի պատասխանատուների հետ՝ երաշխավորելով պետություն-մասնավոր հատված երկխոսության հարթակների գործունեությունը համայնքների մակարդակում։
  3. Վերոնշյալ մեխանիզմների միջոցով ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից պարբերաբար կվերհանվեն և առաջնահերթություններ կտրվեն ձեռներեցության էկոհամակարգի խնդիրներին։ Կմշակվեն նաև վերոնշյալ խնդիրներից բխող բարեփոխումների նախագծեր, որոնք հիմք կհանդիսանան ՓՄՁ ենթախորհրդի և ՓՄՁ խորհրդի օրակարգի ձևավորման համար։
  4. Պետություն-մասնավոր հատված երկխոսության հարթակներում բացահայտված խնդիրների հիման վրա՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը կմշակի և կիրականացնի ձեռներեցության էկոհամակարգի զարգացման ամենամյա ծրագիր։
  5. Սույն ծրագիրը ենթադրում է նաև թիրախավորված համագործակցություն բիզնես միավորումների հետ, որը կստեղծի համապատասխան հնարավորություններ և խթաններ դրանց հզորացման, ընդլայնման և կայունության համար։ Կնախատեսվեն նպատակային դրամաշնորհներ ոլորտային միությունների, բիզնես ասոցացիաների, առևտրաարդյունաբերական պալատների համար։ Դրամաշնորհները կծառայեն ՓՄՁ զարգացման որոշ ծրագրերի արտապատվիրակմանը՝ հատկապես մարզերում։ Դրամաշնորհների տրամադրման համար կսահմանվեն հստակ չափանիշներ, որոնց համապատասխանող միություններն իրավունք կունենան մասնակցելու մրցութային գործընթացին։ Մասնավորապես, կսահմանվի անդամավճար վճարող անդամների նվազագույն մասնաբաժինը ընդհանուր անդամների թվում, անդամների նվազագույն քանակը, տարեկան հավաքված անդամավճարների նվազագույն գումարը և կառանձնացվեն միությունների կողմից ներկայացվող առաջնահերթ ոլորտները։

Ծրագիր 52 Ձեռներեցության ոլորտի վերաբերյալ վիճակագրության բարելավում

  1. Ծրագրով նախատեսվում է վերանայել ձեռներեցության ոլորտի վիճակագրության վարման պարբերականությունը, ընդլայնել վիճակագրական ցուցանիշների ցանկը՝ ընդգրկելով նորարարության, թվայնացման, ֆինանսների, արտահանման ու դրանց տարածքային բաշխման ցուցանիշները։

ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄ, ՄՇՏԱԴԻՏԱՐԿՈՒՄ ԵՎ ԳՆԱՀԱՏՈՒՄ

  1. Ձեռներեցության զարգացման ռազմավարական ծրագրի և դրանից բխող միջոցառումների արդյունավետ իրականացումը պահանջում է մասնագիտական կարողությունների, փորձի և գիտելիքների ամբողջություն։ Միջազգային փորձի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դրանք հնարավոր է զարգացնել մասնագիտացված պետական մարմնի կայուն և արդյունավետ գործունեության միջոցով։
  2. Ձեռներեցության քաղաքականությունն իրականացնող պետական մարմնին կվերահապահվի սույն ռազմավարական ծրագրի շրջանակում նախատեսված բյուջետային ծրագրերի իրականացումը։ Մասնավորապես, ձեռներեցության աջակցության լիազոր մարմինը, համաձայնեցնելով Էկոնոմիկայի նախարարության հետ, կիրականացնի նոր ներդրված միջոցառումները և արդյունքների հիման վրա Նախարարությանը կներկայացնի միջոցառումների բարելավման առաջարկներ։ Էկոնոմիկայի նախարարության կողմից հաստատված փոփոխությունների հիման վրա (եթե այդպիսիք առկա լինեն) ձեռներեցության աջակցության լիազոր մարմինը կնախաձեռնի միջոցառումների լրամշակումը։ Նշյալ մարմինը միջոցառումների իրականացման ընթացքում կհավաքի դրանց իրականացման հետ կապված համապարփակ տվյալներ, որոնք մշտադիտարկման և գնահատման հիմք կհանդիսանան։
  3. Ռազմավարական ծրագրի պատշաճ իրականացման նկատմամբ մշտադիտարկումն իրականացնելու է Էկոնոմիկայի նախարարության համապատասխան ստորաբաժանումը։ Մշտադիտարկումն իրականացվելու է իրականացնող մարմնի հետ սերտ համագործակցությամբ։ Մասնավորապես, նախարարության կողմից քննության կենթարկվեն իրականացնող մարմնի կողմից ներկայացված եռամսյակային ամփոփիչ հաշվետվությունները, որոնք քանակական և որակական տվյալներ կներկայացնեն տվյալ ժամանակահատվածում միջոցառումների իրականացման և թիրախային ցուցանիշների ապահովման վերաբերյալ։ Փաստաթղթային մշտադիտարկմանը զուգահեռ՝ նախարարության կողմից մշտադիտարկում կիրականացվի նաև պարբերական այցելությունների, իրականացնող մարմնի ծրագրային թիմերի և միջոցառումների շահառուների հետ հարցազրույցների միջոցով։
  4. Միջոցառումների ազդեցության և դրանց իրականացման արդյունավետության գնահատումը կիրականացվի նախարարության կողմից՝ իրականացնող մարմնի տրամադրած, ինչպես նաև սեփական միջոցներով հավաքագրված տեղեկատվության հիման վրա։
  5. Միջոցառումների ազդեցության գնահատման նպատակով՝ նախքան դրանց լայնամասշտաբ իրականացման մեկնարկը կկատարվի ելակետային ցուցանիշների գնահատում։ Այնուհետև, եռամսյակային պարբերականությամբ տվյալներ կհավաքվեն՝ տվյալ ցուցանիշների փոփոխությունը գնահատելու համար։ Տարեկան պարբերականությամբ նշված տվյալների հիման վրա Նախարարության կողմից կիրականացվի ծրագրերի ազդեցության ընդլայնված գնահատում և անհրաժեշտության դեպքում կնախաձեռնվեն միջոցառումների բարելավումներ։

ՌԻՍԿԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ

Ռիսկի անվանում

Հավանականություն

Հնարավոր ազդեցություն

Կառավարում

Տնտեսական քաղաքականության առաջնահերթությունների փոփոխություններ

Ցածր

Բարձր

Ռազմավարական ծրագրի ամբողջական իրականացման անհրաժեշտության շուրջ հանրային լայն համաձայնության ձևավորում

Ծրագրի միջոցառումներին շահառուների ցածր մասնակցություն

Միջին

Բարձր

Իրազեկվածության բարձրացմանն ուղղված շարունակական միջոցառումների անցկացում և շահառուների հետ մշտական հաղորդակցության պահպանում

Որոշում կայացնողների և ծրագրի պատասխանատուների հաճախակի փոփոխություններ

Միջին

Միջին

Պաշտոնը զբաղեցնողի փոփոխության դեպքում ծրագրին և միջոցառումներին առնչվող ամբողջական տեղեկատվության պատշաճ փոխանցման ապահովում

Միջոցառումների համար ոչ բավարար ֆինանսական միջոցների հատկացում

Միջին

Բարձր

Բյուջետային ծրագրերի պատշաճ հիմնավորվածության ապահովում; ֆինանսների այլընտրանքային աղբյուրների նախատեսում

Միջոցառումների ոչ ամբողջական իրականացում

Բարձր

Բարձր

Իրականացնող լիազոր մարմնի ստեղծում և կարողությունների շարունակական բարելավում

Լիազոր մարմնի գործունեության անարդյունավետություն և խափանում

Միջին

Բարձր

Անկախ գնահատող կազմակերպության կողմից մարմնի մշտադիտարկում և տարեկան հաշվետվությունների պատրաստում; ՀՀ ԷՆ կողմից իրականացվող ծրագրերի շարունակական մշտադիտարկում

Ոլորտի հետ առնչվող գերատեսչությունների միջև համագործակցության խնդիրներ

Բարձր

Միջին

Ռազմավարական ծրագրի և դրա առանձին միջոցառումների համար միջգերատեսչական աշխատանքային խմբերի ձևավորում (ըստ անհրաժեշտության)

 

 

 

ԿԱՊԸ ՀԱՐԱԿԻՑ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏ

  1. Որպես տնտեսական քաղաքականության բաղկացուցիչ մաս՝ ձեռներեցության զարգացումը հատվում է պետական մի շարք այլ քաղաքականությունների հետ։ Ուստի կարևորվում է դրանց ներդաշնակեցումը՝ կրկնություններից խուսափելու և դրանց փոխգործակցությունը ապահովելու համար։
  2. Ձեռներեցության զարգացման քաղաքականությունն ուղղակիորեն փոխկապակցված է մի կողմից առավել բարձր մակարդակի քաղաքականությունների, մյուս կողմից ոլորտային ռազմավարական ծրագրերի հետ։
  3. Սույն ռազմավարական ծրագրով սահմանվող տեսլականը, նպատակները և դրանց իրագործմանն ուղղված միջոցառումները բխում են ստորև թվարկված բարձր մակարդակի քաղաքականություններից ՝
  4. Հայաստանի վերափոխման մինչև 2050թ ռազմավարություն. Ձեռներեցության ռազմավարական ծրագրի նպատակները բխում են ռազմավարության «Գործարարների համար գրավիչ Հայաստան» և «Գիտելիքահենք Հայաստան» մեգանպատակներից։
  5. Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026թթ ծրագրով. Փոխկապակցված է տնտեսական հնարավորությունների ընդլայնման և դրանց հավասար հասանելիության ապահովման, մարդու ստեղծարար հմտությունների զարգացման և իրացման միջոցով միջին խավի բարեկեցության աճ ու աղքատության կրճատման, արտահանումը խթանող պայմանների ապահովման ու միջավայրի ձևավորման նպատակների հետ։
  • Հայաստանի Հանրապետության տնտեսական քաղաքականության 2023-2030թթ հայեցակարգ. Ձեռներեցության ռազմավարական ծրագրի նպատակները բխում են հայեցակարգի տեխնոլոգիական առաջընթացի, արտադրողականության աճի, բարձր ավելացված արժեքի ստեղծման, գիտելիքահենք ու ստեղծարար տնտեսության ձևավորման ու զարգացման, կայուն աճի և կանաչ տնտեսության գերակայությունների վրա։
  1. Սույն ռազմավարական ծրագրով սահմանվող տեսլականի և նպատակների իրագործման համար կենսական են հարակից ոլորտային քաղաքականությունները, և դրանցում ձեռներեցությանն առնչվող մարտահրավերների ու համապատասխան լուծումների արտացոլումը։
    1. Մարդկային կապիտալի զարգացմանն ուղղված քաղաքականություններ, մասնավորապես՝ Ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2024-2040թթ․ ռազմավարությունը, Զբաղվածության 2025-2031 թթ. ռազմավարական ծրագիրը, ՀՀ կրթության մինչև 2030 թ. զարգացման պետական ծրագիրը», ՀՀ գենդերային քաղաքականության 2025-2028թթ. ռազմավարությունը, ինչպես նաև նախաձեռնման փուլում գտնվող Միգրացիայի և ապաստանի ռազմավարությունը։ Վերոնշյալ քաղաքականությունները էական նշանակություն ունեն աշխատուժի ընդլայնման և կարողությունների զարգացման տեսանկյունից։
    2. Շուկաների հասանելիության ընդլայնմանն ուղղված քաղաքականություններ, մասնավորապես՝ Արտահանման ռազմավարական ծրագիրը (մշակման փուլում) և Որակի ենթակառուցվածքի զարգացման ռազմավարության նախագիծը։ Արձագանքելով որակի ենթակառուցվածքի համակարգային բացերին, սահմանելով արտահանման մեծ ներուժ ունեցող ոլորտները, ապրանքային խմբերը և շուկաները, ինչպես նաև աջակցելով մուտքն արտաքին շուկաներ՝ վերոնշյալ քաղաքականությունները նպաստում են ՓՄՁ-ների դիմակայունության և մրցունակության բարձրացմանը։
  • Գիտելիքահենք տնտեսության քաղաքականություն, մասնավորապես՝ Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը, Մտավոր սեփականության ոլորտի զարգացման ռազմավարական ծրագիրը (նախաձեռնման փուլում), ինչպես նաև գիտության ոլորտում գործող քաղաքականությունները։ Այս քաղաքականությունները էական նշանակություն ունեն ՓՄՁ-ներում նորարարական գործունեության խթանման և դրանց արդյունքների առևտրայնացման տեսանկյունից։
  1. Ֆինանսական շուկայի և ներդրումային քաղաքականություններ, մասնավորապես՝ Հայաստանի Հանրապետության ներդրումային քաղաքականության ռազմավարության նախագիծը, Հայաստանի Հանրապետության ֆինանսական կրթման ազգային ծրագիրը, Հայաստանի Հանրապետության կապիտալի շուկայի զարգացման ծրագիրը և այլ նախաձեռնությունները, որոնք էական նշանակություն ունեն ՓՄՁ-ների համար ֆինանսների հասանելիությունը բարձրացնելու, այլընտրանքային ֆինանսավորման աղբյուրները խթանելու և ներդրումային միջավայրը բարելավելու համար։
  2. Հարկային և դրամավարկային քաղաքականություններ. Հարկային քաղաքականության բարեփոխումների տեսանկյունից կարևոր է ստեղծել ձեռներեցության աճի խթաններ և մասշտաբների աճին նպաստող միջավայր, մինչդեռ դրամավարկային քաղաքականության համատեքստում առաջնային է մակրոտնտեսական և ֆինանսական շուկայի  կայունության պահպանումը։
  3. Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների զարգացման քաղաքականություն, մասնավորապես՝ Հայաստանի Հանրապետության տարածքային զարգացման 2024-2030թթ. ռազմավարության նախագիծը, տեղական մակարդակով զարգացման ծրագրերը, Հայաստանի Հանրապետության կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, Հայաստանի թվայնացման ռազմավարությունը, ինչպես նաև ճանապարհային և տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրերը։ Վերոնշյալ քաղաքականությունները էական նշանակություն ունեն ՓՄՁ-ների մատակարարման շղթաների և բիզնես գործընթացների արդյունավետ և անխափան գործունեության ապահովման համար։
  • Կանաչ տնտեսության զարգացմանն ուղղված քաղաքականություններ, մասնավորապես՝ ՀՀ ջերմոցային գազերի ցածր արտանետումներով երկարաժամկետ զարգացման մինչև 2050թ․ռազմավարություն, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառի զարգացման մինչև 2040թ. ռազմավարական ծրագրի, Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի 2022-2030թթ. ծրագիր։ Փոխգործելով սույն ռազմավարական ծրագրի հետ՝ այս քաղաքականությունները ապահովում են բարենպաստ միջավայր ու խթաններ՝ ՓՄՁ-ներում էներգաարդյունավետ լուծումների, վերականգնվող էներգետիկայի, կանաչ տեխնոլոգիաների և շրջանաձև տնտեսության պրակտիկաների ներդրման համար։
  • Տնտեսական գործունեության առանձին ոլորտների զարգացման ծրագրեր․ Սույն ռազմավարական ծրագրի հետ անմիջականորեն կապված են տնտեսության առանձին ոլորտների ռազմավարական ծրագրերը, ինչպիսին են օրինակ՝ Տեքստիլ արդյունաբերության զարգացման 2023-2026թթ․ ծրագիրը, Զբոսաշրջության զարգացման 2024-2028թթ․ ռազմավարությունը (լրամշակման փուլում), Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ռազմավարական ծրագիրը (մշակման փուլում), Գինու ոլորտի զարգացման 2025-2030թթ․ ծրագիրը (նախաձեռնման փուլում)։ Նպատակ ունենալով լուծել ոլորտին ներհատուկ հիմնախնդիրները՝ վերոնշյալ ծրագրերը առաջարկում են ՓՄՁ-ների թիրախավորված աջակցության գործիքակազմ և նպաստում ոլորտային կլաստերների ձևավորմանը։

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ

ԱՂՅՈՒՍԱԿ 7 ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Արագ աճող ՓՄՁ

Եվրոստատի մեթոդաբանությանը համահունչ՝ արագ աճող են համարվել այն նորաստեղծ ՓՄՁ-ները, որոնց աշխատողների թվաքանակի աճի տարեկան դրույքը գրանցմանը հաջորդող 3 տարիներին գերազանցել է 20%-ը կամ գերազանցել է 10%-ը, բայց աշխատողների թվաքանակը եղել է առնվազն 10 գրանցմանը հաջորդող տարում։

Բարձր տեխնոլոգիական ոլորտ

Ընդգրկում է ոլորտի հավաքական հետևյալ խմբավորումներում ներառված դասակարգիչները[58],[59]՝

·         Բարձր մակարդակի բարձր տեխնոլոգիական տնտեսական գործունեության տեսակներ,

·         Բարձր տեխնոլոգիական գիտելիքահեն ծառայություններ,

·         Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտ։

Գերփոքր ձեռնարկություն

Առևտրային կազմակերպություններ և անհատ ձեռնարկատերեր, որոնց աշխատողների միջին ցուցակային թվաքանակը կազմում է մինչև 10 մարդ։

Խոշոր ձեռնարկություն

Առևտրային կազմակերպություններ և անհատ ձեռնարկատերեր, որոնց աշխատողների միջին ցուցակային թվաքանակը գերազանցում է 250 մարդը։

Ձեռնարկատիրական գործունեություն

Ձեռնարկատիրական է համարվում անձի ինքնուրույն, իր ռիսկով իրականացվող գործունեությունը, որի հիմնական նպատակը գույք օգտագործելուց, ապրանքներ վաճառելուց, աշխատանքներ կատարելուց կամ ծառայություններ մատուցելուց շահույթ ստանալն է:

Ձեռնարկություն

Իրավաբանական անձինք, որոնք իրենց գործունեությամբ հետապնդում են շահույթ ստանալու նպատակ, կարող են ստեղծվել տնտեսական ընկերակցությունների և ընկերությունների ձևով, ունեն ֆիրմային անվանում:

Ձեռներեցության զարգացման առաջին կենսափուլ․ Գաղափարի առաջացում

Այս փուլում ձևավորվում է ձեռնարկատիրական գաղափարը, գնահատվում է շուկան, ուսումնասիրվում է մրցակցությունը և որոշվում է գաղափարի կենսունակությունը։

Ձեռներեցության զարգացման երկրորդ կենսափուլ․ Բիզնեսի սկիզբ

Այս փուլում ձեռնարկությունը պաշտոնապես սկսում է իր գործունեությունը։ Ներառում է ֆինանսական միջոցների ներգրավումը, իրավաբանական գրանցումը և արտադրանքի կամ ծառայության առաջարկը։

Ձեռներեցության զարգացման երրորդ կենսափուլ․ Բիզնեսի զարգացում

Ձեռնարկությունը սկսում է ընդլայնվել և զարգանալ։ Աճը կարող է արտահայտվել շրջանառության մեծացմամբ, աշխատակիցների թվի ավելացմամբ, նոր շուկաների նվաճմամբ, արտադրանքի ու ծառայությունների տեսականու ընդլայնմամբ։ Նոր տեխնոլոգիաների, թվային լուծումների, կառավարման մեթոդների և պրակտիկաների ներդրման հաշվին ձեռնարկությունը կարող է ցուցաբերել արտադրողականության աճ։

Ձեռներեցության զարգացման հինգերորդ կենսափուլ․ Բիզնեսից ելք

Վերջնական փուլում ձեռնարկատերը կարող է որոշում կայացնել դուրս գալ բիզնեսից։ Ելքի ռազմավարությունները կարող են ներառել ձեռնարկության վաճառքը, բորսայում ցուցակումը, միաձուլումը, ժառանգական փոխանցումը։ Բիզնեսից ելքին կարող է հաջորդել ձեռնարկատիրությամբ չզբաղվելու որոշումը, կամ նոր բիզնես գաղափարի ստեղծումը։

Ձեռներեցության զարգացման չորրորդ կենսափուլ․ Միջազգայնացում և մասշտաբայնացում

Աճի և նորարարության արդյունքում ձեռնարկությունը կարող է մուտք գործել միջազգային շուկաներ։ Սա պահանջում է գլոբալ շուկաների ուսումնասիրություն և միջազգային ռազմավարության մշակում։ Այս փուլում ձեռնարկությունը հասնում է մասշտաբների ընդլայնման։ Այն ունի հաստատված դիրք շուկայում, կայուն ֆինանսական հոսքեր և արդյունավետ կառավարման համակարգեր։

Ձեռներեցություն

Զարգացման առանձնահատուկ կենսափուլերից բաղկացած շարունակական և դինամիկ գործընթաց, որի ընթացքում ստեղծվում, փորձարկվում և իրագործվում են բիզնես գաղափարներ՝ ապրանքներ կամ ծառայություններ մշակելու, արտադրելու և իրացնելու միջոցով։ Այն ենթադրում է ռիսկի դիմելու պատրաստակամություն՝ բիզնես գաղափարների իրագործմամբ տնտեսությունում արժեք ստեղծելու համար։

Միջին ձեռնարկություն

Առևտրային կազմակերպություններ և անհատ ձեռնարկատերեր, որոնց աշխատողների միջին ցուցակային թվաքանակը կազմում է մինչև 250 մարդ։

Նորաստեղծ ձեռնարկություն

Ձեռնարկություն, որի պետական գրանցման պահից չի անցել ավելի քան մեկ տարի։

Ոչ ֆինանսական բիզնես հատված

Ընդգրկում է տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի 2-րդ խմբագրության ՝ B. Հանքագործական արդյունաբերություն և բացահանքերի շահագործում, C. Մշակող արդյունաբերություն, D. Էլեկտրականության, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարում, E. Ջրամատակարարում, կոյուղի, թափոնների կառավարում և վերամշակում, F. Շինարարություն, G. Մեծածախ և մանրածախ առևտուր. ավտոմեքենաների և մոտոցիկլների նորոգում, H. Փոխադրումներ և պահեստային տնտեսություն, I. Կացության և հանրային սննդի կազմակերպում, J. Տեղեկատվություն և կապ, L. Անշարժ գույքի հետ կապված գործունեություն, M. Մասնագիտական, գիտական և տեխնիկական գործունեություն, N. Վարչարարական և օժանդակ գործունեություն, S. Սպասարկման այլ ծառայություններ բաժնի 95՝ Համակարգիչների անձնական օգտագործման և կենցաղային արտադրատեսակների նորոգում հատված (S95) ծածկագրերը։

Սկսնակ ձեռնարկություն

Ձեռնարկություն, որի պետական գրանցման պահից չի անցել ավելի քան երեք տարի։

Տնտեսավարող սուբյեկտ

Անհատ ձեռնարկատեր, առևտրային կազմակերպություն, ինչպես նաև անձանց խումբ որոնք իրականացնում են տնտեսական գործունեություն։

Փոքր ձեռնարկություն

Առևտրային կազմակերպություններ և անհատ ձեռնարկատերեր, որոնց աշխատողների միջին ցուցակային թվաքանակը կազմում է մինչև 50 մարդ։

Փոքր ու միջին ձեռնարկություն (ՓՄՁ)

Տնտեսության ոչ ֆինանսական բիզնես հատվածում գործող գերփոքր, փոքր և միջին տնտեսավարող սուբյեկտներ։

 

 

 

[1] Հղում

[2] Հղում

[3] ՀՀ Վիճակագրական կոմիտե, 2024թ․, Արդյունաբերական կազմակերպությունների հիմնական ցուցանիշները 2023թ‑ին

[4] ՀՀ Վիճակագրական կոմիտե, 2024, «Փոքր և միջին ձեռնարկատիրությունը Հայաստանի Հանրապետությունում։

[5] ՀՀ Վիճակագրական կոմիտե, 2024, «Փոքր և միջին ձեռնարկատիրությունը Հայաստանի Հանրապետությունում»

[6] ՀՀ վիճակագրական կոմիտե, 2023, «Աշխատանքի շուկան Հայաստանում»։

[7] Համեմատության համար, նույն ցուցանիշը Էստոնիայում 28% է (Estonia’s Feminine Force: Navigating Entrepreneurship, հղում)

[8] Համաշխարհային բանկ, 2021

[9] Ձեռնարկատիրության Համաշխարհային Զեկույց․ Հայաստան, 2019/ 2020

[10] Միջազգային փորձի ուսումնասիրություն կատարվել է Համաշխարհային բանկի կողմից Հայաստանի տնտեսության կառուցվածքային համադրելի երկրների՝ մասնավորապես, Վրաստանի, Մոլդովայի, Ալբանիայի, Կոսովոյի, ինչպես նաև առաջադեմ տնտեսությունների՝ Ավստրիայի, Իռլանդիայի և Էստոնիայի համար։

[11] Համաշխարհային բանկ, 2022

[12] Ձեռնարկատիրության Համաշխարհային Զեկույց․ Հայաստան, 2019/2020

[13] Ձեռնարկատիրության Համաշխարհային Զեկույց․ Էստոնիա, 2017․ Վրաստան, 2016

[14] ՀՀ ՊԵԿ տվյալների բազա

[15] Արագ աճող ՓՄՁ վիճակագրություն, Եվրոստատ մեթոդաբանություն (հղում)

[16] Որպես համեմատության հենանիշ է դիտարկվել տվյալ ենթաոլորտում գործունեություն ծավալող տնտեսավարողների արտադրողականության միջինի 1.25 բազմապատիկը։ Միջին ցուցանիշից 25% շեղումը թույլ է տալիս հետազոտության ընթացքում խուսափել աղմուկից՝ միաժամանակ կենտրոնանալով այն ՓՄՁ-ների վրա, որոնց արտադրողականությունն էականորեն տարբերվում է միջինից։

[17] ՀՀ ՊԵԿ տվյալների բազա

[18] Համաշխարհային զարգացման ցուցանիշներ, Համաշխարհային բանկ, 2024

[19] ՏՀԶԿ, 2024

[20] ՏՀԶԿ, 2023

[21] Միավորված ազգերի կազմակերպության Եվրոպայի տնտեսական հանձնաժողով, 2023

[22] Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպություն, 2023

[23] ՀՀ ՊԵԿ տվյալների բազա

[24] Հաշվարկների համար կիրառվել է ԱՄՆ դոլարի նկատմամբ դրամի միջին տարեկան փոխարժեքը 2022թ. (1 ԱՄՆ դոլար = 435.67 դրամ)

[25] ՀՀ ՊԵԿ տվյալների բազա

[26] Համաշխարհային բանկ, 2020թ․

[27] Համաշխարհային նորարարության համաթիվ, Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպություն, 2023

[28] Գոյատևման դրույքը հաշվարկվել է որպես 2015-2022թթ.-ին գրանցված տնտեսավարողների թվում 2023թ.-ի դեկտեմբերի դրությամբ «գործող» կարգավիճակ ունեցողների մասնաբաժինը

[29] Ձեռնարկատիրության Համաշխարհային Զեկույց․ Հայաստան, 2019/2020

[30] Հղում

[31] ՀՀ Վիճակագրական կոմիտե, Փոքր և միջին ձեռնարկատիրության (ՓՄՁ) գործունեությունը ՀՀ-ում

[32] ՀՀ Վիճակագրական կոմիտե, Փոքր և միջին ձեռնարկատիրության (ՓՄՁ) գործունեությունը ՀՀ-ում

[33] ՓՄՁ քաղաքականության համաթիվ․ Արևելյան Գործընկեր երկրներ, ՏՀԶԿ, 2024

[34] Հղում

[35] ՓՄՁ քաղաքականության համաթիվ․ Արևելյան Գործընկեր երկրներ, ՏՀԶԿ, 2024

[36] Խորհուրդը ֆինանսավորվում է ՎԶԵԲ-ի կողմից

[37] Միավորված ազգերի կազմակերպության Եվրոպայի տնտեսական հանձնաժողով, 2023

[38] Հաշվարկներն ըստ «Սիվիտտա ԷՅէՄ» խորհրդատվական ընկերության՝ Համաշխարհային բանկի մեթոդաբանության հիման վրա (հղում)

[39] ՓՄՁ քաղաքականության համաթիվ․ Արևելյան Գործընկեր երկրներ, ՏՀԶԿ, 2024

[40] ՓՄՁ քաղաքականության համաթիվ․ Արևելյան Գործընկեր երկրներ, ՏՀԶԿ, 2024

[41] ՓՄՁ քաղաքականության համաթիվ․ Արևելյան Գործընկեր երկրներ, ՏՀԶԿ, 2024

[42] Հայաստանի ֆոնդային բորսա, Տալլինի ֆոնդային բորսա, 2023

[43] Միավորված ազգերի կազմակերպության Եվրոպայի տնտեսական հանձնաժողով, 2023

[44] ՓՄՁ քաղաքականության համաթիվ․ Արևելյան Գործընկեր երկրներ, ՏՀԶԿ, 2024

[45] Միավորված ազգերի կազմակերպության Եվրոպայի տնտեսական հանձնաժողով, 2023

[46] ՓՄՁ քաղաքականության համաթիվ․ Արևելյան Գործընկեր երկրներ, ՏՀԶԿ, 2024

[47] Համաշխարհային բանկ, 2020

[48] Հայաստանի Հանրապետության 2022թ․ Էներգետիկ Հաշվեկշիռ, Էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտ ՓԲԸ, 2024

[49] ՏՀԶԿ, 2024

[50] Նախատեսվում են Զբաղվածության ռազմավարական ծրագիր, ՀՀ կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 27-ի N 2083-Լ որոշում (հղում)

 

[51] Զբաղվածության ռազմավարական ծրագիր, ՀՀ կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 27-ի N 2083-Լ որոշում (հղում)

[52] Զբաղվածության ռազմավարական ծրագիր, ՀՀ կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 27-ի N 2083-Լ որոշում (հղում)

[53] Ներառում է որակի կառավարման և սննդի անվտանգության համապատասխանության սերտիֆիկատները (օրինակ՝ ISO 9001, ISO 22000, FSSC), ինչպես նաև կայունության, շրջակա միջավայրի կառավարման և սոցիալական համապատասխանության սերտիֆիկատները (օրինակ՝ ISO 14001, SA8000, SEDEX, BSCI, SMETA, EU Ecolabel)

[54] Զբաղվածության ռազմավարական ծրագիր, ՀՀ կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 27-ի N 2083-Լ որոշում (հղում)

[55] Օրենք ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին (հղում)

[56] Ներդրումների ներգրավման ծրագիր, ՀՀ կառավարության 2023 թվականի օգոստոսի 24-ի N 1450-Լ որոշում (հղում)

[57] Թողարկման և վարկանիշավորման պետական աջակցության ծրագիր, ՀՀ կառավարության 2023 թվականի

 հուլիսի 6-ի N 1125-Լ որոշում (հղում)

[58] ՀՀ Վիճակագրական կոմիտե (հղում)

[59] ՀՀ Վիճակագրական կոմիտե (հղում)

  • Քննարկվել է

    19.06.2025 - 05.07.2025

  • Տեսակ

    Ծրագիր

  • Ոլորտ

    Էկոնոմիկա, Ֆինանսական, Տնտեսական

  • Գերատեսչություն

    Էկոնոմիկայի նախարարություն

  • Կարգավիճակ

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2932

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ

Առաջարկներ`

ՓՄՁ համագործակցության ասոցիացիա

26.06.2025

1. Նախորդ, մեր երկրում ՓՄՁ զարգացման ռազմավարությունը՝ 2020-24թթ-ի ավարտվել է և այս պահին այս նախագիծն առաջարկում ենք ձևավորել 2025-26թթ-ի համար՝ հաշվի առնելով, որ 2026թ-ին ընտրություններ են և դրա հետևանքով լինելու են քաղաքական պաշտոնյաների փոփոխություններ։ Բնական է, որ նոր քաղաքական պատասխանատուները նորից փոփոխության են ենթարկելու փաստաթուղթը։ 2. Նախորդ ռազմավարության չկատարման հիմնական պատճառը նշվում էր այն, որ գրված էր ռազմավարություն, բայց կոնկրետ դրա կատարող մարմինը՝ ՓՄՁ ԶԱԿ-ը, փակվել էր, հետևաբար կատարող չկար։ Հիմա այս դեպքում ևս նման պատկեր ենք ունենալու։ Եթե մի կողմ թողնենք, թե ռազմավարության նախագիծը լավն ե թե ոչ, ապա կոնկրետ պատասխանատու օղակի մասին հստակ նկարագիրը բացակայում է, չնայած նրան, որ թռուցիկ նշում կա որ այդ պարտականությունները կդրվեն ՆԱԿ-ի վրա։ Առաջարկ՝ 2025թ-ին վերականգնել, կամ նոր ձևավորել ՓՄՁ զարգացման պատասխանատու ԱՌԱՆՁԻՆ կառույց, որի վրա կդրվեն ռազմավարության կատարման գործողությունների պատասխանատվությունը։ Ընդ որում առնվազն այս փաստաղթում պետք է նկարագրվի այն սկզբունքները, թե ինչպես է ձևավորվելու այդ կառույցը, ինչպես է այն կառավարվելու և այլն։ Օրինակ մեր կողմից նշվել է նաև, որպեսզի նման կառույցի հոգաբարձուների խորհրդում ներգրավված լինեն ՓՄՁ շահերը ներկայացնող միություններ ԱԱՊ-ն, որպեսզի մշտապես լծակ լինի հակակշռելու։ 3. Հստակ գործողություններ ներկայացված չեն ՓՄՁ շահերը ներկայացնող կառույցների ուժեղացման և նրանց մասնակցությամբ առավել հստակ պետություն-մասնավոր երկխոսության ուժեղացման քայլեր իրկանացնելու մասով։ 4. Նկարագարկան մասում։ Առաջին մասում ներկայացվում է 2023թ-ի արդյունքները, հարկային մասում 2022թ-ի արդյունքները։ Առաջարկում ենք համադրելի ժամանակաշրջան վերցնել։ 5. ՓՄՁ ների համար գործող հարկման այլընտրանքային համակարգերը ներկայացված է որպես ՓՄՁ-ների զարգացմանը խոչընդոտող ռեժիմ։ Սա առանց հիմնավորման գնահատական է, որը պետք է հանվի այս փաստաթղթից։ 6. Ոչ մի բան գրված չէ ՓՄՁ ներին սպասվելիք հենց հարկային քաղաքականության տեսանկյունից թե ինչ առաջարկներ են արվելու։ Առաջարկում ենք, որպեսզի ավելի հստակ նշվի հարկային քաղաքականության սպասվելիքները։ 7. Որպես համեմատելի տնտեսություններ և օրինակներ հիմնականում բերվում է Էստոնիան և Վրաստանը։ Ցավոք սրտի այս երկրների հետ մենք համեմատելի չենք, եթե վերցնենք միայն այն փաստը, որ այս երկրները ելք ունեն դեպի ծով, ապա բոլոր ուղղություններով համեմատությունը փլուզվում են։ Առաջարկում ենք Հայաստանի ՓՄՁ զարգացման գործողությունները մշակել ավելի հեղափոխական և ազատական հենց ՓՄՁ ների համար՝ հաշվի առնելով թե մեր երկրի թե նշված երկրների լավ թե վատ փորձը։ 8. Փաստաթղթում նշվում է որ այլ ռազմավարությունները հաշվի է առնվում և կարելի է ասել այստեղ այլևս խուսափել են նշել այդ ուղղություններով հստակ անելիքները, սակայն չափազանց կարևոր է որպեսզի այս փաստաթղթում իրական հասցեատեր ՓՄՁ ները տեսնեն իրենց ուղղված միջոցառումները։ Օրինակ։ Արտահանմանն ուղղված ինչ հստակ քայլեր են արվելու ՓՄՁ ների համար, մասնավորապես գերփոքրերի համար, ինչպես են լուծվելու բարդագույն լոգիստիկ խնդիրները։ 9. Նմանատիպ խնդիր է նաև (ելնելով մեր երկրի իրականությունից) համապարփակ անվտանգության հարցերին անդրադարձը ՓՄՁ տեսնակյունից։ Լուծումներ և քայլեր են պետք պարենային անվտանգության, համապարփակ անվտանգության մաս կազմող մեծաթիվ ՓՄՁ ներին ուղղված միջոցառումները նկարագրել և այս մասով ևս պետական պարտավորություն ստանձնել։ 10. Սերտիֆացմանն ուղղված ևս կոնկրետ գործողություններ նշված չեն (եթե հաշվի չառնենք սեմինարները)։ Հստակ և ոլորտային աջակցության ծրագրենժր են պետք արդեն գործող գերփոքրերին ԵՄ ստանդարտներով հավաստագրեր ստանալու պրոցեսներ ներդնելու և ֆինանսկան բեռն առնվանզ կիսելու մասով։ 11. ՓՄՁ շահերի պաշտպանությանն ուղղված ՝ սկսած օրենսդրական բացերի, վերջացրած կիրառության խնդիրների, լուծումներ ևս հստակ մատնանշված չեն և չկա պետական հանձնառություն դրանք ինստիտուցիոնալ լուծելու մասով։

Մարիամ Բաբայան

23.06.2025

1. Մրցակցային քաղաքականություն – Մրցակցային քաղաքականությունը չի նշվում։ Առաջարկ` ներառել մեխանիզմներ խոշոր ձեռնարկություններից ՓՄՁ-ների պաշտպանության համար։ 2. Ֆինանսական հասանելիություն – Նշվում են վարկեր/դրամաշնորհներ, բայց ոչ միկրոֆինանսավորում։ Առաջարկ` ներդնել միկրովարկեր, ներդրումային աջակցություն։ 3. Թվայնացում – Գործնական քայլեր չկան: Առաջարկ` տրամադրել թվային վաուչերներ, ուսուցում, կիբերանվտանգություն։ 4. Նորարարություն – Տեխնոլոգիական կենտրոններ ու համալսարանական կապեր բացակայում են։ Առաջարկ` ստեղծել ինկուբատորներ, թվային նորարական հաբ (DIH), Tech Transfer Գրասենյակ: 5. Արտահանում – Նշված է, բայց հստակ մեխանիզմ չկա։ Առաջարկ` արտահանման խորհրդատվություն, սփյուռքի միավորում։ 6. Ինտելեկտուալ սեփականություն – Չկա հիշատակում։ Առաջարկ` ապահովել իրավաբանական օգնություն, գրանցման աջակցություն։ 7. Մոնիթորինգ և գնահատում – Չկան չափելի ցուցանիշներ։ Առաջարկ․ ներդնել ՀԿԾ-ներ (KPI), գնահատման համակարգ։ 8. Հմտություններ և ուսուցում – Չկա համապատասխան բաժին։ Առաջարկ` ձեռնարկատիրական դպրոցներ, մենթորինգ։ 9. Կանաչ տնտեսություն – Ձևակերպումը շատ ընդհանուր է։ Առաջարկ՝ տրամադրել կանաչ վարկեր, հմտությունների զարգացում։

Տեսնել ավելին
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: