Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 11-Ի N 1264-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 11-Ի N 1264-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ 

1.

Անհրաժեշտությունը

 

Նախագծի մշակումը բխում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի օգոստոսի 11-ի «Անձնական օգնականի ծառայություն տրամադրելու կարգը և պայմանները հաստատելու մասին» N 1264-Ն որոշմամբ (այսուհետ՝ Որոշում) սահմանված ընթացակարգերը և պայմանները վերանայելու, իրավակիրառ պրակտիկայում ի հայտ եկած խնդիրները լուծելու անհրաժեշտությունից, ինչը կնպաստի անձնական օգնականի ծառայության լավարկմանը և արդյունավետության բարձրացմանը։

2.

Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

 

Համաձայն Որոշման՝ 2024 թվականի հունվարի 1-ից մեկնարկել է հաշմանդամություն ունեցող անձանց անձնական օգնականի ծառայության տրամադրման ծրագիրը, ըստ որի անձնական օգնականի ծառայություն ստանալու իրավունք ունեն հաշմանդամություն ունեցող հետևյալ անձինք՝

1)  հենաշարժական, տեսողության և հոգեկան առողջության կամ մտավոր խնդիրներով ֆունկցիոնալության խորը կամ ծանր աստիճանի (մտավոր խնդիրներով անձանց պարագայում նաև՝ միջին աստիճանի) սահմանափակում ունեցող 15 տարին լրացած անձը, եթե սովորում կամ աշխատում է (համաձայն «Զբաղվածության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 3-րդ և 6-րդ կետերի), կամ գրավոր հավաստիացնում է, որ առաջիկա երեք ամսվա ընթացքում պարտադիր սովորելու, ուսանելու (անկախ կրթական հաստատության կարգավիճակից, տեսակից և ուսուցման ձևից՝ առկա, հեռակա, ժամանակավոր դասընթացներ) կամ աշխատելու է (այս փաստը ստուգվում է ծառայության երեք ամիսը լրանալուց հետո իրականացվող մշտադիտարկման ժամանակ):

Նախարարության կողմից իրականացված մշտադիտարկման արդյունքները ցույց են տվել, որ աշխատելու կամ սովորելու հավաստիացման հիմքով կնքված պայանագրերը  99 % դեպքերում լուծվել են աշխատելու կամ սովորելու պայմանը չբավարարելու պատճառով:  Այնինչ, ծրագրի շրջանականերից դուրս են մնում անձինք, ովքեր արդեն իսկ սովորում կամ աշխատում են:

Որոշման հավելվածի 15 և 15.1 կետերում առկա է հակասություն՝ անձնական օգնականների վերապատրաստման ժամանակացույցերի հետ կապված: Մասնավորապես՝ Որոշման հավելվածի 15-րդ կետով սահմանված է, որ անձնական օգնականների հայտադիմումների հաշվառման առցանց հարթակում գրանցված անձանց վերապատրաստումներն իրականացնում է «Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտ» ՊՈԱԿ-ը՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի սահմանած կարգին և ժամանակացույցին համապատասխան: Միևնույն ժամանակ 15-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված է, որ «Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտ» ՊՈԱԿ-ը վերապատրաստումն իրականացնում է՝ հաշմանդամություն ունեցող անձի կամ նրա օրինական ներկայացուցչի կողմից` անձնական օգնականի ծառայություն ստանալու նպատակով միասնական սոցիալական ծառայություն (այսուհետ՝ ՄՍԾ) ներկայացված դիմումն ստանալուց հետո՝ երկամսյա ժամկետում:

Նախարարության կողմից իրականացված մշտադիտարկման արդյունքում պարզվել է, որ շահառուների մի աշխատանքից մեկ այլ աշխատանքի կամ ուսման անցնելու ժամանակ ծառայության մատուցման պայմանագիրը լուծվում է և կրկին կնքվում է նոր աշխատանքի վայրից կամ ուսումնական հաստատությունից ներկայացված տեղեկանքի առկայության պարագայում: Խնդիրը առաջացնում է հավելյալ վարչարարություն:

Որոշմամբ սահմանված է, որ անձնական օգնականի ծառայության մշտադիտարկումն իրականացվում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից:  Ծառայության որակի համապարփակ մշտադիտարկումն ապահովելու համար նպատակահարմար է, որպեսզի աշխատանքային խմբում ներգրավված լինեն այլ փորձագետներ, ինչպես նաև ՄՍԾ-ն՝ որպես անձնական օգնականի ծառայության կազմակերպման անմիջական օղակ:

Մշտադիտարկման ընթացքում պարզվել է, որ կան շահառուներ, ովքեր ժամանակ առ ժամանակ վերականգնողական թերապիաներ են ստանում, այդ թվում նաև արտերկրում, որի ընթացքում ավելի քան անհրաժեշտ է անձնական օգնականի աջակցությունը: Հաշմանդամություն ունեցող անձին անձնական օգնականի ծառայության տրամադրման գաղափարի ամբողջական պահպանման նպատակով անհրաժեշտ է հնարավորություն ստեղծել, որպեսզի անձնական օգնականին վճարվի նաև ծառայությունը ՀՀ սահմաններից դուրս մատուցելու ժամանակ:

Որոշմամբ հաստատված՝ հաշմանդամություն ունեցող անձին անձնական օգնականի ծառայությունների մատուցման պայմանգրով սահմանված են շահառուի կամ նրա օրինական ներկայացուցչի պարտականությունները, այդ թվում անձնական օգնականի ծառայության կարիքի վերացման վերաբերյալ անձնական օգնականին կամ ՄՍԾՏԿ-ին տեղեկացնելը: Գործնականում անհրաժեշտություն է առաջացել հստակեցնել շահառուի պարտականությունները, մասնավորապես շահառուն անձնական օգնականին պարտավոր է տեղեկացնել ոչ միայն ծառայության կարիքի վերացման, այլ նաև աշխատանքի կամ ուսման դադարեցնելու  մասին:

Որոշմամբ հաստատված՝ հաշմանդամություն ունեցող անձին անձնական օգնականի ծառայությունների մատուցման պայմանգրով սահմանված են անձնական օգնականի կողմից շահառուին մատուցվող ծառայությունների ամսական ժամաքանակները և դրանց բաշխումը ըստ շաբաթվա օրերի: Մշտադիտարկման արդյունքները ցույց են տվել, որ ծառայությունների տեսակավորումը և հստակ ժամաքանակի սահմանումը ըստ շաբաթվա օրերի արդյունավետ չէ, քանի որ նախապես հնարավոր չէ կանխատեսել, թե շահառուն առաջիկա շաբաթների ընթացքում անձնական օգնականի կողմից մատուցվող ծառայություններից որի կարիքը կարող է ունենալ և քանի ժամով:

Նախագծով հստակեցվել են նաև հաշմանդամություն ունեցող անձին անձնական օգնականի ծառայությունների մատուցման պայմանագրի հիման վրա անձնական օգնականի վճարումն ապահովելու վերաբերյալ պայմանագրի լուծման դեպքերը:

Ծրագրի շրջանակում ներկայումս գործում է հաշմանդամություն ունեցող անձին անձնական օգնականի ծառայությունների մատուցման  շուրջ 100 պայմանագիր:

3.

Կարգավորման նպատակը և բնույթը.

 

Նախագծի ընդունումը նպատակ ունի խմբագրական ճշգրտումներ կատարելու, անձնական օգնականի ծառայության կազմակերպման գործընթացը լավարկելու և որոշ գործառույթներ հստակեցնելու:

Վերանայվել է անձնական օգնականի ծառայություն ստանալու իրավունք ունեցողների թիրախային խումբը: Մասնավորապես նախագծով նախատեսվել է ծառայություն տրամադրել տվյալ պահին աշխատող կամ սովորող հաշմանդամություն ունեցող անձանց, ինչը կապահովի ծառայության հասցեականությունը և արդյունավետությունը:

Որոշման հավելվածի 15 և 15.1 կետերում առկա հակասության կարգավորման նպատակով նախագծով նախատեսվել է, որ անձնական օգնականների վերապատրաստումներն իրականացնել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի սահմանած կարգին և ժամանակացույցին համապատասխան:

Ոսումնական հաստատության կամ աշխատավայրի փոփոխության արդյունքում հավելյալ վարչարարությունից խուսափելու նպատակով նախագծով նախատեսվել է հետևյալ կարգավորումը՝ «Ուսումն ավարտելուց հետո կամ մի ուսումնական հաստատությունից մեկ այլ ուսումնական հաստատություն կամ մի աշխատանքից մյուսին տեղափոխվելու դեպքում պայմանագիրը մնում է ուժի մեջ, եթե շահառուն 1 ամսվա ընթացքում ՄՍԾ է ներկայացնում այդ փաստը հավաստող փաստաթուղթ: Աշխատելու կամ ուսման փաստի առկայությունն ստուգում է ՄՍԾ-ն՝ մինչև այդ ամսվան հաջորդող ամսվա 5-ը: Աշխատելու կամ ուսման փաստի առկայության պարագայում պայմանագիրը շարունակում է գործել մինչև ուսման կամ աշխատանքային կամ քաղաքացիաիրավական պայմանագրի ժամկետի ավարտը, սակայն ոչ ավել քան ԾԱԾ-ի ժամկետի ավարտն է»: Միաժամանակ, պայմանագրում նախատեսվել է, որ շահառուն պարտավորվում է ՄՍԾՏԿ-ին տեղեկացնել աշխատանքի կամ ուսման դադարեցման վերաբերյալ:

Գործնականում անձնական օգնականի ծառայության որակի համապարփակ ուսումնասիրության նպատակով նախագծով նախատեսվել է, որ նախարարության առաջարկությամբ մշտադիտարկման աշխատանքային խմբում բացի նախարարության ամփոփ վերլուծությունների, մոնիթորինգի և գնահատման վարչության ներկայացուցիչներից  կարող են ընդգրկվել նաև նախարարության կողմից լիազորված կազմակերպություններ կամ այլ մասնագետներ և փորձագետներ:

Հաշվի առնելով հաշմանդամություն ունեցող անձի լավագույն շահը, ինչպես նաև եվրոպական երկրների փորձը՝ նախագծով նախատեսվել է, որ հաշմանդամություն ունեցող անձը, անհրաժեշտությունից ելնելով, անձնական օգնականի ծառայություն կարող է ստանալ ՀՀ սահմաններից դուրս՝ ոչ ավել քան 60 օրացուցային օր (բուժման, հանգստի և այլ նպատակներով):

Նախագծով նախատեսվել է, որ շահառուն անձնական օգնականին և ՄՍԾՏԿ-ին պարտավոր է տեղեկացնել ոչ միայն անձնական օգնականի ծառայության կարիքի վերացման, այլ նաև աշխատանքի կամ ուսման դադարեցնելու մասին, ինչը հնարավորություն կընձեռի ծրագրում ընդգրկել նոր շահառուների:

Ծառայության արդյունավետության ապահովման նպատակով նախագծով նախատեսվել է՝ հաշմանդամություն ունեցող անձի ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանով պայմանավորված ժամաքանակները բաշխել ըստ շաբաթների, իսկ ծառայության տեսակները ըստ օրերի, բացառությամբ շաբաթ և կիրակի օրերի, որոնց պարագայում պետք է հստակ նշվեն ծառայության տեսակը և ժամաքանակը:

4.

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

 

Նախագիծը մշակվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից:

5.

Ակնկալվող արդյունքը

 

Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է հստակեցնել անձնական օգնականի ծառայության հետ կապված իրավահարաբերությունները և բարելավել  օրենսդրական դաշտը։

6.

Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների վերաբերյալ

 

Նախագծի ընդունման արդյունքում  Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից լրացուցիչ ծախսեր չեն պահանջվի։

7.

«Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն-2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ»

 

Նախագիծը անուղղակիորեն առնչվում է Հայաստանի Հանրապետության Կառավարության 2021-2026 թվականների ծրագրի դրույթներին և բխում է 4.6 կետի 24-րդ պարբերությունից` «Ներդրվելու է հաշմանդամության գնահատման նոր մոդել՝ հիմնված անձի կարիքների բազմակողմանի գնահատման վրա»։

 

 

 

 

  • Քննարկվել է

    12.06.2025 - 30.06.2025

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն

  • Գերատեսչություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

  • Կարգավիճակ

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1475

Տպել

Առաջարկներ`

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: