ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9-Ի N 2011-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9-Ի N 2011-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը).
ՀՀ կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 9-ի «Սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման և գազաբալոնների պարբերական վկայագրման կարգը և պարբերականությունը սահմանելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի սեպտեմբերի 28-ի N 2388-Ն, 2006 թվականի հոկտեմբերի 19-ի N 1582-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու և 2021 թվականի ապրիլի 22-ի N 634-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 2011-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ լրացում կատարելու մասին իրավական ակտն ընդունելու անհրաժեշտությունը պայմանավորված է գազաբալոնների պարբերական վկայագրման գործընթացի նկատմամբ վերահսկողական նոր գործիքակազմ սահմանելու և սույն գործընթացում առկա՝ առանց օրենսդրությամբ սահմանված գազաբալոնի վկայագրման ծառայությունների մատուցմամբ կամ թերի մատուցվող ծառայությամբ տրանսպորտային միջոցը գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցների էլեկտրոնային շտեմարան մուտքագրելու ռիսկերը չեզոքացնելու, ինչպես նաև՝ գազաբալոնների պարբերական վկայագրում իրականացնող լիցենզավորված կազմակերպությունների գործունեության, մասնավորապես՝ գազաբալոնների պարբերական վկայագրման փաստը հաստատող տեսագրությունների ուսումնասիրման միջոցով ոլորտում առկա թերությունները և բացթողումները բացահայտելու անհրաժեշտությամբ։
1․1․ Կարգավորման ենթակա հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները
ՀՀ կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 9-ի «Հայաստանի Հանրապետությունում սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման և (կամ) գազաբալոնների պարբերական վկայագրման գործունեության իրականացման լիցենզավորման կարգը և լիցենզիայի և լիցենզիայի ներդիր ձևերը հաստատելու մասին» N 1998-Ն որոշմամբ հաստատված կարգում սահմանված են դրույթներ առ այն, որ գազաբալոնների վկայագրման և տեղադրման տեղամասերը պետք է կահավորված լինեն տեսանկարահանող սարքավորումներով, սակայն բացակայում են յուրաքանչյուր գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցի վրա տեղադրված գազաբալոնի վկայագրման փաստը հավաստող տեսագրությանը վերաբերող իրավական կարգավորումները։ Սույն հանգամանքը անբարեխիղճ տնտեսվարողներին հնարավորություն է ընձեռում գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցների էլեկտրոնային շտեմարան մուտքագրել տրանսպորտային միջոց գազաբալոնների պարբերական վկայագրման նկատմամբ օրենսդրությամբ սահմանված պահանջների ոչ պատշաճ իրականացմամբ, իսկ որոշ դեպքերում՝ առանց վկայագրման ծառայության մատուցման։
1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները
Առաջարկվում է Կարգը լրացնել գազաբալոնների վկայագրման գործընթացը պարտադիր տեսագրելու դրույթով և ամրագրել գազաբալոնների պարբերական վկայագրում իրականանացնող լիցենզավորված կազմակերպությունների արտադրական բազաներում տեսագրության պահպանման նվազագույն ժամկետները: Միաժամանակ սահմանվում են գազաբալոնային տրանսպորտային միջոցի առկայության և գազաբալոնի վկայագրման գործընթացի տեսագրությունում արտացոլվող պարտադիր գործողությունները։
2.Կարգավորման առարկան
Որոշման նախագծով կարգավորվում են ավտոտրանսպորտային միջոցների վրա տեղադրված գազաբալոնների պարբերական վկայագրման գործընթացում առկա ռիսկերն այն տրամաբանությամբ, որ գործընթացի նկատմամբ տեսագրությունների պարտադիր առկայության շնորհիվ վերահսկողական հնարավորությունների նոր գործիքակազմի ներդրման միջոցով բացահայտվելու են ոլորտում առկա թերությունները:
- Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը
Իրավական ակտի կիրառման դեպքում՝
- Գազաբալոնների պարբերական վկայագրման ոլորտի նկատմամբ վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը տեսագրությունների առկայությամբ ստանում է նոր գործիքակազմ՝ ոլորտում գործունեություն ծավալող լիցենզավորված կազմակերպությունների կողմից գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցների և նրանց վրա տեղադրված գազաբալոնների վկայագրման պրոցեսների ուսումնասիրության միջոցով թերությունների բացահայտման, առկա ռիսկերի չեզոքացման, ինչպես նաև՝ անբարեխիղճ տնտեսվարողների նկատմամբ վարչարարության իրականացման հիմքեր ապահովելու նպատակով․
- Ոլորտում քաղաքականություն մշակող լիազոր մարմինը տեսագրությունների ուսունասիրության արդյունքում հնարավորություն է ստանում բացահայտելու գազաբալոնների վկայագրման գործընթացի կարգավորման ենթակա բաղադրիչները՝ ոլորտի կանոնակարգման նոր նախաձեռնությունների իրականացմամբ:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Նախագիծը մշակել է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից:
5․Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.
Նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
6․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ։
Սույն որոշման նախագիծը չի առնչվում ռազմավարական փաստաթղթերի հետ։
-
Քննարկվել է
11.06.2025 - 27.06.2025
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Տրանսպորտ
-
Գերատեսչություն
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
Դիտումներ` 1029
Տպել